Էներգետիկ ենթակառուցվածքը, որը կկապի Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կանցկացվի TRIPP երթուղուց դեպի հյուսիս ընկնող հատվածում։
Այս մասին գրում են ամերիկացի վերլուծաբաններ Բրենդա Շաֆերը եւ Սվանտե Կորնելը The Trump Route for International Peace and Prosperity is more than a road հոդվածում։ Մեդիամաքսը նշում է, որ Շաֆերն ու Կորնելը վերջին տասնամյակների ընթացքոում հետեւողականորեն աջակցել են Ադրբեջանի դիրքորոշումներին։
«Այս երթուղին շատ ավելին է, քան ուղղակի ճանապարհ. այն արտացոլում է ԱՄՆ-ի ակտիվ ձգտումը՝ պահպանելու հասանելիությունը Եվրասիայի սրտին, օգնելու գործընկեր երկրներին պահպանել անկախությունը եւ թույլ չտալու, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը գերիշխանություն հաստատեն ռազմավարական նշանակություն ունեցող Կասպից տարածաշրջանի նկատմամբ։
ԱՄՆ-ն եւ նրա արեւմտյան դաշնակիցները պետք է զարգացնեն ենթակառուցվածքները, որոնք մեղմացնում են ծովերի ազատության խախտումների հետեւանքները եւ խթանում էներգետիկ ռեսուրսների յուրացումը Մերձավոր Արեւելքից դուրս։ TRIPP-ը այս քաղաքականության կարեւոր տարր է», – գրում են Շաֆերն ու Կորնելը։
Նրանք նշում են, որ TRIPP-ը Եվրոպան եւ Ասիան միացնող ավելի մասշտաբային ցամաքային առեւտրային երթուղու՝ Միջին միջանցքի, մաս է կազմում։
«Այս միջանցքի նշանակությունը համաշխարհային առեւտրի համար աճում է, քանի որ այն հնարավորություն է տալիս շրջանցել ժամանակակից ամենասուր աշխարհաքաղաքական խնդիրներից մեկը՝ ծովերի ազատությանը սպառնացող վտանգները։ Հորմուզի նեղուցը, Կարմիր ծովի նեղուցներն ու Սեւ ծովը վերահսկում են էներգառեսուրսների գլոբալ հոսքերը՝ Իրանի պես անբարեխիղճ խաղացողներին տրամադրելով ռազմավարական ազդեցության հսկայական լծակներ։ TRIPP-ը վերացնում է այս խնդիրը, իսկ քանի որ երթուղին չի անցնում Ռուսաստանի կամ Իրանի տարածքով, դրա վրա չեն տարածվում ընթացիկ եւ ապագա պատժամիջոցները։
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Սակայն միջանցքի առավելությունները չեն սահմանափակվում Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրի դյուրացմամբ։ Տարածաշրջանում կենտրոնացված են նավթի եւ գազի պաշարներ, որոնք կարող են դիվերսիֆիկացնել ածխաջրածինների համաշխարհային շուկաները՝ նվազեցնելով գների մակարդակը, ամրապնդելով մատակարարումների անվտանգությունը եւ կրճատելով կախվածությունը ավանդական արտադրողներից ու նրանց քաղաքականության քմահաճույքներից։ Բացի այդ, Կենտրոնական Ասիային է բաժին ընկնում ուրանի համաշխարհային արդյունահանման գրեթե կեսը, ինչպես նաեւ հազվագյուտ մետաղների զգալի հանքավայրեր, որոնց հիմնական պաշարները մնացած աշխարհում կենտրոնացված են Չինաստանում։ Արեւմուտքի հասանելիությունը այս ռեսուրսներին կախված է Միջին միջանցքից», – ասվում է հոդվածում։
«Քանի որ TRIPP երթուղին անցնում է Իրանի հետ Հայաստանի սահմանի անմիջական հարեւանությամբ, այն ամենահարմար տեղը չէ խոշոր էներգետիկ ենթակառուցվածքների՝ էլեկտրական եւ գազային խողովակաշարերի, ինչպես նաեւ ռազմավարական օպտիկամանրաթելային մալուխների տեղադրման համար։ Ամենայն հավանականությամբ, դրանք կանցկացվեն TRIPP-ից ավելի հյուսիս ընկնող հատվածում», – կանխատեսում են Բրենդա Շաֆերն ու Սվանտե Կորնելը։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply