Category: FIP.am

  • ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները

    Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործողություններին։ 

    «Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ ժամանակ ՀԱՊԿ-ը նախագահող երկիրն էր Հայաստանը։ Այսինքն՝ Հայաստանը, որ դիմել էր ՀԱՊԿ-ին, դիմել էր նախագահող Նիկոլ Փաշինյանին, ինքն էր նախագահում այդ ժամանակ ՀԱՊԿ-ը», — ասել է Ղազարյանը՝ զուգահեռներ տանելով նույն տարվա հունվարին Ղազախստանում ծավալված իրադարձությունների ընթացքում ՀԱՊԿ-ի կողմից օգնության տրամադրմանը՝ Փաշինյանի նախագահությամբ։ 

    Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ստորաբաժանումները լայնածավալ ռազմական հարձակմամբ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք․ Երևանը պաշտոնապես ռազմական օգնություն խնդրեց ՀԱՊԿ-ից կանոնադրության 4-րդ հոդվածով։

    «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել է Ղազարյանի այս ու թեմայի վերաբերյալ մի շարք այլ պնդումներին՝ ստուգելով դրանց համապատասխանությունը իրականությանը։ 

    Ո՞ւմ է դիմել Հայաստանը և ի՞նչ է որոշել ՀԱՊԿ-ը

    Այսպես, կառույցի կանոնակարգի 13-րդ հոդվածում նշվում է, որ կառույցի բարձրագույն մարմինը Խորհուրդն է, որը բաղկացած է անդամ պետությունների ղեկավարներից․ այն քննարկում է Կազմակերպության գործունեության սկզբունքային հարցերը և ընդունում է դրա նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված որոշումներ, ինչպես նաև ապահովում է անդամ պետությունների համատեղ գործունեությունը կառույցի շրջանակում։

    Խորհրդի նախագահն այն պետության ղեկավարն է, որի տարածքում անցկացվում է Խորհրդի հերթական նստաշրջանը: Նրա լիազորությունները պահպանվում են մինչև հաջորդ նստաշրջանը:

    Համաձայն այս հոդվածում նկարագրված ընթացակարգի՝ Կառույցը նախագահողը անդամ երկրներից դիմում ստանալիս ունի ընթացակարգային ու կազմակերպչական լիազորություններ։  

    Կանոնակարգով որևէ տեղ սահմանված չէ, որ նախագահող երկիրը բացի ընթացակարգային գործառույթներից, որոշում է Խորհրդի առաջնահերթությունները կամ առավել ևս վճռորոշ ձայն ունի որոշումների կայացման գործընթացում։ 

    Ընդհակառակը, դրա 12-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ոչ ընթացակարգային հարցերի վերաբերյալ Կառույցի բոլոր որոշումները, այդ թվում՝ ռազմական փոխօգնության վերաբերյալ, ընդունվում են կոնսենսուսով:

    «Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր անդամ պետություն ունի մեկ ձայն: Քվեարկության ընթացակարգը, այդ թվում՝ ընթացակարգային հարցերի վերաբերյալ, կարգավորվում է Խորհրդի կողմից հաստատված Կազմակերպության մարմինների կանոնակարգով»:

    Սրան զուգահեռ, Հայաստանը ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածով դիմել է Կառույցի անդամ երկրներին․ «Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման) դեպքում, մյուս բոլոր մասնակից պետությունները, այդ մասնակից պետության խնդրանքով, անհապաղ կտրամադրեն նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական, ինչպես նաև կտրամադրեն աջակցություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան կոլեկտիվ պաշտպանության իրավունքի իրականացման գործում»։

    Այսպիսով, էդգար Ղազարյանի պնդումը մոլորեցնող է, քանի որ Հայաստանը դիմել է կառույցի անդամ երկրներին, որոնք չեն կայացրել անհապաղ ռազմական աջակցության որոշում, ինչպես նկարագրված է 4-րդ հոդվածում։ 

    Միևնույն ժամանակ ՀԱՊԿ փաստաթղթերը որոշակի ընթացակարգային գործառույթներ են վերապահում նախագահող երկրին, իսկ որոշումներն ընդունվում են բացառապես անդամ բոլոր երկրների փոխհամաձայնությամբ․ նախագահող երկրի ձայնը որևէ փաստաթղթով գերակայություն չունի մյուս անդամների նկատմամբ։ 

    ՀՀ-ն երկու անգամ է դիմել ՀԱՊԿ-ին և ոչ թե մեկ անգամ

    Էդգար Ղազարյանը նաև պնդում է, թե Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցելուց ի վեր ընդամենը մեկ անգամ է դիմել Կառույցին․ մինչդեռ Երևանը դիմել է երկու անգամ, երկուսն էլ՝ ադրբեջանական ներխուժումներով պայմանավորված։ 

    Առաջին անգամ Հայաստանը Կառույցին դիմել է 2021 թվականի մայիսին․ այդ թվականի մայիսի 12-ի կեսօրին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է Սյունիքի մարզ:

    Մայիսի 13-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այդ պահին շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ ոչ միայն Սյունիքում, այլև Գեղարքունիքում: 

    Մայիսի 14-ին արդեն Փաշինյանը Կառույցի կանոնադրության 2-րդ հոդվածով պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին՝ «առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար»:  

    2-րդ անգամ, ինչպես նշեցինք վերևում, Երևանը դիմել է 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում կանոնադրության արդեն 4-րդ հոդվածով։  

    Այսպիսով, Էդգար Ղազարյանը սխալ է, երբ պնդում է, թե ՀԱՊԿ-ի պատմության ամբողջ ընթացքում Հայաստանն այդ Կառույցին դիմել է մեկ անգամ։ 

    Փաշինյանը հանդիպել է Զասին

    Ղազարյանը նաև պնդել է, թե 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ի այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի Հայաստան այցի ընթացքում ՀՀ վարչապետը նրան չի ընդունել: 

    Մինչդեռ, դա ևս սխալ պնդում է․ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 29-ին Փաշինյանը հանդիպել է Զասին։ 

    Արտապատկերումը՝ ՀՀ վարչապետի կայքից 

    Այսպիսով, օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում Էդգար Ղազարյանը արել է մի շարք պնդումներ, որոնք մանիպուլյատիվ են ու չեն համապատասխանում իրական փաստերին․ Հայաստանն ագրեսիայի ընթացքում դիմել է կառույցի անդամ երկրներին կանոնադրության 4-րդ հոդվածով սահմանված կարգով, մինչդեռ Կառույցի նախագահող լինելը ՀԱՊԿ փաստաթղթերով կրում է գործառույթային և ոչ որոշիչ բնույթ։ 

    Միևնույն ժամանակ Ղազարյանը թույլ է տալիս մի շարք փաստական սխալներ՝ մասնավորապես Հայաստանը ադրբեջանական հարձակումներով պայմանավորված երկու անգամ դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՀՀ վարչապետն ընդունել է սեպտեմբերյան ագրեսիայի հետո ՀՀ այցելած Զասին։ 

    Նանե  Մանասյան 

    Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

  • Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը

    Օգոստոսի 6-ին կառավարությունն իր որոշումներից մեկով մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Յունիվերսալ Քլոզրս» փակ բաժնետիրական ընկերությանը։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս ընկերության պետական աջակցության պատմությունն ու դրա շահառուների կապերը և պարզել՝

    • 2018-ից ընկերությունը չորս անգամ մաքսային արտոնություն է ստացել,
    • 2023-ին պետությունը դարձել է ընկերության շուրջ 49% բաժնետերը և ավելի քան երկու տարի պահպանել այդ մասնակցությունը,
    • 2018-ից ընկերության ծրագրերում շրջանառվող 40 աշխատատեղի թիրախը մինչ օրս չի արձանագրվել,
    • ընկերության իրական շահառուներից մեկի ընտանիքը կապ ունի Սուքիասյանների կողմից վերահսկվող Հայէկոնոմբանկի հետ, որի բաժնետերերից է ԱԺ 8-րդ գումարման «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

    Այսպես, կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ արտոնությունը գնահատվել էր 133․3 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 2․6 մլրդ դրամի ներդրում՝ անհրաժեշտ հումքի ձեռքբերման համար։  

    Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է ընդլայնել ընկերության  աշխատատեղերը։ Եթե ներկայումս ընկերությունում առկա է 30 աշխատատեղ՝ 500 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, ապա մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 40-ի։

    40 աշխատատեղի չիրականացած թիրախը՝ 2018-ից մինչև 2027 թվական․ ի՞նչ են ցույց տալիս նախկին որոշումները

    Ընկերությունը հիմնադրվել է 2017թ․-ին Կոտայքի մարզում և իրականացնում է ալյումինե կափարիչների արտադրություն։

    «Յունիվերսալ Քլոզրսը» կառավարությունից մաքսային արտոնություններ է ստանում դեռևս 2018 թվականից։

    2018 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ ընկերությանը (այն ժամանակ՝ ՍՊԸ) տրամադրվել էր մաքսատուրքի արտոնություն՝ Իտալիայից ներմուծվող 373.6 մլն դրամի արտադրական սարքավորումների համար (ընդհանուր 2.78 մլրդ դրամի ներդրում)։ Այն ժամանակ ընկերությունը խոստանում էր ստեղծել 27 աշխատատեղ՝ նշելով, որ հետագայում աշխատատեղերի թիվը հնարավոր է հասցնել 40-ի։

    2022 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ ընկերությանը տրամադրվել էր 282 մլն դրամի մաքսային արտոնություն՝ 2․8 մլրդ դրամի հումքի ձեռքբերման համար։ Հիմնավորման մեջ նշված է, որ նախատեսվում է ստեղծել 6 նոր աշխատատեղ։  

    ՊԵԿ պաշտոնական տեղեկանքի համաձայն՝ 2022թ․ սեպտեմբերի դրությամբ ընկերությունն արդեն ուներ 29 վարձու աշխատող։ Այսինքն՝ 6 նոր աշխատատեղի ստեղծումով աշխատակիցների թիվը պետք է դառնար 35:

    2025 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ ընկերությանը տրվել էր 18 մլն դրամի արտոնություն (269․6 մլն դրամի ապրանքների ներկրման համար)։ Այդ պահին ընկերությունը արձանագրել էր, որ ունի 33 աշխատատեղ  և  խոստացել մինչև 2026 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 40-ի։

    Այսպիսով, փաստաթղթերի համադրությունը ցույց է տալիս, որ

    • 2025-ին 33 աշխատատեղ ունեցած և մինչև 2026 թվականը մինչև 40 աշխատատեղ նախատեսած ընկերությունը մեկ տարի անց արձանագրել է ոչ թե աճ, այլ նվազում՝ 30 աշխատատեղ։ Նոր ծրագրով 40 աշխատատեղի նշաձողն այս անգամ տեղափոխվել է մինչև 2027 թվական։ 

    3.9 մլն եվրոյի ներդրում և 49% բաժնեմաս. պետության մուտքն ու ելքը «Յունիվերսալ Քլոզրս»-ից 

    2023թ․-ին պետությունը նաև բաժնետիրական ներդրում է կատարել «Յունիվերսալ Քլոզրս»-ում։ Դեռևս մայիսին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) հայտարարել էր, որ իր դուստր կառույցի կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն» ներդրումային ֆոնդը 3.9 մլն եվրո է ներդնելու ընկերությունում՝ արտադրական կարողությունների ընդլայնման նպատակով։ Փաստացի ներդրումը կազմել էր մոտ 1 մլրդ 677 մլն դրամ։

    Ընդհանուր առմամբ, 2021-2023 թվականներին «Ձեռնարկատեր+Պետություն» ֆոնդը բաժնեմասային ներդրումներ է կատարել 10 փակ բաժնետիրական ընկերություններում, այդ թվում՝ «Յունիվերսալ Քլոզրս»-ում։

    Ներդրման արդյունքում ֆոնդը ձեռք է բերել «Յունիվերսալ Քլոզրս»-ի բաժնետոմսերի 49.01%-ը։ Պետության մասնակցությունն արձանագրվել է նաև ընկերության՝ 2023 թ. հունիսի 14-ի իրական շահառուների հայտարարագրում։ 

    Արտապատկերումը՝ պետռեգիստրի կայքից

    ԱՆԻՖ-ի լուծարման գործընթացից հետո «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները 2024թ. սեպտեմբերին փոխանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Դրանից հետո սկսվել է ֆոնդի ներդրումներից դուրս գալու գործընթացը։ 

    2025թ. օգոստոսի 28-ին կառավարությունը N 1240-Լ որոշմամբ սահմանել է ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառքի մեխանիզմը։  

    Կառավարության սահմանած մեխանիզմով՝ «Յունիվերսալ Քլոզրս»-ում ֆոնդին պատկանող շուրջ 49% բաժնեմասը մյուս բաժնետերերին առաջարկվել է սկզբնական ներդրմանը տարեկան 10.272% պարզ տոկոս հավելած գնով։   

    Ընկերության կողմից այդ առաջարկն ընդունվել է։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2025թ. նոյեմբերի 14-ին ֆոնդի և «Յունիվերսալ Քլոզրս»-ի  բաժնետերերից մեկի միջև կնքվել է պետական ֆոնդին պատկանող բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր։ Գնորդը մինչև պայմանագրի կնքումն ամբողջությամբ վճարել է 2 մլրդ 118 մլն դրամ։ 

    Այսպիսով, պետությունը շուրջ երկուսուկես տարի մնացել է «Յունիվերսալ Քլոզրս»-ի բաժնետեր․ 1.677 մլրդ դրամ ներդրման դիմաց ձեռք բերելով ընկերության շուրջ 49%-ը՝ 2025-ի նոյեմբերին այն վաճառել է 2.119 մլրդ դրամով՝ ներդրված գումարից շուրջ 442 մլն դրամով ավելի, և դուրս եկել ընկերության բաժնետերերի ցանկից։ Վաճառքի գինը հաշվարկվել է կառավարության սահմանած՝ տարեկան 10.272% պարզ տոկոսադրույքի մեխանիզմով։ 

    Ո՞վ է գնել պետության 49% բաժնեմասը

    Թե ով է եղել 2025թ. նոյեմբերի 14-ին ֆոնդի և «Յունիվերսալ Քլոզրս»-ի բաժնետերերից մեկի միջև կնքված՝ ֆոնդին պատկանող բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի մյուս կողմը, հրապարակված պետական փաստաթղթերում չի նշվում։ Ընկերության տարբեր տարիների իրական շահառուների հայտարարագրերի համադրությունը, սակայն, հնարավորություն է տալիս պարզել գնորդին։

    Ընկերության՝ 2023թ. մարտի հայտարարագրի համաձայն՝ «Յունիվերսալ Քլոզրս»-ի իրական շահառուներից Ղազախստանի քաղաքացի Էռնեստ Ռուդիկն ուներ 85% մասնակցություն։ Երկրորդ իրական շահառուն ՀՀ քաղաքացի Հովսեփ Արաբյանն էր։

    Արտապատկերումը՝ պետռեգիստրից
    Արտապատկերումը՝ պետռեգիստրից

    Ամիսներ անց՝ պետական ներդրումից հետո, սեփականության կառուցվածքը փոխվել է։ 2023թ. հունիսի հայտարարագրում պետության մասնակցությունը կազմում էր 49.01%, իսկ Է․ Ռուդիկինը նվազել էր մինչև 43.3%։ Իրական շահառուների թվում պահպանվել է Հովսեփ Արաբյանի անունը։

    Արտապատկերումը՝ պետռեգիստրից

    2025-ի նոյեմբերի հայտարարագրում Հովսեփ Արաբյանի անունն արդեն փոխարինված է Ռուբեն Սուվարյան անվամբ։ Պետության ու Էռնեստ Ռուդիկի մասնաբաժինները նույնն են՝ համապատասխանաբար 49 և 43 տոկոս։

    Արտապատկերումը՝ պետռեգիստրից

    Պետական մասնաբաժնի վաճառքից ամիսներ անց՝ 2026թ. փետրվարի հայտարարագրում Էռնեստ Ռուդիկի բաժնեմասը դարձել է 92.3%, որը ճիշտ հավասար է նրա նախկին 43.3% և պետության նախկին 49.01% բաժնեմասերի հանրագումարին։ Այսպիսով, հայտարարագրերում արձանագրված փոփոխությունը ցույց է տալիս, որ պետության վաճառած 49.01% բաժնեմասն անցել է Էռնեստ Ռուդիկին։

    Արտապատկերումը՝ պետռեգիստրից

    Միաժամանակ Հայկ Սուվարյանը ևս շարունակում է նշված լինել ընկերության իրական շահառուների ցանկում։

    Հայկ Սուվարյանի ընտանիքի կապերը

    «Յունիվերսալ Քլոզրս»-ի իրական շահառուներից Հայկ Սուվարյանը նախկինում զբաղեցրել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի ներքին աուդիտի տնօրենի պաշտոնը։

    Նրա հայրը՝ Հրանտ Սուվարյանը, ներկայումս Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահի տեղակալն է։ Մինչ այդ՝ 2002-2020 թվականներին, նա ղեկավարել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչությունը։

    Հայէկոնոմբանկի նշանակալի բաժնետերերը Սուքիասյանների ընտանիքի անդամներն են։ Բանկի 2026թ.-ին հրապարակված կորպորատիվ կառավարման հայտարարագրի համաձայն՝ Սարիբեկ, Խաչատուր և Էդուարդ Սուքիասյաններին միասին պատկանում է բանկի 51.45%-ը։

    Բանկի խորհրդի նախագահը Սարիբեկ Սուքիասյանն է, իսկ բաժնետերերից Խաչատուր Սուքիասյանը ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման  (2021-2026թթ․) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր։  

    Այսպիսով, 2018-2026 թվականներին «Յունիվերսալ Քլոզրսը» 4 անգամ օգտվել է կառավարության տրամադրած մաքսային արտոնություններից, իսկ 2023-ին պետությունը նաև շուրջ 49% մասնակցություն է ձեռք բերել ընկերությունում։  Ընկերության շահառուներից  Հայկ Սուվարյանի դեպքում փաստաթղթերը ցույց են տալիս բանկային կապերի շղթա․ նրա հայրը՝ Հրանտ Սուվարյանը, Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահի տեղակալն է, իսկ բանկի վերահսկող բաժնետերերը Սուքիասյանների ընտանիքի անդամներն են, այդ թվում՝ ԱԺ 8-րդ գումարման «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ 

    Գայանե Մարկոսյան 

    Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

  • Ո՞վ է իրականում բացահայտում հանցագործությունը

    Հանցագործության բացահայտման և քննության ընթացքում ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը տարբեր դերեր ունեն։ Ո՞վ է հայտնաբերում կասկածյալին, ո՞վ՝ հավաքում ապացույցները, և ո՞վ է վերջնական որոշում կայացնում։

  • Հայ Առաքելական եկեղեցին եկամտային հարկ վճարում է․ պատգամավորի հայտարարության հետքերով

    Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանն այսօր իր ելույթում խոսել է Հայ Առաքելական եկեղեցու և եկեղեցականների միջև աշխատանքային իրավահարաբերությունների ու այդ համատեքստում հարկման դաշտից դուրս լինելու մասին։ Նա մասնավորապես, հայտարարել է․ «Հիմա մեր ընդդիմադիր գործընկերները շատ էնտուզիազմով պաշտպանում են եկեղեցու ներսում աշխատանքային պայմանագիր չունենալու իրավունքը։ Ինչո՞ւ, ի՞նչ կլիներ, եթե լիներ։ Հարկեր պիտի տային։ Պետք է հարկվեր, չհարկվելու իրավունքն են պաշտպանում։ Էդ է խնդիրը ժողովուրդ ջան, պետք չի շատ էս կողմ, էն կողմ ընկնել։ Եկեղեցու հարկային կագավորումների հարցն են պաշտպանում սեղաններին դմբդմբացնելով, երբ որ անհարմար հարցերից ենք խոսում»։

    «Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ ինչ իրավահարաբերությունների մասին է խոսքը, և արդյոք այս դեպքում ՀԱԵ-ն հարկ չի վճարում պետությանը։ 

    Եկեղեցին ու օրենքը 

    Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու և եկեղեցական սպասավորների իրավահարաբերությունները աշխատանքային օրենսգրքով միանշանակ կարգավորվող հարաբերություններ չեն։ Բանն այն է, որ քահանայի ձեռնադրությունը, հոգևոր աստիճանը, նշանակումը, տեղափոխումը կամ կարգալույծ անելը սովորական աշխատանքի ընդունում և ազատում չեն։ 

    «ՀՀ և Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» 2007 թվականին ընդունված և գործող օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները: Այս օրենքով պետությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու ինքնակառավարումը սեփական նվիրապետության սահմաններում։ 

    Այսպիսով, ձեռնադրությունը, հոգևոր աստիճանի շնորհումը, ծառայության վայրի նշանակումը, տեղափոխումը և կարգալույծ հռչակելը Եկեղեցու կանոնական ինքնակառավարման հարցեր են։ Գործող օրենսդրությունը հատուկ կարգավորում չի նախատեսում, որով հոգևոր ծառայությունն ինքնին համարվում է աշխատանքային հարաբերություն։ 

    Միաժամանակ, ՀԱԵ-ն ունի որոշակի, օրենքով ուղղակի սահմանված արտոնություններ։ Օրինակ՝ կրոնական ծիսակատարությունները և կրոնական պարագաների, այդ թվում՝ եկեղեցու կողմից դրանց օտարումը, ազատված են ԱԱՀ-ից, ոչ առևտրային կազմակերպության անհատույց ստացած ակտիվները, ներառյալ նվիրատվությունները, շահութահարկի նպատակով եկամուտ չեն համարվում, որոշ պաշտամունքային, պատմամշակութային և Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող հատուկ նշանակության անշարժ գույքը ազատված է անշարժ գույքի հարկից։ Ինչպես նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով ևս կամավոր նվիրատվությունները և քաղաքացիներից ստացվող համապատասխան հասույթները հարկման ենթակա չեն։ 

    Ինչ վերաբերում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքին, ապա այն կիրառվում է, եթե առկա են աշխատանքային հարաբերության հատկանիշները, օրինակ՝ անձը որոշակի վարձատրության դիմաց աշխատանք է կատարում, ենթարկվում է գործատուի ներքին աշխատանքային կարգապահությանը, իսկ գործատուն ապահովում է աշխատանքի պայմանները։ Օրենսգիրքը պարտադիր է բոլոր գործատուների համար՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։

    Ղազարյանը պնդում է, որ աշխատանքային պայմանագրերի բացակայության հետևանքով հարկեր չեն վճարվում։ Սակայն նա չի ներկայացնում տվյալներ, թե խոսքը կոնկրետ ում եկամտի, ինչ վճարման և որքան չվճարված հարկի մասին է։ 

    Միաժամանակ, հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Մայր Աթոռը և ՊԵԿ-ի ցանկում ներառված ՀԱԵ-ն եկամտային հարկ վճարում են։ 

    Այսպես, Մայր Աթոռի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ՀԱԵ-ն վճարել է 156.7 մլն դրամ հարկ և պարտադիր վճար, այդ թվում՝ 120.3 մլն դրամ աշխատավարձային եկամտային հարկ։ «Այս եռամսյակում աշխատավարձի գծով եկամտային հարկը կազմել է 120.334.945 դրամ, պասիվ եկամուտների գծով՝ 3.053.716 դրամ»,- 2024-ի իր հարցազրույցում ասել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վերստուգիչ հանձնախմբի ատենապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը։ Ավելի թարմ տվյալ Մայր Աթոռից ստանալ չհաջողվեց, քանի որ պատասխանատուն չէր պատասխանում հեռախոսազանգերին։

    ՀԱԵ-ի կողմից հարկ վճարելու մասին է վկայում, մասնավորապես, 1000 խոշոր հարկ վճարողների 2026 թվականի առաջին եռամսյակի ցանկը, որի համաձայն՝ եկամտային հարկը կազմել է 138 մլն դրամ։

    Արտապատկերումը՝ 2026-ի առաջին եռամսյակի ցանկից

    Իսկ արդեն հունվար-հունիս ամիսների տվյալներով եկամտային հարկի վճարը կազմել է 287 մլն դրամ։


    Արտապատկերումը՝ 2026-ի երկրորդ եռամսյակի ցանկից

    ՊԵԿ-ի հրապարակած ցանկից, սակայն, հնարավոր չէ պարզել՝ այդ եկամտային հարկը ում եկամուտների գծով է վճարվել, և հարկվող անձանց թվում հոգևորականներ կա՞ն, թե՞ ոչ։ Հետևաբար տվյալը հաստատում է, որ ՀԱԵ-ն եկամտային հարկ վճարում է։ 

    Այսպիսով, պատգամավոր Թագուհի Ղազարյանի այն ընդհանրացումը, թե աշխատանքային պայմանագրի բացակայությունը նշանակում է հարկ չվճարել, հիմնավորված չէ։ Աշխատանքային պայմանագրի բացակայությունից ինքնըստինքյան չի հետևում, որ որևէ հարկ չի վճարվում կամ՝ եկամուտը հարկումից դուրս է։ 

    Միաժամանակ, ՊԵԿ-ի տվյալները հաստատում են, որ ՀԱԵ-ն եկամտային հարկ է վճարում, սակայն չեն բացահայտում՝ այդ հարկը հոգևորականների՞, թե՞ այլ աշխատողների եկամուտների գծով է վճարվել։ Իսկ պատգամավորն էլ իր հերթին չի ներկայացրել տվյալներ՝ կոնկրետ չհարկված վճարումների կամ չվճարված հարկերի վերաբերյալ։

    Հասմիկ Համբարձումյան

     

  • Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է․ Փաշինյանը նոր Սահմանադրության մասին խոսել է մինչև Ալիևի 2021թ. հայտարարությունը

    Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ իշխող քաղաքական ուժի հայտարարություններին և ասել․

    «Ես ուզում եմ մի օրինակով ցույց տալ, որ նոր Սահմանադրություն ունենալը Հայաստանում բացառապես ալիևյան պահանջ է, և դա Ալիևի սահմանադրությունն է։ Այստեղից ՔՊ-ի անդամներն ասում են, որ դա միշտ մեր օրակարգն է եղել։ Սուտ է։ Իրենք երբեք չեն խոսել նոր Սահմանադրության մասին, մշտապես խոսել են Սահմանադրության բարեփոխումների մասին»։

    Ի հիմնավորումն իր պնդման՝ պատգամավորը դահլիճում ցուցադրել է երկու լուսանկար՝ հետևյալ գրառումներով․

    • Իլհամ Ալիև, 2021թ․ — «Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր Սահմանադրություն»
    • Նիկոլ Փաշինյան, 2024թ․ — «ՀՀ-ն կարիք ունի նոր Սահմանադրության»։

    Ապա պատգամավորը հավելել է․ «Դուք չեք կարող ինձ ցույց տալ, օրինակ, երբ ՔՊ-ն խոսել է ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին՝ Ալիևի պահանջից առաջ»։

    Պատգամավորին տեղում հակադարձել էր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման  անհրաժեշտության մասին խոսել է դեռևս 2020 թվականի փետրվարին և հուլիսին։

    «Փաստերի ստուգման հարթակը» գնացել է «Հայաստան» խմբակցության պատգամավորի պնդման հետքերով և պարզել, որ այն սխալ է, չի համապատասխանում իրականությանը։ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին հրապարակայնորեն խոսել է դեռևս 2020 թվականին՝ Իլհամ Ալիևի՝ Վարդանյանի վկայակոչած 2021 թվականի հայտարարությունից առաջ։

    2020 թվականի փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը չէր բացառել, որ հետագայում օրակարգում կարող է հայտնվել նոր Սահմանադրության ընդունման հարցը՝ հայտնելով նաև, որ քաղաքական թիմում դրա շուրջ քննարկումներ են սկսվել։  

    «․․․Մեր մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այնպիսի եզրակացության, որ այս հանրաքվեից հետո հնարավոր է՝ օրակարգը լինի ոչ թե Սահմանադրության փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը։ Ընդ որում, դե ֆակտո դրանք լինեն սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինի նոր Սահմանադրություն»,- նշել էր վարչապետը։ 

    Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ հստակ դիրքորոշում է հայտնել 2020 թվականի հունիսի 15-ին։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում նա հայտարարել է, որ հարկավոր է ոչ միայն սահմանադրական փոփոխություններ իրականացնել, այլև «դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»։ 

    «․․․Հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: ․․․Հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու»,-  ասել էր վարչապետը։

    Նույն թվականի հուլիսի 5-ին վարչապետը վերահաստատել է այդ դիրքորոշումը՝ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած շնորհավորական ուղերձում նշելով․  

    «Ու չնայած, իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանը անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումը ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում․․․»։


    Արտապատկերումը՝ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

    Այսպիսով, Քրիստինե Վարդանյանի պնդումը, թե մինչև Ալիևի 2021 թվականի հայտարարությունը ՔՊ-ն երբևէ չի խոսել նոր Սահմանադրության մասին, սխալ է։

    Միաժամանակ, Ռուբեն Ռուբինյանի հակադարձման այն մասը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին խոսել է նաև 2020 թվականի փետրվարին, ճշգրտման կարիք ունի։ Փետրվարին Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը ներկայացրել էր որպես քաղաքական թիմում քննարկվող հնարավոր սցենար, իսկ հունիսին և հուլիսին՝ արդեն որպես անհրաժեշտություն։

     Գայանե Մարկոսյան

  • Արցախցիները՝ բռնի տեղահանումից երեք տարի անց

    Բռնի տեղահանումից գրեթե երեք տարի անց արցախցիների շուրջ 40 տոկոսը ստացել է ՀՀ քաղաքացիություն, իսկ մոտ 15 տոկոսը մեկնել է Հայաստանից և չի վերադարձել։

  • Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն

    Երբ որևէ լրատվական նյութում կարդում ենք՝ «ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը» կամ «որտե՞ղ էր ոստիկանությունը», արդյո՞ք դա նշանակում է, որ հենց ոստիկանությունն է քննում գործը, որոշում մեղադրյալին և ապացուցում նրա մեղավորությունը։ 

    «Փաստերի ստուգման հարթակը» ընթերցողներից բազմաթիվ հարցեր է ստանում՝ հանցագործության բացահայտման և քննության ընթացքում իրավապահ մարմիններից յուրաքանչյուրը որ փուլում ինչ գործառույթ է իրականացնում։ 

    Հայաստանում քրեական արդարադատությունը մեկ մարմնի, օրինակ՝ ոստիկանության, աշխատանքը չէ։ Այն փոխկապակցված գործընթաց է, որտեղ յուրաքանչյուր պետական մարմին ունի հստակ սահմանված լիազորություններ և պատասխանատվության իր շրջանակը։

    Արդյունքում որոշել ենք ներկայացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում հանցագործության մասին առաջին հաղորդումից մինչև դատարանի վերջնական որոշումը, և այդ ընթացքում ինչ դեր ունեն ոստիկանությունը, նախաքննության մարմինը, դատախազությունը ու դատարանը։

    Ամեն ինչ սկսվում է մեկ ահազանգից

    Երբ տեղի է ունենում հանցագործություն կամ դրա մասին հաղորդում է ստացվում, դեպքի վայր սովորաբար առաջիններից են ժամանում ոստիկանության աշխատակիցները։ 

    «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն՝ ոստիկանության հիմնական խնդիրներից են՝

    • մարդու անվտանգության ապահովումը,
    • հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխումը,
    • հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը,
    • հասարակական կարգի պահպանումը,
    • օրենքով նախատեսված դեպքերում հետաքննության իրականացումը,
    • նախաքննությանը օժանդակելը։

    Գործնականում դա նշանակում է, որ ոստիկանությունը

    • ընդունում է քաղաքացիների հաղորդումները,
    • մեկնում է դեպքի վայր,
    • պաշտպանում և սահմանազատում է դեպքի վայրը,
    • ապահովում է քաղաքացիների անվտանգությունը,
    • հավաքում է առաջնային տեղեկությունները,
    • իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ,
    • որոնում և հայտնաբերում է կասկածյալներին,
    • անհրաժեշտության դեպքում իրականացնում է օրենքով թույլատրված ձերբակալում։

    Հենց այս պատճառով լրատվամիջոցներում հաճախ օգտագործվում է «ոստիկանությունը բացահայտեց հանցագործությունը» ձևակերպումը։ Սակայն իրավական առումով դա սովորաբար նշանակում է, որ ոստիկանությունը հայտնաբերել է ենթադրյալ կատարողին կամ ձեռք է բերել գործի համար կարևոր օպերատիվ տեղեկություններ։

    Սակայն հենց այստեղ էլ ձևավորվում է ամենատարածված թյուր պատկերացումներից մեկը։

    Ոստիկանությունը չի իրականացնում ամբողջ քննությունը

    Հաճախ հանրային քննարկումներում Ներքին գործերի նախարարությունն ու ոստիկանությունը ներկայացվում են որպես ամբողջ քրեական արդարադատության պատասխանատու։

    Իրականում ոստիկանությունն այդ համակարգի միայն մեկ օղակն է։

    Երբ ավարտվում են օրենքով իրեն վերապահված անհետաձգելի գործողությունները, սկսվում է քրեական վարույթի հաջորդ փուլը՝ նախաքննությունը։ 

    Ի՞նչ է անում Քննչական կոմիտեն

    Եթե ոստիկանությունը հիմնականում զբաղվում է հանցագործության հայտնաբերմամբ և օպերատիվ աշխատանքով, ապա նախաքննությունն իրականացնում է քննիչը։

    Քրեական դատավարության օրենսգիրքը նախաքննությունը սահմանում է որպես քննիչի գործունեություն, իսկ հետաքննությունը՝ որպես քննիչին օժանդակող գործունեություն, որը ներառում է նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

    Քննիչը քրեական վարույթի ընթացքում

    • սկսում է նախաքննությունը,
    • որոշում է քննության ուղղությունը,
    • հարցաքննում է վկաներին և տուժողներին,
    • նշանակում է փորձաքննություններ,
    • դատարանի որոշման հիման վրա անցկացնում է խուզարկություններ, առգրավումներ և այլ քննչական գործողություններ,
    • գնահատում է հավաքված ապացույցները,
    • դատախազին միջնորդում է քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ,
    • դատախազի որոշման հիման վրա ներկայացնում է մեղադրանքը,
    • ավարտում է նախաքննությունը և գործն ուղարկում դատախազին։


    Այսինքն՝ քննիչն է որոշում, թե ինչ ապացույցներ են անհրաժեշտ, ինչ գործողություններ պետք է իրականացվեն և ինչ ուղղությամբ պետք է շարունակվի քննությունը։

    Ոստիկանությունն ու քննիչը համագործակցո՞ւմ են

    Այո

    Քրեական դատավարության օրենսգրքով քննիչը կարող է ոստիկանությանը հանձնարարել կատարել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կամ այլ գործողություններ։

    Օրինակ՝

    • գտնել որևէ անձի,
    • պարզել նրա գտնվելու վայրը,
    • ձեռք բերել տեսագրություններ,
    • իրականացնել գաղտնի օպերատիվ միջոցառումներ,
    • աջակցել խուզարկությունների կամ այլ քննչական գործողությունների իրականացմանը։

    Այսինքն՝ նախաքննությունը ղեկավարում է քննիչը, իսկ ոստիկանությունը, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է քննիչի հանձնարարությունները։

    Իսկ ո՞վ է որոշում՝ մարդը մեղադրյալ դառնա, թե ոչ

    Սա նույնպես ոստիկանության լիազորությունը չէ։ 2022 թվականից գործող նոր Քրեական դատավարության օրենսգրքով քրեական հետապնդում հարուցելու կամ այն մերժելու որոշումը կայացնում է դատախազը։

    Քննիչը ներկայացնում է համապատասխան միջնորդությունը, իսկ դատախազի որոշման հիման վրա քննիչը ներկայացնում է մեղադրանքը։

    Իսկ ո՞վ է որոշում՝ մարդը մեղավոր է

    Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ Քննչական կոմիտեն, ոչ էլ Դատախազությունը չեն կարող որևէ անձի մեղավոր ճանաչել։ Դա բացառապես դատարանի լիազորությունն է։ Միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարող է անձը համարվել մեղավոր կամ անմեղ։

    Ի՞նչ կլինի, եթե ոստիկանությունը գերազանցի իր լիազորությունները

    Քրեական վարույթում ոստիկանությունը չի կարող ցանկացած քննչական գործողություն կատարել սեփական նախաձեռնությամբ։

    Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ հետաքննության մարմինը նախաքննության ընթացքում գործում է հիմնականում քննիչի հանձնարարությամբ և նրա իրավասությունների շրջանակում։

    Եթե ոստիկանության ծառայողը, առանց օրենքով նախատեսված հիմքերի կամ քննիչի հանձնարարության, իրականացնի այնպիսի գործողություն, որն օրենքը վերապահել է քննիչին կամ դատարանին (օրինակ՝ ապօրինի խուզարկություն, առգրավում կամ գաղտնի քննչական գործողություն), կարող են առաջանալ մի շարք իրավական հետևանքներ։

    Առաջին հերթին՝ այդ եղանակով ձեռք բերված ապացույցները կարող են ճանաչվել անթույլատրելի և չընդունվել դատարանի կողմից։

    Բացի այդ, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կարող է վերացնել անօրինական որոշումները կամ պահանջել վերացնել անձի իրավունքների ցանկացած ոչ իրավաչափ սահմանափակում։ Իսկ եթե լիազորությունների գերազանցումը պարունակում է իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ, ոստիկանության ծառայողը կարող է ենթարկվել կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության։

    Միաժամանակ, օրենքը նախատեսում է նաև բացառություններ։ Օրինակ՝ ոստիկանությունը կարող է առանց քննիչի նախնական հանձնարարության, կատարել անհետաձգելի գործողություններ՝ ապահովել դեպքի վայրի պահպանությունը, կանխել շարունակվող հանցագործությունը, հետապնդել կասկածյալին կամ իրականացնել օրենքով թույլատրված ձերբակալում։ Սակայն նախաքննության սկսվելուց հետո ապացուցողական գործողությունների մեծ մասն իրականացվում է արդեն քննիչի ղեկավարությամբ և դատավարական կարգով։

    Ինչո՞ւ է այսպիսի համակարգ ընտրվել

    Հայաստանում ոստիկանությունն ու նախաքննություն իրականացնող մարմինները տարբեր պետական ինստիտուտներ են։ Սա պատահական լուծում չէ։ Լիազորությունների տարանջատման նպատակն այն է, որ հանցագործությունը հայտնաբերող, ապացույցներ հավաքող, քրեական հետապնդում իրականացնող և վերջնական որոշում կայացնող մարմինները լինեն տարբեր, որպեսզի ապահովվի փոխադարձ վերահսկողությունն ու նվազեն հնարավոր չարաշահումները։

    Այս մոտեցումը կիրառվում է նաև բազմաթիվ եվրոպական երկրներում, որտեղ քրեական արդարադատությունը կառուցված է նույն սկզբունքի վրա՝ ոստիկանությունը զբաղվում է օպերատիվ աշխատանքով, նախաքննությունը վարում է իրավասու մարմինը, դատախազությունը վերահսկում է օրինականությունը, իսկ վերջնական որոշումը կայացնում է դատարանը։

    Պարզ տարբերությունը՝ մեկ նախադասությամբ

    Եթե ամբողջ գործընթացը ներկայացնենք հնարավորինս պարզ.

    • Ոստիկանությունը հայտնաբերում և կանխում է հանցագործությունները, ապահովում է դեպքի վայրի աշխատանքը և աջակցում նախաքննությանը։
    • Քննչական կոմիտեն (կամ օրենքով իրավասու այլ քննչական մարմինը) իրականացնում է նախաքննությունը և հավաքում ապացույցները։
    • Դատախազությունը հսկում է նախաքննության օրինականությունը և որոշում է քրեական հետապնդման հարցը։
    • Դատարանը որոշում է՝ անձը մեղավո՞ր է, թե՞ ոչ։

    Այսպիսով, երբ լրատվամիջոցներում կամ որևէ տեղ տեսնում ենք «ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը» կամ «որտե՞ղ էր ոստիկանությունը» ձևակերպումները, դա չի նշանակում, որ ոստիկանությունն իրականացնում է քրեական վարույթի ամբողջ գործընթացը կամ որոշում անձի մեղավորությունը։

    Հանցագործության բացահայտումն ու դրա իրավական գնահատականը իրավապահ տարբեր մարմինների փոխկապակցված աշխատանքի արդյունք են։ ՆԳՆ ենթակայությամբ գործող Ոստիկանությունը հայտնաբերում, կանխում է հանցագործությունները, իրականացնում օպերատիվ-հետախուզական աշխատանք, օժանդակում նախաքննությանը, քննիչն իրականացնում է նախաքննությունը և ապահովում դրա ընթացքը, դատախազը որոշում է քրեական հետապնդման հարցը և ապահովում նախաքննության ընթացքը, իսկ անձի մեղավորության կամ անմեղության հարցն արդեն դատարանի իրավասության շրջանակում է։ 

    Հետևաբար որևէ աղմկահարույց հանցագործության դեպքում միայն մեկ մարմինից ամբողջ գործընթացի արդյունք պահանջելը միշտ չէ, որ օբյեկտիվ է ու  արտահայտում է քրեական արդարադատության համակարգի իրական կառուցվածքը։ 

    Յուրաքանչյուր մարմնի պատասխանատվությունը պետք է գնահատել՝ հաշվի առնելով, թե տվյալ փուլում օրենքն ինչ լիազորություն ու պարտականություն է վերապահել հենց այդ մարմնին։

    Արեն Նահապետյան

  • Հայաստանը միգրանտների ընդունման կենտրոն չի դառնում

    Վերջին օրերին լայնորեն տարածվում է պնդումը, թե Եվրոպայից միգրանտներ են տեղափոխելու Հայաստան։ Իրականում Հայաստանը միայն հիշատակվել էր հնարավոր «վերադարձի կենտրոնների» նախնական ցանկում՝ առանց պաշտոնական առաջարկի, բանակցությունների կամ համաձայնության։ Ավելին՝ մեկ օր անց Հայաստանն արդեն այդ ցանկում չէր։

    Մանրամասները՝

    Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը (Լրացված)

    Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից

    The post Հայաստանը միգրանտների ընդունման կենտրոն չի դառնում appeared first on FIP.AM.

  • Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը

    Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանը օգոստոսի 2-ից սկսել է աշխատանքները։ Այս ընթացքում խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի երեք տեղակալներ և առաջիկայում պատրաստվում է ընտրել նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին։

    Հանրային հեռուստաընկերության կողմից Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց է։ Պետական բյուջեից ֆինանսավորվող հանրային հեռարձակողը քաղաքական ուժերի գործունեությունը ներկայացնելիս առանձնահատուկ պատասխանատվություն ունի ապահովելու անաչառ, հավասարակշռված և բազմակարծիք լուսաբանում։

    Հաշվի առնելով թեմայի հանրային նշանակությունը, ինչպես նաև սոցիալական ցանցերում բարձրացված մտահոգությունները՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել, թե Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքի առաջին օրերին ինչպես են իշխանական և ընդդիմադիր պատգամավորները ներկայացվել Հանրային հեռուստաընկերության պաշտոնական Facebook և YouTube հարթակներում։

    Ուսումնասիրության համար առիթ է հանդիսացել նաև ֆեյսբուքյան օգտատեր Արամ Քոչարյանի գրառումը, որում նա պնդել է, թե Հանրային հեռուստաընկերությունը, լուսաբանելով Ազգային ժողովի աշխատանքները, անտեսում է ընդդիմադիր պատգամավորների ելույթները։

    FIP.am-ի ուսումնասիրության համար դիտարկման ժամանակահատվածը՝ օգոստոսի 2-ից (ԱԺ առաջին նիստից) մինչև օգոստոսի 6-ը 18։00-ն է։

    Անհրաժեշտ է նկատել, որ Հ1-ի Facebook-ի էջում հրապարակվել են նաև Ազգային ժողովի նիստերի ամբողջական ուղիղ հեռարձակումները, որոնց ընթացքում ելույթ են ունեցել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորները։ Ուղիղ հեռարձակումները դիտարկվել են որպես նիստն ամբողջությամբ ներկայացնող հրապարակումներ և չեն դասակարգվել որևէ քաղաքական ուժի օգտին։

    Ուսումնասիրության հիմնական նպատակը եղել է պարզել, թե նիստերի ամբողջական հեռարձակումներից դուրս Հ1-ը պատգամավորների ո՞ր ելույթներն ու ճեպազրույցներն է խմբագրական ընտրությամբ առանձնացրել, վերնագրել և ներկայացրել որպես առանձին հրապարակումներ։ Հենց այդպիսի տեսանյութերն են առավել հասանելի այն օգտատերերին, որոնք չեն դիտում նիստերի ժամեր տևող ամբողջական հեռարձակումները։

    YouTube․ 60 տեսանյութից երեքը՝ ընդդիմության մասին

    Օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ Հանրային հեռուստաընկերության YouTube-յան ալիքում հրապարակված էր Ազգային ժողովի աշխատանքներից 60 տեսանյութ (ցանկը՝ ստորև)։ 

    Դրանցից՝

    • 30-ը՝ իշխանական պատգամավորների ելույթներ,
    • 18-ը՝ իշխանական պատգամավորների ճեպազրույցներ և ճեպազրույցներից հատվածներ,
    • 7-ը՝ լրագրողական մեկնաբանություններ,
    • 1-ը՝ ԱԺ առաջին նիստի բացման արարողությունը,
    • 1-ը՝ Հանրապետության նախագահի ելույթը,
    • 2-ը՝ ընդդիմության ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուի ելույթներ,
    • 1-ը՝ ընդդիմադիր պատգամավորների՝ երդման ժամանակ ոտքի չկանգնելու մասին տեսանյութ:

    Այսինքն՝ 60 տեսանյութից միայն երեքն էր նվիրված ընդդիմությանը, և երկուսն էր ելույթ, մյուսը վերաբերում էր նրանց վարքագծին՝ երդման արարողության ընթացքում։

    Ովքե՞ր էին ամենաշատը ներկայացված

    Դիտարկումը ցույց է տալիս, որ ամենաշատ հրապարակումները վերաբերում էին իշխանական պատգամավորներին։

    • Ռուբեն Ռուբինյան (ՔՊ) — 15 տեսանյութ,
    • Տարոն Չախոյան (ՔՊ) — 7,
    • Վահագն Ալեքսանյան (ՔՊ) — 6,
    • Արթուր Հովհաննիսյան (ՔՊ) — 4,
    • Սոնա Ղազարյան (ՔՊ) — 4,
    • Հայկ Կոնջորյան (ՔՊ) — 3,
    • Հասմիկ Հակոբյան (ՔՊ) — 3,
    • Անդրանիկ Քոչարյան (ՔՊ) — 2,
    • Արայիկ Հարությունյան (ՔՊ) — 2,
    • Արուսյակ Մանավազյան (ՔՊ) — 2,
    • մյուս պատգամավորները՝ մեկական հրապարակմամբ։

    Ինչի՞ մասին էին տեսանյութերը

    Բովանդակային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ

    • 15 տեսանյութում իշխանական պատգամավորներն անդրադառնում կամ արձագանքում էին ընդդիմությանը,
    • 1 տեսանյութը վերաբերում էր ընդդիմադիրների՝ ոտքի չկանգնելուն,
    • 3-ը՝ ԱԺ առաջին նիստին և Ռուբեն Ռուբինյանի ընտրությանը,
    • 4-ը՝ Հայկ Կոնջորյանի, նրա եղբոր և կնոջ շուրջ թեմաներին,
    • 2-ը՝ «Մուլտի Վելնես» կենտրոնի տնօրենին,
    • 7-ը՝ արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերին,
    • մնացածը՝ այլ թեմաների։

    Ընդդիմադիր պատգամավորների ելույթներ կամ հարցադրումներ YouTube-ում փաստացի չեն հրապարակվել։

    Facebook․ 70 տեսանյութից ընդդիմության մասնակցությամբ՝ ընդամենը երկուսը

    Հանրային հեռուստաընկերության Facebook-ի էջում նույն ժամանակահատվածում հրապարակվել էր Ազգային ժողովին վերաբերող 70 տեսանյութ (ցանկը՝ ստորև)։

    Դրանցից՝

    • 30-ը՝ իշխանական պատգամավորների ելույթներ,
    • 16-ը՝ իշխանական պատգամավորների ճեպազրույցներ կամ դրանց հատվածներ,
    • 13-ը՝ տեղեկատվական բնույթի հրապարակումներ,
    • 6-ը՝ լրագրողական մեկնաբանություններ,
    • 1-ը՝ ԱԺ առաջին նիստի բացումը,
    • 1-ը՝ Հանրապետության նախագահի ելույթը,
    • 1-ը՝ ընդդիմադիրների՝ երդման ժամանակ ոտքի չկանգնելու մասին,
    • 1-ը՝ Արամ Վարդևանյանի վերաբերյալ հրապարակում,
    • 1-ը՝ Արթուր Հովհաննիսյանի հարցը Արամ Վարդևանյանին:

    Ընդդիմադիր պատգամավորի միակ ելույթը, որը ներկայացվել է Facebook-ում, եղել է.

    «Արամ Վարդևանյանը պարզաբանեց՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր» վերնագրով տեսանյութը։ Բացի դրանից, հրապարակվել էր նաև իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցը Արամ Վարդևանյանին։ Ընդդիմադիր պատգամավորների հարցերը, ելույթները կամ ճեպազրույցները Հանրայինի դիտարկված սոցմեդիայի հարթակներում առանձին հրապարակումներով չեն ներկայացվել։

    Facebook-ում ամենաշատ ներկայացված պատգամավորները

    • Ռուբեն Ռուբինյան — 18 հրապարակում,
    • Վահագն Ալեքսանյան — 10,
    • Հայկ Կոնջորյան — 7,
    • Տարոն Չախոյան — 6,
    • Արթուր Հովհաննիսյան — 5,
    • մյուս պատգամավորները՝ ավելի քիչ հաճախականությամբ։

    Հատկանշական է նաև, որ հրապարակումների վերնագրերում ընդդիմադիր գործիչներից  հիշատակվել է միայն Արամ Վարդևանյանի անունը՝ երեք անգամ։

    Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» դիտարկումը ցույց է տալիս, որ Ազգային ժողովի նոր գումարման աշխատանքների լուսաբանման առաջին օրերին Հանրային հեռուստաընկերության սոցիալական հարթակներում գերակշռել են իշխանական պատգամավորների ելույթներն ու ճեպազրույցները։

    YouTube-ում Ազգային ժողովի նստաշրջանին վերաբերող 60 տեսանյութից միայն երեքն էր վերաբերում ընդդիմությանը, իսկ Facebook-ում 70 հրապարակումից միայն երկուսն էին առնչվում ընդդիմադիր պատգամավորներին, ընդ որում՝ դրանցից միայն մեկն էր ներկայացնում ընդդիմադիր պատգամավորի խոսքը։

    Դիտարկված ժամանակահատվածում ընդդիմադիր պատգամավորների ելույթներն ու հարցադրումները փաստացի չեն արտացոլվել Հանրային հեռուստաընկերության հրապարակումների մեծ մասում, մինչդեռ իշխանական պատգամավորների ելույթներն ու մեկնաբանությունները ներկայացվել են պարբերաբար։

    Facebook–ում հրապարակված նյութերի ցանկը՝ ստորև։

    1. Ամենատարեց պատգամավորը սկիզբ դրեց Ազգային ժողովի 9-րդ գումարման 1-ին նստաշրջանին. հնչեց ՀՀ հիմնը (Հղում)
    2. Պատգամավորները երդվեցին. ընդդիմադիր խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին (Հղում)
    3. Ովքեր են 9-րդ գումարման խորհրդարան անցած 3 խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները (Հղում)
    4. ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն. նախագահ (Հղում)
    5. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է. նրան խորհրդարանում ներկայացրեց Արուսյակ Մանավազյանը (Հղում)
    6. Սիրելի՛ ժողովուրդ, հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք ՀՀ-ի ինքնիշխանությունն ու անկախությունը, և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը. Ռուբինյան (Հղում)
    7. Ռուբեն Ռուբինյան (Հղում)
    8. Ռուբեն Ռուբինյան (Հղում)
    9. Գարիկ Սարգսյանի ճեպազրույցը (Հղում)
    10. Տարոն Չախոյանի ճեպազրույցը (Հղում)
    11. Հանրապետության նախագահի ելույթը 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մեկնարկին (Հղում) 
    12. Երդման տեքստի ժամանակ ոտքի չկանգնելը քաղաքական մշակույթի տեսանկյունից ի՞նչ ուղերձ էր հանրությանը. Աղաջանյանը՝ ընդդիմադիրներին (Հղում)
    13. ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը (Հղում)
    14. Դուք պատիվ ունեցաք հիմք դնելու ընտրական տուրիզմին, և դրա մասին բազմաթիվ փաստեր կան. Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներին (Հղում)
    15. Եթե այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, դահլիճում ի՞նչ գործ ունեք. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը (Հղում)
    16. Գերիները չեն վերադառնա, եթե չլինի խաղաղությունը, և դա հողի վրա ապացուցել ենք. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմության քննադատության մասին (Հղում)
    17. Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը (Հղում)
    18. ԱԺ նախագահը կընտրվի փակ-գաղտնի քվեարկությամբ. միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է (Հղում)
    19. Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը (Հղում)
    20. Հարգելի՛ գործընկերներ, դա ձեզ լավ տեղ չի տանելու. Ալեքսանյանը՝ Ռուբինյանի շուրջ ընդդիմության քննադատության մասին (Հղում)
    21. Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը (Հղում)
    22. Մերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ ունենք. Հարությունյանը՝ Փաշինյանի վերընտրվելու մասին (Հղում)
    23. Ամենայն հարգանքով, բայց ամոթն էլ է լավ բան. Ռուբինյանը՝ իր հասցեին հնչեցրած քննադատությունների մասին (Հղում)
    24. Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ (Հղում)
    25. Աշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասին (Հղում)
    26. Այն, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում. Ռուբինյանը՝ ընդդիմադիր գործընկերներին (Հղում)
    27. Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահը՝ նորընտիր ԱԺ նախագահին (Հղում)
    28. ՔՊ խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ առաջադրեց Կոնջորյանին և Ալեքսանյանին, «Ուժեղ Հայաստանը»՝ Վարդևանյանին (Հղում)
    29. Սարիկ Մինասյանի ճեպազրույցը (Հղում)
    30. ՔՊ խմբակցության կողմից առաջադրված ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանին խորհրդարանում ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը (Հղում)
    31. Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը (Հղում)
    32. Իմ կինը «ՀայՓոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է. Հայկ Կոնջորյան (Հղում)
    33. Ֆիզիկական, հոգեբանական և ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի է. Հայկ Կոնջորյանը՝ եղբոր հետ կապված միջադեպի մասին (Հղում)
    34. Գերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան (Հղում)
    35. Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը (Հղում)
    36. ՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն Ալեքսանյան (Հղում)
    37. Ռուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակել (Հղում)
    38. Ամբողջությամբ պատկերացնում եմ պատասխանատվությունս. ԱԺ նորընտիր նախագահ (Հղում)
    39. Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ Մինասյան (Հղում)
    40. Ես չունեմ եկամտի այլ աղբյուր և, ցավոք, չեմ կարող հրաժարվել աշխատավարձից. Ռուբինյան (Հղում)
    41. Իմ հասցեին զրպարտություններ են տարածվում, դատական հայցեր եմ ներկայացնելու. Հայկ Կոնջորյան (Հղում)
    42. Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը (Հղում)
    43. Հասմիկ Հակոբյան (Հղում)
    44. Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին (Հղում)
    45. Որ ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում. Արթուր Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին (Հղում)
    46. Ժողովուրդ ջան, մի հատ ձեր կողքուբոլորը նայեք. Չախոյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին (Հղում)
    47. Իմ կնոջ կառավարման ժամանակաշրջանում՝ 2024-2025-ին, «ՀայՓոստի» ֆինանսական արդյունքը բարելավվել է 900 մլն դրամով. Կոնջորյան (Հղում)
    48. Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը (Հղում)
    49. 8-րդ գումարման խորհրդարանը ՀՀ անկախությունից ի վեր պատմության ընթացքում ամենակարևոր խորհրդարանն է եղել. Ալեքսանյան (Հղում)
    50. Հայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ (Հղում)
    51. Հիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն Ալեքսանյան (Հղում)
    52. Ելույթի համար հերթագրված երեք տասնյակ պատգամավոր, փոխադարձ մեղադրանքեր, թեժ քննարկում ԱԺ-ում (Հղում)
    53. Ռուբեն Ռուբինյանը նոր օգնական ունի (Հղում)
    54. Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ո՛նց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան (Հղում)
    55. Չախոյան (Հղում)
    56. ՌԴ-ի պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ. Եղոյան (Հղում)
    57. Դուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանը (Հղում)
    58. Սոնա Ղազարյան (Հղում)
    59. Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ Դաշնակցությանը (Հղում)
    60. Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան (Հղում)
    61. ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո. Արթուր Հովհաննիսյան (Հղում)
    62. Տարոն Չախոյանի ճեպազրույցը (Հղում)
    63. Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան (Հղում)
    64. Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ (Հղում)
    65. Դուք, որ անընդհատ խոսում եք խլելուց, մենակ դուք եք խլել ՀՀ-ից և հայ ժողովրդից. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը (Հղում)
    66. ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները (Հղում)
    67. Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունը (Հղում)
    68. Արամ Վարդևանյանը պարզաբանեց՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր (Հղում)
    69. Որքա՞ն են «Ուժեղ Հայաստանի»՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները. Արթուր Հովհաննիսյանը՝ Արամ Վարդևանյանին (Հղում)
    70. Արուսյակ Մանավազյանի ճեպազրույցը (Հղում)
    71. Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք. Վահագն Ալեքսանյան (Հղում)

    YouTube- Ցանկը՝ ստորև։

     

    1. Ամենատարեց պատգամավորը սկիզբ դրեց Ազգային ժողովի 9-րդ գումարման 1-ին նստաշրջանին. հնչեց ՀՀ հիմնը։ (Հղում)
    2. ՔՊ խմբակցության ԱԺ նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է.նրան խորհրդարանում ներկայացրեց Մանավազյանը (Հղում)
    3. Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները երդման տեքստի ընթերցման ժամանակ ոտքի չկանգնեցին (Հղում)
    4. Հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք ՀՀ ինքնիշխանությունը, այժմ լավ ապրելու ժամանակն է. Ռուբինյան (Հղում)
    5. Վենդետա լինելու է բառիս իրավական իմաստով, քաղաքական իմաստով՝ նույնպես. Ռուբինյան (Հղում)
    6. ՀՀ 29 743 քկմ միջազգայնորեն ճանաչված տարածքը անքննարկելի կարմիր գիծ է. Ռուբինյան (Հղում)
    7. ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն. նախագահ (Հղում)
    8. Գարիկ Սարգսյանի ճեպազրույցը (Հղում)
    9. Ռուբինյանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին (Հղում)
    10. Քաղաքական ճնշումներ չկան, բայց ես գիտեմ՝ ինչ են քաղաքական ճնշումները. Ռուբինյան (Հղում)
    11. Ժամանակն է, որ Թուրքիայի կողմից լինի առավել ակտիվ առաջընթաց կարգավորման գործընթացում. Ռուբինյան (Հղում)
    12. Տարոն Չախոյանի ճեպազրույցը (Հղում)
    13. Ընդդիմության՝ երդման ժամանակ ոտքի չկանգնելը ի՞նչ ուղերձ էր հանրությանը. Աղաջանյան (Հղում)
    14. Դուք հիմք դրեցիք ընտրական տուրիզմին, դրա մասին բազմաթիվ փաստեր կան. Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներին (Հղում)
    15. Եթե այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, դահլիճում ի՞նչ գործ ունեք. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը (Հղում)
    16. Գերիները չեն վերադառնա, եթե չլինի խաղաղությունը. Հովհաննիսյանը՝ ընդդիմության քննադատության մասին (Հղում)
    17. Դա ձեզ լավ տեղ չի տանելու. Ալեքսանյանը՝ Ռուբինյանի շուրջ ընդդիմության քննադատության մասին (Հղում)
    18. ԱԺ նախագահը կընտրվի փակ-գաղտնի քվեարկությամբ. միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է (Հղում)
    19. Մերկելը 4 անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր. Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի վերընտրվելու մասին (Հղում)
    20. Ամենայն հարգանքով, բայց ամոթն էլ է լավ բան. Ռուբինյանը՝ իր հասցեին հնչեցրած քննադատությունների մասին (Հղում)
    21. Աշխարհի հնգակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է. Ալեքսանյանը՝ Yerevan Wellness Center-ի նոր տնօրենի մասին (Հղում)
    22. Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ (Հղում)
    23. Այն, որ չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում.Ռուբինյանը՝ ընդդիմությանը (Հղում)
    24. Սարիկ Մինասյանի ճեպազրույցը (Հղում)
    25. Իմ կինը «ՀայՓոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է. Հայկ Կոնջորյան (Հղում)
    26. ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանին խորհրդարանում ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը (Հղում)
    27. Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը (Հղում)
    28. Ամբողջությամբ պատկերացնում եմ պատասխանատվությունս. ԱԺ նորընտիր նախագահ (Հղում)
    29. Ես չունեմ եկամտի այլ աղբյուր և, ցավոք, չեմ կարող հրաժարվել աշխատավարձից. Ռուբինյան (Հղում)
    30. Իմ հասցեին զրպարտություններ են տարածվում, դատական հայցեր եմ ներկայացնելու. Հայկ Կոնջորյան (Հղում)
    31. Ե՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասին (Հղում)
    32. «Մուլտի Վելնես կենտրոնի» տարածքն ապօրինություններով էր վերցվել. Հասմիկ Հակոբյան (Հղում)
    33. Եթե ժողովրդի համար ընդունելի լինի Մայր օրենքը, չեմ կարծում՝ որևէ պատգամավոր դեմ արտահայտվի. Հակոբյան (Հղում)
    34. Քնած մարդկանց 06:00-ին դուբինկով սատկացնելը համարում եք նորմալ, խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին (Հղում)
    35. Ոնց-որ դա է հարցեր լուծելու ձեր ձևը՝ Մարտի 1-ով, Հոկտեմբերի 27-ով. Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին (Հղում)
    36. Մի հատ ձեր կողքուբոլորը նայեք. Չախոյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին (Հղում)
    37. Կնոջս կառավարման շրջանում «ՀայՓոստի» ֆինանսական արդյունքը բարելավվել է 900 մլն դրամով. Կոնջորյան (Հղում)
    38. Ունենք հրետանային համակարգեր, որոնք առաջատար են ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Ալեքսանյան (Հղում)
    39. 8-րդ գումարման խորհրդարանը ՀՀ անկախությունից ի վեր ամենակարևոր խորհրդարանն է եղել. Ալեքսանյան (Հղում)
    40. Ելույթի համար հերթագրված երեք տասնյակ պատգամավոր, փոխադարձ մեղադրանքեր, թեժ քննարկում ԱԺ-ում (Հղում) ՈՒՇԱԴԻՐ
    41. Տարոն Չախոյանի ճեպազրույցը (Հղում)
    42. ՌԴ պատկերացրած ճարտարապետության մեջ կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ.Եղոյան (Հղում)
    43. Ինչ արձագանք եղավ ընդդիմությունից, նույնը կլինի իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասին (Հղում)
    44. Լաչինի միջանցքն անցնելուց հետո Քոչարյանը մտածում էր իշխանությունը վերցնելու մասին. Անդրանիկ Քոչարյան (Հղում)
    45. Մեկանգամյա օգտագործման համար էին. Չախոյանը՝ ընտրակաշառքի գործով անցնողների մասին (Հղում)
    46. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (Հղում)
    47. Մի՛ կրկնեք նախորդ գումարման սխալները. Հարությունյանը՝ ընդդիմությանը (Հղում)
    48. Արտահանման դիվերսիֆիկացիան տալիս է իր ծիլերը. Սոնա Ղազարյան (Հղում)
    49. Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան (Հղում)
    50. Ի՞նչ այնպես չեն արել երկրորդ և երրորդ նախագահները, որ Վարդևանյանը Կարապետյանի ցուցակում է. Ղազարյան (Հղում)
    51. Մենք փորձում ենք լուծել սպառնալիքը, դուք որոշում եք կթել այն. Ռուբինյան (Հղում)
    52. ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո. Արթուր Հովհաննիսյան (Հղում)
    53. Դուք, որ խոսում եք խլելուց, մենակ դուք եք խլել ՀՀ-ից և հայ ժողովրդից. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը (Հղում)
    54. ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները (Հղում)
    55. Գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի ԵՄ շուկա մեծ պատմական իրադարձություն է. Ղազարյան (Հղում)
    56. Արամ Վարդևանյանը պարզաբանեց՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր (Հղում)
    57. Որքա՞ն են «Ուժեղ Հայաստանի»՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները. Հովհաննիսյանը՝ Վարդևանյանին (Հղում)
    58. Արուսյակ Մանավազյանի ճեպազրույցը (Հղում)
    59. Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը (Հղում)
    60. Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք. Վահագն Ալեքսանյան (Հղում)

    Արեն Նահապետյան

  • Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից

    2026 թվականի սեպտեմբերին կլրանա արցախցիների զանգվածային բռնի տեղահանման երրորդ տարին։ Շուրջ երեք տարի անց որքանո՞վ է Հայաստանն արցախցիների համար դարձել երկարաժամկետ բնակության վայր։

    Այս հարցի պատասխանը ստանալու համար «Փաստերի ստուգման հարթակը» համադրել է արցախցիների՝ երկրից մուտքերի ու ելքերի, ՀՀ քաղաքացիություն ստանալու և բնակապահովման պետական ծրագրից օգտվելու վերաբերյալ 2023-2026 թվականների պաշտոնական տվյալները։

    Ուսումնասիրության համար որպես ելակետ է ընդունվել ՀՀ կառավարության հրապարակած պաշտոնական ցուցանիշը, ըստ որի՝ 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանման հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 100 625 մարդ։

    Ի մի բերելով տվյալները՝ FIP.am-ն արձանագրել է, որ արցախցիների՝ Հայաստանում ինտեգրման գործընթացը շարունակվում է, սակայն երկարաժամկետ հաստատման պատկերը դեռևս միանշանակ չէ։

    Այսպես՝ շուրջ երեք տարվա ընթացքում

    • ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 40 680 անձ՝ պաշտոնապես հրապարակված բռնի տեղահանվածների թվի 40,4%-ը
    • բնակապահովման ծրագրով հավաստագիր է ստացել  7,401 ընտանիք՝ 30 433 անձով, որը կազմում է բռնի տեղահանվածների թվի 7․4%-ը
    • Հայաստանից մեկնել և չի վերադարձել 14 791 անձ՝ տեղահանվածների 14,7%-ը։

     

    ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 40 680 բռնի տեղահանված արցախցի

    Ներքին գործերի նախարարության՝ «Փաստերի ստուգման հարթակին» տրամադրած տվյալների համաձայն՝ 2023 թվականից մինչև 2026 թվականի հունիսի վերջը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 33 098 անձ։ Նույն ժամանակահատվածում քաղաքացիություն է ստացել 40 680 անձ՝ 27 902 չափահաս և 12 778 անչափահաս։

    • 2023 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 579 անձ։ Քաղաքացիություն է ստացել 104 անձ, որից 48-ը՝ անչափահաս։
    • 2024 թվականին դիմումների թիվը հասել է 6 223-ի։ Քաղաքացիություն է ստացել 7 672 անձ, որից 1 778-ը՝ անչափահաս։
    • 2025 թվականին գրանցվել է ինչպես դիմումների, այնպես էլ քաղաքացիություն ձեռք բերած անձանց ամենաբարձր տարեկան ցուցանիշը։ Քաղաքացիության համար դիմել է 19 367 անձ, քաղաքացիություն ստացել 20 090-ը, որից 6 814-ը՝ անչափահաս։
    • 2026 թվականի առաջին վեց ամիսներին քաղաքացիության համար դիմել է 6 929 անձ։ Քաղաքացիություն է ստացել 12 814 անձ, որից 4 138-ը՝ անչափահաս։

    Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ դիտարկվող ժամանակահատվածում քաղաքացիության դիմումների մերժման դեպքեր չեն արձանագրվել։

    2026-ի առաջին վեց ամսում ավելի շատ ելք է գրանցվել, քան նախորդ տարիներից յուրաքանչյուրում

    2023-2025 թվականներին և 2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանից տարբեր երկրներ է մեկնել 14 785 արցախցի։ Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից մեկնած արցախցիներից Հայաստան է մուտք գործել 33 168 արցախցի։

    Արցախցիների տեղաշարժի պատկերը տարիների ընթացքում որոշակիորեն փոփոխվել է․

    • 2023 թվականին գրանցվել է բացասական տարբերություն՝ 883 մուտք և 1 978 ելք (ելքերի թիվը մուտքերին գերազանցել է 1 095-ով)։
    • 2024 թվականին պատկերը կտրուկ փոխվել է․ գրանցվել է 9 775 մուտք և 3 526 ելք։ Մուտքերի և ելքերի տարբերությունը դարձել է դրական՝ +6 249։
    • 2025 թվականին արձանագրվել է դրական տարբերության ամենաբարձր ցուցանիշը․ գրանցվել է 14 436 մուտք և 4 166 ելք (+10 270)։
    • 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 8 074 մուտք և 5 115 ելք (+2 959)։

    Թեև 2026-ի առաջին վեց ամիսներին մուտքերի թիվն ավելի մեծ է, քան ելքերինը, սակայն այս ընթացքում գրանցված ելքերի թիվը (5 115) ոչ միայն դիտարկվող ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշն է, այլև 949-ով կամ շուրջ 23%-ով գերազանցում է 2025 թվականի ամբողջ տարվա ելքերի թիվը (4 166):


    Բնակապահովման ծրագիր․ դիմել է 16 441 ընտանիք, հավաստագիր ստացել՝ 7 401-ը

    2024 թվականի հունիսից Հայաստանում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը։ Այն աջակցություն է նախատեսում բնակարան կամ տուն ձեռք բերելու, անհատական տուն կառուցելու կամ գործող հիփոթեքի մայր գումարը մարելու համար։

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2026 թվականի հուլիսի 27-ին «Փաստերի ստուգման հարթակին» տրամադրած տվյալներով՝ ծրագրին դիմել է 16 441 ընտանիք՝ 37 489 անձով։

    Հավաստագիր է ստացել 7 401 ընտանիք (30 433 անձ), որը ծրագրին դիմած ընտանիքների շուրջ 45%-ն է։ Հավաստագիր ստացած ընտանիքներից 3 732-ն այն արդեն իրացրել է։

    Ծրագրի շրջանակում հավաստագիրն իրացրած ընտանիքների գերակշիռ մասը նախընտրել է բնակարան կամ տուն ձեռք բերել․

    • 3 454 (92,6%)՝ բնակարանի կամ տան ձեռքբերում,
    • 225 (6%)՝ գործող հիփոթեքի մարում,
    • 53 (1,4%)՝ անհատական տան կառուցում։

    Ամենամեծ թվով հավաստագրեր իրացվել են Կոտայքի մարզում

    Իրացված հավաստագրերի թվով առաջին տեղում Կոտայքի մարզն է (967), որին հաջորդում են Արմավիրի մարզը (615) և Երևանը (554)։ Մյուս մարզերում բաշխումը հետևյալն է․

    • Արարատ՝ 462,
    • Լոռի՝ 355,
    • Սյունիք՝ 222,
    • Գեղարքունիք՝ 151,
    • Շիրակ՝ 135,
    • Արագածոտն՝ 131,
    • Տավուշ՝ 81,
    • Վայոց ձոր՝ 59 իրացված հավաստագիր։

    Նախարարությունը հավաստագիրը դեռևս չիրացնելու հիմնական պատճառների թվում  նշել է՝ որոշ ընտանիքներ այն ստացել են վերջերս, մյուսները դեռ համապատասխան գույք են փնտրում կամ նախատեսում են լրացուցիչ վարկ վերցնել։  

    Գրանցվել է մերժման 16 444 դեպք

    Ծրագրի շրջանակում արձանագրվել է դիմումների մերժման 16 444 դեպք։ Նախարարության պարզաբանմամբ՝ սա վերաբերում է ոչ թե առանձին ընտանիքների, այլ մերժված դիմումների ընդհանուր թվին (նույն ընտանիքը կարող է դիմել մի քանի անգամ)։

    Մերժումների հիմնական պատճառներն են՝

    • ընտանիքի որևէ անդամի տվյալների բացակայությունը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շտեմարանում
    • ընտանիքի որևէ անդամի՝ ՀՀ քաղաքացիություն չունենալը
    • ընտանիքի որևէ անդամի՝ Հայաստանում սեփականություն ունենալը։

    Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2027 թվականի դեկտեմբերի 31-ն է։ Ինչ վերաբերում է ծրագրին դեռևս չդիմած ընտանիքների թվին և չդիմելու պատճառներին, նախարարությունը հայտնել են՝  նման վերլուծություն չունեն։

    Գայանե Մարկոսյան