Category: FIP.am

  • Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

    Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547 հաղորդում, ապա 2025-ին դրանց թիվը հասել է 2775-ի՝ երեք տարում աճելով շուրջ 79 տոկոսով։

    Աճել է նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց թիվը․ 2023 թվականին ոստիկանության հաշվառման մեջ եղել է 1185 անձ, 2024-ին՝ 1786, իսկ 2025-ին՝ արդեն 2548։ Ընդ որում, բռնության ենթարկվածների ճնշող մեծամասնությունը կանայք են, իսկ բռնություն գործադրածներինը՝ տղամարդիկ։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ներքին գործերի նախարարության տրամադրած 2018-2026 թվականների տվյալները՝ պարզելու, թե ինչպես է փոխվել ընտանեկան բռնության վիճակագրությունը, ովքեր են առավել հաճախ ենթարկվում բռնության, որքան հաճախ են դեպքերը կրկնվում և ինչ միջոցներ է կիրառում ոստիկանությունը։

    Հաշվառումը սկսվել է 2018 թվականից

    «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին և ուժի մեջ մտել 2018 թվականի հունվարի 31-ին։ Բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները սահմանող դրույթներն ուժի մեջ են մտել 2018 թվականի հունիսի 30-ին։ 

    2024 թվականի հուլիսի 1-ից այս օրենքը գործում է նոր անվանումով՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»։ Այսինքն՝ ընդլայնվել է նաև դրա շրջանակը, ընտանեկան ու կենցաղային բռնություն է համարվում նաև բռնությունը նախկին զուգընկերների և ընտանիքի նախկին անդամների միջև՝ անկախ նրանց համատեղ բնակվելու հանգամանքից։ 

    Բացի այդ, ընտանիքում բռնության դեպքին ականատես եղած երեխան ևս համարվում է բռնության ենթարկված անձ։  

    Ոստիկանությունը համադրելի վիճակագրությունը ներկայացնում է հենց այդ ժամանակահատվածից։ 2018 թվականի հունիսի 30-ից մինչև տարեվերջ ոստիկանությունը ստացել է ընտանեկան բռնության վերաբերյալ 990 հաղորդում։

    Հաջորդ տարիներին պատկերը հետևյալն է․

    • 2019 — 1886,
    • 2020 — 1888,
    • 2021 — 1644,
    • 2022 — 1547,
    • 2023 — 1819,
    • 2024 — 2255,
    • 2025 — 2775,
    • 2026 թվականի առաջին կիսամյակ — 1375 հաղորդում։

    Այսպիսով, 2022 թվականից հետո հաղորդումների թիվը շարունակաբար աճել է։ 2025-ի ցուցանիշը 2022-ի համեմատ բարձր է 1228 դեպքով կամ շուրջ 79.4 տոկոսով։ 

    Այս համեմատությունը, սակայն պետք է դիտարկել նաև 2024-ին օրենքի շրջանակի ընդլայնման համատեքստում։

    Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ հաղորդումների թվի աճն ինքնին դեռ չի նշանակում նույն չափով ընտանեկան բռնության փաստացի տարածվածության աճ։ Թվի վրա կարող են ազդել նաև հաղորդումների գրանցման, բացահայտման և ոստիկանություն դիմելու վարքագծի փոփոխությունները։

    Ամենաշատ հաղորդումները ստացվել են Երևանից 

    2025 թվականին ընտանեկան բռնության վերաբերյալ ամենաշատ հաղորդումները ստացվել են Երևանից՝ 1208։

    Մարզերում ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Արարատում՝ 324, Լոռիում՝ 264 և Արմավիրում՝ 221 հաղորդում։

    Համեմատության համար՝ Երևանում 2019 թվականին գրանցվել էր 638 հաղորդում,

    • 2020 — 644,
    • 2021 — 545,
    • 2022 — 547,
    • 2023 — 580,
    • 2024 — 856,
    • 2025 — 1208։

    2026 թվականի առաջին կիսամյակում Երևանից ստացվել է 540 հաղորդում։ 2019-ի համեմատ 2025-ին Երևանում հաղորդումների թիվն աճել է 50-ով կամ շուրջ 89 տոկոսով։ Այսինքն՝ դրանք գրեթե կրկնապատկվել են։

    Սակայն այս թվերով հնարավոր չէ եզրակացնել, թե Հայաստանի որ հատվածում է ընտանեկան բռնությունն առավել տարածված։ Երևանում և մարզերում բնակչության՝ ոստիկանություն դիմելու վարքագիծը կարող է տարբեր լինել։ Մասնավորապես, մարզերում մշակութային և սոցիալական առանձնահատկությունները, ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ պահպանողական պատկերացումները կամ բռնության մասին բարձրաձայնելու նկատմամբ վերաբերմունքը կարող են ազդել դիմելիության մակարդակի վրա։ 

    Հետևաբար ոստիկանությունում գրանցված ավելի քիչ հաղորդումները պարտադիր չեն նշանակում, որ տվյալ մարզում ընտանեկան բռնության դեպքերն իրականում ավելի քիչ են։ 

    Բռնության ենթարկվածների մեծ մասը կանայք են

    Ոստիկանությունը բռնության ենթարկված և բռնություն գործադրած անձանց սեռով տարանջատված տվյալները սկսել է մշակել 2020 թվականից։

    2025 թվականին հաշվառվել է ընտանեկան բռնության ենթարկված 2548 անձ, որոնցից 2201-ը կին են, 347-ը՝ տղամարդ։ Այսինքն՝ հաշվառված բռնության ենթարկվածների շուրջ 86.4 տոկոսը կանայք են։

    Նույն թվականին հաշվառվել է բռնություն գործադրած 2487 անձ, որոնցից 2204-ը տղամարդ են, 283-ը՝ կին։ Այս դեպքում տղամարդկանց բաժինը կազմում է շուրջ 88.6 տոկոս։

    Նման հարաբերակցություն առկա է նաև նախորդ տարիներին։

    Օրինակ՝ 2020 թվականին բռնության ենթարկված 1313 անձից 1091-ը կին էր, իսկ բռնություն գործադրած 1306 անձից 1126-ը՝ տղամարդ։

    2026 թվականի առաջին կիսամյակում արդեն հաշվառվել է բռնության ենթարկված 1354 անձ՝ 1138 կին և 216 տղամարդ։ Բռնություն գործադրած 1353 անձից 1150-ը տղամարդ է։

    Ամենաշատ դեպքերը՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ

    FIP.am-ի հարցման հիման վրա Ոստիկանությունից ստացված տվյալները հնարավորություն են տալիս հասկանալ նաև, թե ընտանիքի անդամների միջև ինչ հարաբերություններում են առավել հաճախ քննվել բռնության դեպքերը։

    2018 թվականի կեսից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակ քննված 6942 դեպքից 3474-ը վերաբերել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնությանը։ Սա կազմում է քննված դեպքերի մոտ կեսը։

    Մյուս դեպքերը բաշխվել են այսպես՝

    • ընտանիքի այլ անդամների կողմից՝ 1363,
    • զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 657,
    • նախկին ամուսնու կամ կնոջ կողմից՝ 535,
    • ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 512,
    • կենակցի կողմից՝ 251,
    • կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 150։

    Այս տվյալներում ևս ժամանակային սահմանափակում կա․ նախկին ամուսնու կամ կնոջ կողմից բռնության դեպքերը առանձին հաշվառմամբ սկսել են ներկայացվել միայն 2023 թվականից։

    2025-ին նախաձեռնվել է 1723 քրեական վարույթ 

    Ընտանեկան բռնության վերաբերյալ հաղորդումը դեռ չի նշանակում, որ յուրաքանչյուր դեպքում քրեական վարույթ է նախաձեռնվում։

    Ըստ ոստիկանության տվյալների՝ 2018 թվականի կեսից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակ ընտանեկան բռնության դեպքերով ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 5079 քրեական վարույթ։

    Տարեկան թվերը ցույց են տալիս հատկապես կտրուկ աճ 2023 թվականից հետո․

    2022-ին նախաձեռնվել էր 138 վարույթ, 2023-ին՝ 508, 2024-ին՝ 1360, իսկ 2025-ին՝ արդեն 1723։

    2026 թվականի միայն առաջին կիսամյակում նախաձեռնվել է 814 վարույթ։

    Այստեղ, սակայն, անհրաժեշտ է զգուշանալ տարիների ուղղակի համեմատությունից։ 2018-ից մինչև 2022 թվականը տրամադրված տվյալներում առանձին ներկայացված են նաև քրեական վարույթի նախաձեռնումը մերժելու դեպքերը՝ ընդհանուր 1863։

    2023 թվականից ոստիկանության ներկայացրած սյունակում տվյալներ չկան, ինչը պայմանավորված է Քրեական դատավարության նոր օրենսգրքով․ նախկինում քրեական վարույթի նախաձեռնումը մերժելու լիազորությունը ոստիկանության տիրույթում էր։ Որպես հետաքննության մարմին՝ ոստիկանությունն ինքնուրույն էր որոշում կայացնում քրեական գործի հարուցումը մերժելու մասին և համապատասխանաբար վարում էր այդ որոշումների վիճակագրական հաշվառումը։

    Նոր քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո այս ամբողջ ընթացակարգը փոխանցվել է քննչական կոմիտեին և դատախազությանը։

    Քննչական կոմիտեից FIP.am-ին փոխանցել են 2023-ից հետո կարճված քրեական վարույթների քանակը։ Ըստ այդմ՝ 2023-ին կարճվել է 557 վարույթ, 2024-ին՝ 735, 2025-ին՝ 972։

    Կայացվել է շուրջ 4 հազար անհետաձգելի միջամտության որոշում

    Ընտանեկան բռնության դեպքում ոստիկանությունը կարող է կայացնել անհետաձգելի միջամտության որոշում՝ բռնության ենթարկված անձին անմիջական վտանգից պաշտպանելու համար։

    2018 թվականի կեսից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակ կայացվել է 3956 նման որոշում։

    Դրանց թիվը ևս աճել է․ 2018-ի երկրորդ կեսին եղել է 131 որոշում, 

    2019-ին՝ 260, 

    2020-ին՝ 337,

    2021-ին՝ 544, 

    2022-ին՝ 556, 

    2023-ին՝ 551, 

    2024-ին՝ 574, 

    2025-ին՝ 678։

    2026 թվականի առաջին կիսամյակում կայացվել է 325 անհետաձգելի միջամտության որոշում։

    Աճում է կրկնվող դեպքերի թիվը

    Ոստիկանության վիճակագրությունը ցույց է տալիս, որ աճել է նաև ընտանեկան բռնության կրկնվող համարվող դեպքերի թիվը։2020 թվականին կրկնվել է ընտանեկան բռնության 20 դեպք, 

    2021-ին՝ 125, 

    2022-ին՝ 173, 

    2023-ին՝ 209, 

    2024-ին՝ 321, 

    2025-ին՝ 343 դեպք։

    2026 թվականի առաջին վեց ամիսներին արդեն արձանագրվել է 230 կրկնվող դեպք։

    Միաժամանակ ոստիկանությունը չի կարող ներկայացնել, թե քանի ընտանիքում է մեկից ավելի բռնության դեպք արձանագրվել։ Պատճառն այն է, որ հաշվառումն իրականացվում է դեպքերի և անձանց, ոչ թե ընտանիքների կտրվածքով։

    Այսինքն՝ եթե նույն ընտանիքի անդամը բռնության է ենթարկում, օրինակ, ամուսնուն և երեխային, նրանք հաշվառվում են որպես բռնության ենթարկված երկու առանձին անձ, սակայն ոստիկանության վիճակագրությունը թույլ չի տալիս առանձնացնել, որ այդ երկու դեպքերը տեղի են ունեցել նույն ընտանիքում։ Հետևաբար հնարավոր չէ պարզել, թե քանի ընտանիքում է բռնությունը կրկնվել կամ միաժամանակ վերաբերել ընտանիքի մեկից ավելի անդամների։ 

    Մեկ տարում գրեթե կրկնապատկվել է բռնության ենթարկված երեխաների թիվը

    Ուշագրավ է  անչափահասների վիճակագրությունը։

    2020 թվականին ոստիկանության տվյալներով ընտանեկան բռնության է ենթարկվել 63 անչափահաս։ 

    Հաջորդ տարիներին ցուցանիշը եղել է համեմատաբար կայուն՝ 

    2021-ին՝ 74, 

    2022-ին՝ 61,

    2023-ին՝ 61,

    2024-ին՝ 98,

    2025-ին՝ 195։

    Այսինքն՝ ընդամենը մեկ տարում հաշվառված երեխաների թիվը գրեթե կրկնապատկվել է։ 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն արձանագրվել է բռնության ենթարկված 109 անչափահաս՝ 45 տղա և 64 աղջիկ։

    Ընդհանուր առմամբ 2020 թվականից մինչև 2026-ի առաջին կիսամյակ հաշվառվել է ընտանեկան բռնության ենթարկված 661 անչափահաս՝ 312 տղա և 349 աղջիկ։

    Ոստիկանությունը չգիտի՝ հաղորդումը 112-ի՞ց է ստացվել, թե՞ քաղաքացին է բաժին գնացել

    Չնայած տրամադրված մեծածավալ վիճակագրությանը՝ ընտանեկան բռնության հաշվառման համակարգում մի շարք կարևոր տվյալներ ընդհանրապես չեն հավաքագրվել։

    Օրինակ՝ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ընտանեկան բռնության ահազանգերը մինչև այժմ առանձնացված չեն հաշվառվել։ Ոստիկանությունը չի հաշվառել նաև, թե քանի քաղաքացի է ընտանեկան բռնության մասին հաղորդում տվել՝ անձամբ ներկայանալով բաժին։

    Առանձին տվյալներ կան այլ պետական մարմիններից և բուժհաստատություններից ոստիկանությանը տրամադրած հաղորդումների վերաբերյալ։ 2018-ի կեսից մինչև 2026-ի առաջին կիսամյակ այլ մարմիններից ստացվել է 366, իսկ բուժհաստատություններից՝ 623 հաղորդում։

    Ոստիկանությունը նաև չի հավաքագրում բռնության ենթարկված անձանց տարիքային բաշխվածությունը՝ բացառությամբ անչափահասների առանձնացված վիճակագրության։

    Մինչև 2026 թվականը հաշվառումը մեխանիկական էր

    ՆԳՆ-ն վիճակագրության սահմանափակումները բացատրում է նաև նրանով, որ մինչև 2026 թվականը ընտանեկան բռնության դեպքերի հաշվառումն իրականացվել է մեխանիկական եղանակով։

    Սա, ըստ ՆԳՆ-ի, սահմանափակել է տվյալները մշակելու, տարբեր հատկանիշներով համադրելու և մանրամասն վիճակագրություն ստանալու հնարավորությունները։

    2026 թվականից ոստիկանությունն անցել է թվային հաշվառման համակարգի, որտեղ ներկայումս շարունակվում է տվյալների մուտքագրումը։

    ՆԳՆ-ից վստահեցնում են՝ համակարգի ամբողջական գործարկումից հետո հնարավոր կլինի տվյալները կենտրոնացված պահել, արագ մշակել և ստանալ ավելի մանրամասն վիճակագրություն։

    Այսպիսով

    Ոստիկանության տվյալները ցույց են տալիս, որ հատկապես 2023 թվականից հետո Հայաստանում զգալիորեն աճել է ընտանեկան բռնության վերաբերյալ գրանցվող հաղորդումների թիվը։ 2025 թվականին այն հասել է 2775-ի՝ ուսումնասիրվող ամբողջական տարիների ամենաբարձր ցուցանիշին։ Աճել են նաև բռնության ենթարկված անձանց, նախաձեռնված քրեական վարույթների, կրկնվող դեպքերի և հատկապես բռնության ենթարկված անչափահասների թվերը։

    Միաժամանակ վիճակագրական համակարգը դեռ թույլ չի տալիս ամբողջությամբ գնահատել խնդրի իրական մասշտաբը։ Մինչև 2026 թվականը հաշվառումը մեխանիկական է եղել, առանձին չեն հաշվառվել 112-ով կամ անձամբ ոստիկանություն ներկայացված հաղորդումները, տվյալներ չկան զոհերի տարիքային ամբողջական բաշխման և մեկ ընտանիքում կրկնվող դեպքերի վերաբերյալ։

    Հետևաբար պաշտոնական թվերը ցույց են տալիս ոստիկանության կողմից գրանցված և հաշվառված դեպքերի դինամիկան, բայց դրանց աճը ինքնին բավարար չէ եզրակացնելու, որ նույն համամասնությամբ աճել է նաև Հայաստանում ընտանեկան բռնության իրական տարածվածությունը։

    Արեն Նահապետյան

    Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

  • Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

    Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը, որում անդրադարձել է նաև հայաստանյան խորհրդարանական ընտրություններին։ 

    Կազմակերպության կիսամյակային զեկույցում արձանագրվում է՝ Ռուսաստանի պետական կառույցների հետ կապվող ANO Dialog կոչվող ոչ առևտրային կազմակերպությունը մեծ դեր է ստանձնել արտասահմանյան՝ այդ թվում հայալեզու լսարաններին թիրախավորող գաղտնի ազդեցության գործողություններում։ 

    Նշենք, որ 2019 թվականին Մոսկվայի քաղաքապետարանի կողմից հիմնադրված կազմակերպությունը ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից նախկինում  կապվել է Doppelganger մեթոդով արշավների հետ, որն իրականացվել է՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դե-ֆակտո ենթակայությամբ գործող «Սոցիալական դիզայնի գործակալության» (Social Design Agency, SDA) հետ միասին։ 

    Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում «Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ էին հայտնվել արտահոսած փաստաթղթեր, որոնք վկայում էին  «Սոցիալական դիզայնի գործակալության» Հայաստանի և սփյուռքի հայերի դեմ իրականացվող բազմաթիվ ապատեղեկատվական ու պառակտիչ տեղեկատվական արշավների ու սադրանքների մասին։ 

    Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր   

    ANO Dialog-ի արշավը՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի

    Мeta-ն ներկայացրել է ANO Dialog-ին վերագրված երկու գաղտնի ազդեցության գործողություններ։ 

    Նշվում է, որ դրանցից մեկի շրջանակում կազմակերպության (նկատի ունի Meta-ի, խմբ․) քաղաքականությանը և կանոններին հակասող բազմաթիվ հաշիվներ են ստեղծվել, որոնք համակարգված ձևով թիրախավորել են 2026 թվականի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները։   

    Ըստ այդմ, Мeta-ն արգելափակել է Facebook-ի 25 հաշիվ, 13 էջ և Instagram-ի 13 հաշիվ։ Նշվում է, որ մոտ 9,600 հաշիվ հետևել է այդ էջերից առնվազն մեկին, իսկ մոտ 10,400 հաշիվ՝ Instagram-ի այդ հաշիվներից առնվազն մեկին։

    «Ցանցը թիրախավորել է 2026 թվականի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները՝ փորձելով մեծացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության և ռուսահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ աջակցությունը», — ասվում է զեկույցում։  

    Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի ամռանը FIP.am-ը բացահայտել էր սոցիալական ցանցերում Սամվել Կարապետյանին աջակցող տասնյակ կեղծ օգտահաշիվներ:

    Զեկույցում արձանագրվում է նաև, որ Հայաստանում իրենց գործունեությունն ուղղակիորեն առաջ մղելուց բացի՝ ցանցը թիրախավորել է նաև Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում բնակվող հայկական սփյուռքը։

    Սփյուռքը՝ Կրեմլի Storm-1516-ի թիրախում․ «Ադրբեջանցիների վերադարձի» մասին կեղծ լուրը՝ անգլերենով

    Իր բովանդակությունը տարածելու համար արշավն ունեցել է բազմահարթակ ներկայություն՝ գործելով ինչպես Мeta-ի հարթակներում, այնպես էլ TikTok-ում և YouTube-ում։ 

    Բացի այդ, ցանցը օգտատերերին վերահղել է իրական լրատվամիջոցների հրապարակումներ, ինչպես նաև ստեղծել է տեղական լրատվամիջոցների անուններ և ապրանքանիշեր, օրինակ՝ «Ar Media»՝ իր բովանդակությունը տարածելու համար։

    Ըստ Мeta-ի զեկույցի՝ ANO Dialog-ը ստեղծել է ու տարածել է Հայաստանը թիրախավորող՝  արհեստական բանականությամբ գեներացված բազմաթիվ տեսանյութեր՝ օգտագործելով «խոսող գլուխներ»։ 

    «Թեև մեր ուսումնասիրած դեպքերի մեծ մասում արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերը դեռևս հնարավոր է տարբերակել վերլուծության միջոցով, դրանց կիրառման ծավալն ու բազմազանությունը ցույց են տալիս, որ դերակատարները գործնական արժեք են տեսնում այս տեխնոլոգիայի մեջ՝ չնայած դրա ներկայիս սահմանափակումներին», — ասվում է զեկույցում։ 

    Այսպիսով, Мeta-ի բացահայտումը ցույց է տալիս, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու փորձերը չեն սահմանափակվել առանձին կեղծ հաշիվներով կամ մեկ սոցիալական հարթակով։ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցող բովանդակության համար գործել է ռուսական պետական կառույցների հետ կապվող, բազմահարթակ ու համակարգված ցանց, որը թիրախավորել է հայաստանյան և սփյուռքահայ լսարանները։

    Հատկանշական է նաև, որ վերոհիշյալ գործողությունների մասին «Փաստերի ստուգման հարթակը» բազմաթիվ հրապարակումներ է արել դեռևս նախընտրական շրջանում՝ ցույց տալով ՀՀ-ի դեմ իրականացվող արշավների կապը Կրեմլին առնչվող կազմակերպությունների հետ: 

    Ամփոփեց Նանե Մանասյանը

  • Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

    2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։

    Մանրամասները

    13 տարում վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ․ ինչո՞ւ են զրկվում մեքենա վարելու իրավունքից

    The post Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը appeared first on FIP.AM.

  • ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

    2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը, և ինչ մասնաբաժին են նրանք կազմել աշակերտների ընդհանուր թվում։

    FIP.am-ի հարցմանն ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2018-2019 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում սովորել է ՌԴ քաղաքացիություն ունեցող 2․091 աշակերտ, իսկ 2025-2026-ին՝ 4․019։ Այսինքն՝ ուսումնասիրված ժամանակահատվածում նրանց թիվն ավելացել է 1․928-ով կամ շուրջ 92%-ով՝ գրեթե կրկնապատկվելով։

    Աճը, սակայն, հավասարաչափ չի եղել։ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը նախ նվազել է՝ 2020-2021թթ.-ին հասնելով ուսումնասիրված ժամանակահատվածի նվազագույն ցուցանիշին՝ 1․785-ի, որից հետո տարիներ շարունակ գրանցվել է շարունակական աճ։

    ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թվի բացարձակ աճին զուգահեռ ավելացել է նաև նրանց տոկոսային մասնաբաժինը՝ Հայաստանի աշակերտների ընդհանուր թվում 2018-2019 ուստարվա  0.55%-ից 2025-2026-ին հասելով 0.95%-ի։

    Նշենք, որ խոսքը ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում (պետական ու ոչ պետական) աշակերտների մասին է։ 

    Ամենամեծ տարեկան աճը՝ 2022-2023 ուսումնական տարում

    Տվյալների համադրումը ցույց է տալիս, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թվի տարեկան ամենամեծ աճը գրանցվել է 2022-2023 (ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի տարին-խմբ․) ուսումնական տարում, երբ նրանց թիվը 1․879-ից հասել է 2․735-ի՝ մեկ տարում ավելանալով 856-ով կամ շուրջ 45.6%-ով։

    Հաջորդ տարիներին ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը շարունակել է աճել, սակայն ավելի ցածր տեմպերով․ նախորդող ուսումնական տարվա համեմատ 2023-2024-ին աճը կազմել է 20.8%, 2024-2025-ին՝ 8.6%, իսկ 2025-2026-ին՝ 12%։

    ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների մասնաբաժինը՝ աշակերտների ընդհանուր թվում

    ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվն աճել է ոչ միայն բացարձակ թվով, այլև աշակերտների ընդհանուր թվում ունեցած տոկոսային մասնաբաժնով։ 

    Պաշտոնական վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018-2019-ից  մինչ 2020-2021 ուսումնական տարին ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների մասնաբաժինը նվազել է՝ 0.55%-ից հասնելով 0.45%-ի։ Դրանից հետո միտումը փոխվել է, և մասնաբաժինը սկսել է աճել։

    2025-2026 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորող 424․939 աշակերտից 4․019-ը ՌԴ քաղաքացիություն ուներ, ինչը կազմում է ընդհանուրի մոտ 0.95%-ը։

    Այսպիսով, 2018-2019-ի համեմատ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների մասնաբաժինը Հայաստանի աշակերտների ընդհանուր թվում աճել է շուրջ 1.7 անգամ՝ 0.55%-ից հասնելով 0.95%-ի։ Այլ կերպ ասած՝ եթե 2018-2019-ին յուրաքանչյուր 1․000 աշակերտից մոտ 5-6-ն ուներ ՌԴ քաղաքացիություն, ապա 2025-2026-ին՝ մոտ 9-10-ը:

    ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների շրջանում տղաներն ավելի շատ են

    ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների շրջանում ուսումնասիրված ամբողջ ժամանակահատվածում տղաների թիվը գերազանցել է աղջիկների թվին։

    2025-2026 ուսումնական տարում ՌԴ քաղաքացիություն ունեցող 4․019 աշակերտից 2․204-ը տղա է, 1․815-ը՝ աղջիկ։ Տղաները կազմում են 54.8%-ը, աղջիկները՝ 45.2%-ը։

    Համեմատության համար՝ 2018-2019-ին 2․091 աշակերտից 1․124-ը տղա էր, 967-ը՝ աղջիկ, որը կազմում էր համապատասխանաբար 53.8% և 46.2%։

    Այսպիսով, 2018-2019 թթ․ ուստարուց մինչև 2025-2026 թթ․ ուստարիները ՌԴ քաղաքացիություն ունեցող տղաների թիվը 1․124-ից հասել է 2․204-ի՝ աճելով 1․080-ով կամ շուրջ 96%-ով։ Միևնույն ժամանակ Հայաստանի դպրոցներում ՌԴ քաղաքացիություն ունեցող տղա աշակերտների տոկոսային մասնաբաժինն աճել է 1 տոկոսային կետով՝ 53.8%-ից հասնելով 54.8%-ի։

    ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների շուրջ 69%-ը սովորում է Երևանում

    2025-2026 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորող ՌԴ քաղաքացիություն ունեցող 4․019 աշակերտից 2․767-ը՝ շուրջ 69%-ը, սովորել է Երևանում։

    Մարզերից ամենամեծ թիվը գրանցվել է Շիրակում՝ 317 աշակերտ, որին հաջորդում են Կոտայքը՝ 220, Լոռին՝ 208 և Արմավիրը՝ 154։

    Մնացած բոլոր մարզերին միասին բաժին է ընկնել մոտ  31.1%-ը՝ 1․252 աշակերտ։  

    Այսպիսով, վերջին 8 ուսումնական տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 2․091-ից հասնելով 4․019-ի։ Միևնույն ժամանակ, տղաների մասնաբաժինն աճել է 1%-ային կետով՝ 53.8%-ից հասնելով 54.8%-ի։ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների գերակշիռ մասը կենտրոնացած է Երևանում․ 2025-2026թթ․-ին նրանց շուրջ 69%-ը սովորել է Երևանում։

    Գայանե Մարկոսյան

    Կարդացեք նաև — 2018-ից մինչ այժմ 11,830 արական սեռի անչափահաս հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից

    Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

  • 13 տարում վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ․ ինչո՞ւ են զրկվում մեքենա վարելու իրավունքից

    Հայաստանում վերջին տարիներին ճանապարհային երթևեկության ոլորտում միաժամանակ երկու միտում է նկատվում․ ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարների և արձանագրվող իրավախախտումների թվերը, մինչդեռ ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հետևանքով զոհերի թիվը նվազում է։

    Զուգահեռաբար էականորեն աճել է վարորդական իրավունքից զրկվող անձանց թիվը։ Միայն 2025 թվականին վարորդական իրավունքից զրկվել է 5435 անձ, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ ևս 2663-ը։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին տարիների վիճակագրությունը՝ հասկանալու, թե ինչպես են փոխվել ՃՏՊ-ների, զոհերի և վարորդական իրավունքից զրկումների ցուցանիշները, և արդյոք դրանք բավարար են վերահսկողության խստացման ու մահացության նվազման միջև պատճառահետևանքային կապի մասին խոսելու համար։

    Պատահարների ու վիրավորների թիվն աճում են, զոհերինը՝ նվազում

    Հայաստանում տարեցտարի ավելանում է հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը։ Եթե 2014 թվականին հանրապետությունում հաշվառված էր շուրջ 482 հազար տրանսպորտային միջոց, ապա 2025-ին այն մոտեցել է 1 միլիոնին։

    Տրանսպորտային միջոցների թվի աճին զուգահեռ, ավելացել են նաև ՃՏՊ-ները։

    ՆԳՆ տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է 2146 ճանապարհատրանսպորտային պատահար՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 2072-ի դիմաց։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում պատահարների թիվն աճել է 74-ով կամ 3,6%-ով։

    Աճել է նաև վիրավորների թիվը՝ (2025 առաջին կիսամյակին գրանցված 3041 դեպքից 2026-ի նույն ժամանակահատվածում՝ հասնելով 3113-ի։ Այսինքն՝ վիրավորների թիվն ավելացել է 72-ով կամ 2.4%-ով։

    Սակայն զոհերի վիճակագրությունն այլ պատկեր է ցույց տալիս։

    2024 թվականի առաջին կիսամյակում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 145 մարդ, 2025-ի նույն ժամանակահատվածում՝ 118, իսկ 2026-ի վեց ամիսների ընթացքում այդ թիվը 114 է։

    Այսպիսով, 2026 թվականին 2025-ի համեմատ զոհերի թիվը նվազել է 4-ով կամ շուրջ 3.4%-ով, իսկ 2024 թվականի համեմատ՝ 31-ով կամ 21.4%-ով։

    Այսինքն՝ վերջին տարիներին ՃՏՊ-ների և վիրավորների թվի աճը չի ուղեկցվել զոհերի թվի աճով։

    Պատկերը՝ ըստ տարիների

    2016 — 267 զոհ

    2017 — 279 զոհ

    2018 — 343 զոհ

    2019 — 341 զոհ

    2020 — 348 զոհ

    2021 — 368 զոհ (Պարեկային ծառայության գործարկման սկիզբ)

    2022 — 321 զոհ

    2023 — 378 զոհ (Պարեկային ծառայությունը ՀՀ ամբողջ տարածքում)

    2024 — 333 զոհ

    2025 — 283 զոհ

    ՆԳՆ-ն նվազումը կապում է Պարեկային ծառայության հետ

    ՆԳՆ-ի գնահատմամբ՝ նման պատկերի ձևավորումը գլխավորապես պայմանավորված է Պարեկային ծառայության գործունեության արդյունավետությամբ, պարեկների կողմից վերահսկողության ուժեղացմամբ և ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված համակարգային լուծումներով։

    Որպես հիմնավորում նախարարությունը նշում է, որ Պարեկային ծառայությունը հանրապետության ամբողջ տարածքում սկսել է գործել 2023 թվականի հոկտեմբերից, և սկսած 2024-ից և հաջորդ տարիներից արձանագրվել է զոհերի թվի նվազում։

    ՆԳՆ տվյալների համաձայն՝ 2024 թվականի առաջին կիսամյակում միայն պարեկների կողմից, առանց ճանապարհներին տեղադրված ստատիկ արագաչափերի տվյալների, արձանագրվել էր արագության գերազանցման շուրջ 41 հազար դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շուրջ 4 հազարի դիմաց։

    Նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու շուրջ 10 հազար դեպք՝ նախորդ տարվա 7500-ի դիմաց, իսկ առանց ամրագոտու մեքենա վարելու՝ շուրջ 86 հազար դեպք՝ նախորդ տարվա 25 հազարի համեմատ։

    Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը դեռ 2024 թվականին այս աճը բացատրել էր երկու հանգամանքով՝ Պարեկային ծառայությունն արդեն գործում էր ամբողջ հանրապետությունում և ավելի մեծ ուշադրություն էր դարձվում վթարածին կամ ծանր հետևանքներ առաջացնող խախտումներին։

    Ամրագոտին՝ մահացության նվազեցման գործոն

    ՆԳՆ-ն առանձնացնում է նաև ամրագոտիների կիրառման նկատմամբ վերահսկողությունը։

    Ի տարբերություն արագության գերազանցման կամ մի շարք այլ խախտումների՝ ամրագոտի չկապելու դեպքերը Հայաստանում տեխնիկական միջոցներով չեն արձանագրվում։ Հետևաբար դրանց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են պարեկները։

    2025 թվականին Պարեկային ծառայությունը արձանագրել էր առանց ամրագոտու մեքենա վարելու շուրջ 230 հազար դեպք՝ մեկ տարի առաջվա շուրջ 188 հազարի համեմատ։

    2025-ին 5435 վարորդ զրկվել է մեքենա վարելու իրավունքից

    Վերահսկողության խստացման մյուս ցուցանիշը վարորդական իրավունքից զրկումների աճն է։

    2025 թվականին Պարեկային ծառայությունը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմել է շուրջ 1 միլիոն վարչական իրավախախտման արձանագրություն։ Դրանց արդյունքում վարորդական իրավունքից զրկվել է 5435 անձ։ 2024 թվականին այդ թիվը 5696 էր։

    Կարդացեք նաև — Մեկ տարում 5450 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից․ խստացված վերահսկողությո՞ւն, թե՞ ճանապարհային անվտանգության նոր մոտեցում

    Համեմատության համար՝ նախկին Ճանապարհային ոստիկանության համակարգում երեք տարվա ընթացքում վարելու իրավունքից տարեկան միջինում զրկվել էր 764 անձ։ 2026 թվականի առաջին վեց ամիսներին Պարեկային ծառայությունն արդեն կազմել է շուրջ 523 հազար վարչական իրավախախտման արձանագրություն, որոնց արդյունքում վարորդական իրավունքից զրկվել է ևս 2663 անձ։

    Հատկանշական է, որ 2025 թվականին իրավունքից զրկված 5435 վարորդներից 4899-ը կամ շուրջ 90%-ը զրկվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։

    Ինչո՞ւ է ոչ սթափ վարելը հատկապես վտանգավոր

    Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու նկատմամբ խիստ վարչարարությունը պատահական չէ։

    Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանը դեռ 2024 թվականին նշում էր, որ ալկոհոլ օգտագործելուց հետո նվազում է մարդու՝ իրավիճակին ճիշտ արձագանքելու կարողությունը, խանգարվում են ուշադրությունն ու կենտրոնացումը, շարժումների կոորդինացիան, կարող են առաջանալ շշմածություն և քնկոտություն։ Նրա խոսքով՝ անգամ մեկ-երկու բաժակ ալկոհոլը կարող է ճակատագրական լինել։

    Պարեկային ծառայության ներկայացուցիչները համարում են, որ ոչ սթափ վարելն այն իրավախախտումներից է, որը չի կարող կատարվել անզգուշությամբ․ վարորդը գիտի իր վիճակի մասին և այդուհանդերձ որոշում է նստել ղեկին։

    Հետևաբար վարորդական իրավունքից զրկելը ՆԳՆ-ն դիտարկում է ոչ միայն որպես պատիժ, այլև կանխարգելիչ գործիք։ Այն հնարավորություն է տալիս որոշակի ժամանակով երթևեկությունից դուրս բերել բարձր ռիսկայնություն ունեցող վարորդներին, իսկ վարելու իրավունքը կորցնելու հավանականությունը կարող է զսպող ազդեցություն ունենալ նաև մյուս վարորդների վրա։

    Զրկված վարորդները շարունակում են մեքենա վարել

    Միևնույն ժամանակ, վարորդական իրավունքից զրկելը ինքնին չի նշանակում, որ անձն այլևս մեքենա չի վարում։

    2014-2018 թվականներին Հայաստանում արձանագրվել էր վարելու իրավունքից զրկված անձանց կողմից մեքենա վարելու 297 դեպք։ Սակայն 2019-2026 թվականներին դրանց թիվը հասել է 33,669-ի։

    Տարեկան պատկերը հետևյալն է՝ 

    2019-ին՝ 125, 

    2020-ին՝ 984, 

    2021-ին՝ 1732, 

    2022-ին՝ 5396, 

    2023-ին՝ 5590, 

    2024-ին՝ 7376, 

    2025-ին՝ 9466 դեպք։ 

    2026 թվականի առաջին կիսամյակում՝ 2663 անձ։

    Թվերի այսպիսի աճը կարող է առաջին հայացքից վկայել վարորդական կարգապահության կտրուկ վատթարացման մասին։ ՆԳՆ-ն, սակայն, այն կապում է նաև վերահսկողության ընդլայնման և նման խախտումների հայտնաբերման արդյունավետության բարձրացման հետ։

    Դեռ 2024 թվականին իրավապահները ևս արձանագրում էին, որ կասեցված կամ վարորդական իրավունքից զրկված վկայականով մեքենա վարելու դեպքերը քիչ չեն, և դրանց համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։

    Բացի այդ, 2012 թվականից 2025 թվականները վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ։ Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ առկա է վարորդների խումբ, որի դեպքում առաջին պատժամիջոցը չի կանխել հետագա խախտումները։

    Միայն վարորդներին պատժելը չէ

    ՃՏՊ-ների նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները չեն սահմանափակվում վարորդներին տուգանելով կամ վարելու իրավունքից զրկելով։

    Իրավապահների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատահարների վրա կարող են ազդել նաև ճանապարհների վատ լուսավորությունը, գծանշումների և ճանապարհային նշանների վիճակը, ճանապարհների կահավորվածությունը և երթևեկության կազմակերպումը։

    Միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին իրականացված ուսումնասիրություններով նախկինում հայտնաբերվել էին ավելի քան 50 վտանգավոր՝ այսպես կոչված «սև կետեր»։ Դրանց վերաբերյալ ներկայացվել էին համապատասխան առաջարկություններ և կատարվել փոփոխություններ։

    Մարզերում տեղադրվել են արագաչափեր, տեսալուսանկարահանող համակարգեր, լուսացույցներ, արհեստական արգելաբլրակներ, որոշ հատվածներում կազմակերպվել է շրջանաձև երթևեկություն։

    Այսինքն՝ ճանապարհային անվտանգության ընդհանուր քաղաքականությունը ներառում է ինչպես վարորդների նկատմամբ վարչարարությունը, այնպես էլ ճանապարհային ենթակառուցվածքների և երթևեկության կազմակերպման փոփոխությունները։

    Կա՞ պատճառահետևանքային կապ

    ՆԳՆ-ի դիրքորոշմամբ՝ վարորդական իրավունքից զրկելը ճանապարհային անվտանգության վրա ազդեցություն ունեցող գործոն է։ Այն ոչ միայն երթևեկությունից դուրս է թողնում բարձր ռիսկայնության վարորդներին, այլև մյուսների համար ստեղծում է պատասխանատվության անխուսափելիության զգացում։

    Վիճակագրությունն իսկապես ցույց է տալիս միաժամանակ ընթացող երկու գործընթաց․ վերահսկողությունն ու վարորդական իրավունքից զրկելու դեպքերն էականորեն աճել են, իսկ ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը վերջին տարիներին նվազել է։ Սակայն միայն այս թվերի համադրումը բավարար չէ պնդելու համար, որ զոհերի թվի նվազումը հենց վարորդական իրավունքից զրկումների աճի ուղղակի հետևանքն է։

    Նույն ժամանակահատվածում, ըստ ՆԳՆ-ի, փոխվել են նաև բազմաթիվ այլ գործոններ՝ Պարեկային ծառայությունն ընդլայնվել է ամբողջ հանրապետությունում, մեծացել է արագության, ոչ սթափ վարելու և ամրագոտիների կիրառման նկատմամբ վերահսկողությունը, փոփոխություններ են կատարվել երթևեկության կազմակերպման և ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտներում։

    Ավելին՝ ՃՏՊ-ների ընդհանուր թիվը շարունակում է աճել։ Հետևաբար վերահսկողության հնարավոր ազդեցությունն այս փուլում ավելի տեսանելի է ոչ թե պատահարների քանակի, այլ դրանց ծանրության՝ մասնավորապես մահվան ելքերի նվազման ցուցանիշում։

    Այսպիսով, 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 4784 ՃՏՊ՝ 10.9%-ով ավելի, քան մեկ տարի առաջ, իսկ վիրավորների թիվն աճել է 15.6%-ով։ Միևնույն ժամանակ զոհերի թիվը 333-ից նվազել է մինչև 283։ Նվազման միտումը շարունակվել է նաև 2026 թվականի առաջին կիսամյակում

    Զուգահեռաբար ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողությունն էականորեն ուժեղացել է։ 2025 թվականին վարորդական իրավունքից զրկվել է 5435 անձ, որոնց շուրջ 90%-ը՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ 2026 թվականի առաջին վեց ամիսներին զրկվել է ևս 2663 վարորդ

    ՆԳՆ-ն այս ցուցանիշները և զոհերի թվի նվազումը կապում է Պարեկային ծառայության գործունեության, վերահսկողության խստացման և ճանապարհային անվտանգությանն ուղղված մյուս միջոցառումների հետ։

    Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս գործընթացները ժամանակագրորեն համընկնում են, և վերահսկողության ուժեղացումը կարող է լինել մահացության նվազմանը նպաստող գործոններից մեկը։ Սակայն ուղիղ պատճառահետևանքային կապ հաստատելու համար միայն այս վիճակագրությունը բավարար չէ։

    Դրա համար անհրաժեշտ են առավել մանրամասն տվյալներ՝ մասնավորապես մահվան ելքով ՃՏՊ-ների պատճառների, ոչ սթափ վարորդների մասնակցությամբ մահվան դեպքերի, ամրագոտիների կիրառման, արագության գերազանցման և այլ ռիսկային գործոնների փոփոխության վերաբերյալ։

    Հետևաբար, առկա տվյալներով կարելի է փաստել զոհերի թվի նվազումն ու վերահսկողության էական խստացումը, բայց զոհերի նվազումը բացառապես վարորդական իրավունքից զրկումների աճով կամ միայն Պարեկային ծառայության ներդրմամբ բացատրելը դեռևս բավարար փաստական հիմք չունի։

    Արեն Նահապետյան

    Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

  • Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը կտրուկ աճում է

    2026-ի առաջին վեց ամիսներին Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը գրեթե հասել է ամբողջ 2025-ի ցուցանիշին։ Ինչպե՞ս է Հայաստանը հակազդում աճող կիբեռսպառնալիքներին՝ տեսանյութում։

    Մանրամասները՝

    Կիբեռհանցագործությունների թիվն աճում է․ ինչպես է Հայաստանը պայքարում դրանց դեմ

    The post Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը կտրուկ աճում է appeared first on FIP.AM.

  • Կառավարության ծրագրի հնարավորությունն ու փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը

    Օգոստոսի 19-ին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, խոսելով աղքատության հաղթահարմանն ուղղված միջոցառումների, մասնավորապես՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման ծրագրի մասին, ասել է, որ կառավարությունն այդ ծրագրով հնարավորություն է տվել վարկային վատ պատմություն ունեցող քաղաքացիներին աշխատանքի միջոցով մարել իրենց պարտավորությունները․ 

    «Մարդը հնարավորություն ունի իր աշխատանքի միջոցով, եկամտային հարկի վերադարձի միջոցով (և մյուս բացը լրացվում է արդեն կառավարության կողմից) իր վարկային պարտավորությունը մարելու»։

    Պատգամավորը նաև նշել է, որ «․․․ նախատեսվել էր 3000 շահառուի եկամտային հարկի չափով աջակցություն ուղղել վարկային պարտավորության մարմանը»։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պատգամավորի նշած՝ կառավարության ընձեռած հնարավորության փաստացի իրացման ցուցանիշը և արձանագրել, որ այն զգալիորեն ցածր է կառավարության սկզբնական ակնկալիքից․ մինչ օրս ծրագրից օգտվել է 11․241 մարդ՝ ծրագրի մեկնարկին կառավարության ակնկալած շուրջ 131․000 շահառուի 8.6%-ը։ 

    Ինչ վերաբերում է Ն․ Բաղդասարյանի նշած 3000 շահառուներին, ապա այն ոչ թե ծրագրով նախատեսված շահառուների ընդհանուր թիվն է, այլ ծրագրի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվարկում նախատեսված շահառուների ցուցանիշը։ Մինչդեռ ծրագրի մեկնարկին կառավարությունն ակնկալում էր շուրջ 131․000 շահառուի մասնակցություն։

    Հնարավորությունը տրվել է, իսկ որքանո՞վ է այն իրացվել

    Նազելի Բաղդասարյանն իր ելույթում շեշտել է, որ կառավարությունն անհուսալի վարկ ունեցող քաղաքացիներին հնարավորություն է տվել աշխատանքի միջոցով մարելու իրենց պարտավորությունները։ Սակայն պատգամավորի խոսքում չի ներկայացվել, թե որքանո՞վ է այդ հնարավորությունը փաստացի իրացվել։

    Ծրագրի իրականացման տվյալները ցույց են տալիս զգալիորեն ավելի ցածր ներգրավվածություն։

    2025թ. նոյեմբերի 10-ի դրությամբ՝ ծրագրից օգտվել էր 7․717 անձ՝ պոտենցիալ շահառուների մոտ 6%-ը։

    2026թ. մարտի դրությամբ՝ ծրագրից օգտվել էր 9․726 անձ՝ կառավարության ակնկալած շահառուների 7.4%-ը։

    2026թ. օգոստոսի 20-ի դրությամբ՝ ծրագրից օգտվել է 11․241 անձ՝ կառավարության ակնկալած 131․000 շահառուի շուրջ 8.6%-ը։ 

    Կառավարության սպասումներն ու իրական պատկերը․ անհուսալի վարկերի ծրագրի շահառու է դարձել կանխատեսված թվի 6%-ը

    Քանի՞ շահառու էր ակնկալում կառավարությունը 

    Կառավարությունը «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը» հաստատել է 2024թ. դեկտեմբերի 12-ին։ Ծրագրի նպատակն էր անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող անձանց խրախուսել անցնել ֆորմալ զբաղվածության՝ միաժամանակ աջակցելով նրանց վարկային պարտավորությունների մարմանը։  

    Ծրագիրը ներկայացնելիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել էր, որ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում անհուսալի վարկ ունեցող շուրջ 341․000 ֆիզիկական անձ կա։ Նրանցից ծրագրի պայմաններին համապատասխանող թիրախային խումբը գնահատվում էր շուրջ 218․000 մարդ։

    «Ակնկալվում է, որ միջոցառման շահառու կհանդիսանա թիրախային խմբի շուրջ 60 տոկոսը կամ 131․000 անձ»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։ 

    Ն․ Բաղդասարյանի նշած 3000-ը ծրագրով նախատեսված կամ ակնկալվող շահառուների ընդհանուր թիվը չէր։ Այս թիվն, ըստ էության, շրջանառվել է   ծրագրի իրականացման սկզբնական փուլի ֆինանսական հաշվարկում, ըստ որի` 2025թ. մարտի 6-ին կառավարությունը ծրագրի առաջին եռամսյակի համար հատկացրեց 121.5 մլն դրամ՝ շուրջ 3000 շահառուի հաշվարկով։

    Ի սկզբանե կառավարությունն ակնկալում էր, որ ակնկալված ցուցանիշին հնարավոր կլինի հասնել մինչև 2026թ. հունվարի 31-ը։ Այդ ժամկետը, սակայն, կառավարությունը հետագայում երկարաձգեց՝ վերջնաժամկետ սահմանելով մինչ 2026թ․-ի դեկտմեբերի 31-ը։ 

    Անհուսալի վարկերի ծրագիրը՝ մեկ տարի անց․ արդյունքները սպասումներից բազմապատիկ ցածր են

    Այսպիսով, Նազելի Բաղդասարյանի շեշտած՝ կառավարության կողմից քաղաքացիներին ընձեռված հնարավորությունից ծրագրի ավարտից 4 ամիս առաջ օգտվել է 11․241 անձ՝ կառավարության ակնկալած 131․000 շահառուի շուրջ 8.6%-ը, իսկ շահառուների թվի աճի տեմպը շարունակում է դանդաղ մնալ․ 2025թ. նոյեմբերից մինչև 2026թ. օգոստոս՝ ավելի քան 9 ամսում ծրագրին միացել է ընդամենը 3․500 նոր շահառու։ 

    Գայանե Մարկոսյան

  • Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց

    Վերջին շրջանում բանակում ոչ մարտական պայմաններում մահվան, հատկապես ինքնասպանության դեպքերը լայն քննարկման թեմա են դարձել։

    Յուրաքանչյուր նոր դեպքից հետո հնչում են նույն հարցերը՝ որքա՞ն է իրական թիվը, ինչպե՞ս են քննվում դեպքերը և ի՞նչ է արվում դրանք կանխարգելելու համար։

    Սակայն այս հարցերի հստակ պատասխանները գտնելը, պարզվում է, հեշտ գործ չէ։

    2026 թվականի հուլիսի 23-ի դրությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) տվյալներով՝ արձանագրվել էր զինծառայողների ինքնասպանության 8 դեպք։ Իսկ ավելի լայն ժամանակահատվածի պատկերը վերականգնելիս պարզվում է, որ հանրությանը հասանելի տվյալները ոչ միայն ամբողջական չեն, այլ նաև հասանելի չեն։ 

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2010 թվականից ի վեր զինված ուժերում զինծառայողների ինքնասպանությունների վիճակագրությունը, այդ դեպքերով իրականացված քրեական վարույթների ընթացքը և տարբեր աղբյուրների հրապարակած տվյալների միջև անհամապատասխանությունները։

    Գլխավոր թվերը

    • Դատախազության պատասխանում՝ 97 դեպք (2010 թ․ հունվարի 1-ից մինչև 2026 թ․ հունիսի 30-ը),
    • ՀՔԱՎ-ի հրապարակած տվյալների հանրագումարում՝ 156 դեպք (2010-2026 թթ․),
    • առնվազն 56 վարույթ դեռ վերջնական դատավարական հանգուցալուծում չունի։

    ՊՆ-ն տվյալներ չի տրամադրում

    Ուսումնասիրության շրջանակում FIP.am-ը հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել 2010 թվականից ի վեր զինված ուժերում արձանագրված ինքնասպանությունների վերաբերյալ տվյալներ։

    Մասնավորապես, հարցրել էինք, թե քանի ինքնասպանության դեպք է գրանցվել, դրանցից քանիսն են վերաբերել ժամկետային և պայմանագրային զինծառայողներին ու սպաներին, ինչպես նաև՝ դեպքերից քանիսն են համարվել զինվորական ծառայության հետ կապված և քանիսը՝ ոչ։

    Բացի այդ, խնդրել էինք տեղեկություններ ինքնասպանության դեպքերով իրականացված քննությունների արդյունքների վերաբերյալ՝ քանի քրեական վարույթ է նախաձեռնվել, ինչ ընթացք և ավարտ են ունեցել դրանք, քանի անձ է ենթարկվել պատասխանատվության և ինչ կարգավիճակ են ունեցել այդ անձինք։

    Առանձին հարցով հետաքրքրվել էինք նաև, թե 2010 թվականից ի վեր ինչ կանխարգելիչ ծրագրեր կամ մեխանիզմներ են ներդրվել զինված ուժերում՝ զինծառայողների շրջանում ինքնասպանությունների կանխարգելման նպատակով։

    Արտապատկերումը՝ ՊՆ ուղարկված FIP.am-ի հարցումից

    Պաշտպանության նախարարությունը, սակայն, վիճակագրական և քրեական վարույթներին վերաբերող հարցերից ոչ մեկին չի պատասխանել։ Գերատեսչությունն անդրադարձել է միայն կանխարգելման վերաբերյալ հարցին՝ նշելով, որ «ՀՀ զինված ուժերում մշտապես իրականացվում են միջոցառումներ՝ ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ»։ Թե կոնկրետ ինչ միջոցառումների, ծրագրերի կամ մեխանիզմների մասին է խոսքը, ՊՆ-ն չի հստակեցրել։

    Միաժամանակ նախարարությունից հայտնել են, որ մյուս հարցերի պատասխանները ստանալու համար անհրաժեշտ է դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ Գլխավոր դատախազությանը։

    Ուշագրավ է, որ ավելի ուշ՝ օգոստոսի 11-ին, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է․ «Մեզ մոտ առկա են նաև բոլոր ժամանակներում բոլոր տարիներին արձանագրված դեպքերը (խմբ․ բանակում մահվան դեպքերը)»։

    Նույն հարցազրույցում Թորոսյանը որոշ տարիների վերաբերյալ նաև թվային տվյալներ է ներկայացրել՝ նշելով․ «Իհարկե, մեզ մոտ բոլոր տվյալներն առկա են»։

    Այս հայտարարությունը հարցեր է առաջացնում․ եթե նախարարությունում առկա են բոլոր տարիների տվյալները, պարզ չէ, թե ինչու դրանց գոնե վիճակագրական մասը չի տրամադրվել FIP.am-ի հարցմանն ի պատասխան։

    16 տարում՝ ինքնասպանության 97 դեպք․ Դատախազություն

    Նույն հարցերը՝ բացառությամբ կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցի, FIP.am-ն ուղղել է ՀՀ գլխավոր դատախազությանը։ Դատախազությունը տրամադրել է 2010 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի տվյալները։

    Ըստ դրանց՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների ինքնասպանության 97 դեպք։ Դրանցից միայն 23-ը ծառայության հետ կապ չեն ունեցել։

    Տարեկան պատկերը հետևյալն է․

    Տարի Ծառայության հետ կապված Ծառայության հետ չկապված Ընդամենը
    2010 2 — 2
    2011 5 1 6
    2012 3 4 7
    2013 5 — 5
    2014 1 1 2
    2015 1 — 1
    2016 7 — 7
    2017 7 — 7
    2018 6 — 6
    2019 4 3 7
    2020 4 4 8
    2021 4 3 7
    2022 5 1 6
    2023 6 1 7
    2024 7 1 8
    2025 2 2 4
    2026՝ (մինչև հունիսի 30) 5 2 7
    Ընդամենը 74 23 97

    Գլխավոր դատախազության պարզաբանմամբ՝ զինծառայողների մահվան դեպքերը զինվորական ծառայության հետ կապված կամ չկապված դասակարգելիս հաշվի են առնվում դեպքի իրադրությունը, կոնկրետ հանգամանքները և մահվան պատճառի առնչությունը ծառայողական պարտականությունների կատարման հետ։

    Օրինակ՝ ծառայության վայրում ծագած կոնֆլիկտի հետևանքով տեղի ունեցած ինքնասպանությունը կարող է դասակարգվել որպես ծառայության հետ կապված, իսկ ծառայության հետ առնչություն չունեցող ընտանեկան, ֆինանսական կամ այլ հանգամանքներով պայմանավորված դեպքը՝ ծառայության հետ չկապված։

