Երեւան: Մեդիամաքս: Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդմանը:
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Պակիստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը` Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Տիրմիզին նշել է, որ «Հայաստանը, Ադրբեջանը եւ Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ»։
«Երկար տարիներ մենք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Հայաստանի հետ, եւ շատ ուրախ եմ, որ վերջին իրադարձություններից հետո գիտակցվեց Հայաստանի հետ նորմալ շփումներ հաստատելու անհրաժեշտությունը:
Պատմականորեն Կովկասյան տարածաշրջանի եւ Պակիստանի միջեւ հսկայական կապ գոյություն ունի: Եթե այցելեք Ադրբեջան, կտեսնեք, որ Բաքվի ամենամեծ թաղամասերից մեկը կոչվում է Մուլթան-Սարայ, իսկ Մուլթանը Պակիստանի երրորդ կամ չորրորդ խոշորագույն քաղաքն է:
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում: Քչերը գիտեն, բայց մեր երկրի ամենաբարձր ռազմական պարգեւներից մեկին արժանացածներից մեկը եղել է հայկական ծագումով պակիստանցի զինվոր»,- ասել է դիվանագետը:
«Մենք պատմական կապեր ունենք Կովկասի հետ: Եվ Հայաստանը այդ կապերի շատ կարեւոր բաղադրիչն է: Տեսնում եմ, թե ինչպես են հիմա Հայաստանի եւ Պակիստանի միջեւ հաստատվում մարդկային շփումներ եւ բիզնես կապեր», – նշել է դեսպանը:
Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը «դրամատիկ կերպով կրճատվում է»։
«Այն իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի եւ Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին 3-4 տարիների ընթացքում մենք Հայաստանի գործընկերներին զգուշացնում էինք, որ նման ռիսկեր առկա են, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության կրճատման ռիսկերը», – Օվերչուկի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«2024 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ $12 միլիարդի՝ դա ահռելի թիվ է։ Անցյալ տարի այն նվազել էր՝ կազմելով մոտ $8 միլիարդի։
Այս տարի տեղի է ունենում ապրանքաշրջանառության դրամատիկ անկում. 2025 թվականի համեմատ այն կրճատվել է մոտ երկու երրորդով։ Իրավիճակն այնպիսին է, որ, ակնհայտորեն, կրճատումը շարունակվելու է», – ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ քրեական գործով անցնող՝ Հայաստանում գտնվող Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Սրբազան Հայրերը կմասնակցեն օգոստոսի 7-ին կայանալիք առաջին դատական նիստին։
Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ նիստը տեղի կունենա ժամը 16:00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Կքննարկվի Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի քրեական գործի նախնական դատալսումների հարցը։
Գործը կքննի դատավոր Հակոբ Մանուկյանը:
«Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու եւ եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը Եկեղեցու ինքնավարության, պետություն–Եկեղեցի սահմանադրական հարաբերությունների եւ կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է եւ պատմական ամոթալի իրադարձություն։
Հայոց Հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական եւ կանոնական պարտականությունը կատարելու համար։
Այս քրեական գործով դատարանը կքննի ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարեւոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել Եկեղեցու ներքին կյանք եւ քրեականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»,- գրել է Արա Զոհրաբյանը:
Մեղադրվող եպիսկոպոսներն են Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը եւ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կառավարությունը որոշել է երեք նախարարություն անվանափոխել:
Այսօր կառավարության նիստում որոշվել է, որ Արտաքին գործերի նախարարությունը կանվանափոխվի Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կդառնա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն, իսկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կոչ է արել դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի քրեական հետապնդումը:
Ստորեւ ներկայացնում ենք ՀԲԸՄ հայտարարության ամբողջական տեքստը․
«Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) խորապես մտահոգված է Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության նկատմամբ իրականացվող հետապնդումներից։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև վեց եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որի հիմքում թեմի ղեկավարմանն առնչվող ներեկեղեցական խնդիր է, լուրջ մտահոգություններ է առաջացնում դավանանքի ազատության և օրենքի գերակայության շուրջ։
ՀԲԸՄ-ն կոչ է արել է «պահպանել եկեղեցու ինքնավարությունը»
ՀԲԸՄ-ն ամենայն հարգանքով կոչ է անում կասեցնել սույն քրեական վարույթը, որը, մեր համոզմամբ, չունի իրավական հիմք և հակասում է մեր պատմական ավանդույթներին։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անհրաժեշտության դեպքում ՀԲԸՄ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել այս իրավիճակի հանգուցալուծման գործում:
ՀՀ Սահմանադրությունն ու ազգային օրենսդրությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում են որպես Ազգային Եկեղեցի, ընդունում նրա ինքնակառավարման իրավունքը և պաշտպանում կրոնական ազատությունը։ Ըստ այդմ, եկեղեցական պաշտոնի համար եպիսկոպոսների համապատասխանությանն առնչվող հարցերը ենթակա են կարգավորման բացառապես Կանոնական իրավունքի և Եկեղեցու կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակներում։
ՀԲԸՄ-ն հարգում է Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, նրա քաղաքական իշխանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները։ Միևնույն ժամանակ, ՀԲԸՄ-ի հարգանքն անսասան է մնում Հայ Եկեղեցու և Կանոնական իրավունքի ու եկեղեցական կարգի համաձայն ընտրված նրա ղեկավարության հանդեպ, և ՀԲԸՄ-ն ողջ աշխարհում հայապահպանության գործում Եկեղեցու մնայուն դերը համարում է կենսական»։
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը քննարկել են TRIPP նախագծի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր:
«Կողմերը վստահություն են հայտնել, որ տեխնիկական հարցերի լուծման արդյունքում առաջիկայում ավելի տեսանելի կլինեն այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը», – հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:
Հայաստանի վարչապետը կարեւորել է Միացյալ Նահանգների եւ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործում՝ շեշտելով, որ «2025 թվականի օգոստոսի 8–ից հետո տարածաշրջանում ձեւավորվել է կայուն եւ դրական մթնոլորտ»։ «Արյե Լայթսթոունը Նիկոլ Փաշինյանին փոխանցել է նախագահ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Նա համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի իր առաջնահերթությունների հետեւողական իրականացմանը եւ ժողովրդավարության ամրապնդմանը միտված քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը 2026 թվականի օգոստոսի 5-ին Երեւանում քննարկել են «տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված եւ այդ ճանապարհին առկա մրցակցային առավելությունների իրացման հարցեր»։ Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ-ն, Միրզոյանն ու Լայթսթոունը մանրամասն քննարկել են TRIPP ծրագրի իրականացմանն ուղղված ընթացիկ ջանքերը։
Ներկայացնում ենք մի քանի փաստ Արյե Լայթսթոունի մասին։
Հայաստան-Ադրբեջան/TRIPP
Արյե Լայթսթոունը ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆի ավագ խորհրդականն է։
Այս կարգավիճակում նա աջակցություն է ցուցաբերել Ուիթքոֆին TRIPP համաձայնագրերի բանակցություններում։
2026 թվականի հունիսին Վաշինգտոնում ելույթ ունենալով Անդրկասպյան ֆորումում՝ Արյե Լայթսթոունը հայտարարել էր.
«Մի փոքր ստեղծագործական մոտեցում, եւ, կարծում եմ, մենք կկարողանանք Միջին միջանցքը աշխարհի գլխավոր առեւտրային երթուղիներից մեկի վերածել»։
Արյե Լայթսթոունը Հայաստանի ԱԳՆ-ում
Նա շարունակել էր. «Մենք ջանասիրաբար աշխատել ենք առանցքային տարրերի վրա, որոնք մշտական ուղի կհարթեն դեպի խաղաղություն՝ TRIPP-ի հիմքը կազմող կապակցված ենթակառուցվածքներ»։
Լայթսթոունը TRIPP-ն անվանել էր «առաջին սկզբունքային, տնտեսապես կողմնորոշված լուծումը, որն օգնել է հաղթահարել փակուղին Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում»։
TRIPP+ հիմնադրամի նորանշանակ ղեկավարը ներդումներ ունի Հայաստանում
2025 թվականի օգոստոսին CBS News-ը հաղորդել էր, որ Արյե Լայթսթոունը մի քանի անգամ այցելել էր Հայաստան եւ Ադրբեջան՝ նախքան խաղաղության առաքելությունների գրասենյակին պաշտոնապես միանալը։
Գազա/Խաղաղության խորհուրդ
2026 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արյե Լայթսթոունին նշանակել էր Խաղաղության խորհրդի (Board of Peace)՝ Գազայի վերականգնմամբ եւ խաղաղության հաստատմամբ զբաղվող միջազգային կոալիցիայի ավագ խորհրդական։
Արյե Լայթսթոունը
Նա մասնակցում է Գազայի հակամարտության ավարտին միտված 20 կետանոց ծրագրի իրականացմանը։
2017-ից 2021 թվականներին Արյե Լայթսթոունը եղել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեւիդ Ֆրիդմանի ավագ խորհրդականը՝ զբաղվելով տնտեսական զարգացման եւ տեխնոլոգիական համագործակցության հարցերով: Նա կարեւոր դեր է խաղացել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման ու այն Երուսաղեմի հյուպատոսության հետ միավորման գործում։
Աբրահամի համաձայնագրեր
2020 թվականին Արյե Լայթսթոունը նշանակվել էր տնտեսական կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում՝ դառնալով «Խաղաղություն հանուն բարգավաճման» (Peace to Prosperity) թիմի առանցքային անդամ։ Նա գլխավորել էր Աբրահամյան համաձայնագրերի առաջին բիզնես-գագաթնաժողովը եւ ղեկավարել Աբրահամի հիմնադրամը (Abraham Fund)։
Արյե Լայթսթոունը
Արյե Լայթսթոունն արժանացել է ԱՄՆ պաշտպանության նախարարության, ԱՄՆ պետդեպարտամենտի եւ Իսրայել Պետության պարգեւներին՝ տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման ամրապնդման գործում ավանդի համար։
2021 թվականին պետական ծառայությունից հեռանալուց հետո նա գլխավորել էր «Աբրահամի համաձայնագրերի խաղաղության ինստիտուտ» ամերիկյան ոչ առեւտրային կազմակերպությունը։
Ռաբբի եւ հրեական երիտասարդական կազմակերպության ղեկավար
Արյե Լայթսթոունը ռաբբի է՝ ձեռնադրված Յեշիվա համալսարանի կողմից։ Նա հրեական երիտասարդական կազմակերպության առաջնորդ էր, խորհրդատու կրթական տեխնոլոգիաների ոլորտում։
Նախքան կրթական տեխնոլոգիաների եւ խառը ուսուցման մոդելների ոլորտ տեղափոխվելը, նա ղեկավարել էր NCSY հրեական երիտասարդական կազմակերպության Նյու Յորքի մասնաճյուղը։
6 հարց ու պատասխան TRIPP-ի հավանական կառավարիչ AECOM-ի մասին
Արյե Լայթսթոունն աշխատել էր հրեական ոչ առեւտրային կազմակերպություններում, ներառյալ Orthodox Union-ը, եւ զբաղեցրել Shining Light-ի՝ Իսրայելի աջ քաղաքական ճամբարի հետ կապեր ունեցող ամերիկյան ֆոնդահայթայթման կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնը։
Չնայած հագեցած միջազգային ժամանակացույցին՝ նա խստորեն պահպանում է Շաբաթը։
Իսրայելի եւ Կոլորադոյի միջեւ
Արյե Լայթսթոունը ծնվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում։ Նա հաճախ է ճանապարհորդում ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ։ Ունի չորս երեխա։
Արյե Լայթսթոունը
2022 թվականին Արյե Լայթսթոունը գրել էր «Let My People Know: The Incredible Story of Middle East Peace-and What Lies Ahead» գիրքը՝ Աբրահամի համաձայնագրերի կնքման գործընթացի ետնաբեմի մասին։ Գիրքը դրական արձագանքներ էր ստացել ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների կողմից։
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը քննարկել են «տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված եւ այդ ճանապարհին առկա մրցակցային առավելությունների իրացման հարցեր»:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպմանը Արարատ Միրզոյանն ու Արյե Լայթսթոունը հանգամանալից քննարկվել են ԹՐԻՓՓ ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
«Երկուստեք ընդգծվել է ծրագրի՝ գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը: Մտքեր են փոխանակվել միջազգային փոխադրումների եւ ենթակառուցվածքների համակարգում Հայաստանի առավելագույնս արդյունավետ ինտեգրման հեռանկարների շուրջ:
Երկուստեք ընդգծվել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից ի վեր արձանագրված նշանակալի զարգացումներն ու ձեռքբերումները: Ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության կարեւորությունը տարածաշրջանի զարգացման ներուժի առավելագույնս իրացման հարցում՝ զրուցակիցները քննարկել են նաեւ խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերը:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են վերջին շրջանում բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվ դինամիկան եւ պայմանավորվածությունները, ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում առկա շոշափելի ձեռքբերումները»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
Արարատ Միրզոյանը եւ Արյե Լայթսթոունը քննարկել են նաեւ առեւտրատնտեսական համագործակցության եւ Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններն ու ծրագրերը:
Երեւան: Մեդիամաքս: 2025 թվականի համեմատ Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը չի փոխվել:
Մեկ տեղի համար առավել շատ դիմորդներ է ունեցել ԵՊԲՀ «Ստոմատոլոգիա» մասնագիտությունը՝ 3 դիմորդ, երկրորդ տեղում ԵՊՀ «Տնտեսագիտություն» մասնագիտությունն է` 2.7 դիմորդ, երրորդում՝ Ռուս-Հայկական Համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտությունն է` 2.5 դիմորդ։
Մեկ տեղի համար 2.3-ական հայտ են ստացել ԵՊԲՀ «Բուժական գործ», ՀՊՏՀ «Կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն» եւ ԵՊՀ «Հանրային կառավարում» մասնագիտությունները։
Դիմորդների բացարձակ թվով առաջատարն են ԵՊԲՀ «Բուժական գործ» (832 հայտ, 397 ընդունված դիմորդ), ՃՇՀԱՀ «Ճարտարապետություն» (442 հայտ, 245 ընդունված դիմորդ), ՀՊՏՀ «Տնտեսագիտություն» (402 հայտ, 205 ընդունված դիմորդ) մասնագիտությունները։
2026 թ. սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերում ուսումնառությունը կսկսեն 10958 առաջին կուրսեցիներ:
Ամենամեծ թվով ընդունված դիմորդներ ունեն Երեւանի պետական համալսարանը, Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:
Երեւան: Մեդիամաքս: 2026 թ. սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերում ուսումնառությունը կսկսեն 10958 առաջին կուրսեցիներ:
2026 թվականին հանրակրթական համակարգն ունեցել էր 22 205 շրջանավարտ: Բուհ է ընդունվել շրջանավարտների ընդհանուր թվի 49,35%-ը։
Մրցույթի հիմնական եւ լրացուցիչ փուլերում բուհ ընդունված դիմորդները զբաղեցրել են 2026-2027 տարվա համար հատկացված ընդհանուր 12 720 տեղերի 86,15%-ը։
Ընդունվածների 96.3%-ը կսովորի պետական, իսկ 3.7%-ը՝ ոչ պետական բուհերում։
Ըստ նախնական տվյալների, ընդունելության հիմնական եւ լրացուցիչ փուլում ամենամեծ թվով ընդունված դիմորդներ ունեն Երեւանի պետական համալսարանը, Հայաստան պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: