Category: FIP.am

  • Գոհար Մելոյանը մանիպուլացնում է

    Գոհար Մելոյանը մանիպուլյատիվ համեմատություն է արել՝ ներկայացնելով ԿԸՀ-ի երկու որոշումները որպես հակասական, մինչդեռ դրանք վերաբերում էին Նարեկ Կարապետյանի տարբեր իրավական կարգավիճակներին։

    Մանրամասները՝ 

    Գոհար Մելոյանի մանիպուլյացիան․ ինչո՞ւ ԿԸՀ-ն իրավունք ուներ քննելու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ հարցը

    The post Գոհար Մելոյանը մանիպուլացնում է appeared first on FIP.AM.

  • #4 Հասկանալ FIMI-ն․ Ինչպե՞ս ճանաչել տեղեկատվական գրոհը. 5 պարզ հարց

    Տեղեկատվական գրոհը միշտ չէ, որ սկսվում է ակնհայտ կեղծ լուրից։ Երբեմն այն փորձում է նախ վախեցնել, զայրացնել կամ խուճապի մատնել, ապա՝ ազդել մեր ընկալումների և վարքագծի վրա։

    Ինչպե՞ս հասկանալ՝ ձեր տեսած հրապարակումը սովորական կարծի՞ք է, ֆե՞յք, թե՞ համակարգված տեղեկատվական ազդեցության՝ FIMI-ի մաս։ «Հասկանալ FIMI-ն» շարքի նոր տեսանյութում ներկայացնում ենք 5 պարզ հարց, որոնք արժե ինքներդ ձեզ տալ՝ նախքան որևէ նյութի հավատալը կամ այն տարածելը։

    Այս շարքի նախորդ տեսանյութերը՝ 

    #1 «Հասկանալ FIMI-ն». Ի՞նչ է FIMI-ն

    #2 «Հասկանալ FIMI-ն». Ովքե՞ր են տեղեկատվական ազդեցության դերակատարները

    #3 «Հասկանալ FIMI-ն»․ Ինչպե՞ս են նարատիվները ծնվում ու տարածվում Հայաստանում

  • Ի՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով  

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Այսօր Հայաստանը Ադրբեջանից ստանում է և՛ դիզելային վառելիք, և՛ բենզին։ Սա նշանակալի ներդրում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»։

    Նա նաև նշել է, որ մատակարարումները նշանակալի ներդրում են հատկապես «նավթամթերքի արտահանման և ներմուծման ներկայիս դժվարությունների պայմաններում»։  

    Երախտագիտություն հայտնելով Գերմանիային՝ խաղաղության գործընթացին աջակցելու համար՝ Ալիևը նշել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորվում են, իսկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ստորագրումը վերջ են դրել ավելի քան 30-ամյա հակամարտությանը։ 

    Արտապատկերումը՝ հաղորդագրությունից

    «Փաստերի ստուգման հարթակն» Ալիևի հայտարարության հետքերով ուսումնասիրել է Ադրբեջանից Հայաստան ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի ծավալները։ 

    Ըստ այդմ, հասանելի պաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի մասնաբաժինը բենզինի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է շուրջ 5%, իսկ դիզելային վառելիքի դեպքում՝ շուրջ 16%։ 

    Ադրբեջանից Հայաստան բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները սկսվել են 2025 թվականի տարեվերջին։ Ուստի ուսումնասիրության համար հիմք ենք ընդունել 2025 թվականի տարեկան և 2026 թվականի հասանելի ամենաթարմ՝  առաջին եռամսյակի պաշտոնական վիճակագրական տվյալները։

    Որքա՞ն է կազմել ադրբեջանական բենզինի մասնաբաժինը 2025-ին

    Հայաստանի պետական եկամուտների պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին հանրապետություն է ներմուծվել շուրջ 220 հազար տոննա ավտոմոբիլային բենզին՝ 207 մլն 838 հզր ԱՄՆ դոլար արժողությամբ։

    Ադրբեջանից Հայաստան ներմուծման ծավալը կազմել է 1215 տոննա՝ արժեքը՝ 873.4 հզր ԱՄՆ դոլար:

    Նախորդ տարի Հայաստանի համար բենզինի հիմնական մատակարարները եղել են Ռումինիան, Եգիպտոսը և Ռուսաստանի Դաշնությունը, որոնք միասին ապահովել են ներկրվող բենզինի շուրջ 82%-ը:

    Մատակարարման պատկերն ըստ երկրների․

    • Ռումինիա — 62.8 հազար տոննա (28.5%)
    • Եգիպտոս — 60.4 հազար տոննա (27.4%)
    • Ռուսաստանի Դաշնություն — 56.7 հազար տոննա (25.8%):

    Փոքր չափաբաժիններ ունեն նաև Բուլղարիան (7.7%), Կիպրոսը (5.4%), Հունաստանը ( 4.3%),  Իրանը (0.4%)։

    Ադրբեջանը ներմուծման ծավալով մատակարար 8 երկրների շարքում նախավերջին՝  7-րդ տեղում է․ այն կազմել է ընդհանուր բենզինի մոտ 0.6%-ը:

    Պատկերը փոխվում է․ 2026 թվականի առաջին եռամսյակ

    2026 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ տվյալներով՝ Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 69.2 մլն լիտր ավտոմոբիլային բենզին, որի մաքսային արժեքը կազմել է 45 մլն 266 հազար ԱՄՆ դոլար։

    Այս ժամանակահատվածում մատակարարումների աշխարհագրությունը նկատելիորեն փոխվել է։ Բենզինի ներմուծման ծավալով առաջատար երեք երկրներն են Բուլղարիան, Ռումինիան և Բելգիան, որոնք միասին ապահովել են ընդհանուր ծավալի շուրջ 73.5%-ը։

    Մատակարարումների պատկերն ըստ երկրների․

    • Բուլղարիա — 23.5 մլն լիտր (34%)
    • Ռումինիա — 19.9 մլն լիտր (28.8%)
    • Բելգիա — 7.4 մլն լիտր (10.7%)։

    Ավելի փոքր մասնաբաժիններ ունեն Կիպրոսը՝  (9.1%), Ռուսաստանի Դաշնությունը՝ (7.4%), Թուրքիան (2.7%), Հունաստանը (1.9%) և Եգիպտոսը (0.3%)։

    Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 3.6 մլն լիտր բենզին՝ շուրջ 2 մլն 45 հազար դոլար մաքսային արժեքով։ Դա կազմել է Հայաստան ներմուծված բենզինի ընդհանուր ծավալի 5.2%-ը։

    Այսպիսով, Ադրբեջանը բենզին մատակարարող ինը երկրների շարքում զբաղեցրել է վեցերորդ տեղը։

    2025-ին դիզելային վառելիքի ներմուծումը՝ Ռուսաստանի բացարձակ գերիշխանությամբ

    2025 թվականին Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 179 հազար տոննա դիզելային վառելիք, որի մաքսային արժեքը կազմել է շուրջ 155 մլն ԱՄՆ դոլար։

    Այս շուկայում անվիճելի առաջատարը եղել է  Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանից ներմուծվել է 150.3 հազար տոննա դիզելային վառելիք, որը կազմել է ընդհանուր ծավալի շուրջ 84%-ը։

    Հաջորդիվ մատակարարների թվում են Իրանը՝ 13 հազար տոննա (7.3%), Վրաստանը՝ 5.7 հազար տոննա (3.2%), Իսրայելը՝ 5.2 հազար տոննա (2.9%), Ռումինիան՝ 4.2 հազար տոննա (2.4%), Թուրքմենստանը՝ 506.7 տոննա (0.3%) և Բուլղարիան՝ 24.9 տոննա (0.01%) բաղադրիչով։

    Հատկանշական է, որ, ի տարբերություն բենզինի, 2025 թվականի պաշտոնական վիճակագրության մեջ Ադրբեջանից դիզելային վառելիքի ներմուծում արձանագրված չէ։

    2026 թվականի առաջին եռամսյակ․ Ադրբեջանի մասնաբաժինը՝ 15.6%

    2026 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ տվյալներով՝ Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 34.7 հազար տոննա դիզելային վառելիք, որի մաքսային արժեքը կազմել է շուրջ 29.6 մլն ԱՄՆ դոլար։

    Ադրբեջանից ներմուծվել է 5.4 հազար տոննա՝ շուրջ 4.3 մլն դոլար մաքսային արժեքով։ Դա կազմել է Հայաստան ներմուծված դիզելային վառելիքի ընդհանուր ծավալի 15.6%-ը։

    Այս ցուցանիշով Ադրբեջանը մատակարար վեց երկրների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը՝ զիջելով Ռուսաստանին և Իսրայելին։

    Այսպիսով, 2025 թվականին ադրբեջանական բենզինի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է ընդամենը 0.6%, իսկ դիզելային վառելիքի ներմուծում չի արձանագրվել։ 2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի մասնաբաժինը մեծացել է՝ բենզինի դեպքում հասնելով 5.2%-ի, իսկ դիզելային վառելիքի դեպքում՝ 15.6%-ի։

    Այս տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է Հայաստանի վառելիքի մատակարարներից մեկը, ընդ որում՝ դիզելային վառելիքի մատակարարումների մեջ նրա մասնաբաժինն արդեն իսկ ակնհայտ է։

    Սակայն միայն ներմուծման այս տվյալները բավարար չեն գնահատել, թե որքանով է ան «նշանակալի» մեր երկրի էներգետիկ անվտանգության համար։ 

    Գայանե Մարկոսյան

  • Արդյո՞ք Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճում է

    Յուրաքանչյուր աղմկահարույց դեպքից հետո կարող է նման տպավորություն ստեղծվել, բայց ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները։

    Մանրամասները՝ 

    16 տարում՝ ինքնասպանության 10 746 փորձ․ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում ինքնասպանությունների վիճակագրությունը

    The post Արդյո՞ք Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճում է appeared first on FIP.AM.

  • Գոհար Մելոյանի մանիպուլյացիան․ ինչո՞ւ ԿԸՀ-ն իրավունք ուներ քննելու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ հարցը

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հուլիսի 21-ին իր ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում հակասություն կա։ 

    1. Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Նարեկ Կարապետյանը պատգամավոր է»՝ 21.07.2026 
    2. Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ՉՈՒՆԵՑՈՂ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը:» 08.07.2026 
    3. Կենտրոնական ընտրական հանձնաժողով քննում է իր իսկ կողմից գրանցված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը: 21.07.2026 ԿԸՀ նիստը կշարունակվի վաղը, ժամը՝ 13:00-ից»,- տեսանյութին ուղեկցող տեքստում նշել էր Մելոյանը՝ թողնելով մեկնաբանությունները ընթերցողին։

    Այսինքն՝ Մելոյանը հակասություն է տեսել այն առումով, որ պատգամավորների գրանցումից և մանդատների տրամադրումից հետո ԿԸՀ-ն կրկին քննել է Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունները՝ այս անգամ արդեն որպես ընտրված պատգամավորի նկատմամբ ներկայացված հարց։ 

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթները, ինչպես նաև ԿԸՀ-ի ու Սահմանադրական դատարանի որոշումները։ Արդյունքում պարզել ենք, որ Մելոյանի համեմատությունը մանիպուլյատիվ է․ հուլիսի 8-ին և հուլիսի 21-ին Նարեկ Կարապետյանն ունեցել է տարբեր իրավական կարգավիճակներ, որոնց համար օրենքը տարբեր կարգավորումներ է նախատեսում։

    Ե՞րբ են սկսվում ընտրված պատգամավորների լիազորությունները

    Այսպես, Գոհար Մելոյանն ասել էր․ «Այսինքն այլևս այս արձանագրության (նկատի ունի ԿԸՀ արձանագրությունը) կազմումից հետո ԱԺ-ի նախկինում թեկնածու հանդիսացած անձինք այլևս հանդիսանում են գրանցված պատգամավորներ»։

    Մելոյանը ճիշտ է՝ հուլիսի 21-ին ԿԸՀ-ն գրանցեց ընտրված պատգամավորներին և նրանց մանդատներ տրամադրեց, սակայն սա չի նշանակում, որ նրանք նույն պահին արդեն ստացել են պատգամավորի սահմանադրական լիազորությունները։

    ՀՀ սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Հերթական ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»:

    Հուլիսի 21-ի հերթական նիստում ԿԸՀ-ն գրանցեց ընտրված պատգամավորներին և հայտարարեց, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի 2026 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին։ Քանի որ Սահմանադրությամբ ԱԺ լիազորությունները սկսվում են նրա առաջին նիստի գումարման պահից, մինչև այդ պահը նորընտիր պատգամավորները դեռ չեն համարվում իրենց լիազորությունները ստանձնած։ 

    Կարո՞ղ էր ԿԸՀ-ն համաձայնություն տալ քրեական հետապնդմանը 

    Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ պատգամավորի թեկնածուի, ինչպես նաև մինչև նրա լիազորություններն ստանձնելը՝ ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Բացառություն է միայն այն դեպքը, երբ անձը բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։

    Քանի որ Նարեկ Կարապետյանը պատգամավորի լիազորությունները պետք է ստանձներ միայն օգոստոսի 2-ին, ապա հուլիսի 21-ի դրությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալը շարունակում էր մնալ ԿԸՀ իրավասության շրջանակում։

    Ինչո՞ւ էր ԿԸՀ-ն հուլիսի 8-ին վերադարձրել միջնորդությունը 

    Մելոյանը նաև պնդել էր, որ ԿԸՀ-ն նախկինում վերադարձրել էր նույն միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ հուլիսի 4-ից հետո այլևս իրավասու չէ այն քննել։ Իրապես, ԿԸՀ-ն հուլիսի 8-ի որոշումով վերադարձրել էր Նարեկ Կարապետյանի դեմ ներկայացված միջնորդությունը։ Մելոյանի խոսքի մի մասը համապատասխանում է իրականությանը, սակայն նա բաց է թողնում կարևոր իրավական մի հանգամանք։

    Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակից բխող իրավունքներն ու երաշխիքները գործում են մինչև Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ որոշման վիճարկման ժամկետի ավարտը, իսկ եթե այդ որոշումը բողոքարկվել է Սահմանադրական դատարանում՝ մինչև ՍԴ վերջնական որոշման ընդունումը։

    2026 թվականի հունիսի 14-ին ԿԸՀ-ն ընդունեց ընտրությունների արդյունքներն ամփոփող թիվ 259-Ա որոշումը, որը հետագայում վիճարկվեց Սահմանադրական դատարանում։

    2026 թվականի հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1835 որոշմամբ ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը։

    Այսպիսով, Նարեկ Կարապետյանի պատգամավորի թեկնածուի կարգավիճակը դադարեց հենց հուլիսի 4-ին։

    Այդ պատճառով ԿԸՀ-ն հուլիսի 8-ին չէր կարող արդեն որպես պատգամավորի թեկնածուի նկատմամբ համաձայնություն տալ քրեական հետապնդմանը կամ ազատությունից զրկելուն և վերադարձրել էր դատախազության միջնորդությունը։

    Ինչո՞ւ ԿԸՀ-ն հետո կրկին սկսեց քննել հարցը 

    Իրավիճակը փոխվեց հուլիսի 21-ին։ Այդ օրը ԿԸՀ-ն ընդունեց պատգամավորներին գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը, որի արդյունքում Նարեկ Կարապետյանը ձեռք բերեց գրանցված, սակայն դեռևս լիազորությունները չստանձնած ընտրված պատգամավորի կարգավիճակ։

    Հենց այդ կարգավիճակի հիման վրա հաջորդ օրը (միջնորդությունները ԿԸՀ-ն քննել է երկու օր՝ հուլիսի 21-ին և 22-ին-խմբ․) ԿԸՀ-ն իր թիվ 282-Ա որոշմամբ համաձայնություն տվեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

    Միևնույն ժամանակ ԿԸՀ-ն վերադարձրեց դատախազության երկրորդ միջնորդությունը՝ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ։

    Դրա հիմքում Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշումն էր, ըստ որի՝

    «Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող ազատությունից զրկվել այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»։

    Այսինքն՝ ԿԸՀ-ն տարբերակել է երկու իրավական հարց՝

    • քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն, որը մինչև պատգամավորական լիազորությունների ստանձնումը շարունակում էր գտնվել ԿԸՀ իրավասության ներքո,
    • ազատությունից զրկելու հարցը, որն արդեն պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո կարող էր լուծվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։

    Ասյպիսով, Գոհար Մելոյանը համեմատում է Նարեկ Կարապետյանի երկու տարբեր իրավական կարգավիճակները՝ պատգամավորի թեկնածուի և գրանցված, բայց դեռևս լիազորությունները չստանձնած ընտրված պատգամավորի կարգավիճակները։

    Հուլիսի 8-ին ԿԸՀ-ն չէր կարող որոշում կայացնել, քանի որ Կարապետյանը դեռևս պատգամավորի թեկնածու չէր։ Իսկ հուլիսի 21-ին՝ պատգամավորների գրանցումից հետո, նա արդեն ստացել էր այլ իրավական կարգավիճակ, որի դեպքում Ընտրական օրենսգիրքը ԿԸՀ-ին վերապահում էր քրեական հետապնդման համաձայնություն տալու իրավասություն՝ մինչև պատգամավորական լիազորությունների ստանձնումը։

    Հետևաբար Մելոյանի ներկայացրած համեմատությունը անտեսում է այդ իրավական տարբերությունը և հանրության մոտ ստեղծում է հակասական տպավորություն, մինչդեռ խոսքը իրավական երկու տարբեր փուլերի մասին է։

    Արեն Նահապետյան

  • IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ

    Հայաստանը պատրաստվում է ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի պետական գրանցման համակարգ՝ այն հիմնավորելով ստվերի կրճատմամբ, անվտանգության և կիբեռանվտանգության բարձրացմամբ:

    Մանրամասները՝

    Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ

     

    The post IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ appeared first on FIP.AM.

  • #3 «Հասկանալ FIMI-ն»․ Ինչպե՞ս են նարատիվները ծնվում ու տարածվում Հայաստանում

    Փաստը միշտ չէ, որ ամբողջ պատմությունն է։ Երբ իրական փաստին ավելանում են կեղծ կամ չափազանցված պնդումներ, ծնվում է նարատիվ, որը կարող է փոխել մեր ընկալումը։

    «Հասկանալ FIMI-ն» շարքի հերթական տեսանյութում պարզ օրինակներով ցույց ենք տալիս, թե ինչպես են նարատիվները ծնվում, տարածվում և ազդում մեզ վրա։

    Այս շարքի նախորդ տեսանյութերը՝ 

     

  • Հետամտում (stalking), «գրումինգ» (grooming), էվթանազիա․ ինչ նոր արարքներ են դարձել քրեորեն պատժելի Հայաստանում

    Հետամտումը (stalking),  անչափահասների նկատմամբ գրումինգը (grooming), տուժողի խնդրանքով սպանությունը (էվթանազիա), կրիպտոակտիվների շուկայում գհնային չարաշահումներ․ սրանք այն նոր արարաքներից մի քանիսն են, որոնք վերջին տարիներին ներմուծվել են ՀՀ քրեական օրենսգիրք ու քրեականացվել։

    «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է նոր Քրեական օրենսգրքի ընդունումից հետո կատարված փոփոխությունները և ներկայացնում է, թե 2022 թվականից հետո ինչ նոր հանցակազմեր են ավելացվել և ինչ խնդիրներ են կոչված լուծելու դրանք։ 

    2021 թվականի մայիսի 5-ին Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության նոր Քրեական օրենսգիրքը, որը 2022 թվականի հուլիսի 1-ից մտավ ուժի մեջ՝ փոխարինելով 2003 թվականից գործող նախկին օրենսգրքին։

    Նոր օրենսգրքի ընդունման նպատակն էր արդիականացնել քրեական օրենսդրությունը, լրացնել նախկին կարգավորումների բացերը, բարձրացնել քրեական արդարադատության արդյունավետությունը, ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը և կատարել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները։

    2022 թվականի հուլիսի 1․ ուժի մեջ է մտնում նոր Քրեական օրենսգիրքը

    Նոր օրենսգրքով առաջին անգամ Հայաստանում.

    • սահմանվեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը,
    • ներդրվեցին նոր պատժատեսակներ՝ ազատության սահմանափակում, կարճաժամկետ ազատազրկում, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետությունից վտարելը,
    • առանձին կարգավորվեցին անչափահասների և մինչև 21 տարեկան անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության առանձնահատկությունները։

    2022 թվական․ նոր հանցակազմեր՝ մարդու դեմ ուղղված հանցագործություններում

    Նոր օրենսգիրքն առաջին անգամ նախատեսեց պատասխանատվություն մի շարք արարքների համար։ Դրանց թվում են.

    • տուժողի խնդրանքով սպանությունը (էվթանազիա) (161-րդ հոդված),
    • հոգեկան ներգործությունը (194-րդ հոդված),
    • ֆիզիկական ներգործությունը (195-րդ հոդված),
    • հետամտելը (stalking) (196.1-րդ հոդված)։

    Վերջինը վերաբերում է այն դեպքերին, երբ անձը պարբերաբար հետապնդում, հետևում կամ անհանգստացնում է մեկ այլ անձի՝ խաթարելով նրա բնականոն կյանքը։ 

    2022 թվական․ քրեականացվեց նաև «գրումինգը»

    Նոր օրենսգրքով առանձին հանցակազմ դարձավ նաև 16 տարին չլրացած անձին սեռական հարաբերության, սեքսուալ բնույթի այլ գործողությունների կամ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու առաջարկը, որը միջազգային պրակտիկայում հայտնի է որպես grooming (Քրեական օրենսգրքի 202-րդ հոդված)։

    2022 թվականից․ նոր տնտեսական հանցագործություններ

    Նոր Քրեական օրենսգիրքը համալրվեց նաև տնտեսության դեմ ուղղված նոր հանցակազմերով, այդ թվում՝

    • կրիպտոակտիվների և արժեթղթերի շուկայում գնային չարաշահումը (269-րդ հոդված),
    • կենսապահովման նվազագույն զամբյուղում ընդգրկված ապրանքների շուկայից կանխամտածված հանելը (271-րդ հոդված),
    • ապօրինի գործունեություն իրականացնելու կամ այն քողարկելու նպատակով իրավաբանական անձ ստեղծելը կամ օգտագործելը (285-րդ հոդված),
    • իրական շահառուների վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացնելը կամ տվյալները թաքցնելը (294-րդ հոդված),
    • էլեկտրական ցանցերին, գազատարներին, ջրատարներին կամ կապի ցանցերին ապօրինի միանալը (262-րդ հոդված),
    • ուրիշի գույքն ապօրինի օգտագործելը (263-րդ հոդված),
    • անձի վերահսկողությունից դուրս եկած գույքին տիրանալը (266-րդ հոդված)։

    2024 թվականի հոկտեմբերի 24․ առանձին ցանկ սահմանվեց կիբերհանցագործությունների համար

    2024 թվականին օրենսգրքում առաջին անգամ առանձին հավելվածով համակարգվեցին այն հանցագործությունները, որոնք համարվում են կիբերհանցագործություններ։ 

    Այդ ցանկում ներառվեցին.

    • համակարգչային հափշտակությունը,
    • համակարգչային համակարգ կամ ցանց ապօրինի ներթափանցելը,
    • համակարգչային տվյալների փոփոխումը,
    • համակարգչային սաբոտաժը,
    • համակարգչային տվյալների ապօրինի որսալը,
    • հատուկ հաքերային ծրագրերի ապօրինի շրջանառությունը,
    • համակարգչային կեղծիքը,
    • համակարգչային համակարգերի շահագործման կանոնների խախտումը։

    Բացի այդ, կիբերհանցագործությունների ցանկում ընդգրկվեցին նաև տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հեղինակային իրավունքի խախտումները, մանկական պոռնոգրաֆիայի առանձին ձևերը և ՏՏ կիրառմամբ ատելության խոսքի տարածման որոշ դեպքեր։ 

    2025 թվականի հուլիսի 3․ խստացվեց ավտոմեքենաների մասերի գողության պատասխանատվությունը

    2025 թվականի հուլիսի 3-ին ընդունված ՀՕ-256-Ն օրենքով փոփոխվեց Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածը («Գողություն»)։

    Փոփոխությամբ ավելի խիստ պատիժ սահմանվեց տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար, ինչը, ՆԳՆ-ի փոխանցմամբ, պայմանավորված էր վերջին տարիներին այդ հանցատեսակի զգալի տարածմամբ։

    2025 թվականի հուլիսի 3․ վարորդական իրավունք չունենալով մեքենա վարելը կարող է դառնալ քրեական հանցագործություն

    Նույն օրը՝ 2025 թվականի հուլիսի 3-ին, ընդունված ՀՕ-246-Ն օրենքով փոփոխվեց նաև Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածը։

    Փոփոխության համաձայն՝

    • եթե անձը արդեն ենթարկվել է վարչական պատասխանատվության վարորդական իրավունք չունենալով մեքենա վարելու համար և մեկ տարվա ընթացքում կրկին կատարում է նույն խախտումը, ապա այդ արարքն արդեն համարվում է քրեական հանցագործություն,
    • միաժամանակ խստացվել է նաև ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։

    Նոր պատասխանատվություն՝ ընտանեկան բռնության գործերով

    Նոր օրենսգիրքը նաև պատասխանատվություն սահմանեց այն անձանց համար, ովքեր ընտանիքում բռնության գործերով խուսափում կամ հրաժարվում են կրել էլեկտրոնային հսկողության միջոցը։ Բացի այդ, քրեականացվեց նաև պաշտպանության միջոցի վերաբերյալ տվյալներ հրապարակելը։

    Ի՞նչ է ցույց տալիս օրենսդրական փոփոխությունների ժամանակագրությունը

    2021 թվականից հետո Հայաստանի քրեական օրենսդրությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել։

    Եթե 2022 թվականին հիմնականում ներդրվեցին մարդու իրավունքների, տնտեսական գործունեության և անձնական անվտանգության ոլորտներին վերաբերող նոր հանցակազմեր, ապա 2024 թվականին օրենսդիրը առանձին կարգավորեց կիբերհանցագործությունները, իսկ 2025 թվականին խստացրեց ճանապարհային անվտանգության և ավտոմեքենաների մասերի գողությունների վերաբերյալ քրեական պատասխանատվությունը։

    Եթե 2003 թվականին Քրեական օրենսգիրքը հիմնականում կենտրոնացած էր դասական հանցագործությունների վրա, ապա 2022 թվականից հետո քրեական քաղաքականությունն ուշադրություն է սկսել դարձնել թվային միջավայրի, անձնական անվտանգության, ընտանեկան բռնության, երեխաների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտներին։ Փաստացի, փորձ է արվում քրեական օրենսդրությունը հարմարեցնել նոր ժամանակների մարտահրավերներին։

    Միաժամանակ, նոր հանցակազմերի ներմուծումն ինքնին դեռևս չի նշանակում դրանց արդյունավետ կիրառում։ Դրա գնահատման համար անհրաժեշտ է ուսումնասիրել, թե այս հոդվածներով քանի քրեական վարույթ է հարուցվել, քանիսն են հասել դատարան և ինչպիսի դատական պրակտիկա է ձևավորվել վերջին տարիներին։ 

    «Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ուսումնասիրությունը։

    Արեն Նահապետյան

    Գլխավոր լուսանկարը մասնակի գեներացված է ԱԲ-ի միջոցով

    Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

  • Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ»։

    Գրառման «հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա» ձևակերպումը  ընթերցողի մոտ  կարող է տպավորություն ստեղծել, թե խոսքը դեպի այդ երկիր առաջին արտահանման մասին է։ 

    Դա են վկայում  ֆեյսբուքյան գրառման տակ քաղաքացիների  մեկնաբանություները։

    Նախարարի գրառումը լայնորեն տարածվել է նաև ինչպես մեդիա, այնպես էլ սոցիալական հարթակներում․ այն հրապարակել են տասնյակից ավելի կայքեր, ինչպես նաև ունեցել է ավելի քան 2000 հավանում ու 120-ից ավելի կիսում։ Դրանց բոլորի մեկնաբանություններում քաղաքացիները հարց են բարձրացրել՝ արդյոք առաջին անգամն է Հայաստանից ԱՄԷ ծաղիկ արտահանվում։

    «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայաստանից ծաղիկների արտահանման պաշտոնական վիճակագրությունը և պարզել, որ ծաղիկների  արտահանում դեպի ԱՄԷ գրանցվել է նաև նախորդ տարիներին։ 

    Արտահանման ամենաթարմ ցուցանիշը․ 2026-ի հունվար-մարտ

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արտաքին առևտրի վիճակագրության համաձայն՝ Հայաստանից ԱՄԷ կտրված ծաղիկներ և ծաղկակոկոններ  ապրանքախմբի արտահանումը հաշվառվում է երկու  չափման միավորով՝ կիլոգրամ/տոննայով և հատով։ 

    Հասանելի ամենաթարմ վիճակագրական տվյալներով 2026 թ․-ի հունվար-մարտ ամիսներին արտահանվել է 903 կգ՝ 12․5 հզր ԱՄՆ դոլար և 110․600 հատ՝ 71․2 հզր ԱՄՆ  դոլար արժողությամբ ծաղիկ։ 

     

    Արտապատկերումը՝ ՊԵԿ տվյալներից

    Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին տարիներին Հայաստանից կտրված ծաղիկների և ծաղկակոկոնների արտահանման ծավալները զգալիորեն տատանվել են։

    2025թ․-ին դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվել է 210 կգ կտրված ծաղիկ և ծաղկակոկոն՝ 3.1 հազար ԱՄՆ դոլար արժեքով, ինչպես նաև 279․300 հատ՝ 190.2 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

    Արտապատկերումը՝ ՊԵԿ տվյալներից

    2024 թվականին նույն ապրանքախմբով դեպի ԱՄԷ արտահանվել էր 3․700 հատ՝ 3 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

    2024 թվականի համեմատ՝ 2023-ին դեպի ԱՄԷ արտահանված ծաղիկների քանակը շուրջ 18 անգամ պակաս էր․ ընդամենը 210 հատ՝ 0.1 հազար ԱՄՆ դոլար արժեքով։ 

    Արտապատկերումը՝ ՊԵԿ տվյալներից

    2022 թվականին Հայաստանից արտահանվել է  6․415 հատ կտրված ծաղիկ և ծաղկակոկոն՝ 2.2 հզր ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։

    Արտապատկերումը՝ ՊԵԿ տվյալներից

    2021 թվականին Հայաստանից ԱՄԷ ծաղիկների  արտահանում չի գրանցվել։ Այս ապրանքախմբի  արտահանում չի եղել նաև նախորդող 2018-2020 թվականերին։

    Արտապատկերումը՝ ՊԵԿ տվյալներից

    Այսպիսով, ՊԵԿ-ի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ հայկական կտրված ծաղիկներն ու ծաղկակոկոնները դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվել են դեռևս 2022 թվականին։ Հետևաբար, եթե ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ «հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա» ձևակերպումը ներկայացված է  որպես առաջին արտահանման մասին հայտարարության համատեքստում, ապա այն  չի համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը։ 

    Միաժամանակ, տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականին դեպի ԱՄԷ արտահանման ծավալը  նախորդ տարիների համեմատ զգալիորեն աճել է, ինչը վկայում է այդ շուկայում հայկական ծաղիկների արտահանման ընդլայնման մասին։ 

    Հ․Գ․ ՀՀ-ից ծաղիկների արտահանման  թեմային FIP.am-ը  անդրադարձել էր նաև 2025 թվականին՝ հրապարակելով Հայաստանից տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄԷ,   արտահանման միտումների վերլուծությունը՝ ըստ երկրների և տարիների։ 

    Գայանե Մարկոսյան

  • #2 «Հասկանալ FIMI-ն». Ովքե՞ր են տեղեկատվական ազդեցության դերակատարները

    Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանը մեր երկրի տեղեկատվական միջավայրում առաջին անգամ համակարգված կերպով կիրառեց արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI–ի մի շարք մեթոդներ։

    Նպատակը պարզապես կեղծ տեղեկություններ տարածելը չէր։ Կրեմլի ազդեցության գործողությունները միտված էին ձևավորելու, ազդելու և վերահսկելու հանրային ընկալումների, քաղաքական նախասիրությունների և որոշումների վրա։