Category: FIP.am

  • Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը

    Աղմկահարույց տեսանյութերն ու հին դեպքերի կրկնակի տարածումը կարող են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում սպանություններն ու հրազենի կիրառումն աճում են։ Սակայն պաշտոնական տվյալները դա չեն հաստատում: 

    Մանրամասները՝

    Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

    The post Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը appeared first on FIP.AM.

  • Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից

    Իտալական Corriere della Sera պարբերականը այսօր` օգոստոսի 4-ին արդեն հրապարակել է նոր երկրների ցանկ, որտեղ առաջարկվում էր տեղափոխել Եվրոպական Միությունում գտնվող անօրինական միգրանտներին։ Հայաստանն այդ երկրների ցանկում չէ։  

    Օգոստոսի 3-ին սոցիալական մեդիայի հայկական տիրույթում Իտալիայի առաջարկով անօրինական միգրանտներին Հայաստան տեղափոխելու մասին հրապարակումները լայն քննարկումների թեմա էին դարձել։ 

    «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ ռուսական մի քանի լրատվամիջոցներ (1, 2, 3) (որոշները՝ դեռ օգոստոսի 2-ից) գրել էին, որ Եվրոպական Միությունը Իտալիայի առաջարկով քննարկում է անօրինական միգրանտներին մի քանի երկրներ, այդ թվում՝ Հայաստան տեղափոխելու կամ այստեղ նրանց համար կենտրոն բացելու հարցը։ 

    Ավելի ուշ, այդ տեղեկությունը հրապարակել էր նաև Euronews-ը։ Լրատվամիջոցը գրել էր, որ Իտալիան պատրաստվում է ԵՄ-ին առաջարկել երրորդ անվտանգ երկրներում «ալբանական մոդելով» միգրանտների վերադարձի կենտրոններ ստեղծել։ Euronews-ի հրապարակման մեջ Հայաստանը մի շարք այլ պետությունների հետ, նշվում է որպես նախնական ցանկում ընդգրկված հավանական թեկնածու։

    Տեղեկության սկզբնաղբյուրից մեկը իտալական Corriere della Sera-ի հրապարակումն էր, որտեղ Հայաստանը հիշատակվում էր հնարավոր ներգրավման ենթակա 12 երկրների նախնական ցանկում։ Պարբերականը գրել էր, որ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին օգոստոսի 4-ի քննարկմանը պատրաստվում է ներկայացնել ԵՄ միջոցներով ֆինանսավորվող՝ «Ալբանական մոդելով» վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու առաջարկ։

    Մեկ օր անց՝ օգոստոսի 4-ին, նույն Corriere della Sera լրատվամիջոցը հրապարակել է նոր տեղեկություններ՝ նշելով, որ նախնական ցանկը կրճատվել է՝ դառնալով երեք երկիր՝ Ռուանդա, Ուգանդա և Գանա։ Պարբերականի աղբյուրների համաձայն՝ հենց այս երկրների հետ են կենտրոնների ստեղծման վերաբերյալ արդեն կոնկրետ բանակցություններ սկսվել՝ Իտալիայի, Գերմանիայի և Դանիայի մասնակցությամբ։ Հայաստանն այս հրապարակման մեջ չի հիշատակվում։

    Բացի այդ, օգոստոսի 4-ին ԵՄ ներքին գործերի նախարարների արտահերթ տեսակոնֆերանսի ժամանակ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին առաջարկել է ԵՄ ֆինանսավորմամբ վերադարձի և ապաստանի դիմումների արտաքին մշակման կենտրոններ ստեղծել անվտանգ երրորդ երկրներում։ Սակայն նրա հրապարակված ելույթում որևէ հավանական ընդունող երկիր չի մատնանշվել։

    Դեռ օգոստոսի 3-ին FIP.am-ը թեմայի առնչությամբ պարզաբանում էր խնդրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի հետ նման հարց չի քննարկվել։ 

    Այսպիսով, նոր տեղեկությունները ևս ցույց են տալիս, որ Հայաստանը հիշատակվել էր միայն մամուլում շրջանառված լայն նախնական ցանկում։ Հայաստանի հետ բանակցությունների կամ Հայաստանն Իտալիայի ներկայացրած առաջարկում ներառելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Ավելին՝ Corriere della Sera-ի նոր հրապարակման համաձայն՝ գործնական քննարկումներն առնչվում են երեք այլ երկրների՝ Ռուանդային, Ուգանդային և Գանային։

     

    Հասմիկ Համբարձումյան

    Կարդացեք նաև՝ Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը 

     

  • Սպանություններն ու հրազենի կիրառումը 2026 թվականի առաջին կիսամյակի դրությամբ. ինչ են ցույց տալիս պաշտոնական թվերը

    Օգոստոսի 3-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում լայնորեն տարածվեց Երևանում հունիսի 20-ին կատարված կրակոցների տեսագրությունը։

    Առաջին հայացքից անսովոր կադրերը կատարվածը վերադարձրին հանրային օրակարգ՝ ուղեկցելով պնդումներով ու մտահոգություններով, թե Հայաստանում սպանությունները շատացել են, զենք կրելը դարձել է սովորական, կարգ ու կանոն հաստատված չէ (1, 2, 3, 4) և այլն։ Մեկնաբանություններում կարելի էր կարդալլ նաև համեմատություններ Սիցիլիայի հետ։ Ընդ որում, սոցցանցերում հին դեպքի մասին հրապարակվող տեսանյութում չէր նշվում, որ դեպքը տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ և նույն օրը ոստիկանությունը հայտնել էր, որ կա ձերբակալված։ 

    Քննչական կոմիտեից FIP.am-ին հայտնել են, որ այս պահին այդ կրակոցների դեպքով հարուցված քրեական վարույթի շրջանակներում 2 անձ գտնվում է կալանքի տակ, իսկ 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

    Հիշեցնենք՝ Երևանի Կիլիկիա թաղամասում հունիսի 20-ին տեղի էր ունեցել միջադեպ, որի ժամանակ Սիսվան փողոցում հնչել են կրակոցներ և կան վիրավորներ: Ոստիկանությունը պաշտոնապես հաղորդել էր, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության և հրազենի գործադրման հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են տեղափոխվել 4 անձ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 

    Վերջին շրջանում հրազենի կիրառմամբ յուրաքանչյուր աղմկահարույց հանցագործություն հանրային նման արձագանք է առաջացնում։ Նույն դեպքի մասին նոր տեսանյութերը, մանրամասներն ու մեկնաբանությունները կարող են տարածվել օրեր կամ նույնիսկ շաբաթներ անց՝ ստեղծելով տպավորություն, թե խոսքը ոչ թե մեկ, այլ իրար հաջորդող բազմաթիվ դեպքերի մասին է։ 

    Բայց արդյոք այս ընկալումը երկրում հանցագործությունների մասով իրական պատկերն է ներկայացնում։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ներքին գործերի նախարարության տրամադրած վիճակագրությունը, սպանությունների հաշվարկման նոր մեթոդաբանությունը և միջազգային համեմատական տվյալները՝ պարզելու՝ Հայաստանում սպանություններն ու հրազենով կատարվող հանցագործություններն իսկապե՞ս աճել են, թե հանրային անհանգստությունը հիմնականում ձևավորվում է տեղեկատվական աղմուկի ազդեցությամբ։

    Սպանությունների թիվը երկարաժամկետ կտրվածքով գրեթե չի փոխվել

    2010-2017 թվականներին Հայաստանում տարեկան միջինում արձանագրվել է 52 հաստատված սպանություն, իսկ 2018-2025 թվականներին՝ 50։ Այսինքն՝ երկարաժամկետ միտումը ոչ թե աճ է, այլ՝ աննշան նվազում։

    Միևնույն ժամանակ, 2025 թվականին սպանությունների թիվը կազմել է 50, ինչը 2024 թվականի համեմատ 5 դեպքով ավելի է։

    2025-ին, ընդհանուր հանցագործությունների թիվը կազմել է 40 722, հետևաբար հաստատված սպանությունները կազմում են բոլոր հանցագործությունների ընդամենը 0.1 տոկոսը։

    2026 թվականի առաջին կիսամյակում արձանագրված սպանությունների թիվը 20 է, նախորդ տարվա համեմատ նվազել է 1-ով։

    ՆԳՆ տվյալներով՝ 2026 թվականի առաջին վեց ամիսներին այս ցուցանիշն ավելի ցածր է՝ 0.09 տոկոս։

    Հայաստանը շարունակում է մնալ ցածր սպանությունների ցուցանիշ ունեցող երկրների շարքում

    ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) «Global Study on Homicide 2023» զեկույցի համաձայն՝ աշխարհում 2021 թվականին յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով արձանագրվել է միջինը 5.8 սպանություն։ 

    (Զեկույցը կազմվում է 5 տարին մեկ անգամ, այդ պատճառով ներկայացրել ենք ամենաթարմ տվյալը)։

    Հայաստանում նույն ցուցանիշը վերջին տասնամյակում եղել է զգալիորեն ավելի ցածր.

    Հաշվարկի մեթոդաբանությունը՝ (Սպանությունների թիվ / Բնակչության թիվ * 100 000):

    Տարի 100 հազար բնակչի հաշվով սպանություններ
    2015 1.7
    2016 2.2
    2017 1.6
    2018 1.2
    2019 1.6
    2020 1.7
    2021 2.0
    2022 1.9
    2023 1.8
    2024 2.0
    2025* 1․6
    2026* 1 կիս․ 0,6 

    Այսինքն՝ նույնիսկ ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարիներին Հայաստանը շուրջ երեք անգամ ցածր սպանությունների մակարդակ է ունեցել, քան համաշխարհային միջինը։

    * Հաշվարկն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ

    Նոր մեթոդաբանությունը փոխել է վիճակագրության ներկայացման ձևը

    Մինչև վերջերս Հայաստանում հանցագործությունների վիճակագրությունը կազմվում էր ըստ այն տարվա, երբ դեպքը հաշվառվել էր։

    Օրինակ՝ եթե 2012 թվականին կատարված սպանությունը բացահայտվում էր 2025 թվականին, այն ներառվում էր հենց 2025 թվականի վիճակագրության մեջ։

    2026 թվականից ներդրված նոր մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս առանձնացնել

    • տվյալ տարում փաստացի կատարված հանցագործությունները,
    • նախորդ տարիներից բացահայտված դեպքերը։

    Օրինակ՝ 2025 թվականին հաշվառվել էր 46 337 հանցագործություն, սակայն դրանցից միայն 40 722-ն էին իրականում կատարվել հենց 2025 թվականին։ Մնացած 5 615-ը նախորդ տարիների դեպքեր էին։

    Այս մոտեցումը թույլ է տալիս ավելի ճշգրիտ գնահատել տվյալ տարվա իրական հանցավորության մակարդակը։

    Ինչո՞ւ է հաճախ ստեղծվում սպանությունների աճի տպավորություն

    Մասնագետները նշում են, որ այդ տպավորության ձևավորման վրա ազդում են մի քանի գործոն, որոնցից հիմնականը տեղեկատվական միջավայրն է։ Նույն սպանության վերաբերյալ օրեր կամ նույնիսկ շաբաթներ շարունակ հրապարակվում են նոր մանրամասներ, տեսանյութեր, կադրեր և մեկնաբանություններ։ Արդյունքում մեկ դեպքը հանրային ուշադրության կենտրոնում մնում է երկար ժամանակ՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե նման դեպքերը տեղի են ունենում անընդհատ։

    Հրազենով կատարվող հանցագործությունները

    Ըստ ՆԳՆ տվյալների՝ 2025 թվականին հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների 0.3 տոկոսը։

    2026 թվականի առաջին վեց ամիսներին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 0.2 տոկոս։

    Վերջին տարիներին, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, զգալիորեն աճել են ապօրինի զենքի շրջանառության բացահայտման դեպքերը, առգրավված և կամավոր հանձնված զենքի քանակը։ Ըստ ՆԳՆ-ի՝ այս աճը պայմանավորված է միաժամանակ երկու գործոնով՝ պատերազմներից հետո զենքի շրջանառության ավելացմամբ և ոստիկանության կողմից վերահսկողության խստացմամբ։

    Եզրակացություն

    Այսպիսով, պաշտոնական վիճակագրությունը չի հաստատում այն պնդումները, թե Հայաստանում սպանությունները կտրուկ աճել են կամ դարձել են զանգվածային երևույթ։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հաստատված սպանությունները շարունակում են կազմել ընդհանուր հանցագործությունների չնչին տոկոս, իսկ 100 հազար բնակչի հաշվով սպանությունների մակարդակը շարունակում է զգալիորեն ցածր մնալ համաշխարհային միջինից։

    Արեն Նահապետյան

    Կարդացեք նաև

    Հայաստանում զենքի ապօրինի շրջանառությունը կտրուկ աճել է․ պատերազմի հետևա՞նք, թե՞ իրավապահների աշխատանքի արդյունք

    Հուզական աղմուկն ընդդեմ թվերի․ սպանությունների դեպքերի իրական պատկերը Հայաստանում

    Գլխավոր լուսանկարը գեներացվել է AI-ի միջոցով

  • Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը

    Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է տեղեկություն, թե Եվրոպական Միությունը քննարկում է ԵՄ սահմանների ներսում գտնվող անօրինական միգրանտներին  Հայաստան տեղափոխելու հարցը։ Մասնավորապես, Քաղաքագետների միության նախագահ, ՀՀ խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «Եվրոպացիները մտմտում են Հայաստանում պարտակել Իտալիա (ամենայն հավանականությամբ նկատի ունի Իսպանիա-Մարրոկո միգրացիոն ճգնաժամի խնդիրը–խմբ․) ներխուժող միգրանտներին»։ Որպես իր ասածի ապացույց նա տեղադրել է մի տեսանյութ, որով հաղորդվում է, թե «Իտալիան առաջարկում է Հայաստանում և ևս մի քանի երկրներում բացել կենտրոն միգրանտներին տեղավորելու համար»։ Այդ հարցը, ըստ նույն աղբյուրի, պլանավորում են օգոստոսի 4-ին քննարկել ԵՄ խորհրդում։

    Տեսանյութերը, որ տարածվել են սոցցանցերում` facebook, TikTok (1, 2, 3), ռուսերենով են։ Սոցիալական ցանցերից բացի․ լուրը տարածել են նաև կայքերը, օրինակ, «Սպուտնիկ Արմենիա» ռուսական պետական լրատվամիջոցը այսօր առավոտյան, վկայակոչելով Corriere della Sera իտալական պարբերականին, գրում է, թե «Իտալիան կառաջարկի ստեղծել միգրանտների համար ապրելու կենտրոններ Հայաստանում և մի շարք այլ երկրներում։ Երկրի ներքին գործերի նախարարը օգոստոսի 4-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում ներկայացնելու է առաջարկ՝ բացելու նոր կենտրոններ անօրինական միգրանտներին այդտեղ տեղափոխելու համար»։ Ըստ աղբյուրի, այդ երկրների ցանկում նշվում է նաև Հայաստանը։ 

    Հատկանշական է, որ «Սպուտնիկ Արմենիա»-ից առաջ,  օգոստոսի 2-ին, գիշերը տեղեկությունը տարածել է ռուսական մեկ այլ քարոզչամիջոց՝ «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը։ Նույն տեղեկությունը տարածել է նաև «Вестник Кавказа» ռուսալեզու լրատվամիջոցը։ Վերջինը նկատենք, գործունեությունը ծավալում է Մոսկվայում, խմբագրական բովանդակությամբ մոտ է ռուսական և ադրբեջանական պաշտոնական դիրքավորումներին։ 

    Ի դեպ, ուղիղ իտալական պարբերականի հոդվածից այս լրատվամիջոցները ակտիվ հղում չեն ներկայացրել։

    «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է այս տեղեկության տարածման մեխանիզմները և պարզել՝ արդյոք այն իրականության հետ աղերս ունի։

    Նախ պարզել ենք, որ օգոստոսի 4-ին իսկապես կայանալու է ԵՄ ներքին գործերի նախարարների արտահերթ, ոչ պաշտոնական տեսակոնֆերանս։ Սակայն հրապարակված պաշտոնական օրակարգում նշված է միայն Սեուտայում (Իսպանիա-Մարրոկո միգրացիոն ճգնաժամ-խմբ․) ստեղծված իրավիճակի քննարկումը։ Իտալիայի առաջարկի, կենտրոնների կամ Հայաստանի մասին օրակարգում որևէ հիշատակում չկա։ 

    Ի՞նչ է իրականում գրել Corriere della Sera-ն

    «Փաստերի ստուգման հարթակը» գտել է ռուսական լրատվամիջոցների վկայակոչած՝ օգոստոսի 2-ին Corriere della Sera-ում հրապարակված հոդվածը (այն վճարովի էր-խմբ․)։ Հոդվածի հեղինակը Սիմոնե Կանետիերին է։

    Պարբերականը գրում է, որ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին օգոստոսի 4-ի քննարկմանը պատրաստվում է ներկայացնել ԵՄ միջոցներով ֆինանսավորվող՝ «Ալբանական մոդելով» վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու առաջարկ։ Ըստ հրապարակման՝ կենտրոնների մեծ մասը նախատեսվում է տեղակայել աֆրիկյան երկրներում։

    Այնուհետև հոդվածում նշվում է, որ արդեն կա այն երկրների նախնական ցանկը, որոնք «կարող են ներգրավվել» նախաձեռնության մեջ։ Դրանք են Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան։

    Սակայն պարբերականը չի հայտնում, թե ով և ինչ սկզբունքով է կազմել այդ ցանկը, ինչ փաստաթղթում է այն ամրագրված և արդյոք Իտալիայի կամ ԵՄ ներկայացուցիչները կապ են հաստատել թվարկված երկրների իշխանությունների հետ։

    Նույն հոդվածում Հայաստանի վերաբերյալ այլ տեղեկություն չկա։ Մասնավորապես, չի ասվում, որ Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացվել, բանակցություններ են ընթացել կամ հայկական կողմը համաձայնություն է տվել իր տարածքում նման կենտրոն հիմնելու վերաբերյալ։

    FIP.am-ը պարզաբանում է խնդրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ Հայաստանի մասով նման տեղեկություն հայտնի չէ։ Այսինքն՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկություն չունի երկիրը միգրանտների վերադարձի կենտրոնների ստեղծման նախաձեռնության մեջ ներգրավելու, Հայաստանին նման առաջարկ ներկայացնելու կամ այդ հարցով քննարկումներ անցկացնելու վերաբերյալ։ 

    Հայաստանի անունով ցանկը նոր չէ

    Հայաստանը հնարավոր երրորդ երկրների ցանկում առաջին անգամ չէ, որ հայտնվում է։ Նույն 12 երկրների ցանկը շրջանառվել է դեռևս 2026 թվականի ապրիլի սկզբին։

    Ապրիլի 1-ին AFP գործակալությունը, հղում անելով դիվանագիտական անանուն աղբյուրներին, գրել էր, որ Դանիան, Ավստրիան, Հունաստանը, Գերմանիան և Նիդեռլանդները երրորդ երկրներում վերադարձի կենտրոններ ստեղծելու հնարավորություններ են ուսումնասիրում։

    AFP-ն հրապարակել էր ճիշտ նույն ցանկը՝ Ռուանդա, Գանա, Սենեգալ, Թունիս, Լիբիա, Մավրիտանիա, Եգիպտոս, Ուգանդա, Ուզբեկստան, Հայաստան, Չեռնոգորիա և Եթովպիա։

    Միաժամանակ գործակալության աղբյուրը հատուկ ընդգծել էր, որ ցանկը վերջնական ու ամբողջական չէ, իսկ քննարկումները խիստ նախնական փուլում են և առայժմ ուղղված են հնարավոր գործընկեր երկրների դիրքորոշումը պարզելուն։

    Հետևաբար, Corriere della Sera-ի հոդվածում հիշատակված ցանկը, ըստ ամենայնի, օգոստոսին Իտալիայի կողմից նոր կազմված՝ Հայաստանին ուղղված առաջարկ չէ։ Այն դեռ ապրիլից եվրոպական մի քանի պետությունների քննարկումների համատեքստում շրջանառվող նախնական ցանկն է։

    Ովքե՞ր կարող են հայտնվել «վերադարձի կենտրոններում»

    Տարածվող հրապարակումներում օգտագործվում են «անօրինական միգրանտների պահման» կամ «տեղավորման կենտրոններ» ձևակերպումները։ ԵՄ փաստաթղթերում, սակայն, դրանք կոչվում են return hubs՝ վերադարձի կենտրոններ։

    Դրանք նախատեսված չեն առհասարակ ԵՄ տարածքում գտնվող բոլոր միգրանտների համար։ Այլ նախատեսված են ԵՄ անդամ պետություններում մնալու իրավունք չունեցող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Կենտրոնները կարող են ծառայել որպես վերջնական ընդունման վայր կամ որպես տարանցիկ կենտրոն՝ մինչև անձանց իրենց ծագման կամ այլ երկիր վերադարձնելը։

    ԵՄ մշակած կանոնների համաձայն՝ նման կենտրոն երրորդ երկրում կարող է ստեղծվել միայն այդ երկրի հետ համաձայնագրի կամ պայմանավորվածության հիման վրա։ Համագործակցող երկիրը պետք է պահպանի մարդու իրավունքների միջազգային չափանիշները և չվերադարձնելու՝ non-refoulement սկզբունքը։ Առանց ուղեկցության անչափահասները նման մեխանիզմներից բացառված են։

    Այսինքն, նույնիսկ ԵՄ-ում վերադարձի կենտրոնների իրավական հնարավորության առկայությունը դեռ չի նշանակում, որ կենտրոն կարող է բացվել Հայաստանում առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության։

    Այսպիսով, չի հաստատվում սոցիալական ցանցերում, կրեմլամերձ քարոզչամիջոցներում տարածվող պնդումը, թե Եվրամիությունը քննարկում է անօրինական միգրանտներին Հայաստան տեղափոխելու կամ այստեղ նրանց համար կենտրոն բացելու հարցը։ Իտալական Corriere della Sera-ն Հայաստանը միայն հիշատակել է հնարավոր ներգրավման ենթակա երկրների նախնական ցանկում՝ չներկայացնելով որևէ տեղեկություն Հայաստանի հետ առաջարկի, բանակցության կամ պայմանավորվածության մասին։ ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտնել է, որ Հայաստանի մասով նման տեղեկություն հայտնի չէ։

    Հետևաբար, նախնական և չմանրամասնված ցանկում Հայաստանի հիշատակումն անհիմն կերպով ներկայացվել է որպես երկրում միգրանտների կենտրոն բացելու ծրագիր։

    Հասմիկ Համբարձումյան

  • Նոր խորհրդարանի դիմանկարը․ ովքեր են օրենքներ մշակելու և ընդունելու առաջիկա 5 տարում

    9-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 2-ին մեկնարկել է աշխատանքները. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով օրենսդիր մարմնի կազմում կլինի երեք խմբակցություն։ 

    Դրանցից երկուսում՝ «Ուժեղ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություններում, ընդգրկված են այնպիսի անձինք, որոնք երբևէ առաջին անգամ են ստանում պատգամավորական մանդատ։ 

    «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է ԱԺ նոր պատգամավորների ցանկն ու բաց աղբյուրների հիման վրա ներկայացնում է նրանց կենսագրությունը՝ հանրային, քաղաքական կամ մասնագիտական դաշտում։

    «Ուժեղ Հայաստան». նորեկ՝ օրենսդիրում և քաղաքականության մեջ

    Այս խմբակցությունն ունի 29 պատգամավոր, որոնցից միայն մեկը՝ Արամ Վարդևանյանն է ունեցել պատգամավորական մանդատ՝ լինելով նախորդ գումարման խորհրդարանի «Հայաստան» խմբակցության կազմում. ավելի ուշ նա հրաժարվել էր մանդատից։ 

    Նարեկ Կարապետյանը, որը կգլխավորի ընդդիմադիր խմբակցությունը, նախկինում չի զբաղվել քաղաքական՝ այդ թվում օրենսդիր գործունեությամբ։ Կարապետյանն ունի գործարարի հետագիծ. եղել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարներից մեկը և ակտիվ ներգրավված է եղել Կարապետյանների ընտանիքին պատկանող բիզնես նախագծերում։

    2025 թվականին, երբ կալանավորվեց նրա մեծահարուստ գործարար հորեղբայրը՝ Սամվել Կարապետյանը, նա մտել է քաղաքականություն՝ դառնալով «Մեր ձևով» շարժման առաջնորդներից մեկն ու համակարգողը։ 

     Կարապետյանի ոչ պաշտոնական կենսագրության մեջ չկան մի շարք հարցերի պատասխաններ. օրինակ, նրա՝ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայությունից ազատման իրական հիմքերի, առերևույթ այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին վկայող փաստաթղթերի, արտերկրում տիրապետած գույքի ու գործարար կապիտալի վերաբերյալ։

    Կարդացեք նաև — Չվճարված հարկեր ու կոմունալ պարտքեր․ Նարեկ Կարապետյանի դեմ Մոսկվայի դատարանում երկու գործ կա

    Նույն խմբակցության մյուս ներկայացուցիչ Ռուբեն Մխիթարյանի՝ մինչև 2025 թվականին «Մեր ձևով» շարժման ձևավորումը, քաղաքական գործունեության մասին ոչինչ հայտնի չէ։ Մինչ այդ, նա զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: 

    Նշենք, որ նա 2025 թվականի հոկտեմբերին կալանավորվել է երկու ամսով, ըստ Քննչական կոմիտեի, Գյումրու զանգվածային անկարգությունների դեպքով:

    Fip.am-ը ավելի վաղ գրել էր, որ Ռուբեն Մխիթարյանը ընդգրկված է եղել դատավորների հավակնորդների ցուցակում, իսկ դատավորի թեկնածուներին Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է զբաղվել քաղաքականությամբ։ Մեր հրապարակումից հետո նա հեռացվել էր այդ ցուցակից։

     

    Կարդացեք նաև — Դատավորի թեկնածուն՝ ակտիվ քաղաքական գործունեության մեջ․ ի՞նչ է ասում օրենքը


    Արեգա Հովսեփյանը
    մասնագիտությամբ թուրքագետ է, ԼՂ-ից է: Նա աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, իսկ ավելի ուշ եղել է նախագահ «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» կոչվող կազմակերպությունում։ Արեգա Հովսեփյանին հաճախ կարելի էր տեսնել 2024 թվականի մայիսից մեկնարկած Բագրատ արք․ Գալստանյանի ղեկավարած «Սրբազան շարժման» հարթակներում։

    2025 թվականից միացել է «Մեր ձևով» շարժմանը, ապա դարձել «Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ։

    Մամիկոն Ասլանյանը եղել է ՀՀԿ-ական և 2016 թվականին զբաղեցրել է Վանաձորի քաղաքապետի պաշտոնը։ 

    Վանաձորի 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին նրա գլխավորած ուժը ստացել էր առավելագույն ձայներ, սակայն իշխանության ձևավորման հարցում առաջացել էր քաղաքական ճգնաժամ, ինչին հաջորդել էր Ասլանյանի կալանավորումը կոռուպցիոն մեղադրանքներով։ 

    Մասնավորապես՝ քննությունը վերաբերում էր քաղաքապետարանում հողերի օտարման և որոշումների ընդունման գործընթացներին։

    2021 թվականին կալանավորվել էր, 2024 թվականի հուլիսին դատարանը նրան 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել։ 2025-ի հունվարին Հակակոռուպցիոն դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր էր ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ 

    Ասլանյանը դատապարտվել է 4 տարի 4 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով նրա կալանքի տակ գտնված ժամկետը, ազատազրկման վերջնական ժամկետը սահմանվել է 1 տարի 9 ամիս։ Բացի այդ, նրան տուգանք է սահմանվել 500 հազար դրամի չափով, ինչպես նաև 3 տարի ժամկետով արգելվել է որևէ պաշտոն զբաղեցնել։ Նա 2026-ից անդամակցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը մասնակցելով ԱԺ ընտրություններին։

    Մարիաննա Ղահրամանյանը նախքան 2025 թվականին «Մեր ձևով» շարժման մամուլի քադտուղարը դառնալը, «Ուժեղ Հայստանից» պատգամավոր ընտրվելը,  ծավալել է լրագրողական գործունեություն՝ քաղաքական բնույթի նախագծեր վարելով 5-րդ ալիք հեռուստալիքում։ 

    Իրինա Յոլյանը զբաղեցրել է Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնը 2022 թվականից։

    «Ուժեղ Հայստանին» միացած նախկին ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը, իր պաշտոնական կենսագրության համաձայն, պետական կառավարման և դիվանագիտական ոլորտների մասնագետ է։ 1998 թվականից աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում՝ զբաղեցնելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի տարբեր պաշտոններ։ Զբաղեցրել է նաև «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ մարքեթինգի տնօրենի և նախագահի խորհրդականի պաշտոնները։ Այնուհետև 2008-2012 թվականներին ղեկավարել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը։ 2012-2014 թվականներին, Հանրապետական կուսակցության կառավարման տարիներին զբաղեցրել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնը։ Դարձյալ նույն ուժի կառավարման ժամանակ՝ 2014-2018 թվականներին, նշանակվել է Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ «Թավշյա հեղափոխությունից» հետո հրաժարական է տվել դեսպանի պաշտոնից և վերադառնալով Հայաստան 2019 թվականին նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։ ՍԴ-ն այդ ժամանակ նախագահում էր նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը։

    Պաշտոնից ազատվելուց հետո Ղազարյանը ընդդիմադիր գործունեությամբ է զբաղվել՝ նախաձեռնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Այդ գործընթացը, սակայն, արդյունքներ չի ունեցել։

    Պատգամավորական մանդատ ստացած Արգիշտի Դարբինյանի հանրային կամ մասնագիտական գործունեության մասին FIP.am-ին չի հաջողվել որևէ տեղեկություն գտնել։

    Տիգրան Աբրահամյանի հանրային գործունեության մասին բաց աղբյուրներում չկան տվյալներ: Նա, սոցիալական մեդիայում իր կենսագրական տվյալների համաձայն, իրավաբանական կրթություն է ստացել Ֆրանսիայում։

    Լենա Մաթևոսյանի հանրային գործունեության մասին ևս ոչինչ չի գտնվել բաց աղբյուրներում. նրա սոցմեդիայի հաշվում նշվում է, որ սովորել է Եվրոպայի խորհրդի երևանյան դպրոցում, աշխատել է Երևանում գործող քաղաքային անկախ հետազոտությունների Ուրբանլաբ կազմակերպությունում։

    Անդրանիկ Գևորգյանը ներկայանում է որպես քաղաքագետ՝ քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճանով։ Նշվում է, որ  ունի ավելի քան 7 տարվա փորձ միջազգային կառավարման ստանդարտների ոլորտում՝ ներառյալ խորհրդատվություն, ներդրում և աուդիտ։

    Նշվում է նաև, որ ներգրավվել է Հայաստանի խոշոր ընկերությունների տարբեր նախագծերում որպես ստանդարտների ներդրման մասնագետ, ներքին աուդիտի թիմերի ղեկավար և արտաքին աուդիտների փորձագետ։ Իրականացրել է նաև մասնագիտական ուսուցումներ և իրազեկման դասընթացներ։

    Հայկ Ֆարմանյանը նախքան «Ուժեղ Հայստանին» միանալը, եղել է «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ, որը հիմնադրվել էր 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի կողմից։ Նախքան քաղաքական գործունեություն սկսելը, Ֆարմանյանը երկար տարիներ՝ մինչև 2018 թվականը, եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյա, մասնագիտությամբ տնտեսագետ է։ 

    Գրիշա Թամրազյանը 2019-2020 թվականներին եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար։

    Լիանա Գասպարյանը փաստաբան է, ներգրավված է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմում։ 

    Վաղինակ Վարդանովը հետախույզ, ռազմական գործիչ Վովա Վարդանովի որդին է։ 2017 թվականին մասնակցել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական համալսարանի  մեկամյա դասընթացներին՝ սովորելով «Փոքր ու միջին ՀՕՊ համակարգեր» ֆակուլտետում, 2018-ի օգոստոսից ծառայության է անցել Հայաստանի «Մարտունի գնդի» ՕՍԱ․ ԱԿ դիվիզիոնում՝ որպես դասակի հրամանատար։ 2020-ի սեպտեմբերի 6-ին զորացրվելուց հետո սեպտեմբերի 29-ին մեկնել է ռազմաճակատ որպես «ՈՄԱ»-ում կազմավորված գումարտակի առաջին վաշտի հրամանատար։ 

    Գառնիկ Դավթյանը ներկայանում է որպես Ադրբեջանի հարցերով փորձագետ. նրա սոցիալական մեդիայի հաշվում նշված է, որ տիրապետում է ադրբեջաներենին։ 

    Դավթյանը Ադրբեջանի ու ներքաղաքական հարցերի վերաբերյալ նախագծեր է վարել մի շարք ԶԼՄ-ներում։

    Դավիթ Ղազինյանը եղել է Կարապետյանների ընտանիքին պատկանող ՀԷՑ-ի տնօրենը. պաշտոնից հեռացվել է կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը պետական կառավարման հանձնելուց հետո։ 

    Այժմ անցնում է ընտրություններին ապօրինի միջամտության վերաբերյալ քրեական գործով։ 

    Լիանա Մանուկյանը հաշվապահական գործունեությամբ է զբաղվում, սոցիալական մեդիայի նրա հաշվից տեղեկանում ենք, որ հաշվապահ է եղել մի շարք ընկերություններում, ապա հիմնադրել է «Հայուհի» կոչվող կենտրոնը։

    Վրույր Այվազյանը Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ է։ Նա այժմ մեղադրվում է  հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու համար: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նաև փողերի լվացման հոդվածով, ինչպես նաև հաղորդվում է, որ կա քրեական վարույթ Գյուլագարակում 8 հողամասերի ապօրինի յուրացման վերաբերյալ։

    Սյուզաննա Ավետիսյանի քաղաքական գործունեությունը սկսվել է «Ապրելու երկիր» կուսակցությունից։ Նա սովորել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, ապա շարունեկել է կրթությունը Եվրոպական դիվանագիտական ակադեմիայում։ 

    Որպես փորձագետ և ծրագրերի համակարգող, աշխատել և համագործակցել է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ (Transparency International, UNDP, World Bank, US Embassy, American Councils, Peace Corps, EU)։

    Հարություն Հարությունյանը փաստաբան է, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ է ընտրվել 2025 թվականին, ապա ազատվել է պաշտոնից: 

    Նրա գլխավորած «Նոր դարաշրջան» կուսակցությունը 2026 թվականին դաշինք է կազմել «Ուժեղ Հայաստանի» հետ։ 

    Շիրազ Մանուկյանը եղել է ՀՀԿ-ի երիտասարդական կառույցի անդամ։ Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 

    Անուշ Միրզոյանը մարզային լրագրող է Սյունիքի մարզից։ 

    Անուշավան Մանուչարյանը Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի որդին է։ Հայր Մանուչարյանը 2023 թվականից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով է անցնում: Նա մասնավորապես, անցնում է առանց համապատասխան շինարարության թույլտվության, 2015-2016թթ. Բերդ քաղաքում 1088,71 քմ մակերեսով ինքնակամ շինություններ կառիւցելու ու տարածքներ յուրացնելու գործով։

    Հասմիկ Ենգոյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ է։ 

    Հայկ Սուքիասյանը Տաշիր քաղաքից է, սոցիալական մեդիայի նրա հաշվում նշված է, որ ունի տնտեսագիտական կրթություն։ Այժմ անցնում է ընտրական հանցագործության դեպքով հարուցվսծ քրեական գործով։

    Արման Ավչյանն ասորի է, ընտրական ցուցակի 2-րդ մասից։ Ըստ բաց աղբյուրների՝ նա աշխատել է Թոքաբանության ազգային կենտրոնում։

    Հարություն Մնացականյանը գործարար է, ֆերմեր, Հանրապետական իշխանության ժամանակ Գյուղատնտեսության նախկին նախարարի խորհրդական է եղել։ 

    Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորեկները

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեծամասնությունն ունեցել են պատգամավորական մանդատներ: Սրան զուգահեռ խմբակցության կազմում կան նաև գործադիր մարմնում աշխատած գործիչներ, որոնք առաջին անգամ են վերցնում պատգամավորական մանդատ: 

    Նրանց թվում ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը։ 

    Գարիկ Սարգսյանը ևս այլ պաշտոններ է զբաղեցրել՝ Արարատի մարզպետ, Վեդի համայնքի ղեկավար, սակայն առաջին անգամ է ստանում պատգամավորի մամդատ:

    Արաքսյա Վարդանյանը, որը Փարաքար համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեակավար էր, սովորել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, աշխատել է մի շարք բարեգործական և սոցիալական կազմակերպություններում։ 

    Քնարիկ Հարությունյանը 2022 թվականի մարտից զբաղեցնում է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու անդամի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2021 թվականի օգոստոսի 3-ից աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փորձագետ։

    Ռոման Համբարձումյանը եղել է Դավթաշենի վարչական շրջանի ղեկավար՝ 2022 թվականից 2024 թվականը: Մինչ այդ նա ղեկավարել էր «Կիլիկիա» ավտոկայանը, աշխատել «ՀայՓոստ»-ում, «Վեոլիա Ջուր» ընկերությունում և այլ կազմակերպություններում։ 

    Լուսինե Ավետիսյանը ՔՊ-ի Լոռու մարզային կառուցից է, եղել է Սպիտակի թիվ մեկ դպրոցի վարչատնտեսական համակարգողը։

    Գոռ Արշակյանը Արագածոտնի ՋՕԸ գործադիր տնօրենի պաշտոնն է զբաղեցրել։

    «Հայաստան» խմբակցության նորեկները երկուսն են

    Նոր խորհրդարանի ամենափոքր՝ «Հայաստան» խմբակցությունում 10 պատգամավորներից նոր են երկուսը՝ Մեսրոպ Մանուկյանը և Սևակ Խաչատրյանը։ Մեսրոպ Մանուկյանը Ազգային ժողովում գործունեության փորձ ունեցել է՝ եղել է Մանվել Գրիգորյանի օգնականը։ Նա ԱԺ է գալիս Երևանի ավագանուց, որտեղ ավագանու անդամ էր ընտրվել Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի կազմում։ 

    Ինչ վերաբերում է Սևակ Խաչատրյանին, ապա վերջինը Վաղարշապատի ավագանու ընտրությունների ակտիվ մասնակից էր՝ գլխավորելով «Հաղթանակ» դաշինքը։ Ընտրություններից հետո նա դարձել էր Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավարը։

    Այսպիսով, 9-րդ գումարման Ազգային ժողովի նորեկ պատգամավորները միատարր խումբ չեն․ նրանց մի մասը խորհրդարան են եկել պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման, իրավաբանական, գործարար կամ հասարակական ոլորտներից։ Թե այս տարբեր փորձառությունն ինչպես կարտահայտվի օրենսդրական աշխատանքում, խորհրդարանական վերահսկողության և հանրային հաշվետվողականության հարցերում, պարզ կդառնա արդեն 9-րդ գումարման ԱԺ-ի գործունեության ընթացքում։ Առաջիկա տարիները ցույց կտան՝ նոր դեմքերն արդյոք նոր որակ կբերեն խորհրդարան։

     

    Նանե Մանասյան

    Գլխավոր նկարը գեներացվել է ԱԲ-ի օգնությամբ:

  • «Ներդրումների վերադարձը»՝ պայմաններով․ ի՞նչ է նախատեսում ՀԿԵ-ի կոնցեսիոն պայմանագիրը

    Հայաստանի երկաթուղային համակարգի ապագայի շուրջ Երևան-Մոսկվա հեռակա վեճը նոր փուլ է մտել․ ռուսական կողմը հայկական կողմին պատասխանում է ֆինանսական պահանջների մասին նախազգուշացումներով։

    Այսպես, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության (ՌԺԴ) գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը հուլիսի 30-ին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում (1, 2, 3) հայտարարել է, որ եթե հայկական կողմը որոշի դադարեցնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կոնցեսիոն պայմանագիրը կամ փոփոխել դրա պայմանները, ՌԺԴ-ն իրավունք ունի ակնկալելու կատարված ներդրումների վերադարձը։ 

    «Կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները սահմանված են կոնցեսիոն պայմանագրում, որի կողմ է նաև Հայաստանի կառավարությունը։ Մենք մեր հերթին մտադիր ենք խստորեն հետևել պայմանագրին, իսկ եթե հայկական կողմը դիտարկում է դրա դադարեցման կամ պայմանների փոփոխության հնարավորությունը, մենք իրավունք ունենք ակնկալելու կատարված ներդրումների վերադարձը»,- ասել էր նա։

    Միաժամանակ նա ներկայացրել է կատարված ներդրումների չափը․ «2008-2025 թվականներին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջոցներից և ՀԿԵ-ի սեփական եկամուտներից կատարված ներդրումները կազմել են 146 մլրդ դրամ՝ ավելի ստույգ՝ 145.77 մլրդ դրամ կամ շուրջ 396.3 մլն դոլար։ Այդ ամբողջ գումարը հաստատված է փաստաթղթերով»։

    Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն էլ իր հերթին արդեն հուլիսի 31-ին տված հարցազրույցում պնդել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ռուսական ընկերությանն անհատույց փոխանցված ակտիվ չէ․ դրանում ներդրվել է ավելի քան 30 մլրդ ռուբլի, և եթե Հայաստանը միակողմանիորեն վերանայի իր պարտավորությունները՝ վնաս պատճառելով ներդրողին, ռուսական կողմը փոխհատուցում պահանջելու հիմքեր կունենա։

    Ռուս պաշտոնյաների հայտարարությունները հետևել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումներին, որ ՀԿԵ-ի հետ խնդիրները չկարգավորվելու դեպքում Հայաստանը կարող է դիմել արբիտրաժի։ Նա նաև առաջարկել էր քննարկել կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հնարավորությունը։

    Սակայն 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագիրն արդյո՞ք իսկապես նախատեսում է ռուսական կողմի կատարած բոլոր ներդրումների անվերապահ վերադարձ։ Ի՞նչ փոխհատուցման մեխանիզմներ են գործում պայմանագրի դադարեցման տարբեր սցենարներում, և պայմանների փոփոխությունն ինքնին կարո՞ղ է Հայաստանի համար ֆինանսական պարտավորություն առաջացնել։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կոնցեսիոն պայմանագիրը և ռուս պաշտոնյաների հայտարարությունները համադրել դրա դրույթների հետ։ 

    Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին ՌԺԴ-ի և Հայաստանի կառավարության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր, որով երկրի երկաթուղային տրանսպորտի համակարգը կառավարման է հանձնվել ռուսական ՀԿԵ-ին։ Փաստաթղթի համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ աշխատանքի առաջին 20 տարիներից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

    Պայմանագիրն իսկապես նախատեսում է փոխհատուցում պահանջելու հնարավորություն, սակայն դրա չափն ու իրավական հիմքը կախված են պայմանագրի դադարեցման պատճառներից, կողմերի հնարավոր խախտումներից, ՀԿԵ-ի ստացած շահույթից և կատարված ներդրումների՝ աուդիտով հաստատված ծավալից։ Իսկ պայմանագրի պայմանների փոփոխությունն ինքնին ներդրումների վերադարձի ավտոմատ պարտավորություն չի առաջացնում։

    Ի՞նչ է նախատեսում պայմանագիրը Հայաստանի կողմից դադարեցնելու դեպքում 

    Կոնցեսիոն պայմանագրի 17-րդ հոդվածում փոխհատուցման մեխանիզմը կախված է՝

    • պայմանագիրը ո՞ր կողմն է դադարեցնում,
    • ի՞նչ հիմքով է դադարեցվում,
    • արդյո՞ք ՀԿԵ-ն պատշաճ կատարել է իր պարտավորությունները,
    • որքա՞ն շահույթ է արդեն ստացել ընկերությունը,
    • ի՞նչ արժեք ունի շարժակազմը դադարեցման պահին։

    Օրինակ՝ եթե Հայաստանի կառավարությունը պայմանագիրը դադարեցնի կոնցեսիոների, այսինքն՝ ՀԿԵ-ի կողմից կատարված որևէ խախտման հիմքով, Հայաստանը պարտավոր է վճարել ենթակառուցվածքներում կատարված ներդրումների և մինչև դադարեցման պահը ստացված շահույթի տարբերության միայն 50 տոկոսը։ Այդ գումարը պետք է հաստատվի անկախ աուդիտորի կողմից։

    Շարժակազմի դեպքում փոխհատուցվում է ոչ թե դրա սկզբնական գնման արժեքը, այլ դադարեցման պահին ունեցած մնացորդային արժեքը՝ անկախ գնահատողի հաշվարկով։ Միաժամանակ ՀԿԵ-ն պարտավոր է Հայաստանին փոխհատուցել պայմանագրով նախատեսված գումարները, այդ թվում՝ նոր մրցույթի կազմակերպման փաստացի ծախսերը՝ առավելագույնը 2 մլն դոլարի սահմաններում։

    Հետևաբար նույնիսկ այս դեպքում խոսքը կատարված բոլոր ներդրումների վերադարձի մասին չէ։

    Եթե պայմանագիրը լուծում կամ դադարեցնում է ՀԿԵ-ն՝ Հայաստանի խախտման հիմքով 

    Եթե ՀԿԵ-ն դադարեցնում է պայմանագիրը Հայաստանի կառավարության կողմից խախտման հիմքով, ապա այս դեպքում այլ բանաձև է կիրառվում։ Սակայն նկատենք՝ Հայաստանի կառավարության կողմից պայմանագրի փոփոխության առաջարկը կամ բանակցություն սկսելը դեռ այս կետի կիրառման հիմք չէ։

    Նախ պետք է արձանագրվի կոնկրետ պայմանագրային խախտում, մյուս կողմին դրա մասին ծանուցվի և հնարավորություն տրվի այն վերացնելու։ Եթե խախտումը սահմանված ժամկետում չի վերացվում, ՀԿԵ-ն կարող է պայմանագիրը դադարեցնելու ծանուցում ներկայացնել։

    Այդ դեպքում ՀԿԵ-ն կարող է պահանջել՝

    • պայմանագրի վաղաժամկետ լուծման հետևանքով առաջացած ծախսերն ու վնասները,
    • պայմանագրի լուծմանը նախորդող երեք տարիներին ստացած շահույթի հանրագումարը,
    • ենթակառուցվածքներում կատարված ներդրումների և մինչև պայմանագրի լուծումը ստացված ընդհանուր շահույթի տարբերությունը։

    Եթե պայմանագիրը լուծվում է կոնցեսիոն գործունեության մեկնարկից երեք տարուց շուտ, նախորդ երեք տարիների շահույթի փոխարեն հաշվարկվում է գործունեության ամբողջ ժամանակահատվածի միջին տարեկան շահույթի եռապատիկը։

    Շարժակազմն այս դեպքում ևս հաշվարկվում է առանձին․ Հայաստանը պետք է այն ձեռք բերի անկախ գնահատողի սահմանած մնացորդային արժեքով։

    Վերադարձվում են ոչ բոլոր ներդրումները

    Պայմանագիրը հատուկ նշում է «ենթակառուցվածքներում կատարված ներդրումները», հետևաբար Բելոզերովի ներկայացրած 145.77 մլրդ դրամը հնարավոր չէ ամբողջությամբ ներառել այս բանաձևում՝ առանց դրա կառուցվածքը պարզելու։

    Հարկավոր է առանձնացնել՝ այդ գումարից որքանն է ուղղվել՝

    • երկաթուղային ենթակառուցվածքներին,
    • շարժակազմի ձեռքբերմանը կամ արդիականացմանը,
    • ընթացիկ պահպանմանն ու վերանորոգմանը,
    • ՀԿԵ-ի այլ ծախսերին։

    Օրինակ՝ եթե ՀԿԵ-ն ենթակառուցվածքներում ներդրել է 120 մլրդ դրամ և մինչև պայմանագրի լուծումը ստացել 30 մլրդ դրամ ընդհանուր շահույթ, ներդրումային բաղադրիչով կարող է պահանջել 90 մլրդ դրամ, ոչ թե ամբողջ 120 մլրդը։

    Միայն շահույթ չստանալու դեպքում այս բաղադրիչը կարող է հավասարվել ենթակառուցվածքներում կատարված ամբողջ ներդրմանը։ Սակայն նույնիսկ այդ դեպքում շարժակազմի սկզբնական արժեքը չի վերադարձվում․ այն ձեռք է բերվում դադարեցման պահին ունեցած մնացորդային արժեքով։

    Բելոզերովի հրապարակած 145.77 մլրդ դրամը չի կարելի նույնացնել Հայաստանի հնարավոր ֆինանսական պարտավորության հետ։ Այդ թիվը ներառում է ՌԺԴ-ի միջոցներից և ՀԿԵ-ի սեփական եկամուտներից կատարված ընդհանուր ներդրումները, մինչդեռ պայմանագիրը, ինչպես վերևում ներկայացրինք, տարբեր կերպ է դիտարկում ենթակառուցվածքային ներդրումները, շարժակազմը և այլ ծախսերը։ 

    Ինչ վերաբերում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը դադարեցնելուն, ապա այդ դեպքում ֆինանսական հետևանքներ սահմանված չեն։ Պայմանագրի համաձայն՝ դրանք որոշվում են կողմերի բանակցությունների և ձեռք բերված համաձայնության արդյունքում։

    Այսպիսով՝ Բելոզերովի հայտարարությունը պայմանագրային հիմքից ամբողջությամբ զուրկ չէ։ Հայաստանի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման հաստատման և ՀԿԵ-ի նախաձեռնությամբ պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ընկերությունն իսկապես կարող է պահանջել ենթակառուցվածքային ներդրումների ու ստացված շահույթի տարբերությունը, ինչպես նաև այլ ծախսերի և վնասների փոխհատուցում։

    Սակայն Բելոզերովի ձևակերպումը թերի և մոլորեցնող է։ Նա նույնացնում է պայմանագրի պայմանների հնարավոր փոփոխությունը և դրա վաղաժամկետ լուծումը, չի նշում փոխհատուցման համար անհրաժեշտ իրավական պայմանները և տպավորություն է ստեղծում, թե Հայաստանը բոլոր դեպքերում պարտավոր է վերադարձնել ռուսական կողմի հայտարարած ամբողջ ներդրումը։

    Իրականում փոխհատուցման իրավական հիմքը և չափը կախված են պայմանագրի դադարեցման պատճառից, կողմերի հնարավոր խախտումներից, ենթակառուցվածքային ներդրումների կառուցվածքից, ՀԿԵ-ի ստացած շահույթից, շարժակազմի մնացորդային արժեքից և, վեճի դեպքում, արբիտրաժի գնահատականից։

    Հասմիկ Համբարձումյան

  • Վարչապետը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 30-ին կառավարության նիստում անդրադառնալով Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալության՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ գնահատականին, հայտարարել է․ 

    «Moody’s-ը Հայաստանի վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայունից»  «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատել է Ba3 մակարդակում»։

    Անդրադառնալով վարկանիշի հեռանկարի բարելավմանն ու սուվերեն վարկանիշի՝ Ba3 մակարդակում պահպանմանը՝ վարչապետը ներկայացրել է գործակալության գնահատականում արձանագրված դրական փոփոխությունները՝ մատնանշելով քաղաքական և աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը, տնտեսական աճի հեռանկարների բարելավումն ու տնտեսության կառուցվածքային ներուժի ամրապնդումը։

    «Փաստերի ստուգման հարթակը» կառավարության նիստում հնչած պնդումները համադրել է Moody’s Ratings-ի ամբողջական որոշման հետ և արձանագրել, որ վարչապետի կողմից պաշտոնական ներկայացման մեջ տեղ չեն գտել գործակալության մատնանշած մի շարք առանցքային ռիսկեր և վերապահումներ։ 

    *Moody’s Ratings-ը (Moody’s Investors Service) աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալություններից մեկն է (S&P Global Ratings-ի և Fitch Ratings-ի հետ միասին մտնում է համաշխարհային «Մեծ Եռյակի» մեջ)։ 

    Կառավարության նիստում չներկայացված ռիսկերը

    Խաղաղության պայմանագրի կնքման անորոշությունը

    Moody’s-ը հեռանկարի բարելավման պատճառների թվում իսկապես նշում է Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ պայմանավորված աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի թուլացումը։ Միաժամանակ, սակայն, գործակալությունը զգուշացնում է, որ լիարժեք խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս քիչ հավանական է։

    «Տեսանելի ապագայում լիարժեք խաղաղության պայմանագրի կնքումը քիչ հավանական է, քանի որ Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, ինչը Երևանի համար շարունակում է մնալ քաղաքականապես զգայուն և ներքաղաքական առումով բարդ հարց»,- նշված է որոշման մեջ։

    Արտապատկերումը՝ Moody’s-ի գնահատականից

    Ռուսաստանի հետ հարաբերություններից բխող տնտեսական ռիսկերը

    Գործակալությունն անդրադարձել է նաև Հայաստանի փոփոխվող արտաքին քաղաքական կողմնորոշմանն և Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ պահպանվող անորոշությանը։ Moody’s-ի գնահատմամբ՝ երկու երկրների սերտ տնտեսական կապերի պայմաններում այդ անորոշությունը կարող է ազդել Հայաստանի տնտեսական անվտանգության վրա։

    «Թեև աշխարհաքաղաքական ռիսկերը նվազել են, Հայաստանի փոփոխվող արտաքին կողմնորոշման և Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ անորոշությունները շարունակում են ռիսկեր ստեղծել Հայաստանի տնտեսական անվտանգության համար՝ հաշվի առնելով երկու երկրների սերտ տնտեսական կապերը»,- նշված  է որոշման մեջ։

    Արտապատկերումը՝ Moody’s-ի գնահատականից

    Տնտեսական  ռիսկերն ու երկնիշ գործազրկությունը

    Կառույցի դիտարկմամբ, տնտեսական աճի բարձր ցուցանիշների դրական ազդեցությունը տնտեսական հիմնարար ցուցանիշների լայնածավալ բարելավման վրա դեռևս ակնհայտ չէ: Ազդեցությունն աշխատաշուկայի ցուցանիշների վրա, ըստ ամենայնի, թույլ է։ Գործազրկության մակարդակը նվազել է, սակայն շարունակում է մնալ երկնիշ, ինչը մասամբ արտացոլում է աճի նեղ բազան՝ կենտրոնացված մի քանի ոլորտներում, ինչպես նաև կառուցվածքային սահմանափակումները, ինչպիսիք են հմտությունների անհամապատասխանությունը և բարձր ստվերայնությունը: 

    Ներքին խնայողությունները նույնպես մնացել են ցածր մակարդակում, ինչին խոչընդոտում են թույլ զարգացած ներքին կապիտալի շուկաները և  ստվերայնությունը, ինչը սահմանափակում է տնային տնտեսությունների խնայողությունների մոբիլիզացումը: 

    Արդյունքում, Հայաստանը շարունակում է ունենալ ընթացիկ հաշվի զգալի պակասորդ, որը հիմնականում ֆինանսավորվում է արտաքին կապիտալի ներհոսքով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներդրումը համեստ է՝ մնալով ՀՆԱ-ի մոտ 2%-ի սահմաններում: Ներքին խնայողությունների ցածր մակարդակն իր հերթին հանգեցնում է ներքին փոխառությունների համեմատաբար բարձր արժեքի։

    Արտապատկերումը՝ Moody’s-ի գնահատականից

    Ժողովրդագրական մարտահրավերներն ու բարձր որակավորում ունեցող մասնագետների արտագաղթը

    Moody’s-ն իր գնահատականում առանձնացնում է նաև Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական ռիսկերը, որոնք կարող են սահմանափակել երկրի տնտեսական աճի երկարաժամկետ ներուժը։

    Գործակալությունը հիմնական մարտահրավերների թվում նշում է բնակչության փոքր թվաքանակն ու ծերացումը, երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը և բարձր որավորում ունեցող հայաստանցիների արտագաղթը։

    Moody’s-ի գնահատմամբ՝ արտագաղթը մի կողմից նպաստում է դրամական փոխանցումների ներհոսքին՝ որոշ չափով մեղմելով դրա բացասական հետևանքները, սակայն մյուս կողմից ավելի է խորացնում ժողովրդագրական խնդիրները։

    Գործակալության դիտարկմամբ՝ անցումը դեպի ավելի բարձր արտադրողականություն ունեցող ծառայությունների ոլորտներ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, կարող է նպաստել այդ ռիսկերի մեղմանը։

    Արտապատկերումը՝ Moody’s-ի գնահատականից

    Կառույցն անդրադարձել է նաև այն կետերին, որոնք կարող են նպաստել  Հայաստանի վարկանիշի հետագա բարձրացմանը։

    Moody’s-ը նշել է, որ Հայաստանի վարկանիշի բարձրացմանը կարող են նպաստել հետևողական բարեփոխումները՝ արտահանման խթանման, գործարար միջավայրի բարելավման և զբաղվածության ընդլայնման ուղղություններով։ Դրական ազդեցություն կարող են ունենալ նաև տարածաշրջանային կայունության ամրապնդումը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առաջընթացը, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի կապակցվածությունն ու առևտրային հնարավորություններն ընդլայնող ծրագրերի իրականացումը և Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ ավելի մեծ հստակությունը։

    Գործակալությունը կարևորել է նաև աշխատաշուկայի ցուցանիշների բարելավումն ու ներքին կապիտալի շուկաների զարգացումը, ինչը կարող է նվազեցնել փոխառությունների արժեքը և ամրապնդել պետական պարտքի սպասարկման կարողությունը։

    Այսպիսով, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացրել է միայն Moody’s-ի որոշման հիմքում ընկած դրական գործոնները։ Մինչդեռ գործակալության զեկույցում մատնանշված են նաև մի շարք ռիսկեր՝ խաղաղության պայմանագրի շուրջ պահպանվող անորոշությունը, Ռուսաստանի հետ հարաբերություններից բխող տնտեսական վտանգները, երկնիշ գործազրկությունը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ցածր մակարդակը և ժողովրդագրական մարտահրավերները։

    Գայանե Մարկոսյան

  • ՌԴ սահմանափակումների ֆոնին․ կաթնամթերքի արտահանումը նվազել է, կախվածությունը ռուսական շուկայից՝ աճել

    Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորի» հաղորդմամբ՝ հուլիսի 14-ից 21-ը ծառայության մասնագետները ստուգումներ են իրականացրել Հայաստանի՝ կաթնամթերք արտադրող ձեռնարկություններում։ Ռուսական կողմը պնդում է, որ «ընթացիկ հետաքննության շրջանակում պարզվել է, որ վարակված կենդանիների կաթն օգտագործվել է Ռուսաստան մատակարարվող արտադրանքի արտադրության մեջ»։ 

    Միաժամանակ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ թեև ռուսական կողմը դեռ չի տրամադրել ստուգումների պաշտոնական արդյունքները, սակայն ստուգումների ընթացքում «հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ չեն հայտնաբերվել»։ 

    Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ արտադրության մեջ օգտագործված հումքը «անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ»։

    ՌԴ սահմանափակումների ֆոնին «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին երկու տարիներին Հայաստանի կաթի և կաթնամթերքի արտահանման կառուցվածքը՝ գնահատելու ոլորտի կախվածությունը ռուսական շուկայից և սահմանափակումների հնարավոր ազդեցությունը հայկական արտահանողների վրա։ 

    Կաթի և կաթնամթերքի արտահանման կառուցվածքը՝ ըստ ապրանքախմբերի 

    Պետական եկամուտնեի կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 3.5 հազար տոննա կաթ և կաթնամթերք, իսկ 2025 թվականին՝ շուրջ 2.4 հազար տոննա, ինչը նշանակում է, որ նախորդ տարի արտահանման ծավալը կրճատվել է մոտ 1․1 հազար տոննայով։

    Արտահանման ծավալով ամենամեծ մասնաբաժինը կազմել են պանիրն ու կաթնաշոռը։

    Թարմ կաթի և սերուցքի արտահանումը 2024 թվականին կազմել է 2.8 տոննա՝ 18.6 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 4.8 տոննա՝ 35.1 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

    Խտացված կաթի և կաթի փոշու արտահանումը 2024 թվականին կազմել է 39.7 տոննա՝ 87.6 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 204 տոննա՝ 886.2 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

    Թան, սերուցք, մածուն, կեֆիր ապրանքախմբի արտահանումը 2024 թվականին կազմել է 67.9 տոննա՝ 95.4 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 70.1 տոննա՝ 109.2 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

    Կաթնային շիճուկի և կաթի այլ բաղադրիչներից պատրաստված արտադրանքի արտահանումը 2024 թվականին կազմել է մոտ 38․5 տոննա՝ 35.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 0.2կգ։

    Կարագի և կաթնային ճարպերի (0405) արտահանումը 2024 թվականին կազմել է 1.6 հազար տոննա՝ 11.4 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 314.6 տոննա՝ 2.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

    Պանրի և կաթնաշոռի արտահանումը 2024 թվականին կազմել է մոտ 1․7 հազար  տոննա՝ 14 մլն ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 1․8 հազար տոննա՝ 16 մլն ԱՄՆ դոլար արժեքով։

    ՌԴ մասնաբաժինը Հայաստանի կաթնամթերքի արտահանման ընդհանուր ծավալում

    ՊԵԿ-ի տվյալների հիման վրա կատարված հաշվարկներով՝ 2024 թվականին Հայաստանից արտահանված շուրջ 3500 տոննա կաթից և կաթնամթերքից 2400 տոննան արտահանվել է Ռուսաստան։ ՌԴ մասնաբաժինը ընդհանուր արտահանման ծավալում կազմել է մոտ 68.6%։

    2025 թվականին կաթի և կաթնամթերքի ընդհանուր արտահանումը կազմել է շուրջ 2400 տոննա, որից 1880 տոննան արտահանվել է Ռուսաստան։ Այսպիսով, Ռուսաստանի մասնաբաժինը հասել է մոտ 78.3%-ի։

    Թեև 2025 թվականին կաթի և կաթնամթերքի ընդհանուր արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 31.4%-ով, Ռուսաստանի մասնաբաժինն աճել է մոտ 10 տոկոսային կետով։ Այսինքն՝ ոլորտի արտահանման կախվածությունը ռուսական շուկայից խորացել է։

    Կաթի և կաթնամթերքի արտահանման կառուցվածքը՝ ըստ երկրների

    Կաթի և սերուցքի արտահանման հիմնական ուղղությունները 2025 թվականին եղել են ԱՄՆ-ը՝ 3.2 տոննա (2024-ին՝ 1 տոննա), և Վրաստանը՝ 1.6 տոննա (2024-ին՝ 1.8 տոննա)։ 2024 թվականին 23.4 կգ արտահանվել է նաև Թուրքմենստան, մինչդեռ 2025 թվականին այդ ուղղությամբ արտահանում չի արձանագրվել։ Ընդհանուր արտահանումը 2024 թվականի 2.8 տոննայից 2025 թվականին հասել է 4.8 տոննայի։

    Այս ապրանքախմբի արտահանումը գործնականում կախված չէ ռուսական շուկայից․ դեպի ՌԴ 2024 թվականին արտահանվել է 3 կգ, իսկ 2025-ին՝ 5 կգ՝ երկու դեպքում էլ տվյալ ապրանքախմբի ընդհանուր ծավալի շուրջ 0.1%-ը։ Միևնույն ժամանակ, այս ապրանքախմբի կշիռը կաթի և կաթնամթերքի դիտարկվող վեց ապրանքախմբերի ընդհանուր արտահանման մեջ աննշան է եղել՝ 2024 թվականին կազմելով շուրջ 0.1%, իսկ 2025-ին՝ 0.2%։

    Խտացրած կամ քաղցրացված կաթի և սերուցքի արտահանման հիմնական ուղղությունը 2024 թվականին եղել է Ղազախստանը՝ 39.6 տոննա։ Փոքր ծավալներ են արտահանվել նաև Բահրեյն՝ 102.7 կգ, և Դանիա՝ 4 կգ։ 2025 թվականին արտահանման ուղղությունները փոխվել են․ 180 տոննա արտահանվել է Ռուսաստան, իսկ 24 տոննա՝ Վրաստան։ Ընդհանուր արտահանումը 2024 թվականի 39.7 տոննայից 2025 թվականին հասել է 204 տոննայի։

    Այս ապրանքախմբի կախվածությունը ռուսական շուկայից աճել է․ 2024 թվականին Ռուսաստան արտահանում չի իրականացվել, մինչդեռ 2025-ին ՌԴ է արտահանվել 180 տոննա՝ այս ապրանքախմբի ընդհանուր արտահանման 88.2%-ը։ Միևնույն ժամանակ այս ապրանքախմբի կշիռը կաթի և կաթնամթերքի դիտարկվող վեց ապրանքախմբերի ընդհանուր արտահանման մեջ համեմատաբար փոքր է եղել՝ 2024 թվականին կազմելով 1.1%, իսկ 2025-ին՝ 8.4%։

    Թանի, սերուցքի, մածունի և կեֆիրի արտահանման հիմնական ուղղությունը երկու տարիներին էլ եղել է Ռուսաստանը՝ 2024 թվականին 56.6 տոննա, իսկ 2025-ին՝ 61.7 տոննա։ Դեպի Վրաստան արտահանումը 8.7 տոննայից նվազել է մինչև 7.1 տոննա, իսկ դեպի ԱՄՆ՝ 2.4 տոննայից մինչև 1.3 տոննա։ 2024 թվականին փոքր ծավալներ են արտահանվել նաև Բահրեյն՝ 242.9 կգ, և Լեհաստան՝ 20 կգ, մինչդեռ 2025 թվականին այդ ուղղություններով արտահանում չի արձանագրվել։ Ընդհանուր արտահանումը 2024 թվականի շուրջ 68 տոննայից 2025 թվականին հասել է 70.1 տոննայի։

    Այս ապրանքախմբի կախվածությունը ռուսական շուկայից աճել է․ Ռուսաստանի մասնաբաժինը տվյալ ապրանքախմբի ընդհանուր արտահանման մեջ 2024 թվականի 83.3%-ից 2025 թվականին հասել է 88%-ի։ Միևնույն ժամանակ այս ապրանքախմբի կշիռը կաթի և կաթնամթերքի դիտարկվող վեց ապրանքախմբերի ընդհանուր արտահանման մեջ համեմատաբար փոքր է եղել՝ 2024 թվականին կազմելով 1.9%, իսկ 2025-ին՝ 2.9%։

    Կաթնային շիճուկի և կաթի այլ բաղադրիչներից պատրաստված արտադրանքի արտահանման միակ ուղղությունը վերջին տարիներին եղել է Ռուսաստանը։ Սակայն, եթե 2024 թվականին արտահանվել է մոտ 38.5 տոննա արտադրանք, ապա 2025 թվականին արտահանման ծավալը մոտեցել է 0-ին՝ կազմելով ընդամենը 0.2 կգ։

    Կաթնային շիճուկի արտահանման միակ ուղղությունը երկու տարիներին էլ եղել է Ռուսաստանը։ 2024 թվականին ՌԴ է արտահանվել 38.5 տոննա կաթնային շիճուկ, մինչդեռ 2025 թվականին արտահանման ծավալը կազմել է ընդամենը 0.2 կգ։ Այսպիսով, 2025 թվականին այս ապրանքախմբի արտահանումը գրեթե ամբողջությամբ դադարել է։

    Այս ապրանքախմբի կշիռը կաթի և կաթնամթերքի դիտարկվող վեց ապրանքախմբերի ընդհանուր արտահանման մեջ 2024 թվականին կազմել է 1.1%, իսկ 2025-ին՝ գործնականում 0%։

    Կարագի և այլ կաթնային ճարպերի արտահանման հիմնական ուղղությունը երկու տարիներին էլ եղել է Ռուսաստանը․ 2024 թվականին ՌԴ է արտահանվել 1008.3 տոննա, իսկ 2025-ին՝ 203.5 տոննա։ 

    Դեպի Բելառուս արտահանումը 506.3 տոննայից նվազել է մինչև 102.5 տոննա, իսկ դեպի Վրաստան՝ 18.7 տոննայից մինչև շուրջ 0.5 տոննա։

    2024 թվականին Ղազախստան է արտահանվել 99 տոննա, մինչդեռ 2025-ին այդ ուղղությամբ արտահանում չի արձանագրվել։ Միաժամանակ ԱՄՆ արտահանումն աճել է՝ 137 կգ-ից հասնելով մոտ 8.2 տոննայի։ Ընդհանուր արտահանումը 2024 թվականի 1632.4 տոննայից 2025 թվականին նվազել է մինչև 314.7 տոննա՝ շուրջ 80.7%-ով։

    Չնայած դեպի ՌԴ արտահանման ծավալի շուրջ 79.8% անկմանը՝ այս ապրանքախմբի կախվածությունը ռուսական շուկայից փոքր-ինչ աճել է․ Ռուսաստանի մասնաբաժինը տվյալ ապրանքախմբի ընդհանուր արտահանման մեջ 2024 թվականի 61.8%-ից 2025-ին հասել է 64.7%-ի։ Միևնույն ժամանակ այս ապրանքախմբի կշիռը կաթի և կաթնամթերքի դիտարկվող վեց ապրանքախմբերի ընդհանուր արտահանման մեջ 2024 թվականի 46.1%-ից 2025-ին նվազել է մինչև 12.9%։

    Պանրի և կաթնաշոռի արտահանման հիմնական ուղղությունը երկու տարիներին էլ եղել է Ռուսաստանը․ 2024 թվականին ՌԴ է արտահանվել 1317 տոննա, իսկ 2025-ին՝ 1430.9 տոննա։ Դեպի ԱՄՆ արտահանումը 225.2 տոննայից հասել է 228.7 տոննայի, իսկ դեպի Վրաստան՝ 130.1 տոննայից 145.8 տոննայի։ Միաժամանակ դեպի Ղազախստան արտահանումը 62.6 տոննայից նվազել է մինչև 28.5 տոննա, իսկ Բելառուս, Թուրքմենստան, Բահրեյն և Կորեայի Հանրապետություն 2025 թվականին արտահանում չի արձանագրվել։ Փոքր ծավալներ են արտահանվել նաև Վիետնամ և ԱՄԷ։ Ընդհանուր արտահանումը 2024 թվականի 1762.1 տոննայից 2025 թվականին հասել է 1846.2 տոննայի՝ աճելով շուրջ 4.8%-ով։

    Այս ապրանքախմբի կախվածությունը ռուսական շուկայից աճել է․ Ռուսաստանի մասնաբաժինը տվյալ ապրանքախմբի ընդհանուր արտահանման մեջ 2024 թվականի 74.7%-ից 2025-ին հասել է 77.5%-ի։ Միևնույն ժամանակ պանիրն ու կաթնաշոռը դիտարկվող վեց ապրանքախմբերում ունեցել են ամենամեծ կշիռը՝ 2024 թվականին կազմելով կաթի և կաթնամթերքի ընդհանուր արտահանման 49.7%-ը, իսկ 2025-ին՝ 75.7%-ը։

    Այսպիսով, 2025 թվականին կաթնամթերքի ընդհանուր արտահանման հիմնական մասը կազմել են պանիրն ու կաթնաշոռը՝ ընդհանուր ծավալի 75.7%-ը, կարագն ու կաթնային ճարպերը՝ 12.9%-ը, և խտացրած կամ քաղցրացված կաթն ու սերուցքը՝ 8.4%-ը։ Միասին այս երեք ապրանքախմբերն ապահովել են կաթնամթերքի ընդհանուր արտահանման շուրջ 97%-ը։

    Միաժամանակ այս ապրանքախմբերի արտահանումը մեծապես ուղղված է եղել ռուսական շուկա․ Ռուսաստան է արտահանվել պանրի և կաթնաշոռի 77.5%-ը, կարագի ու կաթնային ճարպերի 64.7%-ը, իսկ խտացրած կամ քաղցրացված կաթի և սերուցքի՝ 88.2%-ը։ Այս երեք ապրանքախմբերը միասին ապահովել են դեպի Ռուսաստան կաթնամթերքի արտահանման շուրջ 96.7%-ը։

    Հետևաբար, եթե ՌԴ սահմանափակումները պահպանվեն երկարաժամկետ, ծավալային առումով ամենամեծ ազդեցությունը կարող է կրել հենց այս երեք ապրանքախմբերի արտահանումը, քանի որ դրանք միաժամանակ ունեն և՛ արտահանման ամենամեծ ծավալները, և՛ ռուսական շուկայից բարձր կախվածություն։

    Գայանե Մարկոսյան

  • #5 Հասկանալ FIMI-ն. Ինչպե՞ս է FIP-ը հետազոտում FIMI-ն

    Ինչպե՞ս է FIP-ը բացահայտում FIMI գործողությունները։ Փաստերի ստուգումը միայն տեղեկության ճիշտ կամ կեղծ լինելը պարզելը չէ։ FIP.am-ը նաև ուսումնասիրում է՝ ով է ստեղծել և տարածել այն, ինչ հարթակներով է այն տարածվել, ինչ նարատիվի մաս է և ինչ նպատակ կարող է հետապնդել։

    «Հասկանալ FIMI-ն» շարքի նոր տեսանյութում ներկայացնում ենք, թե ինչպես է FIP-ը հետազոտում համակարգված ապատեղեկատվական արշավները։

    Այս շարքի նախորդ տեսանյութերը՝ 

    #1 «Հասկանալ FIMI-ն». Ի՞նչ է FIMI-ն

    #2 «Հասկանալ FIMI-ն». Ովքե՞ր են տեղեկատվական ազդեցության դերակատարները

    #3 «Հասկանալ FIMI-ն»․ Ինչպե՞ս են նարատիվները ծնվում ու տարածվում Հայաստանում

    #4 Հասկանալ FIMI-ն․ Ինչպե՞ս ճանաչել տեղեկատվական գրոհը. 5 պարզ հարց

    The post #5 Հասկանալ FIMI-ն. Ինչպե՞ս է FIP-ը հետազոտում FIMI-ն appeared first on FIP.AM.

  • Ի՞նչ նոր արարքներ են քրեորեն պատժելի դարձել Հայաստանում

    Հետամտում, «գրումինգ», էվթանազիա, կիբերհանցագործություններ․ վերջին տարիներին Հայաստանում քրեորեն պատժելի են դարձել մի շարք նոր արարքներ։

    Ի՞նչ փոփոխություններ են կատարվել Քրեական օրենսգրքում 2022 թվականից հետո, և ի՞նչ խնդիրներ են դրանք փորձում լուծել:

    Մանրամասները՝

    Հետամտում (stalking), «գրումինգ» (grooming), էվթանազիա․ ինչ նոր արարքներ են դարձել քրեորեն պատժելի Հայաստանում