Category: MediaMax.am

  • Լոս Անջելեսի հայկական խնջույքների սրահներում քեֆերը երբեք չի դադարում

    Ներկայացնում ենք Los Angeles Times թերթի Inside L.A.’s Armenian banquet halls, where the caviar flows and the party never stops հոդվածի հայերեն թարգմանությունը:

     

    Անի Դուզդաբանյան

     

    Շաբաթ օրվա ժամը 18:00 է, եւ շքեղ մեքենաների շարասյունը՝ չորս ոստիկանական մոտոցիկլետների ուղեկցությամբ, կանգնում է Միշն Հիլզի «Landmark» սրահի առջեւ: Սա պաշտոնական դիվանագիտական պատվիրակություն չէ, այլ հայկական հարսանիք, որը ժամանում է խնջույքին Բըրբենքի Սուրբ Լեւոն տաճարում տեղի ունեցած արարողությունից հետո: Նորապսակները՝ Նելլի Նազարյանը եւ Սահակ Տեր-Սահակյանը, դանդաղ դուրս են գալիս սպիտակ «ռոլս-ռոյս»-ից եւ կարմիր գորգով մտնում դահլիճ՝ ջութակի կենդանի կատարման ուղեկցությամբ:

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Ներսում սեղաններին հազարավոր մոմեր են, բարձր ծաղկամաններում՝ սպիտակ վարդերի ծով, որը ձգվում է դեպի 7.5 մետրանոց առաստաղը՝ զարդարված մարգարիտներով եւ վիստերիայով: Չի քյուֆթայով (հում միս՝ խառնված բուլղուրի, անուշաբույր խոտաբույսերի եւ համեմունքների հետ) ափսեների կողքին այնքան խավիար կա, որ 450 հյուրերից ամեն մեկին գոլֆի գնդակի մեծության չափաբաժին կհասնի: Հետեւում երկու խոհարարներ պատրաստում են 70 սմ երկարությամբ խորոված. խոզի, տավարի, հավի եւ գառան մսով հարյուրավոր շամփուրները պարբերաբար հայտնվում են մանղալի ծխի միջից։

     

    – Ես միշտ մեծ հարսանիք եմ ցանկացել, – ասում է Նազարյանը: – Որպես հայ՝ կարեւոր է պահպանել ավանդույթները: Մենք ուզում էինք նաեւ մի քանի նոր բան անել, որպեսզի բոլոր սերունդների հյուրերը կարողանան վայելել։

     

    Այսպիսի խնջույքները Լոս Անջելեսի հայ-ամերիկյան մշակույթի մասն են, եւ նրանց հիմքը հայկական խնջույքների սրահն է, որը կառուցվել է համայնքի համար, որը գնահատում է մեծ տոնակատարությունները. հարյուրավոր հյուրեր, շքեղ ձեւավորում, հսկա պարահրապարակներ, հայտնի երգիչներ եւ դիջեյներ, անվերջ հոսող գինի եւ ուտելիքով լի սեղաններ։

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Վերջին 40 տարիների ընթացքում խնջույքների սրահները զարգացել են՝ արտացոլելով Լոս Անջելեսի բազմամշակութային բնույթը (տասնհինգամյակի տոնակատարություններ, բար միցվաներ, ոչ ալկոհոլային «սուրճի ռեյվեր») եւ ընդլայնել են հյուրընկալության, խոհարարական գաղափարների եւ հավաքույթների կոլեկտիվ պատկերացումը։

     

    – Խնջույքի սրահներում ամենակարեւոր փոփոխությունը ամենահեշտն է պատկերացնել, – ասում է Վրեժ Սարգսյանը՝ «Anoush Catering» եւ «L.A. Banquets» ընկերությունների գլխավոր գործադիր տնօրենը: – Դուք կարող եք տեսնել այն սեղանին: 

     

    Սնունդը գնալով ավելի ու ավելի առատ ու բազմազան է դառնում, որոշ նոր ավանդույթներ փոխարինել են հներին: Հարսանեկան տոներին սուշիի նավակները եւ ծովախեցգետնի սեւիչեով գդալները փոխարինում են թաբուլեն: Կեսգիշերին ավանդական պոմիդորով ձվածեղի փոխարեն օղին չարաշահած եւ սթափվել ցանկացող հյուրերի համար խնջույքի սրահի առջեւ շարվում են պիցցա, բուրգերներ եւ պաղպաղակ մատուցող բեռնատարները:

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Առաջին հայկական խնջույքի սրահները բացվել են Հոլիվուդում 1980-ականների վերջին եւ հետագայում տարածվել են Գլենդելում, Բըրբանքում, Հյուսիսային Հոլիվուդում, Փասադենայում եւ Լոս Անջելեսի այլ շրջաններում:

     

    Հիմնված համայնքի եւ տոկունության սկզբունքների վրա՝ Լոս Անջելեսի առաջին խնջույքի սրահները տեղեկատվական կենտրոններ դարձան ներգաղթյալների համար, որոնք հաղթահարում էին իրենց նոր տան մարտահրավերները: Խնջույքի սրահները այն վայրերն էին, որտեղ կարելի էր թողնել ծանրոցը, որպեսզի այն հետո հասնի օդանավակայան, որտեղ նորեկ հայերը կարող էին իմանալ կառավարական օգնության հնարավորությունների մասին: Թեեւ այս սրահների մեծ մասը առանձին բիզնեսներ են, մի քանիսը կապված են եկեղեցիների հետ, օրինակ՝ Սուրբ Գրիգոր Հայ կաթոլիկ եկեղեցուն կից «Ռեյմոնդ եւ Անի Քույումջյան սրահ»-ը կամ Սուրբ Լեւոն եկեղեցուն կից «Քալայջյան» խնջույքների սրահը եւ մշակութային կենտրոնը։

     

    Խնջույքների սրահները հաճախ ներգաղթյալներին ապահովում էին իրենց առաջին աշխատանքով։ Ոմանք իրենց հայրենի երկրներում գիտության եւ կրթության բնագավառներում աստիճաններ ունեին եւ զգայուն էին նոր իրականության նկատմամբ։ Սարգսյանը, որի ընտանիքը հիմնադրել է Լոս Անջելեսի առաջին խնջույքի սրահներից մեկը, հիշում է, որ իր հայրը ընկեր եւ խորհրդատու էր ուժեղ մշակութային ցնցում ապրած բազում ներգաղթյալների համար։ 

     

    – Ամեն ինչ նորից սկսելը շատ դժվար էր մարդկանց համար, եւ հայրս շատերին ուղղորդում էր, – պատմում է Սարգսյանը, – օգնում էր հիմնել բիզնեսներ, ընտանիք ստեղծել կամ կապ հաստատել ընտանիքների հետ, շարունակել կրթությունը եւ օգտվել բազմաթիվ ռեսուրսներից։ 

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Սարգսյանն ղեկավարում է «Anoush»-ը, որը սկզբում հայտնի էր որպես «Anoush Banquet Hall»։ Հիմնադրված իր հոր՝ Սեպուհ Սարգսյանի կողմից 1986 թվականին՝ այն նախկինում գտնվում էր Հոլիվուդի Սանսեթ եւ Հարվարդ փողոցների անկյունում։ Սկզբում Սեպուհը, նրա կինն ու երեք որդիները ներգրավված էին բիզնեսի բոլոր ոլորտներում՝ կահույքի տեղափոխումից մինչեւ աման լվանալն ու միջոցառումներին վերջին հիթերը նվագելը՝ որպես դիջեյներ։

     

    Հաջորդ երեք տասնամյակներին «Anoush»-ն ընդլայնեց իր գործունեությունը՝ բացելով խնջույքի սրահներ եւ սննդի մատակարարման բիզնես եւս յոթ վայրերում՝ Գլենդելում, Հյուսիսային Հոլիվուդում եւ Միշն Հիլզում։ Այժմ «Anoush Catering & L.A. Banquets»-ը ունի երկու սրահ՝ «Gleonaks Anoush» եւ «Landmark»։

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Ուտելիքը միշտ էլ եղել է հայկական տոնակատարությունների կենտրոնում. որպես հայրենիքից հեռու գոյատեւող փոքրամասնություն՝ այն վշտի պահերին հոգատարություն ցուցաբերելու ձեւ է, կիսվելու եւ խնջույքի բարձրագույն դրսեւորում։

     

    Առատ ուտելիքով, ուրախ բաժակաճառերով համեմված եւ խնջույքի հանդեպ անկեղծ սիրով լի սեղանները սիրեցին նաեւ ոչ հայ հաճախորդները։ Ձգողականությունը ոչ միայն ուտեստների բազմազանությունն է, այլեւ յուրահատուկ մթնոլորտը. հյուրերը ամբողջ գիշեր պարում են կենդանի կատարումների ներքո՝ երբեմն ընդմիջում անելով թարմ մատուցված խորովածի համար, երեխաները քնում են աթոռների վրա՝ անտարբեր երաժշտության եւ միասին երգելու նկատմամբ, տատիկներն ու տարեց հորեղբայրները սեւ սուրճի բաժակների շուրջ քննարկում են իրենց ընտանիքներում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Գլենդելի «Vertigo Event Venue»-ում 250 հյուրերով հարսանիքի դեպքում խոհանոցի առնվազն չորս անդամ աշխատում է 70-80 ժամ՝ միջոցառումը նախապատրաստելու եւ իրականացնելու համար։

     

    Սնունդը սովորաբար մատուցվում է ընտանեկան ոճով՝ մինչեւ 20 սառը եւ տաք նախուտեստներ՝ սոուսներ, աղցաններ, շերտավոր խմորից բորեքներ, պանիրներ եւ ապխտած մսեր։ Դրանց հաջորդում են երկու-երեք հիմնական ուտեստները, ինչպիսիք են խորոված ձուկը կարտոֆիլով, հավը փլավով եւ, իհարկե, ավանդական խորովածը։ 1970-ականների վերջին Հայաստանի հայտնի ռեստորանների խոհարարները մեկնեցին միջազգային խոհարարական ցուցահանդեսների Ֆրանսիայում, Հունաստանում եւ որոշ արաբական երկրներում եւ սովորեցին նորարարական մեթոդներ։ Մինչ այդ նրանց ճաշացանկերն արդեն հարստացել էին համերով ու համեմունքներով, որոնք շատերը բերել էին Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ ԱՄՆ-ից՝ 1940-ականներին խորհրդային կազմակերպված հայրենադարձության ժամանակ։ 

     

    – Այսպես ստեղծվեց մի հոգեհարազատ ճաշացանկ, որը բաղկացած էր այս սիրելի ուտեստներից, որոնք մենք բոլորս պատրաստում էինք, – ասում է «Vertigo»-ի համասեփականատեր Մայքլ Քեշիշյանը: – Եվ երբ եկանք Միացյալ Նահանգներ, այն մեզ հետ տարանք: Այս ուտեստների հունական, ռուսական, հայկական, կիսալիբանանյան խառնուրդները հայտնվեցին մեր սեղանին, այդ թվում՝ հունական պանիրները, ձիթապտուղները, ռուսական սմբուկի եւ բազուկի աղցանները եւ մի քանի պարսկական ուտեստներ: Մենք պատրաստեցինք մեր 20 սիրելի նախուտեստներից լավագույնները եւ պահպանեցինք մեր խորովածը: Սա դարձավ հայկական ճաշկերույթ:

     

    Հայ բնակչության աճող պահանջարկը սննդի եւ դիզայնի ժամանակակից միտումների նկատմամբ, ինչպես նաեւ Լոս Անջելեսի այլ համայնքների հետաքրքրությունը, հնարավորություն բացեց ոչ ավանդական գաղափարների համար, օրինակ՝ կոկտեյլ ընդունելությունները, մտերմիկ երեկույթներ, տոնակատարություններ այգում՝ տարբեր տեսակի կենդանի զվարճանքներով, նորաձեւության ցուցադրություններ, համերգներ ու սեմինարներ:

     

    – Տարիներն ապացուցեցին, որ այս հայեցակարգն արդյունավետ է մեր համայնքի համար, – ասում է Սարգսյանը: – Այս միջոցառումները միավորում են բոլորին: Մենք դա շատ լավ ենք կազմակերպում եւ նաեւ միտում ենք ստեղծում մյուս համայնքների համար:

     

    Այս ամենի հիմքի վրա Քեշիշյանը 2014 թվականին չորս այլ ներդրողների հետ միասին գործարկեց «Vertigo»-ն։ 

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Թեեւ խնջույքների սրահների խոհարարները ընտանեկան ոճի հիմնական ճաշացանկին ավելացրել են մի քանի նոր ուտեստներ, օրինակ՝ չինական հավի աղցան կամ սնկով քիշ, նրանք հավատարիմ են մնացել խորոված մսի, հավի քյաբաբի, գազարի եւ օլիվյե աղցանների, բրնձով փլավի կամ բուլղուրի ավանդական համադրությանը:

     

    – Ես համարում էի, որ ճաշացանկը անցյալ դարաշրջանից է, եւ դրանից պետք է ազատվել: Վերցրեցի բոլոր դասական ուտեստները, գրեթե բոլոր գոյություն ունեցող խնջույքների սրահների ամբողջ ճաշացանկը եւ ստեղծեցի իմ տարբերակը՝ հայկական խնջույքների սրահների ֆյուժն ճաշացանկ, – ասում է Քեշիշյանը:

     

    «Vertigo»-ի խոհանոցում հայտնի բազուկով աղցանը (մայոնեզ, ընկույզ, նուռ եւ սխտոր) դարձավ խորանարդիկներով կտրտած խորոված բազուկի աղցան. այծի պանիր ու ելակ, զարդարված անանուխով ու խտացված բալզամիկ սոուսով, թուզ եւ շաքարապատ ընկույզ՝ խնկունիով ու դարչինով: 

    Լուսանկարը` Armen Keleshian/Los Angeles Times

    Երբ Ռոբերտ Շահնազարյանը, նրա կինը՝ Մեգին, եւ աներորդին՝ Սարգիս Խաչիկյանը, 2010 թվականին Փասադենայի կենսուրախ Paseo առեւտրի կենտրոնում հիմնադրեցին «Noor Events»-ը, նրանք ուտեստների մեջ ներառեցին նաեւ ֆյուժն ուտեստներ, ինչպիսիք են բաո բուլկիները եւ չար սիուն (չինական խորոված խոզի միս)՝ տեղի ասիական բնակչությանը բավարարելու համար: Շահնազարյանը ավելացրեց նաեւ հոր սիրելի պարսկական ուտեստներից մի քանիսը, այդ թվում՝ ղորմե սաբզին եւ խորեշ ղեյմեհը: 

     

    Շահնազարյանը աշխատել է Sony Music-ում որպես պրոդյուսեր՝ Թեյլոր Սվիֆթի, Քելլի Քլարքսոնի, Ջոն Լեջենդի եւ այլոց հետ: Երբ ինքն եւ Մեգին ամուսնացան 30 տարի առաջ, չկարողացան գտնել մի տեղ, որը կբավարարեր իրենց բոլոր սպասելիքները, եւ ի վերջո իրենց հարսանիքը տոնեցին Մալիբուի մի ռանչոյում: Ամեն ինչ՝ սկսած կահույքից, շարժական խոհանոցից, ավտոկայանատեղիի սպասարկումից եւ սննդից, դրսից էր բերվել: «Noor Events»-ը դարձավ Ռոբերտի գործադիր բիզնես պլանը Փեփերդայն համալսարանում, որտեղ նա աշխատում էր MBA աստիճանի վրա:

     

    – Որոշեցինք ստեղծել այս վայրը՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ բացակայում էր այլուր, – ասում է Շահնազարյանը: – Խնջույքի սրահները հիանալի են, երբ նրանք ծանոթ են մեր մշակույթին եւ ուտելիքին։ 

     

    Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

  • 7 հազար էջ դեպի ապագա. ԳԱԹ-ում կփորձեն վերարտադրել Կոմիտասի միտքը

    Գրականության եւ արվեստի թանգարանի (ԳԱԹ) ֆոնդում պահվող Կոմիտասի ձեռագրերը սովորական փաստաթղթեր չեն։ Դրանք թղթի վրա մնացած երաժշտություն են, մտքեր, նամակներ, կիսատ նշումներ, երբեմն՝ միայն մի քանի տող։ 

     

    Թանգարանի աշխատակիցները նման նյութերի հետ աշխատում են առանձնահատուկ զգուշությամբ։ Յուրաքանչյուր բացված թղթապանակ ու շրջված էջ հիշեցնում են, որ մշակութային ժառանգությունը միայն պահպանելու, այլեւ չվնասելու պատասխանատվություն է։ Այդտեղ էլ սկսվում է ժամանակակից թանգարանների գլխավոր հակասություններից մեկը. ինչպես ապահովել արխիվների հասանելիությունը՝ առանց վտանգելու դրանց ֆիզիկական գոյությունը։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս հարցին պատասխան գտնելու հերթական փորձն է Գրականության եւ արվեստի թանգարանի նոր նախաձեռնությունը՝ Կոմիտասի արխիվի լայնածավալ թվայնացումը։ 

     

    Յոթ հազար միավորից բաղկացած աշխարհ

     

    Կոմիտասի ամբողջական արխիվը շուրջ մեկ դար է պահպանվում ԳԱԹ-ում։ Այն Հայաստան է հասել 1930-ականներին՝ Արշակ Չոպանյանի եւ Կոմիտասի մտերիմ բարեկամների ջանքերով։ Այդ ժամանակ հավաքված եւ փրկված նյութերն այսօր շուրջ 7000 միավոր են՝ ձեռագրեր, նամակներ, երաժշտական գրառումներ, հոդվածներ, անձնական փաստաթղթեր եւ բազմաթիվ այլ վկայություններ։

     

    Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի խոսքով՝ Կոմիտասի արխիվը բացառիկ է ոչ միայն ծավալով, այլեւ ամբողջականությամբ։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Այստեղ պահպանվում է այն ամենն, ինչ դուրս է եկել Կոմիտասի մտքից ու ձեռքից։ Կոմիտասը միայն կոմպոզիտոր չէր։ Նա ազգագրագետ էր, երաժշտագետ, հետազոտող, մտածող, որի գործունեությունը ձեւավորել է հայկական երաժշտագիտության հիմքերը։ Նրա արխիվը պատմում է ոչ միայն մեկ մարդու, այլեւ մի ամբողջ մշակույթի ինքնաճանաչման մասին», – ասում է Սյուզաննա Խոջամիրյանը։

     

    Յուրաքանչյուր բացված էջի գինը

     

    Կոմիտասի արխիվի թվայնացումը թանգարանում չեն դիտարկում որպես պարզապես տեխնիկական արդիականացում։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Գրականության եւ արվեստի թանգարանում պահվում են միլիոնավոր արխիվային փաստաթղթեր։ Տարեկան հազարավոր հետազոտողներ աշխատում են մեր ֆոնդերում, օգտվում նյութերից գիտական հոդվածների, գրքերի, ակադեմիական հետազոտությունների համար։ Այդ պայմաններում ֆոնդերի թվայնացումը մեզ համար արդեն առաջնահերթ խնդիր էր դարձել», – ասում է Սյուզաննա Խոջամիրյանը։

     

    Թվում է՝ հետազոտողին թվային պատճեն տրամադրելը պետք է լուծեր պահպանության խնդիրը։ Սակայն թանգարանում նկատել են, որ վտանգը միայն բնօրինակի հետ աշխատելը չէ։

     

    «Երբ հետազոտողն աշխատում է բնագրի հետ, փաստաթուղթը դուրս է բերվում ֆոնդից, ֆիզիկաքիմիական քայքայման վտանգ է առաջանում։ Բայց սքանավորումն էլ լիովին անվտանգ չէ։ Սքանավորման սարքերը բավական ուժեղ լուսային հոսք ունեն, որն ազդում է թանաքի վրա։ Այսօր գուցե դա տեսանելի չէ, բայց հինգ կամ տասը տարի հետո կարող են կոռոզիոն գործընթացներ սկսվել», – պատմում է թանգարանի տնօրենը։

     

    Նոր սարքավորումների ձեռքբերումը այս խնդրի լուծման փորձն է։ Դրանք նախատեսված են բացառապես արխիվային նյութերի համար եւ հնարավորություն են տալիս թվայնացնել նույնիսկ ամենափխրուն փաստաթղթերը՝ առանց դրանց ֆիզիկական վիճակի վրա ազդելու։

     

    Հնարավո՞ր է վերարտադրել Կոմիտասի մտածողությունը

     

    Թվայնացման ծրագրի գաղափարը ձեւավորվել է հայազգի բարերար Մարկ Չենյանի հետ համագործակցության արդյունքում։ 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Նա պատրաստակամություն հայտնեց ֆինանսավորել արխիվի թվայնացման գործընթացը եւ թանգարանին նվիրաբերեց նորագույն սարքավորումները։ Բայց իր նպատակը միայն թվային շտեմարան ստեղծելը չէ։ Նրա երազանքն է ստեղծել այնպիսի գործիք, որը կկարողանա աշխատել Կոմիտասի մտավոր ժառանգության հիման վրա», – ասում է Սյուզաննա Խոջամիրյանը։

     

    Գաղափարը բավական անսովոր է. համակարգը պետք է աշխատի Կոմիտասի թողած նյութերի հիման վրա՝ նրա ձեռագրերով, նամակներով, հոդվածներով, երաժշտական եւ փիլիսոփայական մտքերով։ Այսինքն՝ ոչ թե համացանցից հավաքված տեղեկատվության, այլ մեկ մարդու ամբողջական ժառանգության վրա հիմնված մոդելով։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Մենք չենք ցանկանում, որ համակարգը պարզապես վերարտադրի ուրիշների մեկնաբանությունները Կոմիտասի մասին։ Գաղափարն այն է, որ կարողանանք վերարտադրել Կոմիտասի մտածողությունը», – ասում է Սյուզաննա Խոջամիրյանը։

     

    Նպատակը միաժամանակ գրավիչ եւ վիճելի է թվում։ Հնարավո՞ր է արդյոք Կոմիտասի հազարավոր էջերից ստեղծել այնպիսի համակարգ, որի հետ զրուցելիս մարդը կստանա ոչ թե ընդհանուր տեղեկություններ, այլ պատասխաններ, որոնք բխում են հենց Կոմիտասի աշխարհայացքից։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այս հարցերն այսօր պատասխան չունեն։ Ծրագրի հեղինակներն էլ ընդունում են, որ խոսքը երկարատեւ եւ բարդ աշխատանքի մասին է։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հնարավոր է, մի քանի տարի անց հետազոտողը կարողանա ոչ միայն բացել Կոմիտասի ձեռագրի թվային պատճենը, այլեւ հարց ուղղել համակարգին, որը ձեւավորվել է այդ ձեռագրերի հիման վրա։

     

    Նախագիծը փորձ է պահպանելու այն, ինչ ժամանակը մշտապես փորձում է խլել։ Փորձ է ապահովելու, որ հարյուր տարի առաջ գրված նամակը շարունակի խոսել նաեւ հարյուր տարի հետո։

     

    Արխիվի հասցեն

     

    Կոմիտասի արխիվի թվայնացման մասին խոսակցությանը զուգահեռ շրջանառվում է մեկ այլ հարց՝ ինչո՞ւ է Կոմիտասի արխիվը պահվում ԳԱԹ-ում, այլ ոչ թե Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Սյուզաննա Խոջամիրյանը հիշեցնում է.

     

    «Կոմիտասի արխիվի առաջին մուտքը Գրականության եւ արվեստի թանգարան եղել է 1933 թվականին։ Արշակ Չոպանյանի եւ Մարգարիտ Բաբայանի ջանքերով այն տեղափոխվել է Հայաստան եւ հանձնվել հենց մեր թանգարանին»։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Նրա խոսքով՝ թանգարանը պարտավոր է հարգել ժառանգությունը հանձնած մարդկանց կամքը։ Բացի այդ, արխիվի տեղափոխումը պարզապես լոգիստիկ խնդիր չէ։ Խոսքը հազարավոր արժեքավոր փաստաթղթերի մասին է, որոնց պահպանությունը պահանջում է հատուկ պահոցներ, վերահսկվող միջավայր եւ մասնագիտական ենթակառուցվածք։

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Այսօր Գրականության եւ արվեստի թանգարանն ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտը համագործակցում են. նյութերը տրամադրվում են ցուցադրությունների եւ հետազոտությունների համար։ 

     

    Աստղիկ Հովհաննեսով

     

    Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

  • Մեկ կաթիլ հայկականություն. Ժուստինայի հետազոտության հետագիծը Պոլսից Պլովդիվ

    Երբ անտարբեր չես մնում տիեզերական նշանների նկատմամբ, հին ծխախոտի տուփն անգամ կարող է դառնալ հետաքրքիր ճամփորդության սկիզբ դեպի դարերի ժառանգություն. հենց այսպիսին էր մարդաբան, Լյուբլանայի համալսարանի դասախոս Ժուստինա Սելվելլիի հետազոտական ու նաև ինքնաճանաչման ուղին: 

     

    Նրա հետազոտական գործունեության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի «Լեզվական վերաբերմունքը, հավաքական հիշողությունն ու (տրանս)ազգային ինքնության ձևավորումը Բուլղարիայի հայկական համայնքում» անգլալեզու մենագրությունը, որը ներկայացնում է, թե ինչպես են լեզուն, եկեղեցիները, մշակութային կոթողները, ընտանեկան պատմություններն ու առօրյա կյանքը միահյուսում մեկ միասնական առաքելություն՝ հայրենիքից հեռու սերնդեսերունդ պահպանելու հայկական ինքնությունը:

     

    Մեդիամաքսը զրուցել է Ժուստինա Սելվելլիի հետ Պլովդիվի հայկական համայնքի ուսւոմնասիրության, այն ամփոփող մենագրության, ինչպես նաև նրա սեփական հայկականության բացահայտման ճանապարհի մասին: 

     

    Կոստանդնուպոլսի գենետիկ գաղտնիքը

     

    Մարդաբան, սոցիոլեզվաբան Ժուստինա Սելվելլիի աշխատանքների վրա մեծ ազդեցություն ունեն ինքնության, հիշողության, լեզվի և պատկանելիության հարցերը: Նրա այս հետաքրքրություններն ամենևին էլ պատահական չեն: Փոքր համայնքների, մշակութային խաչմերուկների, համատեղ գոյակցության հարցերը նրան ուղեկցել են մանկուց, սակայն էլ ավելի խոր արմատներ ունեն նրա էպիգենետիկ հիշողությունում: Ժուստինայի համար հետազոտական աշխատանքը ոչ միայն մարդաբանական հարցերի պատասխանների փնտրտուք է, այլև ճանապարհ դեպի իր ներսը՝ բացահայտելու սեփական ժառանգության գաղտնիքները: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Թեև Ժուստինան մեծացել է Իտալիայում, սակայն պարզապես իտալուհի չէ: Նրա մայրական կողմը Մեքսիկայից է, իսկ հայրական կողմի լևանտական արմատները տարբեր մշակութային խաչմերուկների բազմություն են, որոնց հատման կետը եղել է Կոստանդնուպոլիսը: Ժուստինայի նախնիներն իտալական թերակղզուց այդտեղ են գաղթել դեռևս 1850-ականներին, որտեղ ընտանեկան ԴՆԹ-ին միահյուսվել են խորվաթական, հունական, նաև հայկական արմատներ: 

     

    «Ես երբեք չեմ հանդիպել Պոլսում ծնված պապիս, բայց, լսելով ընտանեկան որոշ պատմություններ, պարզեցի, որ նրա մայրը մայրական կողմով հայ էր: Ցավոք, նա պապիկիս լույս աշխարհ բերելուց ընդամենը մի քանի ամիս անց մահացել է թոքախտից՝ 21 տարեկան հասակում: Դա 1917 թվականին էր, ու թեև մանրամասն տեղեկություններ չունենք, բայց կարող ենք ասել, որ նրա մահն ընտանեկան ողբերգություն էր Հայոց ցեղասպանության առավել մեծ՝ ազգային ողբերգության մեջ, որը գուցե ինչ-որ կերպ սերնդեսերունդ փոխանցվել է նաև ինձ։ Իմ շատ հարազատներ, այդ թվում՝ մայրս, ովքեր տեսել էին նախատատիս լուսանկարները, անընդհատ ասում էին, որ ես նման եմ նրան։ Սա յուրատեսակ սկիզբն էր խորհրդավոր թվացող ճամփորդության, որը, միևնույն ժամանակ, ճակատագիր էր ինձ համար՝ ասես ես պետք է բացահայտեի իմ ներսում եղած այդ փոքրիկ արահետը»,- ասում է Ժուստինան:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Նրա պապիկը Կոստանդնուպոլսից նորից Իտալիա է եկել՝ հաստատվելով Սլովենիայի սահմանին գտնվող իտալական Գորիցիա քաղաքում, որտեղ էլ մի նոր մշակութային խաչմերուկում մեծացել է Ժուստինան: 

     

    Առերեսում հայերեն գրի հետ

     

    Հայկականության հետ առաջին ծանոթությունը Ժուստինայի կյանքում Արամ Խաչատրյանի երաժշտությունն էր, որը նա նվագում էր դաշնամուրի վրա: Լսում էր նաև SOAD, որի երգերից էլ սկսել է ճանաչել Հայոց ցեղասպանության պատմությանը: Լեզվաբանական հետաքրքրությունների բերումով՝ սովորել էր նաև հայոց այբուբենը, սակայն դեպի հայկական համայնք տանող ուղիղ ճանապարհը սկսվել էր մի փոքր ավելի ուշ՝ սրանից 19 տարի առաջ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի ծխախոտի տուփի վրա տպված փոքրատառ հայերեն գրի հետ անսպասելի առերեսումից:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Մի անգամ հայրիկիս ընկերն իմանալով, որ ես տարբեր լեզուներ եմ ուսումնասիրում, ինձ ցույց տվեց Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի ծխախոտի փաթեթավորման այս թուղթը»,- ասում է Ժուստինան՝ ցույց տալով ստվարաթղթի թուրքերեն տեքստը՝ տառադարձված Օսմանյան կայսրության տիրապետության ներքո ապրող տարբեր ազգերի տառերով, այդ թվում՝ հայատառ:

     

    «Սկզբում չճանաչեցի հայերեն գիրը, քանի որ փոքրատառերով էր գրված: Մտածեցի՝ այս նշանները, այս տառերի ձևն այնքան գեղեցիկ է: Որոշ ժամանակ անց ես և եղբայրս հասկացանք, որ դրանք հայերեն տառեր են, և ես դա ընդունեցի որպես նշան իմ ապագա ակադեմիական ուղու համար: Այդ տպավորության պատճառով, որն անկասկած շատ իռացիոնալ էր, ցանկացա հետևել այդ տառերին ու տեսնել՝ ուր կտանեն ինձ: Այդ ճամփորդության համար երբեք չեմ զղջացել»,-պատմում է Ժուստինան: 

     

    Դեպի Պլովդիվ

     

    Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում ուսանելիս՝ Ժուստինան մասնագիտացել է նաև հայագիտության ասպարեզում՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պողոս Լևոն Զեքիյանի ղեկավարությամբ: «Էրազմուս» ծրագրով Բուլղարիա մեկնելու և Պլովդիվի համալսարանում ուսանելու հնարավորություն կար, որը Ժուստինան բաց չթողեց, քանի որ դա նաև հիանալի առիթ էր ուսումնասիրելու Պլովդիվի հայկական համայնքը, որը նրա մագիստրոսական թեզի թեման էր:  

    Լուսանկարը` Մեդիամաքս

    2010 թվականին մեկնելով Պլովդիվ՝ Ժուստինան փորձում էր գտնել իր համար մի կարևոր հարցի պատասխան.

     

    «Ես այնքան հմայված էի հայերեն այբուբենով, որ ուզում էի անպայման հասկանալ՝ արդյոք այս յուրահատուկ տառերը նաև խորհրդանշական որևէ արժեք ունեն Պլովդիվի հայ համայնքի համար․ համայնք, որի բնակիչները անքակտելի կապ էին զգում այն հայրենիքի հետ, որը երբեք չէին տեսել»,- ասում է Ժուստինան՝ նշելով, որ դա իր համար զարմանալի բացահայտումներից մեկն էր. ինչպես է հնարավոր այդքան ուժեղ հուզական կապ ունենալ մի ժառանգության ու մի հայրենիքի հետ, որն ասես երևակայական է, որովհետև այն երբեք չեն տեսել. 

     

    «Պատկանելիության այս ձևն ինձ համար շատ հուզիչ էր»:

     

    Մեկ կաթիլը բավարար է

     

    Հայկական համայնքը Ժուստինային գրկաբաց է ընդունել՝ դարձնելով մեծ ընտանիքի մի մասը: Թեև սկզբում մարդիկ դժվարությամբ էին հասկանում նրա մասնագիտական հետաքրքրությունը համայնքային կյանքի նկատմամբ, բայց երբ լսում էին, որ հայկական մասնիկ կա նրա գեներում, միանգամից ամեն ինչ հասկանալի էր դառնում:  

    Լուսանկարը` Մեդիամաքս

    «Նրանք ինձ ասում էին՝ մեկ կաթիլն էլ բավարար է, որ հայ լինես: Ես պաշտում եմ այդ գաղափարը, որովհետև դա աշխարհի շատ երկրներում առկա՝ զտարյունության հանդեպ մոլուցքի ճիշտ հակառակն է։ Զտարյունության մոլուցքը շատ երկրներում է հանդիպում, մինչդեռ հայկական սփյուռքն այնքան բաց է ընդունելու ինքնության բազմաթիվ շերտեր»,- ասում է նա և հիշում, որ երբեմն զրույցների ընթացքում իր ինքնության բարդ շերտավորումը ակամայից պարզեցվում էր, և Ժուստինան համայնքի անդամների համար դառնում էր պարզապես կիսով հայ: Նա դա ջերմությամբ է հիշում: 

     

    «Պլովդիվի հայկական համայնքում լինելն ինձ համար ճամփորդություն էր ոչ միայն դեպի հայկական սփյուռքի աշխարհ, այլև դեպի ինքնության իմ սեփական ընկալում և հայկականության այս փոքրիկ ժառանգությունը կրելու ուրույն ուղի, որն այնքան արգասաբեր էր իմ կյանքի համար և մինչ օրս ինձ տանում է անսպասելի ուղղություններով»,- ասում է Ժուստինան: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Իսկ հայկական տառերի խորհրդանշական իմաստը համայնքի անդամների կյանքում շատ փնտրելու կարիք չեղավ: Երբ Ժուստինային հայերն իրենց տներ էին հրավիրում, նա միշտ նկատում էր մեսրոպատառ գրով տարբեր կենցաղային իրեր՝ բաժակներ, գորգեր, ափսեներ: Ավելի ուշ նա նմանատիպ մի խորհրդանիշ էլ իր համար գտավ. Ստամբուլ կատարած այցի ժամանակ, որտեղ մեկնել էր հանդիպելու իրենց լևանտական արմատներն ուսումնասիրող եղբորը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանի հարևանությամբ վաճառվող մի կախազարդ տեսավ՝ հայերեն այբուբենի փորագրությամբ: Այս կախազարդը մինչ օրս նրա համար մեծ նշանակություն ունի, որը կրում է նաև որպես տիեզերքից իրեն ուղարկված նվեր: 

     

    Պլովդիվի հայկական համայնքի պատմությունը

     

    Իր մենագրությունում Ժուստինան ներկայացրել է նաև Բուլղարիայում հայկական համայնքի ձևավորման պատմությունը, որը սկսվում է դեռևս 5-րդ դարից:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ինչպես մանրամասն ներկայացված է գրքում՝ հայերը վճռորոշ դեր են խաղացել բուլղարացիների ազատագրական պայքարում՝ մասնակցելով Թրակիայի և Մակեդոնիայի շրջանները բյուզանդական տիրապետությունից ազատագրելու և Բուլղարական կայսրությանը միացնելու մարտերին: 12-րդ և 13-րդ դարերում հայկական մեծ գաղութներ կային ոչ միայն Պլովդիվում, Սոֆիայում և Տիռնովոյում, այլև բուլղարա-մակեդոնական տարածքի շատ այլ քաղաքներում։

     

    Բուլղարիայում հայերի բնակեցման հաջորդ խոշոր փուլը եղել է 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո ընկած ժամանակահատվածը: Ուշ միջնադարի մեծագույն հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին իր կյանքի մի մասն անցկացրել է Պլովդիվում:

     

    1870-ականներին հայերն ակտիվորեն մասնակցել են Բուլղարիայի՝ օսմանյան տիրապետությունից ազատագրման պայքարին: 1878 թ. Բեռլինի պայմանագրից հետո ստեղծված անկախ բուլղարական պետության նոր սահմանադրությամբ երկրում ապրող հայերը ստացան մշտական քաղաքացիություն, հավասար իրավունքներ և պարտականություններ:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հատկանշական է նաև երկրում հայ տպագրիչների դերը. հրատարակչական գործունեությունը գրեթե ամբողջությամբ հայերի ձեռքում էր, ինչն ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ Օսմանյան կայսրությունում հայերն ունեցել են տպագրական գործունեության երկար պատմություն՝ սկսած 16-րդ դարի երկրորդ կեսից:

     

    Ժուստինայի գրքում տեղ է գտնել նաև մի հատկանշական մեջբերում 1890 թվականին «Պլովդիվ» թերթի համարից, որը գրում էր. 

     

    «Թեև տարբեր ժամանակներում բազմաթիվ նվաճողներ զավթել են Հայաստանը և ավերել այն, փորձել են բնաջնջել հայ ազգը, այն ավելի քան 4000 տարի դիմակայել է փորձություններին, հաղթահարել տառապանքն ու հալածանքները, գոյատևում է մինչ օրս, վառ է պահում իր ազգային դիմագիծը և այսօր էլ ցույց է տալիս քաղաքական վերածննդի նշաններ, մինչդեռ շատ հարևան, անհամեմատ ավելի ուժեղ երկրներ անհետացել են երկրագնդի երեսից»:

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Հայերը Բուլղարիայում ապաստան են գտել նաև 1894-1896 թվականների Համիդյան ջարդերի ժամանակ, ինչպես նաև 1914-1923 թվականների Հայոց ցեղասպանության շրջանում: 

     

    Այբուբենը և հայկական դպրոցի առաքելությունը

     

    Չնայած հայոց տառերի հանդեպ հուզական կապվածությանը՝ ի զարմանս Ժուստինայի, համայնքում ոչ բոլորն էին վարժ հայերեն խոսում: Ըստ հետազոտողի՝ խնդիրն այն է, որ թեև հայկական դպրոցը հիանալի աշխատանք է կատարում հայերենի դասավանդման հարցում, կրթությունն այդտեղ 8-ամյա է, իսկ շրջանավարտները հայկական կրթությունը շարունակելու հնարավորություն Պլովդիվում չունեն: 

     

    «Ես երեխաների հետ մասնակցում էի Թութունջյան վարժարանի հայոց լեզվի դասերին և հիացած էի ուսուցչուհու աշխատանքով: Զգում էի, որ նա առաքելության բարձր գիտակցում ուներ՝ փոխանցելու ոչ միայն բուն լեզուն, այլև հայկական արժեքային համակարգն ու պատմությունը: Նա այնքան հպարտ էր հայոց պատմությամբ, և ես տեսնում էի, թե ինչպես էր այդ ոգևորությամբ վարակում երեխաներին. իմ աչքի առաջ երեխաներն ավելի ու ավելի էին կապվում հայկական խորհրդանիշներին»,- հիշում է Ժուստինան: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Թութունջյան վարժարանը հիմնվել է 1834 թվականին: Ժուստինան իր գրքում մի հետաքրքիր փաստ է նշում. Պլովիդվում ապաստանող հայ փախստականներից քչերն էին հայերենին տիրապետում, նրանց հիմնական լեզուն թուրքերենն էր, սակայն գիտեին հայերեն գիրը: Այս հետագծի ուսումնասիրությունը յուրովի է բացահայտում հայոց տառերի հանդեպ հուզական ուժեղ կապի խորհուրդը:

     

    Երբ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ փախստականները թուրքական ջարդերից ապաստան գտան Պլովդիվում՝ միանալով այնտեղ վաղուց հաստատված հայկական համայնքին, նրանց երեխաները սկսեցին հայկական դպրոց հաճախել, ծնողները ևս ձգում էին զավակների հետ հայերեն սովորել: Շուտով տներում նորից հայերենն էր հնչում, սակայն իրավիճակը փոխվեց 1976 թվականին, երբ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշմամբ փակվեց նաև Թութունջյան վարժարանը: Այն վերաբացվեց 1989-ից հետո՝ շարունակելով հայկականության պահպանության իր առաքելությունը: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Ըստ հետազոտողի՝ այսօր էլ հայոց լեզուն Պլովդիվի հայ համայնքի կյանքում չունի գործնական լայն կիրառություն, սակայն տեղի էլիտան շարունակում է պահպանել դրա խորհրդանշական դերը՝ դնելով լեզուն և այբուբենը արմատների հետ կապի առանցքում:

     

    Գիրք՝ ի երախտագիտություն համայնքին

     

    Հայկական համայնքի հետազոտությունը Ժուստինայի մագիստրոսական թեզի պաշտպանությամբ ոչ թե ավարտվեց, այլ նոր սկիզբ առավ: Տարիների ընթացքում նա պահպանել է համայնքի հետ կապը, հետազոտական նպատակներով եղել է նաև Հայաստանի Հանրապետությունում և հրապարակել մի շարք գիտական հոդվածներ: 

     

    «Հոդվածներիցս մեկը վերաբերում էր Պլովդիվի հայկական դպրոցի տնօրեն Սուրեն Վեցիկյանի Ցեղասպանության մասին հուշագրությանը: Քանի որ Պլովդիվի հայերն ինձ համար նոր հետազոտությունների ու ոգեշնչման աղբյուր էին դառնում, որոշեցի որ ամբողջ հետազոտական նյութը պետք է ամփոփեմ մեկ գրքում՝ դրանով նաև հատնելու իմ երախտագիտությունը համայնքին»,-ասում է Ժուստինան: 

    Լուսանկարը` Մեդիամաքս

    Որոշակի հավելյալ աշխատանքից և խմբագրումներից հետո՝ 2024 թվականին հրատարակվել է Պլովդիվի հայկական համայնքի մասին պատմող մենագրությունը՝ «Լեզվական վերաբերմունքը, հավաքական հիշողությունն ու (տրանս)ազգային ինքնության ձևավորումը Բուլղարիայի հայկական համայնքում», որի նախաբանը գրել է պրոֆեսոր Պողոս Լևոն Զեքիյանը: Գիրքը հրատարակվել է «Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ, ինչը հնարավոր է դարձրել գրքի ազատ հասանելիությունն առցանց տարբերակով

     

    Այս տարվա մայիսին Ժուստինան գիրքը ներկայացրել է Երևանում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան կազմակերպած հանդիպման շրջանակում, որի մոդերատորը Պլովդիվի հայ համայնքի ներկայացուցիչ, բուլղարահայ Նորա Ռադոսլավովան էր: 

     

    Ժուստինա Սելվելլին ներկայումս շարունակում է հետազոտել Եվրոպայի փոքրամասնությունների տարբեր համայնքների պատմությունն ու կենսակերպը: 

     

    «Դժբախտաբար, ներկայումս մենք Եվրոպայում կորցնում ենք մշակութային բազմազանությունը: Կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ մենք այժմ սովորել ենք ազգային պետության գաղափարին՝ մեկ երկիր, մեկ լեզու, մեկ կրոն, մեկ ինքնություն: Սա աղքատացնում է մեզ»,- ասում է հետազոտողը: 

     

    Չնայած այս մտահոգություններին՝ Պլովդիվի հայկական համայնքի ապագայի հարցում Ժուստինան ցանկանում է լավատես մնալ: 

     

    Տեքստը և լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

  • 8 ֆիլմ, որոնք չպետք է բաց թողնել «Ոսկե ծիրան 2026»-ում

    Պատերազմից հետո մնացած լռություն, տուն փնտրող մարդիկ, հայրերի ու որդիների չասված խոսակցություններ․ «Ոսկե ծիրան-2026»-ի ֆիլմերը միավորում է մեկ ընդհանուր թեմա՝ ինչպե՞ս շարունակել ապրել, երբ աշխարհն արդեն փոխվել է։ 

     

    Մեդիամաքսն առանձնացրել է 8 ֆիլմ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է իր ճանապարհորդությունը՝ դեպի սեփական անցյալը, ցավը կամ դեռ չապրած կյանքը։

     

    1. Հեռավոր կրակ․ Մառլեն Էդոյան

     

    Վրաստանի հարավում՝ Հայաստանի սահմանին մոտ գտնվող Գանձան գյուղում երեք դեռահաս փորձում են պատկերացնել իրենց ապագան։ Անհանգիստ ու հավակնոտ Հենրիխը երազում է մեկնել Թբիլիսի եւ միջազգային հարաբերություններ ուսումնասիրել։ Ընտանեկան պարտավորությունների ծանրությունը կրող Կառլենը արտագնա աշխատանքը տեսնում է որպես սեփական անկախությունը ձեռք բերելու հնարավորություն։ Իսկ ավանդույթներին առավել կապված Հակոբը փորձում է իր տեղը գտնել հայրենի գյուղում՝ միաժամանակ ներքուստ կասկածի տակ դնելով այնտեղ իշխող չգրված կանոններն ու հայրիշխանական սպասումները։

     

    Մառլեն Էդոյանը սահմանը դիտում է ոչ միայն որպես աշխարհագրական գիծ, այլեւ որպես ներքին վիճակ։ Սովետական անցյալի ստվերը, աքսորի հիշողությունն ու հայրիշխանական ավանդույթները դառնում են այն միջավայրը, որտեղ երիտասարդները փորձում են հասկանալ՝ ինչ գնով է հնարավոր հեռանալ եւ արդյոք հնարավոր է երբեւէ ամբողջությամբ հեռանալ։

     

    2. Լուսինն է իմ հայրը․ Գիորգի Օվաշվիլի

     

    Տասներկուամյա Տոման գրեթե չի հիշում հորը։ Երբ երկար տարիների բանտարկությունից հետո Նեմոն վերադառնում է, նրանք միասին ճանապարհ են ընկնում դեպի լեռներ՝ փորձելով մի քանի օրում լրացնել տասը տարվա բացակայությունը։

     

    Սկզբում ֆիլմը հայր ու որդու հարաբերությունների մասին պատմություն է թվում, սակայն աստիճանաբար վերածվում է հասունացման դրամայի։ Լեռները դառնում են փորձություն, որտեղ տղան ստիպված է ոչ միայն փրկել իրեն, այլեւ հրաժեշտ տալ մանկությանը։ Օվաշվիլին պատմում է, թե ինչպես է երբեմն մեծանալը սկսվում հենց կորստից։

     

    3. Լավ տղամարդ չկա․ Շահրբանու Սադաթ

     

    2021 թվականն է։ Քաբուլում Թալիբանի վերադարձին հաշված օրեր են մնացել։ Հեռուստաընկերության միակ կին օպերատորը՝ Նարուն, պայքարում է որդու խնամակալությունը պահպանելու համար եւ վստահ է, որ իր կյանքում այլեւս լավ տղամարդ չի կարող հայտնվել։

     

    Քաղաքի վերջին ազատ օրերի ֆոնին ֆիլմը պատմում է ոչ միայն հնարավոր սիրո, այլեւ ընտրության մասին։ Երբ երկիրը կանգնած է պատմական շրջադարձի առաջ, ամենափոքր անձնական որոշումներն էլ քաղաքական են դառնում։ Շահրբանու Սադաթը մեծ պատմությունը պատմում է մեկ կնոջ հայացքով՝ առանց բարձրաձայն հայտարարությունների։

     

    4. Ապահով ելք․ Մոհամեդ Համմադ

     

    Սամաանը մանկության տարիներին տեսել է, թե ինչպես են ահաբեկիչները սպանում իր հորը։ Տասը տարի անց նա աշխատում է որպես անվտանգության աշխատակից եւ ապրում հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ։ Մի օր ճակատագիրն ստիպում է նրան թաքցնել հենց այն մարդուն, որից ամբողջ կյանքում փախել է։

     

    Ֆիլմը թրիլերի կառուցվածք ունի, բայց իրական լարվածությունը ներսում է։ Վախը, հավատը, վրեժի ցանկությունն ու բարոյական ընտրությունը անընդհատ բախվում են միմյանց՝ ցույց տալով, թե որքան երկար կյանք կարող է ունենալ մեկ մանկության վերքը։

     

    5. Վերապրել Շեքսպիրին․ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան

     

    Նորքի ծերանոցում Շեքսպիրի հերոսները դատի են տալիս իրենց հեղինակին, սակայն բեմական այս մտահղացումը շուտով վերածվում է բոլորովին այլ պատմության։ Թատերական փորձերին զուգահեռ բացվում են տարեց բնակիչների անձնական պատմությունները, հիշողություններն ու չապրած կյանքերը՝ ստեղծելով ֆիլմ, որտեղ փաստագրությունն ու թատրոնը անընդհատ հատվում են։ Այստեղ Շեքսպիրը ոչ միայն ներկայացման հերոս է, այլեւ միջոց՝ վերաիմաստավորելու այն, ինչ մնացել է չասված, կորցրած կամ ուշացած։ 

     

    Արդյունքում ֆիլմը վերածվում է կյանքի վերջին մեծ բեմադրության, որտեղ յուրաքանչյուր հերոս խաղում է ոչ թե իրեն բաժին հասած դերը, այլ սեփական ճակատագիրը։

     

    6. Լոնդոն․ Սեբաստիան Բրամեսհուբեր

     

    Բոբին ամեն օր մեքենայով անցնում է Վիեննան եւ Զալցբուրգը կապող մայրուղով՝ ճանապարհածախսը կիսելու համար պատահական ուղեւորներ վերցնելով։ Յուրաքանչյուր ուղեւոր իր հետ բերում է մի փոքրիկ Եվրոպա։ Այդ պատահական զրույցներից Բրամեսհուբերը հավաքում է մայրցամաքի դիմանկարը՝ առանց մեկնաբանելու, պարզապես լսելով մարդկանց։ 

     

    Այն միաժամանակ խաղարկային է եւ վավերագրական՝ ավելի շատ լսելով մարդկանց, քան մեկնաբանելով նրանց։

     

    7. Տրիստան՝ ընդմիշտ․ Թոբիաս Նյոլե

     

    Աշխարհի ամենահեռավոր բնակեցված կղզիներից մեկում ֆրանսիացի բժիշկ Լորանը գտել է այն, ինչ շատերը փնտրում են ամբողջ կյանքում՝ տուն։ Երեսուն տարվա այցելություններից հետո նա որոշում է վերջնականապես տեղափոխվել Տրիստան դա Կունյա եւ դառնալ կղզու բնակիչ։

     

    Ֆիլմը հարցնում է՝ արդյոք տունը ծննդավայրն է, թե այն վայրը, որտեղ քեզ պատրաստ են ընդունել։ Մարդու եւ բնության հարաբերությունների մասին այս պատմությունը նաեւ ընտանիքի եւ պատկանելիության մասին խորհրդածություն է։

     

    8. Արտոյի երկիրը․ Թամարա Ստեփանյան

     

    Սելինը Հայաստան է գալիս ամուսնու՝ Արտոյի մահը գրանցելու համար։ Այստեղ նա հասկանում է, որ այն մարդու մասին, որի հետ ապրել է, գրեթե ոչինչ չի իմացել։ Նրա որոնումները տանում են դեպի 2020 թվականի պատերազմի հաշմանդամներ, 90-ականների վետերաններ եւ պատերազմի հիշողությամբ ապրող մարդիկ։

     

    «Արտոյի երկիրը» հիշողության եւ ինքնության մասին ֆիլմ է։ Սելինի անձնական որոնումը աստիճանաբար վերածվում է մի ամբողջ երկրի հիշողության հետ հանդիպման։ 

     

    + Երեք հատուկ ցուցադրություն, որոնք բաց թողնել չի կարելի

     

    Մրցութային ծրագրից բացի, այս տարվա «Ոսկե ծիրանը» հնարավորություն է տալիս մեծ էկրանին տեսնել նաեւ կինոյի պատմության երեք տարբեր ժամանակաշրջան ներկայացնող ֆիլմեր։

     

    Սատանայական տանգո․ Բելա Տարր

     

    439 րոպե տեւողությամբ «Սատանայական տանգոն» կինոյի պատմության ամենանշանավոր ու համարձակ ստեղծագործություններից է։ Բելա Տարի յոթ ժամանոց գլուխգործոցը հրաժարվում է ավանդական պատմողական ռիթմից՝ հանդիսատեսին հրավիրելով ամբողջությամբ ընկղմվել իր դանդաղ, հիպնոսացնող աշխարհում։

     

    Մեծ պատմություն փոքր քաղաքում․ Գոռ Կիրակոսյան

     

    Քսան տարի անց «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ը վերադառնում է մեծ էկրան՝ ռեստավրացված տարբերակով՝ հիշեցնելով, թե ինչու դարձավ անկախ Հայաստանի ամենասիրված կատակերգություններից մեկը։

     

    Ֆիլմը վաղուց դուրս է եկել պարզապես կատակերգության շրջանակներից՝ վերածվելով 2000-ականների հայկական կինոյի խորհրդանիշներից մեկի։ Այն համարձակորեն շարունակեց խորհրդային կատակերգության ավանդույթները նոր հայկական իրականության մեջ՝ ստեղծելով կերպարներ, հումորային իրավիճակներ ու երկխոսություններ, որոնք մինչ օրս շարունակում են մեջբերվել։ 

     

    Ամելի․ Ժան-Պիեռ Ժյոնե

     

    Քառորդ դար անց էլ «Ամելին» շարունակում է հիշեցնել, որ առօրյայի ամենափոքր մանրուքներում էլ կարող են հրաշքներ թաքնված լինել։ Ժան-Պիեռ Ժյոնեի գունեղ կինոլեզուն, Մոնմարտրի կախարդական մթնոլորտն ու հիշվող կերպարները ֆիլմը վաղուց դարձրել են ժամանակակից կինոյի ամենասիրելի դասականներից մեկը։

     

    Ցուցադրությանը ներկա կլինի ֆիլմի պատկերային աշխարհի հեղինակ, օպերատոր Բրյունո Դելբոնելը, որը հանդիսատեսի հետ կկիսվի «Ամելիի» ստեղծման պատմություններով։

     

    Աստղիկ Հովհաննեսով

  • Հավաքական գիտակցության կապիտուլյացիան կամ բանականությունն ընդդեմ վախի

    Երբ քաղաքագիտությունն ու ռացիոնալ միտքն անզոր են լինում բացատրելու հայաստանյան ընտրական ֆենոմենը, խաղի մեջ են մտնում նեյրոկենսաբանությունն ու հոգեբանությունը։ Քաղաքականությունը, կարելի է ասել, տեղով մեկ հոգեբանություն է, քանի որ քաղաքական որոշումներն ու գաղափարախոսությունները ձևավորվում են մարդկային էմոցիաների, վախերի և մանիպուլյացիաների հիման վրա։ Քաղտեխնոլոգները լավ գիտեն՝ էմոցիան միշտ հաղթում է բանականությանը։ 

    Ցանկացած կայուն ժողովրդավարական համակարգում աղետալի պատերազմում պարտված, ազգային արժեքները ոտնահարող, հակառակորդի բոլոր պահանջներին, մեղմ ասած, ականջալուր լինող իշխանության վերստին ու երիցս ընտրությունն անհնարին կլիներ։ Ինչպե՞ս է լինում, որ մեր դեպքում անհնարը դառնում է հնարավոր։ Այս ֆենոմենը փորձենք հասկանալ ոչ թե պարզ, կենցաղային «տեսությունների», այլ նեյրոկենսաբանության ու հոգեբանության  տեսանկյունից։ 

    Նախընտրական շրջանի դիտարկումներում անընդհատ մի երևույթ էր «աչք ծակում»․ հանրությանը մանիպուլյացնելու դոմինանտ գործոններից էր վախը։ Ընդհանրապես, նախընտրական քարոզարշավների ժամանակ քաղաքական գործիչները մշտապես «խաղում» են անհատի բազային պահանջմունքների լարի վրա, որոնց մեկը հենց անվտանգությունն է։ Այս քարոզարշավի ժամանակ մանիպուլյատիվ այլ մեխանիզմներ, բնականաբար, ևս կիրառվում էին, սակայն գերական հենց վախի «ներարկումն» էր։ 

    Նեյրոկենսաբանության տեսանկյունից նայելիս՝ երբ մարդը գտնվում է մշտական վախի ու սպառնալիքի ներքո, նրա ուղեղում, պատկերավոր ասած, տեղի է ունենում կենաց- մահու պայքար։ Շրջանցելով նեյրոկենսաբանական բարդ տերմինաբանությունը՝ մատչելի լեզվով ասած,  մեր ուղեղի հնագույն շերտերը, որոնք պատասխանատու են ֆիզիկական գոյատևման ու հույզերի համար, ուղղակիորեն արգելափակում են մեր բանականությունը։ Այս անհավասար պայքարում մեր «մտածող ու բանական» ուղեղը բառացիորեն կապիտուլյացիայի է ենթարկվում։ Բանականությունը պարտվում է վախին, քանի որ մեր «կենսաբանական էությունը» նախընտրում է ոչ թե արժանապատիվ ապրելը, այլ պարզապես ողջ մնալը։  Այն ազգերը, որոնք կարճ ժամանակում հոգեբանական ու ֆիզիկական ուժեղ հարվածներ են ստանում, հաճախ հրաժարվում են մեծ նպատակներից՝ հանուն տարրական գոյատևման։ Մեր դեպքում, այդ հարվածները, թերևս, թվարկելու կարիք էլ չկա։ 

    Վախը նաև «լավագույն» էմոցիան է մարդուն ենթարկեցնելու ու ստիպելու անել այն, ինչն անվտանգ պայմաններում երբեք չէր անի։  Այսինքն, ոչ միայն փաստացի վախն է «վախենալու», այլև վախը՝ հենց վախից։ Այս վախի գեներացման արդյունքում ՝ ընտրողը տրամաբանական ընտրության փոխարեն իռացիոնալ ընտրություն է անում։ Վախը դառնում է բացարձակապես անկառավարելի, երբ արտաքին հնարավոր սպառնալիքին միանում է նաև ներքինը։ Այսինքն, երբ թշնամու սպառնալիքներն ավելի մեծ ջանքերով «շրջանառության» մեջ է դնում հայրենի իշխանությունն ու վախեցնում է նույն «լեզվով»։ Ընտրությունը դառնում է ոչ թե գաղափարական, այլ զուտ կենսաբանական։ Մանիպուլյացիոն խայծը կուլ է տրված։ 

    Այս երևույթն ավելի պատկերավոր հասկանալու համար բերենք մի պարզ օրինակ․ առողջ ընտանիքում մեծացող երեխան արտաքին աշխարհի վտանգներից պաշտպանություն է գտնում տանը։ Սակայն, երբ տունը դադարում է անվտանգ լինել, ավելին՝  երբ արտաքին սպառնալիքին միանում է ներքինը, երեխան  զրկվում է դիմադրության ցանկացած հենարանից, ինչն էլ վերջնարդյունքում աղետալի հետևանքներ է ունենում։  Սա այն է, ինչ տեղի է ունենում նաև պետության ներսում՝ հավաքական «երեխաների» դեպքում։ Ավելին, մեր դեպքում պետական քարոզչամեքենան շահարկել է ոչ միայն պատերազմի վախը՝ արտաքին թշնամուց, այլև հրաշալիորեն ձևավորել ու կիրառել է «ներքին թշնամու» կերպարը։  Այս ամենն արվել է ոչ միայն սեփական իշխանությունը պահելու, այլ հետագա ցավալի զիջումների համար։ Զիջումներ, որոնք այլևս ոչ էլ ցավալի են թվալու՝ վախի կառավարման հոգեբանական մեխանիզմների շնորհիվ։ 

    Մշտապես գտնվելով իրական և/կամ վերացական անվտանգային տագնապի մեջ, ի վերջո, հանրության հոգեբանական ռեսուրսները սպառվում են, և նա կորցնում է իր դիմադրողականությունը։ Այս հոգեկան հյուծման արդյունքում առաջանում է «սովորեցված անօգնականության» հոգեբանական սինդրոմը․ մարդը դառնում է բացարձակ հնազանդ՝ համոզված լինելով, որ իր դիմադրությունն այլևս ոչինչ չի փոխելու։ Համակերպված հանրությունը հրաժարվում է սեփական ճակատագրի պատասխանատվությունից, ձեռք է բերում հոգեբանական պաշտպանական վահան, որով արդարացնում ու ներում է ցանկացած կործանարար որոշում՝ այն ընկալելով որպես «փրկության» միակ ճանապարհը․ պատրանքային ճանապարհը։

    Այս հոգեբանական վահանի անխափան աշխատանքն էլ ապահովում է մեկ այլ մեխանիզմ՝ կոգնիտիվ դիսոնանսը։ Մարդու ուղեղը ֆիզիկապես ունակ չէ միաժամանակ ընդունել երկու իրարամերժ իրականություն․ անհնար է պահպանել հոգեկան հավասարակշռությունը՝ մեկտեղելով «ես արժանապատիվ ազգի ներկայացուցիչ եմ» ներքին համոզմունքը, և «այս իշխանությունը հակառակորդի կամակատարն է» իրողությունը։ Հոգեկանն այս ցավալի բախումից «ողջ» դուրս գալու համար դիմում է տարբեր «հնարքների», այդ թվում՝ ռացիոնալիզացիայի։ Արդյունքում՝ «ասպարեզ են դուրս գալիս» կեղծ տրամաբանական, բայց հանգստացնող մտքերը՝ «եթե զիջենք, եթե լռենք, ապա պատերազմ չի լինի»։ Այսպիսի ինքնախաբեությունը դառնում է հրաշալի փրկօղակ՝ արդարացնելու ցանկացած կործանարար քայլ։ 

    Իսկ կործանվելը․․․կործանվելը մեզ համար խորթ չէ․ դարեր շարունակ պետականության բացակայությունը կոլեկտիվ հայի անգիտակցականի մեջ արմատավորել է «տառապյալ, բայց հարատևող» ազգի կերպարը։ Մեզ համար պատմականորեն ավելի «հարմարավետ» է կորցնելն ու ողբալը, քան արժանապատվորեն պայքարելը։ Հանրությունը, կարծես, անգիտակցորեն ձգտում է վերադառնալ իր պատմական «կոմֆորտ» վիճակին։

    Նազիկ Ասատրյանը լրագրող է և հոգեբան:

    Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

  • ՆԱՏՕ-ի առաջնորդներին շփոթեցրել են Էրդողանի նվիրած ատրճանակները

    Ներկայացնում ենք Reuters-ի Turkey’s Erdogan gives NATO leaders revolver conundrum after summit հոդվածի թարգմանությունը։

     

    Բելգիայի վարչապետը զարմացած էր, երբ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալուց հետո ուղեբեռում հայտնաբերել էր ատրճանակ եւ փամփուշտներ։

     

    ՆԱՏՕ-ի լարված գագաթնաժողովից հետո Անկարայի հանդիպման հյուրընկալողը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, յուրաքանչյուր առաջնորդի հանձնել էր անսովոր նվեր՝ մարտական փամփուշտներով ատրճանակ։

     

    Այսպիսով Էրդողանն ուզում էր ցույց տալ, որ թուրքական ռազմական արդյունաբերությունը դարձել է երկրի արտահանման եւ արտաքին քաղաքականության կարեւոր գործիք։

     

    Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի մամուլի ծառայության հրապարակած լուսանկարներում երեւում է Gumusay ատրճանակը՝ հազվագյուտ մոդել, որը 1990-ականներին թողարկել է թուրքական MKE արտադրողը։

     

    Ատրճանակը տեղադրված էր փայտյա արկղում՝ Թուրքիայի դրոշի եւ ՆԱՏՕ-ի լոգոյի պատկերով։

     

    Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի մամուլի քարտուղարը հայտնել է, որ բոլոր առաջնորդները ստացել են նույն մոդելը՝ փողի վրա փորագրված իրենց անուններով։

     

    Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերն իր ատրճանակը հանձնել է Բրյուսելի օդանավակայանի ոստիկանությանը։

     

    Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի օգնականը RMF FM ռադիոկայանին ասել է, որ ատրճանակը պետք է մաքսային ձեւակերպում ստանա Վարշավայի օդանավակայանում եւ այնուհետեւ պահվելու է հարմար վայրում։

     

    «Դրանով ոչ ոք չի պատրաստվում կրակել», – ավելացրել է նա։

     

    Նիդերլանդների եւ Շվեդիայի վարչապետների գրասենյակները հայտնել են, որ ատրճանակները հանձնվել են Անկարայում իրենց դեսպանատներին։

     

    Նիդերլանդների վարչապետի ատրճանակը նախատեսվում է ապաակտիվացնել, իսկ շվեդականը սպասում է ներմուծման փաստաթղթերի ձեւակերպմանը։

     

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը ատրճանակի հետ ստացել է 500 փամփուշտ։

    Լուսանկարը` Լիտվայի նախագահի մամուլի ծառայություն/REUTERS

    Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի ատրճանակն արդեն պահվում է կառավարության նստավայրում՝ այլ երկրների առաջնորդներից ստացված նվերների հետ միասին։

     

    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է իր ատրճանակը հանձնել ռազմական թանգարանին, իսկ Հունաստանի վարչապետը նախատեսում է իրենը նվիրել Աթենքի ռազմական թանգարանին։

     

    Կանադայի վարչապետ Մարկ Կարնին խոստովանել է, որ ատրճանակը չի տեսել։

     

    «Ուզում եմ հանգստացնել կանադացիներին. զենքն ինձնից հեռու են պահում», – կատակել է նա մամուլի ասուլիսում՝ ավելացնելով, որ ատրճանակն արդեն ապաակտիվացվել է եւ, հնարավոր է, հայտնվի ազգային ռազմական թանգարանում։

     

    Ժամանակակից թուրքական զենքի արդյունաբերությունը հիմնականում մասնագիտացած է կիսաավտոմատ զենքի արտադրության ոլորտում, ուստի Gumusay-ը կարելի է յուրահատուկ կոլեկցիոն նմուշ համարել։

     

    Ժնեւում գործող Small Arms Survey կազմակերպության տվյալներով՝ 2019-2024 թվականներին Թուրքիան եղել է աշխարհում փոքր զինատեսակների երրորդ խոշորագույն արտահանողը՝ շուրջ 3 միլիարդ դոլար ընդհանուր արտահանման ծավալով այդ ժամանակահատվածում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին եւ Իտալիային։

     

    Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

  • «Հայկական Սփյուռքը 21-րդ դարում. համայնքներ, հաստատություններ, անհատներ»

    «Սփյուռքյան հեռանկարներ» (Diasporan Perspectives-DP) վերլուծական կենտրոնը հայտարարում է հետազոտական առաջարկների մրցույթ։

     

    DP-ն պատվիրում, հրապարակում եւ տարածում է սոցիալական գիտությունների ոլորտում նոր հետազոտություններ՝ կենտրոնանալով հայկական Սփյուռքի եւ Հայաստանի վրա։

     

    Կենտրոնը հիմնադրվել է 2025 թվականին Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան կողմից, այն հանդիսանում է քննարկումների հարթակ՝ ղեկավարների, քաղաքականություն մշակողների եւ փորձագետների համար։ DP-ն յուրահատուկ սփյուռքյան հեռանկար է հաղորդում հայկական ազգային հարցերին։ 

     

    Ստորեւ ներկայացնում ենք «Սփյուռքյան հեռանկարներ» կենտրոնի հայտարարությունը․

     

    «Մեր նպատակն է հրատարակել ինքնատիպ ժողովածու՝ նվիրված ժամանակակից հայկական Սփյուռքին։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում այս թեմայով զգալի ակադեմիական հետազոտություններ են կատարվել, մեծ մասամբ մի քանի փորձագետների եւ նախաձեռնությունների ջանքերով՝ ներառյալ առանձին դեպքերի ուսումնասիրություններ, պատմական վերլուծություններ եւ թեմատիկ մոտեցումներ։ 

     

    Այս նախաձեռնության միջոցով ուզում ենք հասկանալ, թե ինչպիսին է հետազոտությունների ներկա վիճակը, խթանել նոր հետազոտություններ եւ լսել հնարավորինս շատ ու բազմազան ձայներ՝ տարբեր առարկայական եւ տեսական տեսանկյուններից։ Ուշադրության կենտրոնում են Սփյուռքի հետ կապված ժամանակակից հարցերը։ Առարկայական եւ տեսական մոտեցումները լիովին բաց են։ Նախաձեռնության հիմնական հարցն է. ո՞ւր է գնում հայկական Սփյուռքը 21-րդ դարում։

     

    Փորձագիտական գնահատումից հետո պատվիրված հետազոտական հոդվածները կհրապարակվեն խմբագրված գրքի կամ բազմահատոր ձեւաչափով։

     

    Հետաքրքրված ենք իմանալ, թե ինչպես է հետազոտությունները վեր հանում սփյուռքահայ համայնքների ու հաստատությունների խնդիրները եւ այն մարտահրավերները, որոնց նրանք բախվում են արագ փոփոխվող ու անկայուն աշխարհում։ Մինչ Մերձավոր Արեւելքի կարեւոր հայկական համայնքները դատարկվում են պատերազմների ու անկայունության պատճառով, միգրացիան ոչ միայն նոր մարտահրավերներ է ստեղծում, այլեւ՝ նոր հնարավորություններ։

     

    Այս փոփոխությունները կարելի է ավելի մանրամասն ուսումնասիրել՝ դիտարկելով Սփյուռքի հաստատությունների էվոլյուցիան՝ եկեղեցի, քաղաքական կուսակցություններ, դպրոցներ, մամուլ, հիմնադրամներ, մարզական ակումբներ, բարեգործական կազմակերպություններ, մշակութային միավորումներ, ակադեմիական կենտրոններ եւ այլն, ինչպես նաեւ նոր ձեւավորված նախաձեռնությունները։ 

     

    Հետազոտական այս նախաձեռնության մաս են կազմում նաեւ ուսումնասիրություններն այն անհատների մասին, ովքեր կարեւոր ներդրում ունեն եւ զգալի ազդեցություն են թողնում հայկական Սփյուռքի վրա։

    Լուսանկարը` REUTERS

    Սփյուռքի հարաբերությունը հայկական պետության նախաձեռնության մեկ այլ կարեւոր ուղղություն է։ Ինչպե՞ս է անկախ Հայաստանի ի հայտ գալն ազդել Սփյուռքի վրա։ Թեեւ այս հարաբերության քաղաքական կողմերի մասին կան մի քանի կարեւոր հետազոտություններ, սոցիոլոգիական ու մարդաբանական մոտեցումները քիչ են։ Ինչպե՞ս է անկախ Հայաստանի հայտնվելը եւ Երեւանի՝ նոր «սփյուռքահայ» կենտրոն դառնալը ազդել սփյուռքի ներքին եւ միջհամայնքային կապերի, հաղորդակցության ու տեղաշարժերի վրա։ Ինչպե՞ս է Սփյուռքի ուշադրության կենտրոնացումը Հայաստանի վրա ազդել նրա ռեսուրսների մոբիլիզացիայի վրա՝ ազգային եւ տեղական հարցերի կամ կարիքների առնչությամբ։ Փոխվե՞լ է արդյոք սփյուռքահայ ինքնությունը ինքնիշխան պետության առաջացման հետեւանքով։

     

    Սփյուռք-Հայաստան հարաբերության մյուս ուղղությունը Երեւանի քաղաքականություններն ու մոտեցումներն են Սփյուռքի հանդեպ։ Ինչպե՞ս են դրանք փոխվել, եթե առհասարակ փոխվել են։ Ի՞նչ տեսակետներ ունեն Հայաստանում պետական եւ ոչ պետական դերակատարները Սփյուռքի հետ կապված։ Ինչպե՞ս է արտագաղթը Հայաստանից ազդել Սփյուռքի վրա։

     

    Հատուկ հետաքրքրություն ենք տածում հայկական Սփյուռքի եւ բարեգործության թեմայի հանդեպ։ Պետության բացակայության պայմաններում հայկական մշակութային կյանքը Սփյուռքում (ինչպես նաեւ հայրենիքում) ավանդաբար հենվել է բարեգործական նախաձեռնությունների վրա։ Անցյալում այդ ուղղությամբ առաջամարտիկ են եղել ունեւոր անհատները Պարսկաստանից եւ Հնդկաստանից։ Հետագայում գործի են անցել Ստամբուլի, Կահիրեի, Բաքվի եւ Թբիլիսիի ունեւոր ամիրաներն ու արդյունաբերողները։ Մանթաշյանից մինչեւ Մելքոնյան եղբայրներ, Գալուստ Կիւլպէնկեանից մինչեւ Ալեք Մանուկյան, Հրայր Հովնանյան, Քըրք Կիրկոչյան եւ Մանուկյան եղբայրները ֆինանսավորել են կրթական, մշակութային եւ քաղաքական նախաձեռնություններ։ Ինչպե՞ս են այսօր Սփյուռքի ունեւոր հայերը, լինեն նրանք Շվեյցարիայում կամ Սիլիկոնյան հովտում, ներգրավվում հայկական (կամ ոչ հայկական) հարցերում։ Ինչպե՞ս է փոխվում բարեգործությունը։ Կա՞ն արդյոք «խաթարողներ» համայնքային աջակցության ավանդական ոլորտում։

     

    Վերջապես, Մերձավոր Արեւելքից, Հայաստանից եւ նախկին խորհրդային հանրապետություններից արտագաղթը նոր սփյուռքահայ համայնքներ է ձեւավորում։ Ի՞նչ է հայտնի նրանց մասին։ Այդ համայնքներում նոր տիպի հաստատություններ ձեւավորվու՞մ են արդյոք։ Ի՞նչ դինամիկա է նկատվում սփյուռքաստեղծման ավելի վաղ փորձի հետ համեմատ։ Ի՞նչ հարաբերություն կա «նոր» եւ «հաստատված» համայնքների միջեւ, երբ դրանք գոյակցում են։

     

    Ընթացիկ հետազոտական նախագիծը կառուցվում է թեմաների շուրջ.

     

    Մաս I. Հայկական սփյուռքահայ համայնքներն այսօր

     

    •    Արտագաղթի հետեւանքով առաջացած փոփոխություններ, օրինակ՝ Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, Վրաստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Պաղեստին/Իսրայելում, Հունաստանում, Եգիպտոսում եւ այլն։

    •    Վերջերս ձեւավորված համայնքների ընթացիկ զարգացումները, այդ թվում՝ Ռուսաստանում, Լեհաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, սկանդինավյան երկրներում, Իսպանիայում, Պորտուգալիայում եւ այլն։

    •    Առաջարկները կարող են կենտրոնանալ կոնկրետ տարածաշրջանների կամ քաղաքների վրա, ինչպիսիք են Կալիֆորնիան, Ռոնի հովիտը, Թավրիզը, Հալեպը, Բեյրութը, Մոսկվան, Նոր Նախիջեւան/Դոնի Ռոստովը, Թբիլիսին, Ստամբուլը եւ այլն։

     

    Մաս II. Հայկական սփյուռքահայ հաստատություններ եւ կազմակերպություններ

     

    •    Կոնկրետ հաստատություններ, ինչպիսիք են եկեղեցիները, երեք քաղաքական կուսակցությունները եւ նրանց արբանյակ կազմակերպությունները, խոշոր հիմնադրամները, կազմակերպությունները կամ նախաձեռնությունները՝ լինեն դրանք հաստատված, թե համեմատաբար նոր։ Երիտասարդական եւ սոցիալական շարժումների ուսումնասիրություններ՝ հատուկ ընդգծելով ընթացիկ դինամիկան։

    •    Բարեգործություն եւ Սփյուռք, հատկապես 1988 թվականից հետո։

    •    Սփյուռքահայ քաղաքական ակտիվություն։

    •    Սփյուռքի ենթախմբեր. հարցի շուրջ մոբիլիզացիա, մասնագիտական միավորումներ, կոնկրետ համայնքային նախաձեռնություններ։

    Լուսանկարը` REUTERS

    Մաս III. Հայկական սփյուռքահայ անհատներ եւ նրանց կենսագրություններ/գործունեությունը

     

    •    Հաստատություններից բացի, կան տարբեր ծագում ունեցող մարդիկ, ովքեր ներդնում են իրենց ժամանակը, ուժը եւ միջոցները հայկական հարցերում՝ լինի դա տեղական թե համազգային մակարդակով. բարերարներ, համայնքային առաջնորդներ, կապող օղակներ, ակտիվիստներ, մտավորականներ, նկարիչներ եւ այլն։ Ի՞նչ կարելի է քաղել նրանց փորձից՝ լինեն նրանք առանձին անհատներ, ընտանիքներ, թե փոքր ոչ ֆորմալ խմբեր։

    •    Անհատները՝ որպես փոփոխության եւ նորարարության գործակալներ։ Ի՞նչ ազդեցություն են ունեցել նրանց գործունեությունն ու մոտեցումները Սփյուռքում կամ Հայաստանում։

     

    Մաս IV. Հայկական Սփյուռքը եւ նրա հարաբերությունները արտաքին դերակատարների հետ

     

    •    Սփյուռքի հարաբերությունները ընդունող երկրի հաստատությունների հետ (քաղաքական, սոցիալական, մշակութային, տնտեսական), ներառյալ ոչ հայկական սփյուռքահայ համայնքների հետ։

    •    Սփյուռքի հարաբերությունները ծագման երկրների հետ (ծննդավայր, նախնիների հող, Հայաստանի Հանրապետություն, կամ հայրենիքի վերացական գաղափար)։

    •    Ակնկալիքներ Հայաստանից եւ նրա կառավարությունից։

    •    Սփյուռքից Հայաստան միգրացիա։

    •    Սփյուռքի հարաբերությունները տարածաշրջանային կառույցների հետ, օրինակ՝ միջպետական հաստատությունների, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵՄ-ն եւ այլն, ինչպես նաեւ թե ինչպես են այդ հաստատությունները առնչվում սփյուռքահայ համայնքների հետ։

    Լուսանկարը` REUTERS

    Մաս V. Հայկական Սփյուռքի խաչաձեւ թեմաներ եւ հարցեր

     

    •    Գենդերային հարցերին նվիրված առանձին ուսումնասիրություններից բացի, խրախուսում ենք հետազոտության մեջ ներառել գենդերային վերլուծություն։

    •    Կրթական հաստատություններ եւ լեզվի պահպանում/վերականգնում։

    •    Սփյուռքի քաղաքական տնտեսությունը. ինչպե՞ս է ֆինանսավորվում նրա ենթակառուցվածքը։ Անհավասարությունների բնույթն ու պատճառները։ Տնտեսական առաջնահերթությունների տարածաշրջանային տարբերությունները։

    •    Թվային տարածքներ, սոցիալական մեդիա, հաղորդակցության այլ գործիքներ եւ դրանց ազդեցությունը մոբիլիզացիայի ու ինքնության վրա։

    •    Մշակութային արտադրություն եւ արվեստ։

    •    Սոցիալական հարցեր եւ փոփոխվող սովորույթներ։

     

    Հետազոտողներին խորհուրդ ենք տալիս իրենց աշխատանքում հենվել «Հայկական Սփյուռքի հարցում»-ի (Armenian Diaspora Survey-ADS) տվյալների վրա՝ https://www.armeniandiasporasurvey.com/։ 

     

    Հայտերի ներկայացման կարգը

     

    Ամփոփագրերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։ 

     

    Ամփոփագրերը պետք է ուղարկել info@diasporanperspectives.org հասցեին՝ DP diaspora research project proposal թեմայով։

     

    Հայտի փաթեթը պետք է ներառի.

     

    •    Առաջարկվող հետազոտության ամփոփագիր, առավելագույնը 400 բառ,

    •    Կարճ ուղեկցող նամակ,

    •    Ինքնակենսագրություն (CV),

    •    Հրապարակումների եւ/կամ նախորդ հետազոտական նախագծերի ցանկ (եթե չկա CV-ում)։

     

    Լրացուցիչ պահանջներ

     

    •    Հայտերը պետք է ներկայացվեն անգլերեն կամ ֆրանսերեն։

    •    Ընդունվում են եւ՛ անհատական, եւ՛ համատեղ հայտեր։

    •    Մեկ հայտատուն կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։

    •    Բոլոր նյութերը պետք է ներկայացվեն PDF ձեւաչափով։

     

    Հարցերի եւ լրացուցիչ տեղեկությունների համար գրեք  info@diasporanperspectives.org հասցեով։

     

    Ընտրող հանձնաժողովի կազմում են «Սփյուռքյան հեռանկարներ»-ի աշխատակիցները, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ներկայացուցիչը եւ երկու արտաքին փորձագետ։

     

    Ընդունված ակադեմիական հոդվածների հեղինակները կստանան 2000 եվրո հոնորար։ 

    Լուսանկարը` REUTERS

    Կարեւոր ամսաթվեր

     

    •    Ամփոփագրերի ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի սեպտեմբերի 1։

    •    Որոշումների մասին տեղեկացում հայտատուներին՝ մինչեւ 2026 թվականի նոյեմբերի 15-ը։

    •    Հոդվածների առաջին տարբերակի ներկայացում՝ մինչեւ 2027 թվականի մարտի 31-ը։

    •    Սեմինար (առկա եւ/կամ առցանց)՝ հոդվածների նախնական տարբերակների քննարկման համար՝ 2027 թվականի մայիսին։

    •    Հոդվածների փորձագիտական գնահատում՝ 2027 թվականի ամռանը։

    •    Վերջնական հոդվածների ներկայացում՝ մինչեւ 2027 թվականի հուլիսի 31-ը։

    •    Ընդունված հոդվածները հրատարակչին կհանձնվեն 2028 թվականին»։

  • Նիկոլ Փաշինյանը 20 օրով արձակուրդ կգնա

    Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10–ից 29–ը ներառյալ կգտնվի արձակուրդում։

    Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

     

    Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

  • Վասիլիս Մարագոս. Հայաստանը կարող է լինել եվրոպական զարգացումների կենտրոնում

    Հայաստանը գտնվում է իր ժամանակակից պատմության շրջադարձային կետում՝ ձգտելով վերաիմաստավորել իր աշխարհաքաղաքական դիրքը, խորացնել կապերը Եվրոպական միության հետ եւ հաղթահարել աճող տարածաշրջանային եւ ներքին մարտահրավերները։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի համար պահի նշանակությունը դուրս է դիվանագիտության սահմաններից։

     

    «Հայաստանը կարեւոր ուղերձ հղեց Եվրոպային»,- ասել է նա եվրոպական երեք լրատվամիջոցներին տված բացառիկ հարցազրույցում։

     

    – Վերջերս Դուք հայտարարեցիք, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այնքան սերտ չեն եղել, որքան հիմա։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն ավելի է մոտենում իր եվրոպական ապագային, թեկուզ որոշ ոլորտներում։ Եվ ինչպե՞ս է ԵՄ-ն ծրագրում օգնել Հայաստանին հզորացնել իր տնտեսությունը եւ նվազեցնել Ռուսաստանից նախկինում ունեցած կախվածության հետ կապված հնարավոր ռիսկերը:

     

    – Մենք մեկնարկել ենք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման գործընթաց՝ բոլոր ասպարեզներում։ Սա առաջադրանք էր, որը Եվրոպական խորհրդի շրջանակում մեզ տրվել էր ԵՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից։ Ելնելով դրանից՝ մենք ակտիվ համագործակցել ենք Հայաստանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ կարող ենք անել միասին։ Դա արդեն հանգեցրել է նրան, որ վերջին երեք տարում մենք մի քանի առաջատար նախագծեր ենք սկսել Հայաստանի հետ։

    Լուսանկարը` EU

    Մեր կողմից օգտագործվող հիմնական գործիքը 270 միլիոն եվրո բյուջեով Դիմակայունության եւ աճի ծրագիրն է։ Այս մասին հայտարարվել է 2024 թվականի ապրիլին եւ այժմ այն մոտ է իրականացմանը։ Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը տնտեսական ոլորտում, էներգետիկայի ասպարեզում, հասարակության մեջ, ինչպես նաեւ ամրապնդել մասնավոր հատվածին եւ ենթակառուցվածքներին ուղղված աջակցությունը։

     

    – Ի՞նչ գործնական նշանակություն ունի այն Հայաստանի տնտեսության համար։

     

    – Առեւտրի եւ էներգետիկայի առնչությամբ կարող եմ հիշատակել մեր ուշադրության կենտրոնում գտնվող որոշ ոլորտներ։ Առաջինն աջակցությունն է արտադրանքի եվրոպական ստանդարտների ներդրմանը, ինչը թույլ է տալիս հայկական արտադրանքն ու ապրանքները դուրս բերել նոր շուկաներ:

     

    Հայաստանի տնտեսական եւ առեւտրային քաղաքականության նպատակներից մեկը ներդրումների եւ առեւտրի դիվերսիֆիկացիան է, եւ ԵՄ աջակցությունը կենտրոնանում է այս երկուսի վրա։

     

    Այնպես չէ, որ մենք դեմ ենք կոնկրետ հարաբերությունների։ Իհարկե, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, որի մասին դուք նշեցիք, մենք համագործակցում ենք Հայաստանի հետ՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը։

     

    Այսպիսով, սա իրականում կոչված է երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաեւ պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքների նկատմամբ սահմանված միջոցառումների պահպանմանը, եւ Հայաստանը խիստ հավատարիմ է դրան։ Դեռեւս կարող են լինել որոշակի խնդիրներ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, դա երկկողմ համագործակցության շատ կարեւոր ոլորտ է։

     

    Սակայն Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր շուկաները, որպեսզի վստահ լինի, որ, օրինակ, որոշակի առեւտրային հարաբերություններում գերկախվածության դրսեւորում չկա: Եվ այստեղ մենք նույնպես օգնում ենք նրանց։

     

    – Կարո՞ղ եք բերել կոնկրետ օրինակ։

     

    Միայն անցյալ տարի մենք տեխնիկական օգնության միջոցով խորհրդատվություն ենք տրամադրել ավելի քան 40 ձեռնարկությունների՝ այլ շուկաներ արտահանելու վերաբերյալ։ Այս ընկերությունները կարող են մեծացնել իրենց արտահանումը ԵՄ։

    Լուսանկարը` EU

    Սա ցույց է տալիս, որ ներուժ կա, բայց նաեւ ներդրումներ են պահանջվում։

     

    – Ի՞նչ աջակցություն է տրամադրում ԵՄ-ն Հայաստանի մասնավոր հատվածին:

     

    – Բոլորովին վերջերս մենք երաշխիքային համաձայնագիր ստորագրեցինք Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամերի հետ։

     

    Մենք համագործակցում ենք բանկային հատվածի հետ՝ մասնավոր բիզնեսին աջակցություն ցուցաբերելու համար։ Վերջին երկու տարիների ընթացքում Եվրոպական ներդրումային բանկի կողմից մասնավոր հատվածին տրամադրված աջակցության ընդհանուր ծավալը կազմել է 330 միլիոն եվրո։ Ստեղծվել է ավելի քան 27,000 աշխատատեղ։

     

    Այսպիսով, գոյություն ունեն մի շարք գործիքներ, որոնք օգտագործվում են Հայաստանի տնտեսության մրցունակությունը բարձրացնելու համար։

     

    Եվ, բնականաբար, վերջնական արդյունքը կախված է նաեւ հայ ժողովրդի նորարարական եւ ձեռնարկատիրական ոգուց։

     

    – Էներգետիկ անվտանգությունը շարունակում է լինել Հայաստանի հիմնական խոցելիություններից մեկը: Ի՞նչ է անում ԵՄ-ն այս ոլորտում:

     

    – Էներգետիկայի ոլորտում մեր ներդրումների հիմնական ուղղություններից մեկը փոխկապակցվածությունն է, որի շրջանակում շատ կարեւոր ընթացիկ ծրագիր է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ը՝ ավելի քան 500 միլիոն եվրո ընդհանուր ներդրումով։ Այն ուղղված է Վրաստանի հետ էլեկտրահաղորդման ցանցի արդիականացմանը, ինչը հնարավորություն կտա Հայաստանից արտահանել վերականգնվող էներգիա։

    Լուսանկարը` EU

    Այս ուղղությամբ մեծ ներդրումներ են կատարվել Վրաստան հասնելու համար, քանի որ, ինչպես գիտեք, սա միակ բաց սահմանն է դեպի Արեւմուտք։

     

    Հաջորդիվ, իհարկե, այլ շուկաներն են, մասնավորապես՝ «Սեւծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ» նախաձեռնությունը, որին Հայաստանը հավակնում է մասնակցել։ Այն դեռեւս չի կառուցվել։ Այն կկապի Հարավային Կովկասը ԵՄ-ի հետ եւ ունի ներուժ՝ նպաստելու հավակնոտ կանաչ նպատակների իրականացմանը՝ հնարավորություն տալով Հարավային Կովկասից արտահանել կանաչ էներգիա։

     

    – Հայ պաշտոնյաները հաճախ են խոսում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ որպես ռազմավարական կարեւորություն ունեցող հարցի մասին: Արդյոք ԵՄ-ն իրատեսակա՞ն է համարում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների եւ տրանսպորտային կապերի բացումը առաջիկա տարիներին:

     

    – Իհարկե: Բացարձակ իրատեսական:

     

    – Արդյոք ԵՄ-ն ինչ-որ դեր ունի՞ այդ գործընթացում։

     

    ԵՄ-ն որեւէ դեր չունի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ բանակցություններում։ Սակայն ԵՄ-ն շատ կարեւոր դեր ունի միջտարածաշրջանային ավելի լայն փոխկապակցվածության ապահովման գործում։

     

    Հետագայում կլինեն նաեւ կապակցվածության ֆորումներ, որոնց կմասնակցի Հայաստանը, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ երկրներ։

     

    Այսպիսով, այս գործընթացը միայն Հայաստանի մասին չէ։ Այն նաեւ Հայաստանը՝ որպես հանգույց, Միջին միջանցքի մնացած մասի հետ կապելու մասին է։ Ավելի շատ գործընկերների ներգրավվածությունը ստեղծում է փոխկախվածություն, բայց նաեւ՝ ավելի մեծ անկախություն։

     

    Անշուշտ, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը կստեղծի ավելի մեծ հնարավորություններ, այդ թվում՝ տեղական համայնքների համար։

     

    Ի դեպ, վերջին մի քանի տարիների ընթացքում մենք աջակցել ենք սահմանի երկու կողմերում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ առեւտրի պալատների միջեւ համագործակցությանը: Մենք պատրաստ ենք օգտագործել մեր ֆինանսական գործիքները նաեւ ներդրումները խթանելու համար՝ ոչ միայն ենթակառուցվածքների, այլեւ մասնավոր հատվածի զարգացման ոլորտում:

     

    ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի կարեւոր արդյունքներից մեկն այն հայտարարությունն էր, որ մենք աշխատելու ենք երեք սահմանային անցակետերի կառուցման վրա։ Դրանցից մեկը Ադրբեջանի հետ սահմանին է՝ հարավում։

    Լուսանկարը` EU

    Մյուս երկուսն առնչվում են հայ-թուրքական սահմանին։ Մեկը գտնվում է Մարգարայում, որտեղ արդեն իսկ գոյություն ունեն որոշակի ենթակառուցվածքներ, բայց մենք պատրաստ ենք աջակցել դրա ընդլայնմանը։ Երկրորդն Ախուրիկն է, որը նախատեսվում է դարձնել Կարսի եւ Գյումրիի միջեւ նոր սահմանային անցակետ։ Սրանք կոնկրետ նախագծեր են, որոնք այժմ գտնվում են միջազգային ֆինանսական հաստատությունների հետ մշակման փուլում։

     

    – Արդյո՞ք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը եւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը խորհրդանշական նշանակություն ունեին Հայաստանի միջազգային դիրքորոշման համար։

     

    – Այո՛։ Առաջին անգամ մասնակցություն ունեցանք նաեւ Կանադայի կողմից։ Դա եւս կարեւոր ազդանշան էր։

     

    Կարծում եմ, որ այստեղ մենք ուղերձ հղեցինք հայ հանրությանը՝ համերաշխության եւ աջակցության ուղերձ։ Բայց ես նաեւ կարծում եմ, որ հայ հանրությունն ու Հայաստանի ներկայացուցիչները եւս ուղերձ են փոխանցել Եվրոպային առ այն, որ Հայաստանն այստեղ է, Հայաստանը կա, Հայաստանը կարող է լինել եվրոպական զարգացումների կենտրոնում։

     

    Եվ ես առավել քան վստահ եմ, որ ժողովրդավարությունը հենց այն է, երբ քաղաքական առաջնորդները քննարկում են քաղաքացիների մտքում եղած հարցերը։

     

    Հեղինակ՝ Օլգա Կոնսեւիչ

     

    Հարցազրույցը՝ https://euneighbourseast.eu/ նախագծի

  • Զոնաբենդը դիմել է մի շարք կառույցներին Բաքու մարդասիրական այցին աջակցելու խնդրանքով

    Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում Վերոնիկա Զոնաբենդը հրապարակային նամակներ է հղել միջազգային և պետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու պատվիրակության անդամների անվտանգությունը։

    «Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի  այլ անձնական իրեր։

     

    Հենց այդ պատճառով կարևոր եմ համարում  հանդես գալ բաց և հրապարակային՝ պաշտոնական ու դիվանագիտական ուղիների միջոցով:

     

    Առանձնահատուկ նշանակություն ունի հնարավոր այցի բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը՝ մուտքը Ադրբեջան, գերիների տեսակցության կազմակերպումը և պատվիրակության անդամների բարեհաջող վերադարձը։ Մասնակիցների և նրանց ընտանիքների համար կարևոր է իմանալ, որ նախաձեռնությունը  նախապատրաստվում է պաշտոնական ձևաչափով  և  անվտանգության երաշխիքների առկայությամբ, որպեսզի այն որևէ վտանգ չներկայացնի նրանց կյանքի և անվտանգության համար»,- նշել է Վերոնիկա Զոնաբենդը։

     

    Այս նպատակով նա բաց նամակներով դիմել է՝

     

    – Ադրբեջանի մարդու իրավունքների  պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել, որպեսզի այցը կազմակերպվի իր գրասենյակի հովանու ներքո և դրա իրականացման համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։

    – Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին՝ խնդրելով դիտարկել ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակում աջակցություն, խորհրդատվական օժանդակություն կամ մասնակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

    – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել ՀՀ կառավարության կողմից հնարավոր քայլերի, համակարգման կամ գործնական աջակցության մասին։ 

    – Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ դիվանագիտական ուշադրության և եվրոպական կառույցների կողմից հնարավոր աջակցության խնդրանքով:

     

    «Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Նրանց առողջական վիճակը, պահման պայմանները և ընտանիքների հետ կապը չպետք է մատնվեն  անուշադրության կամ կախված լինեն  պատահականությունից։  Խոսքը մարդու հիմնարար իրավունքի մասին է՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հարազատների հետ,  նրանց աջակցության խոսքեր փոխանցելու  հնարավորություն ունենալ և համոզվել, որ իրենք մոռացված չեն»,- շեշտել է Վերոնիկա Զոնաբենդը։