Կավը, գաղափարը, կյանքն ու Վիեննան. Արմինեի եւ նրա քանդակների ճանապարհը

Written by

in

Գանգ։ Ծամոն։ Կավ։ Կանացի մարմին։ Հնագույն արձանների նմանվող դեմքեր։ Եվ մի օր՝ Վիեննա։

 

Առաջին հայացքից այս բառերը դժվար է մի պատմության մեջ տեղավորել, բայց Արմինե Ավետիսյանի ճանապարհը հենց այսպիսի տարբեր նյութերի, պատկերների ու քաղաքների միջով է անցնում։

Արմինե Ավետիսյանը Արմինե Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա քանդակները կարծես եկել են մի ժամանակից, որի մասին մենք արդեն մոռացել ենք։ Դրանց մակերեսները մաշված են, կերպարները՝ երբեմն հնագիտական գտածոների նման, իսկ մարմինը դառնում է հիշողության պահպանման տարածք։ 

Լուսանկարը` Արմինե Ավետիսյանի անձնական արխիվից

Բայց Արմինեն այդ հին թվացող լեզուն չի թողնում անշարժ. նա դրան ծամոն է կպցնում, գույն է տալիս, շարժման մեջ դնում եւ, ամենակարեւորը, թույլ է տալիս, որ ուրիշներն էլ միջամտեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Օգոստոսի 21-ից «ՆՓԱԿ»-ում բացվող «Արի խաղանք» ցուցահանդեսում այդ մոտեցումը դառնում է ամբողջ միջավայրի սկզբունքը։ Բայց Արմինեի համար «խաղը» միայն ցուցահանդեսի գաղափարը չէ։ Դա արվեստի գործի հետ հարաբերության ձեւ է։

 

«Քեռին ամեն ինչ գիտի»

 

Արմինե Ավետիսյանի արվեստագետի ճանապարհը սկսվել է դեռ դպրոցական տարիներին։ Սկզբում նկարում էր, արտանկարում ամսագրերից, հետո՝ 12-13 տարեկանում, առաջին անգամ պորտրետ է արել։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դպրոցում սիրահարվեցի ու ուզում էի այդ մարդու ուշադրությունը գրավել, դրա համար նրա պորտրետն արեցի։ Շատ նման էր ստացվել։ Դպրոցում տեսան, որ կարողանում եմ պորտրետներ անել, սկսեցին պատվիրել, եւ ինչ-որ պահի արդեն սկսեցի նաեւ փողով նկարել»,- հիշում է նա։

 

Սակայն նկարչությունը նրա վերջնական ընտրությունը չէր լինելու։ Արմինեի մասնագիտական ընտրության վրա մեծ ազդեցություն է ունեցել նաեւ քանդակագործ քեռին, որի հետ երկար ժամանակ շփվել է հիմնականում Skype-ով։ Արմինեն նրան հիշում է որպես ուժեղ կերպար, որը շատ էր կարդում, խոսում փիլիսոփայությունից ու իր համար այն ժամանակ թվում էր՝ «քեռին ամեն ինչ գիտի»։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Քեռիս շատ ազդեց իմ ընտրության վրա։ Արդեն պորտրետներ էի անում, ակնհայտ էր, որ ինչ-որ տաղանդ ունեմ, ու մտածում էի՝ կարող եմ դրանով շարունակել։ Բայց միաժամանակ պատկերացնում էի, որ ֆինանսիստ եմ դառնալու, բանկի կառավարիչ։ Հետո քեռիս մի բան ասաց, որը մինչեւ հիմա ինձ հետ է. եթե քո գաղափարը այնքան չարժի, որ դու քո կյանքը տաս դրա համար, ուրեմն քո գաղափարը ոչ մի բան չարժի։ Այդ միտքը ինչ-որ չափով դարձել է իմ կարգախոսը», – պատմում է Արմինեն։

 

Ավելի ուշ հենց քեռին է առաջարկել նրան փորձել քանդակել։ Արմինեն այդ ժամանակ արդեն հաճախում էր արվեստի դպրոց, եւ ուսուցիչներից մեկը նրան ասել էր. «Ձեռքդ շատ պինդ է, քանդակ փորձի»։

 

Կավի հետ առաջին փորձից հետո, կարծես, գտել էր իրեն. 

 

«Հենց կավին կպա, ասացի՝ վերջ, հաստատ նկարելը իմը չի։ Նկարելը ինձ համար շատ պարզ էր, իսկ քանդակի դեպքում ծավալներ ունես, կարող ես կպնել, խաղալ, փոխել։ Նկարի դեպքում մի տարածություն ունես, իսկ այստեղ կարող ես ամբողջությամբ աշխատել ձեւի հետ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինեն առաջին լուրջ աշխատանքն արել է 18 տարեկանում։ Այն պտտվող քանդակ էր, որը նախատեսված էր նաեւ երեխաների հետ փոխազդեցության համար. մարդիկ կարող էին այն պտտել.

 

«Այդ գործը սկզբում ոչ ոք չէր հավատում, որ կստացվի։ Բոլորը մտածում էին՝ ջահել երեխեք են, խոսում են, ինչ-որ բան են անում։ Բայց երբ վերջում գործը ստացվեց, ինձ համար շատ կարեւոր պահ էր»։

 

«Զորեղ կանայք»՝ մանկության հիշողություններից մինչեւ քանդակ

 

Կանացի կերպարը Արմինեի աշխատանքներում հայտնվում է ոչ միայն որպես մարմին, այլեւ որպես հիշողություն ու կերպար։ Այդ թեման նրա արվեստում առանձնահատուկ տեղ է ստացել չորրորդ կուրսում, երբ սկսել է «Զորեղ կանայք» շարքը։ 

Լուսանկարը` Արմինե Ավետիսյանի անձնական արխիվից

Շարքի մեջ է նաեւ «Խանդութը», իսկ մյուս կերպարների հիմքում հիշողություններն են․

 

«Իմ մանկության կերպարներն են, որոնց փոքր ժամանակ եմ տեսել, երբ գյուղ էինք գնում։ Այդ կանայք, որոնց տեսել եմ փոքր ժամանակ, ինձ համար շատ ուժեղ կերպարներ էին»։

 

Արմինեի համար այդ կանանց ուժը, սակայն, միայն ֆիզիկական ուժի կամ արտաքին կերպարի հետ կապված չէ։ Նրա քանդակներում կանացի մարմինը հաճախ միաժամանակ կրում է անձնական հիշողություն, մշակութային շերտ եւ ժամանակի հետք։ 

 

Այս հետաքրքրությունը գալիս է նաեւ նրա քանդակային մտածողությունից․ Արմինեին վաղուց ավելի շատ գրավել են արխայիկ եւ կմախքային ձեւերը, քան դասական ակադեմիական մարմինը։

Լուսանկարը` Արմինե Ավետիսյանի անձնական արխիվից

«Խանդութը» այդ շարքի ամենակոնկրետ մշակութային հղումներից մեկն է, բայց Արմինեի համար այստեղ կարեւոր է ոչ միայն կերպարի պատմությունը, այլեւ այն կանանց հիշողությունը, որոնց նա տեսել է իր մանկության ընթացքում։

 

«Ինձ դուր է գալիս, երբ միջամտում են գործին»

 

Այսօր Արմինեի աշխատանքներում հաճախ կարելի է հանդիպել մարդու մարմնի, հիշողության, հնության եւ ժամանակի հետքի թեմաներին։ Նրա քանդակները երբեմն հիշեցնում են հնագիտական գտածոներ կամ դասական արձաններ, բայց դրանց մակերեսները հաճախ կոպիտ են, իսկ կերպարները՝ միաժամանակ հին ու ժամանակակից։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արի խաղանք» ցուցահանդեսում, սակայն, նրա աշխատանքների հետ հարաբերությունը փոխվում է. այցելուն գործընթացի մաս է դառնում։

 

Արմինեն ասում է՝ իրեն հենց դա է հետաքրքրում. «Ինձ դուր է գալիս այն միտքը, որ մարդիկ միջամտում են գործին։ Ես ինքս միշտ նյարդայնանում եմ, երբ գնում ես ցուցասրահ ու պետք է ուղղակի նայես։ Մտածում եմ՝ իսկ ինչո՞ւ չլինի մի տեղ, որտեղ կարող ես ինչ-որ բան անել, դիպչել, նստել, փոխել»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե այցելուն միջամտում է գործին, որտե՞ղ է ավարտվում արվեստագետի վերահսկողությունը։ Արմինեն «համահեղինակ» բառը մի փոքր չափազանցված է համարում, բայց չի խուսափում այդ միջամտությունից։ Հակառակը՝ ասում է, որ իրեն հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունենում, երբ գործն այլեւս ամբողջությամբ իրենը չէ։

 

Գերմանիայից՝ Հայաստան, Հայաստանից՝ Վիեննա

 

