2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը, և ինչ մասնաբաժին են նրանք կազմել աշակերտների ընդհանուր թվում։
FIP.am-ի հարցմանն ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2018-2019 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում սովորել է ՌԴ քաղաքացիություն ունեցող 2․091 աշակերտ, իսկ 2025-2026-ին՝ 4․019։ Այսինքն՝ ուսումնասիրված ժամանակահատվածում նրանց թիվն ավելացել է 1․928-ով կամ շուրջ 92%-ով՝ գրեթե կրկնապատկվելով։
Աճը, սակայն, հավասարաչափ չի եղել։ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը նախ նվազել է՝ 2020-2021թթ.-ին հասնելով ուսումնասիրված ժամանակահատվածի նվազագույն ցուցանիշին՝ 1․785-ի, որից հետո տարիներ շարունակ գրանցվել է շարունակական աճ։
ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թվի բացարձակ աճին զուգահեռ ավելացել է նաև նրանց տոկոսային մասնաբաժինը՝ Հայաստանի աշակերտների ընդհանուր թվում 2018-2019 ուստարվա 0.55%-ից 2025-2026-ին հասելով 0.95%-ի։
Նշենք, որ խոսքը ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում (պետական ու ոչ պետական) աշակերտների մասին է։
Ամենամեծ տարեկան աճը՝ 2022-2023 ուսումնական տարում
Տվյալների համադրումը ցույց է տալիս, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թվի տարեկան ամենամեծ աճը գրանցվել է 2022-2023 (ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի տարին-խմբ․) ուսումնական տարում, երբ նրանց թիվը 1․879-ից հասել է 2․735-ի՝ մեկ տարում ավելանալով 856-ով կամ շուրջ 45.6%-ով։
Հաջորդ տարիներին ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը շարունակել է աճել, սակայն ավելի ցածր տեմպերով․ նախորդող ուսումնական տարվա համեմատ 2023-2024-ին աճը կազմել է 20.8%, 2024-2025-ին՝ 8.6%, իսկ 2025-2026-ին՝ 12%։
ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների մասնաբաժինը՝ աշակերտների ընդհանուր թվում
ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվն աճել է ոչ միայն բացարձակ թվով, այլև աշակերտների ընդհանուր թվում ունեցած տոկոսային մասնաբաժնով։
Պաշտոնական վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018-2019-ից մինչ 2020-2021 ուսումնական տարին ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների մասնաբաժինը նվազել է՝ 0.55%-ից հասնելով 0.45%-ի։ Դրանից հետո միտումը փոխվել է, և մասնաբաժինը սկսել է աճել։
2025-2026 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորող 424․939 աշակերտից 4․019-ը ՌԴ քաղաքացիություն ուներ, ինչը կազմում է ընդհանուրի մոտ 0.95%-ը։
Այսպիսով, 2018-2019-ի համեմատ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների մասնաբաժինը Հայաստանի աշակերտների ընդհանուր թվում աճել է շուրջ 1.7 անգամ՝ 0.55%-ից հասնելով 0.95%-ի։ Այլ կերպ ասած՝ եթե 2018-2019-ին յուրաքանչյուր 1․000 աշակերտից մոտ 5-6-ն ուներ ՌԴ քաղաքացիություն, ապա 2025-2026-ին՝ մոտ 9-10-ը:
ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների շրջանում տղաներն ավելի շատ են
ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների շրջանում ուսումնասիրված ամբողջ ժամանակահատվածում տղաների թիվը գերազանցել է աղջիկների թվին։
2025-2026 ուսումնական տարում ՌԴ քաղաքացիություն ունեցող 4․019 աշակերտից 2․204-ը տղա է, 1․815-ը՝ աղջիկ։ Տղաները կազմում են 54.8%-ը, աղջիկները՝ 45.2%-ը։
Համեմատության համար՝ 2018-2019-ին 2․091 աշակերտից 1․124-ը տղա էր, 967-ը՝ աղջիկ, որը կազմում էր համապատասխանաբար 53.8% և 46.2%։
Այսպիսով, 2018-2019 թթ․ ուստարուց մինչև 2025-2026 թթ․ ուստարիները ՌԴ քաղաքացիություն ունեցող տղաների թիվը 1․124-ից հասել է 2․204-ի՝ աճելով 1․080-ով կամ շուրջ 96%-ով։ Միևնույն ժամանակ Հայաստանի դպրոցներում ՌԴ քաղաքացիություն ունեցող տղա աշակերտների տոկոսային մասնաբաժինն աճել է 1 տոկոսային կետով՝ 53.8%-ից հասնելով 54.8%-ի։
ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների շուրջ 69%-ը սովորում է Երևանում
2025-2026 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորող ՌԴ քաղաքացիություն ունեցող 4․019 աշակերտից 2․767-ը՝ շուրջ 69%-ը, սովորել է Երևանում։
Մարզերից ամենամեծ թիվը գրանցվել է Շիրակում՝ 317 աշակերտ, որին հաջորդում են Կոտայքը՝ 220, Լոռին՝ 208 և Արմավիրը՝ 154։
Մնացած բոլոր մարզերին միասին բաժին է ընկնել մոտ 31.1%-ը՝ 1․252 աշակերտ։
Այսպիսով, վերջին 8 ուսումնական տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 2․091-ից հասնելով 4․019-ի։ Միևնույն ժամանակ, տղաների մասնաբաժինն աճել է 1%-ային կետով՝ 53.8%-ից հասնելով 54.8%-ի։ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների գերակշիռ մասը կենտրոնացած է Երևանում․ 2025-2026թթ․-ին նրանց շուրջ 69%-ը սովորել է Երևանում։
Գայանե Մարկոսյան
Կարդացեք նաև — 2018-ից մինչ այժմ 11,830 արական սեռի անչափահաս հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից
Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։




Leave a Reply