Author: Balance2

  • Տիկին Ալլայի եւ գետաձի Թայֆունի 18 տարվա ընկերությունը

    Երեւանի կենդանաբանական այգու աշխատակից Ալլա Վարդանյանը մոտենում է լողավազանի եզրին։ Ջրից նրան ուշադիր հետեւում է Թայֆունը, որը լավ գիտի՝ կերակրման ժամն է։ Բայց նախ՝ պետք է «լվանալ ատամները»։

     

    «Դե, բացի՛ր բերանդ, Թայֆուն։ Շո՛ւտ արա», – ասում է տիկին Ալլան։ Ավելի քան երկու տոննա կշռող գետաձին անմիջապես ենթարկվում է հրահանգին։ Ջրի շիթն ուղղվում է նրա ատամներին՝ մաքրելով նախաճաշին կերած մրգերի, բանջարեղենի եւ չոր խոտի մնացորդները։

     

    «Դրանք անպայման պետք է հեռացնել, որպեսզի հետագայում չվնասեն լնդերը: Ասում են՝ բնության մեջ գետաձիերի ատամները «մաքրում են» հատուկ փոքրիկ թռչունները, իսկ այստեղ՝ մենք», – ժպտում է տիկին Ալլան։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Նա Թայֆունին խնամում է գրեթե ծնված օրվանից։ Ավելին՝ նրանք ծնվել են նույն օրը՝ նոյեմբերի 10-ին։

     

    Մեդիամաքսի հետ զրույցում Ալլա Վարդանյանը պատմել է Երեւանի կենդանաբանական այգու բարի, երբեմն՝ կամակոր գետաձի Թայֆունի մասին ու կիսվել՝ «տարիների ընթացում մարդու եւ կենդանու միջեւ յուրահատուկ կապ է ձեւավորվում»: 

     

    «Կենդանու հետ շփումից հոգեպես հանդարտվում եմ»

     

    Ալլա Վարդանյանը Երեւանի կենդանաբանական այգում աշխատում է 27 տարի: 

     

    «Ընտրությունս պատահաբար ստացվեց, բայց հետո այնքան կապվեցի կենդանիների հետ, որ այսօր ինձ ոչ մի այլ բնագավառում չեմ պատկերացնում», – պատմում է ու ժպիտով ավելացնում՝ այգում աշխատանքն իրեն էլ է փոխել.

    Ալլա Վարդանյանը Ալլա Վարդանյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Ինչքան էլ ֆիզիկապես ծանր լինի, կենդանու հետ շփումից հոգեպես հանդարտվում եմ, պակաս նյարդային եմ դառնում, դրական հույզեր ու մեծ բավականություն ստանում»։

     

    Սկզբում տիկին Ալլան խնամում էր փղին, իսկ Թայֆունի ծնվելուց հետո ստանձնել է նրա խնամքը: 

     

    «Այսօր Թայֆունից բացի, իմ խնամքի տակ են նաեւ եվրոպական եղնիկները։ Առավոտյան այգի գալուց հետո առաջին հերթին շրջայց եմ կատարում, ստուգում կենդանիներիս վիճակը, մաքրում տարածքն ու անցնում կերակրմանը:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Նկատել եմ, որ հանգստյան օրվանից հետո վերադառնալիս Թայֆունն ինձ այլ կերպ է դիմավորում։ Զգում եմ՝ կարոտում է եւ օրվա ընթացքում անընդհատ հայացքով «հետեւում» ինձ», – ժպտում է Ալլա Վարդանյանը։

     

    Թայֆունը՝ «երկու սենյականոց» ձմեռանոցով, մի քիչ կամակոր ու ձմերուկ շատ սիրող

     

    Թայֆունը ծնվել է Երեւանի կենդանաբանական այգում 18 տարի առաջ՝ նոյեմբերի 10-ին: 

     

    «Նույն օրն ենք ծնվել ու սա շատ խորհրդանշական է: Ամեն տարի միասին նշում ենք ու շատ ուրախ օր է ստացվում», – ասում է տիկին Ալլան ու հիշում. 

     

    «Թայֆունի մայրը, ցավոք, ժամանակից շուտ մահացավ, իսկ հայրն ապրեց մինչեւ ծերություն»: 

     

    Բնության մեջ գետաձիերը միջինում ապրում են 40-50 տարի, անազատության մեջ՝ մոտ 60: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Այնպես որ, Թայֆունը հիմա երիտասարդ տղա է, լրիվ ամուսնացնելու», – ծիծաղում է Ալլա Վարդանյանն ու ավելացնում, որ հիմա Թայֆունի պահման պայմանները շատ լավն են: Ունի լողավազան, «երկու սենյականոց» ձմեռանոց՝ ներսում այլ լողավազանով, բայց «հարս բերելու համար» տարածքը պետք է մեծացնել: 

     

    «Գուցե, որոշվի ու տարածքը մեծացնելուց հետո այլ գետաձի էլ ունենանք, մանրամասներին տեղյակ չեմ: Ամեն դեպքում՝ ընտրությանը չեմ խառնվի, լավ սկեսուր կլինեմ», – ծիծաղում է տիկին Ալլան ու ցույց տալով Թայֆունին՝ ասում՝ «կարեւորը՝ տղես հավանի»: 

     

    Երբ հարցնում եմ գետաձիու բնավորության մասին, Ալլա Վարդանյանն առաջին հերթին ասում է՝ «ձմերուկի համար ուշքը գնում է»: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Հանուն ձմերուկի կատարում բոլոր հրահանգները: Օտար մարդկանց մոտ ամաչկոտ է, շատ զգայուն նոր ձայների, գույների, առարկաների նկատմամբ: Տեսա՞ք ինչպես ամաչեց ձեր լուսանկարչական ապարատից», – ասում է տիկին Ալլան: 

     

    Նրա խոսքով՝ ուտելիքի հարցում Թայֆունը շատ լավ գիտի իր չափը: Եթե կերամանում նույնիսկ շատ միրգ-բանջարեղեն լինի, նա ուտում է իր ուզածի չափով, հագենում ու այլեւս չի շարունակում.

     

    «Սա կարեւոր է կենդանու համար: Հիմա նա հավանաբար մոտ 2 տոննա է կշռում: Սա կարող ենք ենթադրել միայն տարիքին համապատասխան սանդղակով, որովհետեւ Թայֆունին կշռելը պարզապես անհնար է»:  

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Միեւնույն ժամանակ, կենդանին զարմացնում է իր արագաշարժությամբ: 

     

    «Թայֆունս շատ մարդամոտ է, բարի, խելացի, լսող: Փոքր տարիքում լրիվ երեխայի նման էր՝ ավելի կամակոր, չարաճճի: Հիմա իրեն լուրջ ու հասուն է պահում: Ճիշտ է, այսօր էլ իր «կապրիզներն» ունի. եթե իրեն մի բան դուր չի գալիս, մինչեւ վերջ կանի այնպես, որ իր ուզածով լինի», – պատմում է Ալլա Վարդանյանը: 

     

    Շան անունով գետաձին ու հազար հարց տվող այցելուները

     

    Զրույցի կեսից եմ միայն հիշում ու պարզում Թայֆունի անվան ծագումնաբանությունը: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Նրան անվանել ենք այգում ապրում մեկ այլ կենդանու՝ շան անունով: Թայֆունն այստեղի շունն էր ու երբ ծնվել է գետաձին, հասկացել ենք, որ իրեն այս անունը շատ է սազում: Այդպես էլ սկսել ենք անվանել», – ասում է տիկին Ալլան ու նշում՝ հիմա գետաձին լիովին արձագանքում է իր անվանը ու գալիս, երբ կանչում են: 

     

    Երբ հարցնում եմ այցելուների վերաբերմունքի մասին, Ալլա Վարդանյանը ժպտում է՝ «կենդանաբանական այգի գալուց հետո առաջիններից մեկը մեզ են մոտենում». 

    Ալլա Վարդանյանը Ալլա Վարդանյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Ժողովուրդը սիրում է գետաձիուն: Հնարավոր է՝ նրա մեծ չափսերի կամ վարքի համար: Հատկապես մեծ հետաքրքրությամբ հետեւում են կերակրման ժամերին ու հաճախ ասում, որ եկել են հենց գետաձիուն տեսնելու: Ինձ էլ ընթացքում հազար հարց են տալիս կենդանու մասին»: 

     

    «Հիմա բոլորը գիտեն, որ Հրաչիկի տատիկը «բեգեմոտ» է պահում»

     

    Ալլա Վարդանյանը Կենդանաբանական այգուն մոտ է ապրում: Արձակուրդի ժամանակ կարոտում է Թայֆունին, վերցնում է թոռնիկներին ու իջնում այգի: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Արդեն իրենք էլ են Թայֆունին շատ սիրում ու բոլորին պատմում նրա մասին: Վերջերս դպրոցում մեծ թոռնիկս իր դասարանում պատմել էր, որ տատիկն աշխատում է Կենդանաբանական այգում եւ խնամում գետաձիուն: Արդյունքում ամբողջ դպրոցն իմացավ, որ Հրաչիկի տատիկը «բեգեմոտ» է պահում (ծիծաղում է – հեղ.): Հետո դասարանով եկել էին էքսկուրսիա, ես ամեն ինչ ցույց տվեցի, իրենց մոտ Թայֆունին կերակրեցի, բոլորը շատ ուրախացան», – ասում է Ալլա Վարդանյանը: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Նա նշում է՝ կենդանին շատ զգայուն է, նկատում է ցանկացած լավ կամ վատ վերաբերմունք. 

     

    «Ցանկությունս է, որ մարդիկ գոնե մի քիչ բարի լինեն: Կենդանին այդ ամենը զգում է ու տվածդ բարության, հոգատարության կրկնակին վերադարձնում քեզ: Սա պետք է սովորեցնել մանկուց: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Թոռնիկներս մեծանում են կենդանիների հետ, բակում ունենք շուն, կատուներ ու նրանք շատ ջերմ են վերաբերվում իրար: Կենդանին միշտ հիշում ու գնահատում է քո խնամքն ու հոգատարությունը եւ փոխարենը քեզ տալիս շատ ու շատ դրական էմոցիաներ»: 

     

    Կարդացեք նաեւ՝ Հայկն ու Լուլուն. Վստահության ու անշահախնդիր ընկերության պատմությունը 

     

    Յանա Շախրամանյան

     

    Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

  • «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Կիա»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

    Երեկ, հոկտեմբերի 17-ին, Երևանում վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 17։20-ի սահմաններում Աբովյան փողոցում, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, 42-ամյա Սոս Ս.-ը իր վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն և վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

  • Վենսը մեկնաբանել է Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունները

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին, հայտարարել է, որ արևմտյան լիբերալները «Երրորդ աշխարհը» ներմուծել են Ֆրանսիա՝ միաժամանակ անտեսելով ասիմիլյացիայի և համատեղելիության խնդիրները։

    «Արևմտյան լիբերալները, հանուն բազմազանության և կարեկցանքի, «Երրորդ աշխարհը» ներմուծել են Ֆրանսիա և այլ երկրներ։ Նրանք անտեսել են ասիմիլյացիայի և համատեղելիության հիմնարար հարցերը», – գրել է Վենսը X-ի իր էջում։

    Վենսը հույս է հայտնել, որ Ֆրանսիային կհաջողվի վերջ դնել «այս խելահեղությանը»՝ նախքան ևս մի քանի նշանավոր վայրեր կբռնկվեն։

  • Աննա Ամրոյանը 102 կգ է բարձրացրել և դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

    Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը հերթական մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

    Ֆեդերացիայից հայտնում են, որ Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունը:

    Կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը:

    Աննա Ամրոյանը պոկում առաջին անհաջող մոտեցումից հետո հաջորդաբար բարձրացրեց 98 կգ ու 102 կգ՝ դառնալով վարժության բրոնզե մեդալակիր: Ցավոք, հրում վարժության առաջին իսկ մոտեցման ժամանակ Ամրոյանը վնասվածք ստացավ ու լքեց հետագա պայքարը: Ամրոյանի վնասվածքը լուրջ չէ:

    Ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Ալինա Սուքիասյանը, պոկեց 98 կգ ու 101 կգ: Նա այս վարժությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում էլ միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ գլխավերևում պահելով 120 կգ: Նա չբարձրացրեց 125 կգ-ը: Այս վարժությունում Սուքիասյանը 5-րդն էր: Երկամարտի 221 կգ արդյունքով՝ նա ԵԱ-ում 4-րդն է:

  • ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՊԵՐԱՅԻ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ ՄԵԿ ԲԵՄՈՒՄ. ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ-75 – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երեկվա երեկոն դարձավ մեծ արվեստագետ Գեղամ Գրիգորյանի հիշատակի եւ անգնահատելի ստեղծագործական ժառանգության արժեւորման յուրահատուկ տոն՝ մեկ բեմում համախմբելով նրա ընտանիքի անդամներին, արվեստակիցներին եւ համաշխարհային օպերային բեմի նշանավոր արտիստներին

     

    Գալա-համերգն առանձնահատուկ շուք ստացավ համաշխարհային օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոյի եւ միջազգային ճանաչում ունեցող սոպրանո, Գեղամ Գրիգորյանի դուստր Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ

     

    Վստահ ենք՝ երեկվա հիշարժան երեկոն դեռ երկար կմնա բոլորիս հիշողության մեջ

     

    •••••••••••••••

     

    ✨ LEGENDS OF WORLD OPERA ON ONE STAGE: GEGHAM GRIGORYAN 75

     

    Last night was a remarkable celebration honoring the memory and invaluable artistic legacy of the great Gegham Grigoryan, bringing together his family, fellow artists, and distinguished stars of the international opera stage.

     

    The gala concert was made even more extraordinary by the participation of the legendary Plácido Domingo and internationally acclaimed soprano Hasmik Grigoryan, daughter of Gegham Grigoryan.

     

    We are certain that this unforgettable evening will remain in our hearts and memories for many years to come.

  • Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ Հունաստան



    Հունաստանի արևմուտքում, լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը։ Ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին, ձյուն է տեղացել Գրևենա քաղաքի շրջանում, այդ թվում՝ Վասիլիցա լեռնադահուկային հանգստավայրում և բարձրալեռնային Սամարինա գյուղում, հայտնել է հունական պետական ERT հեռուստառադիոընկերությունը։

    Պինդոսի լեռնազանգվածում գտնվող Վասիլիցա հանգստավայրում ձյուն է տեղացել գագաթներին և լանջերին՝ հանգստավայրի ենթակառուցվածքների շրջանում։ Ձյունը թույլ է եղել, սակայն այն ազդարարել է տարածաշրջանի լեռներում ձմեռային սեզոնի սկիզբը։

    Ձյուն է տեղացել նաև Սամարինայում՝ Գրևենայի տարածաշրջանային միավորման մեջ գտնվող գյուղում, Էպիրոսի սահմանից ոչ հեռու։ Այն գտնվում է ծովի մակարդակից մոտ 1 450 մետր բարձրության վրա և համարվում է Հունաստանի ամենաբարձրադիր բնակավայրերից մեկը։

    Առաջին ձյունը տեղացել է լեռնադահուկային սեզոնի սպասվող մեկնարկից մի քանի շաբաթ առաջ։ Առաջիկա օրերին եղանակի հետագա զարգացումը ցույց կտա, թե արդյոք մեծ բարձրություններում ձյան տեղումները կշարունակվեն։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Ֆրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունը



    Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի տվյալներով՝ երկրում գների աճի և բնակչության գնողունակության նվազման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան կես միլիոն մարդ։

    «Երկրի ամբողջ տարածքում անցկացվել է 110 ցույց, որոնց մասնակցել է 550 հազար մարդ, այդ թվում՝ 110 հազարը՝ Փարիզում»,- ասել է Նունյեսը՝ նշելով, որ ակցիաներից միայն մի մասն է պաշտոնապես համաձայնեցվել իշխանությունների հետ։

    Ավելի վաղ Ֆրանսիայի խոշորագույն արհմիություններից մեկը՝ CGT-ն, հայտնել էր, որ ցույցերին մասնակցել է ավելի քան 500 հազար մարդ։ Ուսանողական L’Union étudiante կազմակերպության պնդմամբ՝ ամբողջ երկրում անցկացվել է 1700 ակցիա՝ 800 հազար մասնակցով։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար



    Մշակույթ





    Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Ալ-Անանիին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

    Պաշտոնյաները շրջել են հուշարձանի տարածքում և թանգարանային հատվածում։ Գլխավոր տնօրենին ներկայացվել են հուշարձանի պատմությունը,
    պահպանության ներկայիս վիճակը, կատարված և նախատեսվող աշխատանքները:

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է հուշարձանների պատշաճ կառավարման կարևորությունը, մշակութային և կրթական նպատակներով օգտագործումը:

    Քննարկվել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Ձորաստան գյուղում վերաբացվեց մշակույթի տունը

    Շարունակելով գյուղական բնակավայրերում մշակութային կյանքի աշխուժացմանն ու համայնքային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի շարքը՝ համայնքային բյուջեի միջոցներով այս անգամ գյուղացիների առջև իր դռներն է բացել Ձորաստան բնակավայրի մշակույթի տունը՝ ավելի բարեկարգ, հարմարավետ և գեղեցիկ պայմաններով։

    Մշակույթի տան վերաբացումն ազդարարել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Ձորաստան բնակավայրի վարչական ղեկավար Հրայր Եփրեմյանը՝ կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը։

     Երկար տարիներ անմխիթար վիճակում գտնվող մշակույթի տան շենքն այսօր վերանորոգվել և համալրվել է ժամանակակից գույքով ու տեխնիկայով։ Ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները ինչպես կրթամշակութային գործունեության արդյունավետ կազմակերպման, այնպես էլ վարչական աշխատանքների պատշաճ իրականացման համար։

     Գյուղացիների օրվա տոնական տրամադրությունը ապահովել է Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմը՝ հանդես գալով գեղեցիկ համերգային ծրագրով։

    Մշակույթի տան նորոգումն իրականացվել է համայնքային միջոցներով՝ շուրջ 20 մլն ՀՀ դրամի ներդրմամբ։

    Շինարարական կազմակերպությունը՝ «Մելիքյան Շին» ՍՊԸ

  • Դատապարտելի է. Հայր Ասողիկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին Մայր տաճար չտանելու մասին

    Լրատվությունից տեղեկացանք, որ Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի համար այց է կազմակերպվել Զվարթնոցի տաճար։

    Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ, սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր Տաճարը։ Հենց Մայր Տաճարի հայտն է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, իսկ Զվարթնոցի տաճարն ընդամենը մաս էր կազմում Մայր Տաճարի հայտի։

    Ցավալի է ու դատապարտելի, նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության։

    Հայոց Եկեղեցին՝ իր Մայր Աթոռով, կանգուն է եւ տեր է իր ողջ աշխարհասփյուռ ժառանգության։

    Ասողիկ աբեղա Կարապետյան

    ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի անդամ