Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց

Written by

in

Վերջին շրջանում բանակում ոչ մարտական պայմաններում մահվան, հատկապես ինքնասպանության դեպքերը լայն քննարկման թեմա են դարձել։

Յուրաքանչյուր նոր դեպքից հետո հնչում են նույն հարցերը՝ որքա՞ն է իրական թիվը, ինչպե՞ս են քննվում դեպքերը և ի՞նչ է արվում դրանք կանխարգելելու համար։

Սակայն այս հարցերի հստակ պատասխանները գտնելը, պարզվում է, հեշտ գործ չէ։

2026 թվականի հուլիսի 23-ի դրությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) տվյալներով՝ արձանագրվել էր զինծառայողների ինքնասպանության 8 դեպք։ Իսկ ավելի լայն ժամանակահատվածի պատկերը վերականգնելիս պարզվում է, որ հանրությանը հասանելի տվյալները ոչ միայն ամբողջական չեն, այլ նաև հասանելի չեն։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2010 թվականից ի վեր զինված ուժերում զինծառայողների ինքնասպանությունների վիճակագրությունը, այդ դեպքերով իրականացված քրեական վարույթների ընթացքը և տարբեր աղբյուրների հրապարակած տվյալների միջև անհամապատասխանությունները։

Գլխավոր թվերը

  • Դատախազության պատասխանում՝ 97 դեպք (2010 թ․ հունվարի 1-ից մինչև 2026 թ․ հունիսի 30-ը),
  • ՀՔԱՎ-ի հրապարակած տվյալների հանրագումարում՝ 156 դեպք (2010-2026 թթ․),
  • առնվազն 56 վարույթ դեռ վերջնական դատավարական հանգուցալուծում չունի։

ՊՆ-ն տվյալներ չի տրամադրում

Ուսումնասիրության շրջանակում FIP.am-ը հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել 2010 թվականից ի վեր զինված ուժերում արձանագրված ինքնասպանությունների վերաբերյալ տվյալներ։

Մասնավորապես, հարցրել էինք, թե քանի ինքնասպանության դեպք է գրանցվել, դրանցից քանիսն են վերաբերել ժամկետային և պայմանագրային զինծառայողներին ու սպաներին, ինչպես նաև՝ դեպքերից քանիսն են համարվել զինվորական ծառայության հետ կապված և քանիսը՝ ոչ։

Բացի այդ, խնդրել էինք տեղեկություններ ինքնասպանության դեպքերով իրականացված քննությունների արդյունքների վերաբերյալ՝ քանի քրեական վարույթ է նախաձեռնվել, ինչ ընթացք և ավարտ են ունեցել դրանք, քանի անձ է ենթարկվել պատասխանատվության և ինչ կարգավիճակ են ունեցել այդ անձինք։

Առանձին հարցով հետաքրքրվել էինք նաև, թե 2010 թվականից ի վեր ինչ կանխարգելիչ ծրագրեր կամ մեխանիզմներ են ներդրվել զինված ուժերում՝ զինծառայողների շրջանում ինքնասպանությունների կանխարգելման նպատակով։

Արտապատկերումը՝ ՊՆ ուղարկված FIP.am-ի հարցումից

Պաշտպանության նախարարությունը, սակայն, վիճակագրական և քրեական վարույթներին վերաբերող հարցերից ոչ մեկին չի պատասխանել։ Գերատեսչությունն անդրադարձել է միայն կանխարգելման վերաբերյալ հարցին՝ նշելով, որ «ՀՀ զինված ուժերում մշտապես իրականացվում են միջոցառումներ՝ ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ»։ Թե կոնկրետ ինչ միջոցառումների, ծրագրերի կամ մեխանիզմների մասին է խոսքը, ՊՆ-ն չի հստակեցրել։

Միաժամանակ նախարարությունից հայտնել են, որ մյուս հարցերի պատասխանները ստանալու համար անհրաժեշտ է դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ Գլխավոր դատախազությանը։

Ուշագրավ է, որ ավելի ուշ՝ օգոստոսի 11-ին, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է․ «Մեզ մոտ առկա են նաև բոլոր ժամանակներում բոլոր տարիներին արձանագրված դեպքերը (խմբ․ բանակում մահվան դեպքերը)»։

Նույն հարցազրույցում Թորոսյանը որոշ տարիների վերաբերյալ նաև թվային տվյալներ է ներկայացրել՝ նշելով․ «Իհարկե, մեզ մոտ բոլոր տվյալներն առկա են»։

Այս հայտարարությունը հարցեր է առաջացնում․ եթե նախարարությունում առկա են բոլոր տարիների տվյալները, պարզ չէ, թե ինչու դրանց գոնե վիճակագրական մասը չի տրամադրվել FIP.am-ի հարցմանն ի պատասխան։

16 տարում՝ ինքնասպանության 97 դեպք․ Դատախազություն

Նույն հարցերը՝ բացառությամբ կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցի, FIP.am-ն ուղղել է ՀՀ գլխավոր դատախազությանը։ Դատախազությունը տրամադրել է 2010 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի տվյալները։

Ըստ դրանց՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների ինքնասպանության 97 դեպք։ Դրանցից միայն 23-ը ծառայության հետ կապ չեն ունեցել։

Տարեկան պատկերը հետևյալն է․

Տարի Ծառայության հետ կապված Ծառայության հետ չկապված Ընդամենը
2010 2 2
2011 5 1 6
2012 3 4 7
2013 5 5
2014 1 1 2
2015 1 1
2016 7 7
2017 7 7
2018 6 6
2019 4 3 7
2020 4 4 8
2021 4 3 7
2022 5 1 6
2023 6 1 7
2024 7 1 8
2025 2 2 4
2026՝ (մինչև հունիսի 30) 5 2 7
Ընդամենը 74 23 97

Գլխավոր դատախազության պարզաբանմամբ՝ զինծառայողների մահվան դեպքերը զինվորական ծառայության հետ կապված կամ չկապված դասակարգելիս հաշվի են առնվում դեպքի իրադրությունը, կոնկրետ հանգամանքները և մահվան պատճառի առնչությունը ծառայողական պարտականությունների կատարման հետ։

Օրինակ՝ ծառայության վայրում ծագած կոնֆլիկտի հետևանքով տեղի ունեցած ինքնասպանությունը կարող է դասակարգվել որպես ծառայության հետ կապված, իսկ ծառայության հետ առնչություն չունեցող ընտանեկան, ֆինանսական կամ այլ հանգամանքներով պայմանավորված դեպքը՝ ծառայության հետ չկապված։

Բացատրություն

Ինքնասպանության հասցնելու դեպքում անձը որոշակի վարքագծով՝ օրինակ՝ սպառնալիքներով, դաժան վերաբերմունքով, արժանապատվության պարբերական նվաստացմամբ կամ օրենքով նախատեսված այլ գործողություններով, տուժողին հասցնում է ինքնասպանության կամ դրա փորձի։

Այստեղ հանցավոր վարքագիծը գիտակցված է, և պետք է առկա լինի օրենքով պահանջվող պատճառական կապը այդ վարքագծի ու ինքնասպանության միջև։ 

Անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքում անձը չի ցանկանում տուժողի ինքնասպանությունը և համապատասխան հետևանքի նկատմամբ գործում է անզգուշությամբ․ օրինակ՝ չի կանխատեսում այդ հետևանքը, թեև տվյալ պայմաններում պետք է և կարող էր կանխատեսել, կամ կանխատեսում է, բայց անհիմն հույս ունի, որ այն չի առաջանա։

Ի՞նչ ընթացք են ունեցել ինքնասպանության դեպքերով քրեական վարույթները

Ինքնասպանությունների թիվը ինքնին ամբողջական պատկեր չի տալիս։ Կարևոր է նաև հասկանալ, թե դեպքերով իրականացված քննություններից քանիսն են հանգեցրել մեղադրվող անձի դատապարտման, քանիսն են կարճվել, իսկ քանիսը տարիներ անց դեռ չեն ավարտվել։

2010 թվականին արձանագրվել է 1 պարտադիր ժամկետային զինծառայողի (ԺԶ) և 1 սպայի ծառայության հետ կապված ինքնասպանության դեպք։ Այս 2 դեպքով քրեական գործեր են հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Դրանցից մեկը կարճվել է արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով (խմբ․ անձի կատարած գործողության կամ անգործության մեջ բացակայում է քրեական օրենքով նախատեսված հանցագործության առնվազն մեկ պարտադիր հատկանիշ), իսկ մյուսով 5 անձ դատապարտվել է տարբեր ժամկետներով ազատազրկման։

2011 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 5 ԺԶ ինքնասպանության դեպք։ 5 դեպքով հարուցված քրեական գործերից 3-ը կարճվել են արարքի մեջ հանցակազմի բացակայության, 2-ը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով (խմբ․ պարզվել է՝ այն հանցավոր իրադարձությունը, որի վերաբերյալ վարույթ է իրականացվել, իրականում տեղի չի ունեցել)։ 

Ծառայության հետ չկապված արձանագրվել է 1 պայմանագրային զինծառայողի (ՊԶ) ինքնասպանության դեպք, և այդ ինքնասպանության դեպքով քրեական գործ հարուցելը մերժվել է՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով։

2012 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 3 ԺԶ ինքնասպանության դեպք։ Ծառայության հետ կապված 3 դեպքով հարուցվել են քրեական գործեր։ 1-ը կարճվել է արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով, 1-ը հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իսկ 3-րդ գործով 2 անձ դատապարտվել է տարբեր ժամկետներով ազատազրկման։

Ծառայության հետ չկապված արձանագրվել է 1 պայմանագրային զինծառայողի (ՊԶ) ինքնասպանության դեպք և 4 դեպքով ևս քրեական գործեր են հարուցվել․ մեկ վարույթ կարճվել է, իսկ մյուս 3-ով նախաքննությունը շարունակվում է մինչ օրս։

2013 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 4 ԺԶ և 1 սպայի ինքնասպանության դեպք։ 5 դեպքով հարուցվել են քրեական գործեր։ Մեկ վարույթ կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով, մեկով նախաքննությունը շարունակվում է մինչ օրս, ևս մեկ գործ դատարան ուղարկվելուց հետո կարճվել է մեղադրյալի մահվան հիմքով։ Մյուս 2 դեպքերով 5 անձ դատապարտվել է տարբեր ժամկետներով ազատազրկման, ևս մեկ անձ՝ կարգապահական գումարտակում պահելու։

2014 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 1 ԺԶ ինքնասպանության դեպք, որով հարուցված քրեական գործով մեկ անձ դատապարտվել է ազատազրկման։

Ծառայության հետ չկապված ևս մեկ դեպքով հարուցված գործի նախաքննությունը շարունակվում է մինչ օրս։

2015 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 1 ԺԶ ինքնասպանության դեպք, մեկ ինքնասպանության դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

2016 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 5 ԺԶ և 2 ՊԶ ինքնասպանության դեպք։ Այս 7 դեպքով հարուցվել են քրեական գործեր ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Մեկ վարույթ կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Երեք գործ՝ 4 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, սակայն հետագայում քրեական հետապնդումները դադարեցվել են, իսկ վարույթները կարճվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Մյուս 3 դեպքերով նախաքննությունը շարունակվում է մինչ օրս։

2017 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 4 ԺԶ, 1 սպայի և 1 ՊԶ ինքնասպանության դեպք, որոնցով հարուցված քրեական գործերից մեկը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2 գործ՝ 2 մեղադրյալով գտնվում են դատաքննության փուլում, իսկ մյուս 4 դեպքերով նախաքննությունը շարունակվում է մինչ օրս։

2018 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 3 ԺԶ, 2 սպայի և 1 ՊԶ ինքնասպանության դեպք, որոնցով հարուցվել է 6 քրեական գործ․ 5-ը՝ ինքնասպանության հասցնելու, մեկը՝ նաև ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելու հոդվածով։ Երեք վարույթ կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով, մեկ գործ՝ մեկ մեղադրյալով գտնվում է դատաքննության փուլում, իսկ 2-ով նախաքննությունը շարունակվում է մինչ օրս։

2019 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 3 ԺԶ և 1 ՊԶ ինքնասպանության դեպք, որոնց վերաբերյալ հարուցված գործերից 2-ը կարճվել են հանցագործության դեպքի բացակայության հիմքով, մյուս 2-ի նախաքննությունը շարունակվում է՝ պասիվացված վարույթների կարգավիճակով։

Ծառայության հետ չկապված արձանագրվել է 2 ՊԶ-ի և 1 ենթասպայի ինքնասպանության դեպք, որոնցից 2-ով վարույթները կարճվել են, մեկով նախաքննությունը շարունակվում է։

2020 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 1 ԺԶ, 1 ՊԶ և 2 պահեստազորայինի (1-ը 44-օրյայի ժամանակ) ինքնասպանության դեպք, որոնցից 3 դեպքով քրեական գործեր են հարուցվել ինքնասպանության հասցնելու, ևս մեկով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Բոլոր 4 գործերով նախաքննությունը շարունակվում է՝ պասիվացված վարույթների կարգավիճակով։

Ծառայության հետ չկապված արձանագրվել է 3 ՊԶ-ի և 1 սպայի ինքնասպանության դեպք, այդ 4 դեպքերից մեկով քրեական գործ հարուցելը մերժվել է, մեկը կարճվել է, իսկ մյուս 2-ով նախաքննությունը շարունակվում է։

2021 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 3 ԺԶ և 1 ՊԶ ինքնասպանության դեպք։ Այդ 3 դեպքով քրեական վարույթ է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, ևս մեկով՝ նույն հոդվածով և զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու հատկանիշներով։ Դրանցից մեկով 2 անձ դատապարտվել է տարբեր ժամկետներով ազատազրկման, 2 գործով նախաքննությունը շարունակվում է, իսկ մեկ գործ՝ 3 մեղադրյալով, գտնվում է դատաքննության փուլում։

Ծառայության հետ չկապված արձանագրվել է 1 ՊԶ-ի, 1 ԺԶ-ի և 1 սպայի ինքնասպանության դեպք, որոնցից մեկով քրեական գործ հարուցելը մերժվել է, մյուսով վարույթը կարճվել է, իսկ մեկ դեպքի ընթացքի վերաբերյալ տեղեկություն չի ներկայացվել։

2022 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 5 ԺԶ ինքնասպանության դեպք, 5 դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Դրանցից 3-ով նախաքննությունը շարունակվում է, մեկ գործով մեկ մեղադրյալ գտնվում է դատաքննության փուլում, իսկ մեկ գործով 2 անձ դատապարտվել է տարբեր ժամկետներով ազատազրկման։

2023 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 6 ԺԶ ինքնասպանության դեպք, որոնցից 5 դեպքով վարույթներ են նախաձեռնվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, իսկ մեկ դեպքով՝ նաև սպանության հոդվածով։ Մեկ վարույթ կարճվել է՝ դեպքով որևէ հանցանքի բացակայության հիմքով, իսկ մյուս 5 վարույթները՝ ընդհանուր 11 մեղադրյալով, գտնվում են դատաքննության փուլում։

Ծառայության հետ չկապված մահացել է 1 ԺԶ, այդ դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով նախաձեռնված վարույթը ևս կարճվել է՝ որևէ հանցանքի բացակայության հիմքով։

2024 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 4 ԺԶ, 2 ՊԶ, 1 մեկ սպայի ինքնասպանության դեպք։ Ծառայության հետ կապված 7 դեպքով վարույթներ են նախաձեռնվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Դրանցից 4-ը՝ յուրաքանչյուրում 2-ական մեղադրյալով, ուղարկվել է դատարան և գտնվում է դատաքննության փուլում, 2-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ մեկի ընթացքի վերաբերյալ տեղեկություն չի ներկայացվել։

Ծառայության հետ չկապված մեկ դեպքով մահացել է 1 ենթասպա, այս գործի նախաքննությունը շարունակվում է մինչ օրս։

2025 թվականին արձանագրվել է ծառայության հետ կապված 2 ԺԶ ինքնասպանության դեպք, որոնցից 2 դեպքով նախաձեռնվել են վարույթներ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Երկու գործերն էլ՝ համապատասխանաբար 3 և 1 մեղադրյալով, ուղարկվել են դատարան և գտնվում են դատաքննության փուլում։

Ծառայության հետ չկապված դեպքերով մահացել է 2 ՊԶ, այս 2 դեպքով վարույթների նախաքննությունը շարունակվում է։

2026 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է ծառայության հետ կապված 3 ԺԶ և 2 ՊԶ ինքնասպանության դեպք։ Այս 5 դեպքերից 2-ով վարույթ է նախաձեռնվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, 2-ով՝ զինծառայողին ինքնասպանության հասցնելու, մեկով՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Դրանցից 4-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ մեկ գործ ուղարկվել է դատարան։

Ծառայության հետ չկապված ևս 2 դեպքով նախաքննությունը շարունակվում է։

Զինծառայողի կարգավիճակ Ինքնասպանության դեպքերի թիվ
Պարտադիր ժամկետային զինծառայող (ԺԶ) 56
Պայմանագրային զինծառայող (ՊԶ) 21
Սպա 8
Ենթասպա 2
Սպա + ենթասպա միասին 10
Պահեստազորային 2
Ընդամենը  89

Մնացած 8 դեպքով զինծառայողների կարգավիճակը նշված չէ։

Ընդհանուր պատկերը

Դատախազությունից ստացված տվյալների հաշվարկով՝ ինքնասպանությունների դեպքերով 17 անձ դատապարտվել է տարբեր ժամկետներով ազատազրկման։ Եվս մեկ անձ դատապարտվել է կարգապահական գումարտակում պահելու։

Միաժամանակ 25 վարույթ կամ քրեական գործ կարճվել է տարբեր հիմքերով։ Առանձին՝ առնվազն 3 դեպքով քրեական գործ հարուցելը մերժվել է։

Տասնյակ վարույթներ դեռ ավարտված չեն։ Ներկայացված տվյալների հաշվարկով՝ 39 վարույթ գտնվում է նախաքննության փուլում կամ շարունակում է մնալ չավարտված նախաքննության շրջանակում, այդ թվում՝ պասիվացված կարգավիճակով, իսկ 17 գործ գտնվում է դատաքննության փուլում։

Այսպիսով, առնվազն 56 վարույթ դեռ վերջնական դատավարական հանգուցալուծում չունի։

Ընդ որում, չավարտված վարույթների թվում կան նաև ավելի քան տասը տարի առաջ արձանագրված դեպքեր։ Դեռևս 2012-2018 թվականներին տեղի ունեցած մի շարք ինքնասպանությունների գործերով նախաքննությունը կամ դատաքննությունը շարունակվում է։

Սա կարևոր է հատկապես վերջին տարիների տվյալները գնահատելիս․ միայն ներկայում առկա դատապարտումների թվով հնարավոր չէ գնահատել քննությունների վերջնական արդյունավետությունը, քանի որ բազմաթիվ վարույթների արդյունքները դեռ հայտնի չեն։

ՀՔԱՎ-ի և Դատախազության թվերը չեն համընկնում

Ուսումնասիրության ընթացքում տվյալներ ենք խնդրել նաև ՀՔԱՎ-ից։ Իրավապաշտպան կազմակերպությունից հայտնել են, որ իրենց վիճակագրության մեջ ինքնասպանությունները չեն տարանջատվում ծառայության հետ կապված և չկապված լինելու սկզբունքով։

Տվյալների համադրումը հետևյալ պատկերն է տալիս․

Տարի ՀՔԱՎ Դատախազության պատասխանը FIP.am-ին
2010 4 2
2011 11 6
2012 12 7
2013 8 5
2014 3 2
2015 6 1
2016 15 7
2017 10 7
2018 11 6
2019 10 7
2020 18 8
2021 9 7
2022 6 6
2023 10 7
2024 9 8
2025 6 4
2026 8 7
Ընդամենը 156 97

Միայն 2022 թվականի տվյալներն են երկու աղբյուրներում համընկնում՝ 6 դեպք։ Մնացած բոլոր տարիներին ՀՔԱՎ-ի ներկայացրած թիվն ավելի բարձր է։

ՀՔԱՎ-ից տարբերությունը բացատրել են նրանով, որ իրենց տվյալներում ներառվել են նաև Արցախում արձանագրված զինծառայողների ինքնասպանությունները, մինչդեռ Գլխավոր դատախազությունից FIP.am-ին հայտնել են, որ հարցմանն ի պատասխան տրամադրվել են միայն ՀՀ զինված ուժերին վերաբերող տվյալները։

Սակայն այս հանգամանքը չի բացատրում բոլոր տարբերությունները։ Թվերի անհամապատասխանությունը պահպանվում է նաև 2023 թվականից հետո։

Դատախազությունը դրանց պատճառների վերաբերյալ պարզաբանում չի ներկայացրել։

Իրար չեն համապատասխանում նաև հենց Դատախազության տվյալները

FIP.am-ն ուսումնասիրել է նաև Գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած տարեկան հաղորդումները։

Դատախազությունից հայտնել են, որ այդ հաղորդումներում ներառված են նաև Արցախում տեղի ունեցած ինքնասպանությունները։

Սակայն հաղորդումներում ներկայացված թվերը ևս մի շարք տարիների համար չեն համընկնում ո՛չ ՀՔԱՎ-ի տվյալների, ո՛չ էլ Դատախազության՝ FIP.am-ին տրամադրած թվերի հետ։

Տարի Գլխավոր դատախազի՝ ԱԺ հաղորդում ՀՔԱՎ Դատախազության պատասխանը FIP.am-ին
2010 3 4 2
2011 5 11 6
2012 9 12 7
2013 8 8 5
2014 3 3 2
2015 6 6 1
2016 նշված չէ 15 7
2017 10 10 7
2018 11 11 6
2019 1 10 7
2020 13 18 8
2021 նշված չէ 9 7
2022 5 6 6
2023 7 10 7
2024 7 9 8
2025 4 6 4

Օրինակ՝ 2012 թվականի վերաբերյալ Գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած հաղորդման մեջ նշված է 9 ինքնասպանություն, ՀՔԱՎ-ն արձանագրել է 12, իսկ FIP.am-ի հարցմանն ի պատասխան Դատախազությունը հայտնել է 7 դեպքի մասին։

2020 թվականի համար երեք աղբյուրներում համապատասխանաբար նշված է 13, 18 և 8 դեպք։

Տարբերություն կա նաև 2024 թվականի համար․ ԱԺ հաղորդման մեջ նշված է 7 դեպք, ՀՔԱՎ-ի տվյալներում՝ 9, իսկ Դատախազության՝ FIP.am-ի հարցմանն ուղարկված պատասխանում՝ 8։

ԱԺ հաղորդումներում մեր ուսումնասիրած և հստակ թվային տվյալ պարունակող տարիների ցուցանիշների հանրագումարը 92 է։ Սակայն 92-ը չի կարելի ներկայացնել որպես 2010-2025 թվականների ինքնասպանությունների ամբողջական թիվ, քանի որ 2016 և 2021 թվականների համար համապատասխան ցուցանիշները մեր ուսումնասիրած հաղորդումներում նշված չեն։

Ինչո՞ւ են տարբերությունները առաջանում

ՀՔԱՎ-ն իր զեկույցները կազմում է մի քանի աղբյուրների համադրմամբ՝ պաշտոնական գրություններ, Դատախազության պատասխաններ, Պաշտպանության նախարարության տեղեկություններ, լրատվամիջոցների հրապարակումներ և սեփական մշտադիտարկում։

Տարբեր տարիներին նաև պետական մարմինների կողմից տվյալների հրապարակման և տրամադրման մոտեցումները միատեսակ չեն եղել։

ՀՔԱՎ-ի ներկայացրած ամփոփման համաձայն՝ 2014-2016 թվականներին Դատախազությունը հիմնականում տրամադրել է մահացության դեպքերի թվային տվյալները՝ ըստ պատճառների։ Զոհվածների ամբողջական ցանկերը կա՛մ չեն տրամադրվել, կա՛մ դրանց տրամադրումը մերժվել է՝ հղում անելով անձնական կյանքի և նախաքննության գաղտնիությանը։

2017 թվականին տրամադրվել են ընդհանուր թվեր և առանձին դեպքերի վերաբերյալ տեղեկություններ, սակայն ոչ ամբողջական անվանական ցանկ։

2018-2020 թվականներին արդեն հրապարակվել են ավելի մանրամասն տվյալներ՝ նաև զինծառայողների անուններով։

Այսինքն՝ տարբեր տարիների պաշտոնական տեղեկատվության ծավալը, հաշվառման շրջանակը և հրապարակման ձևաչափը միատեսակ չեն եղել։

Սակայն սա ինքնին չի բացատրում նույն կամ համադրելի ժամանակահատվածների համար առկա բոլոր թվային անհամապատասխանությունները։

Եզրակացություն

Այսպիսով, 2010 թվականից ի վեր զինծառայողների ինքնասպանությունների վերաբերյալ միասնական և հանրության համար հասանելի վիճակագրական պատկեր չկա։

Պաշտպանության նախարարությունը FIP.am-ին չի տրամադրել պահանջված վիճակագրական տվյալները՝ ուղղորդելով Գլխավոր դատախազություն։ Ավելի ուշ, սակայն, նախարարության ներկայացուցիչը հրապարակայնորեն հայտարարել է, որ ՊՆ-ում առկա են բոլոր տարիներին արձանագրված մահվան դեպքերի տվյալները։

Միաժամանակ տարբեր աղբյուրների թվերը էապես տարբերվում են։

  • Գլխավոր դատախազությունը 2010 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար հայտնել է 97 դեպքի մասին
  • ՀՔԱՎ-ի՝ 2010-2026 թվականների հրապարակած տվյալների հանրագումարը 156 է
  • Գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած և հստակ թվեր պարունակող հաղորդումների ցուցանիշների հանրագումարը 92 է, սակայն այն ամբողջական չէ․ բացակայում են 2016 և 2021 թվականների թվերը։

Տարբերությունների մի մասը կարող է պայմանավորված լինել հաշվառման տարբեր շրջանակներով, մասնավորապես՝ Արցախի Պաշտպանության բանակում արձանագրված դեպքերի ներառմամբ։ Սակայն այդ հանգամանքը չի բացատրում բոլոր անհամապատասխանությունները, այդ թվում՝ 2023 թվականից հետո պահպանվող տարբերությունները։

Ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ ինքնասպանությունների մի շարք դեպքերով քննությունները տարիներ շարունակ վերջնական հանգուցալուծում չեն ստացել։ Դատախազության տրամադրած տվյալների հաշվարկով՝ 17 անձ դատապարտվել է ազատազրկման, ևս մեկ անձ՝ կարգապահական գումարտակում պահելու, 28 վարույթ կամ քրեական գործ կարճվել է, իսկ առնվազն 56 վարույթ դեռ գտնվում է նախաքննության կամ դատաքննության փուլում։

Ընդ որում, չավարտված վարույթների թվում կան նաև 2012-2018 թվականներին արձանագրված դեպքեր։

Այս ամենը դժվարացնում է ոչ միայն զինված ուժերում ինքնասպանությունների իրական դինամիկայի գնահատումը, այլև դրանց պատճառների, քրեական քննությունների արդյունավետության և կանխարգելման պետական քաղաքականության արդյունքների ամբողջական գնահատումը։

Արեն Նահապետյան

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *