Category: MediaMax.am

  • Ազատ թռիչքներ Ազատության հրապարակում՝ Թումանյանի հայացքի ներքո

    Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 7-ին Ազատության հրապարակում նիդեռլանդական «Բենչա» թատրոնը բեմադրել է «ՎԵՅՐԱ» ներկայացումը:

    «Բենչա»-ն ակրոբատների, պարողների եւ երաժիշտների միջազգային թիմ է, որը Երեւանում ելույթ է ունեցել HIGH FEST փառատոնի շրջանակում:
    «ՎԵՅՐԱ» ներկայացման ռեժիսորը Ռեյչել Մելիեֆն է: 
    Ներկայացնում ենք «Ֆոտոլուրի» մեր գործընկերների լուսանկարները:

  • Երեւանում կանցկացվի «CYFEST 17» մեդիա արվեստի միջազգային փառատոնը

    Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 15-ին Հայաստանում կմեկնարկի «CYFEST 17» մեդիա արվեստի միջազգային փառատոնը։

    Հոկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կներկայացվի «Natura Naturans. Մարդիկ, Բնություն, Բնապատկեր» ցուցադրությունը, որը համախմբում է ավելի քան 35 միջազգային արվեստագետների աշխատանքներ։ 

     

    «Natura Naturans ցուցահանդեսը սերտ երկխոսություն է ծավալում Կասկադի ճարտարապետության եւ տարածական ռիթմի հետ։ Ներքին եւ արտաքին տարածքների փոխհարաբերությունը, ուղղահայաց շարժումը, դիտակետերի փոփոխությունը, բնական լույսը եւ շրջակա քաղաքային միջավայրը անմիջականորեն առնչվում են ցուցահանդեսի՝ լույսի, ընկալման, նյութական գործընթացների եւ տեխնոլոգիական համակարգերի հանդեպ հետաքրքրությանը։ Այս համատեքստում Կասկադը պարզապես ցուցադրության վայր չէ. այն Natura Naturans ցուցահանդեսի ընկալման եւ իմաստավորման անբաժանելի մասն է», – ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

     

    «CYFEST 17» փառատոնն անցկացվում է «CYLAND» հիմնադրամի եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցությամբ։ Նախագծի գլխավոր հովանավորն է «Frants» հիմնադրամը։ Նախագիծն իրականացվում է Վենետիկի Կա’ Ֆոսկարի համալսարանի, Ռուսական, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասյան արվեստի ուսումնասիրության կենտրոնի (CSAR), MOMus ժամանակակից արվեստի թանգարան – Կոստակի հավաքածուի, «ARé Fest»-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ինժեներական քաղաքի եւ «Art in Country of Tokyo» (AICOT)-ի հետ համագործակցությամբ։

  • Քննարկվել են Եկեղեցու իրավունքների պաշտպանության իրավական ուղիները

    Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է մի խումբ իրավաբանների, իրավապաշտպանների եւ սահմանադրագետների հետ:

     

    Մայր Աթոռից հայտնել են, որ քննարկման առարկա են դարձել Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները եւ Ազգային ժողովի՝ Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները։

     

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել հանդիպման մասնակիցներին՝ Հայոց Եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում «ցուցաբերած նախանձախնդրության համար՝ կարեւորելով վերջիններիս մասնագիտական աջակցությունը Եկեղեցու առջեւ ծառացած խնդիրների հաղթահարման իրավական ուղիների նախանշման գործում»:

     

    Խորհրդակցության մասնակիցները դատապարտել են Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական եւ փորձ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։

     

    «Ընդգծվել է, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման եւ կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն եւ խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել։ Նշվել է նաեւ, որ խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու ու կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաեւ կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին»,- ասվում է հաղորդագրությունում:

     

    Հանդիպմանը ներկայացվել են առաջարկություններ՝ Հայոց Եկեղեցու եւ եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման, ինչպես նաեւ Եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգեւոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ։

     

    «Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերահաստատել է, որ Հայ Եկեղեցին մշտապես գործել եւ գործում է օրենքի սահմաններում, իսկ Մայր Աթոռի պահանջն է իրավունքի եւ օրենքի գերակայության ապահովումն ու Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը։ Նորին Սրբությունը կարեւորել է ներկայացված մասնագիտական գնահատականներն ու առաջարկությունները՝ առկա խնդիրների հանգուցալուծման համար, եւ հայցել Տիրոջ զորակցությունը արդարության եւ ճշմարտության պաշտպանությանն ուղղված իրավաբանների գործունեությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

     

     

  • Գյումրու Բարեկամության այգու զարգացմամբ կզբաղվի «Ազնավուր» հիմնադրամը

    Երեւան: Մեդիամաքս: Գյումրու Բարեկամության այգու վերականգնման եւ զարգացման ծրագրի հետագա իրականացումը կստանձնի «Ազնավուր» հիմնադրամը՝ հավատարիմ մնալով նախաձեռնության սկզբնական տեսլականին։

    Բարեկամության այգու վերականգնման ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ բարերար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ եւ իրականացվում էր նրա IDeA հիմնադրամի կողմից: 

     

    Ռուբեն Վարդանյանը նաեւ եղել է խոշորագույն նվիրատուն՝ ներդնելով 5,4 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի նպատակն էր ստեղծել Գյումրու համար երկարաժամկետ սոցիալական եւ քաղաքաշինական նշանակություն ունեցող հանրային տարածք, որը կդառնար քաղաքի բնակիչների առօրյայի անբաժանելի մասը։

     

    Ծրագրի մեկնարկի վաղ փուլում «Ազնավուր» հիմնադրամն իր աջակցությունն էր հայտնել նախաձեռնությանը՝ որպես գործընկեր մասնակցելով առաջին հիմնարար աշխատանքների իրականացմանը:

     

    «Գյումրին առանձնահատուկ դեր ունի «Ազնավուր» հիմնադրամի համար։ Շառլ Ազնավուրի անունը սերտորեն կապված է երկրաշարժից հետո քաղաքի վերականգնմանն ուղղված մարդասիրական նախաձեռնությունների հետ, եւ մեզ համար մեծ պատիվ է շարունակել այս կարեւոր ծրագրի զարգացումը։

     

    Մենք բարձր ենք գնահատում Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ եւ IDeA հիմնադրամի ջանքերով կատարված ծավալուն աշխատանքը։ Այսուհետ «Ազնավուր» հիմնադրամը նույն պատասխանատվությամբ եւ նույն արժեքների հիման վրա կշարունակի Բարեկամության այգու զարգացումը՝ պահպանելով դրա սկզբնական տեսլականը եւ ապահովելով, որ այն շարունակի ծառայել Գյումրու բնակիչներին ու քաղաքի հյուրերին որպես ժամանակակից, ներառական եւ կենդանի հանրային տարածք:

     

    Այգու նախագծի շրջանակում Հիմնադրամի լավ ընկեր եւ Հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Հարությունյանի ուղղորդմամբ ու աջակցությամբ շարունակելու ենք այս աշխատանքը եւ վստահ ենք, որ կհասնենք բոլոր նախանշած նպատակներին, որոնց մասին կպատմենք առաջիկայում»,- ասել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։

     

    «Այսօր մեզ համար ամենակարեւորը գործնականում տեսնելն է, թե ինչպես է այգին գնալով ավելի մեծ նշանակություն ձեռք բերում քաղաքի եւ նրա բնակիչների համար։ Երբ երեխաներն իրենց տատիկների ու պապիկների հետ ոչ միայն գալիս են այստեղ ժամանակ անցկացնելու, այլեւ միասին տնկում են իրենց ծառը, իսկ հետո անպայման վերադառնում՝ այն խնամելու, դա, թերեւս, մեր աշխատանքի ամենակարեւոր արդյունքն է։ Հենց սա է Ռուբենը միշտ ցանկացել, որ այս ծրագիրը դառնա ընդհանուր, քանի որ մասնակից լինելու զգացողությունն այն հարազատ է դարձնում յուրաքանչյուր բնակչի համար եւ առանձնահատուկ կապ ստեղծում քաղաքի հետ։ Հենց Ռուբենի այս տեսլականն էլ հնարավորություն տվեց, որ այդքան ընկերներ եւ գործընկերներ համախմբվեն մեկ ընդհանուր նպատակի շուրջ։ Մենք ուրախ ենք, որ «Ազնավուր» հիմնադրամը շարունակելու է այգու վերակառուցումն ու զարգացումն այն նույն հայեցակարգով, որը դրված է այգու զարգացման հիմքում»,- նշել է IDeA-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

     

    «Ազնավուր» հիմնադրամն առաջիկայում կներկայացնի Բարեկամության այգու հետ կապված հետագա ծրագրերն ու նախաձեռնությունները՝ շարունակելով զարգացնել այն որպես Գյումրու հանրային կյանքի, մշակութային եւ ընտանեկան ժամանցի կարեւոր կենտրոն։

     

     

  • «ԱԲ-ն արդարադատության առհավատչյա՞, թե՞ սպառնալիք». «Իրավունքի գիշերը» ՀՖՀՀ-ում

    Արհեստական բանականությունն աստիճանաբար ներթափանցում է նաեւ իրավական ոլորտ՝ փոխելով իրավաբանների աշխատանքի ու դատական գործընթացների վերաբերյալ պատկերացումները: 

     

    Միաժամանակ դրա կիրառումն առաջացնում է նոր մարտահրավերներ՝ կապված պատասխանատվության, էթիկայի ու հնարավոր սխալների հետ: 

     

    Այս հարցերի շուրջ Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) անցկացվել է «Իրավունքի գիշեր» միջոցառման վեցերորդ թողարկումը՝ «Արհեստական բանականություն. արդարադատության առհավատչյա՞, թե՞ սպառնալիք» խորագրով: Ուսանողներն ու ոլորտի մասնագետները քննարկել են՝ որքանով կարող է ԱԲ-ն օգնել արդարադատության համակարգին եւ որտեղ պետք է լինի մարդու ու տեխնոլոգիայի պատասխանատվության սահմանը:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Մեդիամաքսը ներկա է եղել միջոցառմանն՝ առանձնացնելով դրա հետաքրքիր դրվագները: 

     

    «Քայլել ժամանակին համընթաց՝ նկատելով նաեւ արհեստական բանականության վտանգները» 

     

    Կարին Յովսէփեան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան

     

    Այսօր «Իրավունքի գիշեր» միջոցառման վեցերորդ թողարկումն է: Դրա առաջնային նպատակն իրավունքը տոնելն ու այն ավելի հասանելի, մասսայական դարձնելն է: 

     

    «Իրավունքի գիշերը» մշտապես անցկացվում է ուսումնական տարվա սկզբին՝ դառնալով առաջին կուրսեցիների մասնակցությամբ առաջին արտալսարանային միջոցառումներից մեկը: Բացի այդ, հոկտեմբերի սկզբին նշվում է Ֆրանսիայի Սահմանադրության օրը, իսկ «Իրավունքի գիշեր» միջոցառման ձեւաչափը փոխառել ենք մեր ֆրանսիական գործընկեր Լիոն 3 համալսարանից:

    Կարին Յովսէփեանը Կարին Յովսէփեանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Մշտապես փորձում ենք միջոցառումն անցկացնել ակտիվ ձեւաչափով եւ հնարավորինս ներգրավել ուսանողներին: Այսօր երկու ուսանողական թիմի միջեւ լինելու է բանավեճ՝ իրավունքի ոլորտում արհեստական բանականության կիրառման կողմ եւ դեմ դիրքորոշումներով: Այնուհետեւ ոլորտի մասնագետների մասնակցությամբ կքննարկվի նույն թեման, իսկ օրվա ավարտին կանցկացվի խաղ, որը նախատեսված է իրավունքն ավելի թեթեւ, պարզ ու հասկանալի ձեւով ներկայացնելու համար:

     

    Կարեւոր է գիտակցել՝ իրավունքը հստակ դեր ունի յուրաքանչյուր մարդու կյանքում: Այն միայն իրավաբանների կամ դատաիրավական համակարգում աշխատողների համար չէ: Իրավունքի միջոցով են կարգավորվում հասարակության մեջ առկա փոխհարաբերությունները, հետեւաբար այն պետք է հասկանալի եւ մատչելի լինի հասարակության մեծամասնությանը: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ինչ վերաբերում է այսօրվա քննարկման թեմային, ապա արհեստական բանականությունը կարող է լինել եւ՛ մարտահրավեր, եւ՛ աջակցող գործիք՝ կախված նրանից, թե ինչպես ենք կիրառում այն: 

     

    Միեւնույն ժամանակ, այսօր համալսարանների համար մեծ մարտահրավեր է ապահովել, որ ուսանողները որեւէ դեպքում չկորցնեն ինքնուրույն մտածելու եւ վերլուծելու կարողությունները:

     

    Մի կողմից՝ պետք է քայլենք ժամանակին համընթաց, մյուս կողմից՝ կարողանանք նկատել նաեւ արհեստական բանականության կիրառման հնարավոր վտանգները եւ, իհարկե, կանխել դրանք: 

     

    «Արհեստական բանականության հաճախակի կիրառման դեպքում ուղեղը սկսում է «ծուլանալ»» 

     

    Սերգեյ Մարաբյան, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության գործընկեր, ԵՊՀ քրեական դատավարության ամբիոնի դոցենտ, դասախոս, նախկինում՝ դատավոր 

     

    Ուսանողների՝ նման ձեւաչափով հանդիպումները ոլորտի գործող մասնագետների հետ միշտ շատ կարեւոր են՝ թե՛ նոր գիտելիքի, թե՛ մոտիվացիայի տեսանկյունից: Այսօրվա միջոցառումը հետաքրքիր է նաեւ ինձ համար, քանի որ դասախոսական պրակտիկայումս նկատում եմ նոր սերնդի շատ լավ «կորիզ», որն ունի ձգտումներ եւ ցանկանում է հնարավորինս շատ գիտելիք ստանալ: Ուրախ կլինեմ, եթե այսօր գոնե մեկ ուսանողի մոտ կարողանամ ձեւավորել պատկերացում իրավունքի ոլորտում մասնագիտական ճանապարհի վերաբերյալ եւ առաջացնել հետաքրքրություն: Կարծում եմ՝ սա արդեն մեծ հաջողություն է:

    Սերգեյ Մարաբյանը Սերգեյ Մարաբյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ինչ վերաբերում է այսօրվա թեմային՝ ըստ իս արհեստական բանականությունը բավականին խնդրահարույց գործիք է: Առաջին հայացքից՝ շատ հրապուրիչ, որի կիրառմանը ձգտում են բոլորը: Միեւնույն ժամանակ, այն առաջացնում է էթիկական, հոգեբանական եւ իրավական խնդիրներ: Ինքս ուսանողներին խորհուրդ եմ տալիս հնարավորինս քիչ օգտվել արհեստական բանականությունից: Կոգնիտիվ հոգեբանության ոլորտում արդեն կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս՝ ԱԲ-ի հաճախակի կիրառումը կարող է ազդել ուղեղի աշխատանքի վրա՝ էապես նվազեցնելով վերլուծական եւ քննադատական մտածողության կարողությունը:  Ուղեղը պարզապես «ծուլանում է», եւ ինչ-որ պահից մարդը կարող է դժվարանալ աշխատել առանց արհեստական բանականության աջակցության: Սա շատ կարեւոր է հենց անձնական աճի տեսանկյունից:  Այս գործիքը կարելի է կիրառել, բայց անել դա զգուշորեն: 

     

    «Արհեստական արդարադատություն» կամ օրենքներ ու նախադեպեր «հորինող» ԱԲ

     

    Ինգա Բեգլարյան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, «Իրավունքի գիշեր» միջոցառման ընթացքում բանավեճի մասնակից

     

    Մեր թիմը՝ «Արհեստական արդարադատությունը», այսօրվա բանավեճի ընթացքում հանդես է գալիս դատական համակարգում ԱԲ կիրառման դեմ դիրքորոշմամբ: Պատճառները շատ են, եւ դրանցից ամենակարեւորը պատասխանատվության բացակայությունն է: Բացի այդ, եթե դատական ակտը կայացվում է արհեստական բանականության միջոցով, առաջանում է դրա վիճարկման եւ բողոքարկման հնարավորության հարցը:

    Ինգա Բեգլարյանը Ինգա Բեգլարյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Բոլորս գիտենք, որ դատական որոշումների կայացման դեպքում շատ կարեւոր է դատավորի ներքին համոզմունքը: Դեռ առաջին կուրսում մենք ուսումնասիրում ենք Լեւ Պետրաժիցկու «Ինտուիտիվ տեսությունը» իրավաբանության մեջ եւ խոսում այն մասին, որ դատավարությունը նաեւ ինտուիտիվ բնույթ պետք է ունենա: Իսկ այդ բաղադրիչը բացակայում է արհեստական բանականության դեպքում: Արհեստական բանականությունը բացառապես առկա տվյալներից սնվող համակարգ է, որը կարող է խորացնել այս կամ այն խնդրի վերաբերյալ արդեն իսկ գոյություն ունեցող խտրականությունը:

    «Արհեստական արդարադատություն» թիմ «Արհեստական արդարադատություն» թիմ

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Առհասարակ իրավաբանի աշխատանքում ԱԲ-ն կարող է կիրառվել, բայց միայն փաստերի կրկնակի ստուգման պայմանով: Այս տեխնոլոգիային չի կարելի անվերապահ վստահել, քանի որ հաճախ այն գեներացնում է դատական պրակտիկայում գոյություն չունեցող նախադեպեր կամ «հորինում» օրենքներ:

    Իհարկե, այն կարող է շատ օգտակար լինել տեղեկատվության որոնման եւ մեծածավալ նյութերի հետ աշխատանքի դեպքում:

     

    Լիլիանա Գեւորգյան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, «Իրավունքի գիշեր» միջոցառման ընթացքում բանավեճի մասնակից

     

    «Իրավունքի գիշեր» միջոցառմանը հետեւում ենք ամեն տարի եւ առաջին անգամն է, որ մասնակցում ենք անձամբ: Հատկապես բանավեճի արդիական թեման իմանալով՝ միանգամից որոշեցինք գրանցվել որպես թիմ:

     

    Կարծում ենք՝ նման միջոցառումները շատ կարեւոր ու օգտակար են, քանի որ համալսարան են գալիս գործող լավագույն իրավաբաններն ու դատավորները, իսկ նրանց փորձը կարող է մեծ դերակատարում ունենալ մեզ համար, օգնել սովորել կարեւոր մասնագիտական սկզբունքներ: Բուն դասերի ընթացքում միշտ չէ, որ ժամանակ ու հնարավորություն է լինում ուսումնասիրել շատ նեղ ոլորտներ, այնպես որ նման միջոցառումները նոր գիտելիք ստանալու լավ հնարավորություն են:

    Լիլիանա Գեւորգյանը Լիլիանա Գեւորգյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Մասնագիտական հմտություններից բացի, ՀՖՀՀ-ում ձեռք ենք բերում նաեւ բազմաթիվ «փափուկ» հմտություններ: «Իրավունքի գիշեր» միջոցառմանը պատրաստվելու ընթացքում դրանք եւս զարգացրել ենք՝ դառնալով ավելի թիմային, հասկանալով միմյանց ուժեղ կողմերն ու դրանք կիրառելով հանուն մեկ ընդհանուր նպատակի:

     

    «ԱԲ-ն մարդու ձեռքում օգտակար գործիք է, բայց ոչ երբեք նրան փոխարինող»

     

    Մարիամ Գեւորգյան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, «Իրավունքի գիշեր» միջոցառման ընթացքում բանավեճի մասնակից

     

    Մեր թիմն այսօրվա բանավեճում հանդես է գալիս ԱԲ գործիքների կիրառման օգտին: Այն անվանել ենք «Veritas»՝ «ճշմարտություն», քանի որ ներկայացնում ենք արհեստական բանականության կիրառման հետ կապված ամբողջական պատկերը՝ փաստերով եւ ապացույցներով:

    Մարիամ Գեւորգյանը Մարիամ Գեւորգյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հաշվի առնելով, որ իրավագիտությունն ամբողջությամբ հենված է վերլուծական մտածողության վրա՝ երբեք չենք պնդի, որ արհեստական բանականությունը կարող է ամբողջությամբ փոխարինել մարդուն՝ դատավորներին կամ իրավաբաններին: Միեւնույն ժամանակ, այս ոլորտում կան բազմաթիվ աշխատանքներ, որոնց վրա մասնագետներն այսօր ժամանակ են ծախսում, եւ որոնք ԱԲ-ի կիրառմամբ կարող են զգալիորեն կրճատվել կամ նույնիսկ՝ ամբողջությամբ ավտոմատացվել:

     

    Այլ կերպ ասած՝ արհեստական բանականությանը կարելի է «պատվիրակել» տեխնիկական աշխատանքը՝ մարդուն հնարավորություն տալով կենտրոնանալ վերլուծականի վրա:  

    «Veritas» թիմ «Veritas» թիմ

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Արհեստական բանականությունը մարդու ձեռքում պարզապես օգտակար գործիք է եւ ոչ երբեք նրան փոխարինող: Իհարկե, կան մասնագիտություններ, որոնք ԱԲ-ի կողմից կատարվող աշխատանքի պատճառով վերացման վտանգի առաջ են, բայց կարծում եմ՝ որակյալ եւ ստեղծարար մասնագետին այն երբեք չի փոխարինի:

     

    Սոնա Ալեքսանյան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, «Իրավունքի գիշեր» միջոցառման ընթացքում բանավեճի մասնակից

     

    «Իրավունքի գիշեր» միջոցառմանը հետեւում եմ ՀՖՀՀ-ում սովորելու առաջին տարվանից: Այն մշտապես անդրադառնում է շատ արդիական ու կարեւոր թեմաների:

    Սոնա Ալեքսանյանը Սոնա Ալեքսանյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Արհեստական բանականության դեմ խոսելիս հաճախ նշում են, որ այն կարող է սխալվել, բայց մարդը նույնպես սխալվում է: Ընդ որում, ԱԲ-ի դեպքում չկա մարդկային հոգնածության կամ անուշադրության գործոնը: Այն կարող է իր վրա վերցնել որոշակի տեխնիկական աշխատանք՝ թեթեւացնելով առանց այդ էլ ծանրաբեռնված դատարանների աշխատանքը: Բացի այդ, որքան ավելի շատ «մարզենք» արհեստական բանականությունը, այնքան ավելի լավ այն կկատարի մեր առաջադրանքները:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Համաշխարհային պրակտիկան եւս վկայում է, որ արհեստական բանականությունը մի շարք երկրներում ակտիվ կիրառվում է իրավական ոլորտում: Ավելին՝ կան հատուկ ԱԲ համակարգեր, որոնք մասնագիտացած են հենց այս ուղղությամբ: Իրավական ոլորտում արհեստական բանականության կիրառման առումով այսօր առաջատար են Միացյալ Նահանգներն ու Չինաստանը: 

     

    Յանա Շախրամանյան

     

    Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

  • Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

    ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով եւ բարեմաղթանքներ փոխանցել։

     

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ:

  • Ալիեւը Հայաստանից պահանջում է անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվություն

    Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ Հայաստանը պետք է տրամադրի պատերազմի հետեւանքով անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային եւ անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։

    «Չնայած հակամարտության ավարտին՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը շարունակում է մնալ Ադրբեջանի համար կարեւորագույն հարցերից մեկը։

     

    Ադրբեջանի կողմից ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնումը, ինչպես նաեւ մեր երկրի վարած քաղաքականությունը պատմական հնարավորություն են ստեղծել Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ համագործակցության համար»,- անհետ կորած անձանց վերաբերյալ Բաքվի երկխոսության շրջանակում անցկացվող IV միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահը:

     

    Իլհամ Ալիեւը նշել է, որ կայուն խաղաղության հաստատումը, քաղաքական պայմանավորվածություններից բացի, «պահանջում է նաեւ վստահության ամրապնդում եւ հակամարտության հումանիտար հետեւանքների վերացում»։

     

    «Պատերազմից հետո նոր հնարավորություններ են ստեղծվել անհետ կորած քաղաքացիների որոնման համար: Մարդկային ճակատագրերին առնչվող տեղեկատվությունը չպետք է լինի քաղաքական պայմանների առարկա: Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի համապատասխան արխիվների բացման եւ վկաների ցուցմունքների հավաքագրման համար»,- ասել է նա:

  • Աբդուլահ Գյուլ. Իրանը պետք է առավելագույն օգուտ քաղի արդեն ձեռք բերվածից

    Ներկայացնում ենք Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի հոդվածի հայերեն թարգմանությունը:

     

    Աբդուլահ Գյուլ

     

    Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ցնցեցին աշխարհը՝ հարվածներ հասցնելով Իրանի տարածքին եւ սպանելով երկրի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիին։ Իրանը համարժեք պատասխան տվեց՝ թիրախավորելով Իսրայելն ու տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանները, ինչպես նաեւ արգելափակելով Հորմուզի նեղուցով իրականացվող ծովային փոխադրումները։

     

    Իրանի դեմ իրականացված միակողմանի ագրեսիան զուրկ էր միջազգային լեգիտիմությունից եւ ապակայունացրեց ողջ Մերձավոր Արեւելքը։ Արաբական երկրները, ամերիկյան ռազմակայաններ հյուրընկալելու պատճառով, ենթարկվեցին Իրանի պատասխան հարվածներին, իսկ աշխարհի տարբեր երկրներ էներգակիրների գների կտրուկ աճի հետեւանքով լուրջ տնտեսական կորուստներ կրեցին։ 

     

    Ապրիլի 7-ին The New York Times-ը պատմեց այն մասին, թե ինչպես է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարձակվել Իրանի վրա՝ մի որոշում, որն այժմ պետք է դիտարկել երկու տեսանկյունից։

     

    Նախ՝ այն ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարող է ԱՄՆ-ը ներքաշվել պատերազմի մեջ։ Անշուշտ, միջուկային զենք ունեցող գերտերությունը պետք է որոշումների կայացման չափազանց ամուր մեխանիզմներ ունենա, երբ խոսքը պատերազմի եւ խաղաղության հարցերին է վերաբերում։

     

    Երկրորդ՝ թվում է, թե Վենեսուելայում ամերիկյան հաղթանակը չափից ավելի ինքնավստահություն առաջացրեց, որն իր ազդեցությունն ունեցավ Իրանի հետ կապված իրավիճակի վրա։ Թրամփի վարչակազմը կարծում էր, որ ռազմական ուժի կիրառմամբ իրեն հնարավոր չէ կանգնեցնել, սակայն Իրանի պարագայում իրավիճակը շատ ավելի բարդ եւ դժվարին դարձավ։ Երբ ամերիկացիները գիտակցեցին, որ այդ երկու երկրների միակ նմանությունը նավթային պաշարներն են, արդեն ուշ էր։ Այն պատկերը, որում Ամերիկան խրված է Իրանի հետ հակամարտության մեջ, լուրջ վնաս է հասցնում նրա հեղինակությանը։ Եթե նախկինում ԱՄՆ-ի հակառակորդները այլ գերտերություններ էին՝ ինչպես Չինաստանն ու Ռուսաստանը, ապա այժմ դրանց շարքին է միացել նաեւ Իրանը։

     

    Ծոցի երկրները տուժել են ամերիկյան գործողությունների հետեւանքով։ Վստահությունն արդեն իսկ խաթարվել էր 2019 թվականին, երբ ԱՄՆ-ը չկարողացավ կատարել անվտանգության երաշխավորի իր պարտականությունները` Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումներից հետո։ Այժմ Ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներն ու միջոցները անվտանգության աղբյուր լինելու փոխարեն խոցելիության գործոն են դարձել։ ԱՄՆ-ն այլեւս չի դիտարկվում որպես հուսալի գործընկեր անվտանգության ոլորտում։

    Լուսանկարը` REUTERS

    Ծոցի երկրներն կձգտեն դիվերսիֆիկացնել իրենց գործընկերային կապերը՝ ոչ միայն պաշտպանության, այլեւ այլ ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, ինչը կարող է էլ ավելի թուլացնել ԱՄՆ-ի գերիշխող դիրքը տարածաշրջանում։ Ամենայն հավանականությամբ, գլխավոր շահառուն կլինի Չինաստանը, հատկապես հաշվի առնելով 2023 թվականի նրա դերակատարությունը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի մերձեցման գործում։

     

    Չնայած բոլոր կորուստներին՝ Իրանն ապացուցեց, որ ի վիճակի է պատասխան հարված հասցնել եւ դիմակայել ամերիկյան ու իսրայելական հարձակումներին։ Արեւմուտքում շատերի կողմից ակնկալվող ներքին անկարգություններն ու վարչակարգի փոփոխությունը տեղի չունեցան։ Ընդհակառակը՝ Իրանը դիմակայեց, իսկ ժողովուրդը համախմբվեց արտաքին ագրեսիայի դեմ։

     

    Այդուհանդերձ, Իրանը պետք է զգուշավորություն ցուցաբերի։ Այն չպետք է կարճաժամկետ առավելությունները շփոթի երկարաժամկետ ձեռքբերումների հետ։ Ավելի հզոր հակառակորդներին մարտահրավեր նետելուց բխող հպարտությունը կարող է դրդել Իրանի ղեկավարությանը իր պահանջները ներկայացնելիս առավելապաշտական մոտեցում որդեգրել։ Դա հակաարդյունավետ կլինի։ 

    Լուսանկարը` REUTERS

    Փոխարենը՝ Իրանի ղեկավարությունը պետք է օգտվի ստեղծված հնարավորությունից եւ առավելագույն օգուտ քաղի արդեն իսկ ձեռք բերված արդյունքներից։

     

    Երկու հիմնական խնդիր ուշադիր ուսումնասիրության կարիք ունեն՝ Իրանի ներքին քաղաքական կարգն ու բնակչության բարեկեցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային ավելի լայն կարգը, որը փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում։

     

    Նույնիսկ եթե թվում է, թե Իրանը կարող է շատ ավելի երկար շարունակել այս հակամարտությունը, իրանցի ղեկավարները պետք է հաշվի առնեն դրա գինը։ Ցանկացած կառավարության գլխավոր պարտականությունը երկրի բնակչության բարեկեցությունն ապահովելն է։ Երբ եւ՛ պետությունը, եւ՛ ժողովուրդը ծանր կորուստներ են կրում, առաջնահերթ խնդիրը պետք է լինի պատժամիջոցների մեղմացման հասնելը եւ իրանցիների կենսապայմանների բարելավումը։ Բացի այդ, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ձեռք բերած ռազմավարական առավելությունը մշտական չէ, քանի որ արդեն մշակվում են այլընտրանքային երթուղիներ։

     

    Իրանի ղեկավարները պետք է նաեւ հաշվի առնեն Ծոցի երկրների հետ ապագա հարաբերությունները։ Իսրայելը երկար ժամանակ փորձել է դրդել Սաուդյան Արաբիային՝ միանալու ԱՄՆ-ին Իրանի դեմ հակադրության հարցում, սակայն թագավորությունը ողջամտորեն զերծ է մնացել դրանից։ Իրանի ղեկավարները պետք է գիտակցեն այս հանգամանքը։ Նրանք պետք է նաեւ հասկանան, որ տարածաշրջանային վստահված ուժերի վրա հենվելը չի ծառայել Իրանի շահերին. այն պարզապես արաբական պետություններին մղել է դեպի Իրանի հակառակորդները։

    Լուսանկարը` REUTERS

    Այն պայմաններում, երբ Ծոցի երկրները վերանայում են իրենց կախվածությունը ԱՄՆ-ից, նրանց դեմ թշնամական գործողությունների շարունակումը միայն վտանգի տակ կդնի Իրանի ռազմավարական ձեռքբերումները։ Տարածաշրջանում նոր հավասարակշռություն հաստատելու համար Իրանը եւ Սաուդյան Արաբիան պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները։ Դա զգալի քայլ կլինի առաջընթացի ուղղությամբ, քանի որ թույլ կտա նրանց դադարել միմյանց որպես մշտական սպառնալիք դիտարկել։

     

    Ավելին՝ մահմեդական երկրների միջեւ տարածաշրջանային հարաբերությունների կարգավորումն իր հերթին հնարավորություն կտար առաջընթաց արձանագրել պաղեստինյան հարցում։ Այս համատեքստում Իրանը պետք է գնահատի սեփական գործելակերպի արդյունքները։ Արդյո՞ք այն կարո՞ղ է անկեղծորեն պնդել, որ Պաղեստինի հարցում որդեգրած մոտեցումն օգտակար է եղել։ Ընդհակառակը՝ իրանական հռետորաբանությունը Իսրայելի համար ծառայել է որպես պատրվակ՝ գործելու այնպես, ինչպես ինքն է ցանկանում՝ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող անսահմանափակ ռազմական աջակցությամբ։

     

    Իրանը պետք է հրաժարվի առավելապաշտական դիրքորոշումից։ Այն կարող է հասնել պատժամիջոցների մեղմմանը, շրջափակման վերացմանն ու միջազգային հանրությանը ինտեգրվելու ուղղությամբ առաջընթացի՝ առանց կապիտուլյացիայի ենթարկվելու։ Սակայն հնարավորությունների պատուհանը փակվում է։ Նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո Թրամփի վարչակազմի համար գործարք կնքելու հրատապությունը կնվազի։ Ավելին՝ այդ վարչակազմը կարող է նույնիսկ վրեժխնդիր լինել՝ ընտրություններում հանրապետականների հավանական պարտության համար։

     

    Մյուս կողմերն էլ պետք է հաշվի առնեն Իրանի մտահոգություններն ու սպառնալիքների վերաբերյալ ընկալումները։ Երկրի նկատմամբ տասնամյակներ շարունակվող թշնամանքը միայն կոշտացրել է նրա դիրքորոշումը։ 

     

    Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

     

    Copyright: Project Syndicate, 2026.

    www.project-syndicate.org

  • Իսրայելի ճանաչումը՝ մահավճիռ. Անվար Սադաթի սպանության 45-րդ տարելիցը

    45 տարի առաջ՝ 1981 թվականի հոկտեմբերի 6-ին, Կահիրեում ռազմական շքերթի ժամանակ սպանվեց Եգիպտոսի երրորդ նախագահ Անվար Սադաթը։ Նրա նախագահության տարիներին Իսրայելը Եգիպտոսին վերադարձրեց Սինայի թերակղզին՝ դրա դիմաց ստանալով միջպետական հարաբերությունների հաստատում։ 1979 թվականին ստորագրված խաղաղության պայմանագրով Անվար Սադաթը դարձավ արաբական աշխարհի առաջին ղեկավարը, որը ճանաչել էր Իսրայելը որպես պետություն։ Վերջինի համար նա վճարեց կյանքով։  

     

    Եգիպտոսի թագավորությունից՝ հանրապետություն 

     

    Մուհամմադ Անվար Ալ-Սադաթը ծնվել է 1918 թվականին այդ ժամանակ Եգիպտոսի թագավորության Միթ Աբու Ալ Կում գյուղում՝ աղքատ ընտանիքում։ Ավարտելով Կահիրեի Թագավորական ռազմական ակադեմիան՝ ծառայության է անցել անգլո-եգիպտական Սուդանի զորքերում։ Այնտեղ նա անդամակցել է Եգիպտոսի երկրորդ նախագահ Գամալ Աբդել Նասերի առաջնորդած «Ազատ սպաներ» ռազմական խմբավորմանը, որն էլ 1952 թվականի հուլիսյան հեղափոխությամբ տապալեց Եգիպտոսի միապետությունը։ Այդ շրջանից հետո գրեթե երկու տասնամյակ նա հավատարիմ ծառայել է Նասերին՝ վերջինիս նախագահության տարիներին տարբեր պաշտոններ զբաղեցնելով՝ ընդհուպ մինչեւ փոխնախագահ։ 

    Լուսանկարը` ԱՄՆ Զինված ուժերի տեղեկատվական ծառայություն, 1978

    1970 թվականին Նասերը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից։ Եգիպտոսի նախագահի պաշտոնում նրան հաջորդեց Անվար Սադաթը։ Այդ շրջանում Եգիպտոսը դեռեւս շարունակում էր մարսել 1967 թվականի 6-օրյա պատերազմի պարտության ծանր հետեւանքները, որի ժամանակ Իսրայելն օկուպացրել էր Սինայի թերակղզին Եգիպտոսի տարածքից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրիայի տարածքից։ Սադաթը որդեգրեց Նասերի վարած քաղաքականությանն ամբողջովին հակառակ ուղղություն՝ խզելով ռազմական կապերը Խորհրդային միության հետ՝ փոխարենը թեքվելով դեպի ԱՄՆ։  

     

    Ահեղ դատաստանի օրվա պատերազմը

     

    Օկուպացված Սինայի թերակղզու շուրջ դիվանագիտական փակուղին հաղթահարելու եւ եգիպտական ազդեցությունը վերականգնելու նպատակով՝ Սադաթը 1973 թվականի հոկտեմբերի 6-ին, Սիրիայի հետ համատեղ, Իսրայելի դեմ համակարգված անակնկալ հարձակման դիմեց, որը հայտնի է Ահեղ Դատաստանի օրվա պատերազմ կամ Յոմ Կիպուրի պատերազմ անունով։ Այն ավարտվեց ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված հրադադարով։ 

    Լուսանկարը` britannica.com

    Թեեւ օկուպացված տարածքները Եգիպտոսին ազատագրել չհաջողվեց, եգիպտական բանակի նախնական հաջողությունները որոշակիորեն վերականգնեցին 6-օրյա պատերազմում կորցրած հպարտությունը, եւ Սադաթը հասավ իր քաղաքական նպատակին, այն է՝ ստիպել միջազգային հանրությանը հրատապ կերպով վերսկսել Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացը։

     

    Խաղաղության որոնումները 

     

    1977 թվականի նոյեմբերին Անվար Սադաթը այցելեց Իսրայել։  Քնեսեթում (Իսրայելի խորհրդարանում) իր ելույթի ժամանակ նա խոսեց Իսրայելի հետ խաղաղություն հաստատելու պատրաստակամության մասին։ 

     

    «Դուք ցանկանում եք ապրել մեզ հետ աշխարհի այս մասում: Ամենայն անկեղծությամբ ասում եմ ձեզ, մենք ողջունում ենք ձեզ մեր մեջ՝ լիակատար անվտանգության եւ ապահովության պայմաններում: Սա ինքնին հսկայական շրջադարձային կետ է, վճռորոշ պատմական փոփոխության նշաձողերից մեկը»,-պատմական ելույթում նշել էր նա։ 

    Լուսանկարը` Central Intelligence Agency, 1979

    Անվար Սադաթի այս քայլը ճանապարհ հարթեց 1978 թվականին ԱՄՆ միջնորդությամբ կնքված Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի, այնուհետեւ 1979 թվականին ստորագրված պաշտոնական խաղաղության պայմանագրի համար։ Այն ապահովեց Սինայի թերակղզու ամբողջական վերադարձը Եգիպտոսին, վերջինս պարտավորվեց այն ապառազմականացնել։ Պայմանագրով Եգիպտոսը պարտավորվեց նաեւ ապահովել իսրայելական նավերի անցումը Սուեզի ջրանցքով, երկրները ճանաչեցին փոխադարձ ինքնիշխանությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ 

     

    Այս ջանքերի համար Սադաթը եւ Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինը 1978 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացան:

     

    Սպանությունը եւ ժառանգությունը

     

    Սադաթի նախաձեռնած խաղաղության գործընթացն Իսրայելի հետ արաբական աշխարհում շատերն ընկալեցին որպես դավաճանություն։ Այն դեմ էր գնում արաբական պետությունների «Երեք ոչ»-երի բանաձեւին՝ ո՛չ Իսրայելի հետ խաղաղությանը, ո՛չ Իսրայելի ճանաչմանը, ո՛չ Իսրայելի հետ բանակցություններին։ 

     

    Արաբական պետությունների լիգան կասեցրեց Եգիպտոսի անդամակցությունը (այն վերականգնվեց 1989-ին)։ Երկրի ներսում խաղաղության համաձայնագիրը զայրացրեց արմատական իսլամիստական խմբավորումներին, նաեւ հանրության ավելի լայն զանգվածների, որոնք պայմանագիրն ընկալում էին որպես դավաճանություն Պաղեստինյան դատի եւ ողջ արաբական աշխարհի հանդեպ։

    Հոսնի Մուբարաքը եւ Անվար Սադաթը 1981-ի հոկտեմբերի 6-ի շքերթի ժամանակ Հոսնի Մուբարաքը եւ Անվար Սադաթը 1981-ի հոկտեմբերի 6-ի շքերթի ժամանակ

    Լուսանկարը` AP

    1981 թվականի հոկտեմբերի 6-ին, 1973 թվականի պատերազմի հոբելյանին նվիրված Կահիրեի ռազմական շքերթն ընդունելիս, Անվար Սադաթը եգիպտական հեռուստատեսությամբ հեռարձակվող ուղիղ եթերում սպանվեց ռազմական շարքեր ներթափանցած ծայրահեղականների կողմից։ 

     

    Պետության ղեկավար դարձավ փոխնախագահ Հոսնի Մուբարաքը, որը ներքին քաղաքական ճնշումների գործադրմամբ պահպանեց խաղաղության պայմանագիրը՝ իշխանության մնալով շուրջ 30 տարի՝ մինչեւ «Արաբական գարնան» ծավալումը։ 

     

    Չնայած Անվար Սադաթը միջազգային հարթակում հայտնի է որպես խաղաղության ճարտարապետ, նրա ներքին կառավարումն աչքի էր ընկնում քաղաքական բռնաճնշումներով։ Նրա որդեգրած «Բաց դռների» ազատական տնտեսական քաղաքականությունը ավելի ծայրահեղ դարձրեց երկրում սոցիալական անհավասարությունը՝ ծանր հարված հասցնելով աշխատավոր խավին։ Գնաճի եւ հիմնական պարենային ապրանքների պետական սուբսիդիաների կտրուկ կրճատման հետեւանքով 1977 թվականին երկրում բռնկվեցին զանգվածային «Հացի խռովությունները», որոնք Սադաթը ճնշեց ռազմական ուժի կիրառմամբ՝ այդպիսով դնելով արմատավորելով ոստիկանական պետության հիմքերը։

    Անվար Սադաթի հուղարկավորությունը Անվար Սադաթի հուղարկավորությունը

    Լուսանկարը` AFP

    Ճնշումների գագաթնակետ դարձան 1981 թվականի «Սեպտեմբերյան ձերբակալությունները»՝ նախագահի սպանությունից ընդամենը մեկ ամիս առաջ։ Մեկ շաբաթվա ընթացքում պետական անվտանգության ուժերը բանտարկել էին ավելի քան 1500 քաղաքական եւ հասարակական գործիչների։ Ձերբակալությունների թիրախում ոչ միայն ծայրահեղ իսլամիստներն էին, այլեւ եգիպտական քաղաքացիական հասարակության լայն շերտեր՝ աշխարհիկ մտավորականներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, քրիստոնյա առաջնորդներ։ 

     

    Այսօր հետահայաց նայելով Սադաթի մահվան հանգամանքներին` կարեւոր է նշել. Եգիպտոսից հետո Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել նաեւ Հորդանանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Մարոկկոն, իսկ Եգիպտոսը ժողովրդավարեցնելու «Արաբական գարնան» փորձերը փաստացի տապալվել են։  

     

    Գայանե Ենոքյան