Category: MediaMax.am

  • Արմեն Մարտիրոսյան. Փրկելը՝ նվազագույն պահանջ, գերնպատակը՝ երջանիկ մանկություն

    2021 թվականից պաշտոնապես գործում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը։ Հինգ տարվա ընթացքում այն աջակցել է ավելի քան 4200 երեխայի, մանկական բուժհաստատություններին նվիրել վերջին սերնդի բուժսարքավորումներ, նպաստել մեծաթիվ բժիշկների  մասնագիտական վերապատրաստմանը, իսկ այսօր արդեն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են ոչ միայն անհատական դեպքերին, այլեւ՝ մանկական առողջապահության համակարգային փոփոխությանը։

     

    Այս ճանապարհի հիմքում մեկ գաղափար է՝ ոչ մի երեխա չպետք է զրկվի որակյալ բուժում ստանալու հնարավորությունից եւ երջանիկ մանկությունից միայն այն պատճառով, որ ընտանիքը չունի բավարար ֆինանսական միջոցներ։

     

    Արմեն Մարտիրոսյանի համար հիմնադրամի ստեղծման պատմությունը շատ անձնական է եւ սկսվել է ավելի քան 16 տարի առաջ։ Այս ճանապարհին եղել են մեծ հաջողություններ ու հիասթափություններ, կյանքի հաղթանակներ ու ցավալի կորուստներ, ինչն արդյունքում բերել է գիտակցված ընտրության՝ կառուցել երեխաների առողջությանն աջակցող ինստիտուցիոնալ համակարգ։ 

    Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Մեդիամաքսի հետ զրույցում նա, հիմնադրամի աշխատանքում ներգրավված մյուս մասնագետներն ու դրա շահառուները պատմել են տարիների աշխատանքի մասին, որի գերնպատակը մեկն է՝ ոչ միայն փրկել երեխայի կյանքը, այլեւ՝ դարձնել այն երջանիկ։ 

     

    «Բարեգործությունը պետք է լինի գիտակցված ընտրություն»

     

    Արմեն Մարտիրոսյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն

     

    Ամեն ինչ սկսվեց 2010 թվականին։ Վանաձորում էի, երբ նկատեցի, որ ընկերներս դրամահավաք են կազմակերպում քաղցկեղ ունեցող մի փոքրիկի համար։ Ցավոք, նրան փրկել չհաջողվեց։ Այն ժամանակ Ֆեյսբուքում գրանցված հայերը շատ քիչ էին, ու բառացիորեն բոլորը սգում էին այդ երեխայի մահը։

     

    Այս պատմությունն իմ ճանապարհի սկիզբն էր, առաջին քայլը, իսկ բուն պատճառները՝ շատ ավելի խորքային։ Երկար տարիներ փորձել եմ հասկանալ՝ ինչու եմ զբաղվում բարեգործությամբ, ինչու եմ ընտրել հենց երեխաների առողջության ոլորտը։ Սկզբում ամեն ինչ շատ անգիտակցական էր, կար օգնելու ցանկություն՝ առանց հասկանալու դրա շարժառիթները։ Հիմա հետ նայելով՝ վստահ չեմ, որ ուրիշների ճակատագրով այդ աստիճան ապրող, սեփական կյանքը մի կողմ դրած մարդու ներաշխարհի հետ ամեն ինչ կարգին էր։ Կարծում եմ՝ ինքս էլ ունեի աջակցության կարիք։

     

    Այսօր համոզված եմ՝ բարեգործությունն իսկապես հասուն է միայն այն ժամանակ, երբ հստակ գիտակցում ես՝ ինչու ես դրանով զբաղվում ։ Հակառակ դեպքում, այն ինչ-որ պահից կարող է վերածվել սեփական ապրումները քողարկելու, հուզական պահանջները բավարարելու աղբյուրի։ Ցանկացած հաջողություն ներսումդ առաջացնում է բավարարվածության ուժեղ զգացում։ Գիտակցված մղումդ, իհարկե, երեխայի կյանքը փրկելն է, անգիտակցականը՝ այդ զգացողությունը կրկին վերապրելու ցանկությունը։

    Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Սա հասկանալու համար ինձնից ավելի քան տասը տարի պահանջվեց։ Մինչ այդ համոզված էի, որ պարզապես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող մարդ եմ, քանի որ անարդարության դեմ պայքարել եմ դեռ մանկուց։ Հոգեբանի հետ տարիների աշխատանքից հետո միայն սկսեցի ավելի լավ հասկանալ ինքս ինձ եւ իմ սահմանները։ Կարող եմ ասել՝ սա կյանքում ինձ հետ տեղի ունեցած կարեւորագույն պահերից էր։ Կարծում եմ՝ բարեգործությամբ զբաղվող մարդիկ պարտավոր են աշխատել հոգեբանի հետ՝ հասկանալու՝ ուր են գնում եւ ինչու են ընտրել այս ճանապարհը։ Սա պետք է լինի գիտակցված ընտրություն։ 

     

    Այս երկարատեւ ու երբեմն ինտուիտիվ փնտրտուքներն ի վերջո տվեցին իրենց արդյունքը. մենք կարողացանք մանկական առողջության պահպանման ոլորտում ստեղծել անխափան գործող ինստիտուտ, որն այժմ տարածաշրջանի խոշորագույն հիմնադրամներից մեկն է:

     

    Կամավորությունից՝ ինստիտուտ

     

    Արմեն Մարտիրոսյան 

     

    Երկար տարիներ նույն գործն անելու ընթացքում գալիս է  պահ, երբ հասկանում ես՝ առանձին երեխաներին աջակցելը բավարար չէ։ Դու օգնում ես մեկին, հետո երկրորդին, երրորդին, բայց խնդիրը համակարգային լուծում չի ստանում։

     

    Ամեն ինչ թողնելը, նախորդ աշխատանքից հրաժարվելն ու այս ոլորտին լիովին նվիրվելը հեշտ որոշում չէր։ Հատկապես, երբ գաղափար անգամ չունեի՝ որտեղից գտնել առաջին դրամական միջոցները, որպեսզի հիմնադրամն առհասարակ սկսի գործել։ Դրան զուգահեռ, ունեի նաեւ անձնական պատասխանատվություն ընտանիքիս հանդեպ։  Հայաստանում հիմնադրամ ղեկավարելու, նման կառույցում աշխատելու մասին կարծրատիպերը շատ էին, մարդիկ զարմանում էին՝ «երեխաների առողջությանն աջակցող հիմնադրամում աշխատող մարդը պետք է աշխատավարձ ստանա՞»։ Իսկ ինձ համար սկզբունքային էր ապացուցել՝ լավ մասնագետը պետք է ստանա մրցունակ աշխատավարձ, հնարավորություն ունենա սովորել, զարգանալ, աշխատել հոգեբանի հետ։ Միայն այսպես է հնարավոր ոլորտ բերել լավագույն մասնագետներին, որոնց կարիքը շատ ունենք։ 

    Յանա Շախրամանյանը զրուցում է Արմեն Մարտիրոսյանի հետ Յանա Շախրամանյանը զրուցում է Արմեն Մարտիրոսյանի հետ

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Երբ հետ եմ նայում, տեսնում եմ կամավոր Արմենին, որը կարող էր օգնել մեկ երեխայի, իսկ հետո մի քանի ամիս պարզապես չիմանար այլ երեխաների մասին, որոնք ունեն օգնության կարիք, կամ սպառված լիներ էմոցիոնալ ու չգտներ օգնելու ուժ։ Իսկ հիմնադրամի դեպքում գործում է օպերատիվ ու պրոֆեսիոնալ թիմ, որը համակարգում է յուրաքանչյուր դիմումի ընթացքը՝ ապահովելով դրա բժշկական գնահատումն ու անհրաժեշտ բուժման կազմակերպումը Հայաստանում եւ արտերկրում: Որոշ դեպքերում այս գործընթացը տեւում է հաշված ժամեր եւ հնարավորություն է տալիս փրկել կոնկրետ երեխայի կյանք:  Հենց սա է համակարգի եւ անհատի աշխատանքի տարբերությունը։ 

     

    Եթե խոսենք թվերով՝ կամավորության տասնմեկ տարվա ընթացքում ես եւ ընկերներս աջակցել ենք մոտ 400 երեխայի։ Հիմնադրամի հինգ տարվա գործունեության ընթացքում հասցրել ենք օգնել ավելի քան 4200-ի։ Մեր տրամադրած բուժսարքավորումներով կանխարգելիչ նպատակներով հետազոտվել է ավելի քան 16 000 երեխա, եւ այս թիվն ամեն օր աճում է։ Հիմա Առողջապահության նախարարության եւ Արաբկիր բժշկական համալիրի հետ աշխատում ենք Երեխաների բրոնխիալ ասթմայի ախտորոշման, վարման եւ բուժման արդյունքների բարելավման ծրագրի ուղղությամբ, որն ազդելու է տասնյակ հազարավոր երեխաների կյանքի որակի վրա։

     

    «Կյանք փրկելը նվազագույն պահանջն է, գերնպատակը՝ առողջ եւ երջանիկ մանկությունը»

     

    Արմեն Մարտիրոսյան

     

    Որպես երկու երեխայի հայր՝ իմ մեծագույն նպատակն է հնարավորություններս եւ փորձառությունս ծառայեցնել ոչ միայն սեփական, այլեւ՝ մեր երկրի ցանկացած երեխայի, որը դրա կարիքն ունի։ Նպատակը պարզապես բուժում ապահովելը չէ, այլ այն միջազգային ընդունված լավագույն չափանիշներով հասանելի դարձնելը:

     

    Արդեն հինգ տարի հիմնադրամն աջակցում է ոչ միայն կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաներին, այլեւ՝ իրականացնում է  ծրագրեր, որոնք ուղղված են նրանց կյանքի որակի բարելավմանը՝ շնչառական հիվանդություններից մինչեւ աուտոիմուն խնդիրներ։ Ասթմայի կանխարգելման ապակենտրոնացված մոդելը մեր ամենամեծ հպարտություններից է: 

     

    Հիմնադրամի առաջին իսկ օրերից աջակցում էինք ասթմա ունեցող մոտ 1600 երեխայի՝ տրամադրելով դեղորայք եւ սարքավորումներ, որոնք պետությունը դեռեւս չէր կարող ապահովել։ Միաժամանակ բժիշկներն ասում էին, որ նման երեխաների իրական թիվը շատ ավելի մեծ է։ Մեր գործընկեր բժիշկ Աստղիկ Բաղդասարյանի առաջարկով սկսեցինք Հայաստանում մանկական ասթմայի կարիքների գնահատման լայնածավալ հետազոտություն։ Իրականացվեց շուրջ կես միլիոն դոլար արժողությամբ ծրագիր, որի հաջորդ փուլում նախատեսված հետազոտությունների ֆինանսավորումը ստանձնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հաջորդ քայլը նրանց վաղ հայտնաբերումն ու առողջապահական համակարգում ներառելն է։ Զուգահեռաբար ստեղծել ենք նաեւ ժառանգական քաղցկեղի նախատրամադրվածության կլինիկա «Յոլյան» արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնում, որտեղ իրականացվում են ժառանգականության հետ կապված ուսումնասիրություններ ու գիտական աշխատանքներ: 

    Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Մեզ համար կյանք փրկելը նվազագույն պահանջն է։ Այո՛, Հայաստանում ոչ մի երեխա չպետք է մահանա միայն այն պատճառով, որ ընտանիքը գումար չունի։ Բայց գերնպատակն այդ երեխայի առողջ, ներդաշնակ ու երջանիկ մանկությունն է։ Եթե երեխան սիրում է պարել, ֆուտբոլ խաղալ կամ երազում է բժիշկ դառնալ եւ հիվանդության պատճառով զրկված է այդ հնարավորությունից, պետք է գտնենք ճանապարհ ոչ միայն նրա կյանքը փրկելու, այլեւ՝ այդ երազանքը նրան վերադարձնելու ուղղությամբ  (ժպտում է – հեղ.): Սա է պատճառը, որ հիմնադրամի հայտարարություններում եւ արշավներում երբեք չեք տեսնի  երեխային խոցելի վիճակում ներկայացնող ծանր լուսանկարներ: Դրանցում երեխաներն են՝ պայծառ ու լուսավոր, ինչպես կան։ Մենք ցանկանում ենք ցույց տալ նրանց նպատակներն ու երազանքները, ապագան, որը կունենան, երբ բուժվեն։ 

     

    «Հիմնադրամը կամուրջ է երեխաների, ընտանիքների եւ նրանց աջակցել ցանկացող մարդկանց միջեւ»

     

    Իվետա Ղազարյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործառնությունների ղեկավար

     

    Հիմնադրամին միացել եմ ավելի քան մեկ տարի առաջ, քանի որ միշտ հետաքրքրվել եմ առողջապահության ոլորտով եւ մեծացել եմ բժիշկների ընտանիքում: Հիմա աշխատանքիցս մեծ բավականություն եմ ստանում՝ գիտակցելով, որ կարեւոր առաքելության մաս եմ կազմում (ժպտում է – հեղ.):

    Իվետա Ղազարյանը Իվետա Ղազարյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս տարիների ընթացքում Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը կարողացել է ձեռք բերել մարդկանց վստահությունը եւ դառնալ կամուրջ աջակցության կարիք ունեցող երեխաների, ընտանիքների եւ նրանց աջակցել ցանկացող մարդկանց միջեւ՝ նպաստելով առողջական ծանր խնդիրներով երեխաների անհրաժեշտ բուժման հասանելիությանը։

     

    Այսօր համագործակցում ենք Երեւանի բոլոր մանկական բուժհաստատությունների հետ։ Դրանցում կա կոնտակտային անձ, որի միջոցով անհրաժեշտության դեպքում հայտ է ներկայացվում հիմնադրամ։ Աշխատանքը հստակ համակարգված է, եւ հայտերը հիմնականում ստանում ենք բուժհաստատություններից՝ սահմանված ընթացակարգով։ 

     

    Հիմնադրամն ունի նաեւ բժշկական խորհուրդ, որն անհատապես բարդ դեպքերի պարագայում ներկայացնում է մասնագիտական եզրակացություն։ Անհրաժեշտության դեպքում՝ բժիշկների ցուցումների հիման վրա, կազմակերպում ենք երեխաների բուժումը նաեւ Հայաստանի սահմաններից դուրս` աշխարհի լավագույն կլինիկաներում։

     

    «Երբ փոքր էի, մտածում էի՝ հնարավոր է փրկել ողջ աշխարհը»

     

    Իվետա Ղազարյան 

     

    Մինչեւ հիմնադրամի ստեղծումն Արմենը երկար տարիներ անհատապես էր օգնում երեխաներին։ Այսօր էլ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը շատերի մոտ ասոցացվում է նրա հետ եւ այն հաճախ անվանում են «Արմոսի հիմնադրամ» (ժպտում է – հեղ.): Տարիների նվիրված աշխատանքով հասարակության վստահությունը ձեռք բերելն իսկապես շատ կարեւոր էր: 

     

    Նշեցի, որ մեծ բավականություն եմ ստանում աշխատանքիցս, բայց, իհարկե, լինում են նաեւ ծանր պահեր: Այս ոլորտում աշխատելիս շատ կարեւոր է հոգ տանել սեփական հոգեկան առողջության մասին։ Ինքս էլ երեք երեխայի մայր եմ, եւ մասնագետի հետ աշխատանքի շնորհիվ կարողանում եմ դեպքերը չտեղափոխել սեփական ընտանիք: Հիմնադրամի թիմը փոքր է, բայց ներսում շատ ջերմ հարաբերություններ են. սա շատ է օգնում:  Ծանր դեպքերում, երբ ներքին ռեսուրսներն այլեւս չեն բավարարում, միշտ կարող ենք ապավինել եւ աջակցել իրար: Կարծում եմ՝ փոխօգնությունն այս աշխատանքում մեծ նշանակություն ունի։

    Իվետա Ղազարյանը Իվետա Ղազարյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հիշում եմ՝ փոքր տարիքում համոզված էի, որ հնարավոր է փրկել ողջ աշխարհը։ Երբ մեծացա, իրավիճակին սկսեցի ավելի իրատեսորեն նայել: Կան խնդիրներ, որոնք անխուսափելի են, եւ ոչ ոք ապահովագրված չէ կյանքի անսպասելի փորձություններից։ Պարզապես պետք է ապրել եւ անել առավելագույնը քո հնարավորությունների սահմաններում։ Մարդը սոցիալական էակ է: Չենք կարող ապրել առանց դիմացինի ապրումակցման եւ աջակցության։ Մենք բոլորս իրար կարիքն ունենք։ Այս առումով հիմնադրամը ոչ միայն աջակցում է բուժման կազմակերպմանը, այլեւ՝ օգնում ընտանիքներին չկորցնել հույսը, կանգնում դժվար իրավիճակում հայտնված ծնողների կողքին։ Անչափ կարեւոր է, որ մարդն իր խնդրի հետ միայնակ չմնա: 

     

    «Եթե աշխարհում որեւէ երեխայի հասանելի է բուժումը, ինչո՞ւ այն հասանելի չլինի Հայաստանում»

     

    Աստղիկ Բաղդասարյան, «Արաբկիր» ԲՀ Շնչառական բժշկության եւ ալերգոլոգիական-իմունոլոգիական ծառայության ղեկավար, հիմնադրամի բժշկական խորհրդի անդամ

     

    Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին միացել եմ հիմնադրման առաջին օրվանից: Միայն մեր բուժհաստատությունից այս ընթացքում աջակցություն են ստացել հազարավոր երեխաներ։ Այսօր արդեն չեմ պատկերացնում՝ ինչպես էինք աշխատում մինչեւ այս հիմնադրամի ստեղծումը: Կան երեխաներ, որոնց բուժումը չափազանց թանկ է, եւ դժվար է պատկերացնել, որ որեւէ ընտանիք ինքնուրույն կկարողանա հոգալ այդ ծախսերը: 

     

    Միշտ կատակում եմ, որ մինչեւ հիմնադրամի գոյությունը ես չէի քնում, երբ երեխայի մոտ ախտորոշում էի խնդիր, որի բուժումը ենթադրում էր բարդ միջամտություններ կամ թանկարժեք դեղորայք։ Հիմա ասում եմ՝ «թող չքնի հիմնադրամը» (ժպտում է – հեղ.)

     

    Միեւնույն ժամանակ, համագործակցության կարեւորագույն արժեքը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլ՝ ձեւաչափը, կառուցված համակարգը, որը կենտրոնացած է ինստիտուցիոնալ մոտեցման, ոչ թե անձերի վրա: Եթե վաղը չլինենք ես կամ Արմենը, հիմնադրամը միեւնույն է կշարունակի աջակցել երեխաներին: 

     

    Այս համակարգային մոտեցման շնորհիվ արդեն հաջողվել է լուծել առաջնային իմունոդեֆիցիտ ունեցող երեխաների բուժման հարցը։ Այսօր, եթե երեխան ունի այդ ախտորոշումը, անկախ նրանից, թե Հայաստանի որ բժշկական կենտրոնում է բուժվում, Առողջապահության նախարարության կողմից ստանում է անհրաժեշտ դեղորայքը։ Նույնը ցանկանում ենք անել նաեւ ասթմա ունեցող երեխաների դեպքում։

    Աստղիկ Բաղդասարյանը Աստղիկ Բաղդասարյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Առհասարակ, այս ուղղությամբ մեծածավալ աշխատանք ենք իրականացնում՝ հատկապես հիվանդության վաղ հայտնաբերման եւ կանխարգելման ուղղությամբ։ Եթե երեխային ժամանակին նշանակվի ճիշտ բուժում, շատ դեպքերում հնարավոր է կանխել հիվանդության զարգացումն ու հետագա սրացումները։ Բայց սա անելու համար նախ պետք է հասկանալ խնդրի իրական ծավալը։ Ճիշտ աշխատանքի հիմքում միշտ հստակ տվյալներն են։

     

    Այս նպատակով իրականացրել ենք մեծ հետազոտություն, որի արդյունքների վերլուծության եւ ամփոփման ուղղությամբ այժմ աշխատում եմ։ Նախնական տվյալներով՝ 0-18 տարեկան երեխաների շրջանում ասթմայի տարածվածությունը Հայաստանում կազմում է 5-7 տոկոս։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 100 երեխայից մոտ հինգն ունի ասթմա, հետեւաբար նաեւ՝ աջակցության կարիք: 

     

    Լինելով բժիշկ՝ միշտ մտածել եմ՝ եթե աշխարհում որեւէ երեխայի հասանելի է այս կամ այն բուժումը կամ դեղորայքը, ինչո՞ւ այն չպետք է  հասանելի լինի նաեւ Հայաստանի երեխաներին։ Ո՞վ է որոշել, որ գումար չկա:

     

    Եթե աշխարհում գումար կա պատերազմների համար, ինչո՞ւ չպետք է լինի կյանք փրկող դեղամիջոցների համար։ 

     

    «Եթե իրենք չլինեին, նույնիսկ չգիտեմ՝ ինչ էինք անելու»

     

    Կարինե Պետրոսյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի շահառու Միլա Հովհաննեսյանի մայրիկ 

     

    Միլաս 13 տարեկան է։ Առաջին անգամ նրա առողջական խնդիրներն ի հայտ եկան, երբ 10 տարեկան էր: Մի օր որոշեցինք բակում բադմինտոն խաղալ: Հենց այդ ընթացքում Միլան իրեն վատ զգաց եւ կորցրեց գիտակցությունը: Բնականաբար, սկսեցինք հետազոտություններ, որոնց ընթացքում երեխայի մարմնի վրա նաեւ կապտուկներ հայտնվեցին: 

     

    Արդյունքում Միլայի մոտ ախտորոշվեց թրոմբոցիտոպենիա։ Սա նշանակում է, որ ցանկացած թեթեւ վնասվածքի կամ պատռվածքի դեպքում նա ունի լուրջ արյունահոսության վտանգ։ Մինչ այս Միլայի հետ հաճախ էինք արշավների գնում: Նկատում էի, որ շատ արագ է հոգնում, բայց չէի հասկանում՝ ինչու։ Հետո պարզվեց՝ պատճառը հիվանդությունն էր։ 

     

    Մեր առաջին արձագանքը շոկն էր, չգիտեինք՝ ինչ անել, բայց մեզ անմիջապես ուղղորդեցին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ կատարեցին անհրաժեշտ հետազոտությունները եւ նշանակեցին բուժում։ Դեղորայքը շատ թանկ էր: Առաջին դեղաչափը Միլան ստացավ հարազատների հայտարարած դրամահավաքի շնորհիվ, որին ավելացրեցինք նաեւ մեր միջոցները: 

     

    Հետո արդեն հիվանդանոցում հանդիպեցինք Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի ներկայացուցչին։ Գրեցինք դիմում եւ համաձայնեցինք, որ հիմնադրամի կողմից  դրամահավաք իրականացվի ոչ միայն Միլայի, այլեւ՝ նույն խնդիրն ունեցող մյուս երեխաների համար։

    Միլա Հովհաննեսյանը Միլա Հովհաննեսյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Սկզբում հավաքված միջոցներն ուղղվեցին աղջկաս անհրաժեշտ դեղամիջոցի ձեռքբերմանը։ Այն օգնում է, որ նրա մարմնին կապտուկներ չառաջանան եւ կարգավորում է արյան մեջ թրոմբոցիտների քանակը: Բացի այդ, պետք է ուշադիր լինենք նաեւ կենսակերպի հարցում։ Նրան չի կարելի վնասվածքներ ստանալ, ակտիվ սպորտով զբաղվել։ 

     

    Թվում է՝ կյանքը քիչ-քիչ կարգավորվում է (ժպտում է – հեղ.): Սրան զուգահեռ հաճախ եմ հիշում հիվանդության ախտորոշման շրջանը, որը հոգեպես ծանր էր: Ինձ միայնակ էի զգում, չգիտեի՝ որտեղից սկսել, չնայած՝ թե՛ հարազատ մարդիկ, թե՛ բուժանձնակազմն անընդհատ կրկնում էին, որ ամեն ինչ լավ կլինի։ Այդ աջակցությունն իսկապես շատ կարեւոր էր։ 

     

    Նույն զգացողությունը ստացա նաեւ հիմնադրամից։ Նրանց ներկայացուցիչները ոչ միայն առաջարկեցին աջակցություն, այլեւ եկան ու կանգնեցին իմ կողքին ամենադժվար պահին: Չգիտեմ՝ ինչ էի անելու, եթե նրանք չլինեին: 

     

    Հիմա Միլան փորձում է ապրել սովորական դեռահասի կյանքով: Սկզբում շատ էի վախենում, երբ խնդրում էր ընկերուհիների հետ դուրս գալ զբոսնելու։ Հիմա տեսնում եմ՝ որքան գիտակից է դարձել։ Նա շատ լավ գիտի՝ ինչպես պահի իրեն, երբ ընդունի դեղը, ինչից խուսափի։ 

     

    Այս ամառ շատ է նկարում՝ բնություն, դիմանկարներ: Մեկ նկար էլ արդեն պատրաստել է իր բժշկի համար: 

     

    Միայն արշավներն է շատ կարոտում։ Ցավոք, նրան երկար քայլել կամ արեւի տակ մնալ չի կարելի: Առհասարակ, Միլաս շատ է սիրում բնությունն ու հաճախ ասում՝ «մամ, շա՜տ եմ ուզում, որ մեր տունն անտառում լինի՝ ծառերով շրջապատված»: 

     

    Յանա Շախրամանյան

     

    Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

  • Կլոդ Նոբսի տունը, Հելմուտ Նյութոնի վնասված ալբոմը եւ Ազնավուր-Գորիոն

    Օրերս աչքովս հոդված ընկավ շվեյցարական Մոնտրյոի ջազ-փառատոնի 60-ամյակի մասին: Մի քանի շաբաթ առաջ հոբելյանական փառատոնը բացել էր բրիտանացի սոուլ-երգչուհի Ռեյը։ 2.5 ժամից ավելի տեւած համերգով հանդես էին եկել Նիկ Քեյվն ու The Bad Seeds-ը, իսկ Սթինգը ներկայացրել էր իր վաղ շրջանի ստեղծագործությունները՝ ձայնագրված The Police խմբի կազմում։

    Deep Purple-ը գրեթե միշտ մասնակցում է փառատոնին եւ այս տարին էլ բացառություն չէր։ Խմբի ամենահայտնի երգը՝ Smoke On The Water-ը, պատմում է 1971 թվականին Մոնտրյոյի կազինոյում բռնկված հրդեհի մասին։ Փառատոնն այդ շենքում անցկացվում էր 1967 թվականից, եւ Deep Purple-ը մտադիր էր հենց այնտեղ ձայնագրել իր Machine Head ալբոմը, սակայն հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրեց շենքը։ Ի վերջո ալբոմը ձայնագրվեց Մոտրյոի Grand Hotel-ում՝ Rolling Stones-ի շարժական ստուդիայի միջոցով, իսկ երբ կազինոյի շենքը վերակառուցվեց, այնտեղ բացվեց Mountain Studios ստուդիան։ Հետագայում այն պատկանում էր 
    Queen խմբին, որն այնտեղ վեց ալբոմ ձայնագրեց։

    «Լեռնային հատվածում է գտնվում փառատոնի հիմնադիր Կլոդ Նոբսի շալեն, որտեղ նրան այցելում էին Ֆրեդի Մերկյուրին, Դեյվիդ Բոուին եւ The Rolling Stones-ը՝ բերելով նվերներ, որոնք մինչ օրս կարելի է տեսնել էքսկուրսիաների ժամանակ։ Շալե այցելելը հնարավոր է միայն նախապես էքսկուրսիա ամրագրելով, բայց արժե դա անել», – գրում է հոդվածի հեղինակ Քեյսի Կուպեր-Ֆիսկը։

    Ես եղել եմ այդ շալեում: 

    2003 թվականին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելում էր Շվեյցարիա՝ ՏՏ ոլորտի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, ես էլ այցը լուսաբանող լրագրողների խմբում էի: 

    Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը խնդրել էր Կլոդ Նոբսին հյուրընկալել Ռոբերտ Քոչարյանին: Լրագրողներիս շալե ավելի շուտ բերեցին, քան պետք է ժամաներ նախագահը: Մեզ դիմավորեցին աշխատակիցները եւ ասացին, որ կարող ենք մեզ ազատ զգալ առաջին հարկի ընդարձակ հյուրասենյակում: 

    Սենյակի անկուններից մեկում, եռաոտ հարմարանքի վրա դրված էր nude լուսանկարների թերեւս ամենահայտնի լուսանկարիչ Հելմուտ Նյութոնի մեծադիր ալբոմը: Թերթեցի, բայց հարմար չէր այդպես նայելը՝ որոշեցի վերցնել, նստել բազմոցին եւ հանգիստ նայել: Վերցրեցի մեկ ձեռքով ու չհաշվարկեցի ալբոմի քաշը՝ գրքի կազմը կիսով չափ պոկվեց բուն գրքից: Սիրտս կանգնեց: Բայց լավ էր, ոչ ոք չնկատեց: Գիրքը դրեցի տեղը ու սենյակի այդ հատված այլեւս ոտք չդրեցի: 

    Որոշ ժամանակ անց եկան Ռոբերտ Քոչարյանն ու Կլոդ Նոբսը, իսկ մոտ կես ժամից նրանց միացավ Շառլ Ազնավուրը, որը սովորականից ավելի երկար մազեր ուներ, քանի որ այդ շրջանում նկարահանվում էր «Հայր Գորիո» ֆիլմում:

    2012 թվականի հունվարի 24-ին դահուկ քշելուց Կլոդ Նոբսը վայր էր ընկել եւ հայտնվել կոմայում: Մեկ տարի անց նա հեռացավ կյանքից:

    Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է 

  • Գրքի երեւանյան միջազգային փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

    Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Գրքի երեւանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ:

    Գործում է 4 անվանակարգ.

     

    •    Արձակ

    •    Դրամատուրգիա

    •    Մանկապատանեկան գրականություն

    •    Պոեզիա

     

    Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:

     

    Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգեւ 400․000-ական դրամ (ներառյալ հարկերը):

     

    Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է երբեւէ հրատարակված եւ հրապարակված չլինեն (էլեկտրոնային մամուլում, սոցիալական հարթակներում, միջոցառումների ժամանակ կազմակերպված ընթերցումներում): Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։

     

    Մրցույթին պետք է ներկայացնել՝

     

    «Արձակ» անվանակարգում

     

    •    կամ 2 պատմվածք

    •    կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաեւ աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչեւ 400 բառ):

     

    «Դրամատուրգիա» անվանակարգում

     

    1 պիես (ծավալն էական չէ)

     

    «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում

     

    •    կամ 2 հեքիաթ

    •    կամ 2 պատմվածք

    •    կամ 2 պատկերազարդ պատմություն

    •    կամ 10 բանաստեղծություն

    •    կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաեւ աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչեւ 400 բառ):

     

    «Պոեզիա» անվանակարգում

     

    10 բանաստեղծություն

     

    Գործերը ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու անանուն։

     

    Այն ստեղծագործությունները, որոնք կպարունակեն հեղինակի վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի տեղեկություն, չեն դիտարկվի: Եթե տեքստը գնահատման ներկայացվի ժյուրիի անդամներին, եւ ընթերցման փուլում վերջինները նկատեն նույնականացման փորձ, ապա հայտը կչեղարկվի:

     

    Մասնագիտական ժյուրիի անդամներն են.

     

    «Արձակ» անվանակարգ

     

    •    Աննա Դավթյան

    •    Արքմենիկ Նիկողոսյան

    •    Հովհաննես Երանյան

    •    Սարգիս Հովսեփյան

     

    «Դրամատուրգիա» անվանակարգ

     

    •    Անահիտ Արամունի Քեշիշյան

    •    Դավիթ Խալաթյան

    •    Նարինե Գրիգորյան

    •    Սաթէ Խաչատրյան

     

    «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ

     

    •    Անի Հովնանյան

    •    Երազիկ Գրիգորյան 

    •    Սաբեթ Հովհաննիսյան

    •    Վարդուհի Բալոյան

     

    «Պոեզիա» անվանակարգ

     

    •    Ալվարդ Սեմերջյան

    •    Կարեն Անտաշյան

    •    Հասմիկ Սիմոնյան

    •    Ներսես Աթաբեկյան

     

    Հայտերի գնահատման չափանիշները.

     

    •    «Արձակ» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն եւ ոճը, դիպաշարի կառուցումը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

     

    •    «Դրամատուրգիա» անվանակարգ՝ ձեւն ու բովանդակությունը, կառուցումը, լեզուն եւ ոճը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

     

    •    «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ գրավիչ եւ հագեցած սյուժեն, տեքստի համապատասխանությունը թիրախային խմբի հետաքրքրություններին, բովանդակության ուսանելիությունը, կառուցվածքը, շարադրանքի դյուրըմբռնելիությունը, ոճը:

     

    •    «Պոեզիա» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն եւ ոճը, ազդեցության աստիճանը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:

     

    Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել info@yerevanbookfest.com հասցեին «word» ձեւաչափով (բոլոր գործերը՝ մեկ ֆայլում): «Թեմա» տողում պետք է նշել անուն-ազգանունը եւ անվանակարգը (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան, «Պոեզիա» անվանակարգ): Նամակի դաշտում գրել հեռախոսահամար։

     

    Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թ. օգոստոսի 10։

     

    Հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 6-ին՝ Գրքի երեւանյան միջազգային 9-րդ փառատոնի փակման արարողության ժամանակ։

     

    Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 4-ից 6-ը Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում եւ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում։ 

  • Նույն լուսինը՝ տարբեր երկինքներում – Mediamax.am

    Ներկայացնում ենք 2026 թվականի հուլիսի 29-ից 30-ը աշխարհի տարբեր մասերում արված լիալուսնի լուսանկարների ընտրանին:

    Լուսանկարը` REUTERS/Pilar Olivares

    Լուսանկարը` REUTERS/Abdul Saboor

    Լիալուսինը Աթենքից հարավ գտնվող Պոսեյդոնի հին տաճարի հետևում։

    Լուսանկարը` REUTERS/Louiza Vradi

    Ֆլամինգոները Թուրքիայի Կոնիա նահանգի Դյուդեն լճում։

    Լուսանկարը` REUTERS/Efekan Akyuz

    Լիալուսինը ծագում է Ստամբուլի Գալաթա աշտարակի հետևում։

    Լուսանկարը` REUTERS/Dilara Senkaya

    Լուսանկարը` REUTERS/Toby Melville

    Լուսանկարը` REUTERS/Kacper Pempel

    Լուսանկարը` REUTERS/Amr Abdallah

  • Կրակ, օվկիանոս, տառապանք

    Ներկայացնում ենք 2026 թվականի հուլիսի 27-ից 31-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
    Մարդիկ լողում են Պրահովոյում (Սերբիա)՝ Դանուբի ջրի մակարդակի իջեցման հետևանքով ջրի երես դուրս եկած գերմանական նավի կողքին, որը խորտակվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
    Թեհրանում տեղադրված այս պաստառում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պառկած է դագաղում:
    Մարդիկ պայքարում են հրդեհի դեմ Թուրքիայում Մուղլա շրջանում։
    Հրշեջը Լե Անդրոյում (Ֆրանսիա)։
    Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ողջունում է Կորեական պատերազմի վետերաններին։
    Պաղեստինուհին զննում է իր տունը Գազա քաղաքում իսրայելական հարվածից հետո։
    Սերֆինգիստը Կալիֆոռնիայում մայրամուտի ժամանակ։
    Հայրն ու դուստրը սգում են Լահորում (Պակիստան) իրենց տան տանիքի փլուզման հետևանքով զոհված հարազատների համար։
    Լոս Անջելեսի Մելրոուզ պողոտայում մարդիկ նկարվում են «Վարդագույն պատի» մոտ:
    Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո։

  • Սարամագուի «Կուրությունը», մարդն ու փլուզվող հասարակարգը

    Ի՞նչ կլինի, եթե մի օր մարդիկ դադարեն տեսնել։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժոզե Սարամագուի «Կուրություն» վեպը (1995) անհայտ քաղաքում բռնկված «սպիտակ կուրության» մասին է։  
    Այն լույս է ընծայել  «Անտարես» հրատարակչությունը։ Պորտուգալերենից թարգմանել է Կառա Չոբանյանը, որի հետ էլ զրուցել ենք։
    – Սարամագուի «Կուրությունը» կյանքի այլաբանական պատկերն է։ Կույրերի երկրում բարոյական անկումը հասնելու էր ամենացածր կետին։ Ու դրա պատճառը չտեսնե՞լն էր,  բնականից շեղո՞ւմը, թե՞ փլուզվող աշխարհակարգը։
    – Կան ստեղծագործություններ, որոնք ընթերցողները, գրականագետները, քննադատները միանշանակ են ընկալում: Հնարավոր է, որ մի խմբի կարծիքը շեղվի ընդհանուրի ընկալումից, բայց այդ խումբը երբեք մեծաքանակ չի լինում: Բայց կան այնպիսի գործեր, որոնք ամեն մեկը յուրովի է ընկալում: Ըստ իս՝ Սարամագուի «Կուրությունն» այդ գործերից է: 
    Երեք պատճառ եք նշել, ուրեմն երեքն էլ հնարավոր եք համարել, երեք տարբեր ձևերով կարող եք ընկալել վեպը: Իմ ընկալմամբ՝ Սարամագուն ցույց է տվել, թե որքան խոցելի է մարդ արարածը, նրա ստեղծած համակարգը, քաղաքական ու հասարակական կարգը, առօրյա կենսակերպը աղետների, համաճարակների դեպքում: Հարցը կուրությունը չէ: Նույն հաջողությամբ կարող էր խլությունը լինել կամ հոտառության կորուստը, որոնք դարձյալ փլուզելու էին այդ համակարգը: Գուցե ավելի դանդաղ, քան կուրությունը, բայց միևնույն է, փլուզելու էին: Մենք աչքներիս առաջ դրա վառ օրինակն ունենք. ոչ վաղ անցյալում քովիդի համավարակը, երբ մի քանի օրում կյանքը հանկարծ կանգ առավ, շեղվեց այն բնականոն ընթացքից, որին սովոր էինք և չգիտենք, թե ուր կհասնեինք, եթե մի քանի ամսից համավարակը չնահանջեր: 
    Ինչ վերաբերում է բարոյական անկմանը, ես չեմ կարծում, որ համատարած բարոյական անկում է տիրում: Միշտ էլ ծայրահեղ իրավիճակներում, լինի պատերազմ, համաճարակ, թե բնական աղետ, ամեն ինչ սրվում է՝ բարոյական անկումը խորանում է, սակայն որոշ մարդկանց մեջ էլ մինչև այդ չերևացող կամ թաքնված դրական հատկանիշներ են ի հայտ գալիս, եղածները՝ ավելի վառ արտահայտվում: Մուգ ակնոցով աղջիկը, օրինակ: Երբեք երեխա չունեցած, մարմնական վայելքներով ապրող, թեթևաբարո երիտասարդ աղջիկն ի՜նչ հոգատարությամբ, համբերատարությամբ, գորովանքով, պատասխանատվությամբ, նույնիսկ անձնուրացությամբ է խնամում շլաչք փոքրիկին, սուղ ուտելիքը կտրում  բերանից, որ իրեն միանգամայն օտար երեխան հանկարծ քաղցած չմնա: Կամ ինչ սիրով ու պատասխանատվությամբ է վերաբերվում ծնողներին: Կամ, օրինակ, անքնությամբ տառապող կինը, երբ չարագործների մոտ գնալիս բժշկի կինը հաշվից դուրս է թողնում նրան, համերաշխության ինչ բարձր զգացում է դրսևորում՝ կամավոր գնալով այն նվաստացմանը, ինչին ենթարկվելու են մյուսները, այն դեպքում, երբ ոչ ոք չէր մեղադրի նրան բժշկի կնոջ ընձեռած հնարավորությունից օգտվելու համար:
    – Բժշկի կինը խուսափում է անկումից, առաջնորդի դեր է ստանձնում, որովհետև միա՞կն է, որը շարունակում է տեսնել։ Գուցե գրողը  կիրառում է «մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել» բանաձևո՞ւմը։
    – Այո, բժշկի կինը խուսափում է անկումից և առաջնորդի դեր է ստանձնում, քանի որ միակն է, որ տեսնում է, բայց իմ կարծիքով ստանձնելու էր այդ դերը, եթե նույնիսկ կուրանար: Կամ եթե ոչ նա, ապա անպայման բարձր բարոյական արժեքներ ունեցող մեկը: Չէր կարող տեսողությունը պահպանած չարագործ մեկը առաջնորդի դեր ստանձնել, այդպիսի մեկը միայն բռնապետության պես մի համակարգ կարող էր ստեղծել՝ է՛լ ավելի մեծ տառապանքներ պատճառելով մյուսներին, որը, սակայն, ինչպես ցանկացած բռնապետություն, կփլուզվեր ի վերջո: 
    Դեռևս հրատարակման փուլում գտնվող թարգմանություններիցս մեկում մի նախադասություն կա, որը տեղին է նաև այս դեպքում՝ «Վերջին պահին միշտ եղել է զինվորների մի դասակ, որը փրկել է քաղաքակրթությունը»: Ես հավատում եմ, որ ծայրահեղ իրավիճակներում միշտ գտնվում են անձինք կամ անձանց խումբ, որոնք առաջնորդի դեր են ստանձնում և փրկում մյուսներին: Քաղաքակրթությունը փրկող դասակն այս վեպում բժշկի կինն է:
    -Ոչ ավանդական կետադրությունը՝ նկարագրությունների ու երկխոսությունների  միահյուսումը, ընդգծում է պատումի խորհրդավորությունը։ Իբրև թարգմանիչ՝ ինչպե՞ս էիք վերաբերվում սրան։ Առհասարակ Սարամագուի լեզվի, ոճի, թարգմանության ընթացքի մասին ի՞նչ կասեք։
    – Ծանոթ եմ իսպանացի և պորտուգալացի ընթերցողների կարծիքներին ու տպավորություններին գրքի վերաբերյալ և գիտեմ,  որ ոմանց տարօրինակ է թվացել կետադրությունը, նույնիսկ բարդացրել ընթերցանությունը: Ինքս դժվարություն չեմ ունեցել, մանավանդ որ այլ գրքերից արդեն ծանոթ էի Սարամագուի ոճին: 
    Սովորաբար ես արագ եմ ընտելանում հեղինակների ոճին և ոչ ավանդական կետադրությանը, եթե այդպիսին կա, հատկապես Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպի քսան-երեսունէջանոց նախադասություններից և Դելիբեսի «Անմեղ սրբեր»-ից հետո, որտեղ ամեն գլուխը մի նախադասություն է: Միակ դժվարությունը թերևս բնագրային լեզուն՝ պորտուգալերենն էր, որին նույնքան ազատ չեմ տիրապետում, ինչքան իսպաներենին, և ճշգրիտ թարգմանելու համար սովորականից ավելի հաճախ էի ստիպված լինում բառարան նայել, ինչը ժամանակի առումով երկարաձգում էր աշխատանքը: 
    -Եկեղեցում սրբապատկերների աչքերը փակելն ի՞նչ է խորհրդանշում․ այն, որ մարդը պետք է ապավինի սեփական ուժերի՞ն, թե՞ գիտակցում, որ նույնիսկ աստվածներն են երես թեքում, երբ մարդն այդքան ցածր է ընկնում։ 
    – Նորից եկանք վեպի յուրովի ընկալումներին: Ձեր հարցի մեջ էլի պատասխաններ են հնչում, այսինքն՝ դարձյալ երկու ընկալում: Ամենևին չբացառելով Ձերը, ես էլ ավելացնեմ իմը: Իմ կարծիքով մեկը՝ հավանաբար հենց քահանան էր կապել սրբերի աչքերը, ինչպես պնդում է կույրերից մեկը, պարզապես ամոթից այն նվաստացուցիչ վիճակի, անկման և ապականության համար, որում հայտնվել են: 
    Չէ՞ որ եկեղեցին այն վայրն է, ուր մարդիկ մտնում են ոչ միայն խնդրելու, այլև հոգով մաքրվելու, խաղաղվելու համար: Ի՞նչ կարող էին խնդրել հիմա Աստծուց ու սրբերից մարմնապես և հոգեպես ապականված կույրերը, և քահանան գերադասել էր, որ Աստված և սրբերը չտեսնեին իրենց անկումը:
    Արմինե Սարգսյան

  • Ալիեւն ու Կենտրոնական Ասիայի ղեկավարները քննարկում են Հարավային Կովկասի ապագան

    Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվում է Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։

    Ինչպես հաղորդում է ԱԶԵՐԹԱՋ-ը, հանդիպմանը ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանը կլինի խորհրդակցական ձեւաչափի ակտիվ անդամ եւ բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի էլ ավելի ընդլայնվի համագործակցությունը մեր երկրների ու ժողովուրդների միջեւ»։

     

    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը նշել է, որ «Ադրբեջանի միացումը Կենտրոնական Ասիայի երկրների պետությունների ղեկավարների խորհրդակցական հանդիպումների լիիրավ մասնակցի կարգավիճակով նշանավորեց մեր ձեւաչափի դրական էվոլյուցիայի նոր փուլ»։

     

    Իսկ Ուզբեկստանի ղեկավար Շավկաթ Միրզիյոեւն ասել է, որ Ադրբեջանի միանալը «համագործակցությունը դուրս է բերում որակապես նոր՝ մակրոտարածաշրջանային մակարդակի»։

     

    «Մեր առջեւ զարգացման միասնական տարածք ձեւավորելու պատմական հնարավորություն է բացվում, որը կմիավորի Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը եւ մեր մերձավոր հարեւանին՝ Աֆղանստանը։ Անհրաժեշտ է լիարժեք օգտագործել այս պահը եւ համատեղ ջանքերով ամուր հիմքեր ստեղծել Եվրասիայի հենց սրտում կայուն զարգացման, փոխկապակցվածության եւ բարիդրացիության համար»,- ասել է նա։ 

  • Հայաստանից ՌԴ մատակարարումների փոխարինումը «խնդիր չի առաջացնի»

    Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն ասել է, որ Հայաստանից մատակարարումների փոխարինումը Ռուսաստանի համար դժվարություններ չի առաջացնի։

    «Աշխարհի հետ Ռուսաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Հայաստանի մասնաբաժինը չի գերազանցում 0,9%-ը։ Մեզ համար դժվար չի լինի փոխարինել հայկական մատակարարումները»,- նախարարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

     

    «Հայաստանի վարչապետի հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղու» մասին առիթ են հիշեցնելու այն առավելությունների մասին, որոնք այդ երկրի տնտեսությունը ստանում է ԵԱՏՄ-ին մասնակցության և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի շնորհիվ»,- նշել է Ռեշետնիկովը։

     

    Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին մասնակցության ընթացքում հայկական արտահանումը Միության երկրներ (2015-2025 թվականներին) աճել է ավելի քան 13 անգամ՝ 240 միլիոն դոլարից հասնելով 3,2 միլիարդ դոլարի։

     

    «Ավանդական հայկական արտահանման՝ պարենամթերքի, գյուղմթերքի և ալկոհոլային խմիչքների ավելի քան 80%-ը մատակարարվում է ԵԱՏՄ երկրներ»,- ասել է Ռեշետնիկովը։ Նա նշել է, որ «այլընտրանքային շուկաներ մուտք գործելը արտադրական շղթաների երկարատև վերակառուցում է պահանջում և պարունակում է բարձր առևտրային ռիսկեր»։ 

  • «Ներկա ժամանակներում անհրաժեշտ է անսակարկ նվիրումը համազգային շահերին»

    Երեւան: Մեդիամաքս: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է, որ «ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային միասնականությունը»:

    Մայր Աթոռից հայտնում են, որ այդ մասին նա ասել է՝ ընդունելով Համահոմենըթմենական 13-րդ բանակումի մասնակիցներին։ Չորս տարին մեկ կազմակերպվող բանակումին այս տարի մասնակցում են շուրջ 900 սկաուտներ՝ աշխարհի 26 երկրներից։

     

    «Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած արտահրավերներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին։ Հայոց Հայրապետի խոսքով՝ միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք», – ասվում է հաղորդագրության մեջ:

  • Ավանդական մեծ տերություններն ավելի շատ են տառապելու

    Հարոլդ Ջեյմսը Փրինսթոնի համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է:

     

    Հարոլդ Ջեյմս

     

    Միջազգային քաղաքականությունը գլխիվայր է շուռ եկել։ Հին մեծ տերությունները այլեւս համընդհանուր ճակատագրի տերերը չեն։ Նրանք թուլացած են ու վարկաբեկված. Ռուսաստանն անշեղորեն ապաինտեգրվում է, իսկ Դոնալդ Թրամփի նախագահությունը խարխլեց Ամերիկայի միջազգային հեղինակությունը։ Հին տերությունների գլուխները դեռեւս ոսկուց են, բայց նրանց կավե ոտքերն արդեն մերկացած են։

     

    Փոխվում են նաեւ պատկերացումներն այն մասին, թե ի՛նչը իրականում նշանակություն ունի։ Հիշենք բարձր գլոբալացման դարաշրջանը՝ «սառը պատերազմի» ավարտի եւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների միջեւ ընկած տասնամյակը, երբ թվում էր, թե ուժն այլեւս ոչինչ չի որոշում։ Բարեփոխումներին միտված փոքր, բաց երկրները՝ Նոր Զելանդիան, Չիլին, Իրլանդիան, Իսրայելը, Բալթյան պետությունները, գլխավոր հաղթողների թվում հայտնվեցին։ Սակայն 2003 թվականի Իրաքի պատերազմի, եւ հատկապես 2008-ի ֆինանսական ճգնաժամի հետեւանքով չափը սկսեց նորից նշանակություն ունենալ։ Չինաստանն ու ԱՄՆ-ն ֆիսկալ խթանման լայնամասշտաբ փաթեթներ գործարկեցին եւ հաղթահարեցին ֆինանսական հատվածի ցնցումները, մինչդեռ Եվրոպան սուզվում էր խորացող պարտքային ճգնաժամի մեջ։

     

    Այսպիսով, 2010-ական թվականները նոր ազդակ հաղորդեցին միջազգային հարաբերություններում դասական ռեալիզմին։ Թուկիդիդեսի հայտնի արտահայտությունը՝ «ուժեղներն անում են այն, ինչ կարող են, իսկ թույլերը՝ հանդուրժում են», անվերջ մեջբերվում էր՝ վկայակոչելով ոչ միայն Հին Հունաստանը, այլեւ XX-րդ դարը, երբ տնտեսական հզորությունն էր որոշում երկու համաշխարհային պատերազմների ելքը։ Խորհրդային Միությունը եւ ԱՄՆ-ն հաղթեցին նացիստական Գերմանիային եւ կայսերական Ճապոնիային, քանի որ կարողացան ռեսուրսներ մոբիլիզացնել ավելի մեծ մասշտաբով եւ ավելի համակարգված։ Ուժի գնահատումը հանգում էր պողպատի ու ածխի արտադրության, մարդկային ռեսուրսների կամ ՀՆԱ-ի հաշվարկին. գործիք, որն ի հայտ եկավ նախեւառաջ որպես ռազմատնտեսական պլանավորման միջոց։

    Լուսանկարը` REUTERS

    XX դարի այս դասերն ըստ էության բխում էին այն փոխակերպումներից, որոնք բերել էր արդյունաբերական հեղափոխությունը։ Պողպատի եւ ածխի արտադրությունը հնարավորություն էր ստեղծում մարդու եւ կենդանիների մկանային ուժը փոխարինել ածխածնային էներգիայով. դա հզորության ահռելի աղբյուր էր։ Սակայն այսօր արդյունաբերական ներուժին ապավինելն աստիճանաբար կորցնում է իմաստը։ Նոր արդյունաբերական հեղափոխությունը շուռ է տալիս նախկին ռեալիստական հաշվարկները։ Արհեստական բանականությամբ ուժեղացված կոորդինացիայի նոր աշխարհում կոշտ, կենտրոնացված հրամանատարական համակարգը դառնում է ոչ թե ռազմավարական գործիք, այլ ոչ ճկունության աղբյուր։

     

    Տեխնոլոգիական այս նոր կարգը հստակորեն ի հայտ եկավ 2020-ականների երկու անհամաչափ պատերազմներում՝ 2022 թ. փետրվարին Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա եւ այս տարվա Իրանին ԱՄՆ հարվածով։ Երկու դեպքում էլ ավելի խոշոր պետությունը ինքնավստահորեն ակնկալում էր, որ ուժի հին ձեւերը արագ հաղթանակ կապահովեն եւ խոցելի գտնվեց ասիմետրիկ պատերազմի առջեւ։

    Լուսանկարը` REUTERS

    Այս դեպքերից յուրաքանչյուրում մեծ տերությունը պարտություն էր կրում, քանի որ նրա ռազմավարական որոշումները չափազանց շատ էին կախված մեկ, ակնհայտորեն ոչ անթերի մարդու քմահաճույքներից։ Փոքր տերությունը, ընդհակառակը, արագորեն մշակում էր ապակենտրոնացված կոորդինացիայի ռազմավարություններ։ Իրանը վաղուց էր պատրաստվում ռեժիմի գլխատման սցենարներին, իսկ Ուկրաինան արագորեն կարգավորեց զորքերի տեղաշարժի մասին հազարավոր քաղաքացիներից ստացվող տվյալների համադրումը։ Երկու երկրներն էլ հենվում էին կրթված բնակչության վրա, որը մոբիլիզացված էր արտաքին սպառնալիքին դիմակայելու համար։

     

    Ծախսերի կառուցվածքը երկու կողմերի մոտ եւս ակնհայտորեն տարբերվում էր։ Փոքր պետությունները հիմնական շեշտը դնում էին համեմատաբար էժան զենքի վրա՝ անօդաչու թռչող սարքեր (հաճախ հավաքված ներկրված պլաստիկ մասնիկներից), մինչդեռ մեծ տերությունները շարունակում էին օգտագործել չափազանց թանկարժեք ռազմական համակարգեր։ Իրանական «Shahed-136» մեկ անօդաչուն արժե մոտ 35 000 դոլար, իսկ դրա խոցման համար կիրառվող Patriot երկու հրթիռների գինը 8 միլիոն դոլար է։ Ընդ որում, թանկարժեք հակահրթիռները հնարավոր չէ արտադրել նույն արագությամբ, ինչ էժան դրոնները։ Երբ այս ճեղքվածքը բավականաչափ մեծ է դառնում, թույլն ավելի ուժեղ է թվում։

     

    Ավելի ակնհայտ են դառնում նաեւ արդյունավետ մոբիլիզացիայի հարցում մեծ տերությունների կարողությունների սահմանափակումները։ Ռուսաստանը շարունակում է հրաժարվել իր պատերազմը պատերազմ անվանելուց, սակայն չի կարողանում ընդլայնել զորակոչը՝ ընդամենը «հատուկ ռազմական գործողությունը» պահպանելու համար։ Խոշոր քաղաքների բնակչության շրջանում դժգոհություն չառաջացնելու համար ռեժիմը հիմնական շեշտը դնում է գյուղական աղքատ խավի եւ պատժաժամկետի կրճատմանը ձգտող կալանավորների վրա: Նմանապես ԱՄՆ-ն հասկանում է, որ չի կարող իրն լայնամասշտաբ ռազմական կորուստներ թույլ տալ, որոնք անխուսափելի են Իրանում «ցամաքային զորքերի» ռազմավարության դեպքում։ 

    Լուսանկարը` REUTERS

    Այս ամենը վկայում է այն մասին, որ միջազգային քաղաքականության վերաբերյալ համընդհանուր ընդունված տեսակետները հնացել են։ Այսպես, քաղաքագետ-միջազգայնագետ Ջոն Միրշայմերը մշտապես շեշտը դնում էր մարդկային ուժի, հրետանու եւ արտադրական կարողությունների հարցում Ռուսաստանի առավելության վրա։ Քանի որ Կրեմլը պահպանել էր «Առաջին համաշխարհայինի նմանությամբ» պատերազմ վարելու համար ստեղծված հզոր պաշտպանական արդյունաբերությունը, իսկ ուկրաինական հակամարտությունը սկզբում հենց դա էր հիշեցնում, Միրշայմերը Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի էր համարում։

     

    «Հարձակողական ռեալիզմի» նույն դոկտրինն էր որոշում պատերազմի նկատմամբ ամերիկյան վարչակազմի մոտեցումը։ Ինչպես իր նոր գրքում գրում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը. «Ռազմական ուժի տեսանկյունից Ուկրաինայի եւ Ռուսաստանի կարողությունների միջեւ տարբերությունն ահռելի էր, իսկ մենք հնարավորություն չունեինք օգնելու ուկրաինացիներին՝ այդ ճեղքվածքը կրճատելու համար»։ Հենց այս դատողությունը դրդեց Վենսին և Թրամփին 2025 թվականին Օվալաձեւ կաբինետում թակարդը գցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ բացահայտ հայտարարելով, թե նա «ոչ մի հաղթաթուղթ» չունի։

     

    Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

     

    Copyright: Project Syndicate, 2026.

    www.project-syndicate.org