Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում

Written by

in

9-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 2-ին մեկնարկել է աշխատանքները. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով օրենսդիր մարմնի կազմում կլինի երեք խմբակցություն։ 

Դրանցից երկուսում՝ «Ուժեղ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություններում, ընդգրկված են այնպիսի անձինք, որոնք երբևէ առաջին անգամ են ստանում պատգամավորական մանդատ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է ԱԺ նոր պատգամավորների ցանկն ու բաց աղբյուրների հիման վրա ներկայացնում է նրանց կենսագրությունը՝ հանրային, քաղաքական կամ մասնագիտական դաշտում։

«Ուժեղ Հայաստան». նորեկ՝ օրենսդիրում և քաղաքականության մեջ

Այս խմբակցությունն ունի 29 պատգամավոր, որոնցից միայն մեկը՝ Արամ Վարդևանյանն է ունեցել պատգամավորական մանդատ՝ լինելով նախորդ գումարման խորհրդարանի «Հայաստան» խմբակցության կազմում. ավելի ուշ նա հրաժարվել էր մանդատից։ 

Նարեկ Կարապետյանը, որը կգլխավորի ընդդիմադիր խմբակցությունը, նախկինում չի զբաղվել քաղաքական՝ այդ թվում օրենսդիր գործունեությամբ։ Կարապետյանն ունի գործարարի հետագիծ. եղել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարներից մեկը և ակտիվ ներգրավված է եղել Կարապետյանների ընտանիքին պատկանող բիզնես նախագծերում։

2025 թվականին, երբ կալանավորվեց նրա մեծահարուստ գործարար հորեղբայրը՝ Սամվել Կարապետյանը, նա մտել է քաղաքականություն՝ դառնալով «Մեր ձևով» շարժման առաջնորդներից մեկն ու համակարգողը։ 

 Կարապետյանի ոչ պաշտոնական կենսագրության մեջ չկան մի շարք հարցերի պատասխաններ. օրինակ, նրա՝ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայությունից ազատման իրական հիմքերի, առերևույթ այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին վկայող փաստաթղթերի, արտերկրում տիրապետած գույքի ու գործարար կապիտալի վերաբերյալ։

Կարդացեք նաև — Չվճարված հարկեր ու կոմունալ պարտքեր․ Նարեկ Կարապետյանի դեմ Մոսկվայի դատարանում երկու գործ կա

Նույն խմբակցության մյուս ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանի՝ մինչև 2025 թվականին «Մեր ձևով» շարժման ձևավորումը, քաղաքական գործունեության մասին ոչինչ հայտնի չէ։ Մինչ այդ, նա զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: 

Նշենք, որ նա 2025 թվականի հոկտեմբերին կալանավորվել է երկու ամսով, ըստ Քննչական կոմիտեի, Գյումրու զանգվածային անկարգությունների դեպքով:

Fip.am-ը ավելի վաղ գրել էր, որ Ռուբեն Մխիթարյանը ընդգրկված է եղել դատավորների հավակնորդների ցուցակում, իսկ դատավորի թեկնածուներին Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է զբաղվել քաղաքականությամբ։ Մեր հրապարակումից հետո նա հեռացվել էր այդ ցուցակից։

 

Կարդացեք նաև — Դատավորի թեկնածուն՝ ակտիվ քաղաքական գործունեության մեջ․ ի՞նչ է ասում օրենքը


Արեգա Հովսեփյանը
մասնագիտությամբ թուրքագետ է, ԼՂ-ից է: Նա աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, իսկ ավելի ուշ եղել է նախագահ «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» կոչվող կազմակերպությունում։ Արեգա Հովսեփյանին հաճախ կարելի էր տեսնել 2024 թվականի մայիսից մեկնարկած Բագրատ արք․ Գալստանյանի ղեկավարած «Սրբազան շարժման» հարթակներում։

2025 թվականից միացել է «Մեր ձևով» շարժմանը, ապա դարձել «Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ։

Մամիկոն Ասլանյանը եղել է ՀՀԿ-ական և 2016 թվականին զբաղեցրել է Վանաձորի քաղաքապետի պաշտոնը։ 

Վանաձորի 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին նրա գլխավորած ուժը ստացել էր առավելագույն ձայներ, սակայն իշխանության ձևավորման հարցում առաջացել էր քաղաքական ճգնաժամ, ինչին հաջորդել էր Ասլանյանի կալանավորումը կոռուպցիոն մեղադրանքներով։ 

Մասնավորապես՝ քննությունը վերաբերում էր քաղաքապետարանում հողերի օտարման և որոշումների ընդունման գործընթացներին։

2021 թվականին կալանավորվել էր, 2024 թվականի հուլիսին դատարանը նրան 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։ 2025-ի հունվարին Հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր էր ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ 

Ասլանյանը դատապարտվել է 4 տարի 4 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրա կալանքի տակ գտնված ժամկետը, ազատազրկման վերջնական ժամկետը սահմանվել է 1 տարի 9 ամիս։ Բացի այդ, նրան տուգանք է սահմանվել 500 հազար դրամի չափով, ինչպես նաև 3 տարի ժամկետով արգելվել է որևէ պաշտոն զբաղեցնել։ Նա 2026-ից անդամակցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը մասնակցելով ԱԺ ընտրություններին։

Մարիաննա Ղահրամանյանը նախքան 2025 թվականին «Մեր ձևով» շարժման մամուլի քադտուղարը դառնալը, «Ուժեղ Հայստանից» պատգամավոր ընտրվելը,  ծավալել է լրագրողական գործունեություն՝ քաղաքական բնույթի նախագծեր վարելով 5-րդ ալիք հեռուստալիքում։ 

Իրինա Յոլյանը զբաղեցրել է Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնը 2022 թվականից։

«Ուժեղ Հայստանին» միացած նախկին ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը, իր պաշտոնական կենսագրության համաձայն, պետական կառավարման և դիվանագիտական ոլորտների մասնագետ է։ 1998 թվականից աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում՝ զբաղեցնելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի տարբեր պաշտոններ։ Զբաղեցրել է նաև «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ մարքեթինգի տնօրենի և նախագահի խորհրդականի պաշտոնները։ Այնուհետև 2008-2012 թվականներին ղեկավարել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը։ 2012-2014 թվականներին, Հանրապետական կուսակցության կառավարման տարիներին զբաղեցրել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնը։ Դարձյալ նույն ուժի կառավարման ժամանակ՝ 2014-2018 թվականներին, նշանակվել է Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ «Թավշյա հեղափոխությունից» հետո հրաժարական է տվել դեսպանի պաշտոնից և վերադառնալով Հայաստան 2019 թվականին նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։ ՍԴ-ն այդ ժամանակ նախագահում էր նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը։

Պաշտոնից ազատվելուց հետո Ղազարյանը ընդդիմադիր գործունեությամբ է զբաղվել՝ նախաձեռնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Այդ գործընթացը, սակայն, արդյունքներ չի ունեցել։

Պատգամավորական մանդատ ստացած Արգիշտի Դարբինյանի հանրային կամ մասնագիտական գործունեության մասին FIP.am-ին չի հաջողվել որևէ տեղեկություն գտնել։

Տիգրան Աբրահամյանի հանրային գործունեության մասին բաց աղբյուրներում չկան տվյալներ: Նա, սոցիալական մեդիայում իր կենսագրական տվյալների համաձայն, իրավաբանական կրթություն է ստացել Ֆրանսիայում։

Լենա Մաթևոսյանի հանրային գործունեության մասին ևս ոչինչ չի գտնվել բաց աղբյուրներում. նրա սոցմեդիայի հաշվում նշվում է, որ սովորել է Եվրոպայի խորհրդի երևանյան դպրոցում, աշխատել է Երևանում գործող քաղաքային անկախ հետազոտությունների Ուրբանլաբ կազմակերպությունում։

Անդրանիկ Գևորգյանը ներկայանում է որպես քաղաքագետ՝ քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճանով։ Նշվում է, որ  ունի ավելի քան 7 տարվա փորձ միջազգային կառավարման ստանդարտների ոլորտում՝ ներառյալ խորհրդատվություն, ներդրում և աուդիտ։

Նշվում է նաև, որ ներգրավվել է Հայաստանի խոշոր ընկերությունների տարբեր նախագծերում որպես ստանդարտների ներդրման մասնագետ, ներքին աուդիտի թիմերի ղեկավար և արտաքին աուդիտների փորձագետ։ Իրականացրել է նաև մասնագիտական ուսուցումներ և իրազեկման դասընթացներ։

Հայկ Ֆարմանյանը նախքան «Ուժեղ Հայստանին» միանալը, եղել է «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ, որը հիմնադրվել էր 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի կողմից։ Նախքան քաղաքական գործունեություն սկսելը, Ֆարմանյանը երկար տարիներ՝ մինչև 2018 թվականը, եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյա, մասնագիտությամբ տնտեսագետ է։ 

Գրիշա Թամրազյանը 2019-2020 թվականներին եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար։

Լիանա Գասպարյանը փաստաբան է, ներգրավված է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմում։ 

Վաղինակ Վարդանովը հետախույզ, ռազմական գործիչ Վովա Վարդանովի որդին է։ 2017 թվականին մասնակցել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական համալսարանի  մեկամյա դասընթացներին՝ սովորելով «Փոքր ու միջին ՀՕՊ համակարգեր» ֆակուլտետում, 2018-ի օգոստոսից ծառայության է անցել Հայաստանի «Մարտունի գնդի» ՕՍԱ․ ԱԿ դիվիզիոնում՝ որպես դասակի հրամանատար։ 2020-ի սեպտեմբերի 6-ին զորացրվելուց հետո սեպտեմբերի 29-ին մեկնել է ռազմաճակատ որպես «ՈՄԱ»-ում կազմավորված գումարտակի առաջին վաշտի հրամանատար։ 

Գառնիկ Դավթյանը ներկայանում է որպես Ադրբեջանի հարցերով փորձագետ. նրա սոցիալական մեդիայի հաշվում նշված է, որ տիրապետում է ադրբեջաներենին։ 

Դավթյանը Ադրբեջանի ու ներքաղաքական հարցերի վերաբերյալ նախագծեր է վարել մի շարք ԶԼՄ-ներում։

Դավիթ Ղազինյանը եղել է Կարապետյանների ընտանիքին պատկանող ՀԷՑ-ի տնօրենը. պաշտոնից հեռացվել է կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը պետական կառավարման հանձնելուց հետո։ 

Այժմ անցնում է ընտրություններին ապօրինի միջամտության վերաբերյալ քրեական գործով։ 

Լիանա Մանուկյանը հաշվապահական գործունեությամբ է զբաղվում, սոցիալական մեդիայի նրա հաշվից տեղեկանում ենք, որ հաշվապահ է եղել մի շարք ընկերություններում, ապա հիմնադրել է «Հայուհի» կոչվող կենտրոնը։

Վրույր Այվազյանը Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ է։ Նա այժմ մեղադրվում է  հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու համար: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նաև փողերի լվացման հոդվածով, ինչպես նաև հաղորդվում է, որ կա քրեական վարույթ Գյուլագարակում 8 հողամասերի ապօրինի յուրացման վերաբերյալ։

Սյուզաննա Ավետիսյանի քաղաքական գործունեությունը սկսվել է «Ապրելու երկիր» կուսակցությունից։ Նա սովորել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, ապա շարունեկել է կրթությունը Եվրոպական դիվանագիտական ակադեմիայում։ 

Որպես փորձագետ և ծրագրերի համակարգող, աշխատել և համագործակցել է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ (Transparency International, UNDP, World Bank, US Embassy, American Councils, Peace Corps, EU)։

Հարություն Հարությունյանը փաստաբան է, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ է ընտրվել 2025 թվականին, ապա ազատվել է պաշտոնից: 

Նրա գլխավորած «Նոր դարաշրջան» կուսակցությունը 2026 թվականին դաշինք է կազմել «Ուժեղ Հայաստանի» հետ։ 

Շիրազ Մանուկյանը եղել է ՀՀԿ-ի երիտասարդական կառույցի անդամ։ Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 

Անուշ Միրզոյանը մարզային լրագրող է Սյունիքի մարզից։ 

Անուշավան Մանուչարյանը Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի որդին է։ Հայր Մանուչարյանը 2023 թվականից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով է անցնում: Նա մասնավորապես, անցնում է առանց համապատասխան շինարարության թույլտվության, 2015-2016թթ. Բերդ քաղաքում 1088,71 քմ մակերեսով ինքնակամ շինություններ կառիւցելու ու տարածքներ յուրացնելու գործով։

Հասմիկ Ենգոյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ է։ 

Հայկ Սուքիասյանը Տաշիր քաղաքից է, սոցիալական մեդիայի նրա հաշվում նշված է, որ ունի տնտեսագիտական կրթություն։ Այժմ անցնում է ընտրական հանցագործության դեպքով հարուցվսծ քրեական գործով։

Արման Ավչյանն ասորի է, ընտրական ցուցակի 2-րդ մասից։ Ըստ բաց աղբյուրների՝ նա աշխատել է Թոքաբանության ազգային կենտրոնում։

Հարություն Մնացականյանը գործարար է, ֆերմեր, Հանրապետական իշխանության ժամանակ Գյուղատնտեսության նախկին նախարարի խորհրդական է եղել։ 

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորեկները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեծամասնությունն ունեցել են պատգամավորական մանդատներ: Սրան զուգահեռ խմբակցության կազմում կան նաև գործադիր մարմնում աշխատած գործիչներ, որոնք առաջին անգամ են վերցնում պատգամավորական մանդատ: 

Նրանց թվում ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը։ 

Գարիկ Սարգսյանը ևս այլ պաշտոններ է զբաղեցրել՝ Արարատի մարզպետ, Վեդի համայնքի ղեկավար, սակայն առաջին անգամ է ստանում պատգամավորի մամդատ:

Արաքսյա Վարդանյանը, որը Փարաքար համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեակավար էր, սովորել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, աշխատել է մի շարք բարեգործական և սոցիալական կազմակերպություններում։ 

Քնարիկ Հարությունյանը 2022 թվականի մարտից զբաղեցնում է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու անդամի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2021 թվականի օգոստոսի 3-ից աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փորձագետ։

Ռոման Համբարձումյանը եղել է Դավթաշենի վարչական շրջանի ղեկավար՝ 2022 թվականից 2024 թվականը: Մինչ այդ նա ղեկավարել էր «Կիլիկիա» ավտոկայանը, աշխատել «ՀայՓոստ»-ում, «Վեոլիա Ջուր» ընկերությունում և այլ կազմակերպություններում։ 

Լուսինե Ավետիսյանը ՔՊ-ի Լոռու մարզային կառուցից է, եղել է Սպիտակի թիվ մեկ դպրոցի վարչատնտեսական համակարգողը։

Գոռ Արշակյանը Արագածոտնի ՋՕԸ գործադիր տնօրենի պաշտոնն է զբաղեցրել։

«Հայաստան» խմբակցության նորեկները երկուսն են

Նոր խորհրդարանի ամենափոքր՝ «Հայաստան» խմբակցությունում 10 պատգամավորներից նոր են երկուսը՝ Մեսրոպ Մանուկյանը և Սևակ Խաչատրյանը։ Մեսրոպ Մանուկյանը Ազգային ժողովում գործունեության փորձ ունեցել է՝ եղել է Մանվել Գրիգորյանի օգնականը։ Նա ԱԺ է գալիս Երևանի ավագանուց, որտեղ ավագանու անդամ էր ընտրվել Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի կազմում։ 

Ինչ վերաբերում է Սևակ Խաչատրյանին, ապա վերջինը Վաղարշապատի ավագանու ընտրությունների ակտիվ մասնակից էր՝ գլխավորելով «Հաղթանակ» դաշինքը։ Ընտրություններից հետո նա դարձել էր Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավարը։

Այսպիսով, 9-րդ գումարման Ազգային ժողովի նորեկ պատգամավորները միատարր խումբ չեն․ նրանց մի մասը խորհրդարան են եկել պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման, իրավաբանական, գործարար կամ հասարակական ոլորտներից։ Թե այս տարբեր փորձառությունն ինչպես կարտահայտվի օրենսդրական աշխատանքում, խորհրդարանական վերահսկողության և հանրային հաշվետվողականության հարցերում, պարզ կդառնա արդեն 9-րդ գումարման ԱԺ-ի գործունեության ընթացքում։ Առաջիկա տարիները ցույց կտան՝ նոր դեմքերն արդյոք նոր որակ կբերեն խորհրդարան։

 

Նանե Մանասյան

Գլխավոր նկարը գեներացվել է ԱԲ-ի օգնությամբ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts