Category: FIP.am

  • Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ

    ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի պետական գրանցման համակարգ՝ այն հիմնավորելով ստվերի կրճատմամբ, անվտանգության և կիբեռանվտանգության բարձրացմամբ։ Սակայն FIP.am-ի հարցումներին ի պատասխան՝ նախագծի հեղինակ կամ դրա մշակման գործում ներգրավված պետական մարմինները չեն ներկայացրել վիճակագրական տվյալներ կամ ուսումնասիրություններ, որոնք ցույց կտան, թե Հայաստանում առկա խնդիրները որքանով են պայմանավորված հենց IMEI համակարգի բացակայությամբ։

    Այսպես, ՀՀ կառավարությունը 2026 թվականի հունիսի 25-ի նիստում հավանություն է  տվել բջջային հեռախոսների IMEI* (International Mobile Equipment Identity) կոդերի պարտադիր պետական գրանցման և վերահսկողության միասնական համակարգ ներդնելու որոշման նախագծին։

    *IMEI-ն բջջային սարքի 15 նիշանոց եզակի նույնականացման համարն է, որի առաջին հատվածը ցույց է տալիս սարքի արտադրողին և մոդելը, իսկ մնացած նիշերը՝ կոնկրետ սարքը։ 

    Համակարգի  նպատակն  է սահմանափակել գողացված, կեղծ կամ ապօրինի ներմուծված սարքերի օգտագործումը։ Ցանցին միանալիս օպերատորը ստուգում է սարքի IMEI-ն՝ դրա վավերականությունն ու կարգավիճակը։ Վերահսկմանը ներգրավված են սարք արտադրողները, բջջային օպերատորները և պետական կարգավորող մարմինները։ Որոշ երկրներում ստեղծվում են ազգային IMEI բազաներ, որոնց հասանելիություն կարող են ունենալ նաև մաքսային և իրավապահ կառույցները։

    IMEI-ն ինքնին անձնական տվյալ չէ, սակայն այն կարող է կապվել SIM քարտի, բաժանորդային տվյալների և սարքի օգտագործման պատմության հետ։ Այդ պատճառով կարևոր են տվյալների պաշտպանության հստակ կանոնները և հասանելիության սահմանափակումները։ Միևնույն ժամանակ, միայն IMEI համարը չի կարող տեղորոշել մարդուն, այն պարզապես նույնականացնում է սարքը։ Տեղորոշման հնարավորությունը կապված է բջջային ցանցի տվյալների՝ բազային կայանների, SIM քարտի և ցանցային միացումների հետ, որոնց հետ IMEI-ն կարող է կապվել։

    Համակարգեր գործում են Թուրքիայում, Ադրբեջանում, Հնդկաստանում, Պակիստանում, Ինդոնեզիայում, Եգիպտոսում, Իրանում, Թաիլանդում և Քենիայում։

    Կառավարությունը պնդում է, որ համակարգը կօգնի պայքարել չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով սարքերի շրջանառության, ինչպես նաև գողացված հեռախոսների օգտագործման դեմ։ Միևնույն ժամանակ, համակարգի ներդրման շուրջ առաջացել են նաև մի շարք հարցեր ու մտահոգություններ՝ կապված տվյալների պաշտպանության, վերահսկողության ծավալների, հնարավոր սխալ արգելափակումների և այլն։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է գործադիր մարմնի կողմից հավանության արժանացած նախագիծն ու դրա հիմնավորումները,  ինչպես նաև նախագծի հեղինակներից փորձել է պարզեր, թե ինչ հստակ վիճակագրություն և ուսումնասիրություններ են անցկացվել՝ համակարգի ներդրման անհրաժեշտության գնահատման նպատակով։ 

    Հիմնավորումներ՝ առանց թվերի 

    Այսպես, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համագործակցությամբ մշակված որոշման նախագծի հիմնավորման մեջ առանձնացվում է երկու գործոն՝ բջջային սարքերի ոլորտում առկա ստվերային տնտեսությունը և թվային անվտանգությունը։ 

    Նախ նշվում է, որ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը նպաստում է չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառությանը, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։ 

    Նշվում է, որ նախագծի ընդունումը ի թիվս այլնի, կնպաստի՝ ստվերային տնտեսության կրճատմանը, բջջային սարքերի շուկայի կարգավորմանն ու սպառողների պաշտպանությանը, մասնավորապես՝ հեռախոսների գողության և խարդախության հանցագործությունների կանխմանը, Հանրապետությունում անվտանգային ռիսկերի նվազեցմանը և կիբեռանվտանգության մակարդակի բարձրացմանը։ 

    Որոշումն ընդունվել է, իսկ քննարկումները շարունակվում են

    FIP.am-ը հարցում է արել ԲՏԱ նախարարություն պարզելու, թե ի՞նչ վիճակագրական տվյալների կամ վերլուծությունների հիման վրա է հենվում պնդումը, թե  IMEI

    համակարգի ներդրումը կնվազեցնի անվտանգային ռիսկերը և կբարձրացնի կիբեռանվտանգության մակարդակը․ մասնավորապես, գերատեսչությունից խնդրել էինք 

    տրամադրել տվյալներ սարքերի IMEI համարների չգրանցված կամ չվերահսկվող շրջանառությամբ պայմանավորված քրեական կամ վարչական գործերի վերաբերյալ։ 

    Խնդրել էինք տվյալներ գողացված, կեղծված կամ փոփոխված IMEI ունեցող բջջային սարքերի օգտագործմամբ հանցագործությունների կամ զեղծարարությունների կատարման դեպքերի վերաբերյալ։ 

    Մենք նաև խնդրել էինք նախարարությանը ներկայացնել անվտանգային այն ռիսկերը, որոնք հնարավոր չէ արդյունավետ կառավարել IMEI համակարգի բացակայության պատճառով, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը, որի վրա հիմվել են նախագծի հեղինակները։ 

    Սակայն, FIP.am-ի ու այլ հարցեր, մնացել են առանց հստակ պատասխանների, խմնագրությանը չեն տրամադրվել հստակ վիճակագրական տվյալներ, փոխարենը նախարարությունից ստացվել է մեկ պարբերությունից բաղկացած պատասխան, այն մասին, որ նախագծի վերաբերյալ հարցերը դեռ քննարկվում են Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամի հետ։  

    Արտապատկերումը՝ նախարարության պատասխանից։ 

    Այսպիսով, նախարարությունը չի տրամադրել այնպիսի տվյալներ կամ ուսումնասիրություններ, որոնք կվկայեն, որ Հայաստանում IMEI համակարգի բացակայությունն հանգեցրել է այնպիսի անվտանգային խնդիրների, որոնց լուծման համար անհրաժեշտ է առաջարկվող կարգավորումը․ նախագծի հիմնավորման մի շարք առանցքային հարցեր շարունակում են բաց մնալ։

    Ստվերն ու IMEI համակարգ․  Չպարզաբանված կապ

    FIP.am-ը նախագծի մշակման աշխատանքներում ներգրավված ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հարցման միջոցով խնդրել էր տվյալներ նախորդ հինգ տարիներին կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառության դեպքերի թվի վերաբերյալ, սակայն գերատեսչությունից նշել էին, որ նման տվյալների չեն տիրապետում։ 

    Միաժամանակ կառույցից հայտնել էին, որ ընդհանուր հարկման դաշտում գործող սուբյեկտների կողմից բջջային հեռախոսների ներմուծումն ազատված է և՛ ԱԱՀ-ից, և՛ մաքսատուրքից, այնուամենայնիվ ներմուծողները հակված են թաքցնելու բջջային հեռախոսների ներմուծումը, որպեսզի վաճառքները նույնպես կազմակերպեն ստվերային եղանակով՝ խուսափելով վաճառքից առաջացող հարկերից։

    Սրան զուգահեռ, կառույցից նշել էին, որ 2025 թվականին հայտնաբերվել է  ապօրինի տեղափոխված մոտ 1500 բջջային հեռախոս, իսկ 2026թ. 1-ին կիսամյակում՝ 300 հատ։ 

    ՊԵԿ-ից հայտնել են նաև, որ միայն 2026 թվականի առաջին 5 ամսում պետությանը մոտ 165 մլն դրամ վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է 4 քրեական վարույթ, իսկ տարբեր հարկային և վարչական խախտումների արդյունքում լրացուցիչ հաշվարկվել է շուրջ 519.2 մլն դրամ հարկ և տուգանք (407 մլն դրամ հարկային պարտավորություններ և 112.2 մլն դրամ տուգանքներ): 

    ՊԵԿ-ի տրամադրած տվյալները վկայում են, որ բջջային հեռախոսների շուկայում առկա են ստվերային շրջանառության և հարկերից խուսափելու խնդիրներ։ Սակայն կառույցը միաժամանակ նշել է, որ չի վարում կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով սարքերի շրջանառության վերաբերյալ առանձին վիճակագրություն։ Հետևաբար, ներկայացված տվյալներից հնարավոր չէ եզրակացնել, թե հայտնաբերված խախտումների որ մասն է ուղղակիորեն պայմանավորված IMEI համակարգի բացակայությամբ կամ որքանով դրա ներդրումը կլուծի առկա խնդիրները։ 

    Այսպիսով, IMEI համակարգը միջազգայինորեն կիրառվող գործիք է, որը կարող է օգտագործվել գողացված կամ ապօրինի շրջանառվող բջջային սարքերի վերահսկման համար։ Սակայն, Հայաստանի կառավարության ընդունած որոշման նախագծի հիմնավորումներում և FIP.am-ի հարցումներին տրված պատասխաններում չեն ներկայացվել հրապարակային վիճակագրական տվյալներ կամ ուսումնասիրություններ, որոնք ցույց կտան, թե որքանով են առկա խնդիրները պայմանավորված հենց IMEI համակարգի բացակայությամբ և ինչ ազդեցություն կունենա դրա ներդրումը։

    Նանե Մանասյան

    Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

    The post Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ appeared first on FIP.AM.

  • Սամվել Կարապետյանի պնդումը, թե վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» սխալ է․ ինչ են ցույց տալիս թվերը

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հուլիսի 7–ին հայտարարել էր, թե Հայաստանում ներդրումներ չեն իրականացվում։ «Վերջին տարիներին մեր երկրում բացարձակ ներդրումներ չեն եղել․․․Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց (գործող իշխանության) բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին», — հայտարարել էր նա։

    «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» պնդումը՝ համադրելով օտարերկրյա ներդրումների և հիմնական կապիտալում կատարված ներդրումների պաշտոնական տվյալները։  

    Օտարերկրյա ներդրումների տատանումները

    ՀՀ վիճակագրական կոմիտեի «Իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը» վիճակագրության  տվյալներով՝  Հայաստանի իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը 2018–2025 թվականներին եղել են խիստ տատանողական։

    2018 թ․-ին օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմել է 34 մլրդ դրամ։ 2019-ին այն աճել է՝ հասնելով 98.4 մլրդ դրամի, իսկ 2020 թվականին դարձել է բացասական՝ կազմելով -5.8 մլրդ դրամ։

    2021 թվականին գրանցվել է դիտարկվող ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշը՝ 208.8 մլրդ դրամ։ Դրանից հետո ներդրումների զուտ հոսքը երեք տարի շարունակ նվազել է՝ 2022 թվականին կազմելով 186.6 մլրդ դրամ, 2023 թվականին՝ 149 մլրդ դրամ, իսկ 2024 թվականին՝ 29.8 մլրդ դրամ։

    2025 թվականին 2024-ի համեմատ արձանագրվել է որոշակի աճ․ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմել է 34.5 մլրդ դրամ, ինչը շուրջ 15.6%-ով կամ 4.7 մլրդ դրամով ավելի է 2024-ի ցուցանիշից։ Այդուհանդերձ, տարեկան վերջին տվյալները ցույց են տալիս, որ ցուցանիշը շարունակում է զգալիորեն զիջել 2021–2023 թվականների մակարդակին։

    Ի դեպ, բացասական զուտ ցուցանիշը չի նշանակում, որ տվյալ տարում ներդրում ընդհանրապես չի եղել․ Վիճակագրական ծառայության մեթոդաբանությամբ՝ զուտ հոսքը ստացումների և մարումների տարբերությունն է, ուստի բացասական թիվը նշանակում է, որ մարումները գերազանցել են ստացումները։ 

    *Ըստ մեթոդաբանության  օտարերկրյա ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումներ։ Պորտֆելային ներդրումը օտարերկրյա ներդրումներն են որևէ կազմակերպության կապիտալում՝ մինչև 10% ձայնի իրավունք տվող բաժնետոմսերում և փայամասնակցությունում, ինչպես նաև կազմակերպված կամ այլ ֆինանսական շուկաներում շրջանառելի պարտքային արժեթղթերում (պարտատոմսեր, պարտամուրհակներ, դրամի շուկայի գործիքներ, այլ պարտքային արժեթղթեր): Այլ ներդրումների կազմում ներառվում են վարկերն ու փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք կամ ստացվելիք գումարները, ինչպես նաև ստացված և տրված կանխավճարները։

    Ուղղակի ներդրումների պատկերը

    Վիճակագրական կոմիտեն իրական հատվածում օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը ներկայացնում է ընդհանուր ներդրումներ/ուղղակի ներդրումներ ձևաչափով։ Ուստի առանձին դիտարկել ենք նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների վիճակագրական պատկերը։ 

    2018թ․-ին ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմել է 94.2 մլրդ դրամ, իսկ 2019 և 2020 թվականներին դարձել է բացասական՝ համապատասխանաբար -18.6 մլրդ և -43.2 մլրդ դրամ։

    2021 թվականին ցուցանիշը կտրուկ աճել է՝ հասնելով 128.6 մլրդ դրամի։ 2022-ին ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է 171.7 մլրդ դրամ, իսկ 2023-ին գրանցվել է դիտարկվող ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշը՝ 252.9 մլրդ դրամ։

    2024 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը կրկին եղել է բացասական՝ կազմելով -47.5 մլրդ դրամ, իսկ 2025 թվականին ցուցանիշը կրկին դարձել է դրական և հասել 93 մլրդ դրամի։

    *Օտարերկրյա ուղղակի ներդրումները ներառում եմ հետևյալ ֆինանսական գործիքները, դրանց հետ կապված դիրքերը, գործարքները, դրանցից եկամուտը և այլ փոփոխությունները․1) կանոնադրական և էմիսիոն կապիտալ, 2) կազմակերպության սեփական կապիտալի այլ տարրեր, 3) պարտքային գործիքներ։ 

    Հիմնական կապիտալում կատարված ներդրումների ընդհանուր պատկերը

    Ներդրումների ընդհանուր պատկերը գնահատելու համար դիտարկել ենք նաև ազգային հաշիվների «հիմնական միջոցների համախառն կուտակում» ցուցանիշը։ Պարզ ասած՝ այն ցույց է տալիս, թե տնտեսությունում որքան ներդրում է արվել շենքերի, շինությունների, մեքենաների, սարքավորումների և այլ երկարաժամկետ օգտագործվող հիմնական միջոցների ձեռքբերման կամ ստեղծման համար։ Այս ցուցանիշը միայն օտարերկրյա կամ միայն ներքին ներդրումների ցուցանիշ չէ․ այն արտացոլում է հիմնական կապիտալում կատարված ընդհանուր ներդրումները։ 

    ՀՀ վիճակագրական կոմիտեի ՀՆԱ օգտագործման  վիճակագրության   «հիմնական միջոցների համախառն կուտակում» տողի ցուցանիշը, ընթացիկ գներով, 2018 թվականին կազմել է 1.01 տրլն դրամ, 2019 թվականին՝ 1.03 տրլն դրամ, իսկ 2020 թվականին՝ 1.1 տրլն դրամ։

    2021 թվականին ցուցանիշը զգալիորեն աճել է՝ հասնելով 1.48 տրլն դրամի, 2022 թվականին կազմել է 1.79 տրլն դրամ, իսկ 2023 թվականին՝ 1.95 տրլն դրամ։

    2024 թվականին հիմնական միջոցների համախառն կուտակումը կազմել է 2.19 տրլն դրամ, իսկ 2025 թվականին հասել է դիտարկվող ժամանակահատվածի ամենաբարձր մակարդակին՝ 2.42 տրլն դրամի։

    Այսինքն, վերջին ութ տարիներին Հայաստանում հիմնական միջոցների համախառն կուտակման ծավալը, ընթացիկ գներով, աճել է գրեթե 2.4 անգամ՝ 2018-ի 1.01 տրլն դրամից 2025-ին հասնելով 2.42 տրլն դրամի։

    Այսպիսով, Սամվել Կարապետյանի պնդումը, թե վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» սխալ է, և չի հաստատվում պաշտոնական վիճակագրությամբ։

    Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը իսկապես եղել են խիստ տատանողական, իսկ առանձին տարիներին՝ նաև բացասական։ Սակայն դրան զուգահեռ մի շարք տարիներին արձանագրվել են դրական և աճի զգալի ծավալներ։ Բացի այդ, ազգային հաշիվների տվյալներով՝ տնտեսությունում հիմնական կապիտալում կատարված ներդրումների ծավալը 2018–2025 թվականներին շարունակաբար աճել է՝ հասնելով 2.42 տրլն դրամի։

    Գայանե Մարկոսյան

  • Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում – FIP.AM

    Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնը («ԱԲ գործարան»)  վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն երեք անգամ դարձել է…

  • Ինչպես է Storm 1516-ը թիրախավորում Հայաստանում կառուցվող AI գործարանը․ երեք կեղծ նարատիվ մեկ ամսում

    Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնը («ԱԲ գործարան»)  վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն երեք անգամ դարձել է Կրեմլի «Storm 1516» (Փոթորիկ-1516) բոտերի ցանցի ապատեղեկատվական արշավի թիրախը X սոցիալական մեդիայի հարթակում։ 

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է և պարզել, որ տարբեր ժամանակահատվածներում ռուսաստանյան արմատներ ունեցող այս ցանցը տարածել է երեք տարբեր կեղծ նարատիվ՝ սկսած ավերիչ երկրաշարժի կանխատեսումից մինչև Հայաստանի էներգետիկ համակարգի փլուզման և Իրանի կողմից գործարարնին հարվածելու պնդումներ։

    Հիշեցնենք, որ ԱԲ տվյալների կենտրոնը Firebird ընկերության, Nvidia-ի և Հայաստանի կառավարության համատեղ նախագիծն է, որի ներդրումային արժեքը կազմելու է մոտ 5 միլիարդ դոլար։ Կենտրոնը կառուցվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և, ըստ պաշտոնական տեղեկության, գործարկվելու է հուլիս ամսին։ 

    «Ամերիկյան ձախողված նախագիծ՝ ՀՀ-ում»

    Հունիսի 30-ից X-ի հաշիվները տարածում են պնդումը, թե նախագիծն «ի սկզբանե ձախողված է», քանի որ Հայաստանի էլեկտրական էներգիայի մատակարարման ենթակառուցվածքները «չափազանց վատ վիճակում են գտնվում նման գերհզոր տվյալների կենտրոնի սպասարկման համար»։

    Արտապատկերումները՝ X-ի բոտերի ցանցի հաշիվներից (1, 2, 3):

    X-ի բոտային հաշիվներն իրենց գրառումներին կցել են տեսանյութ, որում պնդում է արվում, թե գործարանի գործարկման դեպքում ՀՀ էլեկտրական էներգիայի համակարգին «սպասվում է փլուզում և աղետ»։ 

    Firebird ընկերության պաշտոնական տեղեկությունների համաձայն, առաջին փուլում կենտրոնի   հզորությունը կազմում է 18 մեգավատ, սակայն նախատեսվում է մինչև 2027 թվականը այն հասցնել 250 մեգավատի:

    Էներգետիկ ենթակառուցվածքն ապահովում է Schneider Electric ընկերությունը՝ տրամադրելով կրկնակի պահուստավորված (redundant) համակարգեր, որոնք նախատեսված են նման կարևոր համակարգերի անխափան աշխատանքի համար: Կառույցը նախագծված է էներգիայի հզորության և դիմացկունության համար՝ ապահովելով լիարժեք սխալակայունություն:

    Դարձյալ ըստ պաշտոնական աղբյուրի,  AI գործարանում ներդրվելու է սառեցման համակարգ՝ Vertiv ընկերության կողմից տրամադրված հեղուկային և օդային սառեցման համակարգեր, որոնք նախատեսված են բարձր էներգաարդյունավետության համար։ Հեղուկային սառեցման համակարգն աշխատում է փակ շրջանով և ջրի փոխարինում է պահանջում մի քանի տարին մեկ: 

    «Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պարզելու, թե արդյոք գնահատվել է ՀՀ էլեկտրական էներգիայի ենթակառուցվածքների համապատասխանությունը նման հզորության ԱԲ գործարանի սպասարկման համար։ 

    Ի պատասխան նախարարությունից նշել են, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն նախագծի համար տրամադրել է հաղորդման ցանցին միացման տեխնիկական պայմաններ՝ նախապես կատարելով անհրաժեշտ գնահատումները։ 

    Նախագծի համար ամրագրվել է 115 ՄՎտ հզորություն, իսկ իրականացված գնահատումների համաձայն, տվյալների կենտրոնի աշխատանքը չի հանգեցնի համակարգային խնդիրների և չի ազդի մյուս սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության վրա։ 

    Այսպիսով, «Storm 1516»-ի տարածած պնդումը, թե ՀՀ էներգետիկ հանակարգը պատրաստ չէ նման հզորությամբ տվյալների կենտրոն սպասարկել, փաստահեն չէ, դրա հիմքում չկան հստակ մասնագիտական գնատահատականներ, սրան զուգահեռ թե ամերիկյան ընկերությունը, և թե պատասխանատու ՀՀ գերատեսչությունները հավաստիացնում են, որ նախագծի էլեկտրական սնուցման և ՀՀ էներգետիկ համակարգի համապատասխանության մասնագիտական գնահատականները փաստում են՝ նախագիծը համակարգում խնդիրների չի հանգեցնի։ 

    Երկրաշարժի կեղծ ահազանգ ԱԲ գործարանի տեղակայման վայրում

    Ավելի վաղ էլ՝ հունիսի 24-ից, X-ի նույն ցանցը մեկ այլ կեղծ տեղեկություն էր տարածել՝ պնդելով, թե ԱԲ գործարանի տարածքում ավերիչ երկրաշարժ է կանխատեսվում։ 

    Այս արշավին անդրադարաձել էին Factor TV-ի մեր գործընկերները․ լրատվամիջոցին Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից  հերքել էին տեղեկությունը, նշելով, որ գիտական հանրության դիրքորոշումն այն է, որ հնարավոր չէ գիտականորեն կանխատեսել, թե երկրաշարժը կոնկրետ երբ, որտեղ և ինչ ուժգնությամբ տեղի կունենա։

    Այսպիսով, ապատեղեկատվական ցանցը նույն նախագծի շուրջ արդեն երկրորդ անգամ փորձում էր ձևավորել վտանգի զգացողություն՝ այս անգամ այն կապելով ենթադրյալ բնական աղետի հետ։ 

    «Իրանը սպառնում է հարվածել գործարանին»

    «Storm 1516» ապատեղեկատվական ցանցը Հայաստանում կառուցվող ԱԲ տվյալների կենտրոնը X-ում թիրախավորել է նաև կեղծ պնդումով, թե Իրանը, ի պատասխան ԱՄՆ ռազմական հարվածների, սպառնում է թիրախավորել կենտրոնը։ 

    Այսպես, ռուսաստանյան Gnida Project նախաձեռնության ուսումնասիրության համաձայն, այս ցանցը հուլիսի 7-ից տարածում է, թե  հայաստանյան AI կենտրոնը Իրանի հավանական ռազմական թիրախ է, մինչդեռ իրանական պաշտոնական աղբյուրները չեն հիշատակում այս կենտրոնը որպես թիրախ։

    ՀՀ-ում կառուցվող գործարանը տեսանյութում ներկայացվում է որպես ԱՄՆ-ի հետախուզական կենտորն, և հենց այդ չհիմնավորված պնդման վրա էլ կառուցվում է Իրանի հնարավոր հարվածի մասին թեզը։ 

    Սակայն որևէ փաստ չի վկայում, որ կառուցվող տվյալների կենտրոնը ռազմական կամ հետախուզական նշանակություն ունի։ Ավելին, այն դեռ կառուցման փուլում է, հետևաբար չէր կարող կատարել այն գործառույթները, որոնք նրան վերագրվում էին ապատեղեկատվական տեսանյութերում։ 

    Այսպիսով, վերջին մեկ ամսվա ընթացքում «Storm 1516» ցանցը նույն նախագծի շուրջ հաջորդաբար շրջանառության մեջ է դրել առնվազն երեք տարբեր կեղծ նարատիվ՝ «ավերիչ երկրաշարժ», «էներգետիկ աղետ» և «Իրանի ռազմական թիրախ»։ 

    Թեև այս պնդումները միմյանցից տարբեր են բովանդակությամբ, դրանք ծառայում են նույն նպատակին՝ ձևավորել անվստահություն Հայաստանում իրականացվող խոշոր ամերիկյան ներդրումային ծրագրի նկատմամբ և այն ներկայացնել որպես ի սկզբանե ձախողված կամ վտանգավոր նախաձեռնություն։ 

    Նանե Մանասյան

  • 16 տարում՝ ինքնասպանության 10 746 փորձ․ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրությունը

    Զգուշացում․ Այս նյութը վերաբերում է ինքնասպանություններին և կարող է հուզիչ կամ ծանր լինել այն մարդկանց համար, ովքեր անձամբ կամ իրենց հարազատների միջոցով առնչվել են նման կորստի։ Խնդրում ենք շարունակել ընթերցումը՝ հաշվի առնելով ձեր հոգեկան բարեկեցությունը։ Եթե թեման ձեզ համար ծանր է, կարող եք այս պահին հրաժարվել նյութի ընթերցումից։

    Հայաստանում ինքնասպանության յուրաքանչյուր աղմկահարույց դեպքից հետո հանրային դաշտում կարող է ձևավորվել տպավորություն, թե ինքնասպանությունների թիվը աճում է։ Սակայն արդյո՞ք այդ ընկալումը համապատասխանում է իրականությանը։

    «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է պաշտոնական վիճակագրությունն ու 2010-2025 թվականների տվյալները՝ պարզելու, թե ինչ պատկեր են ցույց տալիս թվերը։

    Այսպես, Ներքին գործերի նախարարությանն ուղղված FIP.am-ի հարցման հիման վրա ստացված տվյալների համաձայն՝ 16 տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 10 746 ինքնասպանության փորձ, որոնցից 3 035-ը ավարտվել է մահով։

    Մահով ավարտված ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2010 թվականին՝ 225 դեպք, իսկ ամենացածրը՝ 2019 թվականին՝ 153 դեպք։ Միաժամանակ, ինքնասպանության փորձերի ամենամեծ թիվն արձանագրվել է 2024 թվականին՝ 674 դեպք, իսկ ամենացածրը՝ 2010 թվականին՝ 367 դեպք։

    Գրաֆիկից երևում է, որ.

    • Մահով ավարտված ինքնասպանությունների թիվը (մոխրագույն հատվածը) 2010-2025 թվականներին համեմատաբար կայուն է մնացել՝ տարեկան մոտ 150-225 դեպքի միջակայքում։ Կան տատանումներ, սակայն երկարաժամկետ շարունակական աճ չի երևում։
    • Ինքնասպանության փորձերի թիվը (նարնջագույն հատվածը) հատկապես 2022 թվականից հետո զգալիորեն աճել է։ 2024-2025 թվականներին արդեն գրանցվել են ուսումնասիրվող ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշները։

    Փաստացի, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում վերջին տարիներին աճել է ոչ թե մահվամբ ավարտված ինքնասպանությունների թիվը, այլ գրանցված ինքնասպանության փորձերի քանակը։

    Ինքնասպանությունների ամենատարածված միջոցները

    ՆԳՆ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ավարտված ինքնասպանությունների  (ավարտված ինքնասպանությունն այն դեպքերն են, երբ գործողությունն ավարտվում է մահով-խմբ․) ամենամեծ մասը բաժին է ընկնում կախվելով ինքնասպանությանը, որը կազմում է բոլոր դեպքերի շուրջ 56 տոկոսը՝ 1754 ավարտված ինքնասպանություն։ Ինքնասպանության դիմելու այս եղանակով փորձերի միայն 511 դեպքն է ավարտվել փրկությամբ։

    Երկրորդ տեղում բարձրությունից նետվելու դեպքերն են․ այս եղանակով գրանցված 2538 դեպքից մահվամբ ավարտվել է 556-ը, իսկ մնացածը դասակարգվել են որպես ինքնասպանության փորձեր

    Ինքնասպանության՝ անավարտ փորձերի մեջ առավել հաճախ հանդիպող եղանակը դեղահաբերով կամ այլ նյութերով թունավորումն է։ Այդպիսի 2675 դեպքից մահվամբ ավարտվել է 267-ը, իսկ մնացած դեպքերում անձինք ողջ են մնացել։

    Ովքե՞ր են ամենախոցելի խմբերը

    2010-2025 թվականների պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինքնասպանությունների ամենախոցելի խումբը 30-65 տարեկան տղամարդիկ են, այս տարիքային խմբի մոտ արձանագրվել է 1340 ավարտված դեպք։ Իսկ ընդհանուր առմամբ, ավարտված ինքնասպանությունների 76 տոկոսը (2309 դեպք) բաժին է ընկնում տղամարդկանց, մինչդեռ կանանց ընդհանուր թիվը 726 է։

    Մյուս խոշոր ռիսկային խումբը 65 և բարձր տարիքի անձինք են, որոնց բաժին է ընկնում ավարտված ինքնասպանությունների 27,1 տոկոսը (823 դեպք)։ Այս տարիքային խմբում նույնպես գերակշռում են տղամարդիկ։

    Ինքնասպանության փորձերի դեպքում պատկերը որոշ չափով տարբեր է։ 2010-2025 թվականներին գրանցված 7711 անավարտ փորձերից 4560-ը (մոտ 60%) բաժին է ընկել տղամարդկանց, իսկ 3151-ը (մոտ 40%)՝ կանանց։ Այսինքն՝ տղամարդիկ ոչ միայն ավելի հաճախ են հայտնվում ինքնասպանությունների վիճակագրության մեջ, այլև նրանց շրջանում փորձերն անհամեմատ ավելի հաճախ են ավարտվում մահով, մինչդեռ կանանց դեպքում ավելի մեծ է ինքնասպանության փորձերի տեսակարար կշիռը։

    Ամենացածր ցուցանիշները տարիքային խմբերի մեջ գրանցվել են մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում։ Այս տարիքային խմբում արձանագրվել է 112 ավարտված ինքնասպանություն, ինչը կազմում է ընդհանուր դեպքերի շուրջ 3,7 տոկոսը։ 

    Սոցիալական կարգավիճակը

    2010-2025 թվականների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավարտված ինքնասպանությունների թվում ամենամեծ բաժինը կազմում են գործազուրկները։

    Այս խմբում արձանագրվել է 1 317 ավարտված ինքնասպանություն, ինչը կազմում է բոլոր ավարտված դեպքերի շուրջ 43 տոկոսը։ Եթե հաշվարկվեն նաև ինքնասպանության փորձերը, ապա գործազուրկների շրջանում գրանցվել է 5 675 դեպք, այսինքն՝ Հայաստանում արձանագրվող յուրաքանչյուր երկրորդ դեպքը բաժին է ընկել այս խմբին։

    Երկրորդ խոշոր խումբը թոշակառուներն են։ Նրանց շրջանում արձանագրվել է 865 ավարտված ինքնասպանություն՝ 1 785 դեպքերից, ինչը կազմում է ընդհանուրի մոտ 29 տոկոսը։ Հատկանշական է, որ այս խմբում ինքնասպանության փորձերը համեմատաբար ավելի հաճախ են ավարտվել մահով, քան մյուս սոցիալական խմբերում։

    Աշխատանք կամ մշտական զբաղվածություն ունեցող անձանց շրջանում նույն ժամանակահատվածում արձանագրվել է շուրջ 264 ավարտված ինքնասպանություն, կամ ընդհանուրի մոտ 8,7 տոկոսը։

    Ընդհանուր առմամբ, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործազուրկներն ու թոշակառուները միասին կազմում են Հայաստանում ավարտված ինքնասպանությունների 71,9 տոկոսը։

    Այդուհանդերձ, ընդգծենք, որ այս տվյալները ամենևին չեն նշանակում, որ գործազրկությունը կամ թոշակառու լինելը ինքնին ինքնասպանության պատճառ է։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս միայն դեպքերի բաշխվածությունը սոցիալական խմբերի միջև և թույլ չի տալիս եզրահանգումներ անել պատճառահետևանքային կապերի մասին։

    Աշակերտներ, ուսանողներ և զինծառայողներ

    2010-2025 թվականների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ աշակերտների, ուսանողների և զինծառայողների շրջանում արձանագրված ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերը կազմում են ընդհանուր դեպքերի համեմատաբար փոքր մասը։ Այս երեք խմբերում միասին արձանագրվել է 150 ավարտված ինքնասպանություն, ինչը կազմում է ընդհանուր ցուցանիշի մոտ 5 տոկոսը։

    Այս երեք խմբերի մեջ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է աշակերտների շրջանում։  Դիտարկվող ժամանակահատվածում նրանց շրջանում արձանագրվել է 79 ավարտված ինքնասպանություն, իսկ ինքնասպանության փորձերի և ավարտված դեպքերի ընդհանուր թիվը 322 է։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2010 թվականին՝ 11 ավարտված դեպք, իսկ հաջորդ տարիներին տարեկան արձանագրվել է միջինում 2-9 դեպք։

    Ուսանողների շրջանում 2010-2025 թվականներին գրանցվել է 38 ավարտված ինքնասպանություն։ Ընդհանուր առմամբ այս խմբում արձանագրվել է 207 դեպք։ 

    Սոցիալական խմբերից զինծառայողների շրջանում արձանագրվել են ամենացածր ցուցանիշները։ 2010-2025 թվականներին գրանցվել է 33 ավարտված ինքնասպանություն և 78 փորձ։ Տարեկան ավարտված դեպքերի թիվը սովորաբար տատանվել է 0-4-ի սահմաններում։ Առավել բարձր ցուցանիշները՝ 4-ական դեպք, գրանցվել են 2012, 2016, 2020 և 2025 թվականներին։

    Ընդհանուր առմամբ, այս տվյալները ցույց են տալիս, որ թեև աշակերտների, ուսանողների և զինծառայողների շրջանում արձանագրված դեպքերը ընդհանուր վիճակագրության համեմատ մեծ բաժին չեն կազմում, դրանցից հատկապես աշակերտների խումբը մնում է առավել խոցելին՝ ավարտված ինքնասպանությունների քանակով։ 

    Դիտարկված ժամանակահատվածում Հայաստանում ինքնասպանության փորձ է կատարել 142 օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, որոնց փորձերից մահվամբ ավարտվել  է 23-ը։

    Ի՞նչ են ասում պաշտոնական տվյալները շարժառիթների մասին

    Հատկանշական է, որ 2010-2025 թվականների տվյալների համաձայն՝ ինքնասպանությունների շարժառիթների ամենամեծ խումբը այն դեպքերն են, որոնց պատճառը չի հաջողվել հստակ պարզել կամ պաշտոնական վիճակագրության մեջ դասակարգվել է որպես «այլ»։ Այս կատեգորիայում ընդգրկված է 1499 ավարտված դեպք, ինչը կազմում է բոլոր ավարտված ինքնասպանությունների մոտ կեսը։

    Այն դեպքերում, երբ շարժառիթը հնարավոր է եղել պարզել, առավել հաճախ հանդիպում են սոցիալական խնդիրները։ Դրանց հետ է կապվել 446 ավարտված ինքնասպանություն։

    Երկրորդ ամենատարածված հայտնի շարժառիթը հոգեկան առողջության խնդիրներն են։ Դրանց հետ է կապվել 384 ավարտված ինքնասպանություն։ Միևնույն ժամանակ, հոգեկան առողջության խնդիրները հաճախ են արձանագրվել նաև ինքնասպանության փորձերի դեպքում․ 2010-2025 թվականներին այս հիմքով գրանցվել է 1191 դեպք։

    Հաջորդ առավել հաճախ հանդիպող շարժառիթը անբուժելի հիվանդություն ունենալն է, որի հետ է կապվել 343 ավարտված ինքնասպանություն։

    Մնացած շարժառիթները զգալիորեն ավելի հազվադեպ են հանդիպել։ Անձնական վշտի պատճառով արձանագրվել է 278 դեպք, սիրո և խանդի հողի վրա՝ 51 դեպք, իսկ հանցագործություն կատարելու հետևանքով՝ ընդամենը 19 դեպք՝ ամբողջ ուսումնասիրված ժամանակահատվածում։

    Այսպիսով, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն դեպքերում, երբ հնարավոր է եղել պարզել ինքնասպանության շարժառիթը, առավել հաճախ հանդիպում են սոցիալական խնդիրներն ու հոգեկան առողջության հետ կապված գործոնները։ Միաժամանակ, ավարտված ինքնասպանությունների գրեթե կեսի դեպքում շարժառիթը շարունակում է մնալ անհայտ կամ դասակարգված է որպես «այլ», ինչը սահմանափակում է երևույթի պատճառների ամբողջական գնահատումը։

    Նշում. Եթե դուք կամ ձեր շրջապատում գտնվող որևէ մեկը դժվար ժամանակաշրջան է ապրում կամ ինքնասպանության մասին մտքեր ունի, կարևոր է միայնակ չմնալ այդ զգացումների հետ և դիմել վստահելի մարդու կամ հոգեկան առողջության մասնագետի աջակցությանը։ Օգնություն խնդրելը կարևոր և ճիշտ քայլ է։

    Արեն Նահապետյան

    Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

  • #1 «Հասկանալ FIMI-ն». Ի՞նչ է FIMI-ն

    FIP.am-ը սկսում է «Հասկանալ FIMI-ն» տեսաշարք։ Մի քանի տեսանյութերի միջոցով ու պարզ լեզվով կբացատրենք՝ ինչպես են ձևավորվում նարատիվները, ինչ մեթոդներով են իրականացվում տեղեկատվական գրոհները և ինչպես ճանաչել դրանք՝ հիմնվելով թե՛ միջազգային փորձի, և թե՛ Հայաստանում մեր իսկ կատարած ուսումնասիրությունների վրա։

  • Ռուսական եթերում Հայաստանի մասին հնչած թվերի փաստերի ստուգում

    Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոու» հաղորդման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչել են մի շարք թվային պնդումներ։

    «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է դրանք՝ համադրելով պաշտոնական վիճակագրության, միջազգային աղբյուրների և սկզբնաղբյուրների տվյալները։

    Տեսանյութում ներկայացնում ենք, թե ո՞ր պնդումներն էին համապատասխանում իրականությանը, ո՞րն էր հիմնված հնացած տվյալների վրա, և ո՞րը չէր հաստատվում պաշտոնական տվյալներով։

    Մանրամասները՝

    Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)

  • 862 հազար շահառու, 59 մլրդ դրամ․ Առողջապահական ապահովագրությունից օգտվողների ճնշող մեծամասնությունը Երևանից են

    2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Այն պարտադիր ապահովագրական համակարգ է, որի նպատակն է ապահովել շահառու խմբի համար բժշկական ծառայությունների և դեղերի ամբողջական կամ մասնակի ֆինանսական հատուցում՝ բարձրացնելով բուժօգնության հասանելիությունը։

    «Փաստերի ստուգման հարթակը» Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից ստացել է ծրագրի իրականացման առաջին հինգ ամիսների՝ հունվար-մայիս ժամանակահատվածի վիճակագրական տվյալները։ Հունիս ամսվա տվյալները դեռ մշակվում են հիմնադրամի կողմից։

    Ավելի քան 862 հազար շահառու

    Պաշտոնական տվյալների համաձայն՝ առաջին հինգ ամիսների ընթացքում ապահովագրական համակարգից օգտվել է շուրջ 862 հազար շահառու։ Նրանք ընդհանուր առմամբ ապահովագրությունից օգտվել են շուրջ 1,3 միլիոն անգամ։

    Այս ծառայությունների ֆինանսավորման համար պետությունը հատուցել է 59,1 միլիարդ դրամ։

    Որտե՞ղ են ամենաշատը օգտվել ապահովագրությունից

    Ապահովագրությունից օգտվողների ճնշող մեծամասնությունը գրանցված է Երևանում։

    Առաջին եռյակը հետևյալն է.

    • Երևան՝ շուրջ 545 հազար շահառու կամ ընդհանուրի 63%,
    • Արմավիրի մարզ՝ շուրջ 48 հազար կամ 5,6%,
    • Լոռու մարզ՝ շուրջ 43 հազար կամ 5%։

    Ամենաակտիվ ամիսն ու տարիքային խմբերը

    Համակարգի գործարկումից հետո ապահովագրական ծառայությունների նկատմամբ ամենամեծ պահանջարկը գրանցվել է ապրիլին, երբ իրականացվել է շուրջ 330 հազար ապահովագրական դեպք։

    Սեռա-տարիքային խմբերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ամենահաճախ բուժօգնությունից օգտվել են 65 և ավելի բարձր տարիքի կանայք։

    Մինչև 18 տարեկանների շրջանում ամենաշատ ծառայություններ ստացել են տղա երեխաները, իսկ 18-65 տարեկանների խմբում առավել ակտիվ օգտվողները եղել են կանայք։ 

    Որքա՞ն է արժեցել ամենաթանկ բժշկական ծառայությունը

    Հետաքրքրվել էինք նաև, թե ապահովագրության շրջանակներում ո՞ր ծառայությունն է ունեցել ամենաբարձր արժեքը։

    Առողջապահության նախարարության տվյալներով՝ ամենաթանկ հատուցված միջամտությունը եղել է «աորտային անևրիզմա և դիսսեկցիա և փական + ԱԿՇ» (սրտի և գլխավոր զարկերակի բաց վիրահատություն) ծառայությունը, որի արժեքը կազմել է շուրջ 5,3 միլիոն դրամ։

    Այսպիսով համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի գործարկումից հետո առաջին հինգ ամիսների ընթացքում ապահովագրությունից օգտվել է շուրջ 862 հազար մարդ, իրականացվել է 1,3 միլիոնից ավելի ապահովագրական ծառայություն, իսկ պետության հատուցումները կազմել են 59,1 միլիարդ դրամ։ Տվյալները ցույց են տալիս, որ համակարգի հիմնական օգտվողները Երևանում բնակվող քաղաքացիներն ու բարձր տարիքային խմբերն են, իսկ ամենաթանկ հատուցված ծառայության արժեքը գերազանցել է 5 միլիոն դրամը։

    Արեն Նահապետյան

  • Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»

    2025 թվականի ապրիլ ամսից ի վեր՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հայաստանյան տեղեկատվական տիրույթում ակտիվության հերթական շրջափուլի մեկնարկը տվեց ռուսաստանցի մեդիասեփականատեր, Կրեմլի քարոզիչ Արամ Գաբրիելյանովը։ 

    Վերջինս հիմնականում կեղծ տեղեկություններ, մանիպուլյատիվ քարոզչական թեզեր, ինչպես նաև ատելության խոսք (հայհոյանք, բռնության կոչ) պարունակող ֆեյսբուքյան գրառումներով թիրախավորում էր կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, անգամ նրա ընտրազանգվածին․ ռուսաստանցի քարոզչի մի շարք գրառումներ ակտիվորեն վերահրապարակում էին նաև հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ։ 

    2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն, Գաբրիելյանովն «անհետացավ» հայաստանյան տեղեկատվական տիրույթից՝ առհասարակ դադարելով գրառումներ անել սոցիալական ցանցերում։ 

    Հատկանշական է, որ սա Գաբրիելյանովի հայաստանյան մեդիատիրույթում «ժամանակավոր հայտնության» առաջին դեպքը չէ․ վերջինս նախորդող տարիներին Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքի զգայուն և կարևոր իրադարձությունների ընթացքում ևս նման վարքագիծ է դրսևորել։ 

    Քարոզչության և տեղեկատվական ազդեցության ոլորտում այսպիսի վարքագիծը բնութագրվում է որպես «ճգնաժամային» կամ «ալիքային» ակտիվացման ռազմավարություն․ այս մոդելի համաձայն` հանրային դերակատարի տեղեկատվական ներգրավվածությունն ու ակտիվությունը պայմանավորված են ոչ թե շարունակական և հետևողական մեդիաներկայությամբ, այլ հանրային բարձր լարվածության, անորոշության և քաղաքական ցնցումների փուլերով։

    «Փաստերի ստուգման հարթակը» ռուսաստանցի քարոզչի օրինակով ներկայացրել է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (Foreign Information Manipulation and Interference)՝ FIMI-ի այս մոդելը, ինչպես նաև ամփոփել է Գաբրիելյանովի տարածած կեղծ տեղեկություններն ու քարոզչական թեզերը։ 

    «Ճգնաժամային» կամ «ալիքային» ակտիվացում  

    Այսպես, քարոզչական տիրույթում «ճգնաժամային» կամ «ալիքային» ակտիվացումը ենթադրում է, որ հանրային դերակատարի տեղեկատվական ներգրավվածությունն ու ակտիվությունը պայմանավորված են ոչ թե շարունակական, հետևողական մեդիաներկայությամբ, այլ հանրային լարվածության, անորոշության և քաղաքական ցնցումների փուլերով։

    Նախ, տեղեկատվական դերակատարը հայտնվում է հանրային տիրույթում այն պահերին, երբ հասարակությունը գտնվում է զգայուն, բևեռացված և անորոշ վիճակում՝ պայմանավորված տարբեր գործոններով` ընտրական գործընթացներ, պատերազմներ, ներքաղաքական ճգնաժամեր և այլն։ Երկրորդ, օգտագործելով հանրային ուշադրությունն ու զգայությունը՝ հետևողականորեն քարոզչական ալիք է ձևավորում՝ այդ թվում նաև կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկությունների տարածման միջոցով։ 

    Ապա, իրադարձությունների հանգուցալուծմամբ կամ դրանց վերաբերյալ հանրային ուշադրության նվազմամբ պայմանավորված քարոզչական ալիքը նահանջում է, իսկ դերակատարը հեռանում է տեղեկատվական տիրույթից։

    Հետպատերազմյան ճգնաժամից՝ ընտրություն․ Գաբրիելյանովի քարոզչական «ալիքները»  

    Արամ Գաբրիելյանովն առաջին անգամ «ալիքային» քարոզչությամբ հայաստանյան տեղեկատվական տիրույթում հայտնվեց 2020 թվականի հայկական կողմի  պարտությամբ ավարտված Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ պահպանելով իր ներկայությունը հետպատերազմական ամիսներին՝ ընդհուպ մինչև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 

    «Карамба» կոչվող ռուսալեզու տելեգրամյան ալիքում, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից ի վեր, Գաբրիելյանովը օրվա կտրվածքով հաճախ տասնյակ գրառումներ էր հրապարակում Հայաստանի ներքաղաքական զարգացումների ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 

    Նա նաև հետևողականորեն «իր արժանահավատ աղբյուրներին» հղումներով՝  չստուգված, չհաստատված տեղեկություններ էր տարածում Փաշինյանի վերաբերյալ։

    Արտապատկերումները՝ Գաբրիելյանովի ալիքից

    Այս ալիքում Գաբրիելյանովը դադարեցրել է հրապարակումներ անել 2020 թվականի դեկտեմբերի 16-ից ի վեր՝ պատճառաբանությամբ, թե ալիքը կիբերհարձակման է ենթարկվում, և որ նրան կարելի է հետևել մեկ այլ՝ Арам Габрелянов անունով ալիքում․ FIP.am-ը, մշտադիտարկան արդյունքում չհայտնաբերեց տվյալ տելեգրամյան ալիքը․ այն, ամենայն հավանականությամբ, փակվել է։ 

    «Քոչարյանը իշխանություն կձևավորի», «Փաշինյանը բախումներ կհրահրի»․ կեղծ լուրեր՝ 2021-ի ընտրություններից 

    Գաբրիելյանովը վերոհիշյալ ժամանակահատվածում քարոզչական ակտիվությունը Հայաստանի ուղղությամբ շարունակել է նաև ֆեյսբուքյան տիրույթում՝ հիմնականում ատելության խոսք (վիրավորանք, հայհոյանք, բռնության կոչ) պարունակող գրառումներ անելով։ 

    Նա հետևողականորեն անդրադարձել է այդ օրերին ձևավորված «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր նախաձեռնությանը, իսկ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ աջակցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու իր գլխավորած «Հայաստան» դաշինքին։ 

    Այս շրջանում Գաբրիելյանովը բազմաթիվ կեղծ տեղեկություններ է հրապարակել․ օրինակ՝ ֆեյսբուքյան մի հրապարակման մեջ նա պնդում էր, որ Քոչարյանը 45% ձայն է հավաքելու ընտրություններում՝ միանձնյա իշխանություն ձևավորելով։ 

    Արտապատկերումները՝ Գաբրիելյանովի ֆեյսբուքյան էջերից

    Մինդեռ, նրա ներկայացրած տվյալները չէին հաստատվում հանրային կարծիքի արժանահավատ հետազոտություններում, իսկ հեղինակավոր ինստիտուտների հետազոտությունները հակառակի մասին էին վկայում։ 

    Ընտրությունների արդյունքները ևս չհաստատեցին նրա պնդումները, Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց ու իշխանություն ձևավորեց։ 

    Մեկ այլ գրառման համաձայն՝ Փաշինյանն «արտահերթ ընտրություններում իր պարտությունը կանխատեսելով հանձնարարել է ուժային կառույցներին բախումներ հրահրել երկրում՝ ընտրություններից օրեր առաջ արտակարգ դրություն մտցնելու միջոցով դրանք չեղարկելու նպատակով»։ 

    Գաբրիելյանովը դարձյալ հղում էր անում «ուժային կառույցներում իր արժանահավատ աղբյուրներին»՝ նման պնդման համար չներկայացնելով հիմնավոր փաստեր։ 

    Մեկ այլ գրառմամբ էլ Գաբրիելյանովը, այս անգամ «Փաշինյանի մերձավոր շրջապատի իր աղբյուրներին» հղում անելով, հայտնում էր, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանը «չափազանց ծանր հոգեբանական վիճակում է», «թիմում խուճապ է», և որ «նրանք ամեն կերպ փորձում են կապ հաստատել Քոչարյանի հետ»։

    «Նույն աղբյուրի պնդմամբ՝ երեկ ամբողջ երեկո Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը փորձել է Քոչարյանի մարդկանց համոզել, որ Քոչարյանի շտաբի երկու աշխատակիցների ձերբակալության հետևում անձամբ Փաշինյանն է կանգնած։ Ղազարյանը, ըստ գրառման, նաև ասել է, որ որոշ մարզերում ոստիկանությունն արդեն դուրս է եկել Երևանի վերահսկողությունից։ Հեղինակը եզրակացնում է, որ ուժային կառույցները սկսել են լքել Փաշինյանին։ Գրառման մեջ նաև պնդվում է, որ Ալեն Սիմոնյանի «սեռական շեղումների» հրապարակումը կդառնա նրա քաղաքական կարիերայի ավարտը, և որ նրա ընտանիքում լուրջ սկանդալ է։ Բացի այդ, հեղինակի խոսքով՝ Արարատ Միրզոյանի կինը Աննա Հակոբյանին ասել է, թե նրա սեռական կյանքն է դարձել «թավշյա հեղափոխության» ավարտի սկիզբը», — գրել էր Գաբրիելյանովը։ 

    Վերջում հեղինակը գրում է, որ «ուշ երեկոյան Փաշինյանը տեղեկացել է, թե Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկը՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, մերժել է Փաշինյանի ուղարկած մարդկանց և աջակցել է Քոչարյանին։ Գրառման հեղինակի պնդմամբ՝ Փաշինյանի սպառնալիքները, թե իր խնդրանքով Ալիևը Կարապետյանին ամբողջ աշխարհում կհայտարարի հետախուզման մեջ Ինտերպոլի միջոցով, միայն զվարճացրել են միլիարդատիրոջը»։

    Հատկանշական է, որ այդ օրերին հայաստանյան ԶԼՄ-ները հետևողականորեն արտատպում էին Գաբրիելյանովի այս ու այլ գրառումներ։ 

    Արտապատկերումները՝ հայաստանյան ԶԼՄ-ներից (1, 2, 3, 4)

    Ընտրություններին հաջորդող ամիսներին Գաբրիելյանովը նկատելիորեն նվազեցրեց Հայաստանի վերաբերյալ գրառումները․ արդեն 2022 թվականից նա գրեթե դադարեցրեց այդ ուղղությամբ հրապարակումները՝ անհետանալով հայաստանյան տեղեկատվական տիրույթից։ 

    Գարբրիելյանովի «վերադարձը» 2026-ի ընտրություններին․ «300 000 ադրբեջանցիներից»՝ կեղծ սոցհարցումներ

    Գաբրիելյանովը 2020-2021 թվականների ներհայաստանյան զարգացումներին հաջորդած տեղեկատվական դադարից հետո վերադարձավ 2025 թվականի գարնանը՝ իր ներկայությունն այստեղ պահպանելով մեկ տարի և նորից անհետանալով 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններից հետո։ 

    Այս անգամ ևս, ռուսաստանցի քարոզչի թիրախը կառավարող «Քաղաքացիական պայմանագիրն» էր և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

    Գաբրիելյանովը այս շրջափուլում ևս «ՌԴ-ում իր արժանահավատ աղբյուրներին» հղումով առաջ էր մղում թեզը, թե «ընդդիմադիր ուժերի վարկանիշը բարձր է Փաշինյանինից», և որ նրա իշխանության մնալու «հավանականությունը ցածր է»։ 

    Ռուսաստանցի քարոզիչը, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ ևս քաղաքական ուժերի վարկանիշային տվյալները ներկայացնելիս չէր վկայակոչում հանրային կարծիքի արժանահավատ հետազոտություններ կամ աղբյուրներ․ նրա ներկայացրած տվյալները չէին հաստատվում նաև նախընտրական շրջանում հանրային կարծիքի հեղինակավոր հետազոտություններով, ապա նաև ընտրություններում քաղաքական ուժերի գրանցած իրական արդյունքներով։ 

    Արտապատկերումները՝ ռուսաստանցի քարոզչի ֆեյսբուքյան էջից (1, 2, 3)

    Գաբրիելյանովը, ի թիվս մի շարք այլ կեղծ թեզերի, պնդում էր, թե Փաշինյանը «հանձնել է Սյունիքը Ադրբեջանին»․ ավելին, նա, հղում անելով «ՌԴ հատուկ ծառայություններում իր բարձրաստիճան աղբյուրներին», պնդում էր՝ հայկական կողմը ապրիլ ամսին երկիր այցելած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման արդյունքում «համաձայնեցրել է Գեղարքունիքի, Վայց ձորի, Սյունիքի մարզերից մի քանի տասնյակ այն բնակավայրերի ցանկը, ուր պիտի բնակեցնեն 300 000 ադրբեջանցիներին»։ 

    Արտապատկերումները՝ ֆեյսբուքյան գրառումներից (1, 2, 3)

    Կարդացեք նաև — Ադրբեջանական թեզը՝ Հայաստանի ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանը Ադրբեջանի մարզ դարձնելու մասին տեսանյութը

    Գաբրիելյանովի այս ոչ փաստահեն պնդումը հետևողականորեն տարածվեց նաև հայաստանյան մամուլում։ 

    Արտապատկերումները՝ հայաստանյան ԶԼՄ-ներից (1, 2, 3)

    Հայաստանի վերաբերյալ Գաբրիելյանովը վերջին գրառումն արել է մայիսի վերջ՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան այցին․ գրառման մեջ Գաբրիելյանովը շրջանառել էր թեզը, թե «Փաշինյանի գործերը վատ են», և «ԱՄՆ-ից եկել են աջակցելու», այնպես, ինչպես Հունգարիայի՝ ընտրություններում պարտված արդեն նախկին վարչապետ Վիկտոր Օրբանին էին աջակցելու համար ԱՄՆ-ից բարձրաստիճան այց իրականացրել։ 

    Այսպիսով, Գաբրիելյանովի՝ Հայաստանի ուղղությամբ քարոզչական ակտիվությունը համընկնում է երկրի համար քաղաքականապես զգայուն փուլերի՝ պատերազմների, ներքաղաքական ճգնաժամերի և ընտրական գործընթացների հետ։ 

    Այս բոլոր փուլերում նա համակարգված կերպով տարածել է չստուգված տեղեկություններ, կեղծ կանխատեսումներ և մանիպուլյատիվ թեզեր՝ հղում անելով անանուն «աղբյուրներին»։ 

    Հանրային բարձր զգայունության պահերին տեղեկատվական միջավայրի վրա ազդեցություն գործադրելուց հետո՝ քաղաքական լարվածության նվազմանը զուգընթաց, ռուսաստանցի քարոզիչը դադարեցրել է Հայաստանի վերաբերյալ հրապարակումները և անհետացել մեր տեղեկատվական տիրույթից։ 

    Նանե Մանասյան

    Վիզուալը պարունակում է ԱԲ տարրեր

    Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

  • Արդյոք Ծառուկյանը առյուծներին պահելու թույլտվություն ունեցել է․ ի՞նչ են ասում փաստերը

    Գագիկ Ծառուկյանի գործի քննության ընթացքում դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի կողմից պահվող կենդանիների թեմային։ Մասնավորապես, Տոնոյանն ասել է. «Ինչ վերաբերում է կենդանիների պահման հանգամանքին, Հայաստանում լավագույն պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդ վայրում պահվել են և կադրերում երևում են, ունենալով բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների առկայությունը․․․», այնուհետև հավելում է` «բոլոր կենդանիների հետ կապված առկա են եղել բոլո տեսակի թույլտվությունները, պահպանման վայրը, պայմանները, բոլորը համապատասխանել են նորմերին»։

    Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթներից մեկը վերաբերում է վայրի կենդանիների և թռչունների ապօրինի որսին։ Նրա առանձնատնից առգրավվել էին տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։

    Ավելի ուշ Երևանի կենդանաբանական այգին հայտնել էր, որ առգրավված առյուծներից մեկը անկել է մեծ տարիքի և ուղեկցող հիվանդությունների հետևանքով։

    «Կենդանական աշխարհի մասին» օրենքի համաձայն՝ վայրի կենդանիներին կիսաազատ կամ անազատ պայմաններում պահելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված թույլտվություն՝ բացառությամբ այն կենդանիների, որոնք ընդգրկված են թույլտվություն չպահանջող տեսակների ցանկում։ 

    Առյուծներն ու վագրերը այդ ցանկում ներառված չեն, հետևաբար դրանց պահման համար նախարարության թույլտվությունը պարտադիր է։

    FIP.am-ը դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն, քանի որ ինչպես նշեցինք, հենց այս գերատեսչությունն է օրենքով լիազորված վայրի կենդանիների կիսաազատ կամ անազատ պայմաններում պահելու թույլտվություն տրամադրելու համար։

    FIP.am-ի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Անի Հակոբյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը համապատասխան թույլտվություն չի ունեցել։ Նրա խոսքով՝ Ծառուկյանը դիմել է թույլտվություն ստանալու համար, սակայն ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով նախարարությունը չի տրամադրել թույլտվությունը։ Խոսնակը չմանրամասնեց, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, քանի որ ընթանում է քննություն:

    Հրապարակված տեսանյութերից երևում է, որ Ծառուկյանի կենդանիները պահվել են սահմանափակ տարածքներում։ Սակայն միայն տեսանյութերի հիման վրա նրանց առողջական վիճակի կամ բարեկեցության ամբողջական գնահատական տալ հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ մասնագետների խոսքով՝ մասնավոր պայմաններում հնարավոր չէ ապահովել խոշոր վայրի կատվազգիների բնական միջավայրին համարժեք պայմաններ:

    Բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրող Մարիամ Թասչյանը FIP.am-ի հետ զրույցում նշել է, որ տարիների ընթացքում իրականացված բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ տնային կամ մասնավոր պայմաններում հնարավոր չէ առյուծների, վագրերի և այլ խոշոր վայրի կատվազգիների համար ապահովել բնական միջավայրին համարժեք կենսապայմաններ։ Բնությունը ներառում է տարածքային, վարքային, էկոլոգիական և այլ գործոններ, որոնք մարդը չի կարող ամբողջությամբ վերարտադրել։

    Միաժամանակ, հարց է առաջանում, թե ինչ նպատակով էին պահվում այդ կենդանիները։ «Կենդանական աշխարհի մասին» օրենքով վայրի կենդանիների պահումը կարող է իրականացվել, օրինակ, գիտական, կրթական, բնապահպանական, վերականգնողական կամ օրենքով նախատեսված այլ նպատակներով։ 

    Հրապարակված տեսանյութերից, լուսանկարներից կամ հանրային հասանելի տեղեկատվությունից չի երևում, որ կենդանիները պահվել են այդ նպատակներից որևէ մեկով։

    Այսպիսով, Իվետա Տոնոյանի պնդումը, թե կենդանիների պահման համար առկա են եղել «բոլոր տեսակի թույլտվությունները», չի հաստատվում փաստերով․ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ առյուծների և վագրի պահման պարտադիր թույլտվություն չի տրամադրել։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե կենդանիների համար ապահովված էին «Հայաստանում լավագույն պայմանները», ապա այն չի հիմնավորվում ներկայացված որևէ փաստով և հակասում է մասնագիտական դիրքորոշմանը, ըստ որի` մասնավոր պայմաններում հնարավոր չէ խոշոր վայրի կատվազգիների համար ստեղծել բնական միջավայրին համարժեք կենսապայմաններ։ 

    Արեն Նահապետյան