Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորի» հաղորդմամբ՝ հուլիսի 14-ից 21-ը ծառայության մասնագետները ստուգումներ են իրականացրել Հայաստանի՝ կաթնամթերք արտադրող ձեռնարկություններում։ Ռուսական կողմը պնդում է, որ «ընթացիկ հետաքննության շրջանակում պարզվել է, որ վարակված կենդանիների կաթն օգտագործվել է Ռուսաստան մատակարարվող արտադրանքի արտադրության մեջ»։
Միաժամանակ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ թեև ռուսական կողմը դեռ չի տրամադրել ստուգումների պաշտոնական արդյունքները, սակայն ստուգումների ընթացքում «հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ չեն հայտնաբերվել»։
Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ արտադրության մեջ օգտագործված հումքը «անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ»։
ՌԴ սահմանափակումների ֆոնին «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին երկու տարիներին Հայաստանի կաթի և կաթնամթերքի արտահանման կառուցվածքը՝ գնահատելու ոլորտի կախվածությունը ռուսական շուկայից և սահմանափակումների հնարավոր ազդեցությունը հայկական արտահանողների վրա։
Կաթի և կաթնամթերքի արտահանման կառուցվածքը՝ ըստ ապրանքախմբերի
Պետական եկամուտնեի կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 3.5 հազար տոննա կաթ և կաթնամթերք, իսկ 2025 թվականին՝ շուրջ 2.4 հազար տոննա, ինչը նշանակում է, որ նախորդ տարի արտահանման ծավալը կրճատվել է մոտ 1․1 հազար տոննայով։
Արտահանման ծավալով ամենամեծ մասնաբաժինը կազմել են պանիրն ու կաթնաշոռը։
Թարմ կաթի և սերուցքի արտահանումը 2024 թվականին կազմել է 2.8 տոննա՝ 18.6 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 4.8 տոննա՝ 35.1 հազար ԱՄՆ դոլար արժեքով։
Խտացված կաթի և կաթի փոշու արտահանումը 2024 թվականին կազմել է 39.7 տոննա՝ 87.6 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 204 տոննա՝ 886.2 հազար ԱՄՆ դոլար արժեքով։
Թան, սերուցք, մածուն, կեֆիր ապրանքախմբի արտահանումը 2024 թվականին կազմել է 67.9 տոննա՝ 95.4 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 70.1 տոննա՝ 109.2 հազար ԱՄՆ դոլար արժեքով։
Կաթնային շիճուկի և կաթի այլ բաղադրիչներից պատրաստված արտադրանքի արտահանումը 2024 թվականին կազմել է մոտ 38․5 տոննա՝ 35.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 0.2կգ։
Կարագի և կաթնային ճարպերի (0405) արտահանումը 2024 թվականին կազմել է 1.6 հազար տոննա՝ 11.4 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 314.6 տոննա՝ 2.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով։
Պանրի և կաթնաշոռի արտահանումը 2024 թվականին կազմել է մոտ 1․7 հազար տոննա՝ 14 մլն ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 1․8 հազար տոննա՝ 16 մլն ԱՄՆ դոլար արժեքով։
ՌԴ մասնաբաժինը Հայաստանի կաթնամթերքի արտահանման ընդհանուր ծավալում
ՊԵԿ-ի տվյալների հիման վրա կատարված հաշվարկներով՝ 2024 թվականին Հայաստանից արտահանված շուրջ 3500 տոննա կաթից և կաթնամթերքից 2400 տոննան արտահանվել է Ռուսաստան։ ՌԴ մասնաբաժինը ընդհանուր արտահանման ծավալում կազմել է մոտ 68.6%։
2025 թվականին կաթի և կաթնամթերքի ընդհանուր արտահանումը կազմել է շուրջ 2400 տոննա, որից 1880 տոննան արտահանվել է Ռուսաստան։ Այսպիսով, Ռուսաստանի մասնաբաժինը հասել է մոտ 78.3%-ի։
Թեև 2025 թվականին կաթի և կաթնամթերքի ընդհանուր արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 31.4%-ով, Ռուսաստանի մասնաբաժինն աճել է մոտ 10 տոկոսային կետով։ Այսինքն՝ ոլորտի արտահանման կախվածությունը ռուսական շուկայից խորացել է։
Կաթի և կաթնամթերքի արտահանման կառուցվածքը՝ ըստ երկրների
Կաթի և սերուցքի արտահանման հիմնական ուղղությունները 2025 թվականին եղել են ԱՄՆ-ը՝ 3.2 տոննա (2024-ին՝ 1 տոննա), և Վրաստանը՝ 1.6 տոննա (2024-ին՝ 1.8 տոննա)։ 2024 թվականին 23.4 կգ արտահանվել է նաև Թուրքմենստան, մինչդեռ 2025 թվականին այդ ուղղությամբ արտահանում չի արձանագրվել։ Ընդհանուր արտահանումը 2024 թվականի 2.8 տոննայից 2025 թվականին հասել է 4.8 տոննայի։
Այս ապրանքախմբի արտահանումը գործնականում կախված չէ ռուսական շուկայից․ դեպի ՌԴ 2024 թվականին արտահանվել է 3 կգ, իսկ 2025-ին՝ 5 կգ՝ երկու դեպքում էլ տվյալ ապրանքախմբի ընդհանուր ծավալի շուրջ 0.1%-ը։ Միևնույն ժամանակ, այս ապրանքախմբի կշիռը կաթի և կաթնամթերքի դիտարկվող վեց ապրանքախմբերի ընդհանուր արտահանման մեջ աննշան է եղել՝ 2024 թվականին կազմելով շուրջ 0.1%, իսկ 2025-ին՝ 0.2%։
Խտացրած կամ քաղցրացված կաթի և սերուցքի արտահանման հիմնական ուղղությունը 2024 թվականին եղել է Ղազախստանը՝ 39.6 տոննա։ Փոքր ծավալներ են արտահանվել նաև Բահրեյն՝ 102.7 կգ, և Դանիա՝ 4 կգ։ 2025 թվականին արտահանման ուղղությունները փոխվել են․ 180 տոննա արտահանվել է Ռուսաստան, իսկ 24 տոննա՝ Վրաստան։ Ընդհանուր արտահանումը 2024 թվականի 39.7 տոննայից 2025 թվականին հասել է 204 տոննայի։
Այս ապրանքախմբի կախվածությունը ռուսական շուկայից աճել է․ 2024 թվականին Ռուսաստան արտահանում չի իրականացվել, մինչդեռ 2025-ին ՌԴ է արտահանվել 180 տոննա՝ այս ապրանքախմբի ընդհանուր արտահանման 88.2%-ը։ Միևնույն ժամանակ այս ապրանքախմբի կշիռը կաթի և կաթնամթերքի դիտարկվող վեց ապրանքախմբերի ընդհանուր արտահանման մեջ համեմատաբար փոքր է եղել՝ 2024 թվականին կազմելով 1.1%, իսկ 2025-ին՝ 8.4%։
Թանի, սերուցքի, մածունի և կեֆիրի արտահանման հիմնական ուղղությունը երկու տարիներին էլ եղել է Ռուսաստանը՝ 2024 թվականին 56.6 տոննա, իսկ 2025-ին՝ 61.7 տոննա։ Դեպի Վրաստան արտահանումը 8.7 տոննայից նվազել է մինչև 7.1 տոննա, իսկ դեպի ԱՄՆ՝ 2.4 տոննայից մինչև 1.3 տոննա։ 2024 թվականին փոքր ծավալներ են արտահանվել նաև Բահրեյն՝ 242.9 կգ, և Լեհաստան՝ 20 կգ, մինչդեռ 2025 թվականին այդ ուղղություններով արտահանում չի արձանագրվել։ Ընդհանուր արտահանումը 2024 թվականի շուրջ 68 տոննայից 2025 թվականին հասել է 70.1 տոննայի։
Այս ապրանքախմբի կախվածությունը ռուսական շուկայից աճել է․ Ռուսաստանի մասնաբաժինը տվյալ ապրանքախմբի ընդհանուր արտահանման մեջ 2024 թվականի 83.3%-ից 2025 թվականին հասել է 88%-ի։ Միևնույն ժամանակ այս ապրանքախմբի կշիռը կաթի և կաթնամթերքի դիտարկվող վեց ապրանքախմբերի ընդհանուր արտահանման մեջ համեմատաբար փոքր է եղել՝ 2024 թվականին կազմելով 1.9%, իսկ 2025-ին՝ 2.9%։
Կաթնային շիճուկի և կաթի այլ բաղադրիչներից պատրաստված արտադրանքի արտահանման միակ ուղղությունը վերջին տարիներին եղել է Ռուսաստանը։ Սակայն, եթե 2024 թվականին արտահանվել է մոտ 38.5 տոննա արտադրանք, ապա 2025 թվականին արտահանման ծավալը մոտեցել է 0-ին՝ կազմելով ընդամենը 0.2 կգ։
Կաթնային շիճուկի արտահանման միակ ուղղությունը երկու տարիներին էլ եղել է Ռուսաստանը։ 2024 թվականին ՌԴ է արտահանվել 38.5 տոննա կաթնային շիճուկ, մինչդեռ 2025 թվականին արտահանման ծավալը կազմել է ընդամենը 0.2 կգ։ Այսպիսով, 2025 թվականին այս ապրանքախմբի արտահանումը գրեթե ամբողջությամբ դադարել է։
Այս ապրանքախմբի կշիռը կաթի և կաթնամթերքի դիտարկվող վեց ապրանքախմբերի ընդհանուր արտահանման մեջ 2024 թվականին կազմել է 1.1%, իսկ 2025-ին՝ գործնականում 0%։
Կարագի և այլ կաթնային ճարպերի արտահանման հիմնական ուղղությունը երկու տարիներին էլ եղել է Ռուսաստանը․ 2024 թվականին ՌԴ է արտահանվել 1008.3 տոննա, իսկ 2025-ին՝ 203.5 տոննա։
Դեպի Բելառուս արտահանումը 506.3 տոննայից նվազել է մինչև 102.5 տոննա, իսկ դեպի Վրաստան՝ 18.7 տոննայից մինչև շուրջ 0.5 տոննա։
2024 թվականին Ղազախստան է արտահանվել 99 տոննա, մինչդեռ 2025-ին այդ ուղղությամբ արտահանում չի արձանագրվել։ Միաժամանակ ԱՄՆ արտահանումն աճել է՝ 137 կգ-ից հասնելով մոտ 8.2 տոննայի։ Ընդհանուր արտահանումը 2024 թվականի 1632.4 տոննայից 2025 թվականին նվազել է մինչև 314.7 տոննա՝ շուրջ 80.7%-ով։
Չնայած դեպի ՌԴ արտահանման ծավալի շուրջ 79.8% անկմանը՝ այս ապրանքախմբի կախվածությունը ռուսական շուկայից փոքր-ինչ աճել է․ Ռուսաստանի մասնաբաժինը տվյալ ապրանքախմբի ընդհանուր արտահանման մեջ 2024 թվականի 61.8%-ից 2025-ին հասել է 64.7%-ի։ Միևնույն ժամանակ այս ապրանքախմբի կշիռը կաթի և կաթնամթերքի դիտարկվող վեց ապրանքախմբերի ընդհանուր արտահանման մեջ 2024 թվականի 46.1%-ից 2025-ին նվազել է մինչև 12.9%։
Պանրի և կաթնաշոռի արտահանման հիմնական ուղղությունը երկու տարիներին էլ եղել է Ռուսաստանը․ 2024 թվականին ՌԴ է արտահանվել 1317 տոննա, իսկ 2025-ին՝ 1430.9 տոննա։ Դեպի ԱՄՆ արտահանումը 225.2 տոննայից հասել է 228.7 տոննայի, իսկ դեպի Վրաստան՝ 130.1 տոննայից 145.8 տոննայի։ Միաժամանակ դեպի Ղազախստան արտահանումը 62.6 տոննայից նվազել է մինչև 28.5 տոննա, իսկ Բելառուս, Թուրքմենստան, Բահրեյն և Կորեայի Հանրապետություն 2025 թվականին արտահանում չի արձանագրվել։ Փոքր ծավալներ են արտահանվել նաև Վիետնամ և ԱՄԷ։ Ընդհանուր արտահանումը 2024 թվականի 1762.1 տոննայից 2025 թվականին հասել է 1846.2 տոննայի՝ աճելով շուրջ 4.8%-ով։
Այս ապրանքախմբի կախվածությունը ռուսական շուկայից աճել է․ Ռուսաստանի մասնաբաժինը տվյալ ապրանքախմբի ընդհանուր արտահանման մեջ 2024 թվականի 74.7%-ից 2025-ին հասել է 77.5%-ի։ Միևնույն ժամանակ պանիրն ու կաթնաշոռը դիտարկվող վեց ապրանքախմբերում ունեցել են ամենամեծ կշիռը՝ 2024 թվականին կազմելով կաթի և կաթնամթերքի ընդհանուր արտահանման 49.7%-ը, իսկ 2025-ին՝ 75.7%-ը։
Այսպիսով, 2025 թվականին կաթնամթերքի ընդհանուր արտահանման հիմնական մասը կազմել են պանիրն ու կաթնաշոռը՝ ընդհանուր ծավալի 75.7%-ը, կարագն ու կաթնային ճարպերը՝ 12.9%-ը, և խտացրած կամ քաղցրացված կաթն ու սերուցքը՝ 8.4%-ը։ Միասին այս երեք ապրանքախմբերն ապահովել են կաթնամթերքի ընդհանուր արտահանման շուրջ 97%-ը։
Միաժամանակ այս ապրանքախմբերի արտահանումը մեծապես ուղղված է եղել ռուսական շուկա․ Ռուսաստան է արտահանվել պանրի և կաթնաշոռի 77.5%-ը, կարագի ու կաթնային ճարպերի 64.7%-ը, իսկ խտացրած կամ քաղցրացված կաթի և սերուցքի՝ 88.2%-ը։ Այս երեք ապրանքախմբերը միասին ապահովել են դեպի Ռուսաստան կաթնամթերքի արտահանման շուրջ 96.7%-ը։
Հետևաբար, եթե ՌԴ սահմանափակումները պահպանվեն երկարաժամկետ, ծավալային առումով ամենամեծ ազդեցությունը կարող է կրել հենց այս երեք ապրանքախմբերի արտահանումը, քանի որ դրանք միաժամանակ ունեն և՛ արտահանման ամենամեծ ծավալները, և՛ ռուսական շուկայից բարձր կախվածություն։
Գայանե Մարկոսյան









Leave a Reply