Չմոռանալ կորուստը, բայց նայել առաջ ու լինել երջանիկ. «Հայորդի 2026»-ի ուղերձը

Written by

in

Երեխաները ճամբարային հերթական առաջադրանքի ժամանակ մի թղթի վրա գրի են առնում իրենց հետ տեղի ունեցած բացասական իրադարձությունները, որոնք մեկ կրկնվող գիծ ունեն՝ հայրիկի կորուստը: Մյուս թղթին, որի վրա գունազարդ երազանքներն են, երեխաներից յուրաքանչյուրը երազում է ոչ թե իր համար, այլ բոլորի՝ որ լինի խաղաղություն ամբողջ աշխարհում եւ բոլոր զոհվածները վերադառնան: 

 

Արդեն վեցերորդ տարին անցկացվող «Հայորդի» ճամբարում հայրենիքի համար զոհված հայորդիների երեխաները սովորում են անցյալի ջերմ հիշողությունները հավաքել սրտում ու դրանցից ոչ թե տխրել, այլ ձգտել երջանիկ լինել: 

 

Հաղթահարելով դժվարությունները՝ ընկերների հետ ձեռք ձեռքի

 

13-ամյա Ադամ Ավանեսյանը եւս երազում է, որ բոլոր զոհվածները հետ գան: Թեեւ ասում է՝ դժվար թե կատարվի, այդուհանդերձ մտածում է, որ սիրելի մարդիկ շարունակում են մեզ հետ մնալ՝ մեր սրտում: Մյուս երազանքին, սակայն, լիարժեք հավատում է՝ Արցախը կվերադառնա: 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

Արդեն երրորդ տարին է, ինչ Ադամը «Հայորդի» ճամբար է գալիս, ուրախ է նորից հանդիպել հին ընկերներին ու նոր ընկերներ գտնել: Նա Արցախի Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղից է: Ասում է՝ Երեւանում դժվար էր հարմարվել բնակարանին, իրենց գյուղը շատ է կարոտում. 

 

«Գյուղից լավ բան չկա: Առավոտյան արթնանում ես ու կարող ես միանգամից ձոր գնալ՝ դեպի անտառներ»,- ասում է նա ու ժպիտով հիշում խաղերը բաց դաշտերում ու անտառներում, ձյան հաստ շերտի վրայով սարից ներքեւ սահելն ու անգամ անտառում մոլորվելը: 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

«Հայորդի» ճամբարի խաղերն ընկերների հետ եւս ջերմ հիշողություններ են ձեւավորում: Ադամի՝ ճամբարում ձեռք բերած ընկերներից է 11-ամյա Լեւոն Թումասյանը: Լեւոնը Ստեփանակերտից է: Նա էլ արդեն չորրորդ անգամ է ճամբարում: 

 

Ադամն ամենաշատը ճամբարի «Ուրախ ժամ»-ն է սիրում, երբ պարում են, ուրախանում, իսկ Լեւոնի համար ամենահետաքրքիրը հոգեբանի հետ աշխատանքն է, երբ տարբեր խաղերի միջոցով սովորում են կառավարել իրենց հույզերը: 

 

«Ճամբարում սովորել եմ՝ երբ ու ինչպես է ճիշտ դրանք արտահայտել», – ասում է Լեւոնը: Նա ցանկանում է բասկետբոլիստ դառնալ, առանց արձակուրդների մարզվում է, սակայն «Հայորդի» ճամբար գալու նպատակով խիստ մարզչից ազատ օրեր է խնդրել: 

Lեւոն Թումասյանը Lեւոն Թումասյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

Լեւոնը ջերմությամբ է հիշում «Պապիկ-տատիկ» արձանի մոտ ընտանեկան պիկնիկները, բայց նաեւ մի քիչ տխրում է դրանցից. 

 

«Այդ հիշողությունները ուրախացնում են, որովհետեւ այդ ժամանակ ուրախ էի, բայց նաեւ տխրեցնում են, որովհետեւ այլեւս այդպես չի լինի: Այստեղի հոգեբանն ասում է, որ այդ հիշողությունները պետք է պահենք, միշտ պետք է մեր սրտում մնան, բայց պետք է դա մեզ չտխրեցնի»:

 

Հակոբյան քույրերը՝ 11-ամյա Վարսիկն ու 10-ամյա Նարեն, եւս հայրիկին շատ են կարոտում, բայց իրենք էլ մյուսների նման զգում են, որ հայրիկը հոգով իրենց հետ է, ձգտում են լավ սովորել, հոգատար ու բարի լինել, որ հայրիկը երկնքից նայի ու հպարտանա իրենցով: 

Նարե եւ Վարսիկ Հակոբյանները Նարե եւ Վարսիկ Հակոբյանները

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

«Պետք է բարի ու հոգատար լինենք, որ Աստված միշտ մեզ հետ լինի, որ վատ բաներ տեղի չունենան: Իսկ եթե չար լինենք, Աստված կտխրի, որ ինչ-որ չար ոգի փորձել է մեզ տանել իր կողմը, դրա համար բոլոր վատ բաներից պետք է հեռու մնանք»,- ասում է Նարեն: 

 

Հակոբյան քույրերը Վարդենիսի շրջանի Արեգունի սահմանամերձ գյուղից են: 

 

«Մեր գյուղը այնքան փոքր է, որ բոլորն իրար բարեկամ են, եւ ում հետ ընկերանում ես, վերջում պարզվում է՝ քույրդ է»,- ժպտում է Նարեն ու հավելում, որ «Հայորդի»-ում շատ նոր ընկերներ են ձեռք բերում: 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

Քույրերը շատ տարբեր հետաքրքրություններ ունեն. Վարսիկը ցանկանում է ուսուցչուհի դառնալ, Նարեն՝ երգչուհի, սակայն երկուսն էլ նույն մեծ երազանքն ունեն՝ թող աշխարհում խաղաղություն լինի: 

 

Փրկելով մանկությունը

 

«Հայորդի 2026»-ը նվիրված է փոխգնդապետ Էռնեստ Վարդանյանի հիշատակին, որ մարտական հարուստ ուղի է անցել: 44-օրյա պատերազմում նա թեժ մարտեր է վարել Մարտունու, Հադրութի, Շուշիի ուղղություններում եւ նոյեմբերի 8-ին՝ հենց Շուշիի մատույցներում էլ հերոսաբար ընկել է: 

 

«Հայորդի» բարեգործական հիմնադրամի եւ համանուն ճամբարի հիմնադիր Վաչե Վարդանյանի խոսքով՝ այս տարի ճամբարում մեծացրել են կենտրոնացումը հոգեբանի հետ աշխատանքի եւ թերապիաների ուղղությամբ, որի համար նաեւ նոր սենյակներ են կահավորել: Նպատակն այն է, որ երեխաները ճանաչեն իրենց հույզերը, կորստի հետ մեկտեղ կարողանան լիարժեք ապրել, մանկություն ունենալ: 

Վաչե Վարդանյանը երեխաների հետ Վաչե Վարդանյանը երեխաների հետ

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

«Շատ երեխաներ ճամբարում են առաջին անգամ պարում-ուրախանում, այստեղ են հասկանում, որ իրենք միայնակ չեն, բախտակից շատ երեխաներ կան, որոնց հետ դառնում են ընկերներ»,- ասում է նա: 

 

Անցյալը հիշելով՝ լուսավոր տեսնել ապագան

 

Լիբանանահայ արտ-թերապեւտ Մայք Այվազյանը կրկին «Հայորդի» ճամբարում է: 

 

Նախորդ երկու տարիների փորձից ելնելով՝ այս տարի որոշել է կենտրոնանալ ապագայի ուղղությամբ: 

 

«Արցախցի երեխաների հետ աշխատելիս նկատեցի, որ նրանցից շատերը չեն հավատում, որ Հայաստանում կարող են լուսավոր ապագա ունենալ, ուստի այս տարի աշխատանքիս նպատակը դա է՝ երեխաների հայացքի մռայլ պրիզման փոխելով՝ փորձել ձեւավորել լուսավոր ապագայի տեսլականը»,- մանրամասնում է Մայքը: 

Մայք Այվազյանը Մայք Այվազյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

Այս նպատակին հասնելու համար նա արտ-թերապիայի տարբեր հնարքներ է կիրառում, այդ թվում տիկնիկների եւ դերասանական խաղի միջոցով ավելի հեռվից, ապահով վայրից ցավի մասին խոսելու մոտեցումը: 

Նախորդ տարվա ընթացքում Մայքը աշխատել է Լիբանանում՝ փորձելով օգնել լիբանանցի այն երեխաներին, որոնք պատերազմի պատճառով մի քանի անգամ ստիպված են եղել տեղահանվել: Հատկապես երբ վերքը շատ թարմ է, հենց խաղերի եւ գեղարվեստական ակտիվությունների միջոցով է հնարավոր երեխաների մոտ ապահովության զգացողություն ստեղծելը, որպեսզի կարողանան արտահայտել այն ամենը, ինչ զգում են: 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

«Լիբանանում աշխատանքիս փորձն ինձ հիշեցնում է 2024 թվականը, երբ առաջին անգամ եկա «Հայորդի» ճամբար. ընդամենը մեկ տարի էր անցել արցախահայության բռնի տեղահանությունից: Հիմա նորից եմ հանդիպում նույն երեխաներին, որոնց հետ այդ ժամանակ աշխատել եմ, եւ նկատում եմ, որ առաջընթաց ունեն: 

 

Նրանցից շատերը երկու տարի առաջ լիովին պարփակված էին, ամենափոքր բանից կարող էին հուզվել, իսկ հիմա ավելի ուժեղ են դարձել»,- մանրամասնում է արտ-թերապեւտը, բայց եւ հավելում, որ դեռ շատ աշխատանք կա անելու: 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

«Դեռ շատ հույզեր կան, որոնք դեռեւս չարտահայտված են մնացել: Դրանք պետք է դուրս բերվեն, քննարկվեն, որպեսզի հասկանալի դառնա՝ ինչ անել դրանց հետ: Պետք է օգնենք երեխաներին հասնել այն կետին, որ նրանք ասեն՝ մենք չենք մոռանում այն, ինչ եղել է, մենք դեռ պայքարելու ենք, բայց միեւնույն ժամանակ մենք կարող ենք մեզ երջանիկ զգալ, երջանիկ զգալը նորմալ է»: 

 

Երբ բացատրությունների կարիք չկա

 

Նախորդ 6 տարիների ընթացքում «Հայորդին» ամուր թիմ է ձեւավորել. ճամբարային առօրյան կազմակերպում են պատերազմում վիրավորում ստացած զինվորները, զոհված հայորդիների ընտանիքի անդամները՝ կանայք, մայրերը, քույրերն ու եղբայրները, ինչպես նաեւ նախորդ տարիներին ճամբարին մասնակցած, սակայն արդեն պատանի դարձած ճամբարականները, որոնք չցանկանալով բաժանվել «Հայորդի»-ից, հիմա իրենք են կառուցում այն ուրախ ու ապահով միջավայրը, որը ժամանակին իրենց է օգնել չփակվել աշխարհից, կորուստը չմոռանալով՝ կարողանալ առաջ շարժվել: 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

Անուշ Հարությունյանի եւ «Հայորդի»-ի թիմի հետ ծանոթությունը սկսվել է Երեւանի «Խոխա» կենտրոնից: Երկու տարի առաջ, երբ նրա չորս երեխաներն էլ ճամբար պետք է գային, ցանկացել է ինքն էլ միանալ թիմին, լինել երեխաների կողքին եւ նաեւ օգնել ճամբարի աշխատանքներին: Արդեն երկրորդ տարին է, ինչ նա ճամբարում օգնում է խոհանոցային աշխատանքներում: 

Անուշ Հարությունյանը Անուշ Հարությունյանը

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

Անուշը Ստեփանակերտից է, նրա ամուսինը զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում: 

 

«Այստեղ յուրաքանչյուրն առանց բացատրություններ տալու հասկանում է մյուսին, բոլորը հասկացված են: Երբ որեւէ այլ միջավայրում ասում եմ, որ չորս երեխա ունեմ եւ ամուսինս պատերազմում զոհվել է, սկսում են ինձ խղճալ, կարեկցել, եւ թեեւ դա մարդկային առումով շատ լավ է, սակայն չես ցանկանում միշտ կարեկցվողի դերում լինել: Բոլոր միջավայրերս դրական են, սակայն այստեղ ինձ ավելի հանգիստ եմ զգում հենց դրա շնորհիվ»,- ասում է Անուշ Հարությունյանը: 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

Երեխաների խնամքի հետ նա հասցնում է աշխատել գիտության ոլորտում, դասավանդել մի քանի կրթական հաստատություններում: Միեւնույն ժամանակ շարունակում է ինքնակրթվել, եւ հիմա նորից ընդունվել է ասպիրանտուրա. «Պետք է շարունակեմ կրթվել, որ հետ չընկնեմ այս արագ զարգացող աշխարհից: Չեմ ասի, թե հասցնելը հեշտ է, սակայն լավ թիմ ունեմ՝ իմ հոգատար հարազատների թիմը»,-ասում է Անուշը: 

 

Դրամահավաքի դժվարությունները

 

Յուրաքանչյուր տարի «Հայորդի» ամենամյա ճամբարն իրականություն է դառնում նվիրատու կազմակերպությունների եւ անհատ աջակիցների հանգանակությունների շնորհիվ, սակայն այս տարի ճամբարի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ միջոցներն այդպես էլ չհավաքվեցին: Չնայած դրան՝ «Հայորդի» հիմնադրամում չէին կարող ճամբարի երրորդ փուլի 100 երեխաներին զրկել սպասված ուրախ օրերից: 

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

«Չնայած միջոցները չհավաքվեցին, այդուհանդերձ որոշեցինք մեկնարկել նաեւ ճամբարի երրորդ փուլը՝ մասնակիցների ընդհանուր թիվը հասցնելով 300 երեխայի: Սա իրականացրել ենք հիմնադրամի առաջիկա ծրագրերի հաշվին, որոնք ստիպված ենք լինելու կրճատել: Այլ տարբերակ չունեինք, քանի որ այս ճամբարը երեխաների համար իսկապես կենսական նշանակություն ունի, եւ չէինք կարող սահմանափակել մասնակցությունը»,- նշում է Վաչե Վարդանյանը: 

Լուսանկարը` Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյան/ «Հայորդի» հիմնադրամ

Նրա խոսքով՝ երբ երեխաներին հարցնում են, թե ինչ կուզեն, որ փոխվի ճամբարում, մեծ մասը պատասխանում է, որ կուզեին տարվա ընթացքում այն լիներ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ: 

 

«Երբ թերապիաների ընթացքում երեխաներին հարցնում ենք, թե որտեղ են իրենց երջանիկ զգում, ցավով եմ ասում, բայց շատերը հենց «Հայորդի» ճամբարն են նշում. տանը նրանք շարունակում են դժվարություններ ունենալ, քանի որ ընտանիքի անդամները եւս ունեն հոգեբանական աջակցության կարիք, եւ ցավոք, դա բացասաբար է ազդում երեխաների մանկական երազանքների, փխրուն հոգեբանության վրա: Այստեղ մենք փորձում ենք օգնել երեխաներին, որ անկախ դժվարություններից երեխա մնան՝ խաղան, պարեն ու ժպտան»,- ամփոփում է Վաչե Վարդանյանը: 

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները հեղինակի եւ Դավիթ Ղահրամանյանի/ «Հայորդի» հիմնադրամ

 

«Հայորդի» հիմնադրամին կարող եք աջակցել հետեւյալ հաշվեհամարներով.

 

11815042199803 | հաշիվ

4318280100049102 | քարտ

100054058 | իդրամ

Ստացող՝ Հայորդի բհ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *