Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»

Written by

in

2025 թվականի ապրիլ ամսից ի վեր՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հայաստանյան տեղեկատվական տիրույթում ակտիվության հերթական շրջափուլի մեկնարկը տվեց ռուսաստանցի մեդիասեփականատեր, Կրեմլի քարոզիչ Արամ Գաբրիելյանովը։ 

Վերջինս հիմնականում կեղծ տեղեկություններ, մանիպուլյատիվ քարոզչական թեզեր, ինչպես նաև ատելության խոսք (հայհոյանք, բռնության կոչ) պարունակող ֆեյսբուքյան գրառումներով թիրախավորում էր կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, անգամ նրա ընտրազանգվածին․ ռուսաստանցի քարոզչի մի շարք գրառումներ ակտիվորեն վերահրապարակում էին նաև հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ։ 

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն, Գաբրիելյանովն «անհետացավ» հայաստանյան տեղեկատվական տիրույթից՝ առհասարակ դադարելով գրառումներ անել սոցիալական ցանցերում։ 

Հատկանշական է, որ սա Գաբրիելյանովի հայաստանյան մեդիատիրույթում «ժամանակավոր հայտնության» առաջին դեպքը չէ․ վերջինս նախորդող տարիներին Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքի զգայուն և կարևոր իրադարձությունների ընթացքում ևս նման վարքագիծ է դրսևորել։ 

Քարոզչության և տեղեկատվական ազդեցության ոլորտում այսպիսի վարքագիծը բնութագրվում է որպես «ճգնաժամային» կամ «ալիքային» ակտիվացման ռազմավարություն․ այս մոդելի համաձայն` հանրային դերակատարի տեղեկատվական ներգրավվածությունն ու ակտիվությունը պայմանավորված են ոչ թե շարունակական և հետևողական մեդիաներկայությամբ, այլ հանրային բարձր լարվածության, անորոշության և քաղաքական ցնցումների փուլերով։

«Փաստերի ստուգման հարթակը» ռուսաստանցի քարոզչի օրինակով ներկայացրել է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (Foreign Information Manipulation and Interference)՝ FIMI-ի այս մոդելը, ինչպես նաև ամփոփել է Գաբրիելյանովի տարածած կեղծ տեղեկություններն ու քարոզչական թեզերը։ 

«Ճգնաժամային» կամ «ալիքային» ակտիվացում  

Այսպես, քարոզչական տիրույթում «ճգնաժամային» կամ «ալիքային» ակտիվացումը ենթադրում է, որ հանրային դերակատարի տեղեկատվական ներգրավվածությունն ու ակտիվությունը պայմանավորված են ոչ թե շարունակական, հետևողական մեդիաներկայությամբ, այլ հանրային լարվածության, անորոշության և քաղաքական ցնցումների փուլերով։

Նախ, տեղեկատվական դերակատարը հայտնվում է հանրային տիրույթում այն պահերին, երբ հասարակությունը գտնվում է զգայուն, բևեռացված և անորոշ վիճակում՝ պայմանավորված տարբեր գործոններով` ընտրական գործընթացներ, պատերազմներ, ներքաղաքական ճգնաժամեր և այլն։ Երկրորդ, օգտագործելով հանրային ուշադրությունն ու զգայությունը՝ հետևողականորեն քարոզչական ալիք է ձևավորում՝ այդ թվում նաև կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկությունների տարածման միջոցով։ 

Ապա, իրադարձությունների հանգուցալուծմամբ կամ դրանց վերաբերյալ հանրային ուշադրության նվազմամբ պայմանավորված քարոզչական ալիքը նահանջում է, իսկ դերակատարը հեռանում է տեղեկատվական տիրույթից։

Հետպատերազմյան ճգնաժամից՝ ընտրություն․ Գաբրիելյանովի քարոզչական «ալիքները»  

Արամ Գաբրիելյանովն առաջին անգամ «ալիքային» քարոզչությամբ հայաստանյան տեղեկատվական տիրույթում հայտնվեց 2020 թվականի հայկական կողմի  պարտությամբ ավարտված Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ պահպանելով իր ներկայությունը հետպատերազմական ամիսներին՝ ընդհուպ մինչև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 

«Карамба» կոչվող ռուսալեզու տելեգրամյան ալիքում, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից ի վեր, Գաբրիելյանովը օրվա կտրվածքով հաճախ տասնյակ գրառումներ էր հրապարակում Հայաստանի ներքաղաքական զարգացումների ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 

Նա նաև հետևողականորեն «իր արժանահավատ աղբյուրներին» հղումներով՝  չստուգված, չհաստատված տեղեկություններ էր տարածում Փաշինյանի վերաբերյալ։

Արտապատկերումները՝ Գաբրիելյանովի ալիքից

Այս ալիքում Գաբրիելյանովը դադարեցրել է հրապարակումներ անել 2020 թվականի դեկտեմբերի 16-ից ի վեր՝ պատճառաբանությամբ, թե ալիքը կիբերհարձակման է ենթարկվում, և որ նրան կարելի է հետևել մեկ այլ՝ Арам Габрелянов անունով ալիքում․ FIP.am-ը, մշտադիտարկան արդյունքում չհայտնաբերեց տվյալ տելեգրամյան ալիքը․ այն, ամենայն հավանականությամբ, փակվել է։ 

«Քոչարյանը իշխանություն կձևավորի», «Փաշինյանը բախումներ կհրահրի»․ կեղծ լուրեր՝ 2021-ի ընտրություններից 

Գաբրիելյանովը վերոհիշյալ ժամանակահատվածում քարոզչական ակտիվությունը Հայաստանի ուղղությամբ շարունակել է նաև ֆեյսբուքյան տիրույթում՝ հիմնականում ատելության խոսք (վիրավորանք, հայհոյանք, բռնության կոչ) պարունակող գրառումներ անելով։ 

Նա հետևողականորեն անդրադարձել է այդ օրերին ձևավորված «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր նախաձեռնությանը, իսկ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ աջակցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու իր գլխավորած «Հայաստան» դաշինքին։ 

Այս շրջանում Գաբրիելյանովը բազմաթիվ կեղծ տեղեկություններ է հրապարակել․ օրինակ՝ ֆեյսբուքյան մի հրապարակման մեջ նա պնդում էր, որ Քոչարյանը 45% ձայն է հավաքելու ընտրություններում՝ միանձնյա իշխանություն ձևավորելով։ 

Արտապատկերումները՝ Գաբրիելյանովի ֆեյսբուքյան էջերից

Մինդեռ, նրա ներկայացրած տվյալները չէին հաստատվում հանրային կարծիքի արժանահավատ հետազոտություններում, իսկ հեղինակավոր ինստիտուտների հետազոտությունները հակառակի մասին էին վկայում։ 

Ընտրությունների արդյունքները ևս չհաստատեցին նրա պնդումները, Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց ու իշխանություն ձևավորեց։ 

Մեկ այլ գրառման համաձայն՝ Փաշինյանն «արտահերթ ընտրություններում իր պարտությունը կանխատեսելով հանձնարարել է ուժային կառույցներին բախումներ հրահրել երկրում՝ ընտրություններից օրեր առաջ արտակարգ դրություն մտցնելու միջոցով դրանք չեղարկելու նպատակով»։ 

Գաբրիելյանովը դարձյալ հղում էր անում «ուժային կառույցներում իր արժանահավատ աղբյուրներին»՝ նման պնդման համար չներկայացնելով հիմնավոր փաստեր։ 

Մեկ այլ գրառմամբ էլ Գաբրիելյանովը, այս անգամ «Փաշինյանի մերձավոր շրջապատի իր աղբյուրներին» հղում անելով, հայտնում էր, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանը «չափազանց ծանր հոգեբանական վիճակում է», «թիմում խուճապ է», և որ «նրանք ամեն կերպ փորձում են կապ հաստատել Քոչարյանի հետ»։

«Նույն աղբյուրի պնդմամբ՝ երեկ ամբողջ երեկո Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը փորձել է Քոչարյանի մարդկանց համոզել, որ Քոչարյանի շտաբի երկու աշխատակիցների ձերբակալության հետևում անձամբ Փաշինյանն է կանգնած։ Ղազարյանը, ըստ գրառման, նաև ասել է, որ որոշ մարզերում ոստիկանությունն արդեն դուրս է եկել Երևանի վերահսկողությունից։ Հեղինակը եզրակացնում է, որ ուժային կառույցները սկսել են լքել Փաշինյանին։ Գրառման մեջ նաև պնդվում է, որ Ալեն Սիմոնյանի «սեռական շեղումների» հրապարակումը կդառնա նրա քաղաքական կարիերայի ավարտը, և որ նրա ընտանիքում լուրջ սկանդալ է։ Բացի այդ, հեղինակի խոսքով՝ Արարատ Միրզոյանի կինը Աննա Հակոբյանին ասել է, թե նրա սեռական կյանքն է դարձել «թավշյա հեղափոխության» ավարտի սկիզբը», — գրել էր Գաբրիելյանովը։ 

Վերջում հեղինակը գրում է, որ «ուշ երեկոյան Փաշինյանը տեղեկացել է, թե Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկը՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, մերժել է Փաշինյանի ուղարկած մարդկանց և աջակցել է Քոչարյանին։ Գրառման հեղինակի պնդմամբ՝ Փաշինյանի սպառնալիքները, թե իր խնդրանքով Ալիևը Կարապետյանին ամբողջ աշխարհում կհայտարարի հետախուզման մեջ Ինտերպոլի միջոցով, միայն զվարճացրել են միլիարդատիրոջը»։

Հատկանշական է, որ այդ օրերին հայաստանյան ԶԼՄ-ները հետևողականորեն արտատպում էին Գաբրիելյանովի այս ու այլ գրառումներ։ 

Արտապատկերումները՝ հայաստանյան ԶԼՄ-ներից (1, 2, 3, 4)

Ընտրություններին հաջորդող ամիսներին Գաբրիելյանովը նկատելիորեն նվազեցրեց Հայաստանի վերաբերյալ գրառումները․ արդեն 2022 թվականից նա գրեթե դադարեցրեց այդ ուղղությամբ հրապարակումները՝ անհետանալով հայաստանյան տեղեկատվական տիրույթից։ 

Գարբրիելյանովի «վերադարձը» 2026-ի ընտրություններին․ «300 000 ադրբեջանցիներից»՝ կեղծ սոցհարցումներ

Գաբրիելյանովը 2020-2021 թվականների ներհայաստանյան զարգացումներին հաջորդած տեղեկատվական դադարից հետո վերադարձավ 2025 թվականի գարնանը՝ իր ներկայությունն այստեղ պահպանելով մեկ տարի և նորից անհետանալով 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններից հետո։ 

Այս անգամ ևս, ռուսաստանցի քարոզչի թիրախը կառավարող «Քաղաքացիական պայմանագիրն» էր և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Գաբրիելյանովը այս շրջափուլում ևս «ՌԴ-ում իր արժանահավատ աղբյուրներին» հղումով առաջ էր մղում թեզը, թե «ընդդիմադիր ուժերի վարկանիշը բարձր է Փաշինյանինից», և որ նրա իշխանության մնալու «հավանականությունը ցածր է»։ 

Ռուսաստանցի քարոզիչը, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ ևս քաղաքական ուժերի վարկանիշային տվյալները ներկայացնելիս չէր վկայակոչում հանրային կարծիքի արժանահավատ հետազոտություններ կամ աղբյուրներ․ նրա ներկայացրած տվյալները չէին հաստատվում նաև նախընտրական շրջանում հանրային կարծիքի հեղինակավոր հետազոտություններով, ապա նաև ընտրություններում քաղաքական ուժերի գրանցած իրական արդյունքներով։ 

Արտապատկերումները՝ ռուսաստանցի քարոզչի ֆեյսբուքյան էջից (1, 2, 3)

Գաբրիելյանովը, ի թիվս մի շարք այլ կեղծ թեզերի, պնդում էր, թե Փաշինյանը «հանձնել է Սյունիքը Ադրբեջանին»․ ավելին, նա, հղում անելով «ՌԴ հատուկ ծառայություններում իր բարձրաստիճան աղբյուրներին», պնդում էր՝ հայկական կողմը ապրիլ ամսին երկիր այցելած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման արդյունքում «համաձայնեցրել է Գեղարքունիքի, Վայց ձորի, Սյունիքի մարզերից մի քանի տասնյակ այն բնակավայրերի ցանկը, ուր պիտի բնակեցնեն 300 000 ադրբեջանցիներին»։ 

Արտապատկերումները՝ ֆեյսբուքյան գրառումներից (1, 2, 3)

Կարդացեք նաև — Ադրբեջանական թեզը՝ Հայաստանի ընդդիմության խոսույթ․ ինչպես է տարածվել Հայաստանը Ադրբեջանի մարզ դարձնելու մասին տեսանյութը

Գաբրիելյանովի այս ոչ փաստահեն պնդումը հետևողականորեն տարածվեց նաև հայաստանյան մամուլում։ 

Արտապատկերումները՝ հայաստանյան ԶԼՄ-ներից (1, 2, 3)

Հայաստանի վերաբերյալ Գաբրիելյանովը վերջին գրառումն արել է մայիսի վերջ՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան այցին․ գրառման մեջ Գաբրիելյանովը շրջանառել էր թեզը, թե «Փաշինյանի գործերը վատ են», և «ԱՄՆ-ից եկել են աջակցելու», այնպես, ինչպես Հունգարիայի՝ ընտրություններում պարտված արդեն նախկին վարչապետ Վիկտոր Օրբանին էին աջակցելու համար ԱՄՆ-ից բարձրաստիճան այց իրականացրել։ 

Այսպիսով, Գաբրիելյանովի՝ Հայաստանի ուղղությամբ քարոզչական ակտիվությունը համընկնում է երկրի համար քաղաքականապես զգայուն փուլերի՝ պատերազմների, ներքաղաքական ճգնաժամերի և ընտրական գործընթացների հետ։ 

Այս բոլոր փուլերում նա համակարգված կերպով տարածել է չստուգված տեղեկություններ, կեղծ կանխատեսումներ և մանիպուլյատիվ թեզեր՝ հղում անելով անանուն «աղբյուրներին»։ 

Հանրային բարձր զգայունության պահերին տեղեկատվական միջավայրի վրա ազդեցություն գործադրելուց հետո՝ քաղաքական լարվածության նվազմանը զուգընթաց, ռուսաստանցի քարոզիչը դադարեցրել է Հայաստանի վերաբերյալ հրապարակումները և անհետացել մեր տեղեկատվական տիրույթից։ 

Նանե Մանասյան

Վիզուալը պարունակում է ԱԲ տարրեր

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *