Category: MediaMax.am

  • XXI դարի դեմքը կորոշվի երկու համակարգերի դիմակայության արդյունքում

    Ներկայացնում ենք 1998-2005 թթ. Գերմանիայի արտաքին գործերի նախարար եւ փոխկանցլեր Յոշկա Ֆիշերի հոդվածի թարգմանությունը։ 

     

    Յոշկա Ֆիշեր

     

    Դարաշրջանը, երբ աշխարհակարգը հենվում էր ԱՄՆ-ի ռազմական ու տնտեսական մենաշնորհի եւ ամերիկյան արժեքների վրա, ավարտվել է։ Դրան զուգահեռ անհետացել է Եվրոպայի կայունությունը։ Աշխարհն ավելի անկայուն ու անկանխատեսելի է դարձել, եւ մոտ ապագայում անկայունությունը միայն կաճի։

     

    Ժամանակին աշխարհակարգի ուրվագծերը հստակ երեւում էին G7/G8 ձեւաչափում, որն ընդգրկում էր առաջատար արդյունաբերական երկրները։ Սակայն այժմ առաջացել են մրցակցող ձեւաչափեր՝ Չինաստանի գլխավորած Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունը, ինչպես նաեւ BRICS+-ը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ եւ եւս մոտ մեկ տասնյակ անդամ երկրներ՝ գումարած տասը գործընկեր երկրներ)։ Այս բոլոր ձեւաչափերում գերակշռում են զարգացող տնտեսությունները։

     

    Ամերիկյան հեգեմոնիան փոխարինվել է նոր բանաձեւով՝ մի քանի խոշոր տերությունների մրցակցությամբ եւ պայքարով, առանց հստակ ու ամրագրված կանոնների ամբողջության։ Կա միայն տնտեսական, տեխնոլոգիական եւ ռազմական հզորությունը, ինչը նշանակում է, որ մեծանում է նաեւ հակամարտությունների, ընդհուպ միջուկային տերությունների միջեւ պատերազմի ռիսկը։

     

    Այս նոր աշխարհակարգը բոլորովին կայուն չէ։ Այդ մասին են վկայում պատերազմը Ուկրաինայում, պատերազմը Պարսից ծոցում եւ Մյանմայի քաղաքացիական պատերազմը, որը դադարեցնելու փորձ ոչ ոք չի անում, ինչպես նաեւ Չինաստան-Թայվան կամ Կորեական թերակղզում պատերազմի մշտական սպառնալիքը։ Երկու բացահայտ պատերազմները՝ զուգակցված Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման հետ, արդեն լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը՝ բարձրացնելով նավթի, գազի, պարարտանյութերի գները։ Երկու հակամարտություններում էլ մարդիկ են զոհվում, եւ սրման ռիսկը շարունակում է աճել։

     

    Զարմանալի չէ, որ ամենամեծ ուշադրությունը գրավում են Ուկրաինան եւ Իրանը։ Սակայն այս հակամարտություններն ըստ էության նաեւ «միջնորդավորված» պատերազմներ են. դրանց ռազմավարական նշանակությունը հնարավոր չէ հասկանալ՝ առանց հաշվի առնելու պատմական առճակատումը ԱՄՆ-ի՝ ներկայիս գլխավոր տերության, եւ Չինաստանի՝ աճող հավակնորդի միջեւ։ Չինաստանը մնում է ստվերում եւ հանգիստ հաղթում է, մինչ ԱՄՆ-ը անկանոն քայլեր է անում Ծոցում եւ փչացնում հարաբերությունները վաղեմի բարեկամների ու դաշնակիցների հետ։

     

    Այս առճակատումը երկու բոլորովին տարբեր համակարգերի դիմակայություն է, որը պետք է որոշի XXI դարի դեմքը։ ԱՄՆ-ը բարձր մրցունակությամբ շուկայական տնտեսություն է եւ աշխարհի ամենահին ժողովրդավարությունը, թեեւ հիմա ապրում է տեխնոլոգիական օլիգոպոլիաների ճնշման ներքո։

    Լուսանկարը` REUTERS

    Չինաստանը կենտրոնացված պետություն է, որը կառավարվում է ամենազոր Կոմունիստական կուսակցության կողմից, որը լիովին վերահսկում է տնտեսությունը, բանակը եւ հասարակությունը։ Չինացի կոմունիստները հանճարեղ քայլ կատարեցին Մաո Ցզեդունի «մշակութային հեղափոխության» խելագարությունից հետո։ Պահպանելով բացարձակ իշխանությունն ու կուսակցական վերահսկողությունը՝ Դեն Սյաոպինը թույլ տվեց, որ գոյություն ունեցող պետական տնտեսության ներսում արագ աճի մասնավոր հատվածը, որը ժամանակի ընթացքում շատ ոլորտներում առաջ անցավ նույնիսկ ԱՄՆ-ից։ Արդյունքում, հսկայական ներքին շուկայի շնորհիվ, ձեւավորվեց յուրօրինակ մի բան՝ «կոմունիստական հիպերկապիտալիզմ»։

     

    Չինական մոդելը կտրուկ տարբերվում է սովետականից, որը սկզբից եւեթ հակակապիտալիստական եւ առաջին հերթին գաղափարախոսական նախագիծ էր։ Չինացիները ցանկացան միաժամանակ պահպանել իրենց արմատները եւ կրկնել պատմության մեջ ամենահաջողակ կապիտալիստական տնտեսության ուղին, եւ դա նրանց հաջողվեց։ Առաջին հայացքից պարադոքսալ այս մոտեցումը շարունակում է աշխատել։

     

    Չինաստանի հաջողությունը բացատրվում է մի քանի գործոններով՝ հսկայական ներքին շուկա, հսկայածավալ ներդրումներ ենթակառուցվածքներում, շինարարական բում, աճող ուրբանիզացիա, սուր ներքին մրցակցություն եւ հսկայական պետական ներդրումներ գիտության ու տեխնոլոգիաների մեջ։ Չինական պետությունը նպատակաուղղված զբաղվում է իր ռազմավարական խնդիրներով՝ առաջին հերթին բանակի ամրապնդմամբ ու արդիականացմամբ եւ համաշխարհային առաջատարության համար պայքարով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերականգնվող էներգետիկան եւ արհեստական բանականությունը։ 

    Լուսանկարը` REUTERS

    Չի կարելի չընդունել, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության՝ տասնամյակներ առաջ պլանավորելու հմտությունն ու առաջին տեղը զբաղեցնելու վճռականությունը բացառիկ հաջողակ երկակի համակարգ են ստեղծել։

     

    Արդյո՞ք ԱՄՆ-ը կկարողանա զսպել չինական մարտահրավերը, ինչպես ժամանակին զսպեց Խորհրդային Միությանը, դեռ պարզ չէ։ Պատասխանը մասամբ կախված է նրանից, թե արդյոք ԱՄՆ-ը կշարունակի հեռանալ ժողովրդավարական կապիտալիստական մոդելից, որը ժամանակին կատարելության էր հասցրել։ Ներկայիս տեղաշարժը դեպի մասնավոր տեխնոլոգիական մագնատների ավտորիտար օլիգոպոլիա իսկական նվեր է Չինաստանի կոմունիստական կուսակցության համար։

     

    Սակայն պատասխանը կախված է նաեւ նրանից, թե արդյո՞ք չինական ղեկավարությունը կկարողանա դիմադրել Թայվանի դեմ ուժ գործադրելու գայթակղությանը։ Եթե Չինաստանը հավատարիմ մնա իր հաջողակ մոդելին, ապա կկարողանա իր նպատակների մեծ մասին հասնել խաղաղ ճանապարհով։ Պատահականություններն ու սխալ հաշվարկները միշտ հնարավոր են, եւ դրանց գինը կարող է հսկայական լինել։ Դա կարող են փաստել Վլադիմիր Պուտինն եւ Դոնալդ Թրամփը։

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

     

    Copyright: Project Syndicate, 2026.

    www.project-syndicate.org 

     

     

  • Ռազմի թատերաբեմն ու եվրոպական հանրությունը. Արցախի խնդիրը՝ պերֆորմանսի լեզվով

    «Եթե պատմությանը նայենք որպես դրամատուրգիական սյուժե, կարելի է նկատել որոշակի մետաֆիզիկական օրինաչափություն: XX դարը սկսվեց հայերի ողբերգությամբ եւ հետո աշխարհը ստացավ այն, ինչ ստացավ: XXI դարը սկսվեց հայերի ողբերգությամբ եւ մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Արցախը դարձավ յուրօրինակ ռեզոնատոր: Հաջորդած համաշխարհային աբսուրդի մասշտաբն այսօր իրենից ներկայացնում է դժվարությամբ զսպվող բազմավեկտոր աղետ: Քաղաքակրթական առումով մենք բոլորս պարտվում ենք։ Եթե չասենք, որ պարտվել ենք»: 

     

    Այսպիսի տեսակետ է հայտնում պերֆորմանսի հետազոտող, մշակութաբանության թեկնածու Մարիա Անտոնյանը՝ դիտարկելով ժամանակակից համաշխարհային ճգնաժամերը պերֆորմատիվ հետազոտությունների պրիզմայով:

     

    Մեդիամաքսը զրուցել է Մարիա Անտոնյանի հետ 2026 թվականի հունիսի 4-ից 5-ը Մանչեսթերի համալսարանում (Մեծ Բրիտանիա) կայացած Performing European Publics միջազգային համաժողովում նրա ելույթից հետո: 

     

    Նրա «Performance and European Publics: Humanitarian Appeals in the Context of Nagorno-Karabakh» («Պերֆորմանսը եւ եվրոպական հանրությունը. մարդասիրական դիմումները Լեռնային Ղարաբաղի համատեքստում») զեկույցը նվիրված էր 2020-2023 թվականներին արեւմտյան հասարակությանն ուղղված մարդասիրական եւ գեղարվեստական դիմումներին՝ ընդգրկելով պատերազմի, հաջորդած շրջափակման եւ Արցախից հայերի ամբողջական տեղահանման ժամանակաշրջանը:

     

    Մարիա Անտոնյանը ծնվել է Երեւանում, մեծացել՝ Մոսկվայում, ապրել եւ սովորել է Իսպանիայում եւ ԱՄՆ-ում: Ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի օտար լեզուների եւ տարածաշրջանագիտության ֆակուլտետի սպեցիալիտետն ու ասպիրանտուրան, հետազոտություններ է իրականացրել Կոլումբիայի համալսարանում, Նյու Յորքի համալսարանի Տիշ արվեստի դպրոցում եւ Նյու Յորքի MoMA հետազոտական կենտրոնում: Տարբեր տարիների դասավանդել է Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ում եւ Դիզայնի բրիտանական բարձրագույն դպրոցում: «Պերֆորմանսի ընկալումը. Մարինա Աբրամովիչը ներկա է» («Рецепция перформанса. Марина Абрамович присутствует») գրքի հեղինակն է, ծավալուն մի շարք պերֆորմատիվ ցուցահանդեսների համադրող:

     

    Մեդիամաքսի հետ զրույցում Մարիան պատմել է Performing European Publics համաժողովին իր մասնակցության, ելույթի թեմաների եւ այն մասին, թե ինչպես են ստեղծվում ու փոխհաղորդվում պերֆորմատիվ գործողությունները Արցախի թեմային անդրադառնալու շրջանակում:

     

    Պերֆորմանսը՝ ժամանակակից արվեստի մարդակենտրոն ժանր

     

    Պերֆորմանսը (performance art) ժամանակակից արվեստի ժանր է, որում արվեստագետն օգտագործում է սեփական մարմինը, գիտակցությունը, գործողությունը, հանդիսատեսի ներկայությունը, ժամանակի չափումը եւ անգամ լռության լեզուն՝ գեղարվեստական ասելիք ստեղծելու համար: Այն կենտրոնացած է մարդու վրա, ռեֆլեքսիայի է ենթարկում տաբուները, կարող է քեզ տանել այնտեղ, որտեղ դու ինքդ երբեք չէիր հայտնվի: Դա «կենդանի» արվեստ է, որն աշխատում է էներգիայի, ստատիկայի ու ներգրավվածության հետ՝ հաճախ պահանջելով ընկալման այլ եղանակ: Միեւնույն ժամանակ, գոյություն ունի պերֆորմանս որպես գեղարվեստական ժանր, եւ գոյություն ունի մի ամբողջ գիտակարգ՝ Performance Studies (պերֆորմատիվ հետազոտություններ), որը պերֆորմանս հասկացությունը շատ ավելի լայն է դիտարկում:

    Մարիա Անտոնյանը Մարիա Անտոնյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Որպես ժամանակակից արվեստի մարդակենտրոն ժանր՝ պերֆորմանսն անդրադառնում է ամենատարբեր թեմաների՝ այդ թվում նաեւ քաղաքական: Կարեւոր է տարբերակել քաղաքական ակցիոնիզմը եւ քաղաքական կամ սոցիալական պերֆորմանսը:

     

    Չնայած այն հանգամանքին, որ հայկական պերֆորմանսի պատմությունը շատ հետաքրքիր եւ բազմազան է, այսօր երկրում, ցավոք, շատ քիչ են մարմնի լեզվով աշխատող արվեստագետները: Բայց Հայաստանից դուրս կային արվեստագետներ, որոնք այս տարիների ընթացքում արել են մի քանի աշխատանքներ՝ կապված հենց արցախյան հակամարտության հետ: Դրանցից մի քանիսին անդրադարձել եմ իմ զեկույցում:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Գեղարվեստական եւ ոչ գեղարվեստական պերֆորմատիվ գործողությունները զեկույցում վերլուծվել են արեւմտյան լսարանին ուղղված մարդասիրական դիմումների վիզուալ լեզվի եւ ձեւերի տեսանկյունից: Կարեւոր է նշել, որ քաղաքական կողմն ամբողջությամբ բացառվել է: Արցախում ռազմական գործողությունների ամբողջ թատերաբեմը դիտարկվել է դասական պիեսի դրամատուրգիական կառույցի միջոցով, որտեղ կա նախերգանք, վերջերգ եւ երեք «գործողություն»՝ պատերազմ, շրջափակում եւ էթնիկ զտում, որն, ըստ էության, դարձավ բացարձակապես աստվածաշնչյան սյուժե:

     

    Համաժողովի կազմակերպիչներին մարտահրավեր

     

    Երբ ինձ ուղարկեցին համաժողովի մասին տեղեկատվությունը, ինձ հետաքրքրեց երկու բան: Նախ այն, որ Եվրոպան սկսել է ինքն իրեն հարց տալ՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում այսօր, որքանո՞վ է համապատասխանում սեփական արժեքներին եւ ի՞նչ է նշանակում ստեղծել ու կատարել (to perform)՝ բառի լայն իմաստով, Եվրոպայի ներսում կամ նրան դիմելով:

     

    Երկրորդ, ինձ կարեւոր թվաց, որ կազմակերպիչները պերֆորմանսը դիտարկում էին առավելագույնս լայն՝ սկսած արվեստի գործերից, մինչեւ բողոքի ակցիաներ, սադրանքներ, քաղաքական ելույթներ եւ այլն:

     

    Միակ բանը, որն ինձ հետաքրքիր էր քննարկել թեմայի շրջանակում որպես պրոֆեսիոնալ եւ որպես ազգային ցնցում ապրած մարդ [նկատի ունի Արցախի պատերազմը եւ 2020–2023թթ. էթնիկ զտումները – Խմբ.], այն հարցն էր, թե ինչ է Եվրոպան ոչ եվրոպացու տեսանկյունից:

    Մարիա Անտոնյանը Մարիա Անտոնյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ուստի Արեւմուտքին ուղղված մարդասիրական դիմումների պերֆորմատիվ լեզվի առանձնահատկությունների, միջազգային իրավունքի ու հումանիստական արժեքների երաշխավորի դերում Եվրոպայի կասկածելի ինքնադիրքավորման եւ բուն Արցախի հարցի մասին խոսակցությունը բավականին լուրջ մարտահրավեր էր կազմակերպիչների համար:

     

    Ես հասկանում էի, որ, ամենայն հավանականությամբ, ոչ ոք ռիսկի չի դիմի առաջարկել նման թեմա եւ, առավել եւս, ոչ ոք ռիսկի չի դիմի այդ թեման ներառել ծրագրում: Սակայն արդեն հաջորդ առավոտյան ելույթ ունենալու հրավեր ստացա: Ավելի ուշ կազմակերպիչները խոստովանեցին, որ որոշ ժամանակ տատանվել են, բայց հայտը նրանց վրա ուժեղ տպավորություն է թողել, եւ նրանք մասնագիտական առումով անհրաժեշտ են համարել ինձ խոսք տրամադրել:

     

    Այն, ինչ մենք ձախողեցինք

     

    Համաժողովին մասնակցում էին հետազոտողներ ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Լատվիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Թուրքիայից եւ Հունաստանից: Ես ելույթ ունեցա վերջիններից մեկը: Իմ ամբողջ զեկույցն անցավ բացարձակ լռության պայմաններում: Ելույթից հետո գործընկերներս մոտենում էին ինձ եւ խոստովանում, որ, ի ամոթ իրենց, նրանք գրեթե ոչինչ չգիտեին այն մասին, թե ինչ էր կատարվում Արցախում վերջին տարիներին: Միայն երկուսն էին ծանոթ թեմային՝ Բուլղարիայից եւ Հունաստանից ժամանած հետազոտողները:

    Արցախի էթնիկ զտում, 2023-ի սեպտեմբեր Արցախի էթնիկ զտում, 2023-ի սեպտեմբեր

    Լուսանկարը` Ղավիթ Ղահրամանյանի

    Եվ սա այն է, ինչ մենք եւ մեր սփյուռքը ինքներս ենք ձախողել: Ոչ պակաս չափով, քան Արեւմուտքը: Մենք պարտվել ենք նաեւ տեղեկատվական պատերազմում:

    Հետաքրքիր է, որ զեկույցից հետո ինձ մոտեցավ Թուրքիայից ժամանած հետազոտողը եւ շնորհակալություն հայտնեց նրա համար, որ ես պատմեցի այդ մասին: Դա շատ արժեքավոր էր: Հետո ես դուրս եկա փողոց, բացեցի սոցիալական ցանցերը եւ տեսա կադրեր, որտեղ իմ երկրի վարչապետը գոռում է Արցախում պատերազմած իմ հայրենակցի վրա՝ հարցնելով, թե ինչու նա չի զոհվել: Այսպես ես բառացիորեն գոյություն ունեի միաժամանակ երկու զուգահեռ իրականություններում:

     

    Գործողությունն ավելի ուժեղ է, քան խոսքը. արվեստագետներն Արցախի մասին

     

    Գեղարվեստական ակցիաները կարելի է բաժանել պերֆորմանսների եւ արտ-ակտիվիզմի այլ ձեւերի: 

     

    Պերֆորմանսիստ Միշա Բադասյանը երկու վառ աշխատանք է իրականացրել եւ երկուսն էլ դարձել են եվրոպական սոցիալական տարածքի մաս: 2020 թվականին Բեռլինում՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց, նա իրականացրեց «Կանգնեցրեք պատերազմները» (Stop Wars!) խորագրով պերֆորմանս: Դա լուռ, ստատիկ աշխատանք էր. նա կանգնել էր հետիոտնային անցման մոտ՝ փաթաթված երկար կարմիր հոսող կտորի մեջ՝ տեսողականորեն աղերսվելով կողքին կախված թուրքական դրոշի հետ: 

    Միշա Բադասյանի պերֆորմանսը Բեռլինում, 2020 թվական Միշա Բադասյանի պերֆորմանսը Բեռլինում, 2020 թվական

    Լուսանկարը` Abdulsalam Ajaj

    Ավելի ուշ՝ 2023 թվականին, Ցյուրիխում Բադասյանն իրականացրեց մի աշխատանք, որը կոչվում էր «Շրջափակման հացը» (The Bread of the Blockade)՝ իրական ժամանակում պատմելով Լեռնային Ղարաբաղի սովամահ լինող բնակիչների մասին: Նա մի քանի օր շարունակ հավաքել էր մնացորդային հացեր, որոնք այնուհետեւ ներառվել էին ինստալացիայում: Պերֆորմանսիստն իրեն եւ հացի բոքոնները փաթաթել էր փշալարերով եւ տեղադրել հակիրճ պաստառային տեքստ: Բեռլինի եւ Ցյուրիխի փողոցները վերածելով գեղարվեստական տարածքի՝ նա հրահրեց մի իրավիճակ, որում եվրոպական հանրությունը դառնում էր Արցախում կատարվողին  վկա հանդիսատես:

    Միշա Բադասյանի պերֆորմանսը Ցյուրիխում, 2023 թվական Միշա Բադասյանի պերֆորմանսը Ցյուրիխում, 2023 թվական

    Լուսանկարը` Alexandra Kononchenko

    2020 թվականին Լոս Անջելեսում մեկ այլ տպավորիչ աշխատանք իրականացրին She Loves Collective արտ-խմբի արվեստագետները: Այն կոչվում էր «Հրացաններ, որոնք մեր նախնիները չունեին» (The Rifles Our Ancestors Didn’t Have): Զգեստների վրա պատկերված հրացանները շարունակում էին հիմնական վիզուալ մոտիվը՝ ցիտելով 1885 թվականի հայտնի լուսանկարը, որտեղ պատկերված են երկու զինված զեյթունցի կանայք: Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձը, ընդհանուր առմամբ, կարմիր թելով անցնում էր Արցախի ողբերգությանը նվիրված բողոքի ակցիաների մեծ մասում: Պերֆորմանսի մասնակիցներն իրենց ֆիզիկական ներկայությամբ շարունակում էին չդադարող լուռ հայտարարությունը՝ լինելով վերապրածների անմիջական ժառանգները եւ պաշտպանելով իրենց նմաններին:

     

    Առանձին կերպով մտաբերվում է նաեւ Բելգիայից հայ թավջութակահար Սեւակ Ավանեսյանի քայլը: Շուշիի ռմբակոծությունից ավերված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ներսում նա նվագեց Կոմիտասի «Կռունկը»՝ որպես երաժշտական աղոթք ավերակների վրա եւ աշխարհին ուղղված դիմումի ակտ:

    Մարիա Անտոնյանը Մարիա Անտոնյանը

     

    Արտ-ակտիվիզմը դրսեւորվում էր տարբեր կերպ: Վառ օրինակը կապված է Լաչինի միջանցքում այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի հետ, որոնք ասում էին իբրեւ թե սարսափելի անհանգստացած են Արցախի բնապահպանության համար եւ խաղաղություն են ուզում: Տեղի ունեցավ այն, ինչ գեղարվեստական սյուժեի տեսանկյունից կարելի է անվանել նվեր: Հիշում ենք, թե ինչպես մուշտակով կանանցից մեկը ձեռքում թափահարում էր խաղաղության խորհրդանիշ սպիտակ աղավնուն: Բայց երբ նա փորձեց թռչնին երկինք բաց թողնել, այն անշունչ ընկավ, քանի որ արդեն որոշ ժամանակ առաջ արդեն խեղդամահ էր եղել նրա ձեռքում: Այսպիսի բան դիտմամբ չես հորինի: Բնականաբար, հայերն անմիջապես անդրադարձան այս դրվագին եւ այն օգտագործեցին որպես շրջափակման խորհրդանիշներից մեկը:

     

    Նկարչուհի Նվարդ Երկանյանն այն ժամանակ ստեղծեց մի աշխատանք՝ «Նրանք եկել ենք «խաղաղությամբ» (They Came with “Peace”) գրությամբ, որտեղ սեւ ձեռքը բռնել էր անշունչ աղավնուն: Հետո նա թույլ տվեց օգտագործել այդ նկարը պաստառների վրա: Ավելացվեց QR-կոդ, որը տանում էր դեպի շրջափակման մասին կայք, որտեղ կար ընթացող շրջափակման օրերի հաշվիչ, ինչպես նաեւ տարբեր նորություններ եւ բազային տեղեկատվություն: Աշխարհի տարբեր քաղաքներում հայերն այս պաստառները փակցնում էին փողոցներում: Ես անձամբ գիտեմ, թե ինչպես դա եղավ Նյու Յորքում. Մանհեթենի շատ փողոցներ այն ժամանակ պատված էին այդ սպիտակ աղավնու կարմիր սթիքերներով:

    Նվարդ Երկանյանի աշխատանքը Նվարդ Երկանյանի աշխատանքը

     

    Կա եւ ավելի թարմ օրինակ, որը կապված է Արցախի ոչնչացման հետեւանքների եւ այսօրվա իրողության հետ: Երեւանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նախօրեին մի շարք ակտիվիստներ փակցնում էին անվնաս պաստառներ եւ սթիքերներ՝ «Free Armenian Hostages» եւ «Տուն բերեք գերիներին» գրություններով: Ակցիայի նպատակն էր գագաթնաժողովի հյուրերի եւ միջազգային լրագրողների ուշադրությունը գրավել այս խնդրի վրա: Արդեն հաջորդ օրը պաստառների կեսը պոկված էր:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    SOS ազդանշանը տեղ հասցնելու փորձերը

     

    Գոյություն ունեն պերֆորմատիվ հաղորդակցության մի քանի հիմնական հնարքներ, որոնց միջոցով հայերը՝ ինչպես Արցախում եւ Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, փորձում էին աշխարհին հասցնել SOS ազդանշանը:

     

    Նախեւառաջ, դրանք առօրյա կյանքի պերֆորմատիվ ակտերն էին՝ հեշթեգեր սոցիալական ցանցերում, խնդրագրեր, հայտնի մարդկանց ներգրավում թեմային, հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ Թուրքիայի եւ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի մոտ:

    2023 թվականի ապրիլի 7-ին արցախցի մայրերի ակցիան 2023 թվականի ապրիլի 7-ին արցախցի մայրերի ակցիան

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

    Ամենամասշտաբային գործողություններից մեկը դարձավ համաեվրոպական արշավը, որի շրջանակում ցուցարարները բուն Եվրոպան վերածեցին քաղաքական պերֆորմանսի տարածքի՝ տարբեր երկրներում կազմակերպելով մայրուղիների համակարգված շրջափակումներ եւ պահանջելով Արցախի միջազգային ճանաչում:

     

    2020 թվականին փակվեցին առանցքային տրանսպորտային երթուղիները Ֆրանսիայի եւ Իսպանիայի, Բելգիայի եւ Նիդեռլանդների, Նիդեռլանդների եւ Գերմանիայի, Լյուքսեմբուրգի եւ Բելգիայի, Լյուքսեմբուրգի եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ Գերմանիայի եւ Դանիայի միջեւ:

     

    Իննամսյա շրջափակման աշխարհագրական բեմանկարչությունն ինքնին Արցախը վերածեց պերֆորմատիվ տարածքի հենց այն պահին, երբ փակվեց Լաչինի միջանցքը: Մինչ Եվրոպայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Հայաստանից սննդամթերքով, դեղորայքով եւ մարդասիրական օգնությամբ շարասյուները շրջապատում էին տարածաշրջանը, 120.000 մարդ նստած էր ներսում արգելափակված՝ զրկված սննդից, դեղորայքից, ջեռուցումից եւ բենզինից: Ստեղծվեց ծուղակի յուրօրինակ կոնֆիգուրացիա:

    Շրջափակումից հետո առաջին մեծ հանրահավաքը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 2025-ի դեկտեմբեր Շրջափակումից հետո առաջին մեծ հանրահավաքը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 2025-ի դեկտեմբեր

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

    Եթե հիշում եք, շրջափակման յոթերորդ ամսին բաժանված ժողովուրդը՝ մի մասը արգելափակված լինելով Ստեփանակերտում, մյուս մասը՝ հավաքված Երեւանում, կազմակերպեց միաժամանակյա զանգվածային հանրահավաքներ՝ միացնելով երկու քաղաքներն ուղիղ հեռարձակմամբ: Շատ առումներով այս ակցիան դարձավ այս ժամանակաշրջանի ամենամասշտաբային մարդասիրական պերֆորմանսներից մեկը:

     

    Այնուամենայնիվ, ամենաարմատական պերֆորմատիվ գործողությունները, որոնք տեղի էին ունենում Արցախում, իհարկե, սեփական տների հրկիզումն էր, հարազատների աճյունների արտաշիրիմումը եւ ձիերին հարկադրաբար ազատ արձակելը, որոնք հետո միայնակ թափառում էին Ստեփանակերտի դատարկ փողոցներում:

    Հանրահավաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 2023-ի հուլիս Հանրահավաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 2023-ի հուլիս

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

    Ըստ էության, ռազմական գործողությունների թատերաբեմի հենց երրորդ գործողությունն իր գագաթնակետին հասավ էթնիկ զտումների, գերեվարումների եւ տաճարների ու գերեզմանոցների նպատակաուղղված ոչնչացման ժամանակ: Ելքի ողջ գործընթացը ծավալվեց որպես մասշտաբային աստվածաշնչյան նարատիվի վերարտադրություն: Համաշխարհային լսարանը, ներառյալ ռուս խաղաղապահները, ընտրեցին մարդասիրական աղետին չմիջամտելու, այն սոսկ դիտելու եւ լուռ վկայելու քաղաքականությունը: Ելքը վերածվեց տեւական պերֆորմատիվ ակտի: Արցախից Հայաստան ճանապարհը, որը սովորաբար տեւում էր մոտ չորս-հինգ ժամ, ձգվեց քառասուն ժամից մինչեւ երեք օր: Բուն ճանապարհը դարձավ առանձին պերֆորմատիվ գործընթաց: Այդ ժամանակ ճանապարհին մահացավ ավելի քան 60 մարդ: 

    2023 թվականի սեպտեմբեր, Գորիս 2023 թվականի սեպտեմբեր, Գորիս

    Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի

    2023 թվականի աշնանը հետեւելով կատարվողին՝ լիովին համոզված էի, որ մարդկային, դրամատուրգիական եւ համազգային բոլոր օրենքներով ամբողջ երկրից մարդիկ Գորիս կգնան՝ դիմավորելու Արցախից եկող տանջված փախստականներին: Այնտեղ կգտնվեն առնվազն հայ մտավորականության, եկեղեցական առաջնորդների, իշխող կուսակցության քաղաքական գործիչների կամ ընդդիմության առաջնորդների առյուծի բաժինը: Բայց ես խիստ սխալվում էի. չկար ոչ մի նշանավոր դեմք: Այս կարեւոր խորհրդանշական ժեստը, իսկ ավելի ճիշտ՝ հումանիստական ակտը, տեղի չունեցավ: Մարդկանց դիմավորում էին սովորական կամավորներ, տեղացի երիտասարդներ, մի քանի քահանաներ, լրագրողներ եւ բժիշկներ: Եվ սա նույնպես վերջերգ է:

    Մարիա Անտոնյանը Մարիա Անտոնյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հաջորդ տարի Մանչեսթերի համաժողովի արդյունքներով նախատեսվում է գրքի հրատարակություն: Ես համաձայնել եմ գրել իմ թեմային վերաբերող գլուխը: Ձեռագրերը, ինչպես հայտնի է, չեն այրվում: Թողնել փաստագրական հենք եւ հետազոտական փաստաթուղթ, որն արձանագրում է պատմական իրադարձությունները եւ ռազմական գործողությունների թատերաբեմի պերֆորմատիվ լեզուն՝ տվյալ դեպքում իմ պարտականությունն է: Դու ֆիքսում ես պատմությունը, որպեսզի որոշ ժամանակ անց մեզ նորից չփորձեն ասել, թե ոչինչ չի եղել, եւ մենք ինքներս ենք ամեն ինչ հորինել:

     

    Մարիա Անտոնյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը

    Մարիա Անտոնյանի լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

    Արցախից արխիվային կադրերը՝ Դավիթ Ղահրամանյանի

     

     

     

  • Ավագ դպրոցներում առաջնահերթություն ունեցողների հայտագրումը կլինի մինչեւ օգոստոսի 2-ը

    Երեւան: Մեդիամաքս: Այսօրվանից ՀՀ պետական ավագ դպրոցներում մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը, որը նախատեսված է առաջնահերթություն ունեցող սովորողների համար։

    Այս փուլում կարող են հայտագրվել՝ տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները, տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչեւ տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները՝

     

    • ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով եւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող եւ ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները,

    • խնամակալության տակ գտնվող երեխաները,

    • հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները։

     

    Արտոնությունից կարող են օգտվել նաեւ ՀՀ տարածքում ներքին գործուղման պատճառով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչեւ հայտագրման մեկնարկը՝ հուլիսի 20-ը, ԿԳՄՍ նախարարության էլեկտրոնային հասցեին (secretariat@escs.am) ուղարկել է դիմում եւ համապատասխան տեղեկանքներ՝ ըստ սահմանված կարգի։

     

    Նշված արտոնությունները վերաբերում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախողներին։ Համակարգը արտոնություն ունեցողների համար բաց կլինի մինչեւ օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00–ն ներառյալ։ Նշված ժամկետի ավարտից հետո ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ 2-րդ փուլով։ 

     

    Երկրորդ փուլ՝

     

    Օգոստոսի 4–ին՝ ժամը 09:00-ից, տասներորդ դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաեւ այն սովորողների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որեւէ մեկին, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաեւ ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։

     

    Երկյակ, եռյակ, քառյակ եւ ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որեւէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

     

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի նաեւ հետեւյալ խմբերի համար՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում․

     

    • օտարերկրյա քաղաքացիներ,

    • երկքաղաքացիներ,

    • քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչներ),

    • ազգայինփոքրամասնություններին պատկանող երեխաներ,

    •  երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

    Հայտագրման անհրաժեշտություն չկա այն դպրոցներում, որտեղ ընդունելությունը կիրականացվի սահմանված ներքին ընթացակարգերով․

    •  մասնագիտացված դպրոցներ,

    •  բարձրագույն ուսումնական հաստատությունների ենթակայությամբ գործող դպրոցներ,

    •  հանրակրթական դպրոցների «Արհեստական բանականություն» սերունդ   դասարաններ,

    •  միջնակարգ դպրոցներ կամ վարժարաններ, որտեղ ծնողի դիմումի համաձայն՝ սովորողները կփոխադրվեն նույն ուսումնական հաստատության կրթության երրորդ աստիճան:

     

    Առցանց հայտագրումն իրականացվում է երկու քայլով.

     

    Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am հարթակ եւ բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:

     

    Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում եւ https://my.emis.am հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում:

     

    Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, մեկ անգամ եւս խորհուրդ ենք տալիս մինչեւ հայտագրման մեկնարկը գրանցվել եւ համակարգում անցնել նույնականացում, որից հետո հնարավոր կլինի երեխային հայտագրել ձեր նախընտրած դպրոցում:

     

    Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չէ միաժամանակ մուտք գործել համակարգ եւ հայտագրել երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով։

     

    Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաեւ դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է եւ հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։ 

     

    Ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

     

     

  • Մատենադարանում կանցկացվի Հայագիտական միջազգային երրորդ կոնգրեսը

    Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 22–ից 24-ը Մատենադարանում կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը։

    Այն համախմբելու է 16 երկրների առաջատար համալսարանների եւ գիտական հաստատությունների գիտնականների եւ մասնագետների։

     

    3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը նվիրվում է Մխիթար Սեբաստացու 350-ամյակին:

     

    «Կոնգրեսի նպատակներն են՝ տեսանելի դարձնել հայագիտության ոլորտում ընթացող փոխակերպումները, ապահովել գիտական համայնքի բարձր իրազեկվածությունը, խթանել համագործակցությունը եւ համադրել հայագիտության պետական քաղաքականությունը միջազգային հայագիտության առաջնահերթությունների հետ», – հայտնում են Մատենադարանից։

     

    Կոնգրեսի շրջանակում կբացվի «1 տարվա Հավերժությունը – Գ. Մատենադարանի ձեռագրական  համալրումները» ցուցադրությունը։

  • Մանկական անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը՝ «Ուիգմոր»-ի առաջնագիծ

    Երբ խոսքն առողջության, առավել եւս՝ երեխայի առողջության մասին է, յուրաքանչյուր րոպեն կարող է որոշիչ լինել։ Բարձր ջերմություն, ծանր վնասվածք կամ ցանկացած այլ վտանգավոր իրավիճակ ծնողների համար վերածվում է ամենամեծ փորձության։ Այդ պահին չափազանց կարեւոր է ոչ միայն արագ հասնել հիվանդանոց, այլեւ՝ լինել վստահ, որ մուտքի առաջին վայրկյանից գործում է համակարգ, որում յուրաքանչյուր քայլ եւ որոշում ծառայում է մեկ նպատակի՝ հնարավորինս արագ եւ արդյունավետ փրկել երեխայի կյանքն ու առողջությունը։

     

    «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի մանկական անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը (ԱԲԲ ) ստեղծվել է հենց այս գաղափարի շուրջ։ Գործելով 2022թ. դեկտեմբերից՝ բաժանմունքն առաջարկում է շուրջօրյա բազմամասնագիտական ծառայություն, որը համադրում է միջազգային լավագույն փորձն ու բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների աշխատանքը՝ ապահովելով արագ եւ բարձրորակ բուժօգնություն անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող երեխաներին։ 

     

    Մեդիամաքսի հետ զրույցում «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի մասնագետները պատմել են բաժանմունքի ստեղծման, դրա գործունեության մասին, ինչպես նաեւ՝ անդրադարձել ազդեցությանը, որ այն կարող է ունենալ Հայաստանի առողջապահական համակարգի վերափոխման վրա։ 

     

    «Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը մանկական առողջապահության ապահովության երաշխիքն է»

     

    Տաթեւիկ Քոլոյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի զարգացման գծով տնօրեն

     

    Մանկական անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ստեղծելու նպատակ ունեցել ենք այս հիվանդանոցի նախագծման պահից: Դեռ Մեդիամաքսի հետ առաջին հանդիպմանն ասել էի, որ «Ուիգմոր»-ը մանկական առողջապահության մեջ համակարգային փոփոխություն բերելու տեսլական ունի, նաեւ՝ մեծ ներուժ (ժպտում է – հեղ.)

    Տաթեւիկ Քոլոյանը Տաթեւիկ Քոլոյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր եւ համագործակցություններ իրականացրել ենք հենց այս ուղղությամբ, իսկ մանկական անհետաձգելի բուժօգնությունը մշտապես եղել է զարգացման թիրախային ուղղություն: Շատ ուրախ եմ այսօր արձանագրել, որ կարողացել ենք ակնհայտ առաջընթաց ապահովել ոչ միայն մեզ, այլեւ՝  Հայաստանի մանկական առողջապահության ոլորտի համար։ 

     

    Առողջապահական համակարգը պարտավոր է պատրաստ լինել շտապ իրավիճակների: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքն (ԱԲԲ) ասես մանկական բուժօգնության երաշխիքը լինի, քանի որ հենց այդ պահին առաջնային, ճիշտ եւ որակյալ բուժօգնության տրամադրումից է կախված բուժման  հետագա ընթացքը։ Կատարյալ համակարգում որակյալ անհետաձգելի բուժօգնությունը հասանելի է ցանկացած երեխայի՝ անկախ բնակության վայրից կամ օրվա ժամից: 

     

    «Պետք է լրացնել մանկական անհետաձգելի բուժօգնության ոլորտում առկա կրթական բացը»

     

    Տաթեւիկ Քոլոյան

     

    Չնայած այս ուղղությամբ տեսանելի առաջընթացին՝ մանկական անհետաձգելի բուժօգնությունը Հայաստանում դեռեւս ձեւավորման փուլում է։ Ցավոք, չունենք ամբողջական կրթական համակարգ, որը պատրաստում է մանկական անհետաձգելի բուժօգնության բժիշկներ եւ բուժաշխատողներ։ Միեւնույն ժամանակ, լավ մանկական հիվադնանոցը պետք է ունենա շուրջօրյա եւ ամբողջ ծավալով գործող անհետաձգելի բուժօգնության բաժանմունք՝ համալրված համապատասխան պատրաստվածություն ունեցող բազմամասնագիտական թիմով, ժամանակակից սարքավորումներով եւ հստակ կազմակերպված աշխատանքային գործընթացներով։ 

    Անի Պետրոսյանը, Հրաչուհի Ղազարյանը եւ Տաթեւիկ Քոլոյանը Անի Պետրոսյանը, Հրաչուհի Ղազարյանը եւ Տաթեւիկ Քոլոյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս բացը եւ դրա պահանջարկը մեր երկրում հիմք հանդիսացան, որ տվյալ ուղղությունն ի սկզբանե լինի մեր միջազգային համագործակցությունների առանցքում:  

     

    Valley Children’s Healthcare ԱՄՆ մանկական հիվանդանոցի հետ համագործակցությունը սկսվեց 2023 թվականին՝ մանկական անհետաձգելի բուժօգնության մեր բժիշկների առաջին այցով։ 2023թ.-ից մինչ օրս մանկական անհետաձգելի բուժօգնության զարգացումը, համաձայն միջազգային ստանդարտների, շարունակում է մնալ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի եւ Valley Children’s Healthcare-ի արդեն պաշտոնական համագործակցության թիրախային առաջնահերթություն:

     

    «Ուիգմոր»-ի ԱԲԲ-ի ձեւավորման փուլից առ այսօր մեր անհետաձգելի բուժօգնության բժիշկներն ու բուժքույրերն անցնում են շարունակական վերապատրաստումներ՝ սովորելով եւ տեղայնացնելով ոլորտի միջազգային լավագույն փորձը։ ԱԲԲ բուժանձնակազմը մի քանի անգամ արդեն մասնագիտական այցով մեկնել է ԱՄՆ՝ տեղում ծանոթանալու անհետաձգելի բաժանմունքի աշխատանքին։ Կարեւոր է, որ համագործակցությունը չի սահմանափակվում միայն վերապատրաստմամբ․ այն նաեւ հնարավորություն է տալիս առանձին դեպքերում խորհրդակցել ԱՄՆ բժիշկների հետ, քննարկել բարդ իրավիճակները եւ գտնել լավագույն լուծումները։

     

    Այս համագործակցության հաջողության հիմքում, իհարկե, նաեւ թիմի պատրաստակամությունն է սովորելու, էլ ավելի հմտանալու եւ զարգացնելու ծառայությունը՝ առօրյա ծանրաբեռնված աշխատանքին զուգահեռ։  

     

    «Ժամանակը կարող է որոշիչ լինել»

     

    Հրաչուհի Ղազարյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով տնօրեն

     

    Մեր սկզբնական նպատակն էր հիմնել բազմապրոֆիլ, ժամանակակից մանկական հիվանդանոց, եւ դրա իրագործումն անհնար կլիներ առանց Մանկական անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի։ 

    Հրաչուհի Ղազարյանը Հրաչուհի Ղազարյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Միջազգային գործընկերների հետ ԱԲԲ ձեւավորման շուրջ քննարկումները սկսել ենք հիվանդանոցի շենքի նախագծման փուլից, քանի որ այս բաժանմունքի դեպքում չափազանց կարեւոր են դրա դիրքը, մատչելիությունն ու ենթակառուցվածքների հասանելիությունը։ 

     

    Արդյունքում այսօր ունենք համաշխարհային լավագույն փորձի վրա հիմնված ԱԲԲ, որտեղ բուժառուի մուտքից սկսած ամեն քայլ նախագծված է։ Այս մասին վկայող միայն մեկ օրինակ բերեմ. ԱԲԲ-ում ունենք վերակենդանացման սենյակ, որտեղ կատարվում է ծանր եւ ծայրահեղ ծանր առողջական վիճակով բուժառուների կայունացումը եւ հենց տեղում ապահոված է մուտք համակարգչային շերտագրության (ՀՇ) սենյակ։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այսինքն, կարիք չկա բուժառուին տեղափոխել այլ հարկ, բաժին, մասնաշենք։ Այս երկու հատվածն իրար հետ կապված են միայն մեկ դռնով, իսկ այս պարագայում՝ մեկ դուռը ժամանակ է, որը կարող է որոշիչ լինել։ 

     

    Մանկական անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը՝ հիվանդանոցի առաջնագիծ

     

    Հրաչուհի Ղազարյան 

     

    Այսօր գործող ԱԲԲ-ի թիկունքում փոքր քայլերից կազմված երկար ճանապարհ է։ Աշխատանքի մեկնարկից ի վեր բաժանմունքում կրկնապատկվել են՝ թե՛ տեխնիկական հնարավորությունները, թե՛ մասնագիտական ներուժը։ Կարեւոր չէ՝ բուժառուն ԱԲԲ կգա երկուշաբթի առավոտյան, թե՝ կիրակի ուշ գիշերը, նրան կդիմավորեն նույն պատրաստվածությամբ եւ անհրաժեշտ մասնագիտացումներով բժիշկներ։ Օրինակ, եթե բաժանմունք ընդունվի երեխա, որն ունի վիրաբույժի կամ վնասվածքաբանի շտապ զննման կարիք, նա ոչ մի դեպքում չի սպասի մինչեւ առավոտ, որպեսզի համապատասխան մասնագետը գա աշխատանքի։ Բոլոր անհրաժեշտ մասնագետները հիվանդանոցում հասանելի են շուրջօրյա (24/7) եւ ցանկացած պահի պատրաստ ներգրավվել բաժանմունք ընդունվող երեխաների բուժման գործընթացում։ 

    ԱԲԲ անձնակազմը ԱԲԲ անձնակազմը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս առումով փոքր-ինչ շեղվել ենք համաշխարհային մոդելից։ Ընդունված է, որ անհետաձգելի բուժօգնության բժիշկն աշխատում է բոլոր ուղղություններով՝ կատարելով թե՛ կոտրվածքի անշարժացում, թե՛ վերքի մշակում կամ վիրաբուժական գնահատում։ Ինչպես նշվեց, Հայաստանում դեռեւս առկա է մանկական անհետաձգելի բուժօգնության մասնագետների պատրաստման խնդիր, քանի որ համալսարաններում նման մասնագիտությամբ կրթական ծրագրեր չեն իրականացվում։ Այդ մարտահրավերը հաղթահարելու համար մեր կենտրոնում ապահովել ենք բոլոր անհրաժեշտ նեղ մասնագետների շուրջօրյա հասանելիությունը, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի կազմակերպել բազմամասնագիտական եւ արդյունավետ բուժօգնություն։ 

     

    Մեր երկրում կան համապատասխան օրենսդրական ակտեր, որոնք սահմանում են անհետաձգելի իրավիճակների, հիվանդությունների ցանկ՝ դրանցով պայմանավորված բժշկական օգնությունը եւ սպասարկումը ներառելով համապատասխան ծածկույթում։ Այնպես որ, եթե բուժառուները դիմում են հենց այս ցանկում ընդգրկված խնդիրներով, ընտանիքը որեւէ ֆինանսական բեռ չի կրում, ինչը եւս շատ կարեւոր է նման սթրեսային իրավիճակներում։

     

    Անհետաձգելի բուժօգնության արդյունավետ կազմակերպման գործում առանցքային դեր ունի ոչ միայն բժշկական թիմը, այլեւ՝ բուժքույրերը, բուժակները եւ ընդունարանի աշխատակիցները։ Նրանք վայրկյանների ճշգրտությամբ, առանց ժամանակ կորցնելու, իրականացնում են անհրաժեշտ փաստաթղթավորումը, կատարում առաջնային գնահատում եւ ապահովում բուժօգնության անխափան ընթացքը։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այսօր «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի Մանկական անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը հստակ համակարգված եւ արդյունավետ գործող մեխանիզմ է՝ բազմամասնագիտական համագործակցության ամուր շղթա։ Հենց այդ ներդաշնակ աշխատանքի շնորհիվ մեր երեխաները ստանում են ժամանակին, անվտանգ եվ բարձրորակ բուժօգնություն։ Հաճախ ենք ասում, որ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը մեր հիվանդանոցի առաջնագիծն է. որքան ուժեղ եւ կազմակերպված է առաջնագիծը, այնքան կայուն եւ արդյունավետ է գործում ամբողջ համակարգը։ 

     

    «ԱԲԲ-ում յուրաքանչյուր մասնագետ հստակ գիտի իր դերը, գործողությունների հաջորդականությունն ու ժամանակը»

     

    Անի Պետրոսյան, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի Մանկական անհետաձգելի բուժօգնության ծառայության պատասխանատու

     

    «Առաջնագծում»՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, զբաղվում ենք երեխաների առողջական այն խնդիրներով, որոնք պահանջում են շտապ բժշկական միջամտություն։

     

    Ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, շտապօգնության կամ անձնական մեքենայով, օրվա ցանկացած ժամին տեղափոխված բուժառուների օգնությունը կազմակերպված է այնպես, որ երեխան բաժանմունք մուտք գործելու առաջին իսկ պահից չկորցնի ոչ մի վայրկյան։ 

    Անի Պետրոսյանը Անի Պետրոսյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Բուժառուի ճանապարհը սկսվում է ընդունարանում՝ «Արմեդ» համակարգում գրանցմամբ։ Դրան հաջորդում է տրիաժը՝ առաջնային գնահատման կարեւորագույն փուլը։ Տրիաժի ընթացքում հավաքագրվում են անհրաժեշտ տվյալները, գնահատվում է երեխայի վիճակը եւ որոշվում սպասարկման առաջնահերթությունը։ 

     

    Կարեւոր է ընդգծել, որ եթե բաժանմունքում կան ավելի ծանր վիճակում գտնվող բուժառուներ, եւ մյուսները ստիպված են սպասել, տրիաժ մենեջերը պարբերաբար վերագնահատում է վերջիններիս առողջական վիճակը։ Դա թույլ է տալիս ժամանակին նկատել փոփոխությունները եւ, անհրաժեշտության դեպքում, վերանայել սպասարկման առաջնահերթությունը։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Տրիաժից հետո ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բուժառուներն անմիջապես տեղափոխվում են հակաշոկային թերապիայի սենյակ (վերակենդանացման սենյակ), որտեղ վայրկյանների ընթացքում մոբիլիզացվում է ամբողջ թիմը եւ նախապես մշակված, փորձարկված սցենարով իրականացվում են համապատասխան միջոցառումները։ Այստեղ յուրաքանչյուր մասնագետ հստակ գիտի իր դերը, գործողությունների հաջորդականությունն ու ժամանակը։ 

     

    Տրիաժի գնահատմամբ ավելի թեթեւ դեպքերում բուժառուն ստանում է առաջնային բուժօգնություն, կատարվում են նշանակումներ, որից հետո բժիշկը որոշում է երեխայի հետագա բուժման անհրաժեշտությունը: Նա կարող է բուժառուին ուղարկել տուն՝ համապատասխան ցուցումներով, կամ թողնել Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում կարճատեւ՝ մինչեւ 24 ժամ  հոսպիտալացման համար։

     

    «Եթե նույնիսկ կասկածում եք՝ անպայման դիմե՛ք բուժօգնության» 

     

    Անի Պետրոսյան

     

    ԱԲԲ ամենից հաճախ դիմում են տրավմաների, ցնցումների, շնչուղիների խցանման, անկառավարելի բարձր ջերմության եւ այլ սուր վիճակների դեպքում։

     

    Եթե երեխայի վիճակը չի պահանջում շտապ միջամտություն եւ նրա առողջությանը կամ կյանքին անմիջական վտանգ չի սպառնում, ավելի նպատակահարմար է դիմել համապատասխան մասնագետի եւ կազմակերպել այցը պլանային կարգով։ Միեւնույն ժամանակ, շատ լավ հասկանում ենք, որ ծնողների համար իրենց երեխայի առողջության հետ կապված ցանկացած խնդիր անհետաձգելի է թվում։ Դա լիովին բնական է, հատկապես, երբ խոսքն առաջին երեխայի մասին է եւ ծնողները դեռ այնքան էլ փորձառու չեն (ժպտում է – հեղ.)։ Հենց այդ պատճառով, եթե նույնիսկ կասկածում եք՝ այս պահին դիմե՞լ բուժօգնության, թե՞ սպասել հաջորդ օրվան, անպայման դիմե՛ք: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Յուրաքանչյուր իրավիճակ անհատական է: Օրինակ, եթե ութ տարեկան երեխայի դեպքում պայմանական 38°C ջերմությունը կարող է լուրջ վտանգ չներկայացնել, ապա երկու ամսական նորածնի պարագայում նույն ջերմությունը կարող է վկայել անհապաղ բժշկական միջամտություն պահանջող վիճակի մասին։   

     

    Բուժօգնության դիմելու ճանապարհը կարող է տարբեր լինել։ Մեզ մոտ հաճախ են տեղափոխվում նաեւ Շտապօգնության ծառայության կողմից բերված երեխաներ։ Ի գիտություն ծնողների նշենք, որ կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակներում բուժառուն տեղափոխվում է ամենամոտ բժշկական հաստատություն։ Սակայն, եթե նման վտանգ չկա, ծնողը կարող է ընտրել՝ որ բժշկական կենտրոն տեղափոխվի իր երեխան, այդ թվում՝ Շտապօգնության մեքենայով։ 

     

    «Սթրեսի ազդեցության տակ ընկնելու ժամանակ չկա»

     

    Անի Պետրոսյան

     

    Արտակարգ իրավիճակների համար եւս ունենք մշակված սցենարներ, օրինակ՝ հակաշոկային թերապիայի նոր տարածքներ ծավալելու հնարավորություն։ Ցավոք, արդեն հասցրել ենք աշխատել նման պայմաններում եւ մեծ հույս ունենք, որ, անկախ մեր պատրաստվածությունից, դրա կարիքն այլեւս չի լինի։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Երեխաների հետ կապված ծանր դեպքերին անընդհատ առնչվելը շատ սթրեսային է, բայց թիմի յուրաքանչյուր անդամ գիտի՝ այդ պահին պետք է հստակ կատարել նախատեսված գործողությունները։ Ծանր դեպք ընդունելու պարագայում սթրեսի ազդեցության տակ ընկնելու ժամանակ չկա, որովհետեւ այդ վայրկյանները կարող են կյանք արժենալ։ 

     

    Իհարկե, յուրաքանչյուր ծանր դեպք իր ազդեցությունն է թողնում։ Բարեբախտաբար, հիվանդանոցում գործում է հոգեբանական աջակցություն, իսկ թիմի ներսում ձեւավորված փոխօգնությունը կարեւոր է վերականգնվելու եւ աշխատանքը շարունակելու համար։

     

    Հասկանում ենք նաեւ ծնողների էմոցիաները նման պահերին։ Եթե մեզ համար սա բժշկական դեպք է, ապա ծնողի համար՝ շատ ծանր իրավիճակ։ Այդ պատճառով փորձում ենք լինել հնարավորինս էմպատիկ եւ ձեւավորել ծնող-բուժաշխատող վստահությունը։ 

     

    «Պահպանել ամենաթանկը՝ երեխաների առողջությունը»

     

    Տաթեւիկ Քոլոյան 

     

    Հայաստանի առողջապահական համակարգին առնչվում եմ թե՛ որպես ոլորտի մասնագետ, թե՛ որպես ծնող։ Մեր ձգտումն է տեսանելի ապագայում յուրաքանչյուր ծնողի մոտ ձեւավորել ապահովության զգացում, որ իր երեխայի առողջության հետ կապված ցանկացած անհետաձգելի իրավիճակում 

    24/7 ռեժիմով կարող է մոտենալ մասնագիտացված բաժանմունք եւ ստանալ լավագույն բուժօգնություն։ 

     

    Ընդ որում, իմ մեծ ցանկությունն է, որ այն հասանելի դառնա ողջ երկրում՝ ոչ միայն Երեւանում։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Ուիգմոր»-ը միշտ բաց է կիսելու իր փորձը նաեւ գործընկերների հետ, քանի որ գլխավոր նպատակը մեկն է՝ զարգացնել հայաստանյան առողջապահական համակարգը, հատկապես՝ մանկական բուժօգնության ոլորտում։ 

     

    Յանա Շախրամանյան

    Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

  • Թոմ Ռոդս. «Եթե ուսանող լինեի, կընտրեի Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսը»

    Ուսանողների համար, ովքեր փնտրում են հեղինակավոր բրիտանական կրթություն առանց բրիտանական բարձր գների, Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսը (University of York Europe Campus, CITY U.L.E) կատարյալ ընտրություն է. այն համատեղում է ակադեմիական գերազանցությունը կյանքի մատչելի պայմանների հետ։

     

    Մեդիամաքսը զրուցել է Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսի միջազգային կապերի բաժնի ղեկավար Թոմ Ռոդսի հետ հայ ուսանողների համար հասանելի եզակի հնարավորությունների, կամպուսի՝ Յորքի համալսարանի հետ ինտեգրված գործառնական մոդելի եւ Հունաստանում դրա կարգավիճակի շուրջ վերջին զարգացումների մասին:

     

    – Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսը բակալավրի եւ մագիստրատուրայի բարձրակարգ կրթական ծրագրեր է առաջարկում Հունաստանի Սալոնիկ քաղաքում՝ բրիտանական կրթությունը դարձնելով շատ ավելի հասանելի հայ ուսանողների համար: Կարո՞ղ եք ներկայացնել ներկայումս հասանելի ծրագրերը եւ այն առավելությունները, որ տալիս է Սալոնիկում սովորելը։ 

     

    – Կամպուսում գործում են երեք ֆակուլտետներ։ Առաջինը Բիզնեսի ֆակուլտետն է (School of Business), որն առաջարկում է ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ծրագրեր, ներառյալ բիզնես կրթության ընդունված աստիճաններ՝ տարբեր մասնագիտացումներով, մի շարք մագիստրոսական ծրագրեր, այդ թվում՝ նեյրոմարքեթինգ, բիզնես վերլուծություն եւ որոշումների կայացման գիտություն, ինչպես նաեւ մեր առաջատար ծրագիրը՝ Համաեվրոպական Executive MBA-ը։ Գիտեմ, որ վերջինս շատ պահանջված է Հայաստանում:

     

    Երկրորդը Գիտական ֆակուլտետն է (School of Science)։ Այն բաղկացած է հոգեբանության եւ համակարգչային գիտությունների բաժիններից, որոնք առաջարկում են թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսական ծրագրեր։ Հատկանշական է, որ դրանք հավատարմագրված են Մեծ Բրիտանիայի մասնագիտական կառույցների՝ Բրիտանական հոգեբանական ընկերության (British Psychological Society) եւ Բրիտանական համակարգչային ընկերության (British Computer Society) կողմից:

     

    Եվ, վերջապես, ունենք նաեւ Իրավագիտության եւ հումանիտար գիտությունների ֆակուլտետ (School of Law & Humanities): Իրավագիտության բակալավրի ծրագիրը դասավանդվում է հիմնականում հունարենով եւ կենտրոնացած է հունական իրավունքի վրա, բայց մենք առաջարկում ենք անգլերենով դասավանդվող մագիստրոսական ծրագիր եվրոպական եւ միջազգային բիզնես իրավունքի ոլորտում: Հումանիտար գիտությունների բաժնում մենք առաջարկում ենք Անգլերեն լեզու, լեզվաբանություն եւ գրականություն ու Հաղորդակցություն եւ թվային մեդիա ծրագրերը, ինչպես նաեւ Կիրառական լեզվաբանության մագիստրոսի աստիճան՝ TESOL որակավորմամբ:

     

    (Բակալավրի եւ մագիստրատուրայի ծրագրերի ամբողջական ցանկը հասանելի է Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսի կայքում):

     

    Յորքի համալսարանը բարձր վարկանիշ ունեցող բրիտանական համալսարան է, որը հեղինակավոր Russell Group-ի անդամ է (ամերիկյան Ivy League-ի բրիտանական համարժեքն է), եւ մենք լինելով այս համալսարանի եվրոպական կամպուսը՝ պահպանում ենք շատ բարձր ակադեմիական ստանդարտներ: Մենք առավելագույնս հավատարիմ ենք մնում բրիտանական կրթական համակարգին, բայց նաեւ հաղորդում ենք վառ արտահայտված միջազգային տեսլական։

     

    Գեղեցիկ, ծովափնյա Սալոնիկ քաղաքում բրիտանական կրթություն ստանալը բազում առավելություններ է տալիս։ Նախ, այն կենսուրախ, ուսանողակենտրոն քաղաք է՝ ավելի քան 100 000 ուսանողով, որն առաջարկում է ապրելակերպի հիանալի պայմաններ եւ զգալիորեն ավելի մեղմ կլիմա, քան Մեծ Բրիտանիայում է: Բացի այն հանգամանքից, որ ապրելու ծախսերը շատ ավելի ցածր են Մեծ Բրիտանիայի համեմատ, մեր ուսման վարձերը կազմում են մոտավորապես մեկ երրորդն այն գումարի, որը միջազգային ուսանողները կվճարեին Մեծ Բրիտանիայում սովորելու համար:

     

    Ավելին, մեր կամպուսն իսկապես միջազգային է: Մեր ուսանողների կեսից ավելին հույն չեն, ինչը նշանակում է, որ անգլերենը մեր ընդհանուր լեզուն է: Ուսանողների մեծ մասի եւ անգամ աշխատակազմի համար անգլերենը մայրենի լեզու չէ, ուստի կարելի է ասել, որ բոլորը նույն նավի մեջ են։ Սա ստեղծում է շատ հյուրընկալ միջավայր եւ ուսանողներին ավելի հարուստ փորձ է տալիս, քանի որ նրանք կապեր են հաստատում աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդկանց հետ:

     

    – Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի շրջանավարտները ստանում են ճիշտ նույն ավարտական վկայականը, ինչ Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում սովորողները: Կարո՞ղ եք մանրամասնել երկու կամպուսների միջեւ ակադեմիական եւ գործառնական կապը: Գործնականում ինչպե՞ս է աշխատում այս ինտեգրված մոդելը:

     

    – Մենք լիովին ինտեգրված ենք Յորքի համալսարանի կառավարման համակարգին: Իրականում, Յորքի համալսարանի պրոռեկտորներից մեկը, որը ավագ ղեկավար կազմի անդամ է, նաեւ հանդես է գալիս որպես մեր ակադեմիական ղեկավար: Սա ուղիղ հաշվետվողականության կապ է ստեղծում Յորքի համալսարանի գործադիր խորհրդի հետ: Շատ առումներով մենք գործում ենք որպես Յորքի եւս մեկ բաժին, որը պարզապես գտնվում է այլ երկրում:

     

    Ղեկավար մակարդակից բացի, մենք սերտ կապեր ենք պահպանում մեր գործընկեր բաժինների հետ: Յորքի յուրաքանչյուր բաժին նշանակում է հատուկ համակարգողի, որն աշխատում է մեզ հետ: Սա դասընթացները շարունակաբար կատարելագործելու եւ փորձով փոխանակվելու հնարավորություն է ստեղծում։ 

     

    Մենք սովորում ենք նրանց նոր, հետաքրքիր նախաձեռնություններից, եւ փոխադարձաբար, նրանք են սովորում մեր նորարարական դասավանդման մեթոդներից, ինչպես նաեւ ընդարձակ միջազգային ուսանողական համայնքի հետ աշխատելու մեր հարուստ փորձից: Սա իրական փորձի փոխանակում է։

    Թոմ Ռոդսը Թոմ Ռոդսը

    Լուսանկարը` անձնական արխիվից

    Առանցքայինը բարձր որակի ապահովումն է: Մեր բոլոր դասընթացներն ու ուսանողների արդյունքներն ուղղակիորեն անցնում են Յորքի համալսարանի վերստուգման խիստ գործընթացներով: Ինչպես Միացյալ Թագավորության բոլոր համալսարանները, մենք նույնպես աշխատում ենք արտաքին քննողների համակարգով, որով այլ առաջատար համալսարանների անկախ ակադեմիկոսները նշանակվում են՝ գնահատելու մեր ծրագրերը եւ հավաստելու, որ մեր չափանիշներն ու ուսանողների գրանցած արդյունքները լիովին համադրելի են Մեծ Բրիտանիայի լավագույն հաստատություններում շնորհվող ավարտական վկայականների հետ:

     

    Այն, որ ես ապրում եմ Մեծ Բրիտանիայում, բայց միեւնույն ժամանակ երկար ժամանակ եմ անցկացնում Հունաստանում, նկարագրում է նաեւ համալսարանում իմ դերի որոշակի մասը, այն է՝ ապահովել սերտ աշխատանքային հարաբերությունների զարգացումն այս երկու վայրերում։ Այս անխափան համագործակցությունն ապահովելու համար յուրաքանչյուր բաժին անմիջական կապ ունի մայր համալսարանի հետ՝ սկսած մեր փոխնախագահից, որը կանոնավոր կերպով շփվում է Յորքի ավագ ղեկավարության հետ, մինչեւ ուսանողների աջակցության, կարիերայի կենտրոնի եւ գրադարանի ամենօրյա շփումները։

     

    – Իսկ ի՞նչ կասեք պրոֆեսորադասախոսական կազմի մասին: Ձեր դասախոսները Մեծ Բրիտանիայի՞ց են հրավիրվում աշխատանքի, թե՞ տեղում՝ Հունաստանում են ընտրվում:

     

    – Մեր դասախոսները հիմնականում ընտրվում են Հունաստանից: Թեեւ նրանց մեծ մասը հույներ են, մեր պրոֆեսորադասախոսական կազմը խիստ միջազգային է՝ ներառելով մասնագետների Ֆրանսիայից, Իսպանիայից, Կանադայից եւ ԱՄՆ-ից: Ավելին, մեր հույն դասախոսներից շատերը սովորել են Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում, կամ էլ աշխատել են արտասահմանյան համալսարաններում, ուստի նրանք իրենց հետ լսարան են բերում համաշխարհային հարուստ փորձ:

     

    Մենք նաեւ ակտիվորեն ներգրավում ենք Յորքի գլխավոր կամպուսի աշխատակազմին: Նրանք այցելում են Սալոնիկ՝ հաճախ իրենց հետ բերելով ուսանողներին, եւ պարբերաբար հանդես են գալիս որպես հրավիրյալ դասախոսներ՝ լինի դա առկա, թե առցանց ձեւաչափով: Բացի այդ, մենք կանոնավոր կերպով համագործակցում ենք հետազոտական նախագծերի շուրջ:

     

    – Հունաստանի կրթության ոլորտում վերջին օրենսդրական փոփոխությունները որոշակի կարգավիճակային փոփոխություններ են բերել նաեւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսին։ Կարո՞ղ եք հակիրճ բացատրել, թե ինչ է փոխվել։

     

    – Շատ առումներով ոչինչ չի փոխվել. մենք շարունակում ենք մնալ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը։ Այնուամենայնիվ, հունական օրենսդրության վերջին փոփոխությունները հնարավորություն տվեցին մասնավոր հաստատություններին դիմել համալսարանի կարգավիճակ ստանալու համար: Յորքի համալսարանը հայտ ներկայացրեց իր եվրոպական կամպուսը Հունաստանում որպես U.L.E՝ համալսարանական իրավաբանական անձ ճանաչելու նպատակով։ Անցյալ տարի մենք պաշտոնապես ստացանք լիցենզիա հիմնելու Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY U.L.E.-ը՝ որպես Սալոնիկում գործող ոչ պետական, շահույթ չհետապնդող համալսարան՝ Աթենքում լրացուցիչ մասնաշենքերով:

     

    Գնահատման գործընթացը խիստ էր։ Տասներկու հաստատություն էր դիմել այս կարգավիճակի համար, եւ միայն չորսի հայտը հաստատվեց։ Մենք անչափ հպարտ ենք այդ չորսի շարքում լինելու համար։ Այս ձեռքբերումն էլ ավելի է ամրապնդում մեր դիրքը որպես Հունաստանում բարձրագույն կրթություն տրամադրող առաջատար մասնավոր հաստատություն:

     

    Այս փոփոխության ամենանշանակալի ազդեցությունն իրականում հույն ուսանողների վրա է: Այժմ նրանք կարող են ընդունվել Յորքի համալսարանի եվրոպական կամպուս՝ հանձնելով իրենց ազգային ընդունելության քննությունները՝ ճիշտ այնպես, ինչպես կանեին Հունաստանի պետական համալսարան դիմելիս: Բացի այդ, եթե մեր շրջանավարտները ցանկանան շարունակել իրենց կրթությունը Հունաստանի այլ համալսարաններում, նրանք ոչ մի խոչընդոտի չեն բախվի:

     

    Հունաստանի պետական հավատարմագրում ստանալը մեզ թույլ է տալիս նաեւ դիմել պետական ֆինանսավորման ծրագրերի՝ նախատեսված հետազոտական աշխատանքի համար, ինչի շնորհիվ կկարողանանք էլ ավելի զարգանալ:

     

    Միջազգային ուսանողների համար, ներառյալ հայ ուսանողների, հիմնական փոփոխությունն այն է, որ բակալավրիատի մեր ծրագրերն այժմ քառամյա են՝ ստանդարտ բրիտանական եռամյա կրթության փոխարեն, քանի որ մենք այժմ լիովին ինտեգրված ենք հունական համակարգին: Այս հանգամանքին հարմարվելու նպատակով մենք հարստացրել ենք առաջին կուրսի ծրագիրը՝ ապահովելով ավելի սահուն մուտք համալսարանական կյանք: Սկզբնական շրջանում անգամ լավագույն ուսանողները կարող են դժվարությունների բախվել։ Երիտասարդ տարիքում տնից հեռանալը, նոր քաղաքում կողմնորոշվելը եւ բրիտանական կրթական ոճին հարմարվելը, որը հաճախ բավականին տարբերվում է ավագ դպրոցում իրենց ունեցած փորձից, մշակութային մեծ փոփոխություն է: Այս երկարեցված առաջին տարվա ընթացքում մենք, անշուշտ, նրանց ծանոթացնում ենք իրենց հիմնական ակադեմիական առարկաներին, բայց նաեւ հնարավորություն ենք տալիս զարգացնելու ուսումնական եւ սոցիալական կարեւորագույն հմտություններ: Ուսումնական ծրագիրն այս հիմնարար փափուկ հմտություններով (soft skills) հարստացնելով՝ մենք երաշխավորում ենք, որ յուրաքանչյուր ուսանող լիովին պատրաստ լինի հասնելու մեր ակնկալած բարձր ակադեմիական ստանդարտներին։ 

     

    – Եկեք խոսենք նաեւ Հայաստանում ձեր ամենապահանջված ծրագրի՝ Համաեվրոպական Executive MBA-ի մասին, որը համատեղ իրականացվում է Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի եւ Ստրասբուրգի համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կողմից: Ի՞նչ է առաջարկում այս ծրագիրը:

     

    – Դա մեր առաջատար ծրագիրն է: Որպես կառույց՝ մենք այն իրականացնում ենք արդեն ավելի քան 30 տարի: Հայաստանում մենք արդեն նշեցինք մեր առաջին խմբի ընդունելության 10-ամյակը: Միշտ անչափ տպավորված ենք մեր հայ ուսանողներով, եւ նրանք հիանալի գովազդ են մեր աշխատանքի համար: Այնքան երկար ենք իրականացնում այս ծրագիրը, որ մեր վաղ շրջանավարտներից ոմանց երեխաներն արդեն սկսում են ընդունվել բակալավրիատի մեր ծրագրեր, ինչը մշտապես վստահության մեծագույն վկայությունն է: 

    Համաեվրոպական Executive MBA-ի 2025 թվականի հայ շրջանավարտները Համաեվրոպական Executive MBA-ի 2025 թվականի հայ շրջանավարտները

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այն, ինչ MBA-ն իսկապես առաջարկում է, միջազգային բիզնես միջավայր մուտք գործելու հնարավորությունն է: Մենք բերում ենք տեսլականներ ամբողջ Եվրոպայից եւ մնացած աշխարհից՝ ուսանողներին ծանոթացնելով բիզնեսի նորագույն մարտահրավերներին եւ դրանց լուծման համար կիրառվող ժամանակակից ռազմավարություններին: Ավելի կարեւոր է այն, որ նրանք հնարավորություն են ստանում շփվելու իրենց սեփական բիզնես մշակույթից դուրս գտնվող մարդկանց հետ: Սա ստիպում է նրանց փորձարկել սեփական գաղափարները եւ մտածել նորովի՝ առաջ գնալով ինչպես մեր պրոֆեսորադասախոսական կազմի ուղղորդմամբ, այնպես էլ մեր ընձեռած կապերի հաստատման լայն հնարավորությունների միջոցով:

     

    Ծրագրի շրջանակում ուսանողները ուսումնական շաբաթներ են անցկացնում Սալոնիկում, Յորքում եւ Ստրասբուրգում: Այս ուսումնական շաբաթները համախմբում են ուսանողներին մեր տարբեր երկրների մասնաճյուղերից, ինչը նեթվորքինգի հիանալի հնարավորություն է ստեղծում. ուսանողները սովորում են ոչ միայն բիզնեսի տարբեր գործելաոճերի մասին, այլեւ արժեքավոր կապեր եք հաստատում, որոնք կարող են անմիջականորեն օգտակար լինել նրանց սեփական կարիերայի համար:

     

    Մենք երաշխավորում ենք, որ կրթության որակը ճիշտ նույնն է դասավանդման մեր բոլոր վայրերում: Դրա շնորհիվ ուսանողներն ունենում են անհավանական ճկունություն: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը բաց է թողնում մոդուլը Երեւանում, քանի որ գործուղման է մեկնել Բուխարեստ, նա կարող է պարզապես միանալ այնտեղ անցկացվող մոդուլին: Երբ բոլորը հավաքվում են համատեղ ուսումնական շաբաթների համար, բոլոր ուսանողները գտնվում են ճիշտ նույն ակադեմիական մակարդակի վրա:

     

    Ի վերջո, ծրագրի արժեքի ապացույցը մեր շրջանավարտների հաջողությունն է: Մենք ունենք մեծ թվով MBA շրջանավարտներ, որոնք շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում աշխարհի տարբեր երկրներում, հատկապես Հարավարեւելյան Եվրոպայում, եւ դա մեզ համար մեծ հպարտության առիթ է:

     

    – Համաեվրոպական Executive MBA-ը նաեւ ներառում է CMI Level 7 որակավորում: Կարո՞ղ եք բացատրել, թե դա ինչ է ենթադրում:

     

    – CMI Level 7-ը միջազգայնորեն ճանաչված որակավորում է ավագ մենեջերների, տնօրենների եւ ղեկավարների համար։ Այն որակի յուրօրինակ երաշխիք է, որը խոսում է ինչպես ակադեմիական միջավայրի, այնպես էլ բիզնեսի լեզվով։ 

     

    Քանի որ մենք հավատարմագրված ենք CMI-ի կողմից, եւ նրանք ճանաչում են մեր Executive MBA-ը որպես իրենց Ռազմավարական կառավարման եւ առաջնորդության պրակտիկայի 7-րդ մակարդակի վկայական շնորհելուն համապատասխանող կրթություն, մեր ուսանողները այս վկայականին արժանանալու համար որեւէ լրացուցիչ ջանքի կարիք չունեն. մեր ծրագիրը հաջողությամբ ավարտելը բավարար է, որպեսզի դիմեն այս որակավորումը ստանալու համար։

     

    Բիզնես ոլորտում որոշ մարդիկ կարող են փոքր-ինչ վերապահումով վերաբերվել ակադեմիական աշխարհին՝ կարծելով, թե այն կիրառելի չէ կամ կտրված է իրական բիզնես աշխարհից: Մենք գիտենք, որ մեր MBA-ը խորապես արմատավորված է իրական կյանքում, բայց CMI-ն լրացուցիչ ապացույց է, որ մեր ծրագիրը սերտորեն կապված է բիզնես ոլորտի նորագույն զարգացումների հետ:

     

    – Շարունակելով ակադեմիական եւ իրական աշխարհի մասին ձեր միտքը՝ ի՞նչ է սա նշանակում հատկապես հայ ուսանողների համար: Թեեւ աշխարհը գլոբալացման է գնում, Հայաստանի շուկան ունի իր ուրույն պահանջները: Ինչպե՞ս է այս կրթությունն օգնում հայ ղեկավարներին հաղթահարել ինչպես տեղական մարտահրավերները, այնպես էլ գլոբալ ճգնաժամերը:

     

    – Իրականությունն այն է, որ դուք չեք կարող պարզապես շարունակել անել այն, ինչ միշտ արել եք: Քանի որ աշխարհը փոխվում է, ձեր բիզնես միջավայրը եւ ձեր երկիրը նույնպես պետք է զարգանան՝ նոր իրողություններին համապատասխանելու համար:

     

    MBA-ում սովորելը հենց դրա մասին է. ինչպե՞ս եք հարմարվում փոփոխություններին եւ ինչպե՞ս եք կառավարում փոփոխությունները: Դա կարող է լինել ձեր կողմից նախաձեռնված փոփոխություն կամ էլ փոփոխություն, որից տուժել եք։

     

    Անկախ դրանից՝ դուք պետք է ինչ-որ կերպ կառավարեք այն, այլապես չեք զարգանա: Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակներին, որոնցում մենք բոլորս՝ ամբողջ աշխարհով հայտնվում ենք, ապա անկախ նրանից, որ որոշ երկրներ ավելի մոտ են դրանց, քան մյուսները, մենք բոլորս էլ կրում ենք դրանց ազդեցությունը. բոլորիս վրա էլ ազդում են նավթի գները ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ տեղի ունեցողի կամ Ուկրաինայում կատարվողի պատճառով:

     

    Ուստի, նույնիսկ եթե ասեք, որ դա ձեզ հետ ոչ մի կապ չունի, կամ որ դուք այս կամ այն կողմում եք եւ ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, չեք կարող խուսափել դրանից:

     

    Ենթադրում եմ, որ մեծանալուն զուգընթաց բոլորն էլ զգում են սա. թվում է, թե փոփոխությունների տեմպն ավելի ու ավելի է արագանում: Այն ամենը, ինչ մի ժամանակ կայուն էիք համարում, կարող է մեկ գիշերվա ընթացքում փոխվել՝ հաջորդ օրն արթնանում եք, եւ ամեն ինչ այլ է: Դա բավականին վախեցնող է թե՛ Ձեզ համար՝ որպես անհատի, թե՛ Ձեր թիմերի ու աշխատակազմի համար՝ կազմակերպության ներսում:

     

    Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք զարգացնել առաջնորդության այնպիսի որակներ, որոնք կառաջնորդեն մարդկանց փոփոխությունների միջով եւ կխրախուսեն փնտրել առավելություններ ու հնարավորություններ՝ հնարավոր սպառնալիքների մասին զուտ անհանգստանալու փոխարեն:

     

    Ես միշտ շատ նախանձում եմ մեր ուսանողներին։ Սա այն համալսարանական փորձառությունը չէր, որ ես ինքս ունեցել եմ, եւ եթե կարողանայի հետ գնալ եւ կրկին ընտրել, անպայման կնախընտրեի Սալոնիկում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի նման մի վայրում սովորելը:

     

    Թոմ Ռոդսի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը։

     

  • «Լոլա». ինչ գույն ունի այն կորուստը, որը բաց չես թողնում

    Վիշտը կինոյում հաճախ ճանաչելի պատկերներ ունի։ Այն գույները խլում է կադրից, հերոսներին թողնում կիսամութ սենյակներում, լռությունը դարձնում գլխավոր երկխոսություն։ Թամարա Հայրապետյանի «Լոլա»-ն նույն զգացողությանը նայում է հակառակ կողմից։ Այստեղ կորստից հետո աշխարհը չի մթնում։ Ընդհակառակը՝ գույներն ավելի են խտանում, իրականությունն այնքան անիրական է թվում, որ, ինչպես ասում է ռեժիսորը, սկսում ես քեզ զգալ կարծես կրկեսում։

    Թամարա Հայրապետյանը Թամարա Հայրապետյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Երբ մեծ վիշտ է տեղի ունենում, կարծես՝ չես հավատում, որ դա իրական է։ Ամեն ինչ շուրջդ դառնում է ինչ-որ արհեստական, սյուրռեալիստական, ասես կրկեսում լինես։ Չուզեցի, որ կորստից հետո աշխարհը դառնա մոխրագույն։ Ընդհակառակը՝ ուզում էի, որ գույներն ավելի վառ լինեն»,- ասում է Թամարա Հայրապետյանը։

    Լուսանկարը` Կադր ֆիլմից

    Սակայն գույնը «Լոլա»-ում ընդամենը ձեւն է։ Ֆիլմի առանցքում մեկ այլ հարց է՝ հնարավո՞ր է փախչել այն զգացողություններից, որոնք հրաժարվում ես ապրել։ Հարցը ռեժիսորի հետ ապրել է մի քանի տարի՝ անընդհատ վերադառնալով, մինչեւ դարձել է նրա առաջին կարճամետրաժ ֆիլմը։

    Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից

    «Շատ գաղափարներ են գալիս, հետո անհետանում կամ մոռացվում։ Բայց սա տարիներ շարունակ ինձ չէր թողնում։ Երբ հասկացա, որ այն նորից ու նորից վերադառնում է, որոշեցի՝ պետք է նկարեմ այս ֆիլմը», – հիշում է Թամարա Հայրապետյանը։

     

    Ֆիլմի գաղափարական սկիզբը վշտի մասին ընկերական զրույցներն էին։ Հետո Թամարան հանդիպել էր մի առասպելի, որը, ինչպես ինքն է ասում, այլեւս չէր կարողանում մոռանալ։ Այն պատմում էր մի պարուհու մասին, որը կորցրել էր որդիներին եւ նրանց գերեզմանին այնքան էր պարել, մինչեւ ամբողջ ցավը դուրս էր եկել իրենից․ «Այդ պատմությունն ինձ շատ էր տպավորել։ Ես անընդհատ մտածում էի, որ ուզում եմ այս թեմայի շուրջ ինչ-որ բան գրել»։

    Թամարա Հայրապետյանը Թամարա Հայրապետյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Սակայն սցենարը ծնվել է բոլորովին անսպասելի։ Անքնությամբ տառապող Թամարային ընկերուհին խորհուրդ է տվել քնելուց առաջ պարզապես պատկերացնել կերպարին եւ հետեւել, թե ինչ է նա անում․ «Փակեցի աչքերս ու մտածեցի՝ հիմա հաստատ կքնեմ։ Բայց սկսեցի տեսնել Լոլային։ Վերցրի հեռախոսը եւ սկսեցի նշումներ անել։ Այդ գիշեր ընդհանրապես չքնեցի։ Առավոտյան արդեն պատմությունը գրեթե ամբողջությամբ պատրաստ էր»։

    Ֆիլմի պոստերը Ֆիլմի պոստերը

     

    «Լոլա»-ն պատմում է երիտասարդ պարուհու մասին, որը փորձում է ապրել քրոջ կորստից հետո։ Սակայն Թամարայի համար սկզբից կարեւոր էր, որ պատմության հիմքում ռոմանտիկ սիրային պատմություն չլիներ․ «Ես ուզում էի պատմել շատ ուժեղ սիրո մասին, բայց ոչ տղամարդու եւ կնոջ միջեւ։ Ես քույր չունեմ, բայց ունեմ եղբայր։ Մի պահ հասկացա, թե որքան խորն է այդ կապը։ Դա այն զգացողությունն է, որը բառերով չես կարող բացատրել։ Ուղղակի գիտես, որ այդ մարդու համար ամեն ինչ կանես։ Հենց այդ սերն էի ուզում դնել ֆիլմի հիմքում»։

     

    Նրա խոսքով՝ քույրական սերը շատ հազվադեպ է դառնում կինոյի գլխավոր թեման, մինչդեռ այն նույնքան ուժեղ, երբեմն նույնիսկ ավելի ուժեղ զգացում է, քան ռոմանտիկ հարաբերությունները։ Այդ պատճառով էլ Լոլայի կորուստը պետք է լիներ ոչ թե սիրելի մարդու, այլ քրոջ կորուստը։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Ես երկար մտածում էի՝ ում պետք է կորցնի հերոսուհին, որպեսզի իսկապես չկարողանա հանգստանալ։ Պատասխանը քույրն էր»։

    Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից

    Քույրության գաղափարը, հետաքրքիր զուգադիպությամբ, շարունակվել է նաեւ նկարահանման հրապարակում։ Ֆիլմի ստեղծագործական խմբի մեծ մասը կանայք էին, իսկ օպերատոր Քսենյա Սելվիանի քույրը ֆիլմում աշխատել է որպես բեմադրող նկարիչ։

     

    «Ինձ շատ էր դուր գալիս այդ միտքը։ Մենք նկարում էինք ֆիլմ քույրերի մասին, իսկ մեր ստեղծագործական խմբի հիմքում նույնպես քույրեր կային»։

    Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից

    Օպերատոր Քսենյա Սելվիանի հետ համագործակցությունը նույնպես սկսվել էր ինտուիցիայից։ Նրանք ծանոթացել էին կոմերցիոն նկարահանման ժամանակ, եւ Թամարան գրեթե առաջին իսկ օրը հայտարարել էր, որ հենց Քսենյան է նկարելու իր առաջին ֆիլմը։

     

    «Չգիտեմ՝ ինչու էի այդքան վստահ։ Մենք շատ տարբեր մարդիկ ենք, բայց ես տեսնում եմ տաղանդավոր մարդկանց։ Երբ զգում եմ, որ մարդը շատ ուժեղ վիզուալ մտածողություն ունի, ուզում եմ նրա հետ աշխատել»։

    Քսենյա Սելվիան Քսենյա Սելվիան

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Քսենյա Սելվիանն ասում է՝ սցենարը կարդալուց հետո իրեն առաջին հերթին մի բան էր անհանգստացրել․ «Պատմությունը ամբողջությամբ փակված էր ինտերիերների մեջ։ Ես ասացի՝ սա հայկական պատմություն է, մենք հայ ենք, պետք է օգտվենք դրանից։ Եկեք փորձենք ֆիլմի վերջին հատվածը նկարել Հայաստանում, բնության մեջ»։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այդ առաջարկը փոխեց ֆիլմի կառուցվածքը։ Թամարան խոստովանում է՝ հենց այդ պահին հասկացավ, թե ինչ էր պակասում պատմությանը․ «Ես մտածում էի այն մասին, որ, եթե մարդը երկար ժամանակ իր մեջ պահի որեւէ զգացողություն, այն մի օր, միեւնույն է, դուրս կգա։ Երբ Քսենյան առաջարկեց վերջում դուրս գալ բնություն, ամեն ինչ իր տեղն ընկավ։ Հերոսուհին վերջապես դուրս է գալիս այն սահմաններից, որոնց մեջ փակել էր իրեն»։

    Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից

    Թամարա Հայրապետյանի համար այդ բնությունը պարզապես գեղեցիկ տեսարան չէր։ Նրա խոսքով՝ ֆիլմի վերջին հատվածը տեղի է ունենում ոչ այնքան իրական տարածության, որքան Լոլայի ներաշխարհում։

     

    «Այդ վայրը կոնկրետ լոկացիա չէ։ Դա նրա ներքին աշխարհն է։ Այնտեղ է նրա քույրը, այնտեղ է նրա հիշողությունը։ Ես չէի ուզում ֆիլմն ավարտել այն մտքով, որ ամեն ինչ վատ է, հերոսուհին խելագարվել է կամ այլեւս ելք չունի։ Ինձ համար կարեւոր էր հույս թողնել։ Ես հավատում եմ, որ միայն այն ժամանակ, երբ մինչեւ վերջ ապրում ես զգացողությունը, կարող ես բաց թողնել այն»,- ասում է Թամարան։

     

    Ռեժիսորի համար սկզբունքային էր նաեւ, որ այդ ճանապարհը տանի հենց Հայաստան։ Նկարահանումները հնարավոր էր կազմակերպել այլ վայրում, սակայն, ինչպես ինքն է ասում, դա այլեւս նույն պատմությունը չէր լինի։

    Լուսանկարը` Կադր ֆիլմից

    «Ինձ առաջարկում էին ուրիշ լեռներում նկարել։ Բայց ցանկացած մարդ, ով տեսել է Հայաստանը, կհասկանար, որ դրանք մեր լեռները չեն։ Եթե արդեն նկարում ենք լեռներում, պետք է նկարենք այնտեղ, որտեղ պետք է։ Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ անել այդ ամենը»։

    Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից

    Հայկական ինքնությունը «Լոլա»-ում երբեք չի դառնում ցուցադրական։ Այն կառուցված է մանրուքներից։ Ֆիլմում Լոլան քրոջ հետ խոսում է հայերեն, մյուսների հետ՝ ռուսերեն։ Գլխավոր հերոսուհու զգեստի գույները վերցված են Արցախի տարազներից, իսկ նախշերը ձեռագործ են։

    Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից

    «Ֆիլմում գրեթե ամեն ինչ ինքներս ենք պատրաստել։ Պատերին կախված նկարները մեր ձեռքով են արված, տիտրերի նկարներն էլ՝ մեր նկարազարդումները։ Հագուստը հատուկ այս ֆիլմի համար ենք կարել, նախշերը ձեռքով ենք ստեղծել։ Նույնիսկ Լոլայի կաշվե պարային կոշիկները մեզ համար Հայաստանում անվճար կարեցին»։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Ես չէի ուզում Հայաստանը ներկայացնել կարծրատիպերով։ Չէի ուզում պարզապես օգտագործել դրոշի գույները կամ բոլորին ծանոթ խորհրդանիշները։ Ինձ հետաքրքրում էին այն մանրուքները, որոնք հայ հանդիսատեսը կճանաչի առանց բացատրության»։

     

    Գլխավոր դերակատար Ինգա Խաչատրյանի համար Լոլան դարձավ այն հազվագյուտ կերպարներից մեկը, որի հետ նույնականացումը սկսվել էր դեռ քասթինգից։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Ես սովորաբար գնում եմ բոլոր այն քասթինգներին, որտեղ հայկական կերպարներ են փնտրում։ Բայց այս անգամ նյութը կարդալուց հետո զգացի, որ սա իմ կերպարն է, սա իմ մասին է», – հիշում է Ինգա Խաչատրյանը։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Դերի ամենաբարդ հատվածը երեքուկես րոպեանոց եզրափակիչ պարն էր։ Դրա համար դերասանուհին շուրջ կես տարի աշխատել է խորեոգրաֆի հետ՝ երկարատեւ փորձերով։

     

    «Պետք էր ոչ միայն ճիշտ կատարել շարժումները, այլեւ ամեն անգամ նույն ուժով ապրել նույն զգացողությունը։ Ամեն դուբլ ամբողջությամբ պարում էի՝ առանց կանգ առնելու։ Իսկ հետո նույնը պետք է անեի արդեն լեռներում՝ քարերի ու հողի վրա»։

    Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից

    Փոխարենը, Լոլայի երկար լռությունները դերասանուհու համար ավելի բնական էին․ «Ինձ համար դրանք դատարկ լռություններ չէին։ Ես պարզապես ապրում էի այդ զգացողությունը։ Այնքան էի նույնանում Լոլայի հետ, որ թվում էր՝ առանձնապես ոչինչ խաղալու կարիք էլ չկա»։

     

    Ֆիլմի վիզուալ լեզուն նույնպես կառուցված է այդ հակադրության վրա։ Քսենյա Սելվիանը պատմում է, որ ներկայի տեսարաններում ամեն ինչ հնարավորինս վերահսկված ու ստատիկ է, մինչդեռ հիշողությունները նկարահանվել են շարժուն տեսախցիկով եւ բնական լույսով․ «Ներկան կարծես սառած լինի։ Իսկ հիշողությունները շատ ավելի կենդանի են։ Դրանք ամբողջական չեն, հիշվում են մաս-մաս, շարժումով, լույսով»։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ամենաբարդ տեսարանը, նրա խոսքով, թատրոնի պարային դրվագն էր, որտեղ տեսախցիկը երեք րոպե անընդմեջ շարժվում էր դերասանուհու հետ նույն ռիթմով։

     

    «Ես փորձերին ներկա էի, սովորել էի ամբողջ խորեոգրաֆիան, որպեսզի նկարահանման ժամանակ շարժվեի Ինգայի հետ նույն ռիթմով։ Միաժամանակ պետք էր հետեւել լույսին, օպերատորական շարժմանը եւ ամբողջ խմբին»։

    Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից

    Սակայն հենց լեռներում նկարահանումների ժամանակ Քսենյա Սելվիանը որոշել էր հրաժարվել նախապես մտածված լուծումներից․ «Սկզբում աշխատում էինք ստեդիքամով, շարժումները շատ հարթ էին, բայց մի պահ հասկացա, որ այդ հարթ ընթացքը չեմ հավանում։ Վերցրի տեսախցիկը ձեռքս ու առաջարկեցի՝ նկարենք ձեռքով։ Ինգան ամբողջ ուժով պարում էր, ես էլ նրա հետ վազում էի, շարժվում, արձագանքում նրա ռիթմին։ Այդպես կադրերում հայտնվեց այն կենդանի էներգիան, որն ինձ պակասում էր»։

    Լուսանկարը` Կադր ֆիլմից

    Ֆիլմի ամենահիշվող լուծումներից մեկը նաեւ անիմացիան է։ Թամարա Հայրապետյանը պատմում է, որ հենց սկզբից չէր ուզում ողբերգական պահը ներկայացնել սովորական ձեւով․ «Ես շատ եմ սիրում անիմացիան։ Չէի ուզում պարզապես մութ էկրան, մեքենայի ձայներ կամ ուղիղ ցույց տալ վթարը։ Ինձ հետաքրքիր էր այդ պահը դարձնել Լոլայի ներքին աշխարհի մի մասը։ Այդ պատճառով էլ ընտրեցինք կոլաժային անիմացիան»։

     

    Հարցազրույցի վերջում երեք հեղինակներին խնդրեցին խոսել հիշողությունների մասին՝ ոչ թե ֆիլմի, այլ իրենց անձնական կյանքի համատեքստում։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Թամարա Հայրապետյանը խոստովանում է, որ հիշողությունները, որքան էլ կարեւոր լինեն, ժամանակի ընթացքում փոխվում են․ «Մեր հիշողությունները կարող են մեզ խաբել։ Դրա համար ես սիրում եմ օրագիր գրել, լուսանկարել, պահել այն, ինչ զգում եմ հենց այդ պահին։ Հետո վերադառնում եմ դրանց եւ հասկանում, թե որքան եմ փոխվել»։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ինգա Խաչատրյանի համար հիշողությունները մարդու ամբողջ ճանապարհն են․ «Ես հաճախ մտածում եմ, որ այն, ինչ անում եմ հիմա, մի օր դառնալու է իմ հիշողությունը։ Ուզում եմ ապրել այնպես, որ հետո կարողանամ վերադառնալ այդ հիշողություններին՝ առանց ափսոսանքի»։

     

    Իսկ Քսենյա Սելվիանի համար հիշողությունները գրեթե կինո են․ «Միացնում եմ երաժշտություն, ու դրանք սկսում են կադր առ կադր անցնել աչքերիս առաջ։ Երբեմն տխուր են, երբեմն՝ երջանիկ, բայց ես սիրում եմ վերադառնալ դրանց, որովհետեւ հենց այդպես եմ նորից ապրում իմ կյանքը»։

     

    «Լոլա»-ում դեպի բնություն ճանապարհը, ըստ Թամարա Հայրապետյանի, նաեւ վերադարձ է դեպի սեփական արմատները։ Ֆիլմում այդ վերադարձը չի սահմանափակվում միայն Հայաստանի լեռներով կամ ազգային գույներով։ Այն հիշողության, ինքնության եւ սեփական տեղը գտնելու փորձ է։

    Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից

    Զրույցի ավարտին Թամարա Հայրապետյանը վերադառնում է եւս մեկ թեմայի, որն աննկատ ուղեկցում է «Լոլա»-ին։ Ֆիլմը պատմում է կանանց մասին, ստեղծվել է մեծամասամբ կանանց կողմից, բայց, նրա խոսքով, երբեք չի ցանկացել, որ այն ընկալվի պարզապես որպես «կանացի կինո»։

     

    «Ինձ միշտ նյարդայնացրել է, որ «կանացի կինո» արտահայտությունը հաճախ օգտագործվում է որպես մի բան, որն իբր ավելի պարզ է կամ պակաս կարեւոր։ Ինձ շատ է ուրախացնում, որ այսօր ավելի ու ավելի շատ կին ռեժիսորներ կան։ Հատկապես մեր կովկասյան միջավայրում դեռ կա պատկերացում, թե կինը նախ պետք է ընտանիք ստեղծի, երեխաներ ունենա, իսկ հետո նոր մտածի ստեղծագործելու մասին։ Բայց մենք բոլորս ապացույցն ենք, որ մեր հնարավորությունները դրանով չեն սահմանափակվում։ Մենք կարող ենք ստեղծագործել եւ շարունակելու ենք դա անել»։

    Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից

    «Լոլա»-ն այդ խոսքերի ամենաբնական շարունակությունն է։ Ֆիլմ, որտեղ անձնական պատմությունը վերածվում է ինքնության, հիշողության եւ արմատներին վերադառնալու մասին խոսակցության։ Եվ եւս մեկ վկայություն, որ ժամանակակից հայկական կինոյում կանանց ձայնն այսօր ավելի վստահ է հնչում՝ թե՛ կադրի ներսում, թե՛ դրա մյուս կողմում։

     

    «Լոլա» ֆիլմը կցուցադրվի հուլիսի 17-ին՝ ժամը 17:40-ին, Կինոյի տանը։

     

    Աստղիկ Հովհաննեսով

    Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

  • Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

    Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում անցկացվող բանակցությունների ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

    ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ երկու երկրի նախարարները քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները, առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցությունը, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, ինչպես նաեւ «3+3» տարածաշրջանային հարթակը:

     

    «Չնայած համաշխարհային տնտեսությունում առկա բոլոր դժվարություններին, մեր երկրների միջեւ հարաբերությունների ընդհանուր միտումը մնում է դրական», – ասել է Ջեյհուն Բայրամովը։

  • «Մենակ երկուսով». մեկ տուն, երկու կյանք, 64 քառակուսի

    Երկու տարի շարունակ նրանք նկարում էին մի տուն, որտեղ գրեթե ոչինչ չէր փոխվում։ Ամեն անգամ տեսախցիկը վերադառնում էր նույն անկյուն, առարկաները մնում էին իրենց տեղերում, իսկ առօրյան կրկնում էր ինքն իրեն։ 

     

    Արթուր Սահակյանը չի սիրում բացատրել իր ֆիլմերը։ Երբ հարցնում եմ՝ «Մենակ երկուսով»-ն ինչի՞ մասին է, մի պահ լռում է, հետո ժպտում. «Եթե կարողանայի դա բառերով ասել, երեւի ֆիլմ չէի նկարի»։

    Լուսանկարը` Կադր ֆիլմից

    Լրագրողի համար սա անհարմար պատասխան է։ Սովորաբար հենց այստեղից է սկսվում պատմությունը, բայց, երբ հեղինակը հրաժարվում է այն բառերով բացատրել, մնում է միայն փորձել հասկանալ՝ ինչու։ Գուցե որովհետեւ նույնն անում է նաեւ ֆիլմը։ Այն չի մեկնաբանում իր հերոսներին։ Տեսախցիկը պարզապես մնում է նրանց կողքին այնքան երկար, մինչեւ լռությունն ինքն է սկսում պատմել։

    Սիմոն Դավթյանը Սիմոն Դավթյանը

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Սկզբունքը ծնվել է դեռ այն ժամանակ, երբ ֆիլմն անգամ գոյություն չուներ։ 2022 թվականին Սիմոն Դավթյանը մի քանի օրով գնացել էր Պեմզաշեն՝ տատիկի գյուղ։ Լուսանկարում էր գյուղի տարեց բնակիչներին․ «Տատիկս ինձ տարավ Շուռայի ու Օֆելյայի տուն։ Մի քանի կադր արեցի ու վերջ։ Հետո այդ լուսանկարները մնացին իմ արխիվում»։

     

    Մի քանի տարի անց, երբ Արթուր Սահակյանի հետ սկսեցին քննարկել մենակ ապրող տարեց մարդկանց մասին ֆիլմ նկարելու գաղափարը, Սիմոնը հիշեց հենց այդ լուսանկարը։

    Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից

    «Սիմոնի տատիկը մեզ ծանոթացրեց Շուռայի ու Օֆելյայի հետ։ Գնացինք իրենց տուն, նստեցինք, խոսեցինք, մի քիչ էլ նկարեցինք՝ ավելի շատ որպես առաջին հետազոտություն։ Երբ վերադարձանք ու նայեցինք նյութը, միանգամից հասկացանք՝ հենց իրենք են այն մարդիկ, որոնց փնտրում էինք։ Նրանք մենակ էին ապրում իրենց փոքրիկ տանը՝ մոտ 64 քառակուսի մետր տարածքում, որը կարծես մի ամբողջ կղզի լիներ։ Տանը գրեթե ոչ մի տեխնիկա չկար, հեռախոս անգամ չունեին։ Արտաքին աշխարհի հետ նրանց միակ կապը հեռուստացույցն էր»,- պատմում է Արթուր Սահակյանը։

     

    Ի սկզբանե ֆիլմի աշխատանքային վերնագիրը «64 քառակուսի» էր՝ տան մակերեսը։ Բոլոր տեսարանները մնում էին նույն չորս պատերի ներսում, եւ յուրաքանչյուր նոր այցելության ժամանակ տեսախցիկը վերադառնում էր նույն կետերին։

    Լուսանկարը` Կադր ֆիլմից

    «Ամեն անգամ նույն ռակուրսներն էինք ընտրում։ Հետո, երբ նյութը փռեցի մոնտաժի ծրագրում, հասկացա, որ առաջին եւ երրորդ նկարահանման օրերը գրեթե չեն տարբերվում։ Առարկաները նույն տեղում էին, շարժումները՝ նույն հերթականությամբ։ Կարծես ժամանակը պտտվում էր նույն շրջանի մեջ»,- հիշում է Արթուր Սահակյանը։

    Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից

    Նրա խոսքով, ֆիլմը հենց սկզբից կառուցվել է առանց հարցազրույցների։ Հերոսներին հարցեր չէին տալիս, չէին խնդրում պատմել իրենց մասին, այլ պարզապես հետեւում էին նրանց առօրյային՝ վստահ լինելով, որ այդ տան ներսում արդեն իսկ կա այն ամենը, ինչ ֆիլմին անհրաժեշտ է։ 

     

    «Նույնիսկ մտածում էի՝ մի բառ անգամ չլինի ֆիլմում։ Իրենք իրար հետ էլ գրեթե չէին խոսում։ Եթե խոսում էին, ապա ամենասովորական բաների մասին՝ «սուրճը ո՞ւր է», «հեսա կբերեմ»։ Այդ տան լռությունն ինքն էր հուշում, որ պետք է հնարավորինս խուսափել խոսքից»։

    Լուսանկարը` Կադր ֆիլմից

    Արթուր Սահակյանի համար այդ լռությունն անգամ սիրո մասին էր պատմում․ «Իմ հանդիպած սիրո ամենաիդեալական մոդելը իրար հետ չխոսող զույգն է»։

     

    Հենց այդ պատճառով էլ ֆիլմի ամենակարեւոր տեսարաններից մեկը ոչ թե երկխոսություն է, այլ գործողություն։ Տանը դագաղ է դրված, մարդիկ հավաքվել են հոգեհանգստի, հերոսը մոտենում է պատին ու ուղղում ջերմաչափը։

    Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից

    Սահակյանի համար այդ դրվագը բացատրության կարիք չունի․ «Դա նշանակում է, որ իր տան ամեն անկյունը, ամեն դետալը իրեն ծանոթ է։ Ի՞նչ պետք է դրանից հետո խոսի այդ մարդը»։

     

    Ֆիլմի դիտողական լեզուն պահանջում էր գրեթե անտեսանելի տեսախցիկ։ Սիմոն Դավթյանը հիշում է, որ սկզբնական նկարահանումներից հետո տան ներսում արդեն որոշել էին բոլոր հիմնական ռակուրսները։ Հաճախ պարզապես տեղադրում էին տեսախցիկն ու դուրս գալիս տնից, որպեսզի իրենց ներկայությունը չփոխի առօրյան։

    Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից

    «Կամերան դնում էինք ու դուրս գալիս։ Երբ ներսում էինք, իրենք անընդհատ ուզում էին հյուրասիրել, զբաղվել մեզնով։ Բայց ժամանակի ընթացքում սարքի մասին լրիվ մոռացան»,- հիշում է Սիմոն Դավթյանը։

    Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից

    Նրա խոսքով՝ Շուռան ու Օֆելիան նույնիսկ այնքան էլ չէին տարբերակում՝ տեսախցիկը տվյալ պահին աշխատո՞ւմ է, թե՞ ոչ. «Իրենց համար դա պարզապես տան մեջ դրված հերթական առարկան էր»։

     

    Սահակյանն ու Դավթյանը սկսել էին նկարահանումները սեփական միջոցներով՝ առանց կինոֆոնդի կամ պրոդյուսերական աջակցության։ Միայն այն ժամանակ, երբ ֆիլմն արդեն ձեւավորվել էր, նրանց միացավ Gravity Production-ը եւ պրոդյուսեր Արամայիս Հայրապետյան։

    Լուսանկարը` «Մենակ երկուսով» ֆիլմի պոստերը

    «Երբ արդեն հասկացանք, որ ֆիլմը վերջնական տեսքի բերելու համար ռեսուրսներ են պետք, դիմեցինք Gravity Production-ին։ Այն, ինչ այլեւս հնարավոր չէր ընկերների օգնությամբ անել, արդեն Production-ը վերցրեց իր վրա», – պատմում է Արթուր Սահակյանը։

     

    Նկարահանումները դեռ շարունակվում էին, երբ գյուղից զանգեցին ու հայտնեցին մահվան լուրը։ Այդ պահին Սիմոն Դավթյանը կոմերցիոն նկարահանման էր։ Նա պատմում է, որ բացատրել է իրավիճակը, կանգնեցրել նկարահանումը եւ անմիջապես ուղեւորվել են Պեմզաշեն։

     

    «Գնացինք հոգեհանգստին, հետո հուղարկավորությանը։ Գյուղում արդեն բոլորը գիտեին, որ ֆիլմ ենք նկարում, դրա համար հարց անգամ չէր առաջանում՝ ինչու ենք տեսախցիկով այնտեղ»,- պատմում է Սիմոնը։

     

    Նրանք նկարել են ոչ միայն հրաժեշտի արարողությունը, այլեւ այն գիշերը, երբ գյուղացիները հերթով մնում էին տանը՝ հանգուցյալի կողքին։

    Լուսանկարը` Կադր ֆիլմից

    Ֆիլմի կառուցվածքը, սակայն, միայն կորուստի պատմություն չէ։ Սահակյանի համար ամենակարեւոր կետը ոչ թե մահն է, այլ վերջին հայացքը․ «Եթե այդ հայացքը չլիներ, գուցե ֆիլմն էլ էմոցիոնալ առումով չհավաքվեր։ Այդ հայացքի մեջ շատ բան կա։ Որեւէ դերասան դա խաղալ չէր կարող։ Նայում ես ու հասկանում ես, որ մարդը կարծես ասում է՝ տեսեք, այսպիսի կյանք էլ է լինում»։

     

    Հենց այդ տեսարանից էլ ծնվել է ֆիլմի օղակաձեւ կառուցվածքը։ Արթուր Սահակյանը չէր ցանկանում, որ պատմությունը կանգ առներ մահվան վրա։ Ավելի կարեւոր էր վերադարձնել այն կետին, որտեղ, անկախ ամեն ինչից, կյանքը շարունակվում է։ 

    Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից

    Փոքր տան ներսում ամեն ինչ հիշողություն է։ Դուռը, սառնարանը, մահճակալը, պատի ջերմաչափը։ Դրանք ոչ թե պարզապես կենցաղային առարկաներ են, այլ այն տարածքը, որտեղ ժամանակը շարունակում է ապրել նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ հեռանում են։

     

    Ֆիլմը հարցնում է՝ կարո՞ղ է մարդն իսկապես մենակ լինել, եթե նրա հետ շարունակում են ապրել հիշողությունները, ձայներն ու տարածությունը։

    Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից

    Նույն հարցը տալիս եմ նաեւ Արթուր Սահակյանին. «Չեմ գտել։ Փնտրում եմ ու երեւի էլի կփնտրեմ», – ասում է նա։

     

    «Մենակ երկուսով»-ը չի ավարտվում պատասխանով։ Վերջին խոսքը հեղինակները թողել են Շուռայի հայացքին։ Եթե այդ հարցն իսկապես պատասխան ունի, ապա այն, հավանաբար, բառերի մեջ չէ։  

     

    «Մենակ երկուսով» ֆիլմը կցուցադրվի հուլիսի 17-ին՝ ժամը 17:30-ին, Կինոյի տանը։

     

    Աստղիկ Հովհաննեսով

    Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի եւ Արթուր Սահակյանի անձնական արխիվից

  • Նոր սերնդի անձնագրերի եւ ID քարտերի տրամադրումը կմեկնարկի աշնանը

    Երեւան: Մեդիամաքս: Նիդերլանդների Հարլեմ քաղաքում գործող «IN Groupe» ընկերության արտադրամասում մեկնարկել է ՀՀ նոր սերնդի անձնագրերի մասսայական տպագրությունը։

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում վերջնականացվել են անձնագրերի եւ նույնականացման քարտերի տեխնիկական ու գեղարվեստական լուծումները։ 

     

    ՆԳՆ լրատվական ծառայության նոր փաստաթղթերը համապատասխանում են անվտանգության միջազգային չափանիշներին եւ անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ ու միջազգային սերտիֆիկացում։

     

     

    Նույնականացման քարտերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ նոր անձնագրերի տեղափոխումը կմեկնարկի առաջիկայում։ Նոր սերնդի անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրումը նախատեսվում է սկսել այս աշնանը՝ Երեւանում եւ մարզերում բացվելիք սպասարկման նոր գրասենյակներում։