Category: MediaMax.am

  • Բաքվում պնդում են, որ իրենք են ազդել Իսրայելի դիրքորոշման փոփոխության վրա

    Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանն առաջին երկիրն էր, որը կոշտ կերպով դատապարտեց Իսրայելի կառավարության որոշումը՝ կապված 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայկական հավակնությունների հետ»:

    Ինչպես հաղորդում է Անատոլու գործակալությունը, թուրք լրագրողների պատվիրակության հետ հանդիպմանը Հաջիեւն ասել է, որ «այս հարցը Արեւմուտքի կողմից Թուրքիայի դեմ ծավալված քարոզչության մի մասն է»:

     

    «Մենք ասացինք իսրայելցի պաշտոնյաներին, որ այդ որոշումից հրաժարվելն ավելի ողջամիտ քայլ կլիներ, եւ նրանք դրա հետ համաձայնվեցին», – Հաջիեւի խոսքերը մեջբերում է Անատոլու գործակալությունը։ 

  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ

    Երեւան: Մեդիամաքս: Ռուբեն Ռուբինյանն այսօր ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:

    Փակ գաղտնի քվեարկությամբ նրա օգտին է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 28։

     

    Քվեարկությանը մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Ընդդիմադիր խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը:

     

    Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը քվեարկությանը չի մասնակցել։

  • Նազարեթ Սեֆերյանը կղեկավարի Իմփաքթ Հաբ Երեւանը

    Երեւան: Մեդիամաքս: Նազարեթ Սեֆերյանը նշանակվել է Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

    «Նազարեթը երկար տարիներ եղել է մեր համայնքի մի մասը՝ որպես խորհրդի անդամ, խորհրդատու, մենթոր եւ ծրագրերի ակտիվ աջակից։ Մենք վստահ ենք, որ նրա փորձն ու նվիրվածությունը կօգնեն շարունակել Իմփաքթ Հաբ Երեւանի առաքելությունն ու աշխատանքը՝ խթանելով նորարարությունը, համագործակցությունն ու դրական փոփոխությունների զարգացումը Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս», – ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

     

    2026 թվականի մայիսի 26-ին Նազարեթ Սեֆերյանը մասնակցել էր Մեդիամաքս մեդիա ընկերության կազմակերպած Impacture 2026 կոնֆերանսին, որտեղ քննարկվեցին բարեգործությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը (ԿՍՊ) եւ հանրօգուտ ներդրումներին (impact investments) վերաբերող հարցեր: 

     

    Ելույթ ունենալով կոնֆերանսի «Բարեգործություն, CSR եւ հանրօգուտ ներդրումներ՝ հակասություն, թե՞ փոխլրացում» պանելային քննարկման ժամանակ, Նազարեթ Սեֆերյանը, մասնավորապես, ասել էր.

     

    «Դասական ներդրում դիտարկելիս ամենակարեւոր հարցը միջոցների վերադարձն է: 

    Բայց երբ խոսում ենք հանրօգուտ ներդրումների մասին, ֆինանսական վերադարձը գործոններից միայն մեկն է: Շատ կարեւոր է հասկանալ եւ հաշվարկել սոցիալական կամ բնապահպանական ազդեցությունը, որը կլինի այդ ներդրման արդյունքում: 

    Այստեղ խոսքը սոցիալական ձեռնարկությունների մասին է, որոնք ստեղծվել են սոցիալական կամ բնապահպանական խնդիր լուծելու նպատակով: Սա կարեւոր ուղղություն է մեր երկրի համար: Շատ կարեւոր է նաեւ սպառողի մտածելակերպը: Պետք է յուրաքանչյուրս հասկանանք՝ որպես սպառող ամեն օր ընտրություն ենք կատարում, ընտրում ենք այս կամ այն ընկերությունը եւ մասնակցում սոցիալական ազդեցությանը»:

  • Արգելել սոցցանցերի վնասարար գործառույթները՝ տարիքային շեմ սահմանելու փոխարեն

    Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Meta ընկերության նախկին թոփ-մենեջեր Քելի Սթոունլեյքի հոդվածի թարգմանությունը։

     

    Քելի Սթոունլեյք

     

    Երբ 2009 թվականին աշխատանքի անցա Facebook-ում, հավատում էի այն առաքելությանը, որը հռչակում էր ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ միավորել եւ զորացնել մարդկանց ամբողջ աշխարհում։ Ինչով դա ավարտվեց, բոլորս գիտենք։ Meta-ն՝ Facebook-ի, Instagram-ի եւ WhatsApp-ի մայր ընկերությունը, կենտրոնացած է օգտատերերի առավելագույն ներգրավվածության վրա, ինչը հանգեցրել է կախվածության ձեւավորման, թշնամանքի հրահրման, ապատեղեկատվության տարածման եւ հասարակության բեւեռացման։

     

    Ես Facebook-ում աշխատեցի 15 տարի՝ նախքան հանդես եկա բացահայտումներով։ Ներկա էի ժողովների, որտեղ խելացի մարդիկ մշակում եւ առաջ էին մղում «կպչուն օգտագործումը» խթանող դիզայներական գործառույթներ՝ անվերջ սքրոլինգ, ավտոցուցադրություն, ալգորիթմիկ լրահոսեր։ Այս որոշումները կայացվում էին մեկ նպատակով՝ առավելագույնի հասցնել շահույթը։

    Լուսանկարը` REUTERS

    Բարեբախտաբար, աշխարհը սկսում է գիտակցել այն վնասը, որ հասցնում են սոցիալական ցանցերը, հատկապես՝ երիտասարդներին։ Հուլիսի սկզբին անկախ մարմինը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին զեկույց ներկայացրեց այն մասին, թե ինչպես Եվրոպական միությունը կարող է ապահովել երեխաների անվտանգությունն համացանցում։

     

    ԵՄ-ի մի շարք երկրներ ծրագրում են համատարած տարիքային արգելք սահմանել, սակայն զեկույցն առաջարկում է արգելքի թիրախում դնել տոքսիկ գործառույթները։ Եթե կառավարություններն իսկապես ցանկանում են պաշտպանել երեխաներին, ապա պետք է սոցիալական ցանցերին պարտադրեն ապացուցել իրենց անվտանգությունը՝ ինչպես պահանջում են սննդամթերքի եւ ավտոմեքենաների արտադրողներից։

     

    Համատարած արգելքի մոտեցումն ելնում է այն կանխավարկածից, թե կախվածություն առաջացնող սոցիալական ցանցերն անխուսափելի են։ Բայց դա այդպես չէ։ Դրանք կորպորատիվ բազմամյա լոբբինգի եւ ոլորտը կարգավորելու հարցում կառավարությունների չկամության արդյունքն են։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ նման մոտեցումն անարդյունավետ է։ Ավստրալիան աշխարհում առաջինն օրենսդրորեն սահմանափակեց անչափահասների մուտքը սոցցանցեր՝ անցյալ տարվա դեկտեմբերին արգելելով մինչեւ 16 տարեկան օգտատերերին օգտահաշիվներ գրանցել։ Ս.թ. մարտին Էլեկտրոնային անվտանգության հանձնակատարի զեկույցը բացահայտեց իրավակիրառման լուրջ բացթողումներ՝ ապրիլին 12-15 տարեկան դեռահասների ավելի քան կեսը գործող օգտհաշիվներ ուներ։

    Լուսանկարը` REUTERS

    Արդյունքում Ավստրալիան նույնպես ձեռնամուխ եղավ տոքսիկ գործառույթների դեմ պայքարին, որոնց վնասը երեխաների առողջությանն ու բարեկեցությանն ապացուցված է։ Նմանատիպ ճանապարհով են գնում Կանադան, Իսպանիան, Բրազիլիան եւ Գերմանիան՝ գիտակցելով, որ հարթակների անվտանգության պատասխանատվությունը պետք է կրեն հենց իրենք՝ տեխնոլոգիական ընկերությունները։

     

    Կառավարությունները պետք է ուշադրություն դարձնեն այն գործառույթների արգելման վրա, որոնք ի սկզբանե դրված են հարթակների դիզայնի հիմքում եւ վնաս են հասցնում երեխաներին։

     

    Քննարկումը տեղափոխվում է նաեւ դատարանների դահլիճներ։ Փետրվարին Եվրոպական հանձնաժողովը նախազգուշացրեց TikTok-ին. ընկերությունը պետք է փոխի կախվածություն առաջացնող դիզայնը, կամ շրջանառության մինչեւ 6%-ի չափով տուգանքներ կվճարի։ ԱՄՆ-ում չորս նահանգ Meta-ից պահանջում են ընդհանուր առմամբ 1,4 տրիլիոն դոլար։

     

    Մեկ այլ բարեփոխումը, որի համար արժե պայքարել, վերաբերում է հարթակների փոխգործելիությանը։ Եթե հարթակները տվյալներ փոխանակեն, օգտատերերը կկարողանան անցնել ավելի անվտանգ այլընտրանքների՝ առանց կորցնելու իրենց կոնտակտային ցանցը։ Արդյունքում մարդիկ չեն հայտնվի թակարդում, եթե հարթակը, օրինակ, գնի ծայրահեղ աջ հայացքներ ունեցող միլիարդատեր եւ այն էքստրեմիզմի օջախի կվերածի։

    Լուսանկարը` Jennifer Daniel

    Ի վերջո, բոլոր բարեփոխումները կախված են իրավակիրառման արդյունավետ մեխանիզմներից։ Կառավարությունները փորձում էին կարգավորել սոցիալական ցանցերի հարթակները կամավոր պարտավորությունների եւ ավստրալիականի նման օրենքների միջոցով, որոնք խախտումների համար տուգանքներ են նախատեսում։ Սակայն աշխարհի ամենաշահութաբեր ընկերությունները կարող են պարզապես դուրս գրել դրանք որպես բիզնես վարելու ծախսեր։ Հետեւանքները պետք է լինեն այնքան ծանրակշիռ, որ անհնար լինի դրանք նախապես ներառել բյուջեում։

     

    Եթե սոցցանցերը զրկվեն անվերջ սքրոլինգի, ներգրավվածության համար օպտիմալացված կարգավորումների եւ անդադար push-ծանուցումների գործառույթներից, զգալիորեն ավելի անվտանգ կդառնան երիտասարդների համար։ Իսկ տարիքային արգելքը, հակառակը, հարթակը թողնում է անփոփոխ՝ ընդամենը հետաձգելով դրա վնասակար ազդեցության մեկնարկը։

     

    Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

     

    Copyright: Project Syndicate, 2026.

    www.project-syndicate.org 

     

     

     

     

  • Կառավարության կազմում մեկ նոր նախարար կա

    Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Մհեր Գրիգորյանին եւ Տիգրան Խաչատրյանին փոխվարչապետերի պաշտոններում վերանշանակելու մասին:

    Վերանշանակվել են նաեւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեսայանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը։

     

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադեւոսյանը:

  • Արման Գրիգորյան. «Հայաստանը ստիպված կլինի ռազմավարական ընտրություն կատարել»

    Ներկայացնում ենք քաղաքագետ Արման Գրիգորյանի՝ CASPIA վերլուծական կենտրոնին տված հարցազրույցի թարգմանությունը (կրճատումներով):

     

    – Վերջին հինգ տարվա ընթացքում Հարավային Կովկասը փոխվել է ավելի, քան նախորդ երեսուն տարիների ընթացքում։ Ինչպե՞ս կբնութագրեք տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունը։

     

    – Որպես անցումային, թեեւ այս պնդման հետ կարելի է նաեւ վիճել։ Մինչեւ 2022 թվականին Ուկրաինայում հակամարտության սրումը՝ Ռուսաստանը տարածաշրջանում ուներ եթե ոչ ռազմավարական մենաշնորհ, ապա՝ ռազմավարական առաջատարություն։ Արեւմուտքն ու Թուրքիան, անշուշտ, ներկա էին Հարավային Կովկասում եւ մրցակցում էին Ռուսաստանի հետ ազդեցության համար, սակայն գերիշխող ուժը հենց Ռուսաստանն էր։

     

    2022 թվականից հետո այդ ստատուս քվոն էապես ապակայունացավ երկու փոխկապակցված գործոնների ազդեցության հետեւանքով։ Նախ՝ Ռուսաստանը ներքաշվեց ձգձգվող եւ ծախսատար հակամարտության մեջ, ինչը ստիպեց նրան հիմնական ռեսուրսներն ու քաղաքական ուշադրությունը կենտրոնացնել հենց այնտեղ։ Երկրորդը՝ եթե մինչեւ Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները կարելի էր բնութագրել որպես կոնֆլիկտային եւ մրցակցային, ապա 2022 թվականից հետո դրանք փաստացի վերաճեցին առճակատման «զրոյական գումարով խաղի» սկզբունքով։

     

    Մենք դեռեւս գտնվում ենք այդ առճակատման էպիկենտրոնում եւ չգիտենք, թե ինչով այն կավարտվի։ Մինչ այդ վաղաժամ է խոսել անվտանգության ձեւավորված  ճարտարապետության մասին: Առայժմ կարելի է փաստել միայն այն, որ նախկին ստատուս քվոն փլուզված է, իսկ նոր կարգը դեռ չի ձեւավորվել։ Պետք է նաեւ հաշվի առնել, որ Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմը զգալի ազդեցություն կունենա Հարավային Կովկասում անվտանգության նոր ճարտարապետության ձեւավորման վրա՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի դրա ելքը։

     

    – Ինչպե՞ս է այսօր հայկական փորձագիտական հանրությունն ընկալում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «Իրական Հայաստան» հայեցակարգը։ Կարծու՞մ եք, որ հայ հասարակությունը հոգեբանորեն արդեն պատրաստ է վերջնականապես փակել Ղարաբաղի հարցը։

     

    – Մեկ բան կարելի է հստակ ասել՝ առաջատար քաղաքական կուսակցություններից եւ ոչ մեկը վերջին ընտրություններում ռեւանշիստական օրակարգով հանդես չեկավ։ Հավանաբար, հենց դա էլ արտացոլում է երկրում գերիշխող հասարակական տրամադրությունները։

     

    – Ինչու՞, չնայած Ղարաբաղում կրած պարտությանն ու բազմաթիվ ներքին ճգնաժամերին, Փաշինյանին նորից հաջողվեց պահպանել հասարակության զգալի մասի վստահությունը։

     

    – Պատասխանը բավականին պարզ է։ Հայաստանի քաղաքականության մեջ գլխավոր պառակտումն անցնում է «նախկինների» եւ «ներկաների» միջեւ։ Հայ հասարակության զգալի մասը այնքան է վախենում նախկին էլիտաների վերադարձից, որ շարունակում է քվեարկել Փաշինյանի օգտին՝ չնայած Ղարաբաղում կրած պարտությանն ու նրա կառավարման, ընդհանուր առմամբ, անբավարար արդյունքներին։

     

    Կարող եք առարկել եւ ասել, որ ի հայտ եկավ նոր քաղաքական ուժ, որը մարտահրավեր նետեց Փաշինյանին՝ Սամվել Կարապետյանի կուսակցությունը։ Սակայն Կարապետյանն էլ ուներ «նախկինների» հետ կապված քաղաքական գործչի իմիջ։ Բացի այդ, կային հարցեր՝ կապված ընտրություններին նրա հնարավոր մասնակցության սահմանադրականության հետ։ Վերջապես՝ նա եւ իր թիմը զարմանալի քաղաքական ոչ կոմպետենտություն ցուցաբերեցին։

     

    Նրանք չկարողացան համոզիչ այլընտրանք առաջարկել գործող իշխանության քաղաքականությանը։ Նրանց նախընտրական քարոզարշավը փաստացի հանգում էր նոր աշխատատեղերի ստեղծման խոստումներին, որոնք ամրապնդված չէին որեւէ հետեւողական տնտեսական բարեփոխումների ծրագրով։ Ցուցիչ է նաեւ այն, որ նրանք մերժեցին մի շարք այլ քաղաքական ուժերի առաջարկները՝ միասնական ընդդիմադիր ճակատ ձեւավորելու մասին, թեեւ հենց իրենք պետք է նման համախմբման ձգտեին։

     

    – Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, արդյո՞ք այն հակամարտության ավարտ կդառնա, թե՞ միայն մրցակցության նոր փուլի մեկնարկ։ Ապագա խաղաղության պայմանագրի ո՞ր դրույթներն են կարող ամենադժվարը լինել իրագործման տեսանկյունից։

     

    – Վստահ չեմ, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն ինքնին վերջ կդնի հակամարտությանը։ Ամեն դեպքում, Բաքվում բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի հետաքրքրություններն ընդգրկող հարցերը չեն սահմանափակվում խաղաղության պայմանագրի նախագծի դրույթներով։

     

    «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի գործածումը, Հայաստան 300 հազար ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցման քննարկումը, ինչպես նաեւ «Զանգեզուրի միջանցքի» գործունեության հատուկ ռեժիմին վերաբերող առաջարկները շարունակում են զգայուն հարցեր մնալ, որոնք շարունակվում են քննարկվել հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում։

     

    Լրացուցիչ գործոն է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հարաբերակցության պահպանվող անհամաչափությունը, որը շարունակում է ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական եւ ռազմավարական գործընկերությունների դիվերսիֆիկացման ուղեգիծը։

    Արման Գրիգորյանը Արման Գրիգորյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Իմ կարծիքով՝ այս մոտեցումն արտացոլում է Երեւանի ձգտումն իր անվտանգության համակարգը հարմարեցնել տարածաշրջանային նոր իրողություններին։ Միեւնույն ժամանակ, առայժմ դժվար է միանշանակ գնահատել, թե որքանով արեւմտյան գործընկերների հետ համագործակցությունը կկարողանա ապահովել երկարաժամկետ անվտանգության ակնկալվող երաշխիքները։

     

    – Որքանո՞վ է դա ռազմավարական ընտրություն, եւ որքանո՞վ՝ հարկադրված հարմարվողականություն։ Հայաստանը չի՞ կարող միաժամանակ պահպանել աշխատանքային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ խորացնել համագործակցությունն Արեւմուտքի հետ։

     

    – Անկախության առաջին իսկ օրերից Հայաստանը հենց այդպես էլ փորձել է կառուցել իր արտաքին քաղաքականությունը։ Սակայն այսօր իրավիճակը փոխվել է երկու պատճառով։

     

    Նախ՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը բացահայտորեն առաջնահերթություն է տալիս Արեւմուտքի հետ ինտեգրմանը եւ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները դիտարկում է որպես սպառնալիք հայկական ինքնիշխանությանը։ Այլ կերպ ասած՝ խոսքը հենց ռազմավարական ընտրության մասին է, այլ ոչ թե հարկադրված հարմարվողականության։

     

    Երկրորդ՝ միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Արեւմուտքի հետ գնալով ավելի դժվար է դառնում նրանց միջեւ բացահայտ առճակատման եւ երկու կողմերի ուժեղացող ճնշման ֆոնին՝ միանշանակ ընտրություն կատարելու պահանջներով։

     

    – Ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Բաքվի ու Երեւանի միջեւ գոնե նվազագույն ռազմավարական վստահություն լինի։

     

    – Առաջին հերթին նշեմ, որ ռազմավարական վստահությունը հնարավոր չէ ստեղծել բացառապես փաստաթղթեր ստորագրելով։ Փաստաթղթերն, անշուշտ, կարեւոր են, սակայն դրանք ինքնին ի վիճակի չեն ապահովել խաղաղություն, վստահություն եւ կայունություն։

     

    Երկարաժամկետ հեռանկարում դա հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, երբ երկու հասարակություններն էլ դադարեն միմյանց ընկալել որպես թշնամի եւ սկսեն միմյանց վերաբերվել որպես սովորական հարեւանների։

     

    Օրինակ կարող են ծառայել Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները։ Չնայած գոյություն ունեցող տարաձայնություններին եւ ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող հակասություններին, կողմերից ոչ մեկը, անգամ ենթագիտակցական մակարդակում, մյուսին որպես սպառնալիք կամ ուժային ճնշման գրավիչ թիրախ չի ընկալում։ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները դեռ երկար ժամանակ հեռու կլինեն նման մոդելից։ Դրան հասնելու համար ժամանակ կպահանջվի, իսկ կարճաժամկետ հեռանկարում՝ արտաքին անվտանգության երաշխիքներ։

     

    Ցավոք, այսօր մենք տեսնում ենք ձգտում հրաժարվել Ռուսաստանից՝ որպես անվտանգության հնարավոր երաշխավորից, առանց դրան որեւէ լիարժեք փոխարինող առաջարկելու, ինչպես նաեւ փորձեր՝ լայնածավալ արդյունքների հասնել առավելագույնս սեղմ ժամկետներում։ Իմ կարծիքով՝ նման մոտեցումը լուրջ ռիսկեր է պարունակում։

     

    – Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի տեղը տասը տարի հետո՝ եվրոպական քաղաքական տարածքու՞մ, եվրասիական ինտեգրման մե՞ջ, թե՞ որպես բազմավեկտոր քաղաքականություն վարող պետություն։

     

    – Մեծապես դա կախված կլինի նրանից, թե ինչով կավարտվի մի կողմից Արեւմուտքի եւ մյուս կողմից Ռուսաստանի ու Իրանի ընթացիկ աշխարհաքաղաքական առճակատումը։

     

    Անկախ դրա ելքից՝ Հայաստանն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի ռազմավարական ընտրություն կատարել։ Վստահ չեմ, որ ձեւավորվող ավելի բեւեռացված միջազգային կարգի պայմաններում բազմավեկտոր քաղաքականությունը կարող է երկարաժամկետ հեռանկարում կայուն ռազմավարություն մնալ։

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

  • Փչովի Թրամփի եւ Պուտինի «համբույրը» Ամստերդամում

    Օգոստոսի 1-ին Ամստերդամում անցկացվել էր ամենամյա Ջրանցքների շքերթը՝ WorldPride փառատոնի գլխավոր իրադարձությունը: Ոստիկանության եւ կազմակերպիչների գնահատմամբ՝ մասնակիցների թիվը շուրջ 300 հազար էր:

     

    Շքերթին մասնակցող նավակներից առանձնանում էր մեկը, որի վրա տեղադրված էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հսկայական փչովի կերպարները:

     

    «Համբուրվող զույգը» անվանմամբ ինստալյացիան Պուտինին պատկերել էր աշխատանքային կոմբինեզոնով, իսկ Թրամփին՝ կանացի զգեստով եւ ռոքաբիլի ոճի սանրվածքով: 

     

    Կոմպոզիցիան ստեղծած խումբը հայտարարել է, որ «վերաիմաստավորել է սիրո եւ միասնության խորհրդանիշը ոչ թե սադրանքի համար, այլ իշխանությանը մի պահ դադար վերցնելու կոչ անելու նպատակով»։

  • Փաշինյանը նշել է «փորձառու իշխանության» առավելություններն ու թերությունները

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր աշխատակազմի նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին։

    Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նախորդած 5 տարիների ընթացքում նա «վարչապետի աշխատանքային առաջնահերթություններն ուղեկցել է գոհացուցիչ կերպով»։  

     

    «Հաջորդ փուլում տիկին Մակունցը պետք է ուղեկցի այդ առաջնահերթությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ: Պետք է շարունակենք աշխատանքը՝ առաջնահերթությունների որոշակի ճշգրտմամբ», – ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

    Լուսանկարը` ՀՀ կառավարություն

    Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին հաջողություններ է մաղթել Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում գործունեության մեջ եւ հավելել, որ «այն շատ կարեւոր է  հրապարակային քաղաքական գործչի համար»:  

     

    Վարչապետը հիշեցրել է, որ Լիլիթ Մակունցը 2018 թվականին զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը, ապա տեղափոխվել է խորհրդարան, եղել «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, այնուհետեւ՝ վարչապետի գլխավոր խորհրդական։ 

    Լուսանկարը` ՀՀ կառավարություն

    Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջիկայում «մեծ աշխատանք է սպասվում»։ 

     

    «Այդ մեծ օրակարգը ես ձեւակերպում եմ՝ որպես Հայաստանի պետականության հարատեւության օրակարգ: Առաջիկա հինգ տարիների շրջափուլը մեզ համար բացում է նոր հնարավորություններ եւ իր հետ բերում նոր մարտահրավերներ։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք նկատել եւ իրացնել հնարավորությունները եւ կառավարել մարտահրավերները։ 

    Լուսանկարը` ՀՀ կառավարություն

    Մենք արդեն փորձառու իշխանություն ենք։ Եվ սա իր հետ բերում է եւ՛ առավելություններ, եւ՛ թերություններ։ Առավելությունն այն է, որ կուտակված փորձը ռեսուրս է, որը պետք է կարողանանք կիրառել: Իսկ թերությունն այն է, որ այս աշխատանքի առօրեական դառնալը կարող է իսկապես որոշակի թմրածություն բերել, եւ պետք է ամեն ինչ անել՝ դրանից խուսափելու համար»,– ասել վարչապետը: 

  • Կբացվի «Գրիգոր Խանջյան-100. Նկարիչը եւ գիրքը» ցուցահանդեսը

    Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 4-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Գրիգոր Խանջյան-100. Նկարիչը եւ գիրքը» ցուցահանդեսը։

    Այն նվիրված է Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի Գրիգոր Խանջյանի  նկարազարդումների ստեղծման պատմությանը։ 

     

    Ցուցադրությունը բացահայտում է, թե ինչպես է աշխատել նկարիչը, աշխատանքային ինչ փուլեր է անցել։

     

    Այս պատկերազարդումները շատ ավելին են, քան գրքի պարզ նկարազարդումներ. դրանք ինքնուրույն գրաֆիկական աշխատանքներ են, որոնք հանդիսանում են ինչպես հեղինակի, այնպես էլ հայկական գրքային գրաֆիկայի գլուխգործոցներից։ 

     

    Առաջին անգամ ցուցադրվելու են  Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի տպագրության  համար արված շուրջ 40 էսքիզներ  եւ օֆորտի թերթեր, արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, որոնք տրամադրել է նկարչի դուստրը՝ Սեդա Խանջյանը։ 

     

    Ցուցադրության ընթացքում  կկազմակերպվեն լինոփորագրության աշխատարան, որի ընթացքում հնարավորություն կլինի  նկարչի կողմից ստեղծված տախտակով իրականացնել լինոտպագրություն։

  • Արմեն Մարտիրոսյան. Փրկելը՝ նվազագույն պահանջ, գերնպատակը՝ երջանիկ մանկություն

    2021 թվականից պաշտոնապես գործում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը։ Հինգ տարվա ընթացքում այն աջակցել է ավելի քան 4200 երեխայի, մանկական բուժհաստատություններին նվիրել վերջին սերնդի բուժսարքավորումներ, նպաստել մեծաթիվ բժիշկների  մասնագիտական վերապատրաստմանը, իսկ այսօր արդեն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են ոչ միայն անհատական դեպքերին, այլեւ՝ մանկական առողջապահության համակարգային փոփոխությանը։

     

    Այս ճանապարհի հիմքում մեկ գաղափար է՝ ոչ մի երեխա չպետք է զրկվի որակյալ բուժում ստանալու հնարավորությունից եւ երջանիկ մանկությունից միայն այն պատճառով, որ ընտանիքը չունի բավարար ֆինանսական միջոցներ։

     

    Արմեն Մարտիրոսյանի համար հիմնադրամի ստեղծման պատմությունը շատ անձնական է եւ սկսվել է ավելի քան 16 տարի առաջ։ Այս ճանապարհին եղել են մեծ հաջողություններ ու հիասթափություններ, կյանքի հաղթանակներ ու ցավալի կորուստներ, ինչն արդյունքում բերել է գիտակցված ընտրության՝ կառուցել երեխաների առողջությանն աջակցող ինստիտուցիոնալ համակարգ։ 

    Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Մեդիամաքսի հետ զրույցում նա, հիմնադրամի աշխատանքում ներգրավված մյուս մասնագետներն ու դրա շահառուները պատմել են տարիների աշխատանքի մասին, որի գերնպատակը մեկն է՝ ոչ միայն փրկել երեխայի կյանքը, այլեւ՝ դարձնել այն երջանիկ։ 

     

    «Բարեգործությունը պետք է լինի գիտակցված ընտրություն»

     

    Արմեն Մարտիրոսյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն

     

    Ամեն ինչ սկսվեց 2010 թվականին։ Վանաձորում էի, երբ նկատեցի, որ ընկերներս դրամահավաք են կազմակերպում քաղցկեղ ունեցող մի փոքրիկի համար։ Ցավոք, նրան փրկել չհաջողվեց։ Այն ժամանակ Ֆեյսբուքում գրանցված հայերը շատ քիչ էին, ու բառացիորեն բոլորը սգում էին այդ երեխայի մահը։

     

    Այս պատմությունն իմ ճանապարհի սկիզբն էր, առաջին քայլը, իսկ բուն պատճառները՝ շատ ավելի խորքային։ Երկար տարիներ փորձել եմ հասկանալ՝ ինչու եմ զբաղվում բարեգործությամբ, ինչու եմ ընտրել հենց երեխաների առողջության ոլորտը։ Սկզբում ամեն ինչ շատ անգիտակցական էր, կար օգնելու ցանկություն՝ առանց հասկանալու դրա շարժառիթները։ Հիմա հետ նայելով՝ վստահ չեմ, որ ուրիշների ճակատագրով այդ աստիճան ապրող, սեփական կյանքը մի կողմ դրած մարդու ներաշխարհի հետ ամեն ինչ կարգին էր։ Կարծում եմ՝ ինքս էլ ունեի աջակցության կարիք։

     

    Այսօր համոզված եմ՝ բարեգործությունն իսկապես հասուն է միայն այն ժամանակ, երբ հստակ գիտակցում ես՝ ինչու ես դրանով զբաղվում ։ Հակառակ դեպքում, այն ինչ-որ պահից կարող է վերածվել սեփական ապրումները քողարկելու, հուզական պահանջները բավարարելու աղբյուրի։ Ցանկացած հաջողություն ներսումդ առաջացնում է բավարարվածության ուժեղ զգացում։ Գիտակցված մղումդ, իհարկե, երեխայի կյանքը փրկելն է, անգիտակցականը՝ այդ զգացողությունը կրկին վերապրելու ցանկությունը։

    Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Սա հասկանալու համար ինձնից ավելի քան տասը տարի պահանջվեց։ Մինչ այդ համոզված էի, որ պարզապես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող մարդ եմ, քանի որ անարդարության դեմ պայքարել եմ դեռ մանկուց։ Հոգեբանի հետ տարիների աշխատանքից հետո միայն սկսեցի ավելի լավ հասկանալ ինքս ինձ եւ իմ սահմանները։ Կարող եմ ասել՝ սա կյանքում ինձ հետ տեղի ունեցած կարեւորագույն պահերից էր։ Կարծում եմ՝ բարեգործությամբ զբաղվող մարդիկ պարտավոր են աշխատել հոգեբանի հետ՝ հասկանալու՝ ուր են գնում եւ ինչու են ընտրել այս ճանապարհը։ Սա պետք է լինի գիտակցված ընտրություն։ 

     

    Այս երկարատեւ ու երբեմն ինտուիտիվ փնտրտուքներն ի վերջո տվեցին իրենց արդյունքը. մենք կարողացանք մանկական առողջության պահպանման ոլորտում ստեղծել անխափան գործող ինստիտուտ, որն այժմ տարածաշրջանի խոշորագույն հիմնադրամներից մեկն է:

     

    Կամավորությունից՝ ինստիտուտ

     

    Արմեն Մարտիրոսյան 

     

    Երկար տարիներ նույն գործն անելու ընթացքում գալիս է  պահ, երբ հասկանում ես՝ առանձին երեխաներին աջակցելը բավարար չէ։ Դու օգնում ես մեկին, հետո երկրորդին, երրորդին, բայց խնդիրը համակարգային լուծում չի ստանում։

     

    Ամեն ինչ թողնելը, նախորդ աշխատանքից հրաժարվելն ու այս ոլորտին լիովին նվիրվելը հեշտ որոշում չէր։ Հատկապես, երբ գաղափար անգամ չունեի՝ որտեղից գտնել առաջին դրամական միջոցները, որպեսզի հիմնադրամն առհասարակ սկսի գործել։ Դրան զուգահեռ, ունեի նաեւ անձնական պատասխանատվություն ընտանիքիս հանդեպ։  Հայաստանում հիմնադրամ ղեկավարելու, նման կառույցում աշխատելու մասին կարծրատիպերը շատ էին, մարդիկ զարմանում էին՝ «երեխաների առողջությանն աջակցող հիմնադրամում աշխատող մարդը պետք է աշխատավարձ ստանա՞»։ Իսկ ինձ համար սկզբունքային էր ապացուցել՝ լավ մասնագետը պետք է ստանա մրցունակ աշխատավարձ, հնարավորություն ունենա սովորել, զարգանալ, աշխատել հոգեբանի հետ։ Միայն այսպես է հնարավոր ոլորտ բերել լավագույն մասնագետներին, որոնց կարիքը շատ ունենք։ 

    Յանա Շախրամանյանը զրուցում է Արմեն Մարտիրոսյանի հետ Յանա Շախրամանյանը զրուցում է Արմեն Մարտիրոսյանի հետ

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Երբ հետ եմ նայում, տեսնում եմ կամավոր Արմենին, որը կարող էր օգնել մեկ երեխայի, իսկ հետո մի քանի ամիս պարզապես չիմանար այլ երեխաների մասին, որոնք ունեն օգնության կարիք, կամ սպառված լիներ էմոցիոնալ ու չգտներ օգնելու ուժ։ Իսկ հիմնադրամի դեպքում գործում է օպերատիվ ու պրոֆեսիոնալ թիմ, որը համակարգում է յուրաքանչյուր դիմումի ընթացքը՝ ապահովելով դրա բժշկական գնահատումն ու անհրաժեշտ բուժման կազմակերպումը Հայաստանում եւ արտերկրում: Որոշ դեպքերում այս գործընթացը տեւում է հաշված ժամեր եւ հնարավորություն է տալիս փրկել կոնկրետ երեխայի կյանք:  Հենց սա է համակարգի եւ անհատի աշխատանքի տարբերությունը։ 

     

    Եթե խոսենք թվերով՝ կամավորության տասնմեկ տարվա ընթացքում ես եւ ընկերներս աջակցել ենք մոտ 400 երեխայի։ Հիմնադրամի հինգ տարվա գործունեության ընթացքում հասցրել ենք օգնել ավելի քան 4200-ի։ Մեր տրամադրած բուժսարքավորումներով կանխարգելիչ նպատակներով հետազոտվել է ավելի քան 16 000 երեխա, եւ այս թիվն ամեն օր աճում է։ Հիմա Առողջապահության նախարարության եւ Արաբկիր բժշկական համալիրի հետ աշխատում ենք Երեխաների բրոնխիալ ասթմայի ախտորոշման, վարման եւ բուժման արդյունքների բարելավման ծրագրի ուղղությամբ, որն ազդելու է տասնյակ հազարավոր երեխաների կյանքի որակի վրա։

     

    «Կյանք փրկելը նվազագույն պահանջն է, գերնպատակը՝ առողջ եւ երջանիկ մանկությունը»

     

    Արմեն Մարտիրոսյան

     

    Որպես երկու երեխայի հայր՝ իմ մեծագույն նպատակն է հնարավորություններս եւ փորձառությունս ծառայեցնել ոչ միայն սեփական, այլեւ՝ մեր երկրի ցանկացած երեխայի, որը դրա կարիքն ունի։ Նպատակը պարզապես բուժում ապահովելը չէ, այլ այն միջազգային ընդունված լավագույն չափանիշներով հասանելի դարձնելը:

     

    Արդեն հինգ տարի հիմնադրամն աջակցում է ոչ միայն կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաներին, այլեւ՝ իրականացնում է  ծրագրեր, որոնք ուղղված են նրանց կյանքի որակի բարելավմանը՝ շնչառական հիվանդություններից մինչեւ աուտոիմուն խնդիրներ։ Ասթմայի կանխարգելման ապակենտրոնացված մոդելը մեր ամենամեծ հպարտություններից է: 

     

    Հիմնադրամի առաջին իսկ օրերից աջակցում էինք ասթմա ունեցող մոտ 1600 երեխայի՝ տրամադրելով դեղորայք եւ սարքավորումներ, որոնք պետությունը դեռեւս չէր կարող ապահովել։ Միաժամանակ բժիշկներն ասում էին, որ նման երեխաների իրական թիվը շատ ավելի մեծ է։ Մեր գործընկեր բժիշկ Աստղիկ Բաղդասարյանի առաջարկով սկսեցինք Հայաստանում մանկական ասթմայի կարիքների գնահատման լայնածավալ հետազոտություն։ Իրականացվեց շուրջ կես միլիոն դոլար արժողությամբ ծրագիր, որի հաջորդ փուլում նախատեսված հետազոտությունների ֆինանսավորումը ստանձնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հաջորդ քայլը նրանց վաղ հայտնաբերումն ու առողջապահական համակարգում ներառելն է։ Զուգահեռաբար ստեղծել ենք նաեւ ժառանգական քաղցկեղի նախատրամադրվածության կլինիկա «Յոլյան» արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնում, որտեղ իրականացվում են ժառանգականության հետ կապված ուսումնասիրություններ ու գիտական աշխատանքներ: 

    Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Մեզ համար կյանք փրկելը նվազագույն պահանջն է։ Այո՛, Հայաստանում ոչ մի երեխա չպետք է մահանա միայն այն պատճառով, որ ընտանիքը գումար չունի։ Բայց գերնպատակն այդ երեխայի առողջ, ներդաշնակ ու երջանիկ մանկությունն է։ Եթե երեխան սիրում է պարել, ֆուտբոլ խաղալ կամ երազում է բժիշկ դառնալ եւ հիվանդության պատճառով զրկված է այդ հնարավորությունից, պետք է գտնենք ճանապարհ ոչ միայն նրա կյանքը փրկելու, այլեւ՝ այդ երազանքը նրան վերադարձնելու ուղղությամբ  (ժպտում է – հեղ.): Սա է պատճառը, որ հիմնադրամի հայտարարություններում եւ արշավներում երբեք չեք տեսնի  երեխային խոցելի վիճակում ներկայացնող ծանր լուսանկարներ: Դրանցում երեխաներն են՝ պայծառ ու լուսավոր, ինչպես կան։ Մենք ցանկանում ենք ցույց տալ նրանց նպատակներն ու երազանքները, ապագան, որը կունենան, երբ բուժվեն։ 

     

    «Հիմնադրամը կամուրջ է երեխաների, ընտանիքների եւ նրանց աջակցել ցանկացող մարդկանց միջեւ»

     

    Իվետա Ղազարյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործառնությունների ղեկավար

     

    Հիմնադրամին միացել եմ ավելի քան մեկ տարի առաջ, քանի որ միշտ հետաքրքրվել եմ առողջապահության ոլորտով եւ մեծացել եմ բժիշկների ընտանիքում: Հիմա աշխատանքիցս մեծ բավականություն եմ ստանում՝ գիտակցելով, որ կարեւոր առաքելության մաս եմ կազմում (ժպտում է – հեղ.):

    Իվետա Ղազարյանը Իվետա Ղազարյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս տարիների ընթացքում Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը կարողացել է ձեռք բերել մարդկանց վստահությունը եւ դառնալ կամուրջ աջակցության կարիք ունեցող երեխաների, ընտանիքների եւ նրանց աջակցել ցանկացող մարդկանց միջեւ՝ նպաստելով առողջական ծանր խնդիրներով երեխաների անհրաժեշտ բուժման հասանելիությանը։

     

    Այսօր համագործակցում ենք Երեւանի բոլոր մանկական բուժհաստատությունների հետ։ Դրանցում կա կոնտակտային անձ, որի միջոցով անհրաժեշտության դեպքում հայտ է ներկայացվում հիմնադրամ։ Աշխատանքը հստակ համակարգված է, եւ հայտերը հիմնականում ստանում ենք բուժհաստատություններից՝ սահմանված ընթացակարգով։ 

     

    Հիմնադրամն ունի նաեւ բժշկական խորհուրդ, որն անհատապես բարդ դեպքերի պարագայում ներկայացնում է մասնագիտական եզրակացություն։ Անհրաժեշտության դեպքում՝ բժիշկների ցուցումների հիման վրա, կազմակերպում ենք երեխաների բուժումը նաեւ Հայաստանի սահմաններից դուրս` աշխարհի լավագույն կլինիկաներում։

     

    «Երբ փոքր էի, մտածում էի՝ հնարավոր է փրկել ողջ աշխարհը»

     

    Իվետա Ղազարյան 

     

    Մինչեւ հիմնադրամի ստեղծումն Արմենը երկար տարիներ անհատապես էր օգնում երեխաներին։ Այսօր էլ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը շատերի մոտ ասոցացվում է նրա հետ եւ այն հաճախ անվանում են «Արմոսի հիմնադրամ» (ժպտում է – հեղ.): Տարիների նվիրված աշխատանքով հասարակության վստահությունը ձեռք բերելն իսկապես շատ կարեւոր էր: 

     

    Նշեցի, որ մեծ բավականություն եմ ստանում աշխատանքիցս, բայց, իհարկե, լինում են նաեւ ծանր պահեր: Այս ոլորտում աշխատելիս շատ կարեւոր է հոգ տանել սեփական հոգեկան առողջության մասին։ Ինքս էլ երեք երեխայի մայր եմ, եւ մասնագետի հետ աշխատանքի շնորհիվ կարողանում եմ դեպքերը չտեղափոխել սեփական ընտանիք: Հիմնադրամի թիմը փոքր է, բայց ներսում շատ ջերմ հարաբերություններ են. սա շատ է օգնում:  Ծանր դեպքերում, երբ ներքին ռեսուրսներն այլեւս չեն բավարարում, միշտ կարող ենք ապավինել եւ աջակցել իրար: Կարծում եմ՝ փոխօգնությունն այս աշխատանքում մեծ նշանակություն ունի։

    Իվետա Ղազարյանը Իվետա Ղազարյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հիշում եմ՝ փոքր տարիքում համոզված էի, որ հնարավոր է փրկել ողջ աշխարհը։ Երբ մեծացա, իրավիճակին սկսեցի ավելի իրատեսորեն նայել: Կան խնդիրներ, որոնք անխուսափելի են, եւ ոչ ոք ապահովագրված չէ կյանքի անսպասելի փորձություններից։ Պարզապես պետք է ապրել եւ անել առավելագույնը քո հնարավորությունների սահմաններում։ Մարդը սոցիալական էակ է: Չենք կարող ապրել առանց դիմացինի ապրումակցման եւ աջակցության։ Մենք բոլորս իրար կարիքն ունենք։ Այս առումով հիմնադրամը ոչ միայն աջակցում է բուժման կազմակերպմանը, այլեւ՝ օգնում ընտանիքներին չկորցնել հույսը, կանգնում դժվար իրավիճակում հայտնված ծնողների կողքին։ Անչափ կարեւոր է, որ մարդն իր խնդրի հետ միայնակ չմնա: 

     

    «Եթե աշխարհում որեւէ երեխայի հասանելի է բուժումը, ինչո՞ւ այն հասանելի չլինի Հայաստանում»

     

    Աստղիկ Բաղդասարյան, «Արաբկիր» ԲՀ Շնչառական բժշկության եւ ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար, հիմնադրամի բժշկական խորհրդի անդամ

     

    Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին միացել եմ հիմնադրման առաջին օրվանից: Միայն մեր բուժհաստատությունից այս ընթացքում աջակցություն են ստացել հազարավոր երեխաներ։ Այսօր արդեն չեմ պատկերացնում՝ ինչպես էինք աշխատում մինչեւ այս հիմնադրամի ստեղծումը: Կան երեխաներ, որոնց բուժումը չափազանց թանկ է, եւ դժվար է պատկերացնել, որ որեւէ ընտանիք ինքնուրույն կկարողանա հոգալ այդ ծախսերը: 

     

    Միշտ կատակում եմ, որ մինչեւ հիմնադրամի գոյությունը ես չէի քնում, երբ երեխայի մոտ ախտորոշում էի խնդիր, որի բուժումը ենթադրում էր բարդ միջամտություններ կամ թանկարժեք դեղորայք։ Հիմա ասում եմ՝ «թող չքնի հիմնադրամը» (ժպտում է – հեղ.)

     

    Միեւնույն ժամանակ, համագործակցության կարեւորագույն արժեքը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլ՝ ձեւաչափը, կառուցված համակարգը, որը կենտրոնացած է ինստիտուցիոնալ մոտեցման, ոչ թե անձերի վրա: Եթե վաղը չլինենք ես կամ Արմենը, հիմնադրամը միեւնույն է կշարունակի աջակցել երեխաներին: 

     

    Այս համակարգային մոտեցման շնորհիվ արդեն հաջողվել է լուծել առաջնային իմունոդեֆիցիտ ունեցող երեխաների բուժման հարցը։ Այսօր, եթե երեխան ունի այդ ախտորոշումը, անկախ նրանից, թե Հայաստանի որ բժշկական կենտրոնում է բուժվում, Առողջապահության նախարարության կողմից ստանում է անհրաժեշտ դեղորայքը։ Նույնը ցանկանում ենք անել նաեւ ասթմա ունեցող երեխաների դեպքում։

    Աստղիկ Բաղդասարյանը Աստղիկ Բաղդասարյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Առհասարակ, այս ուղղությամբ մեծածավալ աշխատանք ենք իրականացնում՝ հատկապես հիվանդության վաղ հայտնաբերման եւ կանխարգելման ուղղությամբ։ Եթե երեխային ժամանակին նշանակվի ճիշտ բուժում, շատ դեպքերում հնարավոր է կանխել հիվանդության զարգացումն ու հետագա սրացումները։ Բայց սա անելու համար նախ պետք է հասկանալ խնդրի իրական ծավալը։ Ճիշտ աշխատանքի հիմքում միշտ հստակ տվյալներն են։

     

    Այս նպատակով իրականացրել ենք մեծ հետազոտություն, որի արդյունքների վերլուծության եւ ամփոփման ուղղությամբ այժմ աշխատում եմ։ Նախնական տվյալներով՝ 0-18 տարեկան երեխաների շրջանում ասթմայի տարածվածությունը Հայաստանում կազմում է 5-7 տոկոս։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 100 երեխայից մոտ հինգն ունի ասթմա, հետեւաբար նաեւ՝ աջակցության կարիք: 

     

    Լինելով բժիշկ՝ միշտ մտածել եմ՝ եթե աշխարհում որեւէ երեխայի հասանելի է այս կամ այն բուժումը կամ դեղորայքը, ինչո՞ւ այն չպետք է  հասանելի լինի նաեւ Հայաստանի երեխաներին։ Ո՞վ է որոշել, որ գումար չկա:

     

    Եթե աշխարհում գումար կա պատերազմների համար, ինչո՞ւ չպետք է լինի կյանք փրկող դեղամիջոցների համար։ 

     

    «Եթե իրենք չլինեին, նույնիսկ չգիտեմ՝ ինչ էինք անելու»

     

    Կարինե Պետրոսյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի շահառու Միլա Հովհաննեսյանի մայրիկ 

     

    Միլաս 13 տարեկան է։ Առաջին անգամ նրա առողջական խնդիրներն ի հայտ եկան, երբ 10 տարեկան էր: Մի օր որոշեցինք բակում բադմինտոն խաղալ: Հենց այդ ընթացքում Միլան իրեն վատ զգաց եւ կորցրեց գիտակցությունը: Բնականաբար, սկսեցինք հետազոտություններ, որոնց ընթացքում երեխայի մարմնի վրա նաեւ կապտուկներ հայտնվեցին: 

     

    Արդյունքում Միլայի մոտ ախտորոշվեց թրոմբոցիտոպենիա։ Սա նշանակում է, որ ցանկացած թեթեւ վնասվածքի կամ պատռվածքի դեպքում նա ունի լուրջ արյունահոսության վտանգ։ Մինչ այս Միլայի հետ հաճախ էինք արշավների գնում: Նկատում էի, որ շատ արագ է հոգնում, բայց չէի հասկանում՝ ինչու։ Հետո պարզվեց՝ պատճառը հիվանդությունն էր։ 

     

    Մեր առաջին արձագանքը շոկն էր, չգիտեինք՝ ինչ անել, բայց մեզ անմիջապես ուղղորդեցին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ կատարեցին անհրաժեշտ հետազոտությունները եւ նշանակեցին բուժում։ Դեղորայքը շատ թանկ էր: Առաջին դեղաչափը Միլան ստացավ հարազատների հայտարարած դրամահավաքի շնորհիվ, որին ավելացրեցինք նաեւ մեր միջոցները: 

     

    Հետո արդեն հիվանդանոցում հանդիպեցինք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի ներկայացուցչին։ Գրեցինք դիմում եւ համաձայնեցինք, որ հիմնադրամի կողմից  դրամահավաք իրականացվի ոչ միայն Միլայի, այլեւ՝ նույն խնդիրն ունեցող մյուս երեխաների համար։

    Միլա Հովհաննեսյանը Միլա Հովհաննեսյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Սկզբում հավաքված միջոցներն ուղղվեցին աղջկաս անհրաժեշտ դեղամիջոցի ձեռքբերմանը։ Այն օգնում է, որ նրա մարմնին կապտուկներ չառաջանան եւ կարգավորում է արյան մեջ թրոմբոցիտների քանակը: Բացի այդ, պետք է ուշադիր լինենք նաեւ կենսակերպի հարցում։ Նրան չի կարելի վնասվածքներ ստանալ, ակտիվ սպորտով զբաղվել։ 

     

    Թվում է՝ կյանքը քիչ-քիչ կարգավորվում է (ժպտում է – հեղ.): Սրան զուգահեռ հաճախ եմ հիշում հիվանդության ախտորոշման շրջանը, որը հոգեպես ծանր էր: Ինձ միայնակ էի զգում, չգիտեի՝ որտեղից սկսել, չնայած՝ թե՛ հարազատ մարդիկ, թե՛ բուժանձնակազմն անընդհատ կրկնում էին, որ ամեն ինչ լավ կլինի։ Այդ աջակցությունն իսկապես շատ կարեւոր էր։ 

     

    Նույն զգացողությունը ստացա նաեւ հիմնադրամից։ Նրանց ներկայացուցիչները ոչ միայն առաջարկեցին աջակցություն, այլեւ եկան ու կանգնեցին իմ կողքին ամենադժվար պահին: Չգիտեմ՝ ինչ էի անելու, եթե նրանք չլինեին: 

     

    Հիմա Միլան փորձում է ապրել սովորական դեռահասի կյանքով: Սկզբում շատ էի վախենում, երբ խնդրում էր ընկերուհիների հետ դուրս գալ զբոսնելու։ Հիմա տեսնում եմ՝ որքան գիտակից է դարձել։ Նա շատ լավ գիտի՝ ինչպես պահի իրեն, երբ ընդունի դեղը, ինչից խուսափի։ 

     

    Այս ամառ շատ է նկարում՝ բնություն, դիմանկարներ: Մեկ նկար էլ արդեն պատրաստել է իր բժշկի համար: 

     

    Միայն արշավներն է շատ կարոտում։ Ցավոք, նրան երկար քայլել կամ արեւի տակ մնալ չի կարելի: Առհասարակ, Միլաս շատ է սիրում բնությունն ու հաճախ ասում՝ «մամ, շա՜տ եմ ուզում, որ մեր տունն անտառում լինի՝ ծառերով շրջապատված»: 

     

    Յանա Շախրամանյան

     

    Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի