«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հուլիսի 21-ին իր ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում հակասություն կա։
- Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Նարեկ Կարապետյանը պատգամավոր է»՝ 21.07.2026
- Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ՉՈՒՆԵՑՈՂ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը:» 08.07.2026
- Կենտրոնական ընտրական հանձնաժողով քննում է իր իսկ կողմից գրանցված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը: 21.07.2026 ԿԸՀ նիստը կշարունակվի վաղը, ժամը՝ 13:00-ից»,- տեսանյութին ուղեկցող տեքստում նշել էր Մելոյանը՝ թողնելով մեկնաբանությունները ընթերցողին։
Այսինքն՝ Մելոյանը հակասություն է տեսել այն առումով, որ պատգամավորների գրանցումից և մանդատների տրամադրումից հետո ԿԸՀ-ն կրկին քննել է Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունները՝ այս անգամ արդեն որպես ընտրված պատգամավորի նկատմամբ ներկայացված հարց։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթները, ինչպես նաև ԿԸՀ-ի ու Սահմանադրական դատարանի որոշումները։ Արդյունքում պարզել ենք, որ Մելոյանի համեմատությունը մանիպուլյատիվ է․ հուլիսի 8-ին և հուլիսի 21-ին Նարեկ Կարապետյանն ունեցել է տարբեր իրավական կարգավիճակներ, որոնց համար օրենքը տարբեր կարգավորումներ է նախատեսում։
Ե՞րբ են սկսվում ընտրված պատգամավորների լիազորությունները
Այսպես, Գոհար Մելոյանն ասել էր․ «Այսինքն այլևս այս արձանագրության (նկատի ունի ԿԸՀ արձանագրությունը) կազմումից հետո ԱԺ-ի նախկինում թեկնածու հանդիսացած անձինք այլևս հանդիսանում են գրանցված պատգամավորներ»։
Մելոյանը ճիշտ է՝ հուլիսի 21-ին ԿԸՀ-ն գրանցեց ընտրված պատգամավորներին և նրանց մանդատներ տրամադրեց, սակայն սա չի նշանակում, որ նրանք նույն պահին արդեն ստացել են պատգամավորի սահմանադրական լիազորությունները։
ՀՀ սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Հերթական ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»:
Հուլիսի 21-ի հերթական նիստում ԿԸՀ-ն գրանցեց ընտրված պատգամավորներին և հայտարարեց, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի 2026 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին։ Քանի որ Սահմանադրությամբ ԱԺ լիազորությունները սկսվում են նրա առաջին նիստի գումարման պահից, մինչև այդ պահը նորընտիր պատգամավորները դեռ չեն համարվում իրենց լիազորությունները ստանձնած։
Կարո՞ղ էր ԿԸՀ-ն համաձայնություն տալ քրեական հետապնդմանը
Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ պատգամավորի թեկնածուի, ինչպես նաև մինչև նրա լիազորություններն ստանձնելը՝ ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Բացառություն է միայն այն դեպքը, երբ անձը բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։
Քանի որ Նարեկ Կարապետյանը պատգամավորի լիազորությունները պետք է ստանձներ միայն օգոստոսի 2-ին, ապա հուլիսի 21-ի դրությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալը շարունակում էր մնալ ԿԸՀ իրավասության շրջանակում։
Ինչո՞ւ էր ԿԸՀ-ն հուլիսի 8-ին վերադարձրել միջնորդությունը
Մելոյանը նաև պնդել էր, որ ԿԸՀ-ն նախկինում վերադարձրել էր նույն միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ հուլիսի 4-ից հետո այլևս իրավասու չէ այն քննել։ Իրապես, ԿԸՀ-ն հուլիսի 8-ի որոշումով վերադարձրել էր Նարեկ Կարապետյանի դեմ ներկայացված միջնորդությունը։ Մելոյանի խոսքի մի մասը համապատասխանում է իրականությանը, սակայն նա բաց է թողնում կարևոր իրավական մի հանգամանք։
Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակից բխող իրավունքներն ու երաշխիքները գործում են մինչև Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ որոշման վիճարկման ժամկետի ավարտը, իսկ եթե այդ որոշումը բողոքարկվել է Սահմանադրական դատարանում՝ մինչև ՍԴ վերջնական որոշման ընդունումը։
2026 թվականի հունիսի 14-ին ԿԸՀ-ն ընդունեց ընտրությունների արդյունքներն ամփոփող թիվ 259-Ա որոշումը, որը հետագայում վիճարկվեց Սահմանադրական դատարանում։
2026 թվականի հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1835 որոշմամբ ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը։
Այսպիսով, Նարեկ Կարապետյանի պատգամավորի թեկնածուի կարգավիճակը դադարեց հենց հուլիսի 4-ին։
Այդ պատճառով ԿԸՀ-ն հուլիսի 8-ին չէր կարող արդեն որպես պատգամավորի թեկնածուի նկատմամբ համաձայնություն տալ քրեական հետապնդմանը կամ ազատությունից զրկելուն և վերադարձրել էր դատախազության միջնորդությունը։
Ինչո՞ւ ԿԸՀ-ն հետո կրկին սկսեց քննել հարցը
Իրավիճակը փոխվեց հուլիսի 21-ին։ Այդ օրը ԿԸՀ-ն ընդունեց պատգամավորներին գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը, որի արդյունքում Նարեկ Կարապետյանը ձեռք բերեց գրանցված, սակայն դեռևս լիազորությունները չստանձնած ընտրված պատգամավորի կարգավիճակ։
Հենց այդ կարգավիճակի հիման վրա հաջորդ օրը (միջնորդությունները ԿԸՀ-ն քննել է երկու օր՝ հուլիսի 21-ին և 22-ին-խմբ․) ԿԸՀ-ն իր թիվ 282-Ա որոշմամբ համաձայնություն տվեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։
Միևնույն ժամանակ ԿԸՀ-ն վերադարձրեց դատախազության երկրորդ միջնորդությունը՝ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ։
Դրա հիմքում Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշումն էր, ըստ որի՝
«Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող ազատությունից զրկվել այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»։
Այսինքն՝ ԿԸՀ-ն տարբերակել է երկու իրավական հարց՝
- քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն, որը մինչև պատգամավորական լիազորությունների ստանձնումը շարունակում էր գտնվել ԿԸՀ իրավասության ներքո,
- ազատությունից զրկելու հարցը, որն արդեն պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո կարող էր լուծվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։
Ասյպիսով, Գոհար Մելոյանը համեմատում է Նարեկ Կարապետյանի երկու տարբեր իրավական կարգավիճակները՝ պատգամավորի թեկնածուի և գրանցված, բայց դեռևս լիազորությունները չստանձնած ընտրված պատգամավորի կարգավիճակները։
Հուլիսի 8-ին ԿԸՀ-ն չէր կարող որոշում կայացնել, քանի որ Կարապետյանը դեռևս պատգամավորի թեկնածու չէր։ Իսկ հուլիսի 21-ին՝ պատգամավորների գրանցումից հետո, նա արդեն ստացել էր այլ իրավական կարգավիճակ, որի դեպքում Ընտրական օրենսգիրքը ԿԸՀ-ին վերապահում էր քրեական հետապնդման համաձայնություն տալու իրավասություն՝ մինչև պատգամավորական լիազորությունների ստանձնումը։
Հետևաբար Մելոյանի ներկայացրած համեմատությունը անտեսում է այդ իրավական տարբերությունը և հանրության մոտ ստեղծում է հակասական տպավորություն, մինչդեռ խոսքը իրավական երկու տարբեր փուլերի մասին է։
Արեն Նահապետյան
Leave a Reply