Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն

Written by

in

Երբ որևէ լրատվական նյութում կարդում ենք՝ «ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը» կամ «որտե՞ղ էր ոստիկանությունը», արդյո՞ք դա նշանակում է, որ հենց ոստիկանությունն է քննում գործը, որոշում մեղադրյալին և ապացուցում նրա մեղավորությունը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ընթերցողներից բազմաթիվ հարցեր է ստանում՝ հանցագործության բացահայտման և քննության ընթացքում իրավապահ մարմիններից յուրաքանչյուրը որ փուլում ինչ գործառույթ է իրականացնում։ 

Հայաստանում քրեական արդարադատությունը մեկ մարմնի, օրինակ՝ ոստիկանության, աշխատանքը չէ։ Այն փոխկապակցված գործընթաց է, որտեղ յուրաքանչյուր պետական մարմին ունի հստակ սահմանված լիազորություններ և պատասխանատվության իր շրջանակը։

Արդյունքում որոշել ենք ներկայացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում հանցագործության մասին առաջին հաղորդումից մինչև դատարանի վերջնական որոշումը, և այդ ընթացքում ինչ դեր ունեն ոստիկանությունը, նախաքննության մարմինը, դատախազությունը ու դատարանը։

Ամեն ինչ սկսվում է մեկ ահազանգից

Երբ տեղի է ունենում հանցագործություն կամ դրա մասին հաղորդում է ստացվում, դեպքի վայր սովորաբար առաջիններից են ժամանում ոստիկանության աշխատակիցները։ 

«Ոստիկանության մասին» օրենքի համաձայն՝ ոստիկանության հիմնական խնդիրներից են՝

  • մարդու անվտանգության ապահովումը,
  • հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխումը,
  • հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը,
  • հասարակական կարգի պահպանումը,
  • օրենքով նախատեսված դեպքերում հետաքննության իրականացումը,
  • նախաքննությանը օժանդակելը։

Գործնականում դա նշանակում է, որ ոստիկանությունը

  • ընդունում է քաղաքացիների հաղորդումները,
  • մեկնում է դեպքի վայր,
  • պաշտպանում և սահմանազատում է դեպքի վայրը,
  • ապահովում է քաղաքացիների անվտանգությունը,
  • հավաքում է առաջնային տեղեկությունները,
  • իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ,
  • որոնում և հայտնաբերում է կասկածյալներին,
  • անհրաժեշտության դեպքում իրականացնում է օրենքով թույլատրված ձերբակալում։

Հենց այս պատճառով լրատվամիջոցներում հաճախ օգտագործվում է «ոստիկանությունը բացահայտեց հանցագործությունը» ձևակերպումը։ Սակայն իրավական առումով դա սովորաբար նշանակում է, որ ոստիկանությունը հայտնաբերել է ենթադրյալ կատարողին կամ ձեռք է բերել գործի համար կարևոր օպերատիվ տեղեկություններ։

Սակայն հենց այստեղ էլ ձևավորվում է ամենատարածված թյուր պատկերացումներից մեկը։

Ոստիկանությունը չի իրականացնում ամբողջ քննությունը

Հաճախ հանրային քննարկումներում Ներքին գործերի նախարարությունն ու ոստիկանությունը ներկայացվում են որպես ամբողջ քրեական արդարադատության պատասխանատու։

Իրականում ոստիկանությունն այդ համակարգի միայն մեկ օղակն է։

Երբ ավարտվում են օրենքով իրեն վերապահված անհետաձգելի գործողությունները, սկսվում է քրեական վարույթի հաջորդ փուլը՝ նախաքննությունը։ 

Ի՞նչ է անում Քննչական կոմիտեն

Եթե ոստիկանությունը հիմնականում զբաղվում է հանցագործության հայտնաբերմամբ և օպերատիվ աշխատանքով, ապա նախաքննությունն իրականացնում է քննիչը։

Քրեական դատավարության օրենսգիրքը նախաքննությունը սահմանում է որպես քննիչի գործունեություն, իսկ հետաքննությունը՝ որպես քննիչին օժանդակող գործունեություն, որը ներառում է նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

Քննիչը քրեական վարույթի ընթացքում

  • սկսում է նախաքննությունը,
  • որոշում է քննության ուղղությունը,
  • հարցաքննում է վկաներին և տուժողներին,
  • նշանակում է փորձաքննություններ,
  • դատարանի որոշման հիման վրա անցկացնում է խուզարկություններ, առգրավումներ և այլ քննչական գործողություններ,
  • գնահատում է հավաքված ապացույցները,
  • դատախազին միջնորդում է քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ,
  • դատախազի որոշման հիման վրա ներկայացնում է մեղադրանքը,
  • ավարտում է նախաքննությունը և գործն ուղարկում դատախազին։


Այսինքն՝ քննիչն է որոշում, թե ինչ ապացույցներ են անհրաժեշտ, ինչ գործողություններ պետք է իրականացվեն և ինչ ուղղությամբ պետք է շարունակվի քննությունը։

Ոստիկանությունն ու քննիչը համագործակցո՞ւմ են

Այո

Քրեական դատավարության օրենսգրքով քննիչը կարող է ոստիկանությանը հանձնարարել կատարել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կամ այլ գործողություններ։

Օրինակ՝

  • գտնել որևէ անձի,
  • պարզել նրա գտնվելու վայրը,
  • ձեռք բերել տեսագրություններ,
  • իրականացնել գաղտնի օպերատիվ միջոցառումներ,
  • աջակցել խուզարկությունների կամ այլ քննչական գործողությունների իրականացմանը։

Այսինքն՝ նախաքննությունը ղեկավարում է քննիչը, իսկ ոստիկանությունը, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է քննիչի հանձնարարությունները։

Իսկ ո՞վ է որոշում՝ մարդը մեղադրյալ դառնա, թե ոչ

Սա նույնպես ոստիկանության լիազորությունը չէ։ 2022 թվականից գործող նոր Քրեական դատավարության օրենսգրքով քրեական հետապնդում հարուցելու կամ այն մերժելու որոշումը կայացնում է դատախազը։

Քննիչը ներկայացնում է համապատասխան միջնորդությունը, իսկ դատախազի որոշման հիման վրա քննիչը ներկայացնում է մեղադրանքը։

Իսկ ո՞վ է որոշում՝ մարդը մեղավոր է

Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ Քննչական կոմիտեն, ոչ էլ Դատախազությունը չեն կարող որևէ անձի մեղավոր ճանաչել։ Դա բացառապես դատարանի լիազորությունն է։ Միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարող է անձը համարվել մեղավոր կամ անմեղ։

Ի՞նչ կլինի, եթե ոստիկանությունը գերազանցի իր լիազորությունները

Քրեական վարույթում ոստիկանությունը չի կարող ցանկացած քննչական գործողություն կատարել սեփական նախաձեռնությամբ։

Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ հետաքննության մարմինը նախաքննության ընթացքում գործում է հիմնականում քննիչի հանձնարարությամբ և նրա իրավասությունների շրջանակում։

Եթե ոստիկանության ծառայողը, առանց օրենքով նախատեսված հիմքերի կամ քննիչի հանձնարարության, իրականացնի այնպիսի գործողություն, որն օրենքը վերապահել է քննիչին կամ դատարանին (օրինակ՝ ապօրինի խուզարկություն, առգրավում կամ գաղտնի քննչական գործողություն), կարող են առաջանալ մի շարք իրավական հետևանքներ։

Առաջին հերթին՝ այդ եղանակով ձեռք բերված ապացույցները կարող են ճանաչվել անթույլատրելի և չընդունվել դատարանի կողմից։

Բացի այդ, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կարող է վերացնել անօրինական որոշումները կամ պահանջել վերացնել անձի իրավունքների ցանկացած ոչ իրավաչափ սահմանափակում։ Իսկ եթե լիազորությունների գերազանցումը պարունակում է իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ, ոստիկանության ծառայողը կարող է ենթարկվել կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության։

Միաժամանակ, օրենքը նախատեսում է նաև բացառություններ։ Օրինակ՝ ոստիկանությունը կարող է առանց քննիչի նախնական հանձնարարության, կատարել անհետաձգելի գործողություններ՝ ապահովել դեպքի վայրի պահպանությունը, կանխել շարունակվող հանցագործությունը, հետապնդել կասկածյալին կամ իրականացնել օրենքով թույլատրված ձերբակալում։ Սակայն նախաքննության սկսվելուց հետո ապացուցողական գործողությունների մեծ մասն իրականացվում է արդեն քննիչի ղեկավարությամբ և դատավարական կարգով։

Ինչո՞ւ է այսպիսի համակարգ ընտրվել

Հայաստանում ոստիկանությունն ու նախաքննություն իրականացնող մարմինները տարբեր պետական ինստիտուտներ են։ Սա պատահական լուծում չէ։ Լիազորությունների տարանջատման նպատակն այն է, որ հանցագործությունը հայտնաբերող, ապացույցներ հավաքող, քրեական հետապնդում իրականացնող և վերջնական որոշում կայացնող մարմինները լինեն տարբեր, որպեսզի ապահովվի փոխադարձ վերահսկողությունն ու նվազեն հնարավոր չարաշահումները։

Այս մոտեցումը կիրառվում է նաև բազմաթիվ եվրոպական երկրներում, որտեղ քրեական արդարադատությունը կառուցված է նույն սկզբունքի վրա՝ ոստիկանությունը զբաղվում է օպերատիվ աշխատանքով, նախաքննությունը վարում է իրավասու մարմինը, դատախազությունը վերահսկում է օրինականությունը, իսկ վերջնական որոշումը կայացնում է դատարանը։

Պարզ տարբերությունը՝ մեկ նախադասությամբ

Եթե ամբողջ գործընթացը ներկայացնենք հնարավորինս պարզ.

  • Ոստիկանությունը հայտնաբերում և կանխում է հանցագործությունները, ապահովում է դեպքի վայրի աշխատանքը և աջակցում նախաքննությանը։
  • Քննչական կոմիտեն (կամ օրենքով իրավասու այլ քննչական մարմինը) իրականացնում է նախաքննությունը և հավաքում ապացույցները։
  • Դատախազությունը հսկում է նախաքննության օրինականությունը և որոշում է քրեական հետապնդման հարցը։
  • Դատարանը որոշում է՝ անձը մեղավո՞ր է, թե՞ ոչ։

Այսպիսով, երբ լրատվամիջոցներում կամ որևէ տեղ տեսնում ենք «ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը» կամ «որտե՞ղ էր ոստիկանությունը» ձևակերպումները, դա չի նշանակում, որ ոստիկանությունն իրականացնում է քրեական վարույթի ամբողջ գործընթացը կամ որոշում անձի մեղավորությունը։

Հանցագործության բացահայտումն ու դրա իրավական գնահատականը իրավապահ տարբեր մարմինների փոխկապակցված աշխատանքի արդյունք են։ ՆԳՆ ենթակայությամբ գործող Ոստիկանությունը հայտնաբերում, կանխում է հանցագործությունները, իրականացնում օպերատիվ-հետախուզական աշխատանք, օժանդակում նախաքննությանը, քննիչն իրականացնում է նախաքննությունը և ապահովում դրա ընթացքը, դատախազը որոշում է քրեական հետապնդման հարցը և ապահովում նախաքննության ընթացքը, իսկ անձի մեղավորության կամ անմեղության հարցն արդեն դատարանի իրավասության շրջանակում է։ 

Հետևաբար որևէ աղմկահարույց հանցագործության դեպքում միայն մեկ մարմինից ամբողջ գործընթացի արդյունք պահանջելը միշտ չէ, որ օբյեկտիվ է ու  արտահայտում է քրեական արդարադատության համակարգի իրական կառուցվածքը։ 

Յուրաքանչյուր մարմնի պատասխանատվությունը պետք է գնահատել՝ հաշվի առնելով, թե տվյալ փուլում օրենքն ինչ լիազորություն ու պարտականություն է վերապահել հենց այդ մարմնին։

Արեն Նահապետյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *