Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Google-ի նախկին գլխավոր տնօրեն, ԱՄՆ արհեստական բանականության ազգային անվտանգության հանձնաժողովի (NSCAI) նախկին նախագահ Էրիկ Շմիդտի հարցազրույցից:
Հիմա նա Relativity Space-ի գլխավոր տնօրենն է եւ ակտիվորեն զբաղվում է Ուկրաինայի համար արհեստական բանականության կիրառմամբ ռազմական դրոնների մշակմամբ: Վերջերս Էրիկ Շմիդտը զրուցել է Noema-ի գլխավոր խմբագիր Նաթան Գարդելսի հետ:
Վերջին չորս տարվա ընթացքում բազմիցս եղել եմ Ուկրաինայում եւ այնտեղ տեսածս ինձ ստիպեց վերանայել գրեթե ամեն ինչ, ինչ գիտեի էի պատերազմներ վարելու եղանակների մասին: Սա պատմության մեջ խոշորագույն հեղափոխությունն է ռազմական գործում, եւ արեւմտյան բանակների մեծ մասը դեռ չի գիտակցել, թե դա ինչ է նշանակում:
Իլոն Մասկն ու Էրիկ Շմիդտը
Լուսանկարը` REUTERS
Առաջին հերթին պետք է հասկանալ. սա այլեւս հարթակների պատերազմ չէ: Սա համակարգերի պատերազմ է: Վերլուծության ճիշտ միավորը ոչ թե դրոնն է, ոչ թե հրթիռը եւ ոչ էլ արձակման կայանքը: Դա ինտեգրված ճարտարապետությունն է, որը թույլ է տալիս բանակին տեսնել, որոշումներ կայացնել, փոխգործակցել, հարվածներ հասցնել, գոյատևել եւ հակառակորդից ավելի արագ հարմարվել:
Ապագայում ռազմաճակատի գիծը նմանվելու է Առաջին աշխարհամարտի ժամանակների «չեզոք գոտուն». սենսորներն ու դրոնները ենթադրում են, որ հարվածի կարող է ենթարկվել ամեն ինչ, ինչ շարժվում է:
Երկրորդը՝ յուրաքանչյուր զինատեսակ աջակցություն է ստանալու արհեստական բանականության (ԱԲ) կողմից՝ իմ նշած համակարգի շրջանակներում:
Երրորդը՝ ապագա պատերազմներում մարդիկ մարտի կգնան վերջում, այլ ոչ թե սկզբում: Այսօր կարգը հետեւյալն է՝ սկզբում մարդիկ են, իսկ տեխնոլոգիաներն օգնում են նրանց: Հաջորդ պատերազմում այս սկզբունքը կշրջվի: Ռոբոտներին կուղարկեն առաջինը՝ հարվածն իրենց վրա վերցնելու եւ մարտի դաշտը մաքրելու համար:
Էրիկ Շմիդտը
Լուսանկարը` REUTERS
Մարդը, ինչպես նախկինում, կյանքի եւ մահվան հարցերում կենտրոնական դերակատար կմնա, սակայն հավասարակշռությունը մարդու եւ մեքենայի միջեւ տեղաշարժվում է: Այս տարվա մարտին ռուսական բանակի կորուստների 96%-ը հասցվել է ուկրաինական դրոնների կողմից: Սրա պատճառով դրոնի օպերատորը դարձել է ամենաարժեքավոր թիրախը. Ուկրաինացիների համար ռուս օպերատորի ոչնչացումն ավելի արժեքավոր է, քան տանկի ոչնչացումը:
Ապագան պատկանում է այն մոդելին, երբ մարդը գտնվում է ոչ թե կառավարման «շղթայի ներսում» (կայացնելով յուրաքանչյուր առանձին որոշում), այլ «շղթայից վեր». դիտարկում է, ստուգում եւ միջամտում, եթե ինչ-որ բան այնպես չի գնում, բայց չի արտոնում յուրաքանչյուր կոնկրետ կրակոց:
Միջուկային հրամանատարության եւ վերահսկողության հարցերում մարդը պետք է մնա որոշումների կայացման շղթայի ներսում: Վերջին 70 տարվա միջուկային կայունության ամբողջ տրամաբանությունը հիմնված է եղել նրա վրա, որ մարդկանց փոքր խումբը մի քանի րոպեի ընթացքում ունակ է կասկածի տակ դնել համակարգի ցուցմունքները եւ ինքնուրույն գնահատել, թե ինչ քայլեր ձեռնարկել: Մարդու մասնակցությունից հրաժարվելու վտանգը ոչ թե նրանում է, որ մեքենան կխափանվի, այլ նրանում, որ այն կգործի ճիշտ այնպես, ինչպես ծրագրավորվել է, բայց ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա, եւ դա կանի ավելի արագ, քան որեւէ մեկը կհասցնի միջամտել:
Իվանկա Թրամփն ու Էրիկ Շմիդտը
Լուսանկարը` REUTERS
1983 թվականի սեպտեմբերին հրթիռային հարձակման մասին ազդարարման հրամանատարական կետի խորհրդային սպան համակարգից ազդանշան էր ստացել ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման մասին: Ըստ հրահանգի՝ նա պետք է տագնապը փոխանցեր շղթայով վերեւ, ինչը գրեթե հաստատ պատասխան արձակման կհանգեցներ: Սակայն սպան (Ստանիսլավ Պետրովը) դա չարեց. նա եզրակացրեց, որ ԱՄՆ-ի իրական առաջին հարվածը կարվեր հարյուրավոր, այլ ոչ թե 5 հրթիռով, եւ զեկուցեց համակարգի խափանման մասին: Նա ճիշտ էր. արբանյակներին մոլորեցրել էր արեւի լույսի անդրադարձումը ամպերից: Արձագանքման արագության վրա օպտիմալացված ԱԲ-ն դժվար թե նույնպիսի ողջամիտ կասկածամտություն ցուցաբերեր:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply