Գագիկ Ծառուկյանի գործի քննության ընթացքում դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի կողմից պահվող կենդանիների թեմային։ Մասնավորապես, Տոնոյանն ասել է. «Ինչ վերաբերում է կենդանիների պահման հանգամանքին, Հայաստանում լավագույն պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդ վայրում պահվել են և կադրերում երևում են, ունենալով բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների առկայությունը․․․», այնուհետև հավելում է` «բոլոր կենդանիների հետ կապված առկա են եղել բոլո տեսակի թույլտվությունները, պահպանման վայրը, պայմանները, բոլորը համապատասխանել են նորմերին»։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթներից մեկը վերաբերում է վայրի կենդանիների և թռչունների ապօրինի որսին։ Նրա առանձնատնից առգրավվել էին տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։
Ավելի ուշ Երևանի կենդանաբանական այգին հայտնել էր, որ առգրավված առյուծներից մեկը անկել է մեծ տարիքի և ուղեկցող հիվանդությունների հետևանքով։
«Կենդանական աշխարհի մասին» օրենքի համաձայն՝ վայրի կենդանիներին կիսաազատ կամ անազատ պայմաններում պահելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված թույլտվություն՝ բացառությամբ այն կենդանիների, որոնք ընդգրկված են թույլտվություն չպահանջող տեսակների ցանկում։
Առյուծներն ու վագրերը այդ ցանկում ներառված չեն, հետևաբար դրանց պահման համար նախարարության թույլտվությունը պարտադիր է։
FIP.am-ը դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն, քանի որ ինչպես նշեցինք, հենց այս գերատեսչությունն է օրենքով լիազորված վայրի կենդանիների կիսաազատ կամ անազատ պայմաններում պահելու թույլտվություն տրամադրելու համար։
FIP.am-ի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Անի Հակոբյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը համապատասխան թույլտվություն չի ունեցել։ Նրա խոսքով՝ Ծառուկյանը դիմել է թույլտվություն ստանալու համար, սակայն ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով նախարարությունը չի տրամադրել թույլտվությունը։ Խոսնակը չմանրամասնեց, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, քանի որ ընթանում է քննություն:
Հրապարակված տեսանյութերից երևում է, որ Ծառուկյանի կենդանիները պահվել են սահմանափակ տարածքներում։ Սակայն միայն տեսանյութերի հիման վրա նրանց առողջական վիճակի կամ բարեկեցության ամբողջական գնահատական տալ հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ մասնագետների խոսքով՝ մասնավոր պայմաններում հնարավոր չէ ապահովել խոշոր վայրի կատվազգիների բնական միջավայրին համարժեք պայմաններ:
Բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրող Մարիամ Թասչյանը FIP.am-ի հետ զրույցում նշել է, որ տարիների ընթացքում իրականացված բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ տնային կամ մասնավոր պայմաններում հնարավոր չէ առյուծների, վագրերի և այլ խոշոր վայրի կատվազգիների համար ապահովել բնական միջավայրին համարժեք կենսապայմաններ։ Բնությունը ներառում է տարածքային, վարքային, էկոլոգիական և այլ գործոններ, որոնք մարդը չի կարող ամբողջությամբ վերարտադրել։
Միաժամանակ, հարց է առաջանում, թե ինչ նպատակով էին պահվում այդ կենդանիները։ «Կենդանական աշխարհի մասին» օրենքով վայրի կենդանիների պահումը կարող է իրականացվել, օրինակ, գիտական, կրթական, բնապահպանական, վերականգնողական կամ օրենքով նախատեսված այլ նպատակներով։
Հրապարակված տեսանյութերից, լուսանկարներից կամ հանրային հասանելի տեղեկատվությունից չի երևում, որ կենդանիները պահվել են այդ նպատակներից որևէ մեկով։
Այսպիսով, Իվետա Տոնոյանի պնդումը, թե կենդանիների պահման համար առկա են եղել «բոլոր տեսակի թույլտվությունները», չի հաստատվում փաստերով․ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ առյուծների և վագրի պահման պարտադիր թույլտվություն չի տրամադրել։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե կենդանիների համար ապահովված էին «Հայաստանում լավագույն պայմանները», ապա այն չի հիմնավորվում ներկայացված որևէ փաստով և հակասում է մասնագիտական դիրքորոշմանը, ըստ որի` մասնավոր պայմաններում հնարավոր չէ խոշոր վայրի կատվազգիների համար ստեղծել բնական միջավայրին համարժեք կենսապայմաններ։
Արեն Նահապետյան
Leave a Reply