    Բացատրություն

    Ինքնասպանության հասցնելու դեպքում անձը որոշակի վարքագծով՝ օրինակ՝ սպառնալիքներով, դաժան վերաբերմունքով, արժանապատվության պարբերական նվաստացմամբ կամ օրենքով նախատեսված այլ գործողություններով, տուժողին հասցնում է ինքնասպանության կամ դրա փորձի։

    Այստեղ հանցավոր վարքագիծը գիտակցված է, և պետք է առկա լինի օրենքով պահանջվող պատճառական կապը այդ վարքագծի ու ինքնասպանության միջև։ 

    Անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքում անձը չի ցանկանում տուժողի ինքնասպանությունը և համապատասխան հետևանքի նկատմամբ գործում է անզգուշությամբ․ օրինակ՝ չի կանխատեսում այդ հետևանքը, թեև տվյալ պայմաններում պետք է և կարող էր կանխատեսել, կամ կանխատեսում է, բայց անհիմն հույս ունի, որ այն չի առաջանա։

    Ի՞նչ ընթացք են ունեցել ինքնասպանության դեպքերով քրեական վարույթները

    Ինքնասպանությունների թիվը ինքնին ամբողջական պատկեր չի տալիս։ Կարևոր է նաև հասկանալ, թե դեպքերով իրականացված քննություններից քանիսն են հանգեցրել մեղադրվող անձի դատապարտման, քանիսն են կարճվել, իսկ քանիսը տարիներ անց դեռ չեն ավարտվել։

    2010 թվականին արձանագրվել է 1 պարտադիր ժամկետային զինծառայողի (ԺԶ) և 1 սպայի ծառայության հետ կապված ինքնասպանության դեպք։ Այս 2 դեպքով քրեական գործեր են հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Դրանցից մեկը կարճվել է արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով (խմբ․ անձի կատարած գործողության կամ անգործության մեջ բացակայում է քրեական օրենքով նախատեսված հանցագործության առնվազն մեկ պարտադիր հատկանիշ), իսկ մյուսով 5 անձ դատապարտվել է տարբեր ժամկետներով ազատազրկման։

    2011 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 5 ԺԶ ինքնասպանության դեպք։ 5 դեպքով հարուցված քրեական գործերից 3-ը կարճվել են արարքի մեջ հանցակազմի բացակայության, 2-ը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով (խմբ․ պարզվել է՝ այն հանցավոր իրադարձությունը, որի վերաբերյալ վարույթ է իրականացվել, իրականում տեղի չի ունեցել)։ 

    Ծառայության հետ չկապված արձանագրվել է 1 պայմանագրային զինծառայողի (ՊԶ) ինքնասպանության դեպք, և այդ ինքնասպանության դեպքով քրեական գործ հարուցելը մերժվել է՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով։

    2012 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 3 ԺԶ ինքնասպանության դեպք։ Ծառայության հետ կապված 3 դեպքով հարուցվել են քրեական գործեր։ 1-ը կարճվել է արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով, 1-ը հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իսկ 3-րդ գործով 2 անձ դատապարտվել է տարբեր ժամկետներով ազատազրկման։

    Ծառայության հետ չկապված արձանագրվել է 1 պայմանագրային զինծառայողի (ՊԶ) ինքնասպանության դեպք և 4 դեպքով ևս քրեական գործեր են հարուցվել․ մեկ վարույթ կարճվել է, իսկ մյուս 3-ով նախաքննությունը շարունակվում է մինչ օրս։

    2013 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 4 ԺԶ և 1 սպայի ինքնասպանության դեպք։ 5 դեպքով հարուցվել են քրեական գործեր։ Մեկ վարույթ կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով, մեկով նախաքննությունը շարունակվում է մինչ օրս, ևս մեկ գործ դատարան ուղարկվելուց հետո կարճվել է մեղադրյալի մահվան հիմքով։ Մյուս 2 դեպքերով 5 անձ դատապարտվել է տարբեր ժամկետներով ազատազրկման, ևս մեկ անձ՝ կարգապահական գումարտակում պահելու։

    2014 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 1 ԺԶ ինքնասպանության դեպք, որով հարուցված քրեական գործով մեկ անձ դատապարտվել է ազատազրկման։

    Ծառայության հետ չկապված ևս մեկ դեպքով հարուցված գործի նախաքննությունը շարունակվում է մինչ օրս։

    2015 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 1 ԺԶ ինքնասպանության դեպք, մեկ ինքնասպանության դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

    2016 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 5 ԺԶ և 2 ՊԶ ինքնասպանության դեպք։ Այս 7 դեպքով հարուցվել են քրեական գործեր ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Մեկ վարույթ կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Երեք գործ՝ 4 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, սակայն հետագայում քրեական հետապնդումները դադարեցվել են, իսկ վարույթները կարճվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Մյուս 3 դեպքերով նախաքննությունը շարունակվում է մինչ օրս։

    2017 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 4 ԺԶ, 1 սպայի և 1 ՊԶ ինքնասպանության դեպք, որոնցով հարուցված քրեական գործերից մեկը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2 գործ՝ 2 մեղադրյալով գտնվում են դատաքննության փուլում, իսկ մյուս 4 դեպքերով նախաքննությունը շարունակվում է մինչ օրս։

    2018 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 3 ԺԶ, 2 սպայի և 1 ՊԶ ինքնասպանության դեպք, որոնցով հարուցվել է 6 քրեական գործ․ 5-ը՝ ինքնասպանության հասցնելու, մեկը՝ նաև ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելու հոդվածով։ Երեք վարույթ կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով, մեկ գործ՝ մեկ մեղադրյալով գտնվում է դատաքննության փուլում, իսկ 2-ով նախաքննությունը շարունակվում է մինչ օրս։

    2019 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 3 ԺԶ և 1 ՊԶ ինքնասպանության դեպք, որոնց վերաբերյալ հարուցված գործերից 2-ը կարճվել են հանցագործության դեպքի բացակայության հիմքով, մյուս 2-ի նախաքննությունը շարունակվում է՝ պասիվացված վարույթների կարգավիճակով։

    Ծառայության հետ չկապված արձանագրվել է 2 ՊԶ-ի և 1 ենթասպայի ինքնասպանության դեպք, որոնցից 2-ով վարույթները կարճվել են, մեկով նախաքննությունը շարունակվում է։

    2020 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 1 ԺԶ, 1 ՊԶ և 2 պահեստազորայինի (1-ը 44-օրյայի ժամանակ) ինքնասպանության դեպք, որոնցից 3 դեպքով քրեական գործեր են հարուցվել ինքնասպանության հասցնելու, ևս մեկով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Բոլոր 4 գործերով նախաքննությունը շարունակվում է՝ պասիվացված վարույթների կարգավիճակով։

    Ծառայության հետ չկապված արձանագրվել է 3 ՊԶ-ի և 1 սպայի ինքնասպանության դեպք, այդ 4 դեպքերից մեկով քրեական գործ հարուցելը մերժվել է, մեկը կարճվել է, իսկ մյուս 2-ով նախաքննությունը շարունակվում է։

    2021 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 3 ԺԶ և 1 ՊԶ ինքնասպանության դեպք։ Այդ 3 դեպքով քրեական վարույթ է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, ևս մեկով՝ նույն հոդվածով և զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու հատկանիշներով։ Դրանցից մեկով 2 անձ դատապարտվել է տարբեր ժամկետներով ազատազրկման, 2 գործով նախաքննությունը շարունակվում է, իսկ մեկ գործ՝ 3 մեղադրյալով, գտնվում է դատաքննության փուլում։

    Ծառայության հետ չկապված արձանագրվել է 1 ՊԶ-ի, 1 ԺԶ-ի և 1 սպայի ինքնասպանության դեպք, որոնցից մեկով քրեական գործ հարուցելը մերժվել է, մյուսով վարույթը կարճվել է, իսկ մեկ դեպքի ընթացքի վերաբերյալ տեղեկություն չի ներկայացվել։

    2022 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 5 ԺԶ ինքնասպանության դեպք, 5 դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Դրանցից 3-ով նախաքննությունը շարունակվում է, մեկ գործով մեկ մեղադրյալ գտնվում է դատաքննության փուլում, իսկ մեկ գործով 2 անձ դատապարտվել է տարբեր ժամկետներով ազատազրկման։

    2023 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 6 ԺԶ ինքնասպանության դեպք, որոնցից 5 դեպքով վարույթներ են նախաձեռնվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, իսկ մեկ դեպքով՝ նաև սպանության հոդվածով։ Մեկ վարույթ կարճվել է՝ դեպքով որևէ հանցանքի բացակայության հիմքով, իսկ մյուս 5 վարույթները՝ ընդհանուր 11 մեղադրյալով, գտնվում են դատաքննության փուլում։

    Ծառայության հետ չկապված մահացել է 1 ԺԶ, այդ դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով նախաձեռնված վարույթը ևս կարճվել է՝ որևէ հանցանքի բացակայության հիմքով։

    2024 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 4 ԺԶ, 2 ՊԶ, 1 մեկ սպայի ինքնասպանության դեպք։ Ծառայության հետ կապված 7 դեպքով վարույթներ են նախաձեռնվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Դրանցից 4-ը՝ յուրաքանչյուրում 2-ական մեղադրյալով, ուղարկվել է դատարան և գտնվում է դատաքննության փուլում, 2-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ մեկի ընթացքի վերաբերյալ տեղեկություն չի ներկայացվել։

    Ծառայության հետ չկապված մեկ դեպքով մահացել է 1 ենթասպա, այս գործի նախաքննությունը շարունակվում է մինչ օրս։

    2025 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 2 ԺԶ ինքնասպանության դեպք, որոնցից 2 դեպքով նախաձեռնվել են վարույթներ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Երկու գործերն էլ՝ համապատասխանաբար 3 և 1 մեղադրյալով, ուղարկվել են դատարան և գտնվում են դատաքննության փուլում։

    Ծառայության հետ չկապված դեպքերով մահացել է 2 ՊԶ, այս 2 դեպքով վարույթների նախաքննությունը շարունակվում է։

    2026 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է ծառայության հետ կապված 3 ԺԶ և 2 ՊԶ ինքնասպանության դեպք։ Այս 5 դեպքերից 2-ով վարույթ է նախաձեռնվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, 2-ով՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու, մեկով՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Դրանցից 4-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ մեկ գործ ուղարկվել է դատարան։

    Ծառայության հետ չկապված ևս 2 դեպքով նախաքննությունը շարունակվում է։

    Զինծառայողի կարգավիճակ Ինքնասպանության դեպքերի թիվ
    Պարտադիր ժամկետային զինծառայող (ԺԶ) 56
    Պայմանագրային զինծառայող (ՊԶ) 21
    Սպա 8
    Ենթասպա 2
    Սպա + ենթասպա միասին 10
    Պահեստազորային 2
    Ընդամենը  89

    Մնացած 8 դեպքով զինծառայողների կարգավիճակը նշված չէ։

    Ընդհանուր պատկերը

    Դատախազությունից ստացված տվյալների հաշվարկով՝ ինքնասպանությունների դեպքերով 17 անձ դատապարտվել է տարբեր ժամկետներով ազատազրկման։ Եվս մեկ անձ դատապարտվել է կարգապահական գումարտակում պահելու։

    Միաժամանակ 25 վարույթ կամ քրեական գործ կարճվել է տարբեր հիմքերով։ Առանձին՝ առնվազն 3 դեպքով քրեական գործ հարուցելը մերժվել է։

    Տասնյակ վարույթներ դեռ ավարտված չեն։ Ներկայացված տվյալների հաշվարկով՝ 39 վարույթ գտնվում է նախաքննության փուլում կամ շարունակում է մնալ չավարտված նախաքննության շրջանակում, այդ թվում՝ պասիվացված կարգավիճակով, իսկ 17 գործ գտնվում է դատաքննության փուլում։

    Այսպիսով, առնվազն 56 վարույթ դեռ վերջնական դատավարական հանգուցալուծում չունի։

    Ընդ որում, չավարտված վարույթների թվում կան նաև ավելի քան տասը տարի առաջ արձանագրված դեպքեր։ Դեռևս 2012-2018 թվականներին տեղի ունեցած մի շարք ինքնասպանությունների գործերով նախաքննությունը կամ դատաքննությունը շարունակվում է։

    Սա կարևոր է հատկապես վերջին տարիների տվյալները գնահատելիս․ միայն ներկայում առկա դատապարտումների թվով հնարավոր չէ գնահատել քննությունների վերջնական արդյունավետությունը, քանի որ բազմաթիվ վարույթների արդյունքները դեռ հայտնի չեն։

    ՀՔԱՎ-ի և Դատախազության թվերը չեն համընկնում

    Ուսումնասիրության ընթացքում տվյալներ ենք խնդրել նաև ՀՔԱՎ-ից։ Իրավապաշտպան կազմակերպությունից հայտնել են, որ իրենց վիճակագրության մեջ ինքնասպանությունները չեն տարանջատվում ծառայության հետ կապված և չկապված լինելու սկզբունքով։

    Տվյալների համադրումը հետևյալ պատկերն է տալիս․

    Տարի ՀՔԱՎ Դատախազության պատասխանը FIP.am-ին
    2010 4 2
    2011 11 6
    2012 12 7
    2013 8 5
    2014 3 2
    2015 6 1
    2016 15 7
    2017 10 7
    2018 11 6
    2019 10 7
    2020 18 8
    2021 9 7
    2022 6 6
    2023 10 7
    2024 9 8
    2025 6 4
    2026 8 7
    Ընդամենը 156 97

    Միայն 2022 թվականի տվյալներն են երկու աղբյուրներում համընկնում՝ 6 դեպք։ Մնացած բոլոր տարիներին ՀՔԱՎ-ի ներկայացրած թիվն ավելի բարձր է։

    ՀՔԱՎ-ից տարբերությունը բացատրել են նրանով, որ իրենց տվյալներում ներառվել են նաև Արցախում արձանագրված զինծառայողների ինքնասպանությունները, մինչդեռ Գլխավոր դատախազությունից FIP.am-ին հայտնել են, որ հարցմանն ի պատասխան տրամադրվել են միայն ՀՀ զինված ուժերին վերաբերող տվյալները։

    Սակայն այս հանգամանքը չի բացատրում բոլոր տարբերությունները։ Թվերի անհամապատասխանությունը պահպանվում է նաև 2023 թվականից հետո։

    Դատախազությունը դրանց պատճառների վերաբերյալ պարզաբանում չի ներկայացրել։

    Իրար չեն համապատասխանում նաև հենց Դատախազության տվյալները

    FIP.am-ն ուսումնասիրել է նաև Գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած տարեկան հաղորդումները։

    Դատախազությունից հայտնել են, որ այդ հաղորդումներում ներառված են նաև Արցախում տեղի ունեցած ինքնասպանությունները։

    Սակայն հաղորդումներում ներկայացված թվերը ևս մի շարք տարիների համար չեն համընկնում ո՛չ ՀՔԱՎ-ի տվյալների, ո՛չ էլ Դատախազության՝ FIP.am-ին տրամադրած թվերի հետ։

    Տարի Գլխավոր դատախազի՝ ԱԺ հաղորդում ՀՔԱՎ Դատախազության պատասխանը FIP.am-ին
    2010 3 4 2
    2011 5 11 6
    2012 9 12 7
    2013 8 8 5
    2014 3 3 2
    2015 6 6 1
    2016 նշված չէ 15 7
    2017 10 10 7
    2018 11 11 6
    2019 1 10 7
    2020 13 18 8
    2021 նշված չէ 9 7
    2022 5 6 6
    2023 7 10 7
    2024 7 9 8
    2025 4 6 4

    Օրինակ՝ 2012 թվականի վերաբերյալ Գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած հաղորդման մեջ նշված է 9 ինքնասպանություն, ՀՔԱՎ-ն արձանագրել է 12, իսկ FIP.am-ի հարցմանն ի պատասխան Դատախազությունը հայտնել է 7 դեպքի մասին։

    2020 թվականի համար երեք աղբյուրներում համապատասխանաբար նշված է 13, 18 և 8 դեպք։

    Տարբերություն կա նաև 2024 թվականի համար․ ԱԺ հաղորդման մեջ նշված է 7 դեպք, ՀՔԱՎ-ի տվյալներում՝ 9, իսկ Դատախազության՝ FIP.am-ի հարցմանն ուղարկված պատասխանում՝ 8։

    ԱԺ հաղորդումներում մեր ուսումնասիրած և հստակ թվային տվյալ պարունակող տարիների ցուցանիշների հանրագումարը 92 է։ Սակայն 92-ը չի կարելի ներկայացնել որպես 2010-2025 թվականների ինքնասպանությունների ամբողջական թիվ, քանի որ 2016 և 2021 թվականների համար համապատասխան ցուցանիշները մեր ուսումնասիրած հաղորդումներում նշված չեն։

    Ինչո՞ւ են տարբերությունները առաջանում

    ՀՔԱՎ-ն իր զեկույցները կազմում է մի քանի աղբյուրների համադրմամբ՝ պաշտոնական գրություններ, Դատախազության պատասխաններ, Պաշտպանության նախարարության տեղեկություններ, լրատվամիջոցների հրապարակումներ և սեփական մշտադիտարկում։

    Տարբեր տարիներին նաև պետական մարմինների կողմից տվյալների հրապարակման և տրամադրման մոտեցումները միատեսակ չեն եղել։

    ՀՔԱՎ-ի ներկայացրած ամփոփման համաձայն՝ 2014-2016 թվականներին Դատախազությունը հիմնականում տրամադրել է մահացության դեպքերի թվային տվյալները՝ ըստ պատճառների։ Զոհվածների ամբողջական ցանկերը կա՛մ չեն տրամադրվել, կա՛մ դրանց տրամադրումը մերժվել է՝ հղում անելով անձնական կյանքի և նախաքննության գաղտնիությանը։

    2017 թվականին տրամադրվել են ընդհանուր թվեր և առանձին դեպքերի վերաբերյալ տեղեկություններ, սակայն ոչ ամբողջական անվանական ցանկ։

    2018-2020 թվականներին արդեն հրապարակվել են ավելի մանրամասն տվյալներ՝ նաև զինծառայողների անուններով։

    Այսինքն՝ տարբեր տարիների պաշտոնական տեղեկատվության ծավալը, հաշվառման շրջանակը և հրապարակման ձևաչափը միատեսակ չեն եղել։

    Սակայն սա ինքնին չի բացատրում նույն կամ համադրելի ժամանակահատվածների համար առկա բոլոր թվային անհամապատասխանությունները։

    Եզրակացություն

    Այսպիսով, 2010 թվականից ի վեր զինծառայողների ինքնասպանությունների վերաբերյալ միասնական և հանրության համար հասանելի վիճակագրական պատկեր չկա։

    Պաշտպանության նախարարությունը FIP.am-ին չի տրամադրել պահանջված վիճակագրական տվյալները՝ ուղղորդելով Գլխավոր դատախազություն։ Ավելի ուշ, սակայն, նախարարության ներկայացուցիչը հրապարակայնորեն հայտարարել է, որ ՊՆ-ում առկա են բոլոր տարիներին արձանագրված մահվան դեպքերի տվյալները։

    Միաժամանակ տարբեր աղբյուրների թվերը էապես տարբերվում են։

    • Գլխավոր դատախազությունը 2010 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար հայտնել է 97 դեպքի մասին
    • ՀՔԱՎ-ի՝ 2010-2026 թվականների հրապարակած տվյալների հանրագումարը 156 է
    • Գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած և հստակ թվեր պարունակող հաղորդումների ցուցանիշների հանրագումարը 92 է, սակայն այն ամբողջական չէ․ բացակայում են 2016 և 2021 թվականների թվերը։

    Տարբերությունների մի մասը կարող է պայմանավորված լինել հաշվառման տարբեր շրջանակներով, մասնավորապես՝ Արցախի Պաշտպանության բանակում արձանագրված դեպքերի ներառմամբ։ Սակայն այդ հանգամանքը չի բացատրում բոլոր անհամապատասխանությունները, այդ թվում՝ 2023 թվականից հետո պահպանվող տարբերությունները։

    Ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ ինքնասպանությունների մի շարք դեպքերով քննությունները տարիներ շարունակ վերջնական հանգուցալուծում չեն ստացել։ Դատախազության տրամադրած տվյալների հաշվարկով՝ 17 անձ դատապարտվել է ազատազրկման, ևս մեկ անձ՝ կարգապահական գումարտակում պահելու, 28 վարույթ կամ քրեական գործ կարճվել է, իսկ առնվազն 56 վարույթ դեռ գտնվում է նախաքննության կամ դատաքննության փուլում։

    Ընդ որում, չավարտված վարույթների թվում կան նաև 2012-2018 թվականներին արձանագրված դեպքեր։

    Այս ամենը դժվարացնում է ոչ միայն զինված ուժերում ինքնասպանությունների իրական դինամիկայի գնահատումը, այլև դրանց պատճառների, քրեական քննությունների արդյունավետության և կանխարգելման պետական քաղաքականության արդյունքների ամբողջական գնահատումը։

    Արեն Նահապետյան

    Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները՝ TRIPP-ի մասին

    Ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած մի շարք պնդումներ ՀԱՊԿ-ի և 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ չեն համապատասխանում փաստերին։

    The post «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները՝ TRIPP-ի մասին appeared first on FIP.AM.

  • Կիբեռհանցագործությունների թիվն աճում է․ ինչպես է Հայաստանը պայքարում դրանց դեմ

    Վերջին տարիներին Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը շարունակաբար աճում է․ եթե 2023 թվականին արձանագրվել էր 1236 կիբեռհանցագործություն, ապա 2026 թվականի միայն առաջին կիսամյակում դրանց թիվն արդեն հասել է 1488-ի։

    Պաշտոնական տվյալները՝ ըստ տարիների․

    • 2023թ․ — 1236 դեպք
    • 2024թ․ — 1474 դեպք
    • 2025թ․ — 1501 դեպք
    • 2026թ․ առաջին կիսամյակ — 1488 դեպք

    Ինֆոգրաֆիկայում 2026-ի ցուցանիշը առաջին կիսամյակն է

    Կիբեռսպառնալիքների աճի պայմաններում 2024 թվականին Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանում։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Հայաստանում կիբեռհանցագործությունների վիճակագրությունն ու նորաստեղծ ստորաբաժանման գործունեության արդյունքները։ Փորձել ենք պարզել, թե ինչ հանցագործություններ են առավել տարածված, քանի հանցավոր խումբ է բացահայտվել, որքան գումար է վերականգնվել և ինչ գործիքներ են ներդրվել կիբեռհանցագործությունների դեմ պայքարում։

    Համակարգչային հափշտակություններն ամենատարածվածն են

    2023-2026 թվականների տվյալները ցույց են տալիս, որ արձանագրված կիբեռհանցագործությունների զգալի մասը համակարգչային հափշտակություններ են։

    • 2023 թվականին արձանագրվել է 568 խարդախություն, 630 համակարգչային հափշտակություն և համակարգիչ, համակարգչային համակարգ կամ ցանց ներթափանցելու 38 դեպք։
    • 2024 թվականին՝ 599 խարդախություն, 853 համակարգչային հափշտակություն և համակարգիչ, համակարգչային համակարգ կամ ցանց ներթափանցելու 22 դեպք։
    • 2025 թվականին՝ 537 խարդախություն, 922 համակարգչային հափշտակություն և համակարգիչ, համակարգչային համակարգ կամ ցանց ներթափանցելու 42 դեպք։
    • 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն արձանագրվել է 508 խարդախություն, 942 համակարգչային հափշտակություն, համակարգիչ, համակարգչային համակարգ կամ ցանց ներթափանցելու 27 դեպք, համակարգչային սաբոտաժի 4 և համակարգչային տվյալներն ապօրինի որսալու կամ դրանց տիրանալու 7 դեպք։

    Այսինքն՝ 2026 թվականի առաջին վեց ամիսներին միայն համակարգչային հափշտակությունների թիվն արդեն գերազանցել է ամբողջ 2025 թվականի ցուցանիշը։

    Հազարավոր հանցագործություններ, բայց տասնյակ վարույթներ են հասնում դատարան․ ինչպե՞ս

    «Փաստերի ստուգման հարթակը» Քննչական կոմիտեից հետաքրքրվել է նաև, թե կիբեռհանցագործությունների վերաբերյալ քանի քրեական վարույթ է ուղարկվել դատարան։

    Ըստ տրամադրված տվյալների՝

    • 2023 թ․ — 11 վարույթ
    • 2024 թ․ — 19 վարույթ
    • 2025 թ․ — 29 վարույթ
    • 2026 թ․ — 12 վարույթ

    Առաջին հայացքից այս թվերը խիստ փոքր են արձանագրված կիբեռհանցագործությունների ընդհանուր քանակի համեմատ։ Սակայն Քննչական կոմիտեից պարզաբանել են, որ մեկ քրեական վարույթում կարող են միավորվել մեծ թվով հանցագործության դեպքեր։

    Օրինակ՝ եթե նույն անձը հեռախոսային խաբեության միջոցով հափշտակում է 100 քաղաքացու գումար, վիճակագրությունում դրանք կարող են հաշվառվել որպես 100 առանձին հանցագործություն, մինչդեռ դատարան ուղարկվել մեկ քրեական վարույթի շրջանակում։

    Կոմիտեից նաև հայտնել են, որ առանձին վարույթներում ներառված հանցագործությունների քանակի վերաբերյալ միասնական վիճակագրություն չի վարվում։ Այդ տվյալները ստանալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր վարույթի առանձին ուսումնասիրություն։

    Ի՞նչ է առցանց խարդախությունը, քարտային տվյալների հափշտակությունն ու ֆիշինգը

    Առցանց խարդախությունը համացանցի, սոցիալական ցանցերի, հաղորդագրությունների, էլեկտրոնային փոստի կամ առցանց ծառայությունների միջոցով իրականացվող խաբեություն է, որի նպատակը մարդկանցից գումար կամ անձնական ու ֆինանսական տվյալներ կորզելն է։ Օրինակ՝ խարդախը կարող է ներկայանալ որպես բանկի աշխատակից, առցանց խանութի ներկայացուցիչ կամ նույնիսկ ծանոթ անձ և համոզել զոհին գումար փոխանցել կամ հայտնել գաղտնի տվյալներ։

    Բանկային քարտի տվյալների հափշտակության դեպքում հանցագործները փորձում են ձեռք բերել քարտի համարը, գործողության ժամկետը, անվտանգության CVV/CVC կոդը կամ վճարում կատարելու համար անհրաժեշտ այլ տվյալներ։ Դրանք հետագայում կարող են օգտագործվել չարտոնված վճարումների կամ այլ խարդախությունների համար։

    Ֆիշինգը (phishing) առցանց խարդախության տարածված մեթոդներից է։ Հանցագործները ներկայանում են որպես վստահելի կազմակերպություն կամ անձ, օրինակ՝ բանկ, պետական մարմին, առաքման ծառայություն կամ հայտնի առցանց հարթակ։

    Զոհին սովորաբար ուղարկվում է իրականին նմանվող կեղծ կայքի հղում, որտեղ պահանջվում է մուտքագրել գաղտնաբառ, բանկային քարտի տվյալներ կամ այլ անձնական տեղեկություն։ Մուտքագրված տվյալներն այդպիսով հայտնվում են խարդախների ձեռքում։

    12 հանցավոր խումբ և ավելի քան 1 միլիարդ դրամի վերականգնում

    Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման ստեղծումից հետո բացահայտվել է 12 հանցավոր խմբի գործունեություն։

    Դրանցից՝

    • 1-ը՝ 2024 թվականին,
    • 4-ը՝ 2025 թվականին,
    • 7-ը՝ 2026 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ։

    Ըստ ՆԳՆ-ի՝ այս գործերով արդեն վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 1 միլիարդ 77 միլիոն դրամի վնաս, իսկ 45 անձի մեղադրանք է ներկայացվել։

    Բացահայտված խմբերի գործունեությունը վերաբերել է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ ֆինանսական խարդախություններին, համակարգչային հափշտակություններին, կեղծ ներդրումային հարթակներին, ապօրինի առցանց խաղային գործունեությանը, հեռահաղորդակցման համակարգերում զանգերի ապօրինի տերմինացիային և ֆիշինգային հարձակումների միջոցով օգտահաշիվների յուրացմանը։

    Կիբեռգործիքներով բացահայտվել են նաև այլ հանցագործություններ

    ՆԳՆ-ից հայտնում են, որ մասնագիտացված ստորաբաժանման գործունեությունը չի սահմանափակվում միայն դասական կիբեռհանցագործությունների բացահայտմամբ։ ՆԳՆ-ի տվյալներով՝ կրիպտոակտիվների վերլուծության և միջազգային համագործակցության միջոցով ստորաբաժանումը մասնակցել է նաև ԱՄՆ քաղաքացու առևանգման դեպքի բացահայտմանը, որի քննության ընթացքում օգտագործվել են թվային հետքեր։

    Բացահայտվել է նաև համացանցում երեխաների սեռական շահագործմանն առնչվող երկու դեպք։ Երկու գործերով էլ մեկական անձ դատավճռով մեղավոր է ճանաչվել մանկական պոռնոգրաֆիկ նյութեր պահելու և տարածելու համար։

    Կանխվել են միլիոնավոր դրամների հափշտակություններ

    ՆԳՆ-ի տվյալներով՝ ստորաբաժանման միջամտությամբ հաջողվել է կանխել քաղաքացիներից շուրջ 7 միլիոն և 15 միլիոն դրամ հափշտակելու երկու փորձ։ Կապի օպերատորների հետ համագործակցությամբ սահմանափակվել է նաև մի շարք ֆիշինգային կայքերի հասանելիությունը։ Միջազգային գործընկերների աջակցությամբ արգելափակվել են ֆինանսական բուրգի սկզբունքով գործող և Հայաստանի քաղաքացիներին թիրախավորող առցանց հարթակներ։

    Թեժ գիծ, Telegram-ալիք և «Կիբեռմարտահրավեր»

    Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղություններից մեկն էլ կանխարգելումն ու հանրային իրազեկումն է։

    ՆԳՆ-ն ստեղծել է մասնագիտական խորհրդատվություն տրամադրող 011 52 52 52 թեժ գիծը և կիբեռսպառնալիքների մասին օպերատիվ տեղեկություններ հրապարակող Telegram-ալիքը։

    Գործարկվել է նաև «Կիբեռմարտահրավեր» իրազեկման տեսաշարը։ Կրթական հաստատություններում անցկացվում են դասախոսություններ ու հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվում են առցանց խարդախությունների հիմնական տեսակներն ու թվային անվտանգության կանոնները։

    Միջազգային համագործակցություն

    Կիբեռհանցագործությունները հաճախ չեն սահմանափակվում մեկ երկրի տարածքով, ինչի պատճառով դրանց դեմ պայքարում կարևոր նշանակություն ունի միջազգային համագործակցությունը։

    Հայկական ստորաբաժանումը համագործակցում է Ինտերպոլի, Եվրոպոլի, ինչպես նաև «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի անդամ երկրների իրավապահ մարմինների հետ։ Այդ համագործակցության օրինակներից է Եվրոպոլի համակարգմամբ իրականացված Operation Endgame («Վերջնախաղ») միջազգային գործողությունը, որն ուղղված էր վնասաբեր ծրագրերի միջոցով գործող անդրազգային հանցավոր ցանցերի խափանմանը։

    Գործողության շրջանակում տարբեր երկրներում իրականացվել է շուրջ երկու տասնյակ խուզարկություն, ձերբակալվել է 4 անձ, որոնցից մեկը՝ Հայաստանում, վնասազերծվել է շուրջ 100 սերվեր, իսկ իրավապահների վերահսկողության տակ է անցել ավելի քան 2000 դոմեն։

    Մինչև տարեվերջ նախատեսվում է ստեղծել կիբեռլաբորատորիա

    ՆԳՆ-ում նախատեսվում է մինչև 2026 թվականի տարեվերջ ստեղծել նաև կիբեռլաբորատորիա՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ։ Ըստ նախարարության՝ լաբորատորիան կհագեցվի ժամանակակից համակարգչատեխնիկական սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ։ Ակնկալվում է, որ այն կօգնի բարձրացնել ինչպես կիբեռհանցագործությունների, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող այլ հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը։

    Եզրակացություն

    Այսպիսով, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համակարգը վերջին երկու տարում նկատելիորեն ընդլայնվել է, ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, բացահայտվել են տասնյակ հանցավոր խմբեր, վերականգնվել է ավելի քան 1 մլրդ դրամ, զարգացել է միջազգային համագործակցությունը, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է ստեղծել համապատասխան լաբորատորիա։ 

    Սակայն թվերը ցույց են տալիս մյուս կողմը․ կիբեռհանցագործությունների աճի տեմպը դեռևս չի հաջողվում կասեցնել։ 2026 թվականի ընդամենը վեց ամսում արձանագրվել է կիբեռհանցագործության գեթե այնքան դեպք, որքան 2025 թվականի ամբողջ ընթացքում, իսկ համակարգչային հափշտակությունների թիվն արդեն գերազանցել է նախորդ տարվա ամբողջ ցուցանիշը։ 

    Ստացվում է իրավապահների գործիքակազմերի մեծացմանն ու բացահայտման արդյունքներին զուգահեռ, մեծանում է նաև խնդրի մասշտաբը՝ ընդգրկելով հանրության լայն շերտերի։ 

    Արեն Նահապետյան

    Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները: