Վիշտը կինոյում հաճախ ճանաչելի պատկերներ ունի։ Այն գույները խլում է կադրից, հերոսներին թողնում կիսամութ սենյակներում, լռությունը դարձնում գլխավոր երկխոսություն։ Թամարա Հայրապետյանի «Լոլա»-ն նույն զգացողությանը նայում է հակառակ կողմից։ Այստեղ կորստից հետո աշխարհը չի մթնում։ Ընդհակառակը՝ գույներն ավելի են խտանում, իրականությունն այնքան անիրական է թվում, որ, ինչպես ասում է ռեժիսորը, սկսում ես քեզ զգալ կարծես կրկեսում։
Թամարա Հայրապետյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
«Երբ մեծ վիշտ է տեղի ունենում, կարծես՝ չես հավատում, որ դա իրական է։ Ամեն ինչ շուրջդ դառնում է ինչ-որ արհեստական, սյուրռեալիստական, ասես կրկեսում լինես։ Չուզեցի, որ կորստից հետո աշխարհը դառնա մոխրագույն։ Ընդհակառակը՝ ուզում էի, որ գույներն ավելի վառ լինեն»,- ասում է Թամարա Հայրապետյանը։
Լուսանկարը` Կադր ֆիլմից
Սակայն գույնը «Լոլա»-ում ընդամենը ձեւն է։ Ֆիլմի առանցքում մեկ այլ հարց է՝ հնարավո՞ր է փախչել այն զգացողություններից, որոնք հրաժարվում ես ապրել։ Հարցը ռեժիսորի հետ ապրել է մի քանի տարի՝ անընդհատ վերադառնալով, մինչեւ դարձել է նրա առաջին կարճամետրաժ ֆիլմը։
Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից
«Շատ գաղափարներ են գալիս, հետո անհետանում կամ մոռացվում։ Բայց սա տարիներ շարունակ ինձ չէր թողնում։ Երբ հասկացա, որ այն նորից ու նորից վերադառնում է, որոշեցի՝ պետք է նկարեմ այս ֆիլմը», – հիշում է Թամարա Հայրապետյանը։
Ֆիլմի գաղափարական սկիզբը վշտի մասին ընկերական զրույցներն էին։ Հետո Թամարան հանդիպել էր մի առասպելի, որը, ինչպես ինքն է ասում, այլեւս չէր կարողանում մոռանալ։ Այն պատմում էր մի պարուհու մասին, որը կորցրել էր որդիներին եւ նրանց գերեզմանին այնքան էր պարել, մինչեւ ամբողջ ցավը դուրս էր եկել իրենից․ «Այդ պատմությունն ինձ շատ էր տպավորել։ Ես անընդհատ մտածում էի, որ ուզում եմ այս թեմայի շուրջ ինչ-որ բան գրել»։
Թամարա Հայրապետյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Սակայն սցենարը ծնվել է բոլորովին անսպասելի։ Անքնությամբ տառապող Թամարային ընկերուհին խորհուրդ է տվել քնելուց առաջ պարզապես պատկերացնել կերպարին եւ հետեւել, թե ինչ է նա անում․ «Փակեցի աչքերս ու մտածեցի՝ հիմա հաստատ կքնեմ։ Բայց սկսեցի տեսնել Լոլային։ Վերցրի հեռախոսը եւ սկսեցի նշումներ անել։ Այդ գիշեր ընդհանրապես չքնեցի։ Առավոտյան արդեն պատմությունը գրեթե ամբողջությամբ պատրաստ էր»։
Ֆիլմի պոստերը
«Լոլա»-ն պատմում է երիտասարդ պարուհու մասին, որը փորձում է ապրել քրոջ կորստից հետո։ Սակայն Թամարայի համար սկզբից կարեւոր էր, որ պատմության հիմքում ռոմանտիկ սիրային պատմություն չլիներ․ «Ես ուզում էի պատմել շատ ուժեղ սիրո մասին, բայց ոչ տղամարդու եւ կնոջ միջեւ։ Ես քույր չունեմ, բայց ունեմ եղբայր։ Մի պահ հասկացա, թե որքան խորն է այդ կապը։ Դա այն զգացողությունն է, որը բառերով չես կարող բացատրել։ Ուղղակի գիտես, որ այդ մարդու համար ամեն ինչ կանես։ Հենց այդ սերն էի ուզում դնել ֆիլմի հիմքում»։
Նրա խոսքով՝ քույրական սերը շատ հազվադեպ է դառնում կինոյի գլխավոր թեման, մինչդեռ այն նույնքան ուժեղ, երբեմն նույնիսկ ավելի ուժեղ զգացում է, քան ռոմանտիկ հարաբերությունները։ Այդ պատճառով էլ Լոլայի կորուստը պետք է լիներ ոչ թե սիրելի մարդու, այլ քրոջ կորուստը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ես երկար մտածում էի՝ ում պետք է կորցնի հերոսուհին, որպեսզի իսկապես չկարողանա հանգստանալ։ Պատասխանը քույրն էր»։
Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից
Քույրության գաղափարը, հետաքրքիր զուգադիպությամբ, շարունակվել է նաեւ նկարահանման հրապարակում։ Ֆիլմի ստեղծագործական խմբի մեծ մասը կանայք էին, իսկ օպերատոր Քսենյա Սելվիանի քույրը ֆիլմում աշխատել է որպես բեմադրող նկարիչ։
«Ինձ շատ էր դուր գալիս այդ միտքը։ Մենք նկարում էինք ֆիլմ քույրերի մասին, իսկ մեր ստեղծագործական խմբի հիմքում նույնպես քույրեր կային»։
Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից
Օպերատոր Քսենյա Սելվիանի հետ համագործակցությունը նույնպես սկսվել էր ինտուիցիայից։ Նրանք ծանոթացել էին կոմերցիոն նկարահանման ժամանակ, եւ Թամարան գրեթե առաջին իսկ օրը հայտարարել էր, որ հենց Քսենյան է նկարելու իր առաջին ֆիլմը։
«Չգիտեմ՝ ինչու էի այդքան վստահ։ Մենք շատ տարբեր մարդիկ ենք, բայց ես տեսնում եմ տաղանդավոր մարդկանց։ Երբ զգում եմ, որ մարդը շատ ուժեղ վիզուալ մտածողություն ունի, ուզում եմ նրա հետ աշխատել»։
Քսենյա Սելվիան
Լուսանկարը` Մեդիամաքս
Քսենյա Սելվիանն ասում է՝ սցենարը կարդալուց հետո իրեն առաջին հերթին մի բան էր անհանգստացրել․ «Պատմությունը ամբողջությամբ փակված էր ինտերիերների մեջ։ Ես ասացի՝ սա հայկական պատմություն է, մենք հայ ենք, պետք է օգտվենք դրանից։ Եկեք փորձենք ֆիլմի վերջին հատվածը նկարել Հայաստանում, բնության մեջ»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ առաջարկը փոխեց ֆիլմի կառուցվածքը։ Թամարան խոստովանում է՝ հենց այդ պահին հասկացավ, թե ինչ էր պակասում պատմությանը․ «Ես մտածում էի այն մասին, որ, եթե մարդը երկար ժամանակ իր մեջ պահի որեւէ զգացողություն, այն մի օր, միեւնույն է, դուրս կգա։ Երբ Քսենյան առաջարկեց վերջում դուրս գալ բնություն, ամեն ինչ իր տեղն ընկավ։ Հերոսուհին վերջապես դուրս է գալիս այն սահմաններից, որոնց մեջ փակել էր իրեն»։
Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից
Թամարա Հայրապետյանի համար այդ բնությունը պարզապես գեղեցիկ տեսարան չէր։ Նրա խոսքով՝ ֆիլմի վերջին հատվածը տեղի է ունենում ոչ այնքան իրական տարածության, որքան Լոլայի ներաշխարհում։
«Այդ վայրը կոնկրետ լոկացիա չէ։ Դա նրա ներքին աշխարհն է։ Այնտեղ է նրա քույրը, այնտեղ է նրա հիշողությունը։ Ես չէի ուզում ֆիլմն ավարտել այն մտքով, որ ամեն ինչ վատ է, հերոսուհին խելագարվել է կամ այլեւս ելք չունի։ Ինձ համար կարեւոր էր հույս թողնել։ Ես հավատում եմ, որ միայն այն ժամանակ, երբ մինչեւ վերջ ապրում ես զգացողությունը, կարող ես բաց թողնել այն»,- ասում է Թամարան։
Ռեժիսորի համար սկզբունքային էր նաեւ, որ այդ ճանապարհը տանի հենց Հայաստան։ Նկարահանումները հնարավոր էր կազմակերպել այլ վայրում, սակայն, ինչպես ինքն է ասում, դա այլեւս նույն պատմությունը չէր լինի։
Լուսանկարը` Կադր ֆիլմից
«Ինձ առաջարկում էին ուրիշ լեռներում նկարել։ Բայց ցանկացած մարդ, ով տեսել է Հայաստանը, կհասկանար, որ դրանք մեր լեռները չեն։ Եթե արդեն նկարում ենք լեռներում, պետք է նկարենք այնտեղ, որտեղ պետք է։ Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ անել այդ ամենը»։
Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից
Հայկական ինքնությունը «Լոլա»-ում երբեք չի դառնում ցուցադրական։ Այն կառուցված է մանրուքներից։ Ֆիլմում Լոլան քրոջ հետ խոսում է հայերեն, մյուսների հետ՝ ռուսերեն։ Գլխավոր հերոսուհու զգեստի գույները վերցված են Արցախի տարազներից, իսկ նախշերը ձեռագործ են։
Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից
«Ֆիլմում գրեթե ամեն ինչ ինքներս ենք պատրաստել։ Պատերին կախված նկարները մեր ձեռքով են արված, տիտրերի նկարներն էլ՝ մեր նկարազարդումները։ Հագուստը հատուկ այս ֆիլմի համար ենք կարել, նախշերը ձեռքով ենք ստեղծել։ Նույնիսկ Լոլայի կաշվե պարային կոշիկները մեզ համար Հայաստանում անվճար կարեցին»։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ես չէի ուզում Հայաստանը ներկայացնել կարծրատիպերով։ Չէի ուզում պարզապես օգտագործել դրոշի գույները կամ բոլորին ծանոթ խորհրդանիշները։ Ինձ հետաքրքրում էին այն մանրուքները, որոնք հայ հանդիսատեսը կճանաչի առանց բացատրության»։
Գլխավոր դերակատար Ինգա Խաչատրյանի համար Լոլան դարձավ այն հազվագյուտ կերպարներից մեկը, որի հետ նույնականացումը սկսվել էր դեռ քասթինգից։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ես սովորաբար գնում եմ բոլոր այն քասթինգներին, որտեղ հայկական կերպարներ են փնտրում։ Բայց այս անգամ նյութը կարդալուց հետո զգացի, որ սա իմ կերպարն է, սա իմ մասին է», – հիշում է Ինգա Խաչատրյանը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Դերի ամենաբարդ հատվածը երեքուկես րոպեանոց եզրափակիչ պարն էր։ Դրա համար դերասանուհին շուրջ կես տարի աշխատել է խորեոգրաֆի հետ՝ երկարատեւ փորձերով։
«Պետք էր ոչ միայն ճիշտ կատարել շարժումները, այլեւ ամեն անգամ նույն ուժով ապրել նույն զգացողությունը։ Ամեն դուբլ ամբողջությամբ պարում էի՝ առանց կանգ առնելու։ Իսկ հետո նույնը պետք է անեի արդեն լեռներում՝ քարերի ու հողի վրա»։
Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից
Փոխարենը, Լոլայի երկար լռությունները դերասանուհու համար ավելի բնական էին․ «Ինձ համար դրանք դատարկ լռություններ չէին։ Ես պարզապես ապրում էի այդ զգացողությունը։ Այնքան էի նույնանում Լոլայի հետ, որ թվում էր՝ առանձնապես ոչինչ խաղալու կարիք էլ չկա»։
Ֆիլմի վիզուալ լեզուն նույնպես կառուցված է այդ հակադրության վրա։ Քսենյա Սելվիանը պատմում է, որ ներկայի տեսարաններում ամեն ինչ հնարավորինս վերահսկված ու ստատիկ է, մինչդեռ հիշողությունները նկարահանվել են շարժուն տեսախցիկով եւ բնական լույսով․ «Ներկան կարծես սառած լինի։ Իսկ հիշողությունները շատ ավելի կենդանի են։ Դրանք ամբողջական չեն, հիշվում են մաս-մաս, շարժումով, լույսով»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ամենաբարդ տեսարանը, նրա խոսքով, թատրոնի պարային դրվագն էր, որտեղ տեսախցիկը երեք րոպե անընդմեջ շարժվում էր դերասանուհու հետ նույն ռիթմով։
«Ես փորձերին ներկա էի, սովորել էի ամբողջ խորեոգրաֆիան, որպեսզի նկարահանման ժամանակ շարժվեի Ինգայի հետ նույն ռիթմով։ Միաժամանակ պետք էր հետեւել լույսին, օպերատորական շարժմանը եւ ամբողջ խմբին»։
Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից
Սակայն հենց լեռներում նկարահանումների ժամանակ Քսենյա Սելվիանը որոշել էր հրաժարվել նախապես մտածված լուծումներից․ «Սկզբում աշխատում էինք ստեդիքամով, շարժումները շատ հարթ էին, բայց մի պահ հասկացա, որ այդ հարթ ընթացքը չեմ հավանում։ Վերցրի տեսախցիկը ձեռքս ու առաջարկեցի՝ նկարենք ձեռքով։ Ինգան ամբողջ ուժով պարում էր, ես էլ նրա հետ վազում էի, շարժվում, արձագանքում նրա ռիթմին։ Այդպես կադրերում հայտնվեց այն կենդանի էներգիան, որն ինձ պակասում էր»։
Լուսանկարը` Կադր ֆիլմից
Ֆիլմի ամենահիշվող լուծումներից մեկը նաեւ անիմացիան է։ Թամարա Հայրապետյանը պատմում է, որ հենց սկզբից չէր ուզում ողբերգական պահը ներկայացնել սովորական ձեւով․ «Ես շատ եմ սիրում անիմացիան։ Չէի ուզում պարզապես մութ էկրան, մեքենայի ձայներ կամ ուղիղ ցույց տալ վթարը։ Ինձ հետաքրքիր էր այդ պահը դարձնել Լոլայի ներքին աշխարհի մի մասը։ Այդ պատճառով էլ ընտրեցինք կոլաժային անիմացիան»։
Հարցազրույցի վերջում երեք հեղինակներին խնդրեցին խոսել հիշողությունների մասին՝ ոչ թե ֆիլմի, այլ իրենց անձնական կյանքի համատեքստում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Թամարա Հայրապետյանը խոստովանում է, որ հիշողությունները, որքան էլ կարեւոր լինեն, ժամանակի ընթացքում փոխվում են․ «Մեր հիշողությունները կարող են մեզ խաբել։ Դրա համար ես սիրում եմ օրագիր գրել, լուսանկարել, պահել այն, ինչ զգում եմ հենց այդ պահին։ Հետո վերադառնում եմ դրանց եւ հասկանում, թե որքան եմ փոխվել»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ինգա Խաչատրյանի համար հիշողությունները մարդու ամբողջ ճանապարհն են․ «Ես հաճախ մտածում եմ, որ այն, ինչ անում եմ հիմա, մի օր դառնալու է իմ հիշողությունը։ Ուզում եմ ապրել այնպես, որ հետո կարողանամ վերադառնալ այդ հիշողություններին՝ առանց ափսոսանքի»։
Իսկ Քսենյա Սելվիանի համար հիշողությունները գրեթե կինո են․ «Միացնում եմ երաժշտություն, ու դրանք սկսում են կադր առ կադր անցնել աչքերիս առաջ։ Երբեմն տխուր են, երբեմն՝ երջանիկ, բայց ես սիրում եմ վերադառնալ դրանց, որովհետեւ հենց այդպես եմ նորից ապրում իմ կյանքը»։
«Լոլա»-ում դեպի բնություն ճանապարհը, ըստ Թամարա Հայրապետյանի, նաեւ վերադարձ է դեպի սեփական արմատները։ Ֆիլմում այդ վերադարձը չի սահմանափակվում միայն Հայաստանի լեռներով կամ ազգային գույներով։ Այն հիշողության, ինքնության եւ սեփական տեղը գտնելու փորձ է։
Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից
Զրույցի ավարտին Թամարա Հայրապետյանը վերադառնում է եւս մեկ թեմայի, որն աննկատ ուղեկցում է «Լոլա»-ին։ Ֆիլմը պատմում է կանանց մասին, ստեղծվել է մեծամասամբ կանանց կողմից, բայց, նրա խոսքով, երբեք չի ցանկացել, որ այն ընկալվի պարզապես որպես «կանացի կինո»։
«Ինձ միշտ նյարդայնացրել է, որ «կանացի կինո» արտահայտությունը հաճախ օգտագործվում է որպես մի բան, որն իբր ավելի պարզ է կամ պակաս կարեւոր։ Ինձ շատ է ուրախացնում, որ այսօր ավելի ու ավելի շատ կին ռեժիսորներ կան։ Հատկապես մեր կովկասյան միջավայրում դեռ կա պատկերացում, թե կինը նախ պետք է ընտանիք ստեղծի, երեխաներ ունենա, իսկ հետո նոր մտածի ստեղծագործելու մասին։ Բայց մենք բոլորս ապացույցն ենք, որ մեր հնարավորությունները դրանով չեն սահմանափակվում։ Մենք կարող ենք ստեղծագործել եւ շարունակելու ենք դա անել»։
Լուսանկարը` Թամարա Հայրապետյանի անձնական արխիվից
«Լոլա»-ն այդ խոսքերի ամենաբնական շարունակությունն է։ Ֆիլմ, որտեղ անձնական պատմությունը վերածվում է ինքնության, հիշողության եւ արմատներին վերադառնալու մասին խոսակցության։ Եվ եւս մեկ վկայություն, որ ժամանակակից հայկական կինոյում կանանց ձայնն այսօր ավելի վստահ է հնչում՝ թե՛ կադրի ներսում, թե՛ դրա մյուս կողմում։
«Լոլա» ֆիլմը կցուցադրվի հուլիսի 17-ին՝ ժամը 17:40-ին, Կինոյի տանը։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Leave a Reply