ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ»։
Գրառման «հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա» ձևակերպումը ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծել, թե խոսքը դեպի այդ երկիր առաջին արտահանման մասին է։
Դա են վկայում ֆեյսբուքյան գրառման տակ քաղաքացիների մեկնաբանություները։
Նախարարի գրառումը լայնորեն տարածվել է նաև ինչպես մեդիա, այնպես էլ սոցիալական հարթակներում․ այն հրապարակել են տասնյակից ավելի կայքեր, ինչպես նաև ունեցել է ավելի քան 2000 հավանում ու 120-ից ավելի կիսում։ Դրանց բոլորի մեկնաբանություններում քաղաքացիները հարց են բարձրացրել՝ արդյոք առաջին անգամն է Հայաստանից ԱՄԷ ծաղիկ արտահանվում։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայաստանից ծաղիկների արտահանման պաշտոնական վիճակագրությունը և պարզել, որ ծաղիկների արտահանում դեպի ԱՄԷ գրանցվել է նաև նախորդ տարիներին։
Արտահանման ամենաթարմ ցուցանիշը․ 2026-ի հունվար-մարտ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արտաքին առևտրի վիճակագրության համաձայն՝ Հայաստանից ԱՄԷ կտրված ծաղիկներ և ծաղկակոկոններ ապրանքախմբի արտահանումը հաշվառվում է երկու չափման միավորով՝ կիլոգրամ/տոննայով և հատով։
Հասանելի ամենաթարմ վիճակագրական տվյալներով 2026 թ․-ի հունվար-մարտ ամիսներին արտահանվել է 903 կգ՝ 12․5 հզր ԱՄՆ դոլար և 110․600 հատ՝ 71․2 հզր ԱՄՆ դոլար արժողությամբ ծաղիկ։
Արտապատկերումը՝ ՊԵԿ տվյալներից
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին տարիներին Հայաստանից կտրված ծաղիկների և ծաղկակոկոնների արտահանման ծավալները զգալիորեն տատանվել են։
2025թ․-ին դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվել է 210 կգ կտրված ծաղիկ և ծաղկակոկոն՝ 3.1 հազար ԱՄՆ դոլար արժեքով, ինչպես նաև 279․300 հատ՝ 190.2 հազար ԱՄՆ դոլար արժեքով։
Արտապատկերումը՝ ՊԵԿ տվյալներից
2024 թվականին նույն ապրանքախմբով դեպի ԱՄԷ արտահանվել էր 3․700 հատ՝ 3 հազար ԱՄՆ դոլար արժեքով։
2024 թվականի համեմատ՝ 2023-ին դեպի ԱՄԷ արտահանված ծաղիկների քանակը շուրջ 18 անգամ պակաս էր․ ընդամենը 210 հատ՝ 0.1 հազար ԱՄՆ դոլար արժեքով։
Արտապատկերումը՝ ՊԵԿ տվյալներից
2022 թվականին Հայաստանից արտահանվել է 6․415 հատ կտրված ծաղիկ և ծաղկակոկոն՝ 2.2 հզր ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։
Արտապատկերումը՝ ՊԵԿ տվյալներից
2021 թվականին Հայաստանից ԱՄԷ ծաղիկների արտահանում չի գրանցվել։ Այս ապրանքախմբի արտահանում չի եղել նաև նախորդող 2018-2020 թվականերին։
Արտապատկերումը՝ ՊԵԿ տվյալներից
Այսպիսով, ՊԵԿ-ի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ հայկական կտրված ծաղիկներն ու ծաղկակոկոնները դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվել են դեռևս 2022 թվականին։ Հետևաբար, եթե ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ «հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա» ձևակերպումը ներկայացված է որպես առաջին արտահանման մասին հայտարարության համատեքստում, ապա այն չի համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը։
Միաժամանակ, տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականին դեպի ԱՄԷ արտահանման ծավալը նախորդ տարիների համեմատ զգալիորեն աճել է, ինչը վկայում է այդ շուկայում հայկական ծաղիկների արտահանման ընդլայնման մասին։
Հ․Գ․ ՀՀ-ից ծաղիկների արտահանման թեմային FIP.am-ը անդրադարձել էր նաև 2025 թվականին՝ հրապարակելով Հայաստանից տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄԷ, արտահանման միտումների վերլուծությունը՝ ըստ երկրների և տարիների։
Գայանե Մարկոսյան









Leave a Reply