Category: FIP.am

  • «300 դպրոցի» սեպտեմբերի 1-ի թիրախը` չկատարված․ 226 դպրոց՝ 261-ի փոխարեն

    2026 թվականի նոր ուսումնական տարվա մեկնարկը մի շարք դպրոցներում ուղեկցվեց շինարարական աշխատանքների ավարտով և նորակառույց կամ նորոգված դպրոցների բացման արարողություններով։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել կառավարության «300 դպրոց» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը, ծրագրի իրականացման ժամկետների վերաբերյալ ինչ թիրախներ ու խոստումներ են հրապարակվել, և որքանով են դրանք համընկնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա պաշտոնական տվյալների հետ։

    «300 դպրոց» ծրագրի ցանկը՝ 11 օրենսդրական փոփոխության ճանապարհով 

    Կառավարությունը 2023 թվականի նոյեմբերի 30-ին ընդունել է որոշում՝ հաստատելով «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը։  

    Սկզբնական ցանկում ընդգրկված էր 281 դպրոց, յուրաքանչյուր դպրոցի համար սահմանվել էր շինարարական միջամտության տեսակը՝ կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում կամ դրանց համակցված այլ տարբերակ։

    Ծրագրի հաստատումից մեկ ամիս անց՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ, ցանկը համալրվեց ևս 12 դպրոցով, ընդհանուր թիվը հասավ 293-ի։

    Հետագա տարիներին ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկն ու նախատեսված աշխատանքների տեսակները բազմիցս փոփոխվել են․ դպրոցներ են ավելացվել կամ հանվել ցանկից, իսկ որոշ դեպքերում փոխվել է նաև շինարարական միջամտության տեսակը։

    Սեպտեմբերի 1-ի թիրախը՝ 261 ավարտված դպրոց 

    2025 թվականի վերջին Կառավարությունն ու ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել էին ծրագրի իրականացման ժամանակացույցը։

    Ըստ հրապարակված տվյալների՝ այդ պահին աշխատանքներն ավարտված էին 60 դպրոցում՝ 35-ը կառուցվել, 25-ը՝ նորոգվել էր։

    Նախատեսվում էր՝

    • մինչև 2025 թվականի վերջ ավարտել ևս 50 դպրոց՝ 8 կառուցվող և 42 նորոգվող,
    • մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը՝ ևս 151 դպրոց՝ 49 կառուցվող և 102 նորոգվող,
    • մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ևս 47 կառուցվող դպրոց։

    Այսպիսով, հրապարակված ժամանակացույցի կատարման դեպքում մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը պատրաստ դպրոցների կուտակային թիվը պետք է հասներ 261-ի։

    Մինչև 2026 թվականի ավարտը նախատեսվում էր ունենալ ընդհանուր 308 պատրաստ դպրոց՝ 139 կառուցված և 169 կապիտալ նորոգված։

    Սեպտեմբերի 1-ի թիրախը չի կատարվել․ 261-ի թիրախի փոխարեն՝ 226 դպրոց

    «Փաստերի ստուգման հարթակին» ԿԳՄՍ նախարարությունից տրամադրված տվյալների համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքներն ավարտված են 226 դպրոցում։

    Ըստ իրականացված շինարարական միջամտության տեսակի՝

    • 139 դպրոց՝ վերանորոգված,
    • 69 դպրոց՝ կառուցված,
    • 9 դպրոց՝ հիմնանորոգված,
    • 5 դպրոց՝ վերակառուցված,
    • 3 դպրոց՝ վերանորոգված / հիմնանորոգված,
    • 1 դպրոց՝ կառուցված / վերանորոգված է։  

    Վերջնաժամկետների տարբեր խոստումներ նաև նախկինում 

    Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում ամրագրված էր՝ մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատություն, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։  

    ԿԳՄՍ նախարարությունը, 2023 թվականի օգոստոսին իր պաշտոնական կայքում հրապարակած հաղորդագրությամբ անդրադառնալով թեմային, նշել է, որ «300 դպրոց և 500 մանկապարտեզ» կնորոգվեն, կկառուցվեն և կվերակառուցվեն մինչև 2026 թվականը։ 

    Նույն հաղորդագրության մեջ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ասել էր․ «Կրթության ոլորտում չափազանց կարևոր է բովանդակային փոփոխությանը զուգահեռ նաև ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելը՝ հասնելու Կառավարության սահմանած նպատակին՝ մինչև 2026 թվականն ունենալ կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ»։ 

    FIP.am-ը ծրագրի ընթացքին և այդ խոստումներին անդրադարձել է նաև 2025 թվականի հոկտեմբերին՝ «300 դպրոց»-ի խոստումը․ 2025-ը շուտով կավարտվի, սակայն դեռևս իրականացված է ծրագրի 20%-ը վերտառությամբ հոդվածում։ 

    Այսպիսով, սեպտեմբերի 1-ի համար սահմանված միջանկյալ թիրախը չի կատարվել․ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ավարտված դպրոցների թիվը պետք է հասներ 261-ի, մինչդեռ ԿԳՄՍ նախարարության տվյալներով ավարտված էր 226 դպրոց՝ 35-ով պակաս։

    Ծրագրի վերջնական ժամկետը մնում է 2026 թվականի ավարտը, երբ Կառավարությունը նախատեսում է ունենալ 308 պատրաստ դպրոց։ Այսինքն՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ արձանագրված 226-ից մինչև տարեվերջ անհրաժեշտ է ավարտել ևս 82 դպրոցի կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման կամ նորոգման աշխատանքներ։

    Գայանե Մարկոսյան

  • Բայրամովը Հայաստան ադրբեջանցիների «վերադարձի» մասին չի խոսել

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, խոսելով Ռուսաստանից Հայաստան եկող ֆինանսական հոսքերի մասին, սեպտեմբերի 23-ին 24TV-ի եթերում ասել է, թե…

  • ԱԲ-ով ստեղծված հաղորդավարներ, հարցվողներ ու մանիպուլյատիվ լուրեր․ հայալեզու լսարանը՝ Բելառուսից վարվող էջերի թիրախում

    Ֆեյսբուքում Vector Media, «Հանրային Լուրեր» և Ararat Press անուններով էջերը կարճ տեսանյութերով ներկայացնում են Հայաստանի ներքաղաքական և հասարակական իրադարձությունները․ որոշ տեսանյութեր հավաքում են հարյուր հազարավոր դիտումներ։

    Այս էջերի հրապարակումների զգալի մասը ստեղծված է արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։ Ընդ որում, որոշ դեպքերում ԱԲ-ով ստեղծված մարդկային կերպարները ներկայացվում են իրական լրատվական ձևաչափերին բնորոշ միջավայրում՝ որպես հարցման մասնակիցներ, հաղորդավարներ կամ հարցազրույց տվող անձինք։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նշված ֆեյսբուքյան էջերի (1, 2, 3) հանրային հասանելի տվյալները, հրապարակումներն ու տեսանյութերը՝ պարզելու, թե ինչ բովանդակություն են դրանք տարածում, ինչպես են ներկայանում լսարանին, և ինչ տվյալներ են հասանելի դրանց գործունեության ու հնարավոր փոխկապակցվածության վերաբերյալ։

    Vector Media․ Էջի ստեղծումը և նկարագիրը

    Facebook-ի տվյալների համաձայն՝ Vector Media էջը ստեղծվել է 2026 թվականի հունիսի 22-ին։ Առաջին տեսանյութը՝ «Team Telecom»-ի և «Azer Telecom»-ի համագործակցության մասին, հրապարակվել է հենց նույն օրը։

    Էջի նկարագրությունում նշված է նաև Telegram-ի ալիք։ Այն ստեղծվել է հունիսի 19-ին, սակայն անվանափոխվել և ներկայիս ձևաչափով սկսել է գործել հունիսի 22-ին՝ նույն օրը նույնպես հրապարակելով «Team Telecom»-ի և «Azer Telecom»-ի համագործակցության մասին նյութ։

    Արտապատկերումը՝ Telegram-ից

    Telegram-ի ալիքում մեր դիտարկած 34 հրապարակումներից 20-ը վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, 6-ը՝ Սամվել Կարապետյանին և նրա գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, 5-ը՝ Գագիկ Ծառուկյանին և նրա գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իսկ 3-ը՝ ՀԱՊԿ-ին և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։

    Facebook-ի էջի թափանցիկության բաժնում որպես էջի կառավարման երկիր նշված է Բելառուսը։ Facebook-ի այս տվյալը ցույց է տալիս էջը կառավարող անձի կամ անձանց տեղակայման երկիրը, սակայն ինքնին չի բացահայտում նրանց ինքնությունը կամ էջի իրական սեփականատիրոջը։

    Արտապատկերումը՝ Facebook-ից

    Էջի գրեթե բոլոր տեսանյութերը գեներացված են արհեստական բանականության միջոցով։ Այն տարածում է ԱԲ-ով գեներացված քաղաքացիներից հարցումներ (1, 2, 3, 4, 5), ԱԲ գեներացված հաղորդավարներով լուրեր և նույնատիպ հարցազրույցներ (1, 2, 3, 4, 5)։ Այս հրապարակումների շարքում կան նաև Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վերաբերյալ դրական բովանդակությամբ տեսանյութեր (1, 2, 3, 4, 5):

    Էջը տեսանյութերում կամ դրանց նկարագրություններում տեսանելի կերպով չի նշում, որ ներկայացվող անձինք կամ կադրերը ստեղծված են արհեստական բանականության միջոցով։ Միաժամանակ տեսանյութերի մի մասը կառուցված է իրական լրագրողական բովանդակությանը բնորոշ ձևաչափերով՝ փողոցային հարցումների, լրատվական թողարկումների և հարցազրույցների տեսքով։

    Արդյունքում օգտատերը, հատկապես տեսանյութը Facebook-ի ընդհանուր լրահոսում դիտելիս, կարող է այն ընկալել որպես իրական մարդկանց մասնակցությամբ նկարահանված նյութ։

    Առավել խնդրահարույց են քաղաքացիների կարծիք ներկայացնող ԱԲ-ով գեներացված տեսանյութերը։ Դրանց միջոցով հնարավոր է իրականում գոյություն չունեցող կամ տվյալ խոսքերը երբևէ չասած անձանց վերագրել որոշակի դիրքորոշումներ՝ ստեղծելով տպավորություն, թե դրանք իրական քաղաքացիների կարծիքներ են։

    Քաղաքական բովանդակության դեպքում նման տեսանյութերը միտված են իրական հանրային կարծիքի մասին սխալ պատկերացում ստեղծել՝ օրինակ՝ որևէ քաղաքական գործչի նկատմամբ աջակցության կամ դժգոհության տարածվածության վերաբերյալ։

    Նույն խնդիրը վերաբերում է ԱԲ-ով ստեղծված հաղորդավարներին և հարցազրույցներին։ Լրատվական ձևաչափը բովանդակությանը տալիս է իրական լրատվամիջոցի կամ լրագրողական աշխատանքի արտաքին հատկանիշներ, մինչդեռ օգտատերը հստակ չի տեղեկացվում, որ իր դիտած մարդիկ կամ կադրերը սինթետիկ են։

    Այսպիսով, խնդիրը ոչ թե ինքնին արհեստական բանականության օգտագործումն է, այլ իրականությունը նմանակող բովանդակության դեպքում դրա կիրառման մասին հստակ տեղեկության բացակայությունը։

    Ինչպես է ներկայանում էջը

    2026 թվականի սեպտեմբերի 28-ի դիտարկման պահին Vector Media-ն ուներ մոտ 8,2 հազար հետևորդ։ Այն իրեն ներկայացնում էր որպես «լրատվական հարթակ։ Օպերատիվ լուրեր և անկողմնակալ հայացք իրադարձություններին»։

    Էջում որպես գտնվելու վայր նշված էր Երևանը, հրապարակված էր [email protected] էլեկտրոնային հասցեն և t.me/vectormediaa Telegram-ի ալիքը։

    Հրապարակային նկարագրության մեջ խմբագրության աշխատակիցների անուններ կամ էջի հետևում կանգնած իրավաբանական անձի վերաբերյալ տվյալներ նշված չէին։

    Էջը «խորհուրդ են տալիս»

    Facebook-ի «Կարծիքներ» բաժնում «Vector Media»-ն խորհուրդ էր տվել չորս օգտատեր, ևս մեկը՝ ոչ․ էջը խորհուրդ տված չորս օգտատերերից երեքի հաշիվները ստեղծվել էին նույն օրը՝ հունիսի 11-ին, իսկ մեկինը՝ սեպտեմբերի 11-ին։

    Այս հաշիվներում հիմնականում տարածվում էին ԱԲ-ով գեներացված տեսանյութեր և «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վերաբերող հրապարակումներ։

    Ուշագրավ է, որ նույն օգտատերերից մի քանիսին հանդիպում ենք նաև «Հանրային Լուրեր»-ի «Կարծիքներ» բաժիններում։

    Արտապատկերումները՝ Facebook-ից

    «Հանրային Լուրեր»․ Էջի ստեղծումը և նկարագիրը

    Facebook-ի տվյալների համաձայն՝ «Հանրային Լուրեր» էջը ստեղծվել է 2026 թվականի օգոստոսի 31-ին։ Առաջին տեսանյութը հրապարակվել է նույն օրը, և դիտարկման պահին ուներ շուրջ 85 հազար դիտում։

    Արտապատկերումը՝ Facebook-ից

    Ի տարբերություն Vector Media-ի՝ «Հանրային Լուրեր»-ի նկարագրությունում նշված է, որ նյութերի ստեղծման համար օգտագործվում է արհեստական բանականություն։

    Սակայն այստեղ ևս կա կարևոր առանձնահատկություն․ էջի տարածած իրական իրադարձություններն ու լուրերը հաճախ տեսողականորեն վերարտադրվում են ԱԲ-ի միջոցով։ Գեներացված կադրերը կարող են ընկալվել ոչ թե որպես լուրի պատկերավոր վերարտադրում, այլ որպես տվյալ իրադարձության իրական տեսագրություն։

    Օրինակ՝ էջի հենց առաջին տեսանյութում ներկայացված կադրերը գեներացված են ԱԲ-ի միջոցով, սակայն դրանք կառուցված են իրական տեսագրությանը նմանվող ձևով։

    Կադր՝ էջի տարածած ԱԲ-ով գեներացված տեսանյութից

    Որոշ հրապարակումների մեկնաբանություններում էջը ևս նշում է, որ տեսանյութը պարունակում է ԱԲ-ով գեներացված տարրեր։ Սակայն այս տեղեկությունը տեսնելու համար օգտատերը պետք է բացի մեկնաբանությունների բաժինը կամ այցելի էջի նկարագրությունը։ Միայն ընդհանուր լրահոսում տեսանյութը դիտող օգտատերը կարող է այդ տեղեկությունը չտեսնել։

    Ինչպես է ներկայանում էջը

    2026 թվականի սեպտեմբերի 28-ի դիտարկման պահին էջն ուներ մոտ 3,7 հազար հետևորդ։ Այն իրեն ներկայացնում էր որպես «գլխավոր իրադարձություններն ու սոցիալական խնդիրները» մեկ տեղում ներկայացնող հարթակ։ 

    Էջում նշված էին Երևանի Սեբաստիայի փողոցի 20 հասցեն, 055 655656 հեռախոսահամարը (փորձեցինք կապ հաստատել այս հեռախոսահամարով, որը մեր զանգի պահին անհասանելի էր) և hanrayinlurer.am կայքը։ Հրապարակային նկարագրության մեջ խմբագրության աշխատակիցների անուններ կամ իրավաբանական անձի տվյալներ չկային։ Նշված կայքը մեր դիտարկման ընթացքում չհաջողվեց բացել, ուստի դրա բովանդակությունն ու էջի հետ կազմակերպական կապը հնարավոր չեղավ ստուգել։

    Ինչ է հրապարակում

    Էջի «Reels» բաժնի հրապարակային ցանկում դիտարկման պահին առկա էր 26 տեսանյութ։ Դրանց շապիկներում պատկերված էին քաղաքական գործիչներ, զինվորականներ, ձերբակալություններ և տարբեր իրադարձություններ։

    Արտապատկերումը՝ Facebook-ից

    Ցուցադրվող դիտումների քանակը տատանվում էր շուրջ 5,5 հազարից մինչև 600 հազար։ Օրինակ՝ սեպտեմբերի 23-ի հրապարակումը դիտարկման պահին ուներ շուրջ 300 հազար դիտում և 2,3 հազար արձագանք։

    Այդ թվերը փոփոխական են և ներկայացնում են Facebook-ի ցուցադրած հաշվիչները դիտարկման պահին։ 

    Չհաստատված և հերքված տեղեկություններ

    Էջի հրապարակումներում հանդիպում են նաև տեղեկություններ, որոնք հետագայում հերքվել են կամ որոնց համար FIP.am-ին չի հաջողվել հաստատող արժանահավատ աղբյուր գտնել։

    Օրինակ՝ Հակարիի կամրջի մոտ ենթադրյալ միջադեպի մասին հրապարակման համար ստեղծվել էր ԱԲ-ով գեներացված տեսանյութ։ Այս դեպքում սինթետիկ կադրերը ոչ միայն պատկերազարդում էին պնդումը, այլև կարող էին ընկալվել որպես դրա տեսողական ապացույց։ Հետագայում տեղեկությունը հերքվեց։

    Արտապատկերումը՝ էջի Reels բաժնից

    Մեկ այլ տեսանյութում պնդվում էր, թե Հայաստանում տնտեսական կոլապս է, պետությունն այլևս ի վիճակի չէ ֆինանսավորել կենսաթոշակներն ու առողջապահական ապահովագրությունը և այդ պատճառով իշխանությունները փորձում են գումարներ գանձել խոշոր գործարարներից։ FIP.am-ին չի հաջողվել այս պնդումները հաստատող պաշտոնական տվյալներ կամ փաստեր գտնել։

    Մեկ այլ հրապարակմամբ էլ պնդում կար, թե Երևանի քաղաքապետարանը Temu հարթակից փոշեկուլներ է ձեռք բերել։ Քաղաքապետարանը FIP.am-ի հարցմանն ի պատասխան հերքել է այս տեղեկությունը։

    Այս օրինակներում ԱԲ-ով ստեղծված տեսապատկերը կարող է լրացուցիչ համոզչություն հաղորդել չհաստատված կամ սխալ տեղեկությանը՝ հատկապես այն դեպքում, երբ տեսանյութից պարզ չէ, որ ցուցադրվող կադրերն իրական չեն։

    Կապը Հանրային հեռուստաընկերության հետ հաստատված չէ

    «Հանրային Լուրեր» անվանումը և էջի լրատվական ձևավորումը կարող են հիշեցնել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծառայությունը։

    Սակայն Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը 1lurer.am-ն է, մինչդեռ այս էջում նշված է hanrayinlurer.am հասցեն։

    Միայն անվան կամ կայքի հասցեի տարբերությունը, իհարկե, բավարար չէ էջի սեփականատիրոջը որոշելու համար։ Սակայն էջի հանրային հասանելի տվյալներում FIP.am-ը չի գտել որևէ տեղեկություն, որը կհաստատի դրա պաշտոնական կապը Հանրային հեռուստաընկերության հետ։

    Ararat Press․ Էջի ստեղծումը և նկարագիրը

    Facebook-ի տվյալների համաձայն՝ «Ararat Press» էջը ստեղծվել է 2026 թվականի փետրվարի 2-ին։ Էջի թափանցիկության բաժնում, ինչպես Vector Media-ի դեպքում, որպես կառավարման երկիր նշված է Բելառուսը։

    Արտապատկերումը՝ Facebook-ից

    Սեպտեմբերի 28-ի դիտարկման պահին էջն ուներ շուրջ 2,9 հազար հետևորդ։

    Այն մյուս երկու էջերի համեմատ զգալիորեն պակաս ակտիվ էր․ էջում առկա էր երկու սեփական Reel, ինչպես նաև երեք այլ տեսանյութի տարածում, որոնցից երկուսը «Vector Media»-ից էին։

    Ի՞նչ կապ կա էջերի միջև

    Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են մի շարք համընկնումներ։

    Vector Media-ի և Ararat Press-ի էջերի թափանցիկության բաժիններում որպես կառավարման երկիր նշված է Բելառուսը։ Ararat Press-ը տարածել է Vector Media-ի տեսանյութերը։ 

    Միևնույն ժամանակ «Vector Media»-ի և «Հանրային Լուրեր»-ի «Կարծիքներ» բաժիններում հանդիպում են նույն օգտատերերը, որոնց հաշիվներից մի քանիսը ստեղծվել են նույն օրերին և տարածում են նույն կամ նմանատիպ ԱԲ-ով ստեղծված քաղաքական բովանդակություն։

    Այս համընկնումները ցույց են տալիս էջերի միջև առնվազն բովանդակային և լսարանային հատումներ։ Սակայն միայն այս տվյալները բավարար չեն պնդելու, որ երեք էջերն ունեն նույն սեփականատերը կամ կառավարվում են մեկ կենտրոնից։ Դրա համար անհրաժեշտ կլինեին լրացուցիչ տվյալներ՝ էջերի սեփականատերերի, իրավաբանական անձանց, տեխնիկական ենթակառուցվածքների կամ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։

    Եզրակացություն

    FIP.am-ի ուսումնասիրած երեք էջերը տարբեր ակտիվություն և հրապարակման քաղաքականություն ունեն, սակայն դրանց գործունեության մեջ կան մի շարք ընդհանրություններ․ ԱԲ-ով ստեղծված լրատվական տեսանյութեր, քաղաքական բովանդակություն, որոշ դեպքերում նույն օգտատերերի ակտիվություն և միմյանց նյութերի տարածում։

    Առավել ակնհայտ խնդիրը «Vector Media»-ի դեպքում է, որտեղ ԱԲ-ով ստեղծված «քաղաքացիները», հաղորդավարներն ու հարցազրույցները ներկայացվում են իրական լրատվական ձևաչափերով՝ առանց տեսանելի զգուշացման դրանց սինթետիկ բնույթի մասին։

    «Հանրային Լուրեր»-ը հայտնում է ԱԲ-ի օգտագործման մասին, սակայն այդ նշումները միշտ չէ, որ տեսանելի են հենց տեսանյութը դիտելիս։ Միաժամանակ էջում տարածվել են նաև չհաստատված կամ հետագայում հերքված տեղեկություններ, որոնց համար ստեղծված ԱԲ-կադրերը կարող են դիտողի մոտ իրական տեսագրության տպավորություն առաջացնել։

    Ուսումնասիրությամբ հայտնաբերված համընկնումները հիմք են տալիս արձանագրելու էջերի միջև որոշ կապեր և ընդհանուր օրինաչափություններ, բայց առկա հանրային տվյալները բավարար չեն երեք էջերի միասնական կառավարման կամ ընդհանուր սեփականատիրոջ մասին եզրակացության համար։

    Այսպիսով, ԱԲ-ի կիրառումն այս էջերում միայն տեխնոլոգիական գործիք չէ․ այն օգտագործվում է նաև իրական լրատվական արտադրանքին նմանվող բովանդակություն ստեղծելու համար։ Երբ սինթետիկ կադրերը հստակ չեն տարանջատվում իրական տեսագրություններից, իսկ գեներացված մարդիկ ներկայացվում են որպես քաղաքացիներ, հաղորդավարներ կամ հարցազրույցի մասնակիցներ, օգտատիրոջ համար դժվարեցնում է հասկանալ՝ որտեղ է փաստագրված իրականությունը, իսկ որտեղ՝ դրա արհեստական վերարտադրությունը։

    Արեն Նահապետյան

  • Բայրամովը հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» մասին չի խոսել․ սխալ պնդում հայկական մամուլում

    Հայաստնայան մի շարք ԶԼՄ-ներ գրել են, թե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում խոսել է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին։

    Ադրբեջանի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել նախօրեին՝ սեպտեմբերի 25-ին։ 

    Մասնավորապես Yerevan{.}Today և Time{.}am  կայքերը հրապարկել են լուրեր թեմայի վերաբերյալ՝ պնդելով, թե Բայրամովը խոսելու է հարյուր  հազարավոր ադրբեջանցիների Հայաստան այսպես կոչված վերդարձի մասին։ 

    Արտապատկերումները՝ հայկական կայքերից։

    «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Բայրամովն իր ելույթում չի խոսել ադրբեջանցիների Հայաստան «վերադառանլու» մասին և նման պահանջ չի հնչեցրել ՄԱԿ-ի ամբիոնից։ 

    Այսպես, Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսում է Ադրբեջանի «հետհակամարտային վերականգնման ծրագրերի» և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներ ադրբեջանցիների բնակեցման մասին։

    Նա մասնավորապես ասում է․ «Լրացնելով տարածաշրջանային կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետհակամարտային վերականգնողական օրակարգը նպատակաուղղված է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովմանը։ Կառավարության իրականացրած լայնածավալ վերակառուցման աշխատանքների շնորհիվ կյանքն այժմ վերադառնում է մեր ազատագրված տարածքներ…»։

    Հենց հաջորդ նախադասությունը հստակեցնում է, թե որ տարածքների մասին է խոսքը․ Բայրամովը վերադարձը կապում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի «ազատագրված տարածքներում» իրականացվող «վերակառուցման և վերաբնակեցման» ծրագրերի հետ։

    Նա նաև նշում է, որ այնտեղ կառուցվող քաղաքներում և գյուղերում արդեն ավելի քան 90 հազար մարդ է ապրում, սովորում և աշխատում։

    Այսպիսով, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանցիների վերադարձի մասին Բայրամովի ելույթում որևէ հայտարարություն չկա․ հետևաբար, պնդումը, թե ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է «Հայաստան ադրբեջանցիների վերադարձի» մասին, սխալ է։

    Նանե Մանասյան

  • «ՌԴ-ից տարեկան 4 մլրդ դոլարի փոխանցումներ ենք ստանում». Կարապետյանի պնդումը մոլորեցնող է

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, խոսելով Ռուսաստանից Հայաստան եկող ֆինանսական հոսքերի մասին, սեպտեմբերի 23-ին 24TV-ի եթերում ասել է, թե «տարեկան 4 մլրդ դոլարին մոտ Հայաստանը ստանում է իշխանության այդքան չսիրած պետությունից՝ Ռուսաստանից, և դա օգտագործվում է Հայաստանի տնտեսության մեջ»:

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ կենտրոնական բանկի տվյալները՝ պարզելու, թե վերջին տարիներին որքան գումար է փոխանցվել Ռուսաստանից Հայաստան, որքան է կազմել զուտ ներհոսքը, և ինչպես են փոխվել այդ ցուցանիշները։ 

    Ռուսաստանից Հայաստան փոխանցումները՝ 2020-2025 թվականներին

    Կենտրոնական բանկը հրապարակում է ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր ուղարկված դրամական փոխանցումների վիճակագրությունը՝ ըստ երկրների։ Տվյալներում առանձին ներկայացվում են ներհոսքը, արտահոսքը և դրանց տարբերությունը՝ զուտ ներհոսքը։

    Ավելի պարզ՝ Ռուսաստանից Հայաստան փոխանցված ամբողջ գումարը ներհոսքն է, Հայաստանից Ռուսաստան փոխանցվածը՝ արտահոսքը, իսկ դրանց տարբերությունը՝ զուտ ներհոսքը։ Վերջին ցուցանիշը ցույց է տալիս երկու ուղղություններով կատարված փոխանցումների տարբերությունը։

    Կարապետյանը փոխանցումների ծավալը ներկայացրել է դոլարով, ուստի FIP-ը ԿԲ-ի՝ դրամով հրապարակված տվյալները համադրելիության համար ներկայացրել է նաև ԱՄՆ դոլարով՝ համապատասխան տարիների փոխարժեքներով։

    ԿԲ-ի տվյալներով՝ 2020 թվականին Ռուսաստանից Հայաստան ներհոսքը կազմել է 403.8 մլրդ դրամ, արտահոսքը՝ 225.1 մլրդ դրամ, իսկ զուտ ներհոսքը՝ 178.8 մլրդ դրամ։ 2021 թվականին այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 433.9 մլրդ, 201.9 մլրդ և 232 մլրդ դրամ։

    Այսպիսով, 2020-2021 թվականներին Ռուսաստանից Հայաստան տարեկան ներհոսքը 1 մլրդ դոլարից էլ պակաս էր։

    Կտրուկ աճը՝ 2022 թվականին

    Պատկերը կտրուկ փոխվել է 2022 թվականին։ ԿԲ-ի տվյալներով՝ այդ տարի Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ներհոսքը կազմել է 1 տրլն 505 մլրդ դրամ, Հայաստանից Ռուսաստան արտահոսքը՝ 195.9 մլրդ դրամ, իսկ զուտ ներհոսքը՝ 1 տրլն 309 մլրդ դրամ։ Դոլարային արտահայտությամբ դրանք կազմել են համապատասխանաբար մոտ 3.4 մլրդ, 0.45 մլրդ և 3.01 մլրդ դոլար։ Այսինքն՝   մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան ներհոսքը 2021-ի համեմատ աճել է մոտ 3․5 անգամ։

    2023 թվականին ներհոսքը շարունակել է աճել՝ հասնելով 1 տրլն 550 մլրդ դրամի, արտահոսքը կազմել է 251 մլրդ դրամ, իսկ զուտ ներհոսքը՝ 1 տրլն 299 մլրդ դրամ։ Դոլարով դրանք կազմել են մոտ 3․95 մլրդ, 0.64 մլրդ և 3.3 մլրդ դոլար։

    2024 թվականին Ռուսաստանից Հայաստան ներհոսքը կազմել է 1 տրլն 501 մլրդ դրամ, Հայաստանից Ռուսաստան արտահոսքը՝ 270 մլրդ դրամ, իսկ զուտ ներհոսքը՝ 1 տրլն 231 մլրդ դրամ։ Դոլարային արտահայտությամբ՝ մոտ 3.8 մլրդ, 0.7 մլրդ և 3.1 մլրդ դոլար։

    2025 թվականին ներհոսքը փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 1 տրլն 499 մլրդ դրամ, իսկ արտահոսքն աճել է մինչև 290 մլրդ դրամ։ Արդյունքում զուտ ներհոսքը կազմել է 1 տրլն 209 մլրդ դրամ։ Դոլարային արտահայտությամբ դրանք կազմել են համապատասխանաբար մոտ 3.8 մլրդ, 0.75 մլրդ և 3.1 մլրդ դոլար։ 

    Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները՝ դոլարային տեսքով 2020-2025 թթ.  

    Այսպիսով, Կարապետյանի նշած տարեկան մոտ 4 մլրդ դոլարը մոտ է համախառն ներհոսքին։ 2025 թվականին համախառն ներհոսքը կազմել է մոտ 3.8 մլրդ դոլար, իսկ Հայաստանից Ռուսաստան կատարված փոխանցումները հաշվի առնելու դեպքում զուտ ներհոսքը՝ մոտ 3.1 մլրդ դոլար։ 

    Ինչո՞վ էր պայմանավորված 2022-ի կտրուկ աճը

    2022-ին արձանագրված կտրուկ աճը համընկել է ռուս-ուկրաինական պատերազմի և դրան հաջորդած ռելոկացիոն հոսքերի հետ։

    ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի վերլուծությունում արձանագրել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստան է գրանցվել միջազգային այցելուների և ֆինանսական միջոցների մեծաքանակ ներհոսք։ ԿԲ-ն այդ զարգացումները դիտարկել է նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների համատեքստում՝ նշելով, որ ֆինանսական մեծ ներհոսքի պայմաններում շարունակվել է նաև դրամի արժևորումը։

    ԿԲ-ն նույն տարվա դրամավարկային քաղաքականության զեկույցում տնտեսական բարձր ակտիվությունը պայմանավորող գործոնների թվում ևս առանձնացրել էր շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստան օտարերկրյա այցելուների և ֆինանսական միջոցների մեծ ներհոսքը։

    Այսպիսով, Կարապետյանի պնդումը մոլորեցնող է․ Ռուսաստանից Հայաստան տարեկան շուրջ 4 մլրդ դոլարի փոխանցումների ցուցանիշը մոտ է վերջին տարիների համախառն ներհոսքին, սակայն զուտ ներհոսքը դրանից զգալիորեն փոքր է․ 2025-ին մոտ 3.9 մլրդ դոլարի համախառն ներհոսքի դիմաց զուտ ներհոսքը կազմել է մոտ 3.1 մլրդ դոլար։ Դրամային արտահայտությամբ վերջին վեց տարվա ամենաբարձր համախառն ներհոսքը գրանցվել է 2023-ին, որից հետո արձանագրվել է որոշակի նվազում։

    Փոխանցումների բարձր մակարդակն էլ ձևավորվել է 2022-ից հետո՝ ռուս-ուկրաինական պատերազմի, Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների և դրանց հետևանքով Հայաստան մարդկանց ու ֆինանսական միջոցների մեծ ներհոսքի՝ ռելոկացիայի պայմաններում։

    Գայանե Մարկոսյան

  • Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները․ որտեղ, ովքեր և ինչ նոր կանոններով են ընտրելու

    2025 թվականի վերջին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ 2026 թվականի աշնանը ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում Հայաստանի 46 համայնքներում։

    ԿԸՀ-ն ընտրությունների համար սահմանել էր երեք հիմնական օր՝ սեպտեմբերի, հոկտեմբերի և նոյեմբերի վերջին կիրակիները։ 

    Արդեն 2026 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում կմեկնարկի աշնանային ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը. ընտրությունները կանցկացվեն չորս համայնքներում՝ Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների առաջին փուլի առանձնահատկությունները, ընտրական իրավունքի նոր կարգավորումները, ինչպես նաև համայնքային ընտրությունների մրցակցությունը: 

    Մասնակցություն և ընտրական կարգ 

    Ընտրական օրենսգիրքը ՏԻՄ ընտրությունների համար նախատեսում է երկու ընտրակարգ՝ մեծամասնական և համամասնական։

    Մեծամասնական ընտրակարգի դեպքում ընտրություններին մասնակցում են անհատ թեկնածուները։ Համայնքի ղեկավարի ընտրության դեպքում ամբողջ համայնքը մեկ միամանդատ ընտրատարածք է, իսկ ավագանու ընտրության դեպքում՝ մեկ բազմամանդատ ընտրատարածք։ 

    Պարզ ասած՝ ընտրողը քվեարկում է ոչ թե կուսակցության ցուցակի, այլ կոնկրետ թեկնածուի օգտին։ Մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում, բացառությամբ բազմաբնակավայր համայնքների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով, իսկ 4000-ից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև բազմաբնակավայր համայնքներում ավագանու ընտրությունները՝ համամասնական ընտրակարգով։ 

    Համամասնական ընտրակարգի դեպքում ընտրություններին մասնակցում են կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ իրենց թեկնածուների ընտրական ցուցակներով։ Ընտրողը քվեարկում է քաղաքական ուժի ցուցակի օգտին, իսկ ավագանու մանդատները բաշխվում են ընտրությունների արդյունքներով։ 

    Ընտրական օրենսգրքով համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։

    Ըստ այդմ, վերևում հիշատակված չորս համայնքներում ընտրությունները նույն ընտրակարգով չեն անցկացվելու. Լոռու մարզի Թումանյան համայնքում ընտրությունները համամասնական են։

    Լերմոնտովոյում, Արզնիում և Ֆերիկում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։

    Թումանյան․ գրանցված է միայն ՔՊ-ի ընտրական ցուցակը 

    Թումանյան համայնքի ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ ընտրություններին մասնակցելու համար ցուցակ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

    ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Սուրեն Թումանյանը։ Նա նախորդ՝ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր ոչ թե ՔՊ-ի, այլ «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։

    2026 թվականին իրավիճակը փոխվել է․ Սուրեն Թումանյանը գլխավորում է արդեն կառավարող ուժի ցուցակը, իսկ ընտրություններին այլ կուսակցական ցուցակ չի մասնակցում։

    Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տվյալները եղել են այսպիսին.

    • Ընտրողների ընդհանուր թիվը՝ 5041
    • Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 3509

    Այստեղ հայտնաբերեցինք մեկ ուշագրավ հանգամանք․ հաշվառված ձայների թիվը իրար գումարելիս քվեարկության մասնակիցների ընդհանուր թվից 1-ով պակաս թիվ ենք ստանում։ ԿԸՀ-ից հայտնեցին, որ այդ ժամանակ գործող ընտրական օրենսգրքի համաձայն՝ ավելորդ գրառում պարունակող քվեարկության ծրարի դեպքում քվեաթերթիկը ծրարից չի հանվում, քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է: Ըստ ԿԸՀ-ի այդ մեկը հենց մարված քվեաթերթիկ է եղել։ Նույն անհամապատասխանությունը կտեսնենք Լերմոնտովոյի արդյունքներում ևս։

    Լերմոնտովո․ գործող համայնքապետը շարունակում է ղեկավարել համայնքը

    Լոռու մարզի Լերմոնտովոյում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։

    Համայնքի գործող ղեկավարը Էդիկ Չախալյանն է։ 

    Ըստ ԿԸՀ-ի՝ համայնքի ղեկավարի ընտրությունում Չախալյանը միակ առաջադրված թեկնածուն է, իսկ ավագանու հինգ տեղի համար առաջադրվել է վեց թեկնածու։

    Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին տվյալները եղել են այսպիսին.

    • Ընտրողների ընդհանուր թիվը՝ 679
    • Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 196

    Ֆերիկ․ վեց թեկնածու՝ ավագանու հինգ տեղի համար

    Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում ևս ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։

    Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ավագանու հինգ տեղի համար առաջադրվել է վեց թեկնածու։

    Ֆերիկում համայնքի ղեկավարի հերթական ընտրություն անցկացվել էր 2024 թվականի հոկտեմբերի 20-ին։ 

    Միակ ինքնառաջադրված թեկնածուն Ռուստամ Հասանյանն էր։ 

    Ավագանու անդամի և համայնքի ղեկավարի ընտրությունների տարբեր տարիներին լինելը պայմանավորված է նրանով, որ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարն ու ավագանին առանձին են ընտրվում, և նրանց լիազորությունների ավարտը կամ արտահերթ ընտրության անհրաժեշտությունը կարող են տարբեր ժամանակ առաջանալ։

    Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին տվյալները եղել են այսպիսիսն․

    • Համայնքի ավագանու անդամի ընտրություններ՝
    • Ընտրողների ընդհանուր թիվը՝ 269
    • Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 77

    Համայնքի ղեկավարի ընտրություններում՝ 2024 թվականի հոկտեմբերի 20-ին տվյալները եղել են այսպիսին.

    • Համայնքի ղեկավարի ընտրություններ՝
    • Ընտրողների ընդհանուր թիվը՝ 263
    • Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 91

    Արզնի․ 17 թեկնածու՝ ավագանու ինը տեղի համար

    Կոտայքի մարզի Արզնի համայնքում ընտրություններն անցկացվելու են մեծամասնական ընտրակարգով։ Ըստ հրապարակված տվյալների՝ ավագանու ինը տեղի համար առաջադրվել է 17 թեկնածու։

    Այսպիսով, եթե համեմատենք սեպտեմբերի 27-ի մեծամասնական ավագանու ընտրությունները, Արզնիում թեկնածուների թվով մրցակցությունն ավելի մեծ է՝ 17 թեկնածու ինը տեղի համար, մինչդեռ Ֆերիկում և Լերմոնտովոյում հրապարակված տվյալներով վեցական թեկնածու է պայքարում հինգական տեղի համար։

    Համայնքի ավագանու ընտրություններում՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին տվյալները եղել են այսպիսին. 

    • Համայնքի ավագանու անդամի ընտրություններ՝
    • Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 052
    • Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը ՝ 521

    Համայնքի ղեկավարի ընտրություններում՝ 2023 թվականի հոկտեմբերի 29-ին տվյալները եղել են այսպիսին.

    • Համայնքի ղեկավարի ընտրություններ՝
    • Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 136
    • Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 164

    Քանի՞ ընտրող կա

    Ընտրական գործընթացի սկզբնական փուլում հրապարակված՝ ԿԸՀ-ի սեպտեմբերի 21-ի տվյալներով՝

    • Ֆերիկում՝ 250 ընտրող,
    • Լերմոնտովոյում՝ 725,
    • Թումանյանում՝ 4953,
    • Արզնիում՝ 2344։

    Փոխվել են ընտրելու իրավունքի պայմանները 

    Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները նաև առաջին ընտրական գործընթացներից են, որոնց ժամանակ գործում են 2026 թվականի ամռանը Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները։

    Նոր կարգավորմամբ ՏԻՄ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացին, որպես ընդհանուր կանոն, պետք է ոչ միայն առնվազն վեց ամիս հաշվառված լինի տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում, այլև քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնված լինի Հայաստանում։ Օրենքը սահմանում է նաև առանձին բացառություններ և հատուկ դեպքեր։

    ԱԺ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ փաստացի գտնվելու ժամկետի հաշվարկում նախատեսվել են նաև բացառություններ, օրինակ՝ հանրային ծառայության շրջանակում ծառայողական նպատակներով արտերկրում գտնվողների, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց ընտանիքի անդամների և արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների համար։

    ՆԳՆ-ն սեպտեմբերի 18-ի հաղորդագրությամբ ևս հատուկ հիշեցրել է նոր պահանջի մասին։

    Ավելին՝ նախարարությունը նշում է, որ ընտրական տեղամասի հասցեում հաշվառված, սակայն Հայաստանում փաստացի գտնվելու նոր պահանջը չբավարարելու պատճառով ընտրացուցակից դուրս մնացած անձանց համար օրենսգրքով նախատեսված է լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար դիմելու ընթացակարգ։

    Սա նշանակում է, որ հուլիսին ընդունված փոփոխությունը սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ արդեն գործնական ազդեցություն ունի ընտրողների ցուցակների ձևավորման վրա։

    Ընտրելու իրավունքի նոր պայմանը վիճարկվում է Սահմանադրական դատարանում 

    Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի սահմանադրականության հարցը նաև հասել է Սահմանադրական դատարան։

    ՍԴ պաշտոնական ժամանակացույցի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա քննվելու է Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի և «Հանրաքվեի մասին» օրենքի 3-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

    Գործի քննությունը նշանակված է 2026 թվականի դեկտեմբերի 22-ին՝ գրավոր ընթացակարգով։

    Այսինքն՝ սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նոր կանոնի կիրառմամբ՝ մինչև Սահմանադրական դատարանի կողմից դրա սահմանադրականության հարցի քննությունը։

    Քարոզարշավը

    Քարոզարշավի ժամկետները ևս տարբեր են՝ պայմանավորված ընտրակարգերով։

    Թումանյան համայնքում համամասնական ընտրությունների քարոզարշավը սկսվել է սեպտեմբերի 2-ին, իսկ Լերմոնտովոյի, Արզնիի և Ֆերիկի մեծամասնական ընտրությունների քարոզարշավը՝ սեպտեմբերի 7-ին։

    Բոլոր չորս համայնքներում քարոզարշավն ավարտվում է սեպտեմբերի 25-ին։

    ԿԸՀ-ն նաև հիշեցրել է ընտրական օրենսդրությամբ սահմանված քարոզչական սահմանափակումների մասին։

    Ամփոփում

    Սեպտեմբերի 27-ին մեկնարկող ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը չորս համայնքներում տարբեր պատկեր ունի։

    Թումանյանում ընտրությունները համամասնական են, սակայն գրանցված է միայն մեկ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

    Լերմոնտովոյում, Ֆերիկում և Արզնիում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։ Հրապարակված տվյալներով՝ Լերմոնտովոյի համայնքապետի ընտրությունում կա մեկ թեկնածու։

    Միաժամանակ այս ընտրությունները անցկացվելու են ընտրական իրավունքի վերաբերյալ նոր կարգավորման պայմաններում․ ընտրողների մի մասի համար կիրառվում է վերջին 730 օրվա ընթացքում Հայաստանում առնվազն 366 օր փաստացի գտնվելու պահանջը։

    Թե նոր սահմանափակման պատճառով քանի մարդ է իրականում դուրս մնացել սեպտեմբերի 27-ի ընտրությունների հիմնական ընտրացուցակներից, հրապարակված պաշտոնական տվյալներից պարզ չէ։ Այդ ցուցանիշը կարող է դառնալ այս ընտրությունների վերաբերյալ առանձին ուսումնասիրության կարևոր թեմա։

    Արեն Նահապետյան

  • Ռուսական գազը՝ սահմանից մինչև սպառող․ ինչպե՞ս է ձևավորվում գինը հայ սպառողի համար

    Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի սահմանային գինը և սպառողի վճարած սակագինը էապես տարբերվում են․ պատճառն այն է, որ սահմանը հատելուց հետո գազի արժեքի վրա ազդում են մի շարք գործոններ՝ ավելանում են փոխադրման և բաշխման համակարգերի ծախսերը, կորուստները, «Գազպրոմ Արմենիա» ընկերության շահույթը և ավելացված արժեքի հարկը։

    Գազի մատակարարման այս շղթայի երկու հիմնական օղակները փոխկապակցված են․ Ռուսաստանից գազը Հայաստան է մատակարարում «Գազպրոմը», իսկ Հայաստանի սահմանին այն ձեռք է բերում և սպառողներին հասցնում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը «Գազպրոմի» 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։

    Փաստացի մատակարարման երկու շղթաներն էլ պատկանում են Ռուսաստանին։ 

    Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև բնական գազի մատակարարման ու ենթակառուցվածքների վերաբերյալ ստորագրվեց երկու համաձայնագիր։ Առաջին համաձայնագրով ռուսական «Գազպրոմը» ուղղակի վաճառքի միջոցով ձեռք բերեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարությանը պատկանող վերջին 20% բաժնեմասը՝ դառնալով երկրի ամբողջ գազաբաշխիչ ցանցի միակ սեփականատերը։  Բացի այդ, հայկական կողմը պարտավորվեց մինչև 2043-ը բնական բնական գազ գնել «Գազպրոմից»։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստան ներկրվող բնական գազի գնի ձևավորման մեխանիզմը՝ ամփոփելով համաձայնագրերն ու գործոնները, որոնցով պայմանավորված է սահմանային գնի և սպառողների համար սակագնի տարբերությունը։ 

    Սահմանին գազի գինը փոփոխական է

    2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրի» համաձայն՝ 2014 թ․-ի հունվարի 1-ից Հայաստանի համար գազի սահմանային գնի հաշվարկման մեխանիզմ էր ներդրվում։

    Դրանում, սակայն, չի սահմանվում Հայաստանի համար ֆիքսված գազի գին, միայն նշվում է բազային գինը և դրա հաշվարկման բանաձևը․ այսինքն՝ պայմանագրով գազի գինը ՀՀ-ի համար մշտապես ենթակա է եղել վերանայման։

    Ըստ համաձայնագրի՝ բազային գինը ձևավորվում է երկու բաղադրիչից՝ 65%-ով հաշվի է առնվում Ռուսաստանի Օրենբուրգի մարզում գազի գնի փոփոխությունը, 35%-ով՝ սղաճը։

    Հայաստան մատակարարվող գազի գինը 2013 թվականի պայմանագրի կնքումից ի վեր փոփոխվել է նոր պայմանավորվածություններով. օրինակ՝ 2016 թվականի ապրիլից այն կազմել է 150 դոլար, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից՝ 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։ 

    2022 թվականի ապրիլի 1-ից Հայաստան ներկրվող բնական գազի սահմանային գինը ճշգրտվում է կախված մատակարարվող գազի փաստացի ստորին այրման ջերմատվությունից․ այլ կերպ ասած, եթե ներկրվող գազի փաստացի ջերմատվությունը պայմանագրային հաշվարկի հիմքում դրված 7900 կկալ/խմ-ից բարձր է, ապա համապատասխանաբար բարձրանում է նաև 1000 խմ գազի հաշվարկային արժեքը։

    Օրինակ, ըստ ՀԾԿՀ-ի տվյալների, 2026 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը գործող սակագնային տարվա համար գազի փաստացի ստորին այրման ջերմատվությունը հաշվարկվել է 8353 կկալ/խմ․ դրա արդյունքում 165 դոլար պայմանագրային բազային գնի փոխարեն բնական գազի՝ ջերմատվությամբ ճշգրտված ներկրման գինը կազմում է 174.46 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ-ի համար։

    Այսպիսով, 165 դոլարը գազի ներկրման վերջնական ընդամենը բազային-պայմանագրային գինն է, որի հիման վրա հաշվարկվում է սահմանին ՀՀ-ին վաճառվող սակագինը։ 

    Փաստացի, սահմանին գազի գինը փոխվում է՝ կախված գազի փաստացի ջերմատվությունից․ որքան այն բարձր է պայմանագրային 7900 կկալ/խմ-ից, այնքան բարձր է 1000 խմ գազի հաշվարկային գինը։  

    Սահմանից սպառող․ ինչու են սակագները տարբեր   

    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը կառուցվածքային առումով բաղկացած է բնական գազի բազային գնից, դրա հիման վրա հաշվարկվող ներկրման գնից, ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)*, «Գազպրոմ Արմենիա» ընկերության շահույթից*, ապա նաև բնական գազի փոխադրման ու բաշխման ընթացքում անխուսափելիորեն առաջացող կորուստներից։

    Ստորև բերված ինֆոգրաֆիկայում արտացոլված է բնական գազի սպառողական գնի գոյացման կառուցվածքը։

    *ԱԱՀ-ն մինչև 20% սպառման հարկ է, որը ներառված է գազի վերջնական սակագնի մեջ․ այն վճարում է սպառողը, իսկ գազ մատակարարող ընկերությունը փոխանցում է պետական բյուջե։

    *Ընկերության շահույթը/մարժան ներառում է բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերի աշխատանքի հետ կապված ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձի, շահագործման և պահպանման, մաշվածության, ինչպես նաև շահույթի և այլ բաղադրիչների գծով ծախսերը։

    2026-2027 թվականների սակագնային տարում, օրինակ, բնական գազի՝ ջերմատվությամբ ճշգրտված ներկրման գինը կազմում է 174.46 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ-ի համար, մինչդեռ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային գինը՝ ներառյալ ԱԱՀ-ն, կազմում է 288.65 ԱՄՆ դոլար։

    Այսինքն՝ սահմանից մինչև վերջնական սպառող գազի յուրաքանչյուր 1000 խմ-ի հաշվով գնին ավելանում է 114.19 դոլար, կամ սահմանային գնի համեմատ շուրջ 65.5%։

    Ստորև բերված ինֆոգրաֆիկայում արտացոլված են բնական գազի ներկրման ու սպառողական սակագների տարբերությունը։ 

    Այս կառուցվածքը ցույց է տալիս, որ սահմանային և սպառողական գների միջև տարբերությունը պայմանավորված չէ միայն մեկ գործոնով. դրա մեջ մտնում են և’ գազային համակարգի գործունեության ծախսերը, և’ կորուստները, և’ ընկերության մարժան, և’ հարկը։

    Ինչպես է փոխվել գազի գնի կառուցվածքը 2022-2027 թվականներին

    ՀԾԿՀ-ի տվյալները հնարավորություն են տալիս համեմատել գազի միջին գնի և դրա հիմնական բաղադրիչների փոփոխությունը հինգ սակագնային ժամանակահատվածներում։

    Ստորև բերված ինֆոգաֆիկայում ներկայացվում է բնական գազի սպառողական գնի գոյացման կառուցվածքը՝ ըստ ժամանակահատվածների։ 

    Տվյալների համեմատությունը մի կարևոր հանգամանք է ցույց տալիս. դիտարկվող ժամանակահատվածում ներկրման գինը համեմատաբար կայուն է մնացել, մինչդեռ սպառողական միջին գինը զգալիորեն ավելի մեծ տատանումներ է ունեցել։

    Օրինակ՝ ներկրման գինը հինգ ժամանակահատվածներում տատանվել է 173.00-175.21 դոլարի սահմաններում։ 

    Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացվում է բնական գազի սպառողական գնի գոյացման կառուցվածքը՝ ըստ արժեքների փոփոխության։ 

    Սպառողական միջին գինը նույն ժամանակահատվածում տատանվել է 277.71-302.34 դոլարի միջակայքում։

    Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացվում է բնական գազի սպառողական գնի  տատանումը՝ ըստ ժամանակահատվածների։ 

    Այսպիսով, Հայաստան ներկրվող բնական գազի սահմանային գինը և սպառողի համար սահմանված սակագինը տարբեր ցուցանիշներ են՝ էապես տարբերվող։ Սահմանային գինը վերաբերում է ներկրվող գազի արժեքին, մինչդեռ վերջնական սակագինը ձևավորվում է նաև գազամատակարարման համակարգի գործունեության հետ կապված ծախսերից, կորուստներից, ընկերության շահույթից և հարկերից։

    Նանե Մանասյան

  • Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա

    Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ։ 2010 թվականից ի վեր զինծառայողների ինքնասպանությունների վերաբերյալ տարբեր աղբյուրների տվյալները էապես տարբերվում են։ Թե ինչու են թվերը տարբերվում և ինչ ընթացք են ունեցել քրեական վարույթները՝ դիտեք տեսանյութում։

    Մանրամասները՝ 

    Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց

    The post Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա appeared first on FIP.AM.

  • Փաշինյանի պնդումը գյուղատնտեսության 15% և ավելի անկումների մասին․ ի՞նչ են ցույց տալիս վերջին 15 տարվա տվյալները

    Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նարեկ Կարապետյանը և Մարիաննա Ղահրամանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեցին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման վերաբերյալ։

    Թեմային անդրադառնալով՝ Մարիաննա Ղահրամանյանը ասել է․ «…այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսության ոլորտի անկումը 15% է կազմել։ Կիսամյակային տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում այդ անկումը կազմել է 12%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»։

    Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախորդ տարիների ցուցանիշներին, նշել է՝ Հայաստանի պատմության ընթացքում գյուղատնտեսության ոլորտում «տասնյակ անգամներով» արձանագրվել են 15% և ավելի անկումներ։

    Քանի որ վարչապետը չի հստակեցրել, թե իր նշած՝ 15% և ավելի անկումները որ ժամանակահատվածի՝ տարեկան, կիսամյակային, թե եռամսյակային ցուցանիշներին են վերաբերում, «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի վերջին 15 տարվա տվյալները բոլոր երեք կտրվածքներով՝ պարզելու, թե այդ ընթացքում ինչ չափի անկումներ են արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում և քանի անգամ են դրանք հասել կամ մոտեցել 15%-ին։ 

    Ի՞նչ են ցույց տալիս վերջին 15 տարվա տվյալները

    Վիճակագրական կոմիտեի տվյալների համադրումը ցույց է տալիս, որ վերջին 15 տարիներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել են ինչպես աճի, այնպես էլ անկման տարիներ, սակայն ցուցանիշները տարբերվում են՝ կախված դիտարկվող ժամանակահատվածից՝ տարի, կիսամյակ կամ առանձին եռամսյակ։

    Տարեկան կտրվածքով ամենախոշոր անկումը դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է 2018 թվականին, երբ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ինդեքսը կազմել է 92,4%, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ արձանագրվել է շուրջ 7,6% անկում։

    Առաջին կիսամյակների շարքում ամենախոշոր անկումն արձանագրվել է 2026 թվականին․ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի ինդեքսը կազմել է 88.1%, այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ անկումը՝ 11.9%։

    2026 թվականի 11.9% անկումից հետո առաջին կիսամյակների շարքում հաջորդ ամենախոշոր անկումները գրանցվել են 2019 թվականին՝ 7.4% և 2022 թվականին՝ 5.5%։

    Այսպիսով, վերջին 15 տարվա տարեկան և առաջին կիսամյակների տվյալներում 15% և ավելի անկման որևէ դեպք չի արձանագրվել։ Տարեկան կտրվածքով ամենախոշոր անկումը եղել է 7,6%, իսկ առաջին կիսամյակների շարքում՝ 11.9%։

    Առանձին եռամսյակներում տատանումներն ավելի մեծ են

    Այլ պատկեր է ստացվում, երբ դիտարկում ենք ոչ թե ամբողջ տարվա կամ կիսամյակի, այլ առանձին եռամսյակների տվյալները։

    Վերջին 15 տարիների ընթացքում արձանագրվել են ինչպես երկնիշ աճի, այնպես էլ զգալի անկման եռամսյակներ։ Օրինակ՝ 2011 թվականի երրորդ եռամսյակում գյուղատնտեսության արտադրանքի ծավալն աճել է 22.3%-ով։

    Եռամսյակային կտրվածքով ուսումնասիրված ժամանակահատվածի ամենախոշոր անկումները գրանցվել են 2017 թվականի երրորդ և 2026 թվականի երկրորդ եռամսյակներում։ Երկու դեպքում էլ գյուղատնտեսության արտադրանքի ծավալի ինդեքսը կազմել է 85.1%, ինչը նշանակում է 14.9% անկում՝ նախորդ տարվա համապատասխան եռամսյակի նկատմամբ։

    Հաջորդ ամենախոշոր անկումները գրանցվել են 2018 թվականի չորրորդ եռամսյակում՝ 13.2%, 2016 թվականի չորրորդ եռամսյակում՝ 11.6%։

    Այսպիսով, Վիճակագրական կոմիտեի վերջին 15 տարվա տվյալներով՝ գյուղատնտեսության ոլորտում տարեկան և առաջին կիսամյակի կտրվածքով 15%-ի հասնող անկումներ չեն արձանագրվել։ Տարեկան ամենախոշոր անկումը կազմել է շուրջ 7,6%, իսկ առաջին կիսամյակների շարքում՝ 11.9%։

    Եռամսյակային կտրվածքով 15%-ին մոտ անկում արձանագրվել է երկու անգամ՝ 2017 թվականի երրորդ և 2026 թվականի երկրորդ եռամսյակներում։ Երկու դեպքում էլ անկումը կազմել է 14.9%։

    Հետևաբար, առնվազն վերջին 15 տարվա տվյալներով՝ գյուղատնտեսության ոլորտում Նիկոլ Փաշինյանի նշած՝ 15% և ավելի անկումներ «տասնյակ անգամներով» չեն արձանագրվել։

    Գայանե Մարկոսյան

  • Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները

    Տարիներ շարունակ ոստիկանական ծառայությունը Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում, ընկալվել է հիմնականում որպես տղամարդկանց մասնագիտություն։ Այդ պատկերն աստիճանաբար փոխվում է, սակայն Հայաստանում կանանց ներգրավվածությունը համակարգում շարունակում է մնալ սահմանափակ։ 

    Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տրամադրած տվյալներով՝ ներկայում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ծառայում է 887 կին, որոնցից 144-ը՝ Պարեկային ծառայությունում։ Սակայն ոստիկանության անձնակազմի ընդհանուր թիվը հրապարակային չէ, ուստի հնարավոր չէ հաշվարկել կին ծառայողների տոկոսային մասնաբաժինը։

    Վերջին տարիներին ՆԳՆ-ն իրականացրել է իրազեկման ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ՝ փորձելով մեծացնել կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում և վերացնել ծառայության անցնելու որոշ խոչընդոտներ։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվել, ինչ արդյունքներ են արձանագրվել և ինչ խնդիրներ են շարունակում խոչընդոտել կանանց մուտքը ոստիկանական համակարգ։

    Ինչո՞ւ է կանանց ներգրավվածությունը կարևորվում

    Կանանց ներգրավվածությունը ոստիկանությունում դիտարկվում է ոչ միայն գենդերային հավասարության, այլև իրավապահ համակարգի աշխատանքի առանձնահատկությունների համատեքստում։

    Միջազգային ուսումնասիրություններում, մասնավորապես, դիտարկվում է կին ծառայողների դերը լարված իրավիճակների ապաէսկալացման, հաղորդակցության, ինչպես նաև ընտանեկան և սեռական բռնությունից տուժածների ու անչափահասների հետ աշխատանքի ընթացքում։

    Հայաստանում կանանց ներգրավվածության հարցն առավել ակտիվ օրակարգ մտավ Պարեկային ծառայության ներդրմանը զուգահեռ։ Պարեկային ծառայությունը Երևանում գործարկվեց 2021 թվականի հուլիսի 7-ին, իսկ հետագայում տարածվեց նաև մարզերում։

    Սակայն համակարգում կանանց թիվը շարունակում էր մնալ համեմատաբար փոքր, ինչի պատճառով սկսել են ուսումնասիրվել նրանց ներգրավմանը խոչընդոտող գործոնները։

    Ի՞նչն է կանանց հետ պահում ոստիկանական ծառայությունից

    ՆԳՆ ոստիկանության՝ 2026 թվականի ուսումնասիրության արդյունքներով, հարցվածների 54%-ը համաձայնել է, որ «ոստիկանական աշխատանքը կնոջ համար հարմար աշխատանք է», 21%-ը չի համաձայնել, իսկ 22%-ը չեզոք դիրքորոշում է հայտնել։ Ընդհանուր առմամբ, հետազոտության ուղղություններից մեկը վերաբերել է ոստիկանությունում գենդերային հավասարությանը և կանանց ներգրավվածության վերաբերյալ հասարակական ընկալումներին։ Իսկ թիրախային խմբերում ընդգրկվել են ՀՀ չափահաս քաղաքացիները, ովքեր բնակվել են ՀՀ-ում ավելի քան 6 ամիս՝ հարցման անցկացման դրությամբ։

    Կանանց ներգրավմանը խոչընդոտող գործոնների թվում հետազոտության մասնակիցները նշել են աշխատանքի և ընտանիքի միջև հավասարակշռությունը պահպանելու մտահոգությունը, հասարակության կարծրատիպերը, ոստիկանական միջավայրում չինտեգրվելու վախը, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ մտահոգությունները։

    Հետազոտության արդյունքներով մշակվել են նաև ոստիկանության մարդկային ռեսուրսների համալրման, այդ թվում՝ կանանց ներգրավման գործընթացը բարելավելու առաջարկներ։

    Իրազեկման արշավներ՝ կարծրատիպերը փոխելու համար

    Ոստիկանությունում կանանց աշխատանքի վերաբերյալ կարծրատիպերը հաղթահարելու համար ՆԳՆ-ն վերջին տարիներին մի շարք իրազեկման միջոցառումներ է իրականացրել։ 

    2024 թվականի փետրվարին Երևանում անցկացվել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովը։ Դրան հաջորդել են Երևանում և մարզերում տարբեր միջոցառումներ, որոնց մի մասին մասնակցել են նաև կին պատգամավորներ։

    Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը խթանելու նպատակով իրականացվել է նաև «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» համապետական իրազեկման արշավը։ Դրա շրջանակում քաղաքացիներին ներկայացվել են պարեկային ծառայության առանձնահատկությունները, ծառայողական մեքենաների տեխնիկական հնարավորություններն ու ոստիկանությունում աշխատանքի պայմանները։

    Կազմակերպվել են ոչ ֆորմալ հանդիպումներ գործող կին ծառայողների և ոստիկանությունում ծառայությամբ հետաքրքրված կանանց հետ։ 2023-ին նման հանդիպումներից մեկին նախորդած՝ Պարեկային ծառայությունում աշխատանքի նախագրանցման գործընթացին մասնակցել էր 532 կին։

    2026 թվականին իրականացվել է նաև «Վստահիր քեզ, միացիր մեզ» իրազեկման արշավը։ Ոստիկանությունում ծառայությամբ հետաքրքրված երիտասարդներին ներկայացվել են Պարեկային ծառայության վարչական համալիրը, նյութատեխնիկական բազան, ավտոպարկն ու աշխատանքային պայմանները։

    Մարզերում կազմակերպվել են նաև հանդիպումներ երիտասարդական կենտրոնների հետ, իսկ Կապանում ՆԳՆ-ն մասնակցել է «Մասնագիտական կողմնորոշում էքսպո-2025»-ին։

    Հեռուստատեսային տարբեր հաղորդումներում կին ոստիկանները պատմել են իրենց աշխատանքի, ծառայության ընթացքում հանդիպած խնդիրների և մասնագիտության վերաբերյալ կարծրատիպերի մասին։ Այդ ծրագրի շրջանակում պատրաստվել է նաև «Համազգեստից դուրս» տեսաշարը, որտեղ կին ծառայողները ներկայացվել են ոչ միայն մասնագիտական գործունեության, այլև ծառայությունից դուրս իրենց հետաքրքրությունների համատեքստում։

    Փոխվել են նաև ոստիկանություն ընդունվելու պայմանները

    ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ կանանց և ընդհանրապես, նոր կադրերի ներգրավման քաղաքականությունը չի սահմանափակվել միայն իրազեկման ծրագրերով։ Փոփոխվել են նաև ոստիկանությունում ծառայության անցնելու որոշ պահանջներ։

    Մասնավորապես, վերացվել է ոստիկանությունում ծառայության անցնելու նախկին 35 տարեկանի վերին տարիքային շեմը։ Նոր կարգավորմամբ ծառայության անցնելու հնարավորություն ունեն 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են կրթության, մասնագիտական ու անձնական հատկանիշների, ֆիզիկական պատրաստվածության և առողջական վիճակի պահանջներին։

    Վերանայվել են նաև մուտքային ֆիզիկական չափանիշները, այդ թվում՝ հասակի և քաշի վերաբերյալ նախկին պահանջները։

    Ըստ ՆԳՆ-ի՝ փոփոխությունների նպատակն է ծառայության համար պիտանի թեկնածուներին չբացառել միայն այնպիսի ֆորմալ ֆիզիկական չափանիշների պատճառով, որոնք ուղղակիորեն չեն որոշում ծառայողական պարտականությունները կատարելու կարողությունը։

    Միաժամանակ պահպանվել են ծառայության համար նախատեսված ֆիզիկական պատրաստվածության և առողջական վիճակի պահանջները։

    Հիփոթեքային արտոնություն ոստիկանների համար

    Ոստիկանական ծառայության գրավչության բարձրացման մեկ այլ ուղղություն վերաբերում է սոցիալական երաշխիքներին։

    Նախատեսվել է ոստիկանության ծառայողներին հնարավորություն տալ արտոնյալ պայմաններով օգտվելու բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար նախատեսված պետական հիփոթեքային ծրագրերից։

    Կառավարությունը 2026 թվականի ապրիլին հավանություն է տվել համապատասխան օրենսդրական նախաձեռնությանը, իսկ մայիսի 7-ին Ազգային ժողովն այն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

    90 նախատեսված հաստիք, բայց աշխատանքի ընդունված ընդամենը 21 կին

    Իրականացված միջոցառումների արդյունքները գնահատելու համար կարևոր է դիտարկել ոչ միայն հետաքրքրվածների կամ դիմողների, այլև ընտրության փուլերը հաղթահարած և փաստացի աշխատանքի ընդունված կանանց թիվը։

    2024 թվականին Պարեկային ծառայությունում հայտարարված ընդունելության ժամանակ եղել է 139 թափուր հաստիք, որոնցից 90-ը նախատեսված էր կանանց համար։ Սակայն ծառայության է ընդունվել ընդամենը 21 կին։ Այսինքն՝ կանանց համար նախատեսված հաստիքների շուրջ 23%-ն է համալրվել։

    Հաջորդ ընդունելության ժամանակ ևս կին դիմորդների թիվը զգալիորեն փոքր է եղել տղամարդկանց թվից։ 2025 թվականի հոկտեմբերի 27-ից մեկնարկած՝ Պարեկային ծառայության թափուր հաստիքների համալրման միասնական ընդունելություն-մրցույթին դիմել է 655 մարդ, որոնցից 135-ը՝ կին։ Կին դիմորդները կազմել են բոլոր դիմողների մոտ 20.6%-ը։

    135 կին դիմորդից 31-ը հաղթահարել է մրցույթը, սակայն ներկայում կրթություն է ստանում 28-ը․ երեքը դուրս են մնացել կրթական գործընթացից։ 

    Այսպիսով, մրցույթը հաղթահարել է կին դիմորդների մոտ 23%-ը, իսկ կրթությունը շարունակում է մոտ 20.7%-ը։

    Կանանց համամասնությունը ընդհանուր ոստիկանության թվաքանակում ևս պարզել չհաջոցվեց, քանի որ ոստիկանության անձնակազմի թիվը գաղտնի է։

    Ոստիկանությունում 887 կին է ծառայում

    ՆԳՆ-ի տրամադրած տվյալներով՝ ներկայում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ծառայում է 887 կին, այդ թվում՝ 144-ը Պարեկային ծառայությունում։ Այսինքն՝ ոստիկանությունում ծառայող կանանց շուրջ 16.2%-ն աշխատում է Պարեկային ծառայությունում։ Սա, սակայն, չի նշանակում, որ պարեկների 16.2%-ը կանայք են։ Այդ ցուցանիշը հաշվարկելու համար անհրաժեշտ է իմանալ Պարեկային ծառայության անձնակազմի ընդհանուր թիվը։

    Ի՞նչ է ցույց տալիս ընդհանուր պատկերը

    Վերջին տարիներին կանանց ներգրավվածությունը մեծացնելու համար ՆԳՆ-ն իրականացրել է միաժամանակ մի քանի ուղղությամբ փոփոխություններ՝ իրազեկման արշավներից և երիտասարդների հետ հանդիպումներից մինչև ընդունելության պայմանների վերանայում և սոցիալական նոր երաշխիքների նախատեսում։

    Սակայն ՆԳՆ-ի տրամադրած թվերը ցույց են տալիս, որ իրազեկվածությունը կամ նախնական հետաքրքրվածությունը միշտ չէ, որ վերածվում են աշխատանքի ընդունման։ 2023 թվականի նախագրանցմանը մասնակցել էր 532 կին, մինչդեռ 2024 թվականին կանանց համար նախատեսված 90 թափուր հաստիքից համալրվել էր միայն 21-ը։ 2025 թվականի հոկտեմբերին մեկնարկած մրցույթում 135 կին դիմորդից 31-ն էր հաղթահարել ընտրությունը, իսկ կրթությունը շարունակում է 28-ը։

    Հետևաբար, իրականացված ծրագրերի վերջնական արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն իրազեկման միջոցառումների կամ դիմումների քանակը, ինչպես FIP.am-ին ներկայացված պատասխանում ներկայացրել է ՆԳՆ-ն, այլ առաջին հերթին կանանց փաստացի ներգրավվածության դինամիկան՝ քանի՞ կին է դիմում, քանի՞սն են հաղթահարում ընտրության փուլերը, քանի՞սն են աշխատանքի ընդունվում և որքա՞ն ժամանակ են շարունակում ծառայությունը։

    Արեն Նահապետյան

    Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները: