Հարոլդ Ջեյմսը Փրինսթոնի համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է:
Հարոլդ Ջեյմս
Միջազգային քաղաքականությունը գլխիվայր է շուռ եկել։ Հին մեծ տերությունները այլեւս համընդհանուր ճակատագրի տերերը չեն։ Նրանք թուլացած են ու վարկաբեկված. Ռուսաստանն անշեղորեն ապաինտեգրվում է, իսկ Դոնալդ Թրամփի նախագահությունը խարխլեց Ամերիկայի միջազգային հեղինակությունը։ Հին տերությունների գլուխները դեռեւս ոսկուց են, բայց նրանց կավե ոտքերն արդեն մերկացած են։
Փոխվում են նաեւ պատկերացումներն այն մասին, թե ի՛նչը իրականում նշանակություն ունի։ Հիշենք բարձր գլոբալացման դարաշրջանը՝ «սառը պատերազմի» ավարտի եւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների միջեւ ընկած տասնամյակը, երբ թվում էր, թե ուժն այլեւս ոչինչ չի որոշում։ Բարեփոխումներին միտված փոքր, բաց երկրները՝ Նոր Զելանդիան, Չիլին, Իրլանդիան, Իսրայելը, Բալթյան պետությունները, գլխավոր հաղթողների թվում հայտնվեցին։ Սակայն 2003 թվականի Իրաքի պատերազմի, եւ հատկապես 2008-ի ֆինանսական ճգնաժամի հետեւանքով չափը սկսեց նորից նշանակություն ունենալ։ Չինաստանն ու ԱՄՆ-ն ֆիսկալ խթանման լայնամասշտաբ փաթեթներ գործարկեցին եւ հաղթահարեցին ֆինանսական հատվածի ցնցումները, մինչդեռ Եվրոպան սուզվում էր խորացող պարտքային ճգնաժամի մեջ։
Այսպիսով, 2010-ական թվականները նոր ազդակ հաղորդեցին միջազգային հարաբերություններում դասական ռեալիզմին։ Թուկիդիդեսի հայտնի արտահայտությունը՝ «ուժեղներն անում են այն, ինչ կարող են, իսկ թույլերը՝ հանդուրժում են», անվերջ մեջբերվում էր՝ վկայակոչելով ոչ միայն Հին Հունաստանը, այլեւ XX-րդ դարը, երբ տնտեսական հզորությունն էր որոշում երկու համաշխարհային պատերազմների ելքը։ Խորհրդային Միությունը եւ ԱՄՆ-ն հաղթեցին նացիստական Գերմանիային եւ կայսերական Ճապոնիային, քանի որ կարողացան ռեսուրսներ մոբիլիզացնել ավելի մեծ մասշտաբով եւ ավելի համակարգված։ Ուժի գնահատումը հանգում էր պողպատի ու ածխի արտադրության, մարդկային ռեսուրսների կամ ՀՆԱ-ի հաշվարկին. գործիք, որն ի հայտ եկավ նախեւառաջ որպես ռազմատնտեսական պլանավորման միջոց։
Լուսանկարը` REUTERS
XX դարի այս դասերն ըստ էության բխում էին այն փոխակերպումներից, որոնք բերել էր արդյունաբերական հեղափոխությունը։ Պողպատի եւ ածխի արտադրությունը հնարավորություն էր ստեղծում մարդու եւ կենդանիների մկանային ուժը փոխարինել ածխածնային էներգիայով. դա հզորության ահռելի աղբյուր էր։ Սակայն այսօր արդյունաբերական ներուժին ապավինելն աստիճանաբար կորցնում է իմաստը։ Նոր արդյունաբերական հեղափոխությունը շուռ է տալիս նախկին ռեալիստական հաշվարկները։ Արհեստական բանականությամբ ուժեղացված կոորդինացիայի նոր աշխարհում կոշտ, կենտրոնացված հրամանատարական համակարգը դառնում է ոչ թե ռազմավարական գործիք, այլ ոչ ճկունության աղբյուր։
Տեխնոլոգիական այս նոր կարգը հստակորեն ի հայտ եկավ 2020-ականների երկու անհամաչափ պատերազմներում՝ 2022 թ. փետրվարին Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա եւ այս տարվա Իրանին ԱՄՆ հարվածով։ Երկու դեպքում էլ ավելի խոշոր պետությունը ինքնավստահորեն ակնկալում էր, որ ուժի հին ձեւերը արագ հաղթանակ կապահովեն եւ խոցելի գտնվեց ասիմետրիկ պատերազմի առջեւ։
Լուսանկարը` REUTERS
Այս դեպքերից յուրաքանչյուրում մեծ տերությունը պարտություն էր կրում, քանի որ նրա ռազմավարական որոշումները չափազանց շատ էին կախված մեկ, ակնհայտորեն ոչ անթերի մարդու քմահաճույքներից։ Փոքր տերությունը, ընդհակառակը, արագորեն մշակում էր ապակենտրոնացված կոորդինացիայի ռազմավարություններ։ Իրանը վաղուց էր պատրաստվում ռեժիմի գլխատման սցենարներին, իսկ Ուկրաինան արագորեն կարգավորեց զորքերի տեղաշարժի մասին հազարավոր քաղաքացիներից ստացվող տվյալների համադրումը։ Երկու երկրներն էլ հենվում էին կրթված բնակչության վրա, որը մոբիլիզացված էր արտաքին սպառնալիքին դիմակայելու համար։
Ծախսերի կառուցվածքը երկու կողմերի մոտ եւս ակնհայտորեն տարբերվում էր։ Փոքր պետությունները հիմնական շեշտը դնում էին համեմատաբար էժան զենքի վրա՝ անօդաչու թռչող սարքեր (հաճախ հավաքված ներկրված պլաստիկ մասնիկներից), մինչդեռ մեծ տերությունները շարունակում էին օգտագործել չափազանց թանկարժեք ռազմական համակարգեր։ Իրանական «Shahed-136» մեկ անօդաչուն արժե մոտ 35 000 դոլար, իսկ դրա խոցման համար կիրառվող Patriot երկու հրթիռների գինը 8 միլիոն դոլար է։ Ընդ որում, թանկարժեք հակահրթիռները հնարավոր չէ արտադրել նույն արագությամբ, ինչ էժան դրոնները։ Երբ այս ճեղքվածքը բավականաչափ մեծ է դառնում, թույլն ավելի ուժեղ է թվում։
Ավելի ակնհայտ են դառնում նաեւ արդյունավետ մոբիլիզացիայի հարցում մեծ տերությունների կարողությունների սահմանափակումները։ Ռուսաստանը շարունակում է հրաժարվել իր պատերազմը պատերազմ անվանելուց, սակայն չի կարողանում ընդլայնել զորակոչը՝ ընդամենը «հատուկ ռազմական գործողությունը» պահպանելու համար։ Խոշոր քաղաքների բնակչության շրջանում դժգոհություն չառաջացնելու համար ռեժիմը հիմնական շեշտը դնում է գյուղական աղքատ խավի եւ պատժաժամկետի կրճատմանը ձգտող կալանավորների վրա: Նմանապես ԱՄՆ-ն հասկանում է, որ չի կարող իրն լայնամասշտաբ ռազմական կորուստներ թույլ տալ, որոնք անխուսափելի են Իրանում «ցամաքային զորքերի» ռազմավարության դեպքում։
Լուսանկարը` REUTERS
Այս ամենը վկայում է այն մասին, որ միջազգային քաղաքականության վերաբերյալ համընդհանուր ընդունված տեսակետները հնացել են։ Այսպես, քաղաքագետ-միջազգայնագետ Ջոն Միրշայմերը մշտապես շեշտը դնում էր մարդկային ուժի, հրետանու եւ արտադրական կարողությունների հարցում Ռուսաստանի առավելության վրա։ Քանի որ Կրեմլը պահպանել էր «Առաջին համաշխարհայինի նմանությամբ» պատերազմ վարելու համար ստեղծված հզոր պաշտպանական արդյունաբերությունը, իսկ ուկրաինական հակամարտությունը սկզբում հենց դա էր հիշեցնում, Միրշայմերը Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի էր համարում։
«Հարձակողական ռեալիզմի» նույն դոկտրինն էր որոշում պատերազմի նկատմամբ ամերիկյան վարչակազմի մոտեցումը։ Ինչպես իր նոր գրքում գրում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը. «Ռազմական ուժի տեսանկյունից Ուկրաինայի եւ Ռուսաստանի կարողությունների միջեւ տարբերությունն ահռելի էր, իսկ մենք հնարավորություն չունեինք օգնելու ուկրաինացիներին՝ այդ ճեղքվածքը կրճատելու համար»։ Հենց այս դատողությունը դրդեց Վենսին և Թրամփին 2025 թվականին Օվալաձեւ կաբինետում թակարդը գցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ բացահայտ հայտարարելով, թե նա «ոչ մի հաղթաթուղթ» չունի։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
Leave a Reply