«Թրամփն ունի լծակներ հայ գերիներին ազատելու համար»

Written by

in

Ադրբեջանում պահվող գերիները հայերի մեծ մասի համար ապացույց են հանդիսանում, որ պատերազմն ամբողջությամբ չի ավարտվել։

 

Այս մասին The Washington Times-ում հրապարակված Armenia-Azerbaijan peace deal must not leave prisoners behind հոդվածում գրում է Janus Forum հետազոտական ինստիտուտի տնօրեն Դարեն Սփինքը։

 

«Թրամփի մասնակցությամբ կնքված կովկասյան գործարքի ամենահրատապ փորձություններից մեկը կլինի այն, թե արդյո՞ք հնարավոր կլինի ապահովել Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների վերադարձը։ Նրանց ազատ արձակումը կվկայեր, որ համաձայնագիրը արժեւորում է ոչ միայն առեւտուրը, այլեւ մարդկանց։

 

Անցյալ տարվա Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Բաքուն համաձայնվեց սահմանազատմանը, հրաժարվեց Հայաստանի հանդեպ ապագա տարածքային պահանջներից եւ համաձայնվեց խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կարգավորել Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունները։

 

Սակայն 19 գերիների ազատազրկումը կամրապնդեր հայերի աջակցությունը համաձայնագրին՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ ողջ աշխարհում, եւ կցուցադրեր, որ Հարավային Կովկասի նոր շրջանակային մոդելը հիմնված է ոչ միայն տնտեսական հնարավորությունների, այլեւ մարդկային արժանապատվության վրա։

 

Գերիների խնդիրը լուծելու համար Թրամփին պետք չէ նորից բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր վիճելի հարցերը։ Նա կարող է աջակցել խաղաղության շրջանակային համաձայնությանը եւ միաժամանակ պահանջել նրանց ազատազրկումը։ Ոչ մի համաձայնագիր հայերի կողմից ամբողջական չի ընկալվի, քանի դեռ ընտանիքները շարունակում են սպասել գերիների վերադարձին։

 

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների շեմին ամերիկահայ համայնքը ուշադիր հետեւում է՝ արդյո՞ք Վաշինգտոնը լսել է իր մտահոգությունը, որն հնչեցվում է տարիներ շարունակ։

 

Թրամփը սեփական հեղինակությունը ներդրել է այս խաղաղ գործընթացում, ինչը նրան լծակներ է տալիս։ Նա պետք է դրդի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ազատել 19 հայ գերիներին՝ որպես մարդասիրական ակտ եւ հաշտեցման գործին Բաքվի հավատարմության դրսեւորում։

 

TRIPP-ը կարող է Հարավային Կովկասին նոր առեւտրային ուղիներ տալ, իսկ գերիների ազատազրկումը՝ մարդկային հենք ապահովել համաձայնագրին։ Եթե նախագահ Թրամփին հաջողվի իրագործել այս երկու նպատակները, դա կամրապնդի իր կովկասյան գործարքի երկարաժամկետ նշանակությունը»,- գրում է Դարեն Սփինքը։

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *