16 տարում՝ ինքնասպանության 10 746 փորձ․ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրությունը

Written by

in

Զգուշացում․ Այս նյութը վերաբերում է ինքնասպանություններին և կարող է հուզիչ կամ ծանր լինել այն մարդկանց համար, ովքեր անձամբ կամ իրենց հարազատների միջոցով առնչվել են նման կորստի։ Խնդրում ենք շարունակել ընթերցումը՝ հաշվի առնելով ձեր հոգեկան բարեկեցությունը։ Եթե թեման ձեզ համար ծանր է, կարող եք այս պահին հրաժարվել նյութի ընթերցումից։

Հայաստանում ինքնասպանության յուրաքանչյուր աղմկահարույց դեպքից հետո հանրային դաշտում կարող է ձևավորվել տպավորություն, թե ինքնասպանությունների թիվը աճում է։ Սակայն արդյո՞ք այդ ընկալումը համապատասխանում է իրականությանը։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է պաշտոնական վիճակագրությունն ու 2010-2025 թվականների տվյալները՝ պարզելու, թե ինչ պատկեր են ցույց տալիս թվերը։

Այսպես, Ներքին գործերի նախարարությանն ուղղված FIP.am-ի հարցման հիման վրա ստացված տվյալների համաձայն՝ 16 տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 10 746 ինքնասպանության փորձ, որոնցից 3 035-ը ավարտվել է մահով։

Մահով ավարտված ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2010 թվականին՝ 225 դեպք, իսկ ամենացածրը՝ 2019 թվականին՝ 153 դեպք։ Միաժամանակ, ինքնասպանության փորձերի ամենամեծ թիվն արձանագրվել է 2024 թվականին՝ 674 դեպք, իսկ ամենացածրը՝ 2010 թվականին՝ 367 դեպք։

Գրաֆիկից երևում է, որ.

  • Մահով ավարտված ինքնասպանությունների թիվը (մոխրագույն հատվածը) 2010-2025 թվականներին համեմատաբար կայուն է մնացել՝ տարեկան մոտ 150-225 դեպքի միջակայքում։ Կան տատանումներ, սակայն երկարաժամկետ շարունակական աճ չի երևում։
  • Ինքնասպանության փորձերի թիվը (նարնջագույն հատվածը) հատկապես 2022 թվականից հետո զգալիորեն աճել է։ 2024-2025 թվականներին արդեն գրանցվել են ուսումնասիրվող ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշները։

Փաստացի, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում վերջին տարիներին աճել է ոչ թե մահվամբ ավարտված ինքնասպանությունների թիվը, այլ գրանցված ինքնասպանության փորձերի քանակը։

Ինքնասպանությունների ամենատարածված միջոցները

ՆԳՆ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ավարտված ինքնասպանությունների  (ավարտված ինքնասպանությունն այն դեպքերն են, երբ գործողությունն ավարտվում է մահով-խմբ․) ամենամեծ մասը բաժին է ընկնում կախվելով ինքնասպանությանը, որը կազմում է բոլոր դեպքերի շուրջ 56 տոկոսը՝ 1754 ավարտված ինքնասպանություն։ Ինքնասպանության դիմելու այս եղանակով փորձերի միայն 511 դեպքն է ավարտվել փրկությամբ։

Երկրորդ տեղում բարձրությունից նետվելու դեպքերն են․ այս եղանակով գրանցված 2538 դեպքից մահվամբ ավարտվել է 556-ը, իսկ մնացածը դասակարգվել են որպես ինքնասպանության փորձեր

Ինքնասպանության՝ անավարտ փորձերի մեջ առավել հաճախ հանդիպող եղանակը դեղահաբերով կամ այլ նյութերով թունավորումն է։ Այդպիսի 2675 դեպքից մահվամբ ավարտվել է 267-ը, իսկ մնացած դեպքերում անձինք ողջ են մնացել։

Ովքե՞ր են ամենախոցելի խմբերը

2010-2025 թվականների պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինքնասպանությունների ամենախոցելի խումբը 30-65 տարեկան տղամարդիկ են, այս տարիքային խմբի մոտ արձանագրվել է 1340 ավարտված դեպք։ Իսկ ընդհանուր առմամբ, ավարտված ինքնասպանությունների 76 տոկոսը (2309 դեպք) բաժին է ընկնում տղամարդկանց, մինչդեռ կանանց ընդհանուր թիվը 726 է։

Մյուս խոշոր ռիսկային խումբը 65 և բարձր տարիքի անձինք են, որոնց բաժին է ընկնում ավարտված ինքնասպանությունների 27,1 տոկոսը (823 դեպք)։ Այս տարիքային խմբում նույնպես գերակշռում են տղամարդիկ։

Ինքնասպանության փորձերի դեպքում պատկերը որոշ չափով տարբեր է։ 2010-2025 թվականներին գրանցված 7711 անավարտ փորձերից 4560-ը (մոտ 60%) բաժին է ընկել տղամարդկանց, իսկ 3151-ը (մոտ 40%)՝ կանանց։ Այսինքն՝ տղամարդիկ ոչ միայն ավելի հաճախ են հայտնվում ինքնասպանությունների վիճակագրության մեջ, այլև նրանց շրջանում փորձերն անհամեմատ ավելի հաճախ են ավարտվում մահով, մինչդեռ կանանց դեպքում ավելի մեծ է ինքնասպանության փորձերի տեսակարար կշիռը։

Ամենացածր ցուցանիշները տարիքային խմբերի մեջ գրանցվել են մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում։ Այս տարիքային խմբում արձանագրվել է 112 ավարտված ինքնասպանություն, ինչը կազմում է ընդհանուր դեպքերի շուրջ 3,7 տոկոսը։ 

Սոցիալական կարգավիճակը

2010-2025 թվականների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավարտված ինքնասպանությունների թվում ամենամեծ բաժինը կազմում են գործազուրկները։

Այս խմբում արձանագրվել է 1 317 ավարտված ինքնասպանություն, ինչը կազմում է բոլոր ավարտված դեպքերի շուրջ 43 տոկոսը։ Եթե հաշվարկվեն նաև ինքնասպանության փորձերը, ապա գործազուրկների շրջանում գրանցվել է 5 675 դեպք, այսինքն՝ Հայաստանում արձանագրվող յուրաքանչյուր երկրորդ դեպքը բաժին է ընկել այս խմբին։

Երկրորդ խոշոր խումբը թոշակառուներն են։ Նրանց շրջանում արձանագրվել է 865 ավարտված ինքնասպանություն՝ 1 785 դեպքերից, ինչը կազմում է ընդհանուրի մոտ 29 տոկոսը։ Հատկանշական է, որ այս խմբում ինքնասպանության փորձերը համեմատաբար ավելի հաճախ են ավարտվել մահով, քան մյուս սոցիալական խմբերում։

Աշխատանք կամ մշտական զբաղվածություն ունեցող անձանց շրջանում նույն ժամանակահատվածում արձանագրվել է շուրջ 264 ավարտված ինքնասպանություն, կամ ընդհանուրի մոտ 8,7 տոկոսը։

Ընդհանուր առմամբ, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործազուրկներն ու թոշակառուները միասին կազմում են Հայաստանում ավարտված ինքնասպանությունների 71,9 տոկոսը։

Այդուհանդերձ, ընդգծենք, որ այս տվյալները ամենևին չեն նշանակում, որ գործազրկությունը կամ թոշակառու լինելը ինքնին ինքնասպանության պատճառ է։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս միայն դեպքերի բաշխվածությունը սոցիալական խմբերի միջև և թույլ չի տալիս եզրահանգումներ անել պատճառահետևանքային կապերի մասին։

Աշակերտներ, ուսանողներ և զինծառայողներ

2010-2025 թվականների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ աշակերտների, ուսանողների և զինծառայողների շրջանում արձանագրված ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերը կազմում են ընդհանուր դեպքերի համեմատաբար փոքր մասը։ Այս երեք խմբերում միասին արձանագրվել է 150 ավարտված ինքնասպանություն, ինչը կազմում է ընդհանուր ցուցանիշի մոտ 5 տոկոսը։

Այս երեք խմբերի մեջ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է աշակերտների շրջանում։  Դիտարկվող ժամանակահատվածում նրանց շրջանում արձանագրվել է 79 ավարտված ինքնասպանություն, իսկ ինքնասպանության փորձերի և ավարտված դեպքերի ընդհանուր թիվը 322 է։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2010 թվականին՝ 11 ավարտված դեպք, իսկ հաջորդ տարիներին տարեկան արձանագրվել է միջինում 2-9 դեպք։

Ուսանողների շրջանում 2010-2025 թվականներին գրանցվել է 38 ավարտված ինքնասպանություն։ Ընդհանուր առմամբ այս խմբում արձանագրվել է 207 դեպք։ 

Սոցիալական խմբերից զինծառայողների շրջանում արձանագրվել են ամենացածր ցուցանիշները։ 2010-2025 թվականներին գրանցվել է 33 ավարտված ինքնասպանություն և 78 փորձ։ Տարեկան ավարտված դեպքերի թիվը սովորաբար տատանվել է 0-4-ի սահմաններում։ Առավել բարձր ցուցանիշները՝ 4-ական դեպք, գրանցվել են 2012, 2016, 2020 և 2025 թվականներին։

Ընդհանուր առմամբ, այս տվյալները ցույց են տալիս, որ թեև աշակերտների, ուսանողների և զինծառայողների շրջանում արձանագրված դեպքերը ընդհանուր վիճակագրության համեմատ մեծ բաժին չեն կազմում, դրանցից հատկապես աշակերտների խումբը մնում է առավել խոցելին՝ ավարտված ինքնասպանությունների քանակով։ 

Դիտարկված ժամանակահատվածում Հայաստանում ինքնասպանության փորձ է կատարել 142 օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, որոնց փորձերից մահվամբ ավարտվել  է 23-ը։

Ի՞նչ են ասում պաշտոնական տվյալները շարժառիթների մասին

Հատկանշական է, որ 2010-2025 թվականների տվյալների համաձայն՝ ինքնասպանությունների շարժառիթների ամենամեծ խումբը այն դեպքերն են, որոնց պատճառը չի հաջողվել հստակ պարզել կամ պաշտոնական վիճակագրության մեջ դասակարգվել է որպես «այլ»։ Այս կատեգորիայում ընդգրկված է 1499 ավարտված դեպք, ինչը կազմում է բոլոր ավարտված ինքնասպանությունների մոտ կեսը։

Այն դեպքերում, երբ շարժառիթը հնարավոր է եղել պարզել, առավել հաճախ հանդիպում են սոցիալական խնդիրները։ Դրանց հետ է կապվել 446 ավարտված ինքնասպանություն։

Երկրորդ ամենատարածված հայտնի շարժառիթը հոգեկան առողջության խնդիրներն են։ Դրանց հետ է կապվել 384 ավարտված ինքնասպանություն։ Միևնույն ժամանակ, հոգեկան առողջության խնդիրները հաճախ են արձանագրվել նաև ինքնասպանության փորձերի դեպքում․ 2010-2025 թվականներին այս հիմքով գրանցվել է 1191 դեպք։

Հաջորդ առավել հաճախ հանդիպող շարժառիթը անբուժելի հիվանդություն ունենալն է, որի հետ է կապվել 343 ավարտված ինքնասպանություն։

Մնացած շարժառիթները զգալիորեն ավելի հազվադեպ են հանդիպել։ Անձնական վշտի պատճառով արձանագրվել է 278 դեպք, սիրո և խանդի հողի վրա՝ 51 դեպք, իսկ հանցագործություն կատարելու հետևանքով՝ ընդամենը 19 դեպք՝ ամբողջ ուսումնասիրված ժամանակահատվածում։

Այսպիսով, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն դեպքերում, երբ հնարավոր է եղել պարզել ինքնասպանության շարժառիթը, առավել հաճախ հանդիպում են սոցիալական խնդիրներն ու հոգեկան առողջության հետ կապված գործոնները։ Միաժամանակ, ավարտված ինքնասպանությունների գրեթե կեսի դեպքում շարժառիթը շարունակում է մնալ անհայտ կամ դասակարգված է որպես «այլ», ինչը սահմանափակում է երևույթի պատճառների ամբողջական գնահատումը։

Նշում. Եթե դուք կամ ձեր շրջապատում գտնվող որևէ մեկը դժվար ժամանակաշրջան է ապրում կամ ինքնասպանության մասին մտքեր ունի, կարևոր է միայնակ չմնալ այդ զգացումների հետ և դիմել վստահելի մարդու կամ հոգեկան առողջության մասնագետի աջակցությանը։ Օգնություն խնդրելը կարևոր և ճիշտ քայլ է։

Արեն Նահապետյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts