Հետամտումը (stalking), անչափահասների նկատմամբ գրումինգը (grooming), տուժողի խնդրանքով սպանությունը (էվթանազիա), կրիպտոակտիվների շուկայում գհնային չարաշահումներ․ սրանք այն նոր արարաքներից մի քանիսն են, որոնք վերջին տարիներին ներմուծվել են ՀՀ քրեական օրենսգիրք ու քրեականացվել։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է նոր Քրեական օրենսգրքի ընդունումից հետո կատարված փոփոխությունները և ներկայացնում է, թե 2022 թվականից հետո ինչ նոր հանցակազմեր են ավելացվել և ինչ խնդիրներ են կոչված լուծելու դրանք։
2021 թվականի մայիսի 5-ին Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության նոր Քրեական օրենսգիրքը, որը 2022 թվականի հուլիսի 1-ից մտավ ուժի մեջ՝ փոխարինելով 2003 թվականից գործող նախկին օրենսգրքին։
Նոր օրենսգրքի ընդունման նպատակն էր արդիականացնել քրեական օրենսդրությունը, լրացնել նախկին կարգավորումների բացերը, բարձրացնել քրեական արդարադատության արդյունավետությունը, ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը և կատարել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները։
2022 թվականի հուլիսի 1․ ուժի մեջ է մտնում նոր Քրեական օրենսգիրքը
Նոր օրենսգրքով առաջին անգամ Հայաստանում.
- սահմանվեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը,
- ներդրվեցին նոր պատժատեսակներ՝ ազատության սահմանափակում, կարճաժամկետ ազատազրկում, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետությունից վտարելը,
- առանձին կարգավորվեցին անչափահասների և մինչև 21 տարեկան անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության առանձնահատկությունները։
2022 թվական․ նոր հանցակազմեր՝ մարդու դեմ ուղղված հանցագործություններում
Նոր օրենսգիրքն առաջին անգամ նախատեսեց պատասխանատվություն մի շարք արարքների համար։ Դրանց թվում են.
- տուժողի խնդրանքով սպանությունը (էվթանազիա) (161-րդ հոդված),
- հոգեկան ներգործությունը (194-րդ հոդված),
- ֆիզիկական ներգործությունը (195-րդ հոդված),
- հետամտելը (stalking) (196.1-րդ հոդված)։
Վերջինը վերաբերում է այն դեպքերին, երբ անձը պարբերաբար հետապնդում, հետևում կամ անհանգստացնում է մեկ այլ անձի՝ խաթարելով նրա բնականոն կյանքը։
2022 թվական․ քրեականացվեց նաև «գրումինգը»
Նոր օրենսգրքով առանձին հանցակազմ դարձավ նաև 16 տարին չլրացած անձին սեռական հարաբերության, սեքսուալ բնույթի այլ գործողությունների կամ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու առաջարկը, որը միջազգային պրակտիկայում հայտնի է որպես grooming (Քրեական օրենսգրքի 202-րդ հոդված)։
2022 թվականից․ նոր տնտեսական հանցագործություններ
Նոր Քրեական օրենսգիրքը համալրվեց նաև տնտեսության դեմ ուղղված նոր հանցակազմերով, այդ թվում՝
- կրիպտոակտիվների և արժեթղթերի շուկայում գնային չարաշահումը (269-րդ հոդված),
- կենսապահովման նվազագույն զամբյուղում ընդգրկված ապրանքների շուկայից կանխամտածված հանելը (271-րդ հոդված),
- ապօրինի գործունեություն իրականացնելու կամ այն քողարկելու նպատակով իրավաբանական անձ ստեղծելը կամ օգտագործելը (285-րդ հոդված),
- իրական շահառուների վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացնելը կամ տվյալները թաքցնելը (294-րդ հոդված),
- էլեկտրական ցանցերին, գազատարներին, ջրատարներին կամ կապի ցանցերին ապօրինի միանալը (262-րդ հոդված),
- ուրիշի գույքն ապօրինի օգտագործելը (263-րդ հոդված),
- անձի վերահսկողությունից դուրս եկած գույքին տիրանալը (266-րդ հոդված)։
2024 թվականի հոկտեմբերի 24․ առանձին ցանկ սահմանվեց կիբերհանցագործությունների համար
2024 թվականին օրենսգրքում առաջին անգամ առանձին հավելվածով համակարգվեցին այն հանցագործությունները, որոնք համարվում են կիբերհանցագործություններ։
Այդ ցանկում ներառվեցին.
- համակարգչային հափշտակությունը,
- համակարգչային համակարգ կամ ցանց ապօրինի ներթափանցելը,
- համակարգչային տվյալների փոփոխումը,
- համակարգչային սաբոտաժը,
- համակարգչային տվյալների ապօրինի որսալը,
- հատուկ հաքերային ծրագրերի ապօրինի շրջանառությունը,
- համակարգչային կեղծիքը,
- համակարգչային համակարգերի շահագործման կանոնների խախտումը։
Բացի այդ, կիբերհանցագործությունների ցանկում ընդգրկվեցին նաև տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հեղինակային իրավունքի խախտումները, մանկական պոռնոգրաֆիայի առանձին ձևերը և ՏՏ կիրառմամբ ատելության խոսքի տարածման որոշ դեպքեր։
2025 թվականի հուլիսի 3․ խստացվեց ավտոմեքենաների մասերի գողության պատասխանատվությունը
2025 թվականի հուլիսի 3-ին ընդունված ՀՕ-256-Ն օրենքով փոփոխվեց Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածը («Գողություն»)։
Փոփոխությամբ ավելի խիստ պատիժ սահմանվեց տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար, ինչը, ՆԳՆ-ի փոխանցմամբ, պայմանավորված էր վերջին տարիներին այդ հանցատեսակի զգալի տարածմամբ։
2025 թվականի հուլիսի 3․ վարորդական իրավունք չունենալով մեքենա վարելը կարող է դառնալ քրեական հանցագործություն
Նույն օրը՝ 2025 թվականի հուլիսի 3-ին, ընդունված ՀՕ-246-Ն օրենքով փոփոխվեց նաև Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածը։
Փոփոխության համաձայն՝
- եթե անձը արդեն ենթարկվել է վարչական պատասխանատվության վարորդական իրավունք չունենալով մեքենա վարելու համար և մեկ տարվա ընթացքում կրկին կատարում է նույն խախտումը, ապա այդ արարքն արդեն համարվում է քրեական հանցագործություն,
- միաժամանակ խստացվել է նաև ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։
Նոր պատասխանատվություն՝ ընտանեկան բռնության գործերով
Նոր օրենսգիրքը նաև պատասխանատվություն սահմանեց այն անձանց համար, ովքեր ընտանիքում բռնության գործերով խուսափում կամ հրաժարվում են կրել էլեկտրոնային հսկողության միջոցը։ Բացի այդ, քրեականացվեց նաև պաշտպանության միջոցի վերաբերյալ տվյալներ հրապարակելը։
Ի՞նչ է ցույց տալիս օրենսդրական փոփոխությունների ժամանակագրությունը
2021 թվականից հետո Հայաստանի քրեական օրենսդրությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել։
Եթե 2022 թվականին հիմնականում ներդրվեցին մարդու իրավունքների, տնտեսական գործունեության և անձնական անվտանգության ոլորտներին վերաբերող նոր հանցակազմեր, ապա 2024 թվականին օրենսդիրը առանձին կարգավորեց կիբերհանցագործությունները, իսկ 2025 թվականին խստացրեց ճանապարհային անվտանգության և ավտոմեքենաների մասերի գողությունների վերաբերյալ քրեական պատասխանատվությունը։
Եթե 2003 թվականին Քրեական օրենսգիրքը հիմնականում կենտրոնացած էր դասական հանցագործությունների վրա, ապա 2022 թվականից հետո քրեական քաղաքականությունն ուշադրություն է սկսել դարձնել թվային միջավայրի, անձնական անվտանգության, ընտանեկան բռնության, երեխաների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտներին։ Փաստացի, փորձ է արվում քրեական օրենսդրությունը հարմարեցնել նոր ժամանակների մարտահրավերներին։
Միաժամանակ, նոր հանցակազմերի ներմուծումն ինքնին դեռևս չի նշանակում դրանց արդյունավետ կիրառում։ Դրա գնահատման համար անհրաժեշտ է ուսումնասիրել, թե այս հոդվածներով քանի քրեական վարույթ է հարուցվել, քանիսն են հասել դատարան և ինչպիսի դատական պրակտիկա է ձևավորվել վերջին տարիներին։
«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ուսումնասիրությունը։
Արեն Նահապետյան
Գլխավոր լուսանկարը մասնակի գեներացված է ԱԲ-ի միջոցով
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:
Leave a Reply