Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնը («ԱԲ գործարան») վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն երեք անգամ դարձել է Կրեմլի «Storm 1516» (Փոթորիկ-1516) բոտերի ցանցի ապատեղեկատվական արշավի թիրախը X սոցիալական մեդիայի հարթակում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է և պարզել, որ տարբեր ժամանակահատվածներում ռուսաստանյան արմատներ ունեցող այս ցանցը տարածել է երեք տարբեր կեղծ նարատիվ՝ սկսած ավերիչ երկրաշարժի կանխատեսումից մինչև Հայաստանի էներգետիկ համակարգի փլուզման և Իրանի կողմից գործարարնին հարվածելու պնդումներ։
Հիշեցնենք, որ ԱԲ տվյալների կենտրոնը Firebird ընկերության, Nvidia-ի և Հայաստանի կառավարության համատեղ նախագիծն է, որի ներդրումային արժեքը կազմելու է մոտ 5 միլիարդ դոլար։ Կենտրոնը կառուցվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և, ըստ պաշտոնական տեղեկության, գործարկվելու է հուլիս ամսին։
«Ամերիկյան ձախողված նախագիծ՝ ՀՀ-ում»
Հունիսի 30-ից X-ի հաշիվները տարածում են պնդումը, թե նախագիծն «ի սկզբանե ձախողված է», քանի որ Հայաստանի էլեկտրական էներգիայի մատակարարման ենթակառուցվածքները «չափազանց վատ վիճակում են գտնվում նման գերհզոր տվյալների կենտրոնի սպասարկման համար»։

X-ի բոտային հաշիվներն իրենց գրառումներին կցել են տեսանյութ, որում պնդում է արվում, թե գործարանի գործարկման դեպքում ՀՀ էլեկտրական էներգիայի համակարգին «սպասվում է փլուզում և աղետ»։
Firebird ընկերության պաշտոնական տեղեկությունների համաձայն, առաջին փուլում կենտրոնի հզորությունը կազմում է 18 մեգավատ, սակայն նախատեսվում է մինչև 2027 թվականը այն հասցնել 250 մեգավատի:
Էներգետիկ ենթակառուցվածքն ապահովում է Schneider Electric ընկերությունը՝ տրամադրելով կրկնակի պահուստավորված (redundant) համակարգեր, որոնք նախատեսված են նման կարևոր համակարգերի անխափան աշխատանքի համար: Կառույցը նախագծված է էներգիայի հզորության և դիմացկունության համար՝ ապահովելով լիարժեք սխալակայունություն:
Դարձյալ ըստ պաշտոնական աղբյուրի, AI գործարանում ներդրվելու է սառեցման համակարգ՝ Vertiv ընկերության կողմից տրամադրված հեղուկային և օդային սառեցման համակարգեր, որոնք նախատեսված են բարձր էներգաարդյունավետության համար։ Հեղուկային սառեցման համակարգն աշխատում է փակ շրջանով և ջրի փոխարինում է պահանջում մի քանի տարին մեկ:
«Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պարզելու, թե արդյոք գնահատվել է ՀՀ էլեկտրական էներգիայի ենթակառուցվածքների համապատասխանությունը նման հզորության ԱԲ գործարանի սպասարկման համար։
Ի պատասխան նախարարությունից նշել են, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն նախագծի համար տրամադրել է հաղորդման ցանցին միացման տեխնիկական պայմաններ՝ նախապես կատարելով անհրաժեշտ գնահատումները։
Նախագծի համար ամրագրվել է 115 ՄՎտ հզորություն, իսկ իրականացված գնահատումների համաձայն, տվյալների կենտրոնի աշխատանքը չի հանգեցնի համակարգային խնդիրների և չի ազդի մյուս սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության վրա։
Այսպիսով, «Storm 1516»-ի տարածած պնդումը, թե ՀՀ էներգետիկ հանակարգը պատրաստ չէ նման հզորությամբ տվյալների կենտրոն սպասարկել, փաստահեն չէ, դրա հիմքում չկան հստակ մասնագիտական գնատահատականներ, սրան զուգահեռ թե ամերիկյան ընկերությունը, և թե պատասխանատու ՀՀ գերատեսչությունները հավաստիացնում են, որ նախագծի էլեկտրական սնուցման և ՀՀ էներգետիկ համակարգի համապատասխանության մասնագիտական գնահատականները փաստում են՝ նախագիծը համակարգում խնդիրների չի հանգեցնի։
Երկրաշարժի կեղծ ահազանգ ԱԲ գործարանի տեղակայման վայրում
Ավելի վաղ էլ՝ հունիսի 24-ից, X-ի նույն ցանցը մեկ այլ կեղծ տեղեկություն էր տարածել՝ պնդելով, թե ԱԲ գործարանի տարածքում ավերիչ երկրաշարժ է կանխատեսվում։
Այս արշավին անդրադարաձել էին Factor TV-ի մեր գործընկերները․ լրատվամիջոցին Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հերքել էին տեղեկությունը, նշելով, որ գիտական հանրության դիրքորոշումն այն է, որ հնարավոր չէ գիտականորեն կանխատեսել, թե երկրաշարժը կոնկրետ երբ, որտեղ և ինչ ուժգնությամբ տեղի կունենա։
Այսպիսով, ապատեղեկատվական ցանցը նույն նախագծի շուրջ արդեն երկրորդ անգամ փորձում էր ձևավորել վտանգի զգացողություն՝ այս անգամ այն կապելով ենթադրյալ բնական աղետի հետ։
«Իրանը սպառնում է հարվածել գործարանին»
«Storm 1516» ապատեղեկատվական ցանցը Հայաստանում կառուցվող ԱԲ տվյալների կենտրոնը X-ում թիրախավորել է նաև կեղծ պնդումով, թե Իրանը, ի պատասխան ԱՄՆ ռազմական հարվածների, սպառնում է թիրախավորել կենտրոնը։
Այսպես, ռուսաստանյան Gnida Project նախաձեռնության ուսումնասիրության համաձայն, այս ցանցը հուլիսի 7-ից տարածում է, թե հայաստանյան AI կենտրոնը Իրանի հավանական ռազմական թիրախ է, մինչդեռ իրանական պաշտոնական աղբյուրները չեն հիշատակում այս կենտրոնը որպես թիրախ։
ՀՀ-ում կառուցվող գործարանը տեսանյութում ներկայացվում է որպես ԱՄՆ-ի հետախուզական կենտորն, և հենց այդ չհիմնավորված պնդման վրա էլ կառուցվում է Իրանի հնարավոր հարվածի մասին թեզը։
Սակայն որևէ փաստ չի վկայում, որ կառուցվող տվյալների կենտրոնը ռազմական կամ հետախուզական նշանակություն ունի։ Ավելին, այն դեռ կառուցման փուլում է, հետևաբար չէր կարող կատարել այն գործառույթները, որոնք նրան վերագրվում էին ապատեղեկատվական տեսանյութերում։
Այսպիսով, վերջին մեկ ամսվա ընթացքում «Storm 1516» ցանցը նույն նախագծի շուրջ հաջորդաբար շրջանառության մեջ է դրել առնվազն երեք տարբեր կեղծ նարատիվ՝ «ավերիչ երկրաշարժ», «էներգետիկ աղետ» և «Իրանի ռազմական թիրախ»։
Թեև այս պնդումները միմյանցից տարբեր են բովանդակությամբ, դրանք ծառայում են նույն նպատակին՝ ձևավորել անվստահություն Հայաստանում իրականացվող խոշոր ամերիկյան ներդրումային ծրագրի նկատմամբ և այն ներկայացնել որպես ի սկզբանե ձախողված կամ վտանգավոր նախաձեռնություն։
Նանե Մանասյան
Leave a Reply