Category: FIP.am

  • Կեղծ մեջբերում՝ Փաշինյանից․ նա Տոկաևի մասին կոշտ հայտարարություններ չի արել իր ճեպազրույցում

    Սոցիալական ցանցերում շրջանառվում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող մեջբերում։ 

    Համաձայն տարածվող պնդման՝ Փաշինյանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից Եվրոպական միությանը անդամակցության հանրաքվե անցկացնելու պարտադրանքի մասին հարցին ասել է․ «Ես Ղազախստանի նախագահը չեմ, որ ինձ Ռուսաստան կանչեն։ Եվ մենք այնքան հարուստ չենք, որքան ղազախները, որ տարեկան չորս հանրաքվե անցկացնենք։ Ինչպե՞ս կարող են նրանք ստիպել Հայաստանին հանրաքվե անցկացնել»։

    Այս պնդումը սոցիալական մեդիայում սեպտեմբերի 6-ին հրապարակել է ռուսաստանցի լրագրող Սերգեյ Ասլանյանը․ նրա՝ Փաշինյանին վերագրվող մեջբերմամբ ու լուսանկարով գրառումը հոդվածի հրապարակման պահին հազարավոր հավանումներ է ունեցել, 300-ից ավելի օգտահաշիվներ տարածել են այն։ 

    Արտապատկերումը՝ ֆեյսբուքյան գրառումից։ 

    Փաշինյանի ճեպազրույցը՝ կեղծ լուրի առիթ 

    Այսպես, Փաշինյանի վերանագրով մեջբերման հիմքում ընկած է սեպտեմբերի 3-ի ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան վարչապետի տված մեկնաբանությունը։ 

    Լրագրողը, մասնավորապես, ԵՄ անադամակցության և ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ ՌԴ-ից հնչող հանրաքվեի մասին հարցը ձևակերպելիս ասել է, որ «Ռուսաստանը պարտադրում է հանրաքվե [Հայաստանին]», ինչպես նաև դիմելով Փաշինյանին ասել է՝ «Ձեզ կանչել են Ռուսաստան»։ 

    Ի պատասխան այս ձևակերպումների Փաշինյանը նշել է․ «Էնպիսի տպավորության ա, որ Ձեր առջև կանգնած ա Հայաստանի ԽՍՀ Կենտկոմի առաջին քարտուղարը և ինձ կանչել են Ռուսաստան»։ 

    Այսպիսով, այս հարցին պատասխանելիս Փաշինյանը չի հիշատակել ոչ Ղազախստանը, և ոչ էլ այդ երկրի նախագահին։ Հետևաբար, Փաշինյանին  վերագրվող պնդումը կեղծ է։

    Ո՞վ է կեղծիքը տարածողը

    Ինչպես նշեցինք վերևում, Փաշինյանին վերագրվող կեղծ մեջբերմամբ գրառումը հրապարակել է ռուսաստանցի լրագրող Սերգեյ Ասլանյանը։ 

    Ըստ բաց աղբյուրներում նրա մասին առկա կենսագրական տվյալների, Ասլանյանը 

    ռուսաստանյան «Эхо Москвы» (Մոսկվայի արձագանքը) լրատվամիջոցի լրագրող է, նա նախկինում աշխատել է ռուսաստանյան տարբեր հեռուստալիքներում ու ռադիոկայաններում, թղթակցել տարբեր պարբերականների, որոնց թվում են «Московский комсомолец», «Мотор» և «Автомир» պարբերականները և այլն։ 

    Նա այժմ վարում է քաղաքական հաղորդումներ իր յութուբյան ալիքում, որն ունի մոտ 150 հազար բաժանորդ։ 

    Նա 2023 թվականից ՌԴ արդարադատության նախարարության որոշմամբ հայտնվել է օտարերկրյա գործակալների ցանկում։ 

    Արտապատկերումը՝ ՌԴ ԱՆ կայքէջից։ 

    Այսպիսով, Փաշինյանին վերագրվող՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ղազախստանի հանրաքվեների մասին մեջբերումը կեղծ է։ Վարչապետի՝ սեպտեմբերի 3-ի ճեպազրույցի համապատասխան հատվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա չի հիշատակել ո՛չ Ղազախստանը, ո՛չ Տոկաևին։

    Սոցիալական ցանցերում տարածված տեքստը Փաշինյանի իրական պատասխանի փոփոխված տարբերակն է, որը ներկայացվել է որպես ուղիղ մեջբերում։ Այն հրապարակել է ռուսաստանցի լրագրող Սերգեյ Ասլանյանը, իսկ գրառումը կարճ ժամանակում լայն տարածում է ստացել։

    Նանե Մանասյան

  • Նախագահի սխալ թիվը շտկեցին ոչ ամբողջական տվյալով․ քանի՞ զոհ է ունեցել հայկական կողմը 44-օրյա պատերազմում

    44-օրյա պատերազմից շուրջ վեց տարի անց պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը կրկին հայտնվել է հանրային քննարկման կենտրոնում։ Այս անգամ առիթը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Պրահայում հնչեցրած սխալ թիվն էր և դրան հաջորդած՝ նախագահի աշխատակազմի ոչ ամբողջական պարզաբանումը։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 44-օրյա պատերազմի զոհերի վերաբերյալ վերջին տարիներին հրապարակված պաշտոնական տվյալներն ու բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները՝ պարզելու, թե ինչով են պայմանավորված շրջանառվող տարբեր թվերը, ինչ է ներառում դրանցից յուրաքանչյուրը։

    4800 զոհի մասին սխալ հայտարարությունը

    Պրահայում CEVRO համալսարան կատարած այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը, խոսելով 44-օրյա պատերազմի մասին, հայտարարել է, որ հայկական կողմն ունեցել է 4800 զոհ։

    Սեպտեմբերի 5-ին նախագահի աշխատակազմը «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան ընդունել է, որ նախագահի խոսքում վրիպակ է եղել։

    Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը նշել է․ «Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»։

    Սակայն պարզաբանման մեջ նշված 3755-ը, ըստ նախկինում հրապարակված պաշտոնական տվյալների, ոչ թե պատերազմի հետևանքով զոհված անձանց ընդհանուր, այլ զոհված զինծառայողների թիվն է։

    3833 զոհ, որից 3755-ը՝ զինծառայող

    Դեռևս 2025 թվականի նոյեմբերի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը՝ միաժամանակ ներկայացնելով դրա կառուցվածքը։

    «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ): Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի: Հավերժ փառք մեր նահատակներին»,- գրել էր Սիմոնյանը։

    Նա նաև ընդգծել էր, որ 3833-ը նոր թիվ չէ և նախկինում արդեն հրապարակվել է Քննչական կոմիտեի կողմից։ «2020 թվականի պատերազմի զոհերի պաշտոնական թիվը 3833 է»,- ավելի ուշ հայտարարել էր ԱԺ նախագահը։

    Այս տվյալների համաձայն, պատերազմի հետևանքով պաշտոնապես հաստատված զոհերի ընդհանուր թիվը 3833 է՝

    3755 զինծառայող + 78 քաղաքացիական անձ = 3833 զոհ։

    Թիվն ուղղվեց, բայց կատեգորիաները չտարանջատվեցին

    Նախագահի աշխատակազմը, ընդունելով նախագահի հնչեցրած 4800 թվի սխալ լինելը, որպես պատերազմի զոհերի թիվ ներկայացրել է 3755-ը։ Սակայն պաշտոնական ավելի վաղ հրապարակված տվյալներում այդ թիվը վերաբերում է միայն զոհված զինծառայողներին։

    Համեմատության համար՝ Ալեն Սիմոնյանը խոսում է «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված 3833 անձի» մասին և հստակեցնում, որ նրանցից 3755-ը զինծառայողներ են, իսկ 78-ը՝ քաղաքացիական անձինք։

    Մինչդեռ, նախագահի աշխատակազմը 3755-ը ներկայացրել է որպես պատերազմի զոհերի ընդհանուր թիվ՝ չհիշատակելով քաղաքացիական զոհերին։

    Կարդացեք նաև՝ «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը 

    Այսպիսով, խնդիրը պաշտոնական թվերի հակասությունը չէ, այլ դրանց ոչ ճշգրիտ ձևակերպումը․ նախագահի աշխատակազմը զոհված զինծառայողների թիվը ներկայացրել է որպես պատերազմի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվ։ Հենց կատեգորիաների չտարբերակումն էլ կարող է տպավորություն ստեղծել, թե պետական տարբեր պաշտոնյաներ պատերազմի զոհերի վերաբերյալ հակասող տվյալներ են հրապարակում։

    Կարդացեք նաև՝ 160, 191, 195, 197․ ինչո՞ւ են տարբերվում անհայտ կորածների պաշտոնական թվերը 

    Եզրակացություն

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հնչեցրած 4800 թիվը նախագահի աշխատակազմը ճանաչել է որպես վրիպակ։ Սակայն ուղղումը նույնպես ամբողջական չէ․ որպես 44-օրյա պատերազմի զոհերի թիվ նշված 3755-ը, ըստ նախկինում հրապարակված պաշտոնական տվյալների, վերաբերում է միայն զոհված զինծառայողներին։

    Պաշտոնապես հրապարակված տվյալներով՝ պատերազմի հետևանքով հաստատված զոհերի ընդհանուր թիվը 3833 է՝ 3755 զինծառայող և 78 քաղաքացիական անձ։ Հետևաբար, նախագահի աշխատակազմի պարզաբանման մեջ չեն տարանջատվել զոհերի ընդհանուր և զոհված զինծառայողների թվերը, ինչի հետևանքով սխալը շտկելու համար հրապարակված հաղորդագրությունն ինքն է նոր թյուրըմբռնման հիմք ստեղծել։

    Արեն Նահապետյան

  • Մհեր Գրիգորյանի՝ Ալիևի առջև խոնարհվելու լուսանկարը կեղծ է

    Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ և սոցիալական մերիայի էջեր սեպտեմբերի 2-ին տարածել են լուսանկար, որտեղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոնարհվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև՝ Բիշքեկում տեղի ունեցած երկու երկրների պատվիրակությունների հանդիպման ժամանակ։ 

    Լուսանկարը տարածել են Oragir{.}am-ը, սոց. մեդիայի տարբեր օգտահաշիվներ (1, 2, 3), իսկ լուսանկարի հիման վրա մեկնաբանություն է հրապարակել Hraparak{.}am կայքը:

    Արտապատկերումները՝ լրատվական էջերից 

    Մասնավորապես, կայքը գրել է. «Ալիևին բարևելիս՝ Մհեր Գրիգորյանի մարմնի լեզուն։ Այստեղ արդեն ոչ հայերեն է պետք, ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն։ Նկարը կարծես ինքն է ասում այն, ինչ հազար բառով դժվար կլիներ բացատրել․ ՇՀԿ-ում՝ հայերեն։ Պուտինի մոտ՝ ռուսերեն։ Ալիևի մոտ՝ Մհեր Գրիգորյանի մարմնի լեզվով»:

    «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բիշքեկում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման տեսանյութի բնօրինակը: 

    Արդյոք Գրիգորյանը խոնարհվում է Ալիևին բարևելիս

    InVid գործիքի միջոցով կատարած տեսանյութի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ալիևի հետ ձեռքսեղման ժամանակ Գրիգորյանի խոնարհման նման դրվագ չկա։ Երկու պաշտոնյաների ձեռքսեղման դրվագը սկսվում է 00:02 վայրկյանից, տևում մինչ 00:04 վայրկյանը:

    Արտապատկերումը՝ InVid գործիքի միջոցով կատարած դրվագային ուսումնասիրությունից

    Դրվագային ուսումնասիրությունից հստակ երևում է, որ Գրիգորյանը չի խոնարհվում Ալիևի առջև: 

     

    Fip.am-ը ուսումնասիրել է նաև տեսանյութը և լրատվամիջոցներում հրապարակված վերոնշյալ կադրերը համադրել է տեսանյութի կադրերի հետ, ինչը նույնպես ցույց է տվել, որ Մհեր Գրիգորյանը չի խոնարհվել։

    Բացի այդ, ներկայացնում ենք պաշտոնական տեսանյութի դանդաղացված կադրերը, որտեղ ևս Մհեր Գրիգորյանը չի խոնարհվում։

    Այսպիսով, Փաշինյան-Ալիև հանդիպման տեսանյութում չկա տարածվող լուսանկարի դրվագը, որի համաձայն, Մհեր Գրիգորյանը իբրև թե խոնարհվում է Ալիևի հետ ձեռքսեղման ժամանակ: Հետևաբար, հանդիպմանը վերագրվող լուսանկարը կեղծ է։ 

    Նանե Մանասյան

     

  • Շուրջ 1 մլն զանգ՝ կես տարում․ ի՞նչ են ցույց տալիս 112-ի տվյալները

    2026 թվականի փետրվարի 15-ից Հայաստանում գործարկվել է Զանգերի կառավարման միասնական՝ 112 կենտրոնը, որը մեկ համակարգում է միավորել Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է փոփոխված համակարգի աշխատանքը՝ պարզելու, թե ինչպես է այն գործում, ինչ արդյունքներ են արձանագրվել և ինչ են ցույց տալիս ՆԳՆ-ի ներկայացրած տվյալները։

    Ինչպես է աշխատում նոր 112-ը

    ՆԳՆ-ն 112 միասնական հեռախոսահամարը գործարկել է այս տարվա փետրվարի 15-ին։ Այն ստեղծվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միավորման արդյունքում։

    Այսինքն՝ նախկինում 102 և 911 համարներով սպասարկվող զանգերն այժմ կառավարվում են մեկ համակարգի միջոցով։

    Նոր կենտրոնի ստեղծումը նախատեսված էր դեռևս Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ։ Համակարգի ներդրման առաջին փուլով նախատեսված էր միավորել Ոստիկանության և Փրկարար ծառայության զանգերի սպասարկումը, իսկ հաջորդ փուլում՝ 2027 թվականի սկզբից, համակարգին ինտեգրել նաև շտապօգնության՝ 103 ծառայությունը։

    Հետևաբար, 112-ն այս պահին դեռ չի միավորում արտակարգ իրավիճակներում քաղաքացիներին անհրաժեշտ բոլոր հիմնական ծառայությունները։

    ՆԳՆ-ից FIP.am-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ կենտրոնում փոխվել է նաև զանգերի բաշխման տրամաբանությունը։

    Յուրաքանչյուր 7 վայրկյանը մեկ չսպասարկված զանգը փոխանցվում է հաջորդ ազատ օպերատորին՝ անկախ նրանից, թե Հայաստանի որ մարզից է այն ստացվել։

    Նախարարության պնդմամբ՝ կենտրոնի աշխատանքի որակի չափանիշները սահմանվել են՝ հիմք ընդունելով NENA-ի՝ ԱՄՆ Արտակարգ իրավիճակների հեռախոսահամարների ազգային ասոցիացիայի չափանիշները:

    Զանգերի 67.6%-ին պատասխանում են 15 վայրկյանում

    ՆԳՆ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ կենտրոնի գործարկումից հետո ահազանգերի 67.6%-ին պատասխանվել է 15 վայրկյանի ընթացքում։

    ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մի առիթով հայտարարել էր, որ զանգերի կառավարման միասնական համակարգի համար սահմանվել է միջազգային չափանիշ, ըստ որի՝ զանգին պետք է պատասխանել 15 վայրկյանի ընթացքում, իսկ կենտրոնի զանգերի 67.6%-ն արդեն սպասարկվում է այդ ժամանակահատվածում։

    Միաժամանակ, ՆԳՆ-ն ապրիլին մեկ այլ ցուցանիշ էր հրապարակել․ նախարարությունը հայտնել էր, որ նոր համակարգի աշխատանքի տրամաբանությամբ յուրաքանչյուր ահազանգի պետք է պատասխանել մինչև 10 վայրկյանում, իսկ ահազանգը վերլուծելու և համապատասխան ուժերին փոխանցելու ամբողջ գործընթացը պետք է տևի առավելագույնը 60 վայրկյան։

    Այսպիսով, հրապարակային պաշտոնական աղբյուրներում հանդիպում են զանգին պատասխանելու երկու տարբեր՝ 10 և 15 վայրկյան ցուցանիշներ։

    Տարբեր օրերին և տարբեր ժամերին FIP.am-ի թղթակցի կատարած ստուգողական զանգերը մինչև 10 վայրկյանում պատասխան են ունեցել։

    Չպատասխանված զանգերի թիվը նվազել է

    ՆԳՆ-ի տրամադրած տեղեկանքի համաձայն՝ առանց պատասխանի ավարտված ահազանգերի մասնաբաժինը մարտին կազմել է 14.5%, իսկ մայիսին նվազել մինչև 3.4%։ Այսինքն՝ նախարարության տվյալներով՝ ընդամենը երկու ամսում ցուցանիշը նվազել է ավելի քան չորս անգամ։

    Զանգերի 2.5-ապատիկ աճը 25-ի և 26-ի առաջին կիսամյակներում

    Ըստ ՆԳՆ-ի՝ 2025 թվականի առաջին կիսամյակում ստացված զանգերի թիվը կազմել է շուրջ 400 հազար, իսկ 2026 թվականին՝ շուրջ 1 միլիոն։ Այս թվերի համադրմամբ նախարարությունը արձանագրում է զանգերի շուրջ 2.5-ապատիկ աճ։

    Իսկ 2026 թվականի հունվարին նախարարությունը հայտնել էր, որ միայն Ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնը 2025 թվականի ամբողջ ընթացքում ստացել է շուրջ 1 միլիոն 99 հազար զանգ։ Այսինքն՝ 2026-ի առաջին կիսամյակում զանգերի թիվը հասել է 2025-ի ամբողջ տարվա ցուցանիշին։

    Տեղեկատվական բնույթի զանգերը 

    ՆԳՆ-ի տվյալներով՝ 2025 թվականին Ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն ստացված 1 միլիոն 99 հազար 114 զանգից 426 հազար 334-ը եղել է տեղեկատվական բնույթի, այսինքն՝ քաղաքացիները հայցել են որևէ տեղեկություն։

    Տեղեկատվական զանգերը կազմել են ընդհանուրի շուրջ 38.8%-ը։ 

    Ամեն վեցերորդ զանգը՝ մեքենաներից

    Նոր համակարգի մեկ այլ ուշագրավ ցուցանիշ վերաբերում է eCall համակարգին։ eCall-ը ավտոմեքենաներում տեղադրված համակարգ է, որը վթարի դեպքում կարող է ավտոմատ կերպով կամ մեքենայում գտնվող անձի գործողությամբ արտակարգ ահազանգ փոխանցել համապատասխան ծառայությանը։ ՆԳՆ-ի տվյալներով՝ կենտրոն ստացված զանգերի շուրջ 17%-ը eCall զանգեր են՝ ավտոմեքենաների SOS համակարգերի միջոցով կատարված ահազանգեր։

    Ստացվում է՝ ըստ ՆԳՆ-ի տրամադրած տվյալների՝ 112 կենտրոն հասնող գրեթե յուրաքանչյուր վեցերորդ զանգը կատարվում է այս համակարգի միջոցով։

    Այսպիսով

    112 միասնական կենտրոնի գործարկմամբ փոխվել է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված ահազանգերի կառավարման համակարգը․ նախկինում առանձին կենտրոններ հասնող զանգերն այժմ սպասարկվում են միասնական համակարգով և բաշխվում ազատ օպերատորների միջև։

    ՆԳՆ-ի տվյալներով՝ նոր համակարգի գործարկումից հետո նվազել է առանց պատասխանի ավարտված զանգերի մասնաբաժինը․ մարտի 14.5%-ից այն մայիսին հասել է 3.4%-ի։ Միաժամանակ, ահազանգերի 67.6%-ին պատասխան է տրվում 15 վայրկյանի ընթացքում։

    Սակայն կենտրոնի աշխատանքի վերաբերյալ ներկայացված տվյալները մի շարք լրացուցիչ հարցեր են առաջացնում։ Մասնավորապես, պաշտոնական աղբյուրներում զանգին պատասխանելու համար նշվում են երկու տարբեր՝ 10 և 15 վայրկյան չափանիշներ։ 

    Զանգերի 2.5-ապատիկ աճն էլ պետք է դիտարկել այն հանգամանքի համատեքստում, որ 2026 թվականից մեկ համակարգում են հաշվառվում նախկինում տարբեր կենտրոններ ուղղված զանգերը։ Հետևաբար միայն զանգերի ընդհանուր թվի աճը դեռ չի նշանակում, որ քաղաքացիներն սկսել են ավելի հաճախ ահազանգել կամ արտակարգ դեպքերի թիվն է ավելացել։

    Այսպիսով, ՆԳՆ-ի ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ 112-ի գործարկումից հետո փոխվել է զանգերի կառավարման և սպասարկման համակարգը, սակայն դրա արդյունավետությունը նախորդ համակարգի հետ ամբողջությամբ համեմատելու համար անհրաժեշտ են նույն մեթոդաբանությամբ հաշվարկված և համադրելի տվյալներ։

    Արեն Նահապետյան

    Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

  • Հայաստանը ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ մաքսատուրքերի համակարգ, քան ստանում․ ռուս պաշտոնյայի հայտարարության հետքերով 

    ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1%։ 

    Աղասանդյանը նշել է, որ Հայաստանին բաժին է ընկնում ԵԱՏՄ հինգ անդամ պետություններից ստացվող մուտքերի 1 տոկոսից փոքր-ինչ ավելին, որոնց հաշվին ապահովվում է Միության մարմինների գործունեությունը։

    Քանի որ Աղասանդյանի ձևակերպումից հստակ չէ, թե Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև ֆինանսական հարաբերությունների հատկապես որ բաղադրիչը նկատի ունի, «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԵԱՏՄ բյուջեի ձևավորման և ներմուծման մաքսատուրքերի բաշխման մեխանիզմները, դրանցում Հայաստանի մասնակցության չափաբաժինը, ինչպես նաև վերջին տարիներին Հայաստանի փոխանցած և ստացած գումարները։ 

    Հայաստանի 1.220%-ը ԵԱՏՄ բյուջեում և մաքսատուրքերի բաշխման համակարգում 

    «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 20-րդ հոդվածի համաձայն՝ ԵԱՏՄ բյուջեն ձևավորվում է անդամ պետությունների բաժնեմասային վճարներից՝ ռուսական ռուբլով։ Այդ բյուջեից ֆինանսավորվում է, մասնավորապես, Միության մարմինների գործունեությունը։

    Յուրաքանչյուր պետության վճարման չափաբաժինը սահմանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը։ 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 24 որոշմամբ  սահմանվել է, որ 2021 թվականի և հետագա տարիների համար անդամ պետությունների՝ ԵԱՏՄ բյուջե կատարվող բաժնեմասային վճարների չափաբաժինները սահմանվում են ներմուծման մաքսատուրքերի բաշխման նորմատիվներին համապատասխան։ 

    Դրանք են՝

    • Ռուսաստան՝ 85.065%,
    • Ղազախստան՝ 6.955%,
    • Բելառուս՝ 4.860%,
    • Ղրղզստան՝ 1.900%,
    • Հայաստան՝ 1.220%։

    Բոլոր հինգ պետությունների չափաբաժինները միասին կազմում են 100%։ Հայաստանը ԵԱՏՄ անդամների շարքում ունի ամենափոքր բաժինը։

    Պարզ ասած՝ եթե ԵԱՏՄ մարմինների գործունեության համար նախատեսված ընդհանուր բյուջեն պայմանականորեն կազմեր 100 դրամ, դրանից 1 դրամ 22 լուման կվճարեր Հայաստանը։ Ռուսաստանը կվճարեր մոտ 85 դրամ, Ղազախստանը՝ շուրջ 7 դրամ, Բելառուսը՝ մոտ 5 դրամ, իսկ Ղրղզստանը՝ գրեթե 2 դրամ։

    Հետևաբար Աղասանդյանի հայտարարությունը, որ Հայաստանի բաժինը 1%-ից փոքր-ինչ ավելի է, համապատասխանում է գործող կարգավորմանը։

    Միաժամանակ նույն՝ 1.220% չափաբաժինը կիրառվում է նաև ներմուծման մաքսատուրքերի բաշխման մեխանիզմում։ ԵԱՏՄ անդամ պետություններում երրորդ երկրներից ներմուծման դիմաց գանձվող մաքսատուրքերը սահմանված չափաբաժիններով բաշխվում են անդամ պետությունների բյուջեների միջև։

    2019 թվականի հոկտեմբերի 1-ի արձանագրությամբ սահմանված և 2020 թվականից ուժի մեջ մտած դրույթների համաձայն՝ Հայաստանին բաժին է ընկնում ԵԱՏՄ-ում բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր գումարի 1.220%-ը։

    Որքա՞ն է փոխանցել և ստացել Հայաստանը 

    2019 թ․-ին Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջե է փոխանցել 63 մլրդ  դրամ, իսկ այնտեղից ստացել՝ 75 մլրդ  դրամ։

    Չնայած ստացած գումարը գերազանցել է ԵԱՏՄ փոխանցած գումարը, ՊԵԿ նախագահի այն ժամանակվա տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը 2020 թվականի փետրվարին լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում նկատել է՝ Հայաստանը սկսել է ԵԱՏՄ բյուջե ավելի շատ գումար վճարել։

    «Անդամակցության առաջին իսկ օրվանից մեր երկիրն ավելի քիչ գումար է վճարել և ավելի մեծ գումար ստացել։ 2019-ին ևս ստացածը գերազանցել է վճարածին, սակայն վճարված և ստացված գումարների տարբերությունն էապես կրճատվել է»,- ասել է նա։

    2021 թ․-ին մաքսատուրքերի բաշխման մեխանիզմից Հայաստանը ստացել է 84 մլրդ  դրամ։ Այս մասին  2022 թվականի հունիսին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

    Նույն տարվա ընթացքում Հայաստանում հավաքագրված և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարը կազմել է շուրջ 75 մլրդ դրամ։ 

    Թեև տարեկան կտրվածքով 2021-ին Հայաստանի ստացած գումարը դեռ գերազանցել է Հայաստանում հավաքագրված և բաշխման ենթակա գումարը, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը 2022-ի նոյեմբերին նշել է՝ Հայաստանը 2021 թվականի կեսերից ներմուծման մաքսատուրքերի հավաքագրման և բաշխման մեխանիզմում արդեն դարձել է «դոնոր»՝ սկսել է ավելի շատ փոխանցել, քան ստանալ։ 

    2022 թվականից պատկերը փոխվել է․ Հայաստանից մաքսատուրքերի բաշխման համակարգ ուղղվող գումարը սկսել է գերազանցել Հայաստանի օգտին բաշխվող գումարը։

    2023 թ․-ին Հայաստանը մաքսատուրքերի բաշխման համակարգ է փոխանցել մոտ 187 մլրդ դրամ,  ստացել՝ 73 մլրդ դրամ։

    2024 թ․-ին Հայաստանում գանձված մաքսատուրքերից 127 մլրդ դրամը բաշխվել է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև, իսկ ԵԱՏՄ երկրներից Հայաստանի պետական բյուջե է ստացվել 74.1 մլրդ դրամ՝ 52.9 մլրդ դրամով պակաս։ 

    2025 թ․-ին Հայաստանը ներմուծման մաքսատուրքերի բաշխման համակարգ է փոխանցել շուրջ 319 մլն ԱՄՆ դոլար (125.4 մլրդ դրամ), մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է շուրջ 175 մլն դոլար (69.5 մլրդ դրամ)․ այս տվյալները 2026 թվականի օգոստոսի 7-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

    Հայաստանը բարձրացրել է մաքսատուրքերի բաշխման վերանայման հարցը, սակայն չափաբաժինը չի փոխվել 

    Վերջին տարիներին Հայաստանի պաշտոնյաները պարբերաբար բարձրացրել են մաքսատուրքերի բաշխման գործող մեխանիզմի վերանայման անհրաժեշտության հարցը։

    «Վերջին ամիսներին Միության արտաքին առևտրի կառուցվածքի փոփոխությունների պատճառով մաքսատուրքերի բաշխման հարցում զգալի շեղումներ են եղել։ Ելնելով դրանից՝ անհրաժեշտ ենք համարում առաջիկայում վերադառնալ բաժնեմասերի բաշխման միասնական մեթոդաբանության հաստատման հարցի քննարկմանը»,- 2022 թ․-ի օգոստոսին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    2022թ․ նոյեմբերին թեմային անդրադարձել էր նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

    «Մեր վարչապետն էլ նշեց, որ կարիք կլինի երևի մոտ ապագայում վերանայել ԵԱՏՄ բյուջեի բաշխումը, որովհետև, ըստ էության, մենք, լինելով ավելի փոքր երկիր, հանդիսանում ենք բավականին խոշոր դոնոր արդեն, և կարիք կա, որպեսզի մի քիչ ավելի արդար բաշխվածքի ճանապարհով գնանք»,- ասել է նա։

    Այդուհանդերձ, Հայաստանի համար սահմանված՝ ներմուծման մաքսատուրքերի 1.220% բաշխման չափաբաժինը 2020 թվականից ի վեր չի փոխվել։

    Այսպիսով, ԵԱՏՄ ընդհանուր բյուջեում Հայաստանի 1.220% բաժնեմասն, իսկապես, ամենափոքրն է անդամ պետությունների շարքում։ Սակայն այս փոքր չափաբաժինը չի նշանակում, որ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ֆինանսական մասնակցությունը փոքր է․ հատկապես վերջին տարիներին մաքսատուրքերի բաշխման համակարգ Հայաստանը զգալիորեն ավելի շատ գումար է փոխանցում, քան ստանում է։ 

    Գայանե Մարկոսյան

  • Meta-ն բացահայտել է Հայաստանի ընտրությունները թիրախավորած ցանցը

    Մարիա Զախարովան ՀԱՊԿ-ի արձագանքը ներկայացնում է որպես Հայաստանի հանդեպ պարտավորությունների կատարում, բայց փաստերը այլ բան են ցույց տալիս։ Մանրամասները՝ https://fip.am/51119

  • ԵՄ անդամակցության հեռանկարից մինչև «Օսմանյան կայսրություն»․ ինչպես է ռուսական սպառնալիքի նարատիվը տարածվել Հայաստանում

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական Միությանն անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու հնարավորության մասին օգոստոսի 24-ին արված հայտարարությունը կոշտ արձագանքներ է ստացել ռուսական պաշտոնական և մեդիա միջավայրում։ 

    Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության 2026-2031թթ․ ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը խոսել էր Եվրոպական Միությանը հնարավոր անդամակցության մասին ու նկատել, որ այն երկարատև գործընթաց է․ «Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական Միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացն առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»։

    Այդ հայտարարությունից ժամեր անց ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն ու կրեմլամերձ լրատվամիջոցները սկսեցին խոսել Հայաստանի համար «ճակատագրական ավարտի», ռուսական «նվերները» կորցնելու մասին և գուժեցին՝ Հայաստանը չի անդամակցի ԵՄ-ին։

    Հաջորդ օրը ռուսական «НТВ»-ի եթերում Հայաստանի եվրոպական ուղղությունն արդեն կապվեց «Օսմանյան կայսրություն» մտնելու և հայկական պետականության վերացման հետ։ 

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչպես է Փաշինյանի հայտարարությունից հետո ռուսական պաշտոնական շրջանակներում և մեդիա տիրույթում ձևավորվել ու սրվել Հայաստանի եվրոպական ուղղությունը տնտեսական, անվտանգային և պետական գոյության սպառնալիք ներկայացնող նարատիվը, և ինչպես են դրա առանցքային ուղերձները վերարտադրվել հայկական մեդիայում։ 

    Ի՞նչ էր իրականում ասել Փաշինյանը 

    Օգոստոսի 24-ի ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրոպական Միության հետ Հայաստանի գործընկերության օրակարգը զարգանում է «տեսանելի տեմպերով»։ Նա հիշատակել էր 2025 թվականին ընդունված՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը և մինչև 2029 թվականը վիզայի ռեժիմի ազատականացմանը հասնելու կառավարության նպատակը։

    Սակայն Փաշինյանը չէր հայտարարել, թե Հայաստանն արդեն ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմում է ներկայացրել կամ պատրաստվում է անհապաղ դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Նրա խոսքով՝ Հայաստանը նախ պետք է պատրաստի և ներկայացնի դիմումը, ստանա ԵՄ-ի արձագանքը և գործընթացի ճանապարհային քարտեզը, որից հետո միայն անդամակցության հարցով հանրաքվեն իմաստ կունենա։

    Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ Փաշինյանը հայտարարել էր, որ հայաստանյան ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները հակասում են Միության կարգավորումներին։ Միաժամանակ նա բարձր էր գնահատել ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների՝ ԵՄ անդամակցության կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը։

    Այսպիսով՝ Փաշինյանը խոսել էր երկարատև և դեռևս անորոշ արդյունքով գործընթացի, ինչպես նաև արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։ Ռուսական արձագանքներում, սակայն, այդ քննարկումը հիմնականում ներկայացվեց որպես Հայաստանի՝ Ռուսաստանից վերջնական հեռացում։

    Առաջին փուլ․ «ԵՄ-ն անհասանելի է, իսկ ավարտը՝ ճակատագրական» 

