Հավաքական գիտակցության կապիտուլյացիան կամ բանականությունն ընդդեմ վախի

Written by

in

Երբ քաղաքագիտությունն ու ռացիոնալ միտքն անզոր են լինում բացատրելու հայաստանյան ընտրական ֆենոմենը, խաղի մեջ են մտնում նեյրոկենսաբանությունն ու հոգեբանությունը։ Քաղաքականությունը, կարելի է ասել, տեղով մեկ հոգեբանություն է, քանի որ քաղաքական որոշումներն ու գաղափարախոսությունները ձևավորվում են մարդկային էմոցիաների, վախերի և մանիպուլյացիաների հիման վրա։ Քաղտեխնոլոգները լավ գիտեն՝ էմոցիան միշտ հաղթում է բանականությանը։ 

Ցանկացած կայուն ժողովրդավարական համակարգում աղետալի պատերազմում պարտված, ազգային արժեքները ոտնահարող, հակառակորդի բոլոր պահանջներին, մեղմ ասած, ականջալուր լինող իշխանության վերստին ու երիցս ընտրությունն անհնարին կլիներ։ Ինչպե՞ս է լինում, որ մեր դեպքում անհնարը դառնում է հնարավոր։ Այս ֆենոմենը փորձենք հասկանալ ոչ թե պարզ, կենցաղային «տեսությունների», այլ նեյրոկենսաբանության ու հոգեբանության  տեսանկյունից։ 

Նախընտրական շրջանի դիտարկումներում անընդհատ մի երևույթ էր «աչք ծակում»․ հանրությանը մանիպուլյացնելու դոմինանտ գործոններից էր վախը։ Ընդհանրապես, նախընտրական քարոզարշավների ժամանակ քաղաքական գործիչները մշտապես «խաղում» են անհատի բազային պահանջմունքների լարի վրա, որոնց մեկը հենց անվտանգությունն է։ Այս քարոզարշավի ժամանակ մանիպուլյատիվ այլ մեխանիզմներ, բնականաբար, ևս կիրառվում էին, սակայն գերական հենց վախի «ներարկումն» էր։ 

Նեյրոկենսաբանության տեսանկյունից նայելիս՝ երբ մարդը գտնվում է մշտական վախի ու սպառնալիքի ներքո, նրա ուղեղում, պատկերավոր ասած, տեղի է ունենում կենաց- մահու պայքար։ Շրջանցելով նեյրոկենսաբանական բարդ տերմինաբանությունը՝ մատչելի լեզվով ասած,  մեր ուղեղի հնագույն շերտերը, որոնք պատասխանատու են ֆիզիկական գոյատևման ու հույզերի համար, ուղղակիորեն արգելափակում են մեր բանականությունը։ Այս անհավասար պայքարում մեր «մտածող ու բանական» ուղեղը բառացիորեն կապիտուլյացիայի է ենթարկվում։ Բանականությունը պարտվում է վախին, քանի որ մեր «կենսաբանական էությունը» նախընտրում է ոչ թե արժանապատիվ ապրելը, այլ պարզապես ողջ մնալը։  Այն ազգերը, որոնք կարճ ժամանակում հոգեբանական ու ֆիզիկական ուժեղ հարվածներ են ստանում, հաճախ հրաժարվում են մեծ նպատակներից՝ հանուն տարրական գոյատևման։ Մեր դեպքում, այդ հարվածները, թերևս, թվարկելու կարիք էլ չկա։ 

Վախը նաև «լավագույն» էմոցիան է մարդուն ենթարկեցնելու ու ստիպելու անել այն, ինչն անվտանգ պայմաններում երբեք չէր անի։  Այսինքն, ոչ միայն փաստացի վախն է «վախենալու», այլև վախը՝ հենց վախից։ Այս վախի գեներացման արդյունքում ՝ ընտրողը տրամաբանական ընտրության փոխարեն իռացիոնալ ընտրություն է անում։ Վախը դառնում է բացարձակապես անկառավարելի, երբ արտաքին հնարավոր սպառնալիքին միանում է նաև ներքինը։ Այսինքն, երբ թշնամու սպառնալիքներն ավելի մեծ ջանքերով «շրջանառության» մեջ է դնում հայրենի իշխանությունն ու վախեցնում է նույն «լեզվով»։ Ընտրությունը դառնում է ոչ թե գաղափարական, այլ զուտ կենսաբանական։ Մանիպուլյացիոն խայծը կուլ է տրված։ 

Այս երևույթն ավելի պատկերավոր հասկանալու համար բերենք մի պարզ օրինակ․ առողջ ընտանիքում մեծացող երեխան արտաքին աշխարհի վտանգներից պաշտպանություն է գտնում տանը։ Սակայն, երբ տունը դադարում է անվտանգ լինել, ավելին՝  երբ արտաքին սպառնալիքին միանում է ներքինը, երեխան  զրկվում է դիմադրության ցանկացած հենարանից, ինչն էլ վերջնարդյունքում աղետալի հետևանքներ է ունենում։  Սա այն է, ինչ տեղի է ունենում նաև պետության ներսում՝ հավաքական «երեխաների» դեպքում։ Ավելին, մեր դեպքում պետական քարոզչամեքենան շահարկել է ոչ միայն պատերազմի վախը՝ արտաքին թշնամուց, այլև հրաշալիորեն ձևավորել ու կիրառել է «ներքին թշնամու» կերպարը։  Այս ամենն արվել է ոչ միայն սեփական իշխանությունը պահելու, այլ հետագա ցավալի զիջումների համար։ Զիջումներ, որոնք այլևս ոչ էլ ցավալի են թվալու՝ վախի կառավարման հոգեբանական մեխանիզմների շնորհիվ։ 

Մշտապես գտնվելով իրական և/կամ վերացական անվտանգային տագնապի մեջ, ի վերջո, հանրության հոգեբանական ռեսուրսները սպառվում են, և նա կորցնում է իր դիմադրողականությունը։ Այս հոգեկան հյուծման արդյունքում առաջանում է «սովորեցված անօգնականության» հոգեբանական սինդրոմը․ մարդը դառնում է բացարձակ հնազանդ՝ համոզված լինելով, որ իր դիմադրությունն այլևս ոչինչ չի փոխելու։ Համակերպված հանրությունը հրաժարվում է սեփական ճակատագրի պատասխանատվությունից, ձեռք է բերում հոգեբանական պաշտպանական վահան, որով արդարացնում ու ներում է ցանկացած կործանարար որոշում՝ այն ընկալելով որպես «փրկության» միակ ճանապարհը․ պատրանքային ճանապարհը։

Այս հոգեբանական վահանի անխափան աշխատանքն էլ ապահովում է մեկ այլ մեխանիզմ՝ կոգնիտիվ դիսոնանսը։ Մարդու ուղեղը ֆիզիկապես ունակ չէ միաժամանակ ընդունել երկու իրարամերժ իրականություն․ անհնար է պահպանել հոգեկան հավասարակշռությունը՝ մեկտեղելով «ես արժանապատիվ ազգի ներկայացուցիչ եմ» ներքին համոզմունքը, և «այս իշխանությունը հակառակորդի կամակատարն է» իրողությունը։ Հոգեկանն այս ցավալի բախումից «ողջ» դուրս գալու համար դիմում է տարբեր «հնարքների», այդ թվում՝ ռացիոնալիզացիայի։ Արդյունքում՝ «ասպարեզ են դուրս գալիս» կեղծ տրամաբանական, բայց հանգստացնող մտքերը՝ «եթե զիջենք, եթե լռենք, ապա պատերազմ չի լինի»։ Այսպիսի ինքնախաբեությունը դառնում է հրաշալի փրկօղակ՝ արդարացնելու ցանկացած կործանարար քայլ։ 

Իսկ կործանվելը․․․կործանվելը մեզ համար խորթ չէ․ դարեր շարունակ պետականության բացակայությունը կոլեկտիվ հայի անգիտակցականի մեջ արմատավորել է «տառապյալ, բայց հարատևող» ազգի կերպարը։ Մեզ համար պատմականորեն ավելի «հարմարավետ» է կորցնելն ու ողբալը, քան արժանապատվորեն պայքարելը։ Հանրությունը, կարծես, անգիտակցորեն ձգտում է վերադառնալ իր պատմական «կոմֆորտ» վիճակին։

Նազիկ Ասատրյանը լրագրող է և հոգեբան:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *