Երկու տարի շարունակ նրանք նկարում էին մի տուն, որտեղ գրեթե ոչինչ չէր փոխվում։ Ամեն անգամ տեսախցիկը վերադառնում էր նույն անկյուն, առարկաները մնում էին իրենց տեղերում, իսկ առօրյան կրկնում էր ինքն իրեն։
Արթուր Սահակյանը չի սիրում բացատրել իր ֆիլմերը։ Երբ հարցնում եմ՝ «Մենակ երկուսով»-ն ինչի՞ մասին է, մի պահ լռում է, հետո ժպտում. «Եթե կարողանայի դա բառերով ասել, երեւի ֆիլմ չէի նկարի»։
Լուսանկարը` Կադր ֆիլմից
Լրագրողի համար սա անհարմար պատասխան է։ Սովորաբար հենց այստեղից է սկսվում պատմությունը, բայց, երբ հեղինակը հրաժարվում է այն բառերով բացատրել, մնում է միայն փորձել հասկանալ՝ ինչու։ Գուցե որովհետեւ նույնն անում է նաեւ ֆիլմը։ Այն չի մեկնաբանում իր հերոսներին։ Տեսախցիկը պարզապես մնում է նրանց կողքին այնքան երկար, մինչեւ լռությունն ինքն է սկսում պատմել։
Սիմոն Դավթյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Սկզբունքը ծնվել է դեռ այն ժամանակ, երբ ֆիլմն անգամ գոյություն չուներ։ 2022 թվականին Սիմոն Դավթյանը մի քանի օրով գնացել էր Պեմզաշեն՝ տատիկի գյուղ։ Լուսանկարում էր գյուղի տարեց բնակիչներին․ «Տատիկս ինձ տարավ Շուռայի ու Օֆելյայի տուն։ Մի քանի կադր արեցի ու վերջ։ Հետո այդ լուսանկարները մնացին իմ արխիվում»։
Մի քանի տարի անց, երբ Արթուր Սահակյանի հետ սկսեցին քննարկել մենակ ապրող տարեց մարդկանց մասին ֆիլմ նկարելու գաղափարը, Սիմոնը հիշեց հենց այդ լուսանկարը։
Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից
«Սիմոնի տատիկը մեզ ծանոթացրեց Շուռայի ու Օֆելյայի հետ։ Գնացինք իրենց տուն, նստեցինք, խոսեցինք, մի քիչ էլ նկարեցինք՝ ավելի շատ որպես առաջին հետազոտություն։ Երբ վերադարձանք ու նայեցինք նյութը, միանգամից հասկացանք՝ հենց իրենք են այն մարդիկ, որոնց փնտրում էինք։ Նրանք մենակ էին ապրում իրենց փոքրիկ տանը՝ մոտ 64 քառակուսի մետր տարածքում, որը կարծես մի ամբողջ կղզի լիներ։ Տանը գրեթե ոչ մի տեխնիկա չկար, հեռախոս անգամ չունեին։ Արտաքին աշխարհի հետ նրանց միակ կապը հեռուստացույցն էր»,- պատմում է Արթուր Սահակյանը։
Ի սկզբանե ֆիլմի աշխատանքային վերնագիրը «64 քառակուսի» էր՝ տան մակերեսը։ Բոլոր տեսարանները մնում էին նույն չորս պատերի ներսում, եւ յուրաքանչյուր նոր այցելության ժամանակ տեսախցիկը վերադառնում էր նույն կետերին։
Լուսանկարը` Կադր ֆիլմից
«Ամեն անգամ նույն ռակուրսներն էինք ընտրում։ Հետո, երբ նյութը փռեցի մոնտաժի ծրագրում, հասկացա, որ առաջին եւ երրորդ նկարահանման օրերը գրեթե չեն տարբերվում։ Առարկաները նույն տեղում էին, շարժումները՝ նույն հերթականությամբ։ Կարծես ժամանակը պտտվում էր նույն շրջանի մեջ»,- հիշում է Արթուր Սահակյանը։
Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից
Նրա խոսքով, ֆիլմը հենց սկզբից կառուցվել է առանց հարցազրույցների։ Հերոսներին հարցեր չէին տալիս, չէին խնդրում պատմել իրենց մասին, այլ պարզապես հետեւում էին նրանց առօրյային՝ վստահ լինելով, որ այդ տան ներսում արդեն իսկ կա այն ամենը, ինչ ֆիլմին անհրաժեշտ է։
«Նույնիսկ մտածում էի՝ մի բառ անգամ չլինի ֆիլմում։ Իրենք իրար հետ էլ գրեթե չէին խոսում։ Եթե խոսում էին, ապա ամենասովորական բաների մասին՝ «սուրճը ո՞ւր է», «հեսա կբերեմ»։ Այդ տան լռությունն ինքն էր հուշում, որ պետք է հնարավորինս խուսափել խոսքից»։
Լուսանկարը` Կադր ֆիլմից
Արթուր Սահակյանի համար այդ լռությունն անգամ սիրո մասին էր պատմում․ «Իմ հանդիպած սիրո ամենաիդեալական մոդելը իրար հետ չխոսող զույգն է»։
Հենց այդ պատճառով էլ ֆիլմի ամենակարեւոր տեսարաններից մեկը ոչ թե երկխոսություն է, այլ գործողություն։ Տանը դագաղ է դրված, մարդիկ հավաքվել են հոգեհանգստի, հերոսը մոտենում է պատին ու ուղղում ջերմաչափը։
Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից
Սահակյանի համար այդ դրվագը բացատրության կարիք չունի․ «Դա նշանակում է, որ իր տան ամեն անկյունը, ամեն դետալը իրեն ծանոթ է։ Ի՞նչ պետք է դրանից հետո խոսի այդ մարդը»։
Ֆիլմի դիտողական լեզուն պահանջում էր գրեթե անտեսանելի տեսախցիկ։ Սիմոն Դավթյանը հիշում է, որ սկզբնական նկարահանումներից հետո տան ներսում արդեն որոշել էին բոլոր հիմնական ռակուրսները։ Հաճախ պարզապես տեղադրում էին տեսախցիկն ու դուրս գալիս տնից, որպեսզի իրենց ներկայությունը չփոխի առօրյան։
Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից
«Կամերան դնում էինք ու դուրս գալիս։ Երբ ներսում էինք, իրենք անընդհատ ուզում էին հյուրասիրել, զբաղվել մեզնով։ Բայց ժամանակի ընթացքում սարքի մասին լրիվ մոռացան»,- հիշում է Սիմոն Դավթյանը։
Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից
Նրա խոսքով՝ Շուռան ու Օֆելիան նույնիսկ այնքան էլ չէին տարբերակում՝ տեսախցիկը տվյալ պահին աշխատո՞ւմ է, թե՞ ոչ. «Իրենց համար դա պարզապես տան մեջ դրված հերթական առարկան էր»։
Սահակյանն ու Դավթյանը սկսել էին նկարահանումները սեփական միջոցներով՝ առանց կինոֆոնդի կամ պրոդյուսերական աջակցության։ Միայն այն ժամանակ, երբ ֆիլմն արդեն ձեւավորվել էր, նրանց միացավ Gravity Production-ը եւ պրոդյուսեր Արամայիս Հայրապետյան։
Լուսանկարը` «Մենակ երկուսով» ֆիլմի պոստերը
«Երբ արդեն հասկացանք, որ ֆիլմը վերջնական տեսքի բերելու համար ռեսուրսներ են պետք, դիմեցինք Gravity Production-ին։ Այն, ինչ այլեւս հնարավոր չէր ընկերների օգնությամբ անել, արդեն Production-ը վերցրեց իր վրա», – պատմում է Արթուր Սահակյանը։
Նկարահանումները դեռ շարունակվում էին, երբ գյուղից զանգեցին ու հայտնեցին մահվան լուրը։ Այդ պահին Սիմոն Դավթյանը կոմերցիոն նկարահանման էր։ Նա պատմում է, որ բացատրել է իրավիճակը, կանգնեցրել նկարահանումը եւ անմիջապես ուղեւորվել են Պեմզաշեն։
«Գնացինք հոգեհանգստին, հետո հուղարկավորությանը։ Գյուղում արդեն բոլորը գիտեին, որ ֆիլմ ենք նկարում, դրա համար հարց անգամ չէր առաջանում՝ ինչու ենք տեսախցիկով այնտեղ»,- պատմում է Սիմոնը։
Նրանք նկարել են ոչ միայն հրաժեշտի արարողությունը, այլեւ այն գիշերը, երբ գյուղացիները հերթով մնում էին տանը՝ հանգուցյալի կողքին։
Լուսանկարը` Կադր ֆիլմից
Ֆիլմի կառուցվածքը, սակայն, միայն կորուստի պատմություն չէ։ Սահակյանի համար ամենակարեւոր կետը ոչ թե մահն է, այլ վերջին հայացքը․ «Եթե այդ հայացքը չլիներ, գուցե ֆիլմն էլ էմոցիոնալ առումով չհավաքվեր։ Այդ հայացքի մեջ շատ բան կա։ Որեւէ դերասան դա խաղալ չէր կարող։ Նայում ես ու հասկանում ես, որ մարդը կարծես ասում է՝ տեսեք, այսպիսի կյանք էլ է լինում»։
Հենց այդ տեսարանից էլ ծնվել է ֆիլմի օղակաձեւ կառուցվածքը։ Արթուր Սահակյանը չէր ցանկանում, որ պատմությունը կանգ առներ մահվան վրա։ Ավելի կարեւոր էր վերադարձնել այն կետին, որտեղ, անկախ ամեն ինչից, կյանքը շարունակվում է։
Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից
Փոքր տան ներսում ամեն ինչ հիշողություն է։ Դուռը, սառնարանը, մահճակալը, պատի ջերմաչափը։ Դրանք ոչ թե պարզապես կենցաղային առարկաներ են, այլ այն տարածքը, որտեղ ժամանակը շարունակում է ապրել նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ հեռանում են։
Ֆիլմը հարցնում է՝ կարո՞ղ է մարդն իսկապես մենակ լինել, եթե նրա հետ շարունակում են ապրել հիշողությունները, ձայներն ու տարածությունը։
Լուսանկարը` Արթուր Սահակյանի անձնական արխիվից
Նույն հարցը տալիս եմ նաեւ Արթուր Սահակյանին. «Չեմ գտել։ Փնտրում եմ ու երեւի էլի կփնտրեմ», – ասում է նա։
«Մենակ երկուսով»-ը չի ավարտվում պատասխանով։ Վերջին խոսքը հեղինակները թողել են Շուռայի հայացքին։ Եթե այդ հարցն իսկապես պատասխան ունի, ապա այն, հավանաբար, բառերի մեջ չէ։
«Մենակ երկուսով» ֆիլմը կցուցադրվի հուլիսի 17-ին՝ ժամը 17:30-ին, Կինոյի տանը։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի եւ Արթուր Սահակյանի անձնական արխիվից
Leave a Reply