Հայաստանում կարող է ներդրվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու նոր մեխանիզմ․ երիտասարդներին առաջարկվում է սովորել Ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում, ապա 10 տարի անընդմեջ ծառայել ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում։
Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը։ Այն հանրային քննարկման է ներկայացվել սեպտեմբերի 18-ին։
Առաջին հայացքից նախագիծը կարող է ընկալվել որպես պարտադիր զինվորական ծառայությունը ոստիկանական կամ փրկարար ծառայությամբ փոխարինելու հնարավորություն։ Սակայն առաջարկվող մեխանիզմն ավելի բարդ է․ նախատեսվում է նախ մասնագիտական կրթություն, այդ ընթացքում՝ զինվորական ծառայությունից տարկետում, այնուհետև՝ երկարաժամկետ ծառայություն ՆԳՆ համակարգում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է շրջանառության մեջ դրված օրենսդրական փաթեթը՝ պարզելու, թե ում է վերաբերելու առաջարկվող կարգավորումը, ինչ պայմաններով հնարավոր կլինի զինվորական ծառայության փոխարեն ծառայել ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում, և ինչ պարտավորություններ է այն նախատեսում։
Ի՞նչ խնդիր է փորձում լուծել ՆԳՆ-ն
Գործող կարգավորումների պայմաններում ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերով սովորելու ցանկություն ունեցող երիտասարդների համար առկա են սահմանափակումներ։ Մասնավորապես, ընդունելությանը կարող է մասնակցել 18 տարին լրացած և, որպես կանոն, պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին։
ՆԳՆ-ի հիմնավորմամբ՝ այս պայմանը թույլ չի տալիս դպրոցն ավարտած այն երիտասարդներին, որոնք ցանկանում են մասնագիտական ապագան կապել ոստիկանության կամ Փրկարար ծառայության հետ, անմիջապես ընտրել համապատասխան կրթական ուղին։
Նախարարությունն առաջարկում է փոխել այս մոտեցումը և ստեղծել մի համակարգ, որտեղ երիտասարդը դպրոցն ավարտելուց հետո կարող է ընդունվել ՆԳՆ ուսումնական հաստատություն, մասնագիտական կրթություն ստանալ և այնուհետև ծառայության անցնել համակարգում։
Ինչպե՞ս է աշխատելու մեխանիզմը
Նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրել այն քաղաքացիներին, որոնք ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կընդունվեն միջին մասնագիտական կրթական ծրագրով։
Այսինքն՝ ուսման ընթացքում անձը բանակ չի զորակոչվի։
ՆԳՆ-ի հիմնավորման համաձայն՝ նախատեսվող մասնագիտական պատրաստությունը տևելու է 1,5 տարի։ Կրթական ծրագիրն ավարտելուց հետո անձը պետք է նշանակվի ոստիկանության կամ Փրկարար ծառայության միջին խմբի պաշտոնում։
Սակայն այստեղ է նախագծի ամենակարևոր պայմանը․ ուսումն ավարտելուց հետո անհրաժեշտ է 10 տարի անընդմեջ ծառայել ՆԳՆ-ում կամ դրա ենթակա համապատասխան մարմիններում։
Այսպիսով, առաջարկվող սխեման պարզեցված տեսքով հետևյալն է․
դպրոց → ՆԳՆ ուսումնական հաստատություն → 1,5 տարվա մասնագիտական կրթություն → ոստիկանություն կամ Փրկարար ծառայություն → 10 տարվա անընդմեջ ծառայություն։
Իսկ ե՞րբ է անձն ազատվում զինվորական ծառայությունից
Կարևոր է տարբերակել տարկետումը և պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը։
Միայն ՆԳՆ ուսումնական հաստատություն ընդունվելը չի նշանակում, որ քաղաքացին անմիջապես և վերջնականապես ազատվում է բանակում ծառայելու պարտավորությունից։
Նախագծով նախատեսվում է սկզբում տրամադրել տարկետում՝ ուսումնառության, իսկ դրանից հետո՝ օրենքով սահմանված անընդմեջ ծառայության ժամանակահատվածի համար։ Նոր հիմքով տարկետումը, սակայն, չի կարող շարունակվել քաղաքացու 35 տարին լրանալուց հետո։
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմք կստեղծվի այն անձանց համար, որոնք ավարտել են պետական պատվերով համապատասխան կրթական ծրագիրը, ծառայության են անցել ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում և կատարել են օրենքով նախատեսված անընդմեջ ծառայության պարտավորությունը։ Հիմնավորման մեջ այդ ժամկետը նշվում է 10 տարի։
Այսինքն՝ առաջարկվում է ոչ թե բանակի փոխարեն ընտրել ոստիկանությունում կարճաժամկետ ծառայությունը, այլ մասնագիտության և երկարաժամկետ կարիերա։
Ի՞նչ կլինի, եթե անձը չշարունակի ծառայությունը
Նախագծի տրամաբանությամբ պետական պատվերով կրթությունը կապված է հետագա ծառայության պարտավորության հետ։ ՆԳՆ-ն հիմնավորման մեջ հատուկ նշում է նաև ուսման ծախսերի փոխհատուցման և զինվորական ծառայության անցնելու փոխկապակցված մեխանիզմների մասին։
Այսինքն՝ առաջարկվող հնարավորությունը չի նախատեսում, որ քաղաքացին կարող է պարզապես սովորել պետական միջոցներով, կարճ ժամանակ աշխատել ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում և դրանով վերջնականապես ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
Գործող ոստիկանական կրթական ծրագրերում ևս գործում է սկզբունք, ըստ որի՝ որոշ դեպքերում ուսումը դադարեցրած կամ ծառայությունից վաղաժամ հեռացած անձը պարտավոր է փոխհատուցել պետության կատարած ուսման ծախսերը։
Հետևաբար նախագծի ընդունման դեպքում առանցքային նշանակություն կունենան նաև այն պայմանները, որոնց դեպքում 10 տարվա ծառայության պարտավորությունը խախտած անձը պետք է փոխհատուցի կրթության ծախսերը կամ կրկին ենթակա դառնա պարտադիր զինվորական ծառայության։
Կարիերայի հնարավորություն՝ մինչև ղեկավար պաշտոններ
ՆԳՆ-ն նախագիծը ներկայացնում է նաև որպես ոստիկանության և Փրկարար ծառայության համար նոր կադրեր ներգրավելու միջոց։
Նախատեսվում է, որ միջին մասնագիտական կրթությունն ավարտած անձինք սկզբում կնշանակվեն միջին խմբի պաշտոններում։ Հինգ տարի այդ խմբում ծառայելուց հետո նրանք կարող են հնարավորություն ստանալ նշանակվելու ավագ խմբի պաշտոններում, իսկ ավագ խմբում ևս երեք տարի ծառայելուց հետո՝ օրենքով նախատեսված պայմաններով, նաև գլխավոր խմբի պաշտոններում։
Նախարարության ակնկալիքն այն է, որ այս մեխանիզմը կմեծացնի ՆԳՆ ուսումնական հաստատության նկատմամբ հետաքրքրությունը, կավելացնի դիմորդների թիվը և հնարավորություն կտա մրցակցային եղանակով ընտրել ավելի պատրաստված թեկնածուների։
Այսպիսով, ՆԳՆ-ի առաջարկած նախագիծը ամենևին էլ պարտադիր զինվորական ծառայությունը ոստիկանական ծառայությամբ փոխարինելու ծրագիր չէ։
Նախատեսվում է ստեղծել այլընտրանքային մասնագիտական ուղի, որով քաղաքացին պետական պատվերով կստանա շուրջ 1,5 տարվա մասնագիտական կրթություն, այդ ընթացքում և հետագա ծառայության ժամանակ կօգտվի զորակոչի տարկետումից, իսկ ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում նախատեսված անընդմեջ ծառայության ժամկետը կատարելու դեպքում կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից։ Նախագծի հիմնավորմամբ՝ այդ ծառայությունը նախատեսվում է 10 տարի։
Հիշեցնենք՝ այս պահին, սակայն, սա դեռ նախագիծ է և վերջնական գործող կարգավորում չէ․ այն ներկայացվել է հանրային քննարկման, որից հետո միայն կանցնի հաստատման ու ընդունման մյուս փուլերը՝ կառավարությունից Ազգային ժողով։
Արեն Նահապետյան
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:









