ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ի իր հերթական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ հանձնարարել է խմբագրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը՝ հեռացնելով պետության հետ հաշտություն կնքելու հնարավորություն նախատեսող դրույթները։
Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականին․ դրա 19-րդ հոդվածը սահմանում է վարույթում ներգրավված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացու և պետության միջև հաշտության պայմանները։ Այդպիսով, օրենքը թույլ է տալիս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտել հաշտության համաձայնությամբ, որով պետությանը փոխանցվող գույքի կամ գումարի չափը չի կարող պակաս լինել ուսումնասիրության եզրակացությամբ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75%-ից։
«Ես հանձնարարել եմ, որ այդ կարգավորումը վերացնեն։ Չկա՛ այլևս 25 տոկոս։ Առհասարակ։ Չպիտի՛ լինի։ Տվել ենք այդ շանսը, 8 տարի (Օրենքն ընդունվել է 2020 թվականին, հետևաբար Փաշինյանի նշած ութ տարին չի կարող վերաբերել հաշտության այս մեխանիզմի գործողության ժամանակահատվածին։ 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ օրենքի ընդունումից անցել է շուրջ վեց տարի-խմբ․) չեն օգտվել այդ շանսից, հիմա պետք է զրոյացվի, 100 տոկոսը պետք է վերադարձվի։ Այո, առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, և այդ հաշտության հնարավորությունը կվերացվի»,— հայտարարել է Փաշինյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել հարցմամբ՝ պարզելու, թե քանի՞ անձ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների շրջանակում հաշտություն կնքել պետության հետ։
11 անձ հաշտվել է, վերադարձվել է 5,5 միլիարդ դրամ
Այսպես, FIP.am-ին Դատախազությունից հայտնել են, որ օրենքի ընդունումից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 11-ը օրենքի շրջանակում պետության հետ հաշտություն է կնքել 11 անձ։
Այս շրջանակում վերադարձվել է մոտ 5,552 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց։
FIP.am-ը դատախազությունից խնդրել էր նաև այդ անձանց ցանկը, սակայն պետական այս մարմնից այն չեն տրամադրել, հետևաբար ստորև բերված՝ հաշտություն կնքածների ցանկը հիմնված է բաց աղբյուրներում առկա տվյալների հիման վրա։
Պետության հետ հաշտություն կնքածների թվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը․ նա 2023 թվականին «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրեց Հայաստանի Հանրապետությանը․ Գլխավոր դատախազության մասնակի հաշտության համաձայնությունը հաստատվել է դատարանի կողմից։
Համաձայն բաց աղբյուրների՝ հաշտության օրենսդրական հնարավորությունից է օգտվել նաև Պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, որը պետությանն է վերադարձրել 200 միլիոն դրամ։
Հաշտություն է կնքվել նաև Պետական եկամուտների կոմիտեի նախկին պաշտոնյա Գևորգ Հակոբյանի հետ, որի շրջանակում նա պետությանն է վերադարձրել 50 միլիոն դրամի տրանսպորտային միջոց և ընկերություն։
Պետության հետ հաշտություն է կնքել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի կինը՝ Նանի Օսկանյանը․ նա պետությանն է վերադարձրել Դիլիջանում գտնվող մանկապարտեզի շենքը, որը մոտ 20 տարի առաջ անհատույց կերպով նրա ղեկավարած հիմնադրամին էր փոխանցվել։
Նշենք, որ համաձայն Դատախազության տվյալների՝ 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ, օրենքի գործողության 6 տարիների ընթացքում դատարաններում քննվում է ընդհանուր թվով 166 հայց, որոնց ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է:
Իսկ ահա հաշտության համաձայնությունների շրջանակում պետությանը վերադարձված 5,552 միլիարդ դրամը թվային առումով այդ գումարի շուրջ 1%-ին է համարժեք։
Այսպիսով, 2026 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետության հետ հաշտություն է կնքել 11 անձ, իսկ պետությանը վերադարձվել է 5,552 միլիարդ դրամի գույք և դրամական միջոցներ, ինչը թույլ չի տալիս եզրակացնել՝ արդյունավետ է կիրառվե՞լ հաշտության մեխանիզմը, թե՞ ոչ։
Ազգային ժողովի նիստում սեպտեմբերի 16-ին ունեցած ելույթում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը, անդրադառնալով Հայաստանի կողմից զենքի մատակարարումների դիվերսիֆիկացմանը, հայտարարել է․
«Երբ ժամանակին մենք ձեռք էինք բերում, էդ ձեր ասած անինքնիշխանության ժամանակ Ռուսաստանից զենքեր՝ ամբողջ Ադրբեջանը վայնասուն էր բարձրացնում, որ Հայաստանը զինվում է։ Հիմա երբ ասում եք դիվերսիֆիկացրել ենք, ամբողջ աշխարհից տարբեր զինատեսակներ ենք ձեռք բերում, Ադրբեջանն ու Թուրքիան հանգիստ վեր են ընկել տեղերը, ծպտուն չեն հանում»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կողմից տարբեր երկրներից սպառազինության ձեռքբերումներին Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքները։
Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո ընդլայնում է Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այս գործընթացը մի քանի անգամ արժանացել է Ադրբեջանի հրապարակային դժգոհությանը։
2023 թվականի հուլիսի 26-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Սրիդհարան Մադհուսուդհանանի հետ և այդ հանդիպման ընթացքում Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնման, մասնավորապես՝ հնդկական արտադրության սպառազինությունը Հայաստան տեղափոխելու վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ։
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանին «մահաբեր զենքի» մատակարարումը, Բաքվի գնահատմամբ, նպաստում է Հայաստանի ռազմականացմանը և տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Ավելին՝ Հաջիևը Հնդկաստանի դեսպանին խնդրել է Ադրբեջանի «լուրջ մտահոգությունը» փոխանցել պաշտոնական Նյու Դելիին և վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը։
Սա Հայաստանի սպառազինման վերաբերյալ Ադրբեջանի դժգոհ արձագանքի միակ դեպքը չէր։ 2023 թվականի մայիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով Ադրբեջանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հավատարմագրերը,անդրադարձել էր նաև Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերմանը։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ դեսպանի հետ զրույցում Ալիևը պնդել էր, որ Հայաստանում ակտիվանում են «ռևանշիստական ուժերը» և շարունակվում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Այս համատեքստում նա Հայաստանի սպառազինումը ներկայացրել էր որպես տարածաշրջանի համար նոր սպառնալիք։
«Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնում»,- հայտարարել էր Ալիևը՝ հավելելով, որ նման քաղաքականությունը, իր գնահատմամբ, կարող է նոր սպառնալիքներ առաջացնել տարածաշրջանում։
Հատկանշական է, որ այս հայտարարությունն Ալիևն արել էր հենց Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ։ Այդ շրջանում Հնդկաստանն արդեն դարձել էր Հայաստանի սպառազինության նոր մատակարարներից մեկը։
Ֆրանսիական զենքը և Ադրբեջանի արձագանքները
Ֆրանսիայի և Հայաստանի միջև զարգացող ռազմատեխնիկական համագործակցության մասով ևս Ադրբեջանը դժգոհ է եղել։ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ Երևանում արած հայտարարություններին, առանձին անդրադարձել էր նաև Հայաստանին զենք մատակարարելու հարցին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին ամեն կերպ զինելու քաղաքականությունը «անընդունելի» է։ Մեկ ամիս անց արձագանքը ավելի կոնկրետ էր։
2023 թվականի նոյեմբերի 13-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ «խստորեն դատապարտել է» Ֆրանսիայի կողմից Հայաստանին Bastion տեսակի զրահամեքենաների մատակարարումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, որ դրանց մատակարարումն ուժեղացնում է Հայաստանի ռազմական կարողությունները և կոչ է արել ոչ միայն Ֆրանսիային, այլև միջազգային հանրությանը ձեռնպահ մնալ Հայաստանին զենք մատակարարելուց։
Հետևաբար, Ֆրանսիայից Հայաստան սպառազինության մատակարարումը ոչ միայն չի մնացել առանց Ադրբեջանի արձագանքի, այլ դարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի առանձին պաշտոնական հայտարարության թեմա։
«Caesar»-ները և Հայաստանի ռազմականացման մասին պնդումները
Ֆրանսիայի հետ Հայաստանի ռազմական համագործակցության խորացմանը զուգահեռ Բաքուն շարունակել է հրապարակային քննադատությունները նաև 2024 թվականին։
2024 թվականի մարտի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը, հայտարարել էր, որ մտահոգված է Հայաստանի «ռազմականացմանն» ուղղված՝ Ֆրանսիայի գլխավորած քաղաքականությամբ և նոր՝ այդ թվում «մահաբեր և հարձակողական» սպառազինության մատակարարման խոստումներով։
Նույն հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել էր նաև Հունաստանի կողմից Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու մասին հայտարարություններին։
Ադրբեջանը շարունակել է արձագանքել նաև այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ֆրանսիական Caesar ինքնագնաց հրետանային համակարգերի շուրջ հայ-ֆրանսիական համագործակցության մասին։
2024 թվականի հուլիսի 22-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն, այս անգամ արձագանքելով Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու որոշմանը, հիշեցրել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին Bastion զրահամեքենաներով և Caesar ինքնագնաց հրետանային համակարգերով զինելու մասին։
Բաքուն ԵՄ որոշումը որակել է «սխալ ու վտանգավոր քայլ» և պաշտոնապես հայտարարել, որ «խստորեն առարկում է» ԵՄ խորհրդի՝ Հայաստանին այդ ռազմական օգնությունը տրամադրելու որոշմանը ։
Ադրբեջանը թեմային անդրադարձել է նաև ավելի ուշ
Հայաստանի սպառազինման վերաբերյալ Ադրբեջանի հրապարակային դժգոհությունները չեն սահմանափակվել 2023-2024 թվականներով։ Օրինակ՝ 2026 թվականի հունիսի 24-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննադատել է Ֆրանսիայի և Հայաստանի պաշտպանական համագործակցության ընդլայնումն ու Հայաստանին զենքի տրամադրումը՝ պնդելով, որ դա չի նպաստում խաղաղությանը։
Թուրքիան ևս արձագանքել է
Հայկ Ֆարմանյանի պնդումը խնդրահարույց է նաև Թուրքիայի մասով։ Թուրքիայից ևս եղել է Հայաստանի կողմից նոր սպառազինության ձեռքբերման վերաբերյալ հրապարակային արձագանք։
Մասնավորապես, 2023 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ Ֆրանսիայից Հայաստան Bastion տեսակի զրահամեքենաների մատակարարման մասին։ Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հենց այդ մատակարարումներին։
Էրդողանը Ֆրանսիայի քայլը որակեց «սադրանք»՝ հայտարարելով, որ Փարիզը դրանով ոչ թե օգնում, այլ վնասում է Հայաստանին։
«Սա սադրանք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ դրանով Հայաստանին լավություն չի անում, այլ վնասում է»,- հայտարարել էր Թուրքիայի նախագահը։ Նա նաև պնդել էր, որ Հայաստանի համար լավագույն տարբերակը Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելն է, իսկ Հայաստանին զենք տրամադրող երկրները դժվար պահին նրան միայնակ են թողնելու։
Այսպիսով, բաց աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ֆարմանյանի պնդումը, թե Հայաստանի կողմից սպառազինության մատակարարների դիվերսիֆիկացումից հետո Ադրբեջանն ու Թուրքիան «ծպտուն չեն հանում», չի համապատասխանում փաստերին։
2023-2026 թվականներին Ադրբեջանը բազմիցս և տարբեր մակարդակներով հրապարակային դժգոհություն է հայտնել Հայաստանի սպառազինման վերաբերյալ՝ արձագանքելով մասնավորապես Հնդկաստանից և Ֆրանսիայից զենքի մատակարարումներին, ինչպես նաև եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու որոշմանը։
Հայաստանի սպառազինության փաստին բարձր մակարդակով արձագանքել է նաև Թուրքիան՝ մատակարարումները որակելով սադրանք։
Սեպտեմբերի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԿԲ-ն դիտարկում է գազի գնի բարձրացման հնարավորությունը, նշել է, որ նման սցենարը քննարկվել է։ Նա գազի հնարավոր թանկացումը չի դասել ԿԲ-ի հիմնական A կամ B սցենարներից որևէ մեկի շարքին։ «Այն երկակի էֆեկտ կարող է ունենալ։ Նախ, կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը։ Եվ երկրորդային էֆեկտ, որովհետև գազի գինը կարող է ներառված լինել նաև այլ ապրանքների, արտադրանքի արժեքում և այլն, ու, բնականաբար, կարող է իր հետ բերել նաև որոշակի Բ տիպի ռիսկ՝ մեր տնտեսության անկման հետ կապված։ Ուստի, մենք այդ սցենարը մտքում ունեցել ենք, բայց մեր տեսանկյունից դա X տիպի սցենար է, որն ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում և որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին, ոչ բնականոն»,- նշել է նա։
Միաժամանակ ԿԲ նախագահը նշել է, որ բանկը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով՝ հաշվի առնելով նման խնդիրների առաջացման հնարավորությունը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Մարտին Գալստյանի հայտարարությանն անդրադարձած ռուսական մեդիայի հրապարակումները և պարզել, որ դրանց մի մասում ԿԲ նախագահի խոսքը ներկայացվել է ավելի կոշտ ձևակերպումներով, իսկ որոշ հրապարակումներում դրան ավելացվել է քաղաքական ենթատեքստ կամ փոխվել է հենց քննարկվող սցենարի բովանդակությունը։
Ինչպես փոխվեց հայտարարությունը ռուսական մեդիայում
«Коммерсантъ»-ը Գալստյանի խոսքը վերնագրել է՝ «Հայաստանի ԿԲ-ն ռուսական գազի գնի աճը համարել է «ապոկալիպտիկ» երևույթ»։
Վերնագիրն ավելի կատեգորիկ է, քան Գալստյանի իրական ձևակերպումը. ԿԲ նախագահը գազի գնի բարձրացումն ինքնին «ապոկալիպտիկ երևույթ» չէր անվանել, այլ ասել էր, որ դա X տիպի սցենար է, որը «ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում»։ Այնուամենայնիվ, նյութի հիմնական տեքստում «Коммерсантъ»-ը փոխանցել է X սցենարի և հնարավոր տնտեսական հետևանքների մասին Գալստյանի խոսքը։
Արտապատկերումը՝ «Коммерсантъ»-ի նյութից
RBC.ru-ն իր հրապարակումը վերնագրել է՝ «Հայաստանում ռուսական գազի գնի աճը համարել են «ապոկալիպտիկ» սցենար», իսկ անմիջապես վերնագրի տակ հիշեցրել Ռուսաստանի սպառնալիքը․ «Ավելի վաղ Ռուսաստանը սպառնացել էր բարձրացնել գազի գինը, եթե Հայաստանը շարունակի եվրաինտեգրումը»։
Այնուհետև նյութում հիշեցրել են Ռուսաստանի ԱԳՆ-ի նախազգուշացումը, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին ռուս պաշտոնյաների հայտարարությունները, Հայաստանի համար գազի $177.5 գինը և Դմիտրի Պեսկովի գնահատականը, ըստ որի՝ արտոնյալ գինը Ռուսաստանի կողմից «եղբայրական ժողովրդին» տրամադրվող օգնություն է։
Այդ կերպ ԿԲ նախագահի՝ գազի հնարավոր թանկացման տնտեսական հետևանքների մասին գնահատականը ՌԲԿ-ն տեղավորել է Հայաստանի եվրաինտեգրման և դրա հետ կապված Ռուսաստանի նախկին նախազգուշացումների և սպառնալիքների համատեքստում
RTVI-ն Գալստյանի հայտարարությունը ներկայացրել է ««Ապոկալիպտիկ սցենար»․ Հայաստանի ԿԲ-ն պատրաստվել է ռուսական գազի թանկացմանը» վերնագրով։ Հրապարակման սկզբում ԿԲ նախագահի խոսքը հիմնականում փոխանցվել է առանց էական փոփոխության, սակայն այնուհետև նյութը տեղափոխվել է ավելի լայն քաղաքական համատեքստ։
Մասնավորապես, RTVI-ն հիշեցրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի հայտարարությունը, որ գազի հնարավոր թանկացման համատեքստում ռուսական ռազմաբազայի վարձավճարի վերանայումը կարող է լինել Երևանի բանակցային գործիքներից մեկը։ Այնուհետև մեջբերել է նաև Մարիա Զախարովայի արձագանքը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ հայտարարություններին, ինչպես նաև համեմատել Հայաստանի համար ռուսական գազի գինը եվրոպական շուկայի գների հետ։
ՌուսականURA.RU-ն ավելի հեռուն է գնացել․ կայքն իր հրապարակումը վերնագրել է՝ «Հայաստանը մեկ քայլ է հեռու ապոկալիպսիսից․ նրան սարսափելի հետևանքներ են սպասվում առանց ռուսական գազի»։
Նյութի գլխավոր լուսանկարի մակագրությունն էլ ավելի կտրուկ է՝ «Ռուսական էներգակիրներից հրաժարվելուց հետո Հայաստանին տնտեսական ապոկալիպսիս է սպառնում»։
Այստեղ արդեն փոխվել է ոչ միայն Գալստյանի խոսքի շեշտադրումը, այլև հենց քննարկվող իրավիճակը։ ԿԲ նախագահը խոսել էր ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման և դրա տնտեսական հետևանքների մասին։ URA.RU-ի վերնագրում դա վերածվել է «Հայաստանն առանց ռուսական գազի» ձևակերպման, իսկ լուսանկարի մակագրությունում՝ ռուսական էներգակիրներից Հայաստանի հրաժարման։
Արտապատկերումը՝ URA.RU-ից
Մինչդեռ Գալստյանը նման զարգացումների մասին չէր խոսել և ռուսական գազից կամ էներգակիրներից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն չէր արել։
Այս լրատվամիջոցը Գալստյանի տնտեսական գնահատականին նաև քաղաքական ենթատեքստ է տվել՝ այն կապելով Հայաստանի եվրաինտեգրման հետ․ «Հայաստանին տնտեսական ապոկալիպսիս է սպառնում» ենթավերնագրի տակ կայքը գրել է, որ «այժմ Հայաստանին սպասվում է ընտրություն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, ինչը ուղղակիորեն կազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա»։
Արտապատկերումը՝ URA.RU-ից
Այսպիսով, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը խոսել է ռուսական գազի հնարավոր թանկացման հիպոթետիկ սցենարի և դրա՝ գնաճի ու տնտեսական ակտիվության վրա հնարավոր ազդեցության մասին՝ այն բնորոշելով որպես X տիպի սցենար, որը, նրա խոսքով, «ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում»
Մինչդեռ ռուսական մի շարք լրատվամիջոցներ, որոնք առավել հայտնի են որպես կրեմլյան քարոզչամիջոցներ, ՀՀ ԿԲ նախագահի խոսքը ներկայացրել են ավելի կոշտ ձևակերպումներով, դրան ավելացրել Հայաստանի եվրաինտեգրման և ռուս-հայկական հարաբերությունների քաղաքական համատեքստը, իսկ URA.RU-ի դեպքում գազի հնարավոր թանկացման սցենարը վերածվել է արդեն «առանց ռուսական գազի» և «ռուսական էներգակիրներից հրաժարվելու» պատմության։
Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքի և ելքի վերահսկողությունն իրականացնելու է ադրբեջանական կողմը։
Երկու լրատվամիջոցներն էլ Բայրամովի խոսքին ավելացրել են «վերահսկողություն» հասկացությունը, մինչդեռ ադրբեջանցի պաշտոնյայի՝ APA գործակալության փոխանցած հայտարարության մեջ նման պնդում չկա։
Արտապատկերումը՝ ադրբեջանական APA գործակալությունից
Բայրամովը, ըստ ադրբեջանական պետական APA գործակալության ասել է հետևյալը․ «Թեև սա (Թրամփի ուղին-խմբ.) համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»։
Ադրբեջաներեն բնօրինակում նույնպես օգտագործվել է նույն արտահայտությունը, ինչ ռուսերեն թարգմանության մեջ և այդ արտահայտությունը վերաբերում է երթուղու մուտքի ու ելքի ուղղություններին և ոչ թե դրանց նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողություն իրականացնելուն։
Նկատենք՝ խոսքը Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող ճանապարհահատվածի մասին է։
Արտապատկերումը՝ ադրբեջանական APA գործակալությունից (ադրբեջաներեն)
Հետևաբար այս երկու լրատվամիջոցները Բայրամովի խոսքում չեղած «վերահսկողություն» է վերագրել ադրբեջանական կողմին՝ լսարանի մոտ ստեղծելով տպավորություն, թե Բայրամովը հայտարարել է Հայաստանի միջով անցնող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության մասին:
ՀՀ-ԱՄՆ TRIPP շրջանակային համաձայնագիրը, հիշեցնենք, ամրագրում է, որ Հայաստանը պահպանում է իր տարածքում գտնվող ծրագրային բոլոր հատվածների նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։ Փաստաթղթի 8-րդ հոդվածով Հայաստանը պատասխանատու է նաև սահմանային անվտանգության, սահմանային, մաքսային ու ներգաղթի վերահսկողության, իրավապահ գործունեության և պետական վերահսկողության համար։
Համաձայնագիրը բացառում է երրորդ երկրների ռազմական ներկայությունը նշված հատվածում:
Այսպիսով, Yerevan Today-ը և Alpha News-ը Բայրամովին վերագրել են Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքն ու ելքը վերահսկելու մասին պնդում, որը նրա մեջբերված խոսքում չկա։ Պաշտոնյան ասել է, որ մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից՝ նկարագրելով երթուղու ուղղությունը, ոչ թե հայտարարելով հայկական հատվածի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության մասին։
Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես համայնքի տնտեսական ակտիվության և զարգացման «ամենացցուն օրինակ», ասել է․
«Ես նայել եմ Շիրակի մարզում անշարժ գույքի շուկայի դինամիկան, օրինակ, և տեսեք՝ հետաքրքիր թվեր կան։ 2026 թվականի հուլիսի դրությամբ Գյումրիում մեկ քառակուսի մետրը անշարժ գույքի եղել է 215 000 դրամ է, 2017 թվականի կամ 2010 թվականի համեմատությամբ գրեթե կրկնակի անգամ աճ կա։ Քանի որ անշարժ գույքի գինը Հայաստանի, ընդհանրապես համայնքի տնտեսական ակտիվության և զարգացման ամենացցուն օրինակն է»։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է պատգամավորի ներկայացրած տվյալները և պարզել, որ 2017 և 2026 թվականների հուլիսյան տվյալների համեմատությամբ բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գներն աճել են Հայաստանի բոլոր մարզկենտրոններում, իսկ Գյումրին աճի տեմպով առաջատարների շարքում չէ․ այն 10 մարզկենտրոնների ցանկում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Գյումրիում 1 քմ-ի գինը դարձել է 2.4 անգամ բարձր
Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2017 թվականիհուլիսին Գյումրիում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինը կազմել է 89 հազար դրամ, իսկ 2026 թվականիհուլիսին՝ 215.6 հազար դրամ։
Այսպիսով, պատգամավորի նշած՝ 2026 թվականի հուլիսին մեկ քառակուսի մետրի շուրջ 215 հազար դրամ արժեքը համապատասխանում է Կադաստրի կոմիտեի տվյալներին։ Սակայն 2017 թվականի հուլիսի համեմատ գինը ոչ թե «գրեթե կրկնակի» է դարձել, այլ 2.42 անգամ բարձր է, ինչը նշանակում է 142.2% աճ։
Պատգամավորը համեմատության համար հիշատակում է նաև 2010 թվականը։ Կադաստրի կոմիտեի հրապարակումներում 2010 թվականի հուլիսի առանձին ցուցանիշ հասանելի չէ, սակայն առկա հունիսի տվյալներով Գյումրիում բնակարանի մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինը կազմել է 123.8 հազար դրամ։ 2026 թվականի հուլիսի 215.6 հազար դրամի համեմատ գինը դարձել է 1.74 անգամ բարձր՝ աճելով 74.2%-ով։ Այս ցուցանիշը ևս մոտ է պատգամավորի՝ «գրեթե կրկնակի» բնորոշմանը։
Գներն աճել են բոլոր մարզկենտրոններում
Գյումրիում անշարժ գույքի թանկացումը, սակայն, առանձին երևույթ չէ։
«Փաստերի ստուգման հարթակը» համադրել է Կադաստրի կոմիտեի՝ 2017 և 2026 թվականների հուլիսյան տվյալները Հայաստանի բոլոր 10 մարզկենտրոնների կտրվածքով։ Համեմատությունը ցույց է տալիս, որ 2017 թվականի հուլիսի համեմատ բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինն աճել է բոլոր մարզկենտրոններում։
Ընդ որում, Գյումրին տոկոսային աճով 10 մարզկենտրոնների շարքում 7-րդն է։ Գյումրիից ավելի բարձր աճ է գրանցվել վեց մարզկենտրոնում՝ Հրազդանում՝ 329.1%, Կապանում՝ 210%, Արմավիրում՝ 206.5%, Արտաշատում՝ 198.4%, Աշտարակում՝ 150.5% և Գավառում՝ 148.1%։
Ամենամեծ աճը գրանցվել է Հրազդանում․ այստեղ մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինը 56 հազար դրամից հասել է 240.300 դրամի, ինչի արդյունքում գինը դարձել է 4.2 անգամ բարձր։ Գյումրիում նույն ժամանակահատվածում 1 քմ-ի արժեքը դարձել է 2.4 անգամ բարձր։
Այսպիսով, թեև անշարժ գույքի գների աճը դժվար է դիտարկել որպես համայնքի տնտեսական ակտիվության և զարգացման «ամենացցուն օրինակ», այդուհանդերձ, նույնիսկ այդ տրամաբանության շրջանակում Գյումրիում անշարժ գույքի գների արձանագրված աճը բացառիկ չէ։
Կադաստրի կոմիտեի տվյալների համադրումը ցույց է տալիս, որ բնակարանների միջին գներն աճել են Հայաստանի բոլոր 10 մարզկենտրոններում։ Աճի տեմպով Գյումրին զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ վեց մարզկենտրոնում տոկոսային աճն ավելի բարձր է եղել։
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ ու խնդրահարույց պնդումներ է արել։
«Փաստերի ստուգման հարթակը» առանձնացրել է ճեպազրույցի ընթացքում նրա բարձրաձայնած խնդրահարույց պնդումները ու ստուգել դրանք՝ հակադրելով փաստական տվյալներ։
«ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը» պնդումը սխալ է
«Ռուսական սահմանապահ զորքերը ՀՀ-ում գործունեություն են ծավալում 1992 թվականի սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագրով, որով Հայաստանը պաշտոնապես ճանաչում է ԽՍՀՄ և Թուրքիայի միջև կնքած պետական սահմանի մասին համաձայնագիրը։ Եթե ռուսական սահմանապահ զորքերը հանվեն Հայաստանից և չեղարկվի այդ համաձայնագիրը, ըստ էության կչեղարկվի Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը իրավաբանորեն։ Եվ դա կարող է Թուրքիային իրավունք տալ իրավաբանորեն հիմնավոր փոխել Հայաստանի հետ իր սահմանային շփումները», —հայտարարել է Ղազարյանը։
Այո, ճիշտ է Ղազարյանի պնդումը, որ ռուս սահմանապահները Հայաստանում են 1992 թ. սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագրի հիման վրա։ «ՀՀ տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» պայմանագրի 2-րդ հոդվածով Հայաստանը Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը պատվիրակում է Հայաստանում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերին։
Արտապատկերումը՝ հայ-ռուսական պայմանագրից
Բայց իրավաբանորեն անհրաժեշտ է տարբերել, որ պայմանագիրը վերաբերում է սահմանի պահպանությանը, ոչ թե հայ-թուրքական սահմանի ստեղծմանը կամ ճանաչմանը։ Այդ պայմանագրի չեղարկումը կարող է փոխել միայն սահմանը ֆիզիկապես պահպանողներին, սակայն դրանից պետական սահմանը չի վերանում։
Ղազարյանի նույն խոսքում մեկ այլ սխալ ձևակերպում ևս կա։ Մասնավորապես, նա ասում է․ «1992-ի պայմանագրով Հայաստանը ճանաչել է ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև պետական սահմանի մասին համաձայնագիրը»։
Արտապատկերումը՝ հայ-ռուսական պայմանագրից
1992-ի պայմանագրի 3-րդ հոդվածում գրված է, որ ՌԴ սահմանապահ զորքերը պետական սահմանը պահպանելիս, ի թիվս այլնի, առաջնորդվում են գործող նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի ու Իրանի միջև միջպետական պայմանագրերով։ Բացի այդ, պայմանագրում թվարկվում է, թե ինչ իրավական ակտերով պետք է առաջնորդվեն ռուս սահմանապահ զորքերը իրենց գործունեության ընթացքում։
Հետևաբար պայմանագրում չի ասվում, որ Հայաստանը ճանաչում է ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև կնքված պետական սահմանի մասին համաձայնագիրը։
Ռուս սահմանապահները աստիճանաբար հեռանում են
Էդգար Ղազարյանի այս հայտարարությունից, թե «եթե ՌԴ սահմանապահները հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը» տպավորություն է, թե ամբողջ հայ-թուրքական սահմանը պահպանվում է ռուսական ուժերի կողմից։ Սակայն իրականությունն այլ է՝ այս պահին վերահսկողությունը մասնակիորեն արդեն փոխանցված է հայկական սահմանապահներին։
Մասնավորապես՝ 2025 թ. մարտի 1-ից Մարգարայի անցման կետում ռուս սահմանապահներն այլևս սահմանային ծառայություն չեն իրականացնում, և այն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության տակ է։
Ավելին՝ կառավարության՝ 2025 թվականի գործունեության հաշվետվության համաձայն, 2026 թվականի սկզբից հայ-թուրքական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ևս ծառայությունն իրականացնում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։
Միաժամանակ, սա չի նշանակում, որ ռուս սահմանապահներն ամբողջությամբ հեռացել են հայ-թուրքական սահմանից․ սահմանի այլ հատվածներում պահպանությունը շարունակվում է ռուսական և հայկական սահմանապահ ուժերի մասնակցությամբ։
Ուշագրավ է, որ ռուս սահմանապահների՝ առանձին անցակետերից հեռանալը չի հանգեցրել 1992 թվականի հայ-ռուսական պայմանագրի չեղարկմանը կամ վերանայմանը, ինչպես կանխատեսում կամ վստահեցնում է Էդգար Ղազարյանը։
Էդգար Ղազարյանի այս պնդումը, թե ռուս սահմանապահների հեռանալով Հայաստանի և նրա հարևանի հետ «սահմանը կչեղարկվի» չի դիմանում նախադեպային իրողություններին ևս։ Ագարակի դեպքում իրականությունն արդեն ցույց է տվել, որ 1992-ի պայմանագրով նախատեսված ռուսական ներկայությունը կարող է հատվածաբար փոփոխվել՝ առանց պայմանագիրը չեղարկելու և, առավել ևս, առանց պետական սահմանի իրավական կարգավիճակի որևէ փոփոխության։ Հիշեցնենք՝ 2024-ին Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվել էին, որ հայ-իրանական սահմանի Ագարակի անցակետից ռուս սահմանապահները դուրս կգան, և 2025-ի հունվարի 1-ից այնտեղ ծառայությունը կիրականացնեն միայն հայկական ուժերը։ Դրանից հետո ՀՀ ԱԳՆ-ն հատուկ պարզաբանել էր, որ այդ փոփոխության հետևանքով 1992 թվականի հայ-ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի լինելու։
Այսպիսով, Էդգար Ղազարյանը ճիշտ է, երբ ասում է, որ ռուսական սահմանապահ զորքերի գործունեությունը Հայաստանում, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանի պահպանությանը նրանց մասնակցությունը, կարգավորվում է 1992 թվականի սեպտեմբերի 30-ի հայ-ռուսական պայմանագրով։ Սակայն նա այդ փաստից սխալ իրավական հետևություն է անում։
1992 թվականի պայմանագիրը չի սահմանել հայ-թուրքական պետական սահմանը․ այն կարգավորում է Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեության պայմանները։ Հետևաբար պայմանագրի հնարավոր դադարեցումը կարող է փոխել սահմանի պահպանության ձևաչափը և ռուս սահմանապահների ներկայության իրավական հիմքը։ Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ դրանից վերանում կամ չեղարկվում է Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը։
Ավելին՝ հայ-թուրքական սահմանի պահպանությունն արդեն ամբողջությամբ ռուսական կողմի վերահսկողության տակ չէ։ Մարգարայի, այնուհետև նաև Ախուրիկի անցման կետերում ծառայությունն իրականացվում է հայկական սահմանապահների կողմից, մինչդեռ սահմանի մյուս հատվածներում ռուս սահմանապահների ներկայությունը պահպանվում է։
Հետևաբար ռուս սահմանապահների ներկայությունը, 1992 թվականի հայ-ռուսական պայմանագրի գործողությունը և հայ-թուրքական պետական սահմանի իրավական գոյությունը փոխկապակցված, բայց նույնական հարցեր չեն։ Դրանց նույնացումը և այն պնդումը, թե ռուս սահմանապահների հեռացմամբ ու 1992 թվականի պայմանագրի չեղարկմամբ «կչեղարկվի» նաև հայ-թուրքական պետական սահմանը, իրավական հիմք չունի։
Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով, հետևաբար կեղծ է։
Ադրբեջանում հավատարմագրված տասնյակ երկրների դիվանագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ սեպտեմբերի 12-ին երկօրյա այցով մեկնել են Լեռնային Ղարաբաղ։
Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դիվանագետներին ներկայացնելով հայկական պատմամշակութային կոթողները (այդ թվում՝ Գանձասարն ու Դադիվանքը) դրանք «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն է կոչել: Այդ մասին նա գրել է նաև X-ի իր սոցիալական ցանցում։
Հաջիևը նաև դիվանագետների ներկայությամբ ցուցադրել է հին ձեռագրերի կրկնօրինակներ՝ դրանց միջոցով կասկածի տակ դնելով հայկական ձեռագրական ժառանգության իսկությունը։
Հիշեցնենք, որ Արցախում հայկական քրիստոնեկան ժառանգության ծագման ու պատկանելության կեղծումը Ադրբեջանի հետևողական պետական քաղաքականությունն է, որն այդ երկիրը վարել է տասնամյակներ շարունակ։ Իսկ 2020 թվականին Արցախի դեմ 44-օրյա պատերզամից ու երեք տարի անց դրան հաջորդած էթնիկ զտումից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն միջազգայնացնում է թեզը։
Այս շրջանակներում Ադրբեջանը՝ ընդհուպ մինչև երկրի նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով, խոսել է Արցախի եկեղեցիների վրա հայկական արձանագրությունները ոչնչացնելուց։
«Փաստերի ստուգման հարթակը» ամփոփել է միջազգային ու հայկական աղբյուրները, որոնք Գանձասարի հայակական պատկանելության մասին երկրորդ կարծիք չեն թողնում։
Հաջիևի ցուցադրած գրքերի բնօրինակները Մատենադարանում են
FIP.am-ի հետ զրույցում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ Գանձասարում չկան ու չեն եղել ձեռագրեր, որոնց բնօրինակները չգտնվեն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։
Խզմալյանի խոսքով, Հաջիևի ցուցադրած կրկնօրինակների բնօրինակները ևս պահվում են Մատենադարանում։
Նշենք, որ թանգարանային միջազգային պրակտիկայում ընդունված է, որ մշակութային արժեքի բնօրինակը կարող է չցուցադրվել, եթե ցուցասրահի պայմանները՝ հատկապես լուսավորությունը, ջերմաստիճանը կամ խոնավությունը կարող են վնասել այն։
Նման դեպքերում առաջնահերթությունը տրվում է առարկայի երկարաժամկետ պահպանությանը, իսկ հանրությանը այն կարող է ներկայացվել պատճենի կամ մասնագիտորեն պատրաստված կրկնօրինակի միջոցով։ Այս մոտեցումը կիրառվում է հատկապես լույսի նկատմամբ զգայուն, հին կամ եզակի առարկաների՝ այդ թվում հին ձեռագրերի դեպքում։
Միաժամանակ, թանգարանային էթիկայի և պահպանության տեսանկյունից էական է, որ կրկնօրինակը հստակ ներկայացվի որպես այդպիսին և չշփոթեցվի բնօրինակի հետ։ Հետևաբար, միայն կրկնօրինակի ցուցադրումըչի նշանակում, որ բնօրինակը գոյություն չունի։
FIP.am-ի հետ զրույցում Խզմալյանը պարզաբանել է, որ նշված ցուցասրահում 10-րդ դարի համապատասխան ձեռագրերի ցուցադրման համար անհրաժեշտ ջերմախոնավության պայմաններ չկան։
Սրան զուգահեռ, Մատենադարանի տնօրենը նկատել է, որ այդ տուրին ներկա բոլոր դիվանագետները կարող են գալ Հայաստան ու Մատենադարանում տեսնել հայկական այն հին ձեռագրերի բնօրինակները, որոնց կրկնօրինակները թերթելով Հաջիևը հեգնում էր ու պնդում էր, թե հայերը կեղծում են։
Ի՞նչ է պատմում Գանձասարի ժամանակակից Կիրակոս Գանձակեցին
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարի շինարարությունը սկսվել է 1216 թվականին՝ Խաչենի հայ իշխան Հասան-Ջալալ Դոլայի հովանավորությամբ։ Տաճարի շինարարությունն ավարտվել է 1238 թվականին, իսկ օծումը տեղի է ունեցել 1240 թվականի հուլիսի 22-ին։
XIV դարում, երբ Կիլիկիայի հայկական թագավորության անկումը հանգեցրեց Սիսի կաթողիկոսության ազդեցության նվազմանը, իսկ Էջմիածնում վերահաստատվեց կաթողիկոսական աթոռը, Արցախում ձևավորվել է տարածաշրջանային կաթողիկոսություն։
XVI դարում Գանձասարի կաթողիկոսությունը ենթարկվեց Էջմիածնի կաթողիկոսությանը։ Գանձասարի բազմաթիվ կաթողիկոսներ Հասան-Ջալալ Դոլայի տոհմի անդամներ էին։
Գանձասարի վանքի մասին արժեքավոր տեղեկություն է հաղորդում 13-րդ դարի նշանավոր հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին․ նածնվել է Գանձակում (ներկայիս Ադրբեջանի անվանափոխված Գյանջա քաղաքում), ինչի համար էլ հետագայում կոչվել է Գանձակեցի։ Գանձակեցու վկայությունն առանձնապես կարևոր է, քանի որ նա Գանձասարի մասին գրում է ոչ թե դարեր անց, այլ հենց եկեղեցու կառուցման ու օծման ժամանակաշրջանում։
Նա իր «Պատմութիւն Հայոցը» շարադրել է միջին հայերենի գործածության շրջանում։
Արտապատկերումները՝ երկի 159 և 167 էջերից։
Նա հատուկ անդրադառնում է հայ իշխան Հասան-Ջալալ Դոլայի կառուցած եկեղեցուն և գրում, որ իշխանը կառուցել է գեղեցիկ ու շքեղ եկեղեցի՝ Գանձասար կոչվող վանքում, Խոխանաբերդի դիմաց, իրենց տոհմական գերեզմանատան տեղում։ Նա նաև նշում է, որ եկեղեցու կառուցումը երկար տարիներ է տևել։
Կիրակոսը նկարագրում է նաև եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը․ ներկա են եղել Աղվանից կաթողիկոս Ներսեսը, բազմաթիվ եպիսկոպոսներ, Վանական վարդապետը, Խաչենի վարդապետներ և այլ հոգևորականներ։ Ըստ նրա՝ արարողությանը մասնակցել են հարյուրավոր քահանաներ։
Ընդգծենք, որ ըստ պատմական իրադարձությունների, Գանձասարը հետագայում դարձել է Աղվանից կաթողիկոսության կենտրոնը և հայտնի եղել նաև որպես Գանձասարի սուրբ աթոռ։ Սակայն «Աղվանից կաթողիկոսություն» անվանումը ամենևին էլ չի նշանակում, որ Գանձասարի 13-րդ դարի եկեղեցին հայկական մշակութային և եկեղեցական միջավայրից դուրս կառույց էր։
Օտար պրոֆեսորները՝ հայկական Գանձասարի մասին
Գանձասարի հայկական ճարտարապետական պատկանելությունը արձանագրված է նաև տարբեր ժամանակաշրջանների օտարերկրյա ուսումնասիրություններում։
Անատոլի Լեոպոլդովիչ Յակոբսոնը, որը խորհրդային նշանավոր հնագետ, պատմաբան և պատմական գիտությունների դոկտոր է, հսկայական ավանդ է ներդրել հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության գործում։
1977 թվականին հրատարակված «Հայ միջնադարյան ճարտարապետության պատմությունից» Գանձասարի վանական համալիր աշխատությունում, Յակոբսոնը փաստում է Գանձասարի հայկական պատկանելությունը՝ զուգահեռներ տանելով հայկական միջնադարյան այլ կրոնական կառույցների ճարտապետական լուծումների հետ։
Յակոբսոնը, օրինակ, անդրադառնալով, տաճարի ներքին քանդակագործությանը, դրա որոշ դետալների վերաբերյալ արձանագրում է․ «Այսպիսի քանդակագործությունը նույնպես հետևում է Բագրատունիների ժամանակաշրջանի, այսինքն՝ X դարի հայկական ճարտարապետական ավանդույթին։ Դրա մասին են վկայում ցլերի և խոյերի համանման պատկերները, որոնք նույնպես տեղադրված են Աստվածածին փոքր եկեղեցու տրոմպերի հիմքում»։
Արտապատկերումները՝ Յակոբսոնի գրքից։
1987 թվականին ճարտարապետության իտալացի հետազոտող գիտանականներ Մարիա Ադելաիդեն և Լալա Կոմնենոն հրատարակում են Ղարաբաղում միջնադարյան հայկական ճարտարապետությանը նվիրված ուսումնասիրություն, որում ևս արձանագրված է Գանձասարի հայկական պատկանելությունը։
Գանձասարի՝ որպես հայկական միջնադարյան ճարտապատերական կոթողի ճարտարապետական նախագիծը պատկերված է 2001 թվականին Չիկագոյի համլասարանի՝ «Հայաստան․ պատմական ատլաս» աշխատությունում։
Գանձասարի՝ հայկական ճարատարապետության մաս լինելը հիմնավորում է նաև Էքս-Մարսելիհամալսարանի գիտնական, հուշարձանագետ Պատրիկ Դոնաբեդյանը, որը հանդիսանում է հայկական ճարտարապետության և Արցախի հուշարձանների վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների և աշխատությունների հեղինակ։
Գանձասարի հայկական պատմաճարտարապետական ինքնությունը հիմնավորվում է հետևյալ պատմական, արձանագրագիտական և կառուցվածքային փաստարկներով․
Պատմական և արձանագրային վկայություններ․ Վանքի արձանագրությունները հաստատում են, որ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 1216–1238 թթ. կառուցվել է հայ իշխան Հասան Ջալալ-Դովլայի կողմից, իսկ գավիթը (ժամատունը) հիմնադրվել է Հասանի, նրա կնոջ և որդու՝ Աթաբակի կողմից։ 10-րդ և 12-րդ դարերից այն հիշատակվում է որպես Խաչենի հայկական իշխանության եպիսկոպոսանիստ, իսկ 17-րդ դարի վերջից Գանձասարի կաթողիկոսները գլխավորել են Հայաստանի ազատագրական շարժումը։
Միջնադարյան հայկական ճարտարապետական կառուցվածք․ Գանձասարը հայկական միջնադարյան վանքերին բնորոշ դասական օրինակ է, որտեղ արևմտյան ճակատին կից է գավիթը (ժամատունը)։ Եկեղեցու ներգծված խաչաձև հատակագիծն ու գմբեթի չորս հենարանների համադրությունը ավանդատների հետ լայնորեն տարածված հորինվածք է հայկական վանքերում։
Հայկական ճարտարապետական և քանդակագործական տարրեր․ Եկեղեցու հովանոցաձև ծածկը հայկական միջնադարյան ճարտարապետության ինքնատիպ դրսևորումներից է, բուսական ու երկրաչափական հարուստ զարդաքանդակները ներշնչված են Հառիճի վանքի (1201 թ.) թմբուկի քանդակներից, որը հետսելջուկյան շրջանի հայկական առաջին խոշոր սրբավայրն էր։
Պատկերագրություն և մեկենասների դիմանկարներ․ Արևմտյան ճակատոնին քանդակված է Քրիստոսի խաչելության՝ հայկական կոթողային արվեստում հանդիպող հազվագյուտ պատկերներից մեկը, որը ներկայացված է հայկական պատկերագրությանը բնորոշ ոճավորմամբ (աստվածային փառքի ընդգծմամբ)։ Թմբուկի վրա պատկերված են նաև Հասան-Ջալալյան դինաստիայի իշխանական մեկենասների դիմանկարները։
Գավթի (ժամատան) տիպաբանություն․ Գանձասարի գավիթը ծառայել է որպես հոգևորականության և տեղական իշխանական դինաստիայի տապանատուն, ինչը բնորոշ է հայկական վանքերին։ Դրա խաչվող կամարներով ծածկի համակարգը նույնական է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 13-րդ դարի այլ հայկական գավիթներին (օրինակ՝ Հաղպատում և Մշկավանքում)։
«Աղվանական» վարկածի միջնադարյան սկզբնաղբյուրների բացակայությունը
Կարևոր է նաև ընդգծել, որ Գանձասարը «Կովկասյան Աղվանքի» հուշարձան ներկայացնող ժամանակակից ադրբեջանական պնդումների համար չեն ներկայացվում առնվազն 10–12-րդ դարերի կամ դրան հաջորդող միջնադարյան շրջանի այնպիսի սկզբնաղբյուրներ․ փաստացի Գանձասարը որպես «աղվանական» հուշարձան նույնականացնող միջնադարյան պատմագիտական աղբյուրներ չկան։
Գանձասարի՝ «աղվանական» հուշարձան լինելու թեզը գիտական և պետական ադրբեջանական դիսկուրսում առավել հստակ ձևավորվում է արդեն 20-րդ դարի երկրորդ կեսից, մասնավորապես՝ խորհրդային ադրբեջանական պատմագրության շրջանակում, իսկ հետագայում վերածվում պետական քարոզչական թեզի՝ առանց միջնադարյան հստակ աղբյուրների։
Եզրակացություն
Այսպիսով, Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով, հետևաբար կեղծ է։
Գանձասարի կառուցման ժամանակաշրջանի պատմիչ Կիրակոս Գանձակեցին եկեղեցու կառուցումը կապում է Խաչենի իշխան Հասան-Ջաալ Դոլայի հետ, իսկ տարբեր ժամանակների օտարերկրյա և նաև ծագումով հայ հեղինակավոր հետազոտողները Գանձասարն ուսումնասիրել ու ներկայացրել են հայկական միջնադարյան ճարտարապետության համատեքստում։
Միաժամանակ, Հաջիևի կողմից ցուցադրված ձեռագրերի կրկնօրինակները հիմք չեն դրանց բնօրինակների գոյությունը կասկածի տակ դնելու համար․ համապատասխան բնօրինակները պահպանվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, իսկ կրկնօրինակների ցուցադրությունը թանգարանային պրակտիկայում ընդունված մեթոդ է, երբ ցուցասրահի պայմանները չեն ապահովում եզակի և զգայուն առարկաների պահպանության համար անհրաժեշտ պայմանները։
2026 թվականի հունիսի սկզբին Ռուսաստանը սահմանափակեց Հայաստանից կենդանի ձկան և ձկնամթերքի ներմուծումը։ Հունիսի 2-ից ռուսական կողմը պահանջեց կասեցնել հայկական ընկերությունների մեծ մասի արտադրանքի անասնաբուժական սերտիֆիկացումը՝ ժամանակավորապես բացառելով ստուգում անցած երկու ընկերությունների։ Հունիսի 19-ից սահմանափակումները տարածվեցին նաև «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ընկերությունների վրա, ինչի հետևանքով Ռուսաստան արտահանման հնարավորությունից զրկվեցին հայաստանյան բոլոր ձկնարտադրողները։
Ռուսական շուկայի սահմանափակումը լուրջ ազդեցություն ունեցավ հայ ձկնարտադրողների վրա, քանի որ Հայաստանի ձկան արտահանման կառուցվածքը մինչ այդ չափազանց կենտրոնացած էր այդ ուղղության վրա։
«Փաստերի ստուգման հարթակը» ռուսական սահմանափակումներից շուրջ երեք ամիս անց ուսումնասիրել է՝ ինչպես է փոխվել ձկան արտահանման պատկերը, ինչ այլընտրանքային շուկաներ են դիտարկվել և ինչ աջակցության մեխանիզմներ է կիրառել կառավարությունը։
Մինչ սահմանափակումները ձկան արտահանման գրեթե 89%-ն ուղղվում էր Ռուսաստան
Արտաքին առևտրի տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է մոտ 4․028 տոննա ձուկ և ձկնամթերք՝ 26.6 մլն դոլար արժեքով։ Դրանից 3․268.7 տոննան՝ 25.83 մլն դոլար արժեքով, արտահանվել է Ռուսաստան։
Այսինքն՝ Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման մոտ 81.2%-ը՝ քանակով և 97.2%-ը՝ արժեքով։
2026 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր արտահանումը հասել է 4․224 տոննայի՝ 30.12 մլն դոլար արժեքով։ Ռուսաստանին բաժին է ընկել արդեն 3․755.5 տոննա՝ 29.21 մլն դոլար արժեքով։ Այսպիսով, Ռուսաստանի մասնաբաժինը հասել է մոտ 89%-ի՝ քանակով և 97.0%-ի՝ արժեքով։
2026-ի առաջին կիսամյակում ընդհանուր արտահանման քանակը, 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է մոտ 4.9%-ով։ Միաժամանակ Ռուսաստանի ուղղությամբ արտահանման քանակն աճել է գրեթե 15%-ով։
Ձկնամթերքի արտահանման ցուցանիշները՝ 2025-2026թթ, 1-ին կիսամյակ
Առաջին կիսամյակի ցուցանիշների մեծ մասը ձևավորվել է մինչև հունիսյան սահմանափակումների ամբողջական ազդեցությունը։ Հետևաբար դրանք դեռ չեն ցույց տալիս սահմանափակումներից հետո ձևավորված նոր կառուցվածքը։ Փոխարենը արտացոլում են, թե որքան մեծ էր կախվածությունը ռուսական շուկայից մինչ սահմանափակումները։
Սահմանափակումների պայմաններում արտահանման ծավալը կտրուկ նվազել է
Հայաստանի վիճակագրական կոմիետի ամսական տվյալները հնարավորություն են տալիս համեմատել ռուսական սահմանափակումների կիրառման ժամանակահատվածում ձկան և ձկնամթերքի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամիսների հետ։
Ձկան և ձկնամթերքի արտահանումը 2026 թվականի հունիս–հուլիսին կազմել է շուրջ 165 տոննա, մինչդեռ 2025-ի նույն ամիսներին՝ 1,437 տոննա։ Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը նվազել է մոտ 88.5%-ով։
Ձկան և ձկնամթերքի արտահանումը 2025–2026 թթ. հունիս–հուլիս ամիսներին
Անկումը հատկապես կտրուկ է եղել թարմ կամ պաղեցված ձկան դեպքում․ 2025-ի հունիս–հուլիսի շուրջ 880 տոննայի դիմաց 2026-ի նույն ամիսներին արտահանվել է ընդամենը 3.2 տոննա՝ մոտ 99.6%-ով պակաս։ Սառեցված ձկան արտահանումը շուրջ 410 տոննայից նվազել է մինչև 15 տոննա՝ մոտ 96.3%-ով։
Միաժամանակ կենդանի ձկան արտահանումն աճել է 18.7-ից մինչև 28.8 տոննա, իսկ չորացրած, ծխեցված կամ աղած ձկան արտահանումը՝ 125.1 տոննայից նվազել մինչև 118.1 տոննա։ Սակայն այս ծավալները չեն փոխել ընդհանուր պատկերը․ ձկնամթերքի համակցված արտահանումը մեկ տարվա ընթացքում նվազել է գրեթե 9 անգամ։
Կառավարությունը սահմանափակումներից հետո սկսեց սուբսիդավորել նաև ձկան արտահանումը
Հունիսի 11-ին կառավարությունը հաստատեց արտահանման աջակցության ծրագիր, որի նպատակը Ռուսաստանի կիրառած սահմանափակումների պայմաններում արտահանումը դեպի այլ շուկաներ խթանելն էր։ Սկզբնական փուլում ծրագիրը վերաբերում էր այլ ապրանքատեսակների, սակայնհուլիսի 2-ին աջակցության ծրագրում ներառվեցին նաև իշխանն ու թառափը։
Իշխանի արտահանման համար սահմանվեց 820 դրամ փոխհատուցում յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց, իսկ թառափի համար՝ 1,350 դրամ/կգ։
Հուլիսի 30-ին կառավարությունը որոշեց շարունակել ձկան արտահանման աջակցությունը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որ հունիսին արտահանվել է ընդամենը 6.3 տոննա թառափ։
Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած կանխատեսման համաձայն ակնկալվում էր, որ օգոստոսին կարտահանվի շուրջ 140 տոննա թառափ ու իշխան։
Այս անգամ ևս կառավարությունը այս ձկնատեսակների արտահանման համար պահպանել էր աջակցության գումարի նույն չափը։
Արտահանման աջակցության ծրագիրը հետագայում ևս երկարաձգվեց․սեպտեմբերի 3-ի որոշմամբ ձկան արտահանման աջակցության վերջնաժամկետ սահմանվեց հոկտեմբերի 1-ը։ Իշխանի և թառափի համար փոխհատուցման չափերը մնացին անփոփոխ։
Կանխատեսված և փաստացի արտահանման ծավալները
Ձկան արտահանման աջակցության ծրագիրը գործարկելիս կառավարությունը հուլիսի և օգոստոսի համար կանխատեսում էր յուրաքանչյուր ամիս շուրջ 140 տոննա իշխան և թառափի արտահանում։ Այսպիսով, երկու ամիսների համար ներկայացված կանխատեսումները միասին կազմում էին շուրջ 280 տոննա։
Սեպտեմբերի 3-ին, ծրագիրը ևս մեկ ամսով երկարաձգելիս, կառավարությունը ներկայացրեց նաև փաստացի ցուցանիշը․ ՊԵԿ օպերատիվ տվյալներով՝ 2026 թվականի հունիս–օգոստոս ամիսներին արտահանվել է ընդհանուր 153 տոննա իշխան և թառափ՝ 73 տոննա թառափ և 80 տոննա իշխան։
Այս տվյալները ցույց են տալիս, որ նույնիսկ ավելի երկար՝ հունիս–օգոստոս երեքամսյա ժամանակահատվածում փաստացի արտահանման ծավալը՝ 153 տոննա, փոքր է եղել միայն հուլիս–օգոստոսի համար ներկայացված 280 տոննա ընդհանուր կանխատեսումից։
Ռուսական շուկային այլընտրանք․ ի՞նչ է փոխվել ԵՄ և ԱՄԷ ուղղություններով
Հուլիսին կառավարությունը նաևհաստատեց Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողների՝ TRACES համակարգում գրանցման և առողջության սերտիֆիկատ ստանալու ընթացակարգը։ Էկոնոմիկայի նախարարությունըհայտարարեց, որ դրանով ստեղծվում է ԵՄ շուկա արտահանման գործնական հնարավորություն։
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հուլիսի 17-ինհայտնել էր, որ մեկ ընկերություն արդեն պաշտոնապես դիմել է ԵՄ արտահանման գործընթաց սկսելու համար, իսկ ոլորտում հետաքրքրությունն ավելի լայն է։ Ըստ նրա՝ համապատասխանությանպահանջները բավարարելու դեպքում ԵՄ արտահանում իրականացնել ցանկացող ընկերությունը TRACES-ում ստանում է նույնականացման կոդ, որից հետո կարող է արտահանել ԵՄ անդամ երկրներ։
Կառավարության և ՍԱՏՄ-ի հրապարակած այս տեղեկությունները վերաբերում են ԵՄ արտահանման ընթացակարգի գործարկմանը և ընկերությունների համար այդ հնարավորության ստեղծմանը, մինչդեռ հրապարակային աղբյուրներում Հայաստանից ԵՄ որևէ երկիր ձկան կամ ձկնամթերքի փաստացի արտահանման մասին տվյալներ դեռ չկան։
Սեպտեմբերի 2-ին ՍԱՏՄ-նհայտնեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններ է արտահանվել 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք։ ԱՄԷ ուղղությունը, սակայն, նոր չէ․ Հայաստանից այդ երկիր նախկինում ևս ձուկ և ձկնամթերք է արտահանվել, բայց անհամեմատ փոքր ծավալներով։ Օրինակ՝ 2026 թվականի առաջին կիսամյակի արտաքին առևտրի տվյալներով ԱՄԷ էր արտահանվել մոտ 6.9 տոննա ձուկ և ձկնամթերք։
Այսպիսով, ռուսական սահմանափակումներից հետո հայկական ձկան արտահանումը կտրուկ նվազել է, մինչդեռ մինչ այդ այն մեծապես կախված էր ռուսական շուկայից։ Կառավարության աջակցության ծրագրերն ու ԵՄ շուկա մուտքի մեխանիզմը այլընտրանքային արտահանման հնարավորություններ են ստեղծել, սակայն առկա տվյալները դեռ չեն վկայում արտահանման կառուցվածքի էական փոփոխության կամ ռուսական շուկայից կախվածության նկատելի նվազման մասին։
Telegram-ում գործող անանուն ալիքներից մեկը շուրջ մեկ ամիս շարունակ թիրախավորում էր տարբեր մարդկանց՝ առանց նրանց համաձայնության հրապարակելով լուսանկարներ, դրանց կից վիրավորական ու նվաստացուցիչ գրառումներ տարածելով, ապա դրանք հեռացնելու դիմաց գումար պահանջում թիրախավորված անձանցից։
ՆԳՆ ոստիկանության Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավար Հայկ Մկրտչյանի հիմնական խորհուրդն է՝ նման իրավիճակներում հայտնվելու դեպքում հնարավորինս արագ պետք է դիմել իրավապահ մարմիններին։
Կարևոր է նաև մինչև հրապարակման կամ ամբողջ ալիքի հնարավոր ջնջվելը պահպանել հասանելի ապացույցները՝ հրապարակումների սքրինշոթները, ալիքի անվանումն ու հղումը, օգտահաշիվների տվյալները, հաղորդագրությունները, գումարի պահանջը և փոխանցման համար տրամադրված տվյալները։