Արմինեն փորձում է իր արվեստը զարգացնել նաեւ Հայաստանից դուրս։ Սովորել է Գերմանիայում, դիմել է տարբեր համալսարաններ, այդ թվում՝ Հռոմի RUFA եւ Գերմանիայի Alanus համալսարան։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գերմանիայի փորձը, սակայն, հեշտ չի եղել։ Այնտեղ մի պահ հասկացավ՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում, իրեն անհրաժեշտ է արվեստով զբաղվել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես մի կետի հասա, որ աչքերս բացվեցին։ Հասկացա՝ ընդհանրապես կապ չունի՝ որտեղ եմ. եթե ես կոնկրետ արվեստով չեմ զբաղվում, ես շատ վատ եմ։ Ես մեռնում եմ։ Ինձ պետք է, որ ես կայուն դրանով զբաղվեմ», – անկեղծանում է Արմինեն։

 

Այդ ընթացքում նա նաեւ հասկացել է, որ ուզում է վերադառնալ Հայաստան եւ շարունակել այստեղ աշխատել։ 

 

Բայց հիմա նոր ճանապարհ է բացվում։ Արմինեն ընդունվել է Վիեննայի Կիրառական արվեստների համալսարանի Sculpture and Space ծրագրում, որտեղ ուսումը նախատեսում է սկսել 2027 թվականի գարնանը։ Ընդունվել է նաեւ Հռոմի RUFA՝ 30 տոկոս կրթաթոշակով, սակայն ի վերջո ընտրել է Վիեննան։ Պատճառը միայն քաղաքի հանդեպ համակրանքը չէ։ Նրա համար կարեւոր է հենց ծրագրի մոտեցումը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այդ համալսարանը շատ լավն է։ Այն ավելի ֆիքսված է կիրառականի, ֆունկցիոնալության վրա։ Fine Arts-ն այնտեղ ավելի գեղարվեստական ուղղություն ունի, իսկ այս ծրագիրը հենց ֆունկցիոնալության հետ է աշխատում։ Իրենք ունեն ինդուստրիալ դիզայն եւ այլ ուղղություններ։ Իսկ ես ուզում եմ, որ իմ գործերը ինչ-որ ֆունկցիոնալ նշանակություն ունենան, դրա համար այդ ծրագիրն ինձ շատ լավ է համապատասխանում», – ասում է Արմինեն։

 

«Vienna waits for you»

 

Հայաստանից իր հետ պատրաստվում է տանել նաեւ մի նյութ, որի կարեւորությունը մինչեւ վերջերս չէր գիտակցում. հայկական կանաչ կավը։

 

«Պարզվեց՝ այն կանաչ կավը, որով մենք քանդակ ենք անում, միայն Հայաստանում կա։ Գերմանիայում դրա պատճառով շատ էի տանջվել։ Ինձ հետ մի քիչ կավ էի տարել ու դրանով երկու քանդակ էի արել։ Հիմա հաստատ կավ կտանեմ հետս»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ հարցնում եմ՝ ինչպե՞ս եղավ, որ հենց Վիեննան ընտրեց, պատմությունը, ինչպես Արմինեի պատմությունների մեծ մասը, անսպասելիորեն մի փոքր շեղվում է արվեստից. 

 

«Մի հատ երգ կա, իրականում երգի պատճառով եմ դիմել Վիեննա» ։

 

Բիլի Ջոելի «Vienna»-ն է. այն կարծես դառնում է Արմինեի ճանապարհի փոքրիկ երաժշտական զուգահեռը․ «Slow down, you crazy child»։ 

 

 

 

Արվեստագետի ճանապարհն էլ հենց այդ հակասությունն է՝ անընդհատ հասնելու ցանկություն, մինչդեռ ամենակարեւոր բաները դեռ ճանապարհին են։ Արմինեն էլ անընդհատ առաջ է գնում՝ խաղում, քանդակում, սխալվում, նորից սկսում։ 

 

Հաջորդ կանգառը՝ Վիեննան է։ Եվ, ինչպես երգում է Ջոելը, «Vienna waits for you»։ 

 

«Արի խաղանք» ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 2-ը, «ՆՓԱԿ»-ում։

 

Արմինե Ավետիսյանը դրամահավաք է իրականացնում՝ Վիեննայի Կիրառական արվեստների համալսարանում ուսումը ֆինանսավորելու համար՝ https://whydonate.com/fundraising/help-me-study-sculpture-in-vienna?utm_source=ig&utm_medium=social&utm_content=link_in_bio 

 

Աստղիկ Հովհաննեսով

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *