Category: MediaMax.am

  • Սերգեյ Լավրովը պատմել է իր արմատների մասին

    Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատմել է իր արմատների մասին:

    «Մայրս ու հայրս բաժանվեցին, երբ մի քանի ամսական էի: Երկուսն էլ ավարտել էին Արտաքին առեւտրի ինստիտուտը, որն այժմ ՄԳԻՄՈ-ի մաս է: Ավարտելուց հետո ծնողներիս գործուղեցին Բրեստ՝ մաքսատանն աշխատելու համար:

     

    Ճակատագրի կամոք, հետո ապրում էի միայն մորս հետ: Տատիկս Նոգինսկում էր, ավագ բուժքույր էր աշխատում: Պապիկս Նոգինսկի երկաթուղային կայարանի պետն էր:

     

    Նրանց շատ էի սիրում: Նրանք ինձ համար իսկական ընկերներ էին: Պաշտպանում էին ինձ, երբ զգում էին, որ արել եմ մի բան, որը կարող էր մորս դուր չգալ», – ասել է Լավրովը ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենին տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

     

    «Արմատներն անտեսանելի դեր են խաղում: Դու չես մտածում, որ հետեւում սերունդների մի ողջ շարք կա: Հարցը դա չէ: Հարցն այն է, որ արդեն ապրում ես նրանց փոխարեն: Ճիշտ այնպես, ինչպես մենք հիմա կռվում ենք հանուն նրանց, ովքեր հաղթեցին գերմանացիներին եւ նրանց հետ՝ ամբողջ Եվրոպային», – նշել է Լավրովը:

     

    Մեդիամաքսը նշում է, որ 2005 թվականի փետրվարի 17-ին Երեւանի Ռուս-հայկական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իրեն աշխատանքում օգնում են հայկական արմատները, Սերգեյ Լավրովն ասել էր. 

     

    «Արմատներս իրականում վրացական են՝ հայրս Թբիլիսիից էր, իսկ ահա արյունս իսկապես հայկական է»:

  • Փաշինյան. Թուրքիայի հետ պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակելու աշխատանքը

    Երեւան: Մեդիամաքս: Հայկական կողմը քննարկում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով նոր հատուկ ներկայացուցչի թեկնածությունը:

    Այդ մասին այսօր ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

     

    Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն առաջադրվել է 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու։ 

     

    «Հատուկ բանագնացի հետ կապված որոշում դեռ չկա։ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակելու աշխատանքը, ինչ տրամաբանությամբ և ինչ ֆորմատով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ։ Այդ թեմայով հիմա քննարկումներ ընթանում են»,- Փաշինյանի խոսքերը մեջբերում է Արմենպրեսը։

  • Փաշինյան. Ռուսաստանը Հայաստանի հետ «էքսկլյուզիվ հարաբերություն է ուզում»

    Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ»։

    «Ինչ վերաբերում է այդ հարաբերությունների քաղաքական բաղադրիչին, ես ասել եմ, որ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, որոնք նախկինում չի ունեցել։ 

     

    Խոսքը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական այլընտրանքի մասին է»,- կառավարության նիստից ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

     

    Նրա խոսքով՝ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթեր է ստորագրել մի քանի երկրի հետ, «իսկ նախկինում չուներ եւ չէր կարող ունենալ այդպիսի հարաբերություններ»։

     

    «Կարող եմ ասել, որ Ռուսաստանն այդտեղ խնդիր է տեսնում։ Կա մոտեցում, թե կա՛մ պետք է հարաբերությունները էքսկլյուզիվ լինեն, կա՛մ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք՝ հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

  • UWC Դիլիջանի ուսանողներն ընդունվել են աշխարհի առաջատար բուհեր

    Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջան քոլեջի շրջանավարտները՝ ինչպես եւ նախորդ տարիներին, ընդունելության առաջարկներ են ստացել աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից։

    Այս տարվա շրջանավարտներն առաջարկներ են ստացել Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի բազմաթիվ բուհերից։ 

     

    Ցանկը ներառում է աշխարհի ամենապահանջված և հարգված հաստատությունները։ 

    Դրանց թվում են Յեյլի, Փրինսթոնի, Բրաունի, Դարթմութի, Փենսիլվանիայի, Դյուքի, Նորթվեսթերնի, Չիկագոյի, Օքսֆորդի, Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL), ՄաքԳիլի, Տորոնտոյի, Բրիտանական Կոլումբիայի համալսարանները, Sciences Po-ն, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանը (NYU Abu Dhabi), ESADE բիզնես դպրոցը, Հոնկոնգի համալսարանը և այլն։

     

    «Անչափ հպարտ ենք մեր շրջանավարտներով և նրանց ձեռքբերումներով։ Համալսարանների այս առաջարկները գնահատում են ոչ միայն նրանց ակադեմիական ունակությունները, այլև հոգատարությունը, առաջնորդության ձիրքն ու աշխարհն ավելի լավը դարձնելու ձգտումը։ Նրանք հեռանում են UWC Դիլիջանից գերազանց պատրաստված լինելով կրթության հաջորդ փուլին և, որ ամենակարևորն է, նպատակասլաց ու նվիրված կյանքին»,- ասել է UWC Դիլիջանի տնօրեն Ադամ Արմանսկին։

  • Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական ծրագրերի նախագծերը

    Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտի վերաբերյալ երկու նախագիծ:

    Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելու մասին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանի նախագծով սահմանվում են նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար։ Առաջարկվում է հաստատել նախադպրոցական հետեւյալ կրթական ծրագրերը.

     

    Ավագ խմբի  (5-6 տարեկանների) հիմնական ծրագիրը

     

    Միջին խմբի նախադպրոցական կրթական (4-5 տարեկանների) հիմնական ծրագիրը

     

    Կրտսեր երկրորդ խմբի (3-4 տարեկանների) հիմնական ծրագիրը

     

    Կրտսեր առաջին  խմբի (2-3 տարեկանների) հիմնական ծրագիրը

     

    Վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի (1-2 տարեկան սաների խնամքի եւ զարգացման) ծրագիրը

     

    Վաղ մանկության տարիքի առաջին խմբի (0-1 տարեկան սաների խնամքի եւ զարգացման) ծրագիրը։

     

    Հանրային քննարկման ներկայացված հաջորդ նախագծով առաջարկվում է հաստատել նախադպրոցական տարատարիք խմբերի ծրագրերը եւ կրթական ծառայությունները, որը վերաբերում է փոքրաքանակ երեխաներով բնակավայրերին, որտեղ հաճախ ձեւավորվում են նման խմբեր։ Առաջարկվող նախագծով իրավական հիմք է ստեղծվում տարատարիք խմբերի եւ նախադպրոցական ծառայությունների (այդ թվում՝ դպրոցահեն նախակրթարանների) գործունեության համար։ 

     

    Նախադպրոցական տարատարիք խմբերի տարբեր տեւողությամբ կրթական ծառայությունների համար առաջարկվում է սահմանել հետեւյալ կրթական ծրագրերը.

     

    3.5-ժամյա ծառայության կրթական ծրագիր (3-6, 4-6 եւ 5-6 տարեկանների համար) 

     

    5-ժամյա կրթական ծրագիր (3-6, 4-6, 5-6 տարեկանների համար)

     

    9-ժամյա կրթական ծրագիր (3-6 եւ 4-6 տարեկանների համար)

     

    Ծառայությունների ծրագրերը բեռնաթափված են քնի եւ երեքանգամյա սննդի ժամերից։ Դրանք կենտրոնացած են ինտենսիվ զարգացնող եւ կրթական խաղերի վրա։ Հստակեցված են հիգիենիկ եւ ֆիզիոլոգիական նորմերը՝ հարմարեցված կարճ ժամանակահատվածին։

     

    Իրավական ակտերի ընդունման նպատակը նախադպրոցական կրթության ոլորտում բովանդակային միասնական քաղաքականության իրականացումն է, որը հնարավորություն կտա գնահատել նախադպրոցական հաստատությունների գործունեության համապատասխանությունը սահմանված պետական չափորոշիչներին՝ անկախ իրականացվող ծրագրերի տեւողությունից, տեսակից եւ կազմակերպման ձեւաչափից: 

     

    Հանրային քննարկման ներկայացված նախագծերը լրամշակվել են նախադպրոցական կրթության պետական չափորոշչի ներդրման ընթացքում իրականացված մշտադիտարկումների, փորձագիտական վերլուծության, ինչպես նաեւ նախադպրոցական հաստատությունների մանկավարժական համակազմերից ստացված գործնական դիտարկումների ու առաջարկների հիման վրա։

     

    Իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական հարթակում շահառու կառույցները, մասնագետներն ու փորձագետները կարող են կրթական ծրագրերի վերաբերյալ իրենց կարծիքները, դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել մինչեւ 2026 թ. օգոստոսի 13-ը ներառյալ:

  • Փաշինյանը խոսել է Պուտինի հետ զրույցի եւ «ԵԱՏՄ-ի վերջի սկզբի մասին»

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն չի շնորհավորել ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

    «Չի ուզել, չի շնորհավորել։ Ռուսաստանի նախագահը ինձ չի շնորհավորել, բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ այդ դեպքում ինքն ո՞ւմ հետ էր խոսում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

     

    Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են առաջիկայում հանդիպել՝առանց կոնկրետ ժամկետ հստակեցնելու։

     

    Ինչ վերաբերում է հայկական ապրանքների Ռուսաստան արտահանման խնդիրներին, վարչապետն ասել է, որ «դա ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ-ի խնդիրն է»։

     

    «Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է եւ չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Ամեն դեպքում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր չունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

  • Google-ի նախկին գլխավոր տնօրեն. Ռազմական գործում հեղափոխություն է եղել

    Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Google-ի նախկին գլխավոր տնօրեն, ԱՄՆ արհեստական բանականության ազգային անվտանգության հանձնաժողովի (NSCAI) նախկին նախագահ Էրիկ Շմիդտի հարցազրույցից: 

     

    Հիմա նա Relativity Space-ի գլխավոր տնօրենն է եւ ակտիվորեն զբաղվում է Ուկրաինայի համար արհեստական բանականության կիրառմամբ ռազմական դրոնների մշակմամբ: Վերջերս Էրիկ Շմիդտը զրուցել է Noema-ի գլխավոր խմբագիր Նաթան Գարդելսի հետ:

     

    Վերջին չորս տարվա ընթացքում բազմիցս եղել եմ Ուկրաինայում եւ այնտեղ տեսածս ինձ ստիպեց վերանայել գրեթե ամեն ինչ, ինչ գիտեի էի պատերազմներ վարելու եղանակների մասին: Սա պատմության մեջ խոշորագույն հեղափոխությունն է ռազմական գործում, եւ արեւմտյան բանակների մեծ մասը դեռ չի գիտակցել, թե դա ինչ է նշանակում:

    Իլոն Մասկն ու Էրիկ Շմիդտը Իլոն Մասկն ու Էրիկ Շմիդտը

    Լուսանկարը` REUTERS

    Առաջին հերթին պետք է հասկանալ. սա այլեւս հարթակների պատերազմ չէ: Սա համակարգերի պատերազմ է: Վերլուծության ճիշտ միավորը ոչ թե դրոնն է, ոչ թե հրթիռը եւ ոչ էլ արձակման կայանքը: Դա ինտեգրված ճարտարապետությունն է, որը թույլ է տալիս բանակին տեսնել, որոշումներ կայացնել, փոխգործակցել, հարվածներ հասցնել, գոյատևել եւ հակառակորդից ավելի արագ հարմարվել:

     

    Ապագայում ռազմաճակատի գիծը նմանվելու է Առաջին աշխարհամարտի ժամանակների «չեզոք գոտուն». սենսորներն ու դրոնները ենթադրում են, որ հարվածի կարող է ենթարկվել ամեն ինչ, ինչ շարժվում է:

     

    Երկրորդը՝ յուրաքանչյուր զինատեսակ աջակցություն է ստանալու արհեստական բանականության (ԱԲ) կողմից՝ իմ նշած համակարգի շրջանակներում:

     

    Երրորդը՝ ապագա պատերազմներում մարդիկ մարտի կգնան վերջում, այլ ոչ թե սկզբում: Այսօր կարգը հետեւյալն է՝ սկզբում մարդիկ են, իսկ տեխնոլոգիաներն օգնում են նրանց: Հաջորդ պատերազմում այս սկզբունքը կշրջվի: Ռոբոտներին կուղարկեն առաջինը՝ հարվածն իրենց վրա վերցնելու եւ մարտի դաշտը մաքրելու համար:

    Էրիկ Շմիդտը Էրիկ Շմիդտը

    Լուսանկարը` REUTERS

    Մարդը, ինչպես նախկինում, կյանքի եւ մահվան հարցերում կենտրոնական դերակատար կմնա, սակայն հավասարակշռությունը մարդու եւ մեքենայի միջեւ  տեղաշարժվում է: Այս տարվա մարտին ռուսական բանակի կորուստների 96%-ը հասցվել է ուկրաինական դրոնների կողմից: Սրա պատճառով դրոնի օպերատորը դարձել է ամենաարժեքավոր թիրախը. Ուկրաինացիների համար ռուս օպերատորի ոչնչացումն ավելի արժեքավոր է, քան տանկի ոչնչացումը: 

     

    Ապագան պատկանում է այն մոդելին, երբ մարդը գտնվում է ոչ թե կառավարման «շղթայի ներսում» (կայացնելով յուրաքանչյուր առանձին որոշում), այլ «շղթայից վեր». դիտարկում է, ստուգում եւ միջամտում, եթե ինչ-որ բան այնպես չի գնում, բայց չի արտոնում յուրաքանչյուր կոնկրետ կրակոց:

     

    Միջուկային հրամանատարության եւ վերահսկողության հարցերում մարդը պետք է մնա որոշումների կայացման շղթայի ներսում: Վերջին 70 տարվա միջուկային կայունության ամբողջ տրամաբանությունը հիմնված է եղել նրա վրա, որ մարդկանց փոքր խումբը մի քանի րոպեի ընթացքում ունակ է կասկածի տակ դնել համակարգի ցուցմունքները եւ ինքնուրույն գնահատել, թե ինչ քայլեր ձեռնարկել: Մարդու մասնակցությունից հրաժարվելու վտանգը ոչ թե նրանում է, որ մեքենան կխափանվի, այլ նրանում, որ այն կգործի ճիշտ այնպես, ինչպես ծրագրավորվել է, բայց ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա, եւ դա կանի ավելի արագ, քան որեւէ մեկը կհասցնի միջամտել:

    Իվանկա Թրամփն ու Էրիկ Շմիդտը Իվանկա Թրամփն ու Էրիկ Շմիդտը

    Լուսանկարը` REUTERS

    1983 թվականի սեպտեմբերին հրթիռային հարձակման մասին ազդարարման հրամանատարական կետի խորհրդային սպան համակարգից ազդանշան էր ստացել ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման մասին: Ըստ հրահանգի՝ նա պետք է տագնապը փոխանցեր շղթայով վերեւ, ինչը գրեթե հաստատ պատասխան արձակման կհանգեցներ: Սակայն սպան (Ստանիսլավ Պետրովը) դա չարեց. նա եզրակացրեց, որ ԱՄՆ-ի իրական առաջին հարվածը կարվեր հարյուրավոր, այլ ոչ թե 5 հրթիռով, եւ զեկուցեց համակարգի խափանման մասին: Նա ճիշտ էր. արբանյակներին մոլորեցրել էր արեւի լույսի անդրադարձումը ամպերից: Արձագանքման արագության վրա օպտիմալացված ԱԲ-ն դժվար թե նույնպիսի ողջամիտ կասկածամտություն ցուցաբերեր:

     

    Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

     

     

     

  • Վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվելու Լիլիթ Մակունցը

    Երեւան: Մեդիամաքս: Վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվելու Լիլիթ Մակունցը:

    Այդ մասին այսօր հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

     

    Լիլիթ Մակունցը 2025 թվականի օգոստոսի 29-ից վարչապետի գլխավոր խորհրդականն էր։ 

     

    2021-2025 թվականներին նա Հայաստանի դեսպանն էր ԱՄՆ-ում:

     

    2018-2011թթ. նա եղել է ՀՀ մշակույթի նախարար, Ազգային Ժողովի պատգամավոր:

     

    2021 թվականի հուլիսի 1-ից վարչապետի աշխատակազմը ղեկավարում էր Արայիկ Հարությունյանը։

  • EUMA-ն «պոեզիայի ցուցահանդես» է կազմակերպել Եղեգնաձորում

    «Շուրջ 50 մասնակցության հայտեր էին ներկայացվել Հայաստանի տարբեր մարզերից։ Միջոցառման շրջանակներում հյուրերի համար կազմակերպվեց պոեզիայի, երաժշտության երեկո՝ տոնելու արվեստի արտահայտման ուժն ու համայնքային կապերի կարեւորությունը։

    Լուսանկարը` EUMA

    «Իմ տունը…» խորագրով ցուցահանդեսը մասնակիցներին հրավիրել է խորհելու, թե ինչ է իրենց համար նշանակում տուն՝ վայր, մարդ, թե՞ զգացողություն։ Միջոցառումը նվիրված էր այն վայրերին, մարդկանց եւ համայնքներին, որոնք միավորում են մեզ եւ ամրապնդում պատկանելության զգացումը։

    Լուսանկարը` EUMA

    Նման նախաձեռնություններով EUMA-ն նպատակ ունի աջակցել ստեղծագործական արտահայտմանը՝ որպես համերաշխության, դիմադրողականության եւ համայնքային կապերի ամրապնդման միջոց։ Այն ընդգծում է արվեստի, պատմասացության եւ համայնքային ներգրավվածության միջեւ առկա սերտ կապը Հայաստանում», – ասվում է EUMA-ի մամուլի հաղորդագրության մեջ։

    EUMA-ն հիմնվել է 2023 թվականի փետրվարի 20-ին՝ Հայաստանի կառավարության խնդրանքով։ Առաքելության գործող մանդատը նախատեսված է մինչև 2027 թվականի փետրվարը։ 

  • Կիեւը ձգտում է խուսափել «Իրանի հետ անհարկի էսկալացիայից»

    Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիեւը ձգտում է խուսափել «Իրանի հետ անհարկի էսկալացիայից»։

    Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, Սիբիգան այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցից հետո, որը երկու երկրների ներկայացուցիչների առաջին շփումն էր Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարվածից հետո։

     

    Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները զրուցել են հուլիսի 28-ին, սակայն մանրամասներ չի հաղորդել:

     

    Սիբիգան նշել է, որ զրույցն անկեղծ է եղել, և դրա գլխավոր նպատակը հետագա սրացումը թույլ չտալն էր։

     

    «Դիվանագիտությունը ուղիղ երկխոսություն է, նույնիսկ երբ այն բարդ է։ Ես ընդգծեցի, որ մեր նպատակն է խուսափել անհարկի էսկալացիայից», – նշել է նա:

     

    Անդրեյ Սիբիգան ասել է, որ իրադարձությունների հիմնապատճառը ռուսական ագրեսիան է, եւ կոչ է արել Իրանին դադարեցնել աջակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարվող պատերազմին: