Երեւան: Մեդիամաքս: Ուժի մեջ է մտել ներքին գործերի նախարարի հրամանը, որով սահմանվել են նոր չափորոշիչներին համապատասխանող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման գները։
Ներքին գործերի նախարարությունում այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշվել է, որ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածի մի կողմում «0» թվեր, իսկ մյուս կողմում մեկ կամ ավելի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշերը։
Նախկինում նշված համարանիշների համար առաջնային օգտագործման իրավունքն առանց աճուրդի ձեռք բերելու ամբողջական իրավական գործիքակազմ նախատեսված չէր:
Նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքը ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կկարողանան ձեռք բերել առանց աճուրդի՝ հաստատագրված գնով։ Գները սահմանվել են 250 հազարից մինչեւ 8 միլիոն դրամի միջակայքում՝ կախված թվերի եւ տառերի համադրությունից։
Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդային կարգը շարունակում է գործել։ Այդ համարանիշերի առանձնահատկությունն այն է, որ թվային հատվածի բոլոր հինգ նիշերը «0» են կամ հինգ նիշերից չորսը «0» են՝ այլ թվի համադրությամբ` միեւնույն կամ տարբեր երկու լատինական տառերով։
Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մի շարք կոշտ հայտարարություններ է արել Թուրքիայի եւ անձամբ նախագահ Էրդողանի հասցեին։
«Մեզ անհնար է վախեցնել։ Մեզ հետ գործ մի՛ ունեցեք։ Իմ խորհուրդը Էրդողանին՝ չդնել իրեն այնպիսի դրության մեջ, որում հայտնվեց Իրանը։ Փոխարենը նա պետք է զբաղվի Թուրքիայի գործերով», – ասել է Կացը։
Նրա խոսքով՝ «մենք թույլ չենք տա, որ Էրդողանը ուժեղացնի Սիրիան մեր դեմ»։
Իսրայել Կացը նշել է, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ ուղղակի ռազմական առճակատում չկա եւ Իսրայելը «չի ձգտում նման սցենարի»։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, Անկարան «չպետք է կասկածի տակ դնի հրեական պետության վճռականությունը»։
Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են «փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման երկուստեք պատրաստակամությունը»։
«Քննարկելով երկկողմ եւ միջազգային օրակարգի հրատապ հարցեր՝ առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը եւ կառավարությունների ու գերատեսչությունների գծով երկխոսության ակտիվացումը։ Հաստատվել է փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման երկուստեք պատրաստակամությունը», – հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ «քննարկելով երկկողմ եւ միջազգային օրակարգի հրատապ հարցեր՝ առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը եւ կառավարությունների ու գերատեսչությունների գծով երկխոսության ակտիվացումը»։
Մեդիամաքսը նշում է, որ հուլիսի 27-ին տեղի էր ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այսօր Բաքվում Մոսկվային կոչ էին արել դադարեցնել ռուս-հայկական հարաբերությունների հարցերի կապակցումը Ադրբեջանի հետ։
Երեւան: Մեդիամաքս: Բաքուն կոչ է անում դադարեցնել Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների հարցերը շաղկապել Ադրբեջանի հետ:
Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ «նախկին հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից հերթական անգամ հնչեցված հայտարարությունները աղավաղում են իրականությունը»:
«Ղարաբաղյան տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից միշտ ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս: Այս կապակցությամբ 30 տարի Հայաստանի օկուպացիայի տակ գտնված Ադրբեջանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման հարցը մշտապես օրակարգում պահելու փորձերը, ինչպես նաեւ դա Հայաստանի կողմից Ղարաբաղյան տարածաշրջանի ճանաչման կամ չճանաչման հարցի հետ կապելը ոչ միայն հակասում են Ղարաբաղյան տարածաշրջանի վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշմանը, այլեւ բոլորովին անհիմն են»:
«Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան, եւ դրանով նախկին հակամարտությունը կարգավորվել է։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է վերջ դնել ռուս-հայկական հարաբերություններին առնչվող հարցերը Ադրբեջանին կապակցելով մեկնաբանելու պրակտիկային», – ընդգծել է Հաջիզադեն։
ՌԻԱ Նովոստի-ն հաղորդում է, որ հուլիսի 27-ին Մարիա Զախարովան հայտարարել էր, թե «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ Հայաստանը այդ տարածքը չէր ճանաչում՝ ո՛չ իր կազմում, ո՛չ էլ անկախ»։
Երեւան: Մեդիամաքս: Արցախից բռնի տեղահանված 11-ամյա Եվա Դանիելյանի «Դեդո-Բաբո» նկարը բարձրացվել է Արարատ լեռան գագաթ:
Մի քանի շաբաթ առաջ Եվա Դանիելյանի նկարը հեռացվել էր Երևանի Անուշավան Տեր-Գևոնդյանի անվան երաժշտական դպրոցի ցուցահանդեսից: Սոցիալական ցանցերում հրապարակումներ եղան այն մասին, որ դպրոցի տնօրենը նկարը «հակապետական քայլ» էր որակել: Դպրոցի ղեկավարությունը պաշտոնական մեկնաբանություն չէր արել: «Կյանքում չէի պատկերացնի, որ Արցախի մասին պատմող նկարը կհեռացնեն ցուցահանդեսի պատից»,- ABC Media-ի հետ զրույցում ասել էր Եվա Դանիելյանը։ «Դեդո-Բաբո» նկարը Արարատի գագաթին հայտնվել է մի քանի անհատի նախաձեռնությամբ: Վերելքի մասնակից Գեւորգի Կեւորկովը Մեդիամաքսին ասել է, որ ցանկացել են ցույց տալ, որ հիշողությունը, հայրենի հողի հանդեպ սերը եւ ստեղծագործական ազատությունն արժեքներ են, որոնք չեն կարող արգելվել որեւէ մեկի կողմից:
Աննա Օհանյանը Սթոունհիլ քոլեջի (Մասաչուսեթս) քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է, Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի հրավիրյալ ավագ փորձագետ։
Աննա Օհանյան
Ապրիլի 1-ին՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվա էր հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Զրույցն ակնհայտորեն բարդ էր Պուտինի համար։ Ռուսաստանի նախագահը պնդում էր, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության միջեւ՝ վկայակոչելով ուկրաինական փորձը որպես ապացույց, որ միաժամանակ երկուսին անդամակցելն անհնար է։
Պուտինի եւ Փաշինյանի զրույցը. ԵՄ, Ղարաբաղ, Թրամփ, ընտրություններ, գազ եւ ինտերնետ
Փաշինյանն առարկեց. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը լիովին համատեղելի է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման եւ դիվերսիֆիկացման հետ։ Ըստ նրա՝ երկու դաշինքների հետ զուգահեռ փոխգործակցությունն իրավական եւ վարչական առումով լիովին իրատեսական է եւ «փաստ է հանդիսանում»։ Պուտինը համառորեն կրկնում էր, որ Հայաստանը պետք է աշխարհաքաղաքական ընտրություն կատարի։ Փաշինյանն ի պատասխան ընդգծում էր Հայաստանի հավատարմությունը Ռուսաստանի հետ ամուր հարաբերություններին՝ այլ դերակատարների հետ գործընկերության միաժամանակյա ընդլայնման պայմաններում։
Առաջ մղելով այն, ինչ կարելի է որակել Կրեմլի կեղծ աշխարհաքաղաքական երկընտրանք՝ Պուտինը յուրօրինակ աշխարհաքաղաքական ձյուդոյի բախվեց. Փաշինյանը վկայակոչում էր փոխադարձ շահերը, շեշտադրում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության իրավական չափումը եւ որպես փաստարկ օգտագործում երկրի շարունակական մասնակցությունը դեպի Ռուսաստան ուղղված ինստիտուտներին։ Նա պնդում էր, որ առավել կայուն եւ ինտեգրված Հարավային Կովկասն ի վերջո օգուտ է բերելու նաեւ հայ-ռուսական հարաբերություններին։
Փաշինյանն ու Պուտինը համաձայնության չեն եկել ԵՄ/ԵԱՏՄ հանրաքվեի հարցում
Հանդիպումը երկու դիրքորոշումների բախման ակնառու վկայություն դարձավ. մի կողմից՝ Կրեմլի ձգտումը՝ Հայաստանին պարտադրել Ռուսաստանը, մյուս կողմից՝ Փաշինյանի «հավասարակշռված եւ հավասարակշռող» արտաքին քաղաքական կուրսը։ Երկու ամիս անց կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնություն ստացավ։
Արտերկրից շնորհավորանքները ստացվեցին անմիջապես, սակայն Ռուսաստանն այդպես էլ չճանաչեց արդյունքները։ Նրա հետ փոխկապակցված կուսակցությունները վիճարկեցին քվեարկության արդյունքները՝ ակնարկելով սոցիալական բողոքի ալիք մոբիլիզացնելու պատրաստակամությունը։ Երբ Սահմանադրական դատարանը հաստատեց ընտրությունների արդյունքները, տասնութ քաղաքական կուսակցություններից հինգը (որոնցից երկուսը հաղթահարել էին ընտրական շեմը եւ անցել խորհրդարան) հայտարարեցին «գործող վարչակարգը» հեռացնելու եւ «քաղաքական դիմադրության նոր՝ առավել համակարգված, ինստիտուցիոնալ եւ մասշտաբային փուլ» սկսելու մտադրության մասին։
Լուսանկարը` REUTERS
Փաշինյանն ընտրությունների արդյունքն անվանեց «պատմական», սակայն Ռուսաստանին, այնուամենայնիվ, հաջողվեց պահպանել ազդեցության լծակները հայկական ընդդիմության վրա ։
Հենց այդ պատճառով խորհրդարանական ընտրությունների արդյունքները սոսկ որպես Ռուսաստանից դեպի Արեւմուտք աշխարհաքաղաքական «շրջադարձ» մեկնաբանելը (իսկ համաշխարհային լրատվամիջոցներում գերիշխում է հենց այս մեկնաբանությունը) նշանակում է պարզունակացնել պատկերը։ Թեեւ Հայաստանին առայժմ միայն մասնակիորեն է հաջողվել դիմակայել Կրեմլի աշխարհաքաղաքական երկընտրանքին, ընտրությունները բացահայտեցին այն մեխանիզմները, որոնց միջոցով Ռուսաստանը նախկինի պես կառավարում եւ վերահսկում է իր հարեւանությամբ գտնվող պետությունները։
Քաղաքական դրամայի երեք դեմքերն ու ավելի անկայուն դարձող Փաշինյանը
Հայկական փորձը կարող է դաս լինել նաեւ այլ երկրների համար։ Եթե այնպիսի պետություններում, ինչպիսիք են Հունգարիան կամ Թուրքիան, ժողովրդավարական հետընթացը սովորաբար սնվում է գործադիր իշխանության ագրեսիայից եւ ընդդիմության վրա հարձակումներից, Հայաստանում այլ սցենար է. արտաքին աջակցությամբ սնվող գիշատիչ ընդդիմությունն աստիճանաբար արմատավորվում է պետական ինստիտուտների ներսում։ Թույլ ինստիտուցիոնալացված ժողովրդավարության եւ կուսակցական թույլ համակարգի պայմաններում նման դերակատարներն ունակ են հետեւողականորեն խարխլել ժողովրդավարական հաշվետվողականությունը։
Կրեմլի գործիքները
Հայաստանում վերջին ընտրություններում Կրեմլը գործի դրեց լայն արսենալ՝ բացահայտ ազդեցության գործողություններից մինչեւ նախընտրական կաշառում եւ տնտեսական հարկադրանք։
Սակայն Ռուսաստանի համար կարեւոր է ոչ այնքան ընտրությունների հաղթողը, որքան այն, թե ինչպես է ծավալվում ընտրական գործընթացը եւ ինչ է տեղի ունենում դրանից հետո։ Պետական ինստիտուտների վրա մշտական ճնշման պահպանումը ընտրություններից առաջ եւ հետո՝ սա է Կրեմլի բուն նպատակը։ Վախի հրահրումը եւ բեւեռացումը ընդամենը այն գործիքակազմի մասն են, որը նա կիրառում է Հայաստանում, ինչպես նաեւ հետխորհրդային այլ պետություններում՝ Վրաստանում, Մոլդովայում, Ղազախստանում եւ (մինչեւ պատերազմի սկիզբը) Ուկրաինայում։
Լուսանկարը` Kremlin.ru
Առաջին գործիքը բեւեռացումն է՝ քաղաքականապես անհաշվետու էլիտար հովանավորչական ցանցերի աջակցության միջոցով։ Հետխորհրդային պետություններում այդ ցանցերը ձեւավորվել են ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին տասնամյակներում՝ ազդեցիկ կրոնական գործիչների ակտիվ մասնակցությամբ։ Ռուսական աջակցությունը նախկին ավտորիտար էլիտաներին ոչ միայն ազդում է ընտրությունների արդյունքների վրա. ժողովրդավարական մրցակցության կանոններին հարմարվելու փոխարեն հին էլիտաները պահպանում են ինստիտուտները վիճարկելու, ընտրական արդյունքներն ապալեգիտիմացնելու եւ կենսունակ ընդդիմության ձեւավորմանը խոչընդոտելու խթանները։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանում այդպես էլ լիարժեք ընդդիմադիր քաղաքականություն չձեւավորվեց։
«Ռուսաստանը մտադիր չէ առանց պայքարի զիջել Հայաստանը»
Ռուսական շրջափակման մեջ գտնվող երիտասարդ ժողովրդավարությունները բախվում են երկակի խնդրի. ինտեգրել ոչ լիբերալ քաղաքական ուժերին ժողովրդավարական ինստիտուտների մեջ՝ միաժամանակ պաշտպանելով այն լիբերալ սկզբունքները, որոնց վրա հենվում են այդ ինստիտուտները։ Գործը բարդացնում է նաեւ այն, որ նախկին իշխող էլիտաների վարքագիծը որոշվում է ոչ այնքան ներքին ընտրազանգվածի առջեւ պատասխանատվությամբ, որքան Մոսկվայից ստացվող քաղաքական եւ նյութական խթաններով։
Երկրորդ գործիքը մշտական անկայունության պահպանումն է՝ տնտեսական կամ ռազմավարական։ Ստիվեն Կոտկինը նկարագրել է այս տրամաբանությունը որպես ռուսական պետության «հավերժական աշխարհաքաղաքականություն»։ «Փրկության նարատիվները», որոնք Կրեմլը երկար ժամանակ մշակում էր, ամրապնդում էին Մոսկվայի դերը՝ որպես Կովկասում անվտանգության գլխավոր երաշխավոր։
Սակայն 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի անկումը (չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը) եւ 2021 ու 2022 թվականներին Ադրբեջանի հարձակումները Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա, որոնց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այդպես էլ չարձագանքեց, բացահայտեցին ռուսական անվտանգության երաշխիքների սնանկությունը։
Կրեմլը տագնապ է հնչեցնում վաշինգտոնյան համաձայնությունների շուրջ, որոնք ստորագրվել էին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ անցյալ օգոստոսին, ինչպես նաեւ Հայաստանի հարավային սահմանով անցնող տրանսպորտային միջանցքներին ամերիկյան աջակցության շուրջ։ Հայաստանի դեմ ռուսական տնտեսական պատերազմը եւ էներգակիրների գների բարձրացման սպառնալիքները միայն սնում են այդ տագնապները։
Տարածաշրջանային համատեքստը
Հայաստանի ժողովրդավարական խոցելիությունը պայմանավորված է ոչ միայն Ռուսաստանի «հավերժական աշխարհաքաղաքականությամբ»։ Պակաս կարեւոր չէ տարածաշրջանային համատեքստը, նախեւառաջ՝ հարեւան Ադրբեջանի տրամաբանությունը՝ իր անձնավորված ավտորիտար համակարգով, որտեղ տարածաշրջանային ինտեգրման ձգտումը բախվում է վարչակարգի քաղաքական հրամայականներին։
Խնդիրները շատ են, բայց Փաշինյանը ընդունելի գործընկեր է մնում Պուտինի համար
Տարածաշրջանային բացությունը, որն առավել հավանական դարձավ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, կարող էր օգնել դիվերսիֆիկացնել նավթից կախվածություն ունեցող ադրբեջանական տնտեսությունը՝ տրանսպորտային կապերի զարգացման, ներդրումների ներգրավման եւ համաշխարհային շուկաներ ելքի միջոցով։ Սակայն այն միեւնույն ժամանակ սպառնում է այն քաղաքական մեկուսացմանն, որի վրա հենվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի իշխանությունը։ Բացությունը նվազեցնում է պետական վերահսկողությունը տեղեկատվության, մարդկանց տեղաշարժի եւ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։
Պերսոնալիստական ավտոկրատիաները, որպես կանոն, առեւտուրը դիտարկում են ոչ թե որպես հանրային բարիք, այլ որպես քաղաքական կառավարման գործիք, ուստի զգուշավորությամբ են վերաբերվում տարածաշրջանային ինտեգրման բազմակարծություն ձեւավորող ազդեցությանը։
Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները բարձրացնում են նրա արժեքը Կրեմլի համար։ Քանի որ Ալիեւն այդպես էլ չստորագրեց խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրվել էր Վաշինգտոնում 2025թ. օգոստոսին, Բաքուն եւ Մոսկվան բաց են պահում դուռը՝ Հարավային Կովկասում անկայունությունը որպես մշտական պայման պահպանելու համար։
Ներկայացուցչականության ճգնաժամը
Բացի նրանից, որ արմատացած էլիտաները խարխլում են ինստիտուտները, Հայաստանի փորձն արտացոլում է քաղաքական ներկայացուցչականության առավել լայն ճգնաժամ. կուսակցություններն էլ ավելի են կորցնում քաղաքացիների շահերը ներկայացնելու ունակությունը։
Վերջին տասնամյակում Վրաստանի ժողովրդավարական հետընթացը ցույց է տալիս. արեւմտամետ աշխարհաքաղաքական կուրսն ինքնին ժողովրդավարական համախմբում չի երաշխավորում։ Եվ այնուամենայնիվ, երկու երկրների փորձը վկայում է քաղաքացիական մոբիլիզացիայի անսպառ ուժի մասին՝ որպես ժողովրդավարական կայունության աղբյուր, հատկապես երբ ձեւական քաղաքական ինստիտուտները կորցնում են արդյունավետությունը կամ ինքնաբերաբար քայքայում պետականության հիմքերը։
Լուսանկարը` REUTERS
Հայաստանի դեպքը բարդացնում են հաստատված ժողովրդավարական տեսությունները, որոնք հենվում են իշխանության եւ ընդդիմության հակադրման վրա՝ որպես հասուն ներկայացուցչական ժողովրդավարության գլխավոր շարժիչ ուժ։ Գործունյա ընդդիմության ձեւավորումն առանձնապես դժվարացած է այնտեղ, որտեղ ավտորիտար իրավահաջորդ կուսակցությունները տնօրինում են հսկայական ռեսուրսներ, ճյուղավորված հովանավորչական ցանցեր եւ արտաքին աջակցություն։
Ինչ անել
Հայաստանի կառավարությանը եւ Ատլանտյան օվկիանոսի երկու ափերում գտնվող նրա գործընկերներին անհրաժեշտ են երկրի ժողովրդավարական կուրսի պաշտպանության նոր ռազմավարություններ։
Հույս ներշնչող նշանների թվում են նշանակալի հանրային վստահությունը ընտրական քաղաքականության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ երկրի զարգացման ընդհանուր ուղղության նկատմամբ. մայիսին հարցված հայաստանցիների 61%-ը աջակցություն է հայտնել դրան։ Հայաստանի ժողովրդավարական համակարգն ընդհանուր առմամբ կայուն է (ինչպես երեք ոտքով աթոռակը), սակայն հարցը, թե արդյո՞ք այն կդիմանա Ռուսաստանի ռազմավարական ստվերում էլ ավելի թվային դարձող տնտեսության աճող բարդությանը, բաց է մնում։
Փաշինյանը համաձայն չէ Պուտինի «ապահարզան» ձեւակերպման հետ
Հարավային Կովկասում «հավերժական աշխարհաքաղաքականության» տրամաբանությունը հաղթահարելու համար Հայաստանի գործընկերները կարող են առավել ակտիվորեն աջակցել խաղաղ գործընթացի ամրացմանն եւ լարվածության թուլացմանը։ Ազգային անվտանգության նկատառումները կորցնում են իրենց սրությունը որպես առաջնահերթ խնդիր. 2023 թվականի դեկտեմբերի 43%-ից այդ ցուցանիշն ընկել է մինչեւ 17% ընթացիկ տարվա մայիսին։ Այնուամենայնիվ, խաղաղ գործընթացի փխրունությունը սնում է ոչ լիբերալ ընդդիմության աջակցությունը։
Հայաստանի գործընկերների եւ դաշնակիցների ընդլայնվող շրջանակին անհրաժեշտ է իրական քաղաքական կապիտալ ներդնել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի բարելավման գործում՝ հակազդելով Ադրբեջանի կողմից խաղաղ գործընթացի քողարկված սաբոտաժին։ Հայկական փորձը ցույց է տալիս. լուրջ ներդրումներն անվտանգության ռեժիմի ամրապնդման գործում ունակ են լեգիտիմացնել ժողովրդավարական ինստիտուտները եւ քաղաքական տարածություն ստեղծել ներկայացուցչական ժողովրդավարության խորացման համար։
Լուրջ ներդրումը խաղաղ գործընթացում կամրապնդի Հայաստանի պետական ինստիտուտների լեգիտիմությունը, ինչը առանցքային ակտիվ է չթուլացող ռուսական ճնշմանը դիմակայելու գործում։ Արտաքին չափման տեսանկյունից տնտեսական դիվիդենդները, որոնք կապահովվեն խաղաղ գործընթացի առաջմղման եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային արդիականացման շնորհիվ, ունակ են էապես խաթարել Կրեմլի կողմից սնվող ոչ լիբերալ կուսակցությունների աջակցությունը։ Ներքին չափման տեսանկյունից գործունակ խորհրդարանական ընդդիմության բացակայության պայմաններում ժողովրդավարական կայունությունն ավելի շատ է պայմանավորվում խորհրդարանից դուրս քաղաքացիական հասարակության ամրապնդմամբ։
Ինչպես Ռուսաստանը կորցրեց դաշնակիցներին եւ գլոբալ ազդեցությունը
Ռուսական ճնշումը Հայաստանի վրա, ամենայն հավանականությամբ, ուժեղանալու է՝ տնտեսական հարկադրանքից մինչեւ սոցիալական հուզումներ հրահրելու տեղական պրոքսի-կառույցների փորձեր։ Սակայն հարկադրանքի յուրաքանչյուր նոր փորձ միայն արագացնում է Հայաստանի կողմից այլընտրանքների որոնումը։ Օրինակ, ռուսական սահմանափակումները հայկական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ Եվրոպական միությանը մղեցին ընդլայնելու առանց մաքսատուրքի մուտքը հայկական բազմաթիվ ապրանքների համար։ ԵՄ-ին անդամակցությունն առայժմ հորիզոնում չի երեւում, սակայն Հայաստանին աշխարհաքաղաքական երկընտրանքի առջեւ դնելու Կրեմլի համառ փորձերը, ըստ էության, հակառակ ազդեցություն են ունենում՝ տնտեսական գործընկերություններ, ԵՄ միասնական շուկային անմաքս մուտքի արագընթաց ընդլայնում եւ հայկական արտաքին քաղաքականության խորացված դիվերսիֆիկացում։
Ռուսական «ընտրության աշխարհաքաղաքականությունը» Հայաստանի վերջին ընտրությունների կարեւոր ֆոնն էր եւ, անշուշտ, ազդեց ընտրողների որոշման վրա։ Սակայն իրենց դերն ունեցան նաեւ հենց քաղաքական գործիչների աշխատանքի արդյունքները։ Սոցիալ-տնտեսական խնդիրները (առողջապահության, կենսաթոշակային համակարգի, ենթակառուցվածքների, գյուղերի զարգացման եւ զբաղվածության ոլորտներում) լուծելու պետության ունակությունն էր որոշում ընտրական նախապատվությունները։ Ահա թե ինչու ժողովրդավարական կայունությունը կախված է պետական ներուժից եւ ամենօրյա կառավարումից։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանը Պուտինին «խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ»։
«Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս․թ, մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։
Միեւնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության Կառավարության պատրաստակամությունը», – ասվում է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Մեդիամաքսը նշում է, որ Կրեմլի կայքում Փաշինյանի եւ Պուտինի հեռախոսազրույցի մասին ասված է հետեւյալը․
«Վլադիմիր Պուտինը հաստատել է հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում ընդունված Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդների համատեղ հայտարարությանը՝ Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելուն ուղղված գործողությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ընդգծվել է անհրաժեշտությունը հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում անցկացնել համաժողովրդական հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով»։
Մշակույթը վաղուց դադարել է միայն արվեստի կամ ստեղծարարության ոլորտ լինել՝ դառնալով պետական քաղաքականության, հանրային քննարկումների եւ միջազգային օրակարգի մաս։ Ինչպես եւ երբ է առաջացել «մշակույթ» հասկացությունն իր ժամանակակից ընկալմամբ, ով է կառավարում ոլորտն ու ինչպիսի դեր պետք է ունենա պետությունը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս հարցերին էր նվիրված գրող, վավերագրող եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Արխանգելսկու դասախոսությունը, որը տեղի է ունեցել «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» կրթական շարքի շրջանակում՝ կազմակերպված ԱՐԷ մշակութային հիմնադրամի եւ Ժամանակակից արվեստի ինստիտուտի կողմից։
Մշակույթն այն ամենն է, ինչ ստեղծել է մարդը
Մեզ համար այսօր սովորական դարձած «մշակույթ» բառի ընկալումը ձեւավորվել է համեմատաբար վերջերս։ Եվրոպական հասարակության մեջ այն հաստատվել է 18-րդ դարի վերջում միայն եւ իր մեջ ամփոփել այն ամենն, ինչը ստեղծված է ոչ թե բնության, այլ մարդու՝ նրա բանականության, տաղանդի եւ ստեղծարարության շնորհիվ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ռուսերենում «մշակույթ» բառը ժամանակակից իմաստով սկսել է գործածվել միայն 19-րդ դարի կեսերին։ Պուշկինը երեւի չէր հասկանա այս բառի այսօրվա նշանակությունը, մինչդեռ Ալեքսանդր Թամանյանն, ամենայն հավանականությամբ, արդեն կհասկանար։
Հայերենում եւս «մշակույթ» հասկացությունը ձեւավորվել է միայն 19-րդ դարի երկրորդ կեսին՝ «Մշակ» թերթի հիմնադրման ժամանակաշրջանում։
«Առաջին մշակույթի նախարարությունը ստեղծվել է ֆաշիստական Իտալիայում»
Ստեղծագործ հատվածից բացի, մշակույթը նաեւ ենթակառուցվածք է։ Այն ենթադրում է ոչ միայն առարկան, որով զբաղվում ենք, այլեւ՝ պայմանները, որոնք պետք են տվյալ գործունեությամբ զբաղվելու համար։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ճիշտ է, սա չափազանց կարեւոր եւ մարդասիրական ոլորտ է, սակայն մշակույթի կառավարման առաջին պետական համակարգը ստեղծվել է ֆաշիստական Իտալիայում՝ 1926 թվականին։ Դրա նպատակն արվեստին աջակցելը չէր, այլ այն փոխարինելը։
ԽՍՀՄ-ում 1953 թվականին ստեղծվել է աշխարհում փաստացի առաջին լիարժեք մշակույթի նախարարությունը։ Այդ դեպքում մշակույթը նախեւառաջ դիտարկվում էր որպես գաղափարախոսություն։
1959 թվականին Ֆրանսիայում ստեղծվել է եվրոպական ժողովրդավարական առաջին նախադեպը։ Դրա նպատակն էր՝ «մշակութային գլուխգործոցները հասանելի դարձնել հնարավորինս մեծ թվով ֆրանսիացիների»։
Լուսանկարը` Մեդիամաքս
ԱՄՆ-ում մշակույթի նախարարություն մինչ օրս չկա, քանի որ այնտեղ սկզբունքորեն այլ ձեւաչափ է գործում։ Մշակույթի կառավարումը կարող է իրականացվել ոչ միայն պետության, այլեւ՝ հիմնադրամների միջոցով։ Դրանց թիվը Միացյալ Նահանգներում հասնում է 34 հազարի։
Ծուղակը, որում հայտնվել ենք մեր իսկ մեղքով
Ժամանակի ընթացքում մշակույթը դարձել է հանրային հետաքրքրության առարկա։ Մենք ստեղծել ենք ենթակառուցվածք, մշակույթի մասին խոսելու համակարգ, զարգացրել զանգվածային լրատվամիջոցներն ու այս ընթացքում կորցրել քննարկման բուն առարկան: Մենք այն զիջել ենք մարդկանց, որոնք տիրացել են դրան։ Իսկ ովքե՞ր են նրանք՝ էթիկայի, գեղագիտության մասնագետնե՞ր, թե՞ քաղաքական գործիչներ։ Այո՛, քաղաքական գործիչներ։ Սա այն ծուղակն է, որում հայտնվել ենք մեր իսկ մեղքով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք մտածում էինք՝ այդպես մշակույթն առավել զանգվածային կդառնա, կհասնի լայն հանրությանը։ Ցանկանում էինք, որ մեր մասին ավելի շատ խոսեն ու կարդան։ Սկսեցինք գրել, ներգրավվել նոր մարդկանց։ Իսկ արդյունքում զանգվածային լրատվամիջոցներն ավելացրեցին մշակույթի ներգրավվածությունը նաեւ քաղաքական գործընթացներում։
Մշակույթի մասին խոսել զանգվածների հետ. Մարսել Ռայխ-Ռանիցկի, Բեռնար Պիվո եւ Օփրա Ուինֆրի
Կներկայացնեմ զանգվածային լրատվամիջոցներում մշակութային քննարկում ստեղծող երեք անձի՝ ցույց տալու՝ ինչպես էր 20-րդ դարում հնարավոր խոսել հսկայական լսարանի հետ իսկապես կարեւոր թեմաների շուրջ։ Նրանք են՝ Մարսել Ռայխ-Ռանիցկին (Գերմանիա), Բեռնար Պիվոն (Ֆրանսիա) եւ Օփրա Ուինֆրին (ԱՄՆ)։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս օրինակները կարեւոր եմ համարում, քանի որ այս մարդիկ աշխատում էին ոչ թե նեղ մասնագիտական, մշակութային ալիքներում, ինչպիսին «Культура»-ն է, այլ մեծ հեռուստաալիքներում՝ ZDF, ARD։
Մարսել Ռայխ-Ռանիցկի. ի՞նչ պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա գրականության մասին այնպես խոսել, որ լսարանը երեկոյան ժամը տասին չհեռանա էկրանից։ Փորձենք հարցին նայել մեկ այլ տեսանկյունից։ Ո՞րն էր 20-րդ դարի երկրորդ կեսի գերմանական մշակույթի գլխավոր խնդիրը։ Այո՛, մեղքի զգացումը։
Անհնար է անվերջ ներողություն խնդրել՝ միեւնույն ժամանակ ինքդ քո մասին որեւէ դրական բան չասելով։ Բայց նաեւ անհնար է որեւէ դրական բան ասել՝ առանց ներողություն խնդրելու։ Գերմանացիներն այլեւս չէին կարող իրենց ինքնության հիմքում դնել երաժշտությունը, քանի դեռ գոյություն ուներ «Վագների խնդիրը»։ Չէին կարող ներկայանալ նաեւ որպես փիլիսոփաների ազգ, որովհետեւ կար Հայդեգերն՝ իր «Սեւ տետրերով»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Փոխարենը մնացել էր գերմանական գրականությունը, որը կարծես հասցրել էր «անցնել կարմիր լույսի տակով»։ Ոչ մի մեծ գերմանացի գրող չէր արել որեւէ արատավոր բան, ինչում կարելի էր մեղադրել փիլիսոփաներին կամ այլ ոլորտների ներկայացուցիչներին։ Այնպես որ, Գերմանիան կարող էր հիմքում դնել գրականությունը, բայց կար մի պարտադիր պայման՝ դա չէր կարող անել հենց գերմանացին, ցանկալի էր, որ դրա մասին խոսեր հրեան։ Հենց այսպիսին էր Մարսել Ռայխ-Ռանիցկին (հրեական ծագմամբ լեհ-հեղ.)։
Հիմա ֆրանսիական օրինակը։ Կայսրության փլուզմանը հաճախ հաջորդում է կայսերական ազգայնականության զարգացումը։ Այս դեպքում միակ հակաթույնը լեզուն է։ Հենց լեզուն է դառնում ժամանակաշրջանի նյարդը։ Կարո՞ղ է այս մարտահրավերին պատասխանող նախագծի ֆրանսիացի հաղորդավարը վատ խոսել ֆրանսերեն, լինել ոչ հմայիչ կամ չարացած։ Իհարկե, ո՛չ։ Այսպես ծնվել է «Թելադրություն Բեռնար Պիվոյի հետ» նախագիծը։ Առանց չափազանցության՝ ամբողջ Ֆրանսիան նստում էր հեռուստացույցների առաջ եւ թելադրություն գրում։ Ոչ թե այն պատճառով, որ հաղորդումը հեռուստատեսային վարպետության բացառիկ օրինակ էր, այլ որովհետեւ դիպչում էր ժամանակի ամենազգայուն կետին։
Լուսանկարը` Մեդիամաքս
Վերջապես Օփրա Ուինֆրիի գրքի ակումբը՝ հայտնի գրական նախագիծը, որը ստեղծվել էր 1996 թվականին։ Ակումբի համար ընտրված ցանկացած գիրք գրեթե միշտ բեսթսելլեր էր դառնում։ Առաջին գիրքը՝ The Deep End of the Ocean-ը, որի մասին խոսեց Ուինֆրին, ընդամենը մեկ ամսում վաճառվեց 3,5 միլիոն օրինակով։ Այս հաղորդումը դարձավ ԱՄՆ գրքի շուկայի վրա ազդեցության ամենահզոր գործիքներից մեկը։
Յուրաքանչյուրն ունի իր «գնդակն» ու գիտելիքի պատրանքը
Եթե կարդացել եք «Ծերուկ Խոտաբիչը», հավանաբար, հիշում եք դրվագը, որում ծերուկը զայրանում է, երբ խաղացողները վազում են մեկ գնդակի հետեւից, եւ որոշում յուրաքանչյուրին մեկ գնդակ տալ։ Արդյունքում խաղը դադարում է։ Այսօր մենք ապրում ենք ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուրն ունի իր «գնդակը», բայց խաղն, ի տարբերություն հեքիաթի, չի ավարտվում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կան մարդիկ, որոնք իրենց հարթակներում խոսում են կարեւոր թեմաների մասին, դա անում բարձր որակով եւ մեծ լսարան ներգրավում։ Այդպիսի օրինակներ են Յուրի Դուդը, Կատերինա Գորդեեւան, Արմեն Զախարյանը։
Սակայն մի կարեւոր նրբություն կա։ Երբ մենք համալսարանում դասախոսության ենք մասնակցում, ակնկալում ենք ստանալ համակարգված եւ հնարավորինս ամբողջական գիտելիք։ Ընտրում ենք որեւէ ոլորտ, տարիներ նվիրում այն ուսումնասիրելուն եւ ձգտում դառնալ լավ մասնագետ։
Երբ, օրինակ, լսում ենք Պրուստին նվիրված Արմեն Զախարյանի հաղորդաշարը, արդյո՞ք ստանում ենք թեմային առնչվող ամբողջական գիտելիք։ Ո՛չ։ Մենք ստանում ենք որոշակի պատկերացում, թեմային նայելու դիտանկյուն, կողմնորոշիչներ, որոնք օգնում են սկսել ճանապարհը։ Դա ոչ թե սպառիչ գիտելիք է, այլ՝ ճանապարհային քարտեզ։
Շատ կարեւոր է դրանից հետո շարունակել ուսումնասիրել թեման։ Սակայն մարդկանց մեծ մասը դա չի անում՝ նախընտրելով բավարարվել պատրանքով, թե արդեն ստացել է անհրաժեշտ գիտելիքը։
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունում՝ մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 30-ը:
Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։
Կամավոր ատեստավորման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցված լինել եւ ունենալ հաշիվ my.emis.am հարթակում: Եթե դիմողը դեռեւս չունի հաշիվ, ապա գրանցվելու համար կարող է օգտվել ուղեցույցից, որից հետո անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am համակարգ այն մուտքային տվյալներով, որով անձը գրանցվել է։
Դպրոցներում արդեն իսկ աշխատող ուսուցիչներն ունեն իրենց հաշիվները կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (my.emis.am)։
Ուսուցիչների օգտանունը նույնն է, ինչ իրենց կողմից օգտագործվող էլեկտրոնային մատյանի օգտանունը, այսինքն՝ նույն էլեկտրոնային հասցեն, որն ուսուցիչը օգտագործում է էլեկտրոնային մատյան մուտք գործելիս։ Եթե ուսուցիչը մոռացել է օգտանունը կամ գաղտնաբառը, կարող է դիմել դպրոցի տեղեկատվական համակարգերի կառավարման մասնագետին (օպերատորին)։
Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել՝
· դպրոցում դասավանդող ուսուցիչները,
· մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչները,
· «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող, ինչպես նաեւ տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք,
· նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները,
· «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները, որոնք համապատասխան փաստաթղթերի հետ պետք է ներբեռնեն կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում մինչեւ 2023 թ․ ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները,
· «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով սահմանված անձինք (տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցողները)՝ ներկայացնելով նաեւ բուհի տեղեկանքը՝ կրեդիտների մասին։
Հայտերի լրացման մանրամասները՝ կից ուղեցույցներում.
Կամավոր ատեստավորումը, ըստ առարկաների, իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով՝ 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար:
5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» եւ «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» եւ «Մայրենի լեզու եւ գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայաստանի պատմություն» եւ «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Պատմություն» առարկայից, «Աշխարհագրություն» եւ «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Աշխարհագրություն» առարկայից, «Ինֆորմատիկա» եւ «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Ինֆորմատիկա» եւ (տարրական դասարանից սկսած) «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» առարկաներից, իսկ «Հանրահաշիվ» եւ «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում:
1-4-րդ դասարաններում դասավանդող դասվարները թեստավորվում են մեկ միասնական թեստով, որում ներառված են հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա» եւ «Ես եւ շրջակա աշխարհը» առարկաներից:
5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայաստանի պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը եւ աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» եւ «Երկրաչափություն», «Բնագիտություն» («Բնություն»), «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» («Հայաստանի աշխարհագրություն»), «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Ինֆորմատիկա» (տարրական դասարանից սկսած՝ «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն»), «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների, դասվարների ատեստավորումն իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով։ «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների եւ խմբակավարների ատեստավորումն իրականացվում է թղթային եղանակով:
«Բնագիտություն» («Բնություն»), «Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը եւ աշխարհը» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
Ե՛վ հայերենով, եւ՛ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդելու դեպքում դասվարի թեստը կազմվում է միայն հայերենով:
Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդող դասվարի համար թեստը կարող է կազմվել ռուսերենով: Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որեւէ մեկով՝ իր ընտրությամբ:
Երեւան: Մեդիամաքս: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ուկրաինան Կասպից ծովում Իրանի առեւտրային նավին հարվածել է «Իսրայելի ցուցումով»։
«Սա ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում է, որը կատարվել է Իսրայելի ցուցումով՝ Եվրոպային իր պատերազմում ներքաշելու նպատակով»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Հուլիսի 25-ին Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինան հարված է հասցրել Կասպից ծովում գտնվող իրանական առեւտրային նավին, որի հետեւանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլաuի հետ հեռախոuազրույցի ընթացքում Արաղչին դատապարտել է Ուկրաինայի գործողությունները եւ կոչ է արել արագ հետաքննել միջադեպը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, իրանցի նախարարը զգուշացրել է, որ ԵՄ-ն կարող է բախվել «նման արկածախնդրությունների անկանխատեuելի հետեւանքների հետ»։
Հուլիuի 26-ին Աբբաս Արաղչին իրանական նավի վրա հարձակման հարցը քննարկել է Ռուuաuտանի արտաքին գործերի նախարար Uերգեյ Լավրովի հետ։
Ռուuաuտանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ «Իրանի ԱԳ նախարարը շեշտել է Կիեւի ռեժիմի արկածախնդրությունների կանխման անհրաժեշտությունը»։