    ԵՄ անդամակցությունը «տասնամյակներ տևող մարաթոն» է, «ԵԱՏՄ-ից ու Ռուսաստանից հեռանալու վնասները Հայաստանը կզգա անմիջապես», «երկու աթոռի վրա նստելը միշտ ճակատագրական ավարտ է ունենում»․ Փաշինյանի հայտարարությունից հետո Ռուսաստանից նման բովանդակությամբ մեկնաբանություններ հնչեցին։ ՌԴ սենատոր Սերգեյ Պերմինովի այս գնահատականներն անմիջապես արտատպվեցին հայաստանյան լրատվամիջոցներում։

    Այնուհետև Փաշինյանին նույն օրը արձագանքել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ հայտարարելով, թե «Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ»։  

    Տեղական լրատվամիջոցների հրապարակումներում (168{․}am, yerevan.today, armlur{.}am, yerkir{.}am, arminfo{.}am ևն) Մեդվեդևի քաղաքական կանխատեսումը հիմնականում հայտնվել է հենց վերնագրում։ Հրապարակումները սահմանափակվել են նրա խոսքը փոխանցելով և չեն պարզաբանել, որ Հայաստանը դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացրել, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա։

    Այսպիսով՝ ԵՄ անդամակցության դեռևս անորոշ հեռանկարը ռուս պաշտոնյաները ներկայացնում են որպես Հայաստանի համար արդեն կանխորոշված «ճակատագրական ավարտ»։

    Ընդ որում, հայկական մեդիան վերարտադրել է նաև Հայաստանի իշխանությունների հասցեին Մեդվեդևի վիրավորական արտահայտությունը։

    Երկրորդ փուլ․ «նվերներն ու արտոնությունները» հետ վերցնելու սպառնալիքը 

    Արդեն հաջորդ օրը՝ օգոստոսի 25-ին, Ռուսաստանից հնչում է սպառնալիք, թե հետ կվերցնեն բոլոր «նվերներն ու արտոնությունները», եթե Երևանը «խաղեր տա» Եվրոպայի հետ։ Այս անգամ հայտարարողը ՌԴ Դումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան է եղել։ Նա նաև ասել է, որ Երևանը չի կարող միաժամանակ նստել երկու աթոռների վրա։ 

    Ռուս պատգամավորի խոսքը պատժի սպառնալիք է պարունակում Հայաստանի հասցեին։ Այս դեպքում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները ներկայացվում են Ռուսաստանի կողմից Հայաստանին միակողմանիորեն տրված «նվերների» տրամաբանությամբ՝ անտեսելով փոխադարձ պայմանագրերն ու շահերը։ Իսկ «նվերները» Մոսկվան կարող է հետ վերցնել Երևանի քաղաքական ընտրության պատճառով։

    Նույն օրը տնտեսական կործանման պատկերը զարգացրել է ռուսական «Իզվեստիան»՝ նկարագրելով Հայաստանի հնարավոր ապագան ԵՄ-ին անդամակցելու դեպքում։ Հրապարակման հեղինակները եզրակացրել են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի ԵՄ շարժվելու տնտեսական գինը կարող է չափազանց բարձր լինել Հայաստանի համար։ Ըստ նրանց՝ ԵՄ-ին լիարժեք անդամակցությունը կարող է տասնամյակներ տևել, իսկ այդ ընթացքում արտահանման ցածր ցուցանիշները, ԵՄ-ի սահմանափակ հնարավորություններն ու ֆինանսական աջակցության հարցում Ուկրաինայի առաջնահերթությունը կարող են հանգեցնել Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկման։ Այս վերլուծությունը ամբողջությամբ վերարտադրել են նաև հայաստանյան լրատվամիջոցներ (1, 2)։

    Երրորդ փուլ․ Հայաստանի պետականության վերացման թեզը 

    Ռուսական քարոզչական հիմնական նարատիվները բարձրաձայնվել են նաև օգոստոսի 25-ին «НТВ»-ով հեռարձակվող «Место встречи» հաղորդման ժամանակ՝ «Եվրոմուտացիա» (8։28 րոպեից) խորագրի ներքո։ «НТВ»-ն, հիշեցնենք, Կրեմլի խոշորագույն քարոզչամիջոցներից մեկն է և ամբողջությամբ վերահսկվում է պետական «Գազպրոմ-Մեդիա» հոլդինգի կողմից։ 

    Ուշագրավ է հաղորդման ստուդիայի դիզայնը․ բանախոսները նստել են շրջանաձև, իսկ մեջտեղում՝ հատակին Հայաստանի դրոշով քարտեզն է՝ փշալարերի մեջ։ 

    Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում այն փաստին, որ Երևանը պաշտոնապես հռչակել է Եվրոպական Միությանն անդամակցելու կուրս, մեջբերվում են Փաշինյանի հայտարարություններն ու խոսվում նաև ֆերմերների դժգոհությունների մասին․ որպես այս քաղաքական որոշման հետևանք կամ զուգահեռ իրողություն՝ հաղորդման հեղինակները ձևակերպում են հետևյալ հեգնական հարցադրումը․ «Ինչո՞ւ են հայ ֆերմերները ուրախությունից փակում երկրի ճանապարհները»։

    Եթերում հյուրերից մեկը՝ լրագրող Անդրեյ Սիդորչիկը առաջ է մղում թեզը, թե առանց Ռուսաստանի Հայաստանը կհայտնվի «Օսմանյան կայսրության» կազմում․ «Որքան էլ Հայաստանին ասեն, թե այն մտնելու է ինչ-որ ծաղկուն այգի, միակ տեղը, ուր Հայաստանն առանց Ռուսաստանի կարող է մտնել, Օսմանյան կայսրությունն է։ Իհարկե, Հայաստանի միջոցով կարելի է մեծ վնաս հասցնել Ռուսաստանին։ Սակայն խնդիրն այն է, որ այդ վնասը կհանգեցնի բացառապես «հայկական պետականություն» հասկացության վերացմանը»։

    Ի դեպ, Սիդորչիկի այս ձևակերպումը, սակայն, հայկական քաղաքական խոսույթում նորություն չէ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ևս տարածում են նարատիվ՝ եթե ոչ դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, ապա Հայաստանը հայտնվելու է Թուրքիայի ազդեցության տակ։ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ բանտից զգուշացրել էր՝ «Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել»։

    Այսպիսով՝ մեկ օրվա ընթացքում նարատիվը տնտեսական կորուստների և ԵՄ-ին չանդամակցելու կանխատեսումներից հասել է Հայաստանի ֆիզիկական գոյության սպառնալիքին։ «Օսմանյան կայսրություն» ձևակերպմամբ փորձ է արվել ազդել նաև հայ հասարակության պատմական տրավմանների վրա՝ ԵՄ-ի հետ մերձեցումը կապելով Թուրքիայի վերահսկողության և պետականության կորստի հետ։

    Նույն ձևակերպումներով այս նարատիվը տարածվել է հայաստանյան, բայց ռուսամետ տելեգրամյան ալիքներով (1, 2) 

    Չորրորդ փուլ․ պաշտոնական ամրագրում և «ուկրաինական սցենար»

    Օգոստոսի 27-ին նարատիվը շարունակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը փորձում է ստանալ ԵՄ անդամակցության առավելությունները՝ չհրաժարվելով ԵԱՏՄ շրջանակում ունեցած «արտոնություններից», իսկ Երևանի այդ մոտեցումը որակել «անպարկեշտ»։ Հայկական լրատվամիջոցները վերարտադրել էին նաև այս հայտարարությունը (1, 2, 3)։

    ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

    Օգոստոսի 28-ին ակտիվորեն շրջանառված «Ուկրաինայի ճանապարհի» մասին թեզը հայտնվել է արդեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցի հայկական վերարտադրության մեջ։ Սակայն այս դեպքում հայկական լրատվամիջոցի վերնագիրն ավելի կտրուկ էր, քան սկզբնաղբյուրում Լավրովի ասածը։

    «РБК»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի հետ զուգահեռն անցկացրել է լրագրողը՝ հարցնելով, թե ինչպես կարելի է Հայաստանի դեպքում չկրկնել Ուկրաինայի հետ հարաբերություններում թույլ տված սխալները։ Լավրովը չի հայտարարել, թե Հայաստանն անցնելու է Ուկրաինայի ճանապարհով։ Նա պատասխանել է, որ ռուսական կողմն արել է հնարավոր ամեն ինչ, ապա խոսել ԵԱՏՄ անդամակցությունից Հայաստանի ստացած տնտեսական առավելությունների, ինչպես նաև տարաձայնությունները երկխոսությամբ լուծելու անհրաժեշտության մասին։

    Մինչդեռ Հայաստանի որոշ լրատվական միջոցներ Ուկրաինայի հետ համեմատությունը վերագրել են հենց Ռուսաստանի արտգործնախարարին ու Հայաստանին զգուշացումներ տվել (1, 2)։ 

    Այսպիսով՝ Փաշինյանի օգոստոսի 24-ի հայտարարությունը նոր նարատիվ չստեղծեց, այլ առիթ դարձավ արդեն շրջանառվող սպառնալիքի խոսույթը վերակտիվացնելու և սրելու համար։ ԵՄ-ին հնարավոր դիմում ներկայացնելու մասին զգուշավոր հայտարարությունը մի քանի օրվա ընթացքում ռուսական պաշտոնական և մեդիա տիրույթում վերածվեց Հայաստանի անխուսափելի տնտեսական պատժի, անվտանգային ճգնաժամի և պետականության վերացման կանխատեսման։

    Այս ուղերձների հիմքում նույն կեղծ երկընտրանքն է՝ կամ Հայաստանը մնում է Ռուսաստանի ազդեցության ներքո, կամ կորցնում է տնտեսությունը, անվտանգությունն ու պետականությունը։ Այդ կառուցվածքում Ռուսաստանը ներկայացվում է որպես Հայաստանի գոյության միակ երաշխավոր, իսկ ինքնուրույն արտաքին քաղաքական ընտրությունը՝ որպես ճանապարհ դեպի «Օսմանյան կայսրություն» կամ «ուկրաինական սցենար»։

    Հայկական մեդիան այս շղթայում միայն չեզոք փոխանցողի դեր չի ունեցել։ Որոշ լրատվամիջոցներ ռուսաստանցի պաշտոնյաների քաղաքական կանխատեսումները ընդգծել են վերնագրերում՝ չներկայացնելով Փաշինյանի խոսքի պայմանական բնույթը։ Միաժամանակ Ռուսաստանի բացակայությամբ Հայաստանը «թուրքական վիլայեթի» վերածելու, ինչպես նաև Հայաստանի՝ երկրորդ Ուկրաինա դառնալու մասին թեզերը պարբերաբար կրկնել են նաև հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները։

    Արդյունքում ռուսական սպառնալիքի նարատիվը հայկական տեղեկատվական միջավայրում բացի թարգմանվել ու տարածվելը, նաև համեմվել է տեղական քաղաքական խոսույթի հետ։ ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների շուրջ իրական տնտեսական և քաղաքական քննարկումը փոխարինվել է վախի վրա կառուցված բանաձևով՝ կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Հայաստանի անհետացումը։

    Հասմիկ Համբարձումյան

  • Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

    Մարիա Զախարովան ՀԱՊԿ-ի արձագանքը ներկայացնում է որպես Հայաստանի հանդեպ պարտավորությունների կատարում, բայց փաստերը այլ բան են ցույց տալիս։

    Մանրամասները՝

    ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

    The post Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները appeared first on FIP.AM.

  • Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում

    Ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» հեռուստաընկերության «5-րդ տաղավար» հաղորդման օգոստոսի 28-ի թողարկմանը հաղորդավարն ու նրա հյուր Բենիամին Մաթևոսյանը մի շարք մանիպուլյատիվ ու սխալ պնդումներ են արել 2022 թվականին Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակման, ՀԱՊԿ-ի գործողությունների և Լեռնային ղարաբաղում ռուս խաղաղապահների դերի վերաբերյալ։

    Քննարկման առիթը ՀՀ կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ծրագիրն էր։ Ի տարբերություն նախորդ ծրագրի` նոր փաստաթղթում հայ-ռուսական հարաբերությունները չեն բնութագրվում որպես «ռազմավարական դաշինք»։ Դրա փոխարեն ՀՀ կառավարությունը նախատեսում է «Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում»

    Սրա վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան` Փաշինյանը ճեպազրույցում նշել էր, որ 2022 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո (Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ Ջերմուկի ուղղությամբ — խմբ.) «դուք ավելի լավ է հարցնեք, թե ինչու ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն չեն կատարել անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները։ Ես ի՞նչ պատասխանեմ»։

    Հայաստանի դեմ հարձակման փոխարեն՝ Լեռնային Ղարաբաղի մասին

    Փաշինյանի այս հայտարարությանը հակադարձելու համար «Ռոսիա 24»-ի հաղորդավարը մեջբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամիսներ առաջ արված հայտարարությունը։ Այս տարվա ապրիլի 1-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին այն բանից հետո, երբ 2022 թվականին Պրահայում Հայաստանի ղեկավարությունը ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս: «…ՀԱՊԿ-ի համար անտեղի կլիներ միջամտել այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ»,- ասել է Պուտինը։

    Սակայն պետք է նկատել, որ ռուս լրագրողը համադրել է միմյանցից տարբեր երկու իրադարձություն։ Փաշինյանը խոսել էր 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ հարձակման և դրան ՀԱՊԿ-ի արձագանքի մասին։ Մինչդեռ Պուտինի մեջբերումը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին, որը, այո՛, ՀԱՊԿ պետության տարածք չէր, և այնտեղ ՀԱՊԿ-ը մանդատ չուներ։ 

    Հետևաբար Լեռնային Ղարաբաղում ՀԱՊԿ-ի չմիջամտելու մասին Պուտինի բացատրությունը չի պատասխանում այն հարցին, թե ինչու այդ կազմակերպությունը չկատարեց իր պարտավորությունները Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ հարձակման ժամանակ։

    «Փաստերի ստուգման հարթակը» դեռ այդ ժամանակ էր անդրադարձել ՌԴ նախագահի մանիպուլյատիվ պնդմանը։ 

    ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը

    Պրահայի հայտարարության խեղաթյուրված ժամանակագրությունը 

    Պուտինը ՀԱՊԿ-ի չմիջամտելը կապում է 2022 թվականի Պրահայի հայտարարության հետ։ Սակայն 2020 թվականի նոյեմբերի 17-ին, այսինքն՝ Պրահայի հանդիպումից գրեթե երկու տարի առաջ, նա «Ռոսիա 24»-ի հետ հարցազրույցում ասել էր․ «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դա նշանակում է, որ թե՛ ԼՂ-ն, և թե՛ հարակից 7 շրջանները հանդիսացել, հանդիսանում են Ադրբեջանի տարածքի անքակտելի մաս»։

    Այսպիսով, Պուտինն ինքը դեռևս 2020 թվականին Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից համարում է Ադրբեջանի մաս, հետևաբար ՀԱՊԿ-ի՝ այնտեղ ներգրավվելու անհնարինությունը երկու տարի անց Հայաստանի արտահայտած դիրքորոշանը վերագրելը մանիպուլյատիվ է։ Կազմակերպությունն այդպիսի լիազորություն չի ունեցել ո՛չ Պրահայի հայտարարությունից առաջ, ո՛չ դրանից հետո։ 

    Ընդ որում, Պրահայի հայտարարության տեքստում նշված չէ ո՛չ երկրների տարածքների մակերեսները, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղը։ Այդ փաստաթղթով, Հայաստանն ու Ադրբեջանը, հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

    Ադրբեջանի 86․600 քառակուսի կիլոմետր տարածքը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ճանաչելու մասին Փաշինյանը բացահայտ հայտարարել է արդեն 2023 թվականի մայիսին։ Հետևաբար Պրահայի հայտարարությունը ՀԱՊԿ-ի մանդատը փոխելու հիմք ներկայացնելը խեղաթյուրում է ժամանակագրությունը։

    ՀԱՊԿ-ի փոխարեն խաղաղապահներն անելիք ունեին 

    Լեռնային Ղարաբաղում ՀԱՊԿ-ի լիազորությունները չէին տարածվում, կառույցը ո՛չ Պրահայի հայտարարությունից առաջ, և ո՛չ էլ դրանից հետո ԼՂ-ում գործառույթներ չուներ։ 

    Փոխարենը ԼՂ-ում անելիք ուներ ռուս խաղաղապահ զորախումբը։ Պուտինը, խոսելով ՀԱՊԿ-ի ենթադրյալ մանդատի մասին, շրջանցել էր ԼՂ-ում պատերազմից հետո նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղակայված խաղաղապահ առաքելություն ունեցած ռուսական զորախմբի հանգամանքը ու նրանց պատասխանատվության հարցը։ 

    Նրանց ներկայությամբ, նկատենք, 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում, որից հետո հայ բնակչությունը բռնի տեղահանվեց ԼՂ-ից։

    ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

    ՀԱՊԿ-ի առաջարկած օգնության մասին մանիպուլյացիան

    Թողարկման հայաստանցի բանախոս Բենիամին Մաթևոսյանը, որին ռուս լրագրողը ներկայացնում է որպես քաղաքագետ, մի շարք մանիպուլյատիվ հայտարարություններ է անում, որոնք ամբողջությամբ համընկնում են ռուսաստանյան քարոզչական թեզերի հետ։

    Նախ, նա, բարձր գնահատելով ՌԴ նախագահի «անձնական ներդրումը» 2020 թվականի պատերազմը կանգնեցնելու գործում, չի անդրադառնում 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին ԼՂ-ում էթնիկ զտման հանգամանքներին. հիշեցնենք, որ ՌԴ խաղաղապահները ոչ միայն չզսպեցին ադրբեջանական հարձակումը, այլ նաև անգործություն ցուցաբերելով չպաշտպանեցին ԼՂ հայ բնակչությանը, որը օրերի ընթացքում բռնի տեղահանվեց։ 

    Հայաստանցի բանախոսը նաև պնդում է, թե ՀԱՊԿ-ը օգնություն է առաջարկել Հայաստանին 2022 թվականի ագրեսիայից հետո, իսկ Հայաստանը հրաժարվել է: Նման պնդումներ պարբերաբար հնչեցնում են նաև Ռուսաստանի պաշտոնյաները։ Օրերս նման պնդում էր արել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որին FIP.am-ն անդրադարձել էր:

    Այսպես, Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն (Հայաստանը դիմել էր հենց այս հոդվածի հիման վրա-խմբ․)՝ անդամ պետություններից մեկի դեմ ագրեսիան կամ նրա անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամ պետությունների դեմ։ Այդ պետության դիմումի դեպքում մյուս անդամները պարտավորվում են անհապաղ անհրաժեշտ օգնություն տրամադրել՝ ներառյալ ռազմական։ 

    Հայաստանի դիմումից հետո ՀԱՊԿ-ն իսկապես առաքելություն ուղարկել է Հայաստան։ Սակայն կազմակերպության՝ 2022 թվականի սեպտեմբերի 14-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առաքելությունը պետք է գնահատեր իրավիճակը և զեկույց պատրաստեր պետությունների ղեկավարների համար, իսկ ստեղծված աշխատանքային խումբը՝ մշտադիտարկեր իրավիճակը։

    Հաղորդագրության մեջ որևէ ձևակերպում չկար Ադրբեջանի հարձակման, ագրեսիայի կամ Հայաստանի տարածքների օկուպացման մասին։ Հետևաբար գնահատող առաքելություն ուղարկելն ինքնին չէր նշանակում 4-րդ հոդվածով նախատեսված օգնության և պաշտպանության մեխանիզմների գործարկում։

    2022 թվականի նոյեմբերի 23-ի ՀԱՊԿ գագաթնաժողովում Փաշինյանը չէր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը և Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը։ Նա դա բացատրել էր այն հանգամանքով, որ այդ փաստաթղթում չկա Ադրբեջանի գործողությունների հստակ քաղաքական գնահատական, իսկ ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու պահանջը բացակայում է։

    Հայկական կողմը պահանջում էր, որ ՀԱՊԿ-ն արձանագրի Ադրբեջանի ագրեսիան, հաստատի, որ ներխուժումը տեղի է ունեցել կազմակերպության պատասխանատվության գոտում և պահանջի ադրբեջանական զորքերի անհապաղ ու անվերապահ դուրսբերումը Հայաստանի տարածքից։

    Հետևաբար Հայաստանը մերժել էր ոչ թե ցանկացած օգնություն կամ աջակցություն, այլ չէր ստորագրել մի փաստաթուղթ, որը, ըստ հայկական կողմի, չէր արձանագրում Հայաստանի դեմ ագրեսիան և չէր պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում։

    Բանախոսը նաև պնդել է, թե հայկական կողմը կորցրել է ԼՂ-ն, քանի որ ՀՀ-ն հրաժարվել էր ՀԱՊԿ-ի խաղաղապահներից։ Այդ պնդումը հիմնովին կեղծ է. ԼՂ-ում 2020 թվականից արդեն իսկ տեղակայված էին խաղաղապահներ, սակայն դա չզսպեց Բաքվին, որ էթնիկ զտման չենթարկի տարածաշրջանը: 

    Այսպիսով, «Ռոսիա 24»-ի հաղորդավարը և Բենիամին Մաթևոսյանը խառնել են Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2022 թվականի հարձակումը և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները։ Պուտինի՝ Պրահայի հայտարարությանը հղումը չի բացատրում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ-ի անգործությունը, քանի որ ԼՂ-ում կազմակերպությունը ի սկզբանե մանդատ չի ունեցել։ 

    Մանիպուլյատիվ է նաև պնդումը, թե ՀԱՊԿ-ը 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումից հետո Հայաստանին անհրաժեշտ օգնություն է առաջարկել, իսկ Հայաստանը հրաժարվել է դրանից։ 

    ՀԱՊԿ-ի ուղարկած առաքելությունը հիմնականում գնահատողական գործառույթ ուներ և ինքնին չէր նշանակում Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության և օգնության մեխանիզմների գործարկում։ Հայաստանը մերժել էր ոչ թե օգնությունը կամ աջակցությունը, այլ այն փաստաթուղթը, որը չէր արձանագրում Ադրբեջանի ագրեսիան, Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը և ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը։

    Նանե Մանասյան

    Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

  • ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ է արել։ 

    Այսպես, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ կառավարությունը 2022 թվականին ՀԱՊԿ-ի կողմից իր պարտավորությունները չկատարելու առնչությամբ փոխում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը, Զախարովան գրել էր․ «Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, և կազմակերպությունը, հակառակ ձեր պնդումներին, արագ արձագանքեց․ ուղարկվեց դիտորդական առաքելություն՝ հենց Հայաստանի տարածք, ինչպես սահմանված է կանոնադրությամբ։ Դուք Երևանում անձամբ եք ընդունել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ Մի՞թե կարծում եք՝ նա եկել էր Հարավային Կովկասով հիանալու։ Ո՛չ, դա անդամ երկրների տարածքը պաշտպանող կառույցի առաքելությունն էր։ Իսկ դուք ոչինչ չարեցիք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական առումով»։

    Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Զախարովան, նախկինում ևս պնդել են, թե ՀԱՊԿ-ը պատշաճ արձագանքել է 2022 թվականի սեպտեմբերյան հարձակմանը՝ ընտրողաբար ներկայացնելով կամ շրջանցելով կարևոր փաստերը։ 

    Կարդացեք նաև՝ «Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

    «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում բազմիցս (1, 2, 3) անդրադարձել է նման պնդումներին՝ վերականգնելով իրադարձությունների ժամանակագրությունը և համադրելով կողմերի պաշտոնական հայտարարությունները։ Այս անգամ FIP.am-ն ուսումնասիրել է Զախարովայի ներկայացրած առանձին պնդումները։ 

    «Արձագանքել է» չի նշանակում «կատարել է պարտավորությունները»

    Զախարովան Փաշինյանի այն պնդմանը, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր անվտանգության պարտավորությունները, իր գրառմամբ պատասխանում է՝ կազմակերպությունը «օպերատիվ արձագանքել է» և առաքելություն ուղարկել Հայաստան։

    Ըստ էության, այս հայտարարությունը փաստացի չի պատասխանում Փաշինյանի պնդմանը։ Խնդիրն այն չէ, թե ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները եկե՞լ են Հայաստան, թե՞ ոչ։ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետություններից մեկի դեմ ագրեսիան կամ նրա անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամ պետությունների դեմ։ Այդ պետության դիմումի դեպքում մյուս անդամները պարտավորվում են անհապաղ անհրաժեշտ օգնություն տրամադրել՝ ներառյալ ռազմական։ Հետևաբար, գնահատող առաքելություն ուղարկելը դեռ ինքնին չի նշանակում 4-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների կատարում։ 

    Հայկական կողմի մտահոգությունն այն է, թե ՀԱՊԿ-ն իրադարձությունները ճանաչե՞լ է որպես անդամ պետության դեմ հարձակում և գործարկե՞լ է դրանից բխող պաշտպանության մեխանիզմները։

    2022 թվականին ՀԱՊԿ-ի սեպտեմբերի 14-ի պաշտոնական հաղորդագրությամբ առաքելությունը պետք է՝

    • գնահատեր իրավիճակը,
    • զեկույց պատրաստեր պետությունների ղեկավարների համար,
    • իսկ աշխատանքային խումբը՝ մշտադիտարկեր իրավիճակը։

    Որևէ ձևակերպում Ադրբեջանի հարձակման, ագրեսիայի կամ Հայաստանի տարածքների օկուպացման մասին այս որոշման մեջ չկար։

    Ինչո՞ւ Փաշինյանը չստորագրեց ՀԱՊԿ-ի առաջարկած փաստաթուղթը 

    Նույն գրառման մեջ Զախարովան նաև պնդում է, թե 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում «կազմակերպության առաքելության տեղակայման մասին որոշման» տեքստը համաձայնեցվել էր և պատրաստ էր ստորագրման, սակայն Փաշինյանը հրաժարվել է ստորագրել այն։ 

    «Ինչպես հայտնի է, դուք, Նիկո՛լ Վովաևիչ, հրաժարվեցիք։ Որոշումը, ի թիվս այլնի, նախատեսում էր․ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար անհապաղ քաղաքական-դիվանագիտական միջոցառումներ, ռազմատեխնիկական աջակցություն, սահմանապահների վերապատրաստում, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական արագ արձագանքման ուժերի՝ Հայաստանի տարածքում օպերատիվ ծավալման պլանի պատրաստում», -գրել է Զախարովան։

    Այս դեպքում Զախարովան ամբողջական չի ներկայացնում իրավիճակը․ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերի 23-ի նիստում հրապարակայնորեն բացատրել էր, որ փաստաթուղթը չի ստորագրում, քանի որ դրանում բացակայում է Ադրբեջանի գործողությունների հստակ քաղաքական գնահատականը և ադրբեջանական ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրսբերման պահանջը։ «Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը», –ասել էր ՀՀ վարչապետը։ 

    Նա մասնավորապես պահանջում էր, որ ՀԱՊԿ-ն արձանագրի Ադրբեջանի ագրեսիան, հաստատի, որ ներխուժումը տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում և պահանջի ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի տարածքից։

    Այսինքն, Հայաստանը մերժել է ոչ թե ցանկացած ՀԱՊԿ առաքելություն կամ օգնություն, այլ այն նախագիծը, որը չէր արձանագրում, թե ով է խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և չէր պահանջում օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերում։ 

    ԵՄ առաքելության մասին պնդումը սխալ է 

    ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը բացի մանիպուլյատիվ պնդումներ անելուց, հեգնական ու սխալ ձևով է ներկայացրել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը։ «․․․Եվրոպացի դիտորդներից էական տարբերությունն այն էր լինելու, որ ՀԱՊԿ առաքելությունը լիազորված էր լինելու ոչ թե պարզապես «հեռադիտակով նայել», այլ անմիջականորեն զեկուցել սահմանային իրավիճակի մասին և միջոցներ առաջարկել հնարավոր ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման համար»։

    Զախարովայի այս հակադրության առաջին մասը փաստացի սխալ է․ իրավիճակի մշտադիտարկումն ու դրա վերաբերյալ զեկույցներ ներկայացնելը հենց ԵՄ առաքելությունների պաշտոնական գործառույթներից են։ 2022 թվականի հոկտեմբերին ստեղծված ժամանակավոր առաքելության նպատակը սահմանված էր որպես՝ իրավիճակի մշտադիտարկում, վերլուծություն և զեկուցում։

    Ընդ որում՝ առաքելության զեկույցները պետք է նպաստեին սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին։ Իսկ ահա 2023 թվականին ստեղծված EUMA-ի մանդատն էլ ներառում է՝

    • կանոնավոր պարեկություն,
    • սահմանային միջադեպերի դիտարկում և զեկուցում,
    • անվտանգության իրավիճակի վերաբերյալ մանրամասն իրազեկվածության ապահովում,
    • հակամարտությունից տուժած բնակչության անվտանգության վերաբերյալ տեղեկությունների հավաքում և զեկուցում,
    • վստահության ամրապնդման ծրագրերի իրականացում և համապատասխան խորհրդատվություն։

    Ուստի «եվրոպացիները պարզապես հեռադիտակով դիտում են, իսկ ՀԱՊԿ-ը նաև զեկուցելու էր» ձևակերպումը հեգնական կեղծ հակադրություն է։

    «Փաշինյանը ոչինչ չի արել» պնդումը հերքվում է փաստերով 

    Զախարովայի՝ Փաշինյանին ուղղված «դուք ոչինչ չարեցիք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական առումով» արտահայտությունը չի հաստատվում փաստերով։

    Իսկ փաստերը հետևյալն են՝

    • Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և պահանջել հավաքական քայլեր Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համար։
    • Հայաստանը 2022 թվականի սեպտեմբերին հարցը ներկայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
    • Հայաստանի ԱԳ նախարարը սեպտեմբերի 22-ին ԵՄ-ին հրավիրել է դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստանում։
    • 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ 
    • 2023 թվականի մայիսին կողմերը հաստատել են, որ ճանաչում են Հայաստանի 29,800 և Ադրբեջանի 86,600 քկմ տարածքները։ 
    • 2024 թվականի ապրիլին սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են, որ սահմանազատման հիմքը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրն է, և սահմանային առանձին հատվածներում իրականացրել են առաջին գործնական սահմանազատումը։

    Պրահայի հայտարարության միակողմանի ներկայացումը 

    Զախարովան միակողմանի է ներկայացնում Պրահայի հայտարարությունը։ Նա գրում է․ «Հիշենք նաև նույն աշնան մյուս իրադարձությունները։ 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ սահմանային բախումներից երեք շաբաթ անց, դուք ԵՄ հովանու ներքո՝ վստահելով Բրյուսելին ու Փարիզին, ստորագրեցիք Պրահայի հայտարարությունը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դուք ուղղակիորեն հայտարարեցիք․ «Ադրբեջանի տարածքը 86,6 հազար քառ․ կմ է՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը»։

    Այս գրությամբ Զախարովան առանձնացնում է միայն այն հանգամանքը, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դա ներկայացնում որպես Փաշինյանի միակողմանի զիջում։

    Բայց Պրահայի հայտարարության մեջ ճանաչումը փոխադարձ է, ինչը նշանակում է՝ 

    • Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,
    • Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը,
    • Ալմա Աթայի հռչակագիրը սահմանվել է որպես սահմանազատման հիմք։

    Իսկ հայտարարության երկրորդ մասը Զախարովան ամբողջությամբ լռության է մատնում։ Ավելին՝ նա Լեռնային Ղարաբաղը ներառող 86,600 քկմ-ի մասին Փաշինյանի՝ 2023 թվականի մայիսի հայտարարությունը դնում է 2022 թվականի Պրահայի հայտարարության համատեքստում՝ ստեղծելով տպավորություն, թե հենց այդ ձևակերպումն է ստորագրվել Պրահայում։ Իրականում Պրահայի տեքստում ո՛չ մակերեսներ են նշված, ո՛չ Լեռնային Ղարաբաղը։

    Այսպիսով, Զախարովայի գրառման առանձին փաստեր, այո, համապատասխանում են իրականությանը․ ՀԱՊԿ-ն առաքելություն է ուղարկել Հայաստան, իսկ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերին չի ստորագրել Հայաստանին օգնության վերաբերյալ ներկայացված փաստաթուղթը։ Սակայն այս փաստերը ներկայացված են ամբողջական համատեքստից դուրս։

    ՀԱՊԿ-ն այդպես էլ պաշտոնապես չի ճանաչել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, չի արձանագրել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը և չի պահանջել ադրբեջանական ուժերի դուրսբերումը։ Հենց այս գնահատականի բացակայությունն էր փաստաթուղթը չստորագրելու՝ հայկական կողմի հրապարակայնորեն ներկայացված պատճառը։

    Միաժամանակ Զախարովան սխալ է ներկայացնում ԵՄ առաքելության գործառույթները, որոնք նույնպես ներառում են իրավիճակի մշտադիտարկում, վերլուծություն և զեկուցում։ Իսկ պնդումը, թե Փաշինյանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար իրավական կամ քաղաքական որևէ քայլ չի կատարել, հերքվում է Պրահայի փոխադարձ ճանաչմամբ, Հայաստանի տարածքի մակերեսի հետագա ամրագրմամբ և Ալմա Աթայի հռչակագրի հիմքով սկսված սահմանազատմամբ։

    Հետևաբար, Զախարովան իրական փաստերը ընտրողաբար ներկայացնելով՝ ՀԱՊԿ-ի սահմանափակ արձագանքը նույնացնում է կազմակերպության պայմանագրային պարտավորությունների կատարման հետ և շրջանցում այն հարցը, թե ինչու Հայաստանը մերժեց առաջարկված փաստաթուղթը։

     

    Հասմիկ Համբարձումյան