Category: FIP.am

  • Դուք նույնպես կարող եք առաջարկել՝ ինչ ստուգի ՖԻՊ-ը

    Եթե սոցիալական ցանցերում կամ լրատվամիջոցներում հանդիպել եք կասկածելի պնդման, լուսանկարի կամ տեսանյութի, կարող եք այն ուղարկել «Փաստերի ստուգման հարթակին»։ Մենք կուսումնասիրենք ձեր առաջարկը և, եթե այն հնարավոր է ստուգել, արդյունքները կներկայացնենք հոդվածի տեսքով։

  • Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո

    2018 թվականի գարնանը Թաշյա հեղափոխությունի հետո դատաիրավական ոլորտի բարեփոխումները հայտարարվեցին ՀՀ վարչապետի պաշտոնը ստնաձնած Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջնահերթություն: 

    Ըստ էության, դատարանների անկախությունն ու արդյունավետությունը բարձրացնելը, կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ դատական համակարգի ձեւավորումը Փաշինյանի իշխանության առանցքային խոստումներից է:

    Դատական համակարգում բարեփոխումների խոստումից ութ տարի անց, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում դատական համակարգի վերաբերյալ շեշտադրումները կրկին սրվել են։

    Մասնավորապես, 2026 թվականի օգոստոսի 24-ին Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դատական համակարգը «կաստայացված է» և հիմնականում նախկին վերնախավերի շահերի պաշտպանն է՝ այդ խնդիրների լուծումը կապելով նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության հետ։ 

    Իսկ սեպտեմբերի 3-ի ճեպազրույցում Փաշինյանը կրկին անդրադարձել է դատարաններին՝ նշելով. «Ում քսակը ավելի հաստ ա, ցանկացած գործով կգնա կարդարանա դատարանում, ցանկացած գործով: Խնդիր չունեն, ասենք՝ դիակի վրա կարող ա մարդկանց բռնես, գնան հետո բան անեն, արդարանան, դուրս գան, և այլն, և այլն: Բա էդ ա, որ ասում եմ եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում էս ութ տարի ա»: 

    Այս հայտարարությունների ֆոնին «Փաստերի ստուգման հարթակը»  փորձել է պարզել, թե իրականում որքանով է փոխվել դատական համակարգի կազմը 2018 թվականի գարնանից ի վեր:

    Մասնավորապես՝ քանի՞ նոր դատավոր է առաջին անգամ նշանակվել, նրանցից քանի՞սն են այսօր շարունակում պաշտոնավարել, և գործող դատավորների կազմում ինչպիսի՞ կշիռ ունեն 2018-ից հետո առաջին անգամ նշանակվածները։

    Այս հարցերի պատասխանը ստանալու համար FIP.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Դատական դեպարտամենտ. ստացված պատասխանը թույլ է տալիս թվերով գնահատել դատական համակարգի կազմի փոփոխությունը:

    Գործող դատավորների 62%-ը նշանակվել է 2018-ից հետո

    Այսպես, ՀՀ Դատական դեպարտամենտը FIP.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է, որ 2026 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ Հայաստանի դատական համակարգում պաշտոնավարում է 319 դատավոր։

    Նույն պատասխանի համաձայն՝ 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 26-ը դատական համակարգում առաջին անգամ նշանակվել է 208 դատավոր, որոնցից 197-ը շարունակում են պաշտոնավարել։

    Այսպիսով, ներկայում պաշտոնավարող 319 դատավորներից 197-ը դատավորի պաշտոնում առաջին անգամ նշանակվել են 2018 թվականի հունիսի 1-ից հետո։ Դա գործող դատավորների շուրջ 62%-ն է։ 

    Հետևաբար, 2018-ից ավելի քան 8 տարի անց գործող դատավորների մեծ մասը դատավորի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է արդեն այդ ժամանակահատվածում, իսկ մինչև 2018 թվականի հունիսը նշանակված դատավորները կազմում են գործող կազմի 38 տոկոսը։

    Նկատենք, որ այս թվերը ցույց են տալիս միայն դատական համակարգի կազմի փոփոխությունը, ինչը բավարար չէ գնահատելու դատական համակարգի անկախությունը, արդյունավետությունը կամ այսպես կոչված, նախկին համակարգի ազդեցությունից դրա լիարժեք ազատված լինելը։ 

    Նանե Մանասյան

  • Telegram-ում շանտաժից մինչև թմրանյութերի վաճառք․ ինչպես են անանուն ալիքները թիրախավորում մարդկանց

    Telegram-ում գործող անանուն ալիքներից մեկը շուրջ մեկ ամիս շարունակ թիրախավորում էր տարբեր մարդկանց՝ առանց նրանց համաձայնության հրապարակելով լուսանկարներ, դրանց կից վիրավորական ու նվաստացուցիչ գրառումներ տարածելով, ապա դրանք հեռացնելու դիմաց գումար պահանջում թիրախավորված անձանցից։ 

    Բազմաթիվ քաղաքացիներ դիմել են մեզ՝ տեղեկություններ ստանալու, թե ինչ պետք է անել նման դեպքերում:

    Ժամանակի ընթացքում ալիքի գործունեությունը փոխվել է․ մարդկանց թիրախավորումն ու շանտաժը զուգորդվել են թմրանյութերի վաճառքի մասին հայտարարություններով, դրանց տարածման համար մարդկանց հավաքագրմամբ և պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի տարածմամբ։

    Ավելի ուշ ալիքը սկսել է ակտիվորեն գովազդել մեկ այլ Telegram-յան ռեսուրս։ Առաջին ալիքի հեռացումից հետո ակտիվությունը տեղափոխվել է այնտեղ, սակայն որոշ ժամանակ անց հեռացվել է նաև երկրորդը։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս սխեման և զրուցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավարի հետ՝ պարզելու, թե ինչպես պետք է վարվել նման իրավիճակներում, ինչ տվյալներ է անհրաժեշտ գաղտնի պահել և ինչու շանտաժի դեպքում գումար վճարելը խնդրի լուծում չէ։

    Լուսանկարների հրապարակում, վիրավորանք և գումարի պահանջ

    Ալիքի գործունեության սկզբնական փուլում հիմնական թիրախը մարդիկ էին։ Այն հրապարակում էր նրանց լուսանկարները՝ կցելով վիրավորական, նվաստացուցիչ կամ հայհոյախառն գրառումներ։ Հրապարակումը հեռացնելու դիմաց ալիքը կառավարողները գումար էին պահանջում։ Երբեմն իրավախախտները տարածում էին պոռնոգրաֆիկ բովանդակություն, վերագրելով այն ալիքում թիրախավորված անձանց: 

    Մեխանիզմը պարզ էր․ անձի մասին հրապարակվում էր նրան վնասող կամ նվաստացնող բովանդակություն, իսկ այն հեռացնելու հնարավորությունը վերածվում էր վճարովի «ծառայության»։

    Գումարների փոխանցման համար օգտագործվում էին կրիպտոարժույթների հետ կապված գործիքներ և բոտեր։ Այս եղանակները կարող են դժվարացնել ալիքը կառավարողի ինքնության և ֆինանսական գործարքների մասին անմիջականորեն հասանելի տեղեկություններ ստանալը։

    Սակայն անանուն թվացող հաշիվը կամ կրիպտոարժույթի օգտագործումը դեռ չի նշանակում, որ դրա հետևում կանգնած անձանց նույնականացումն անհնար է։ Թվային միջավայրում գործունեությունը կարող է թողնել տարբեր տեսակի հետքեր, որոնց ուսումնասիրությունը իրավապահ մարմինների աշխատանքի մասն է։

    Շանտաժից՝ թմրանյութերի վաճառքի մասին հայտարարություններ

    Հետագայում ալիքի բովանդակությունն ու հիմնական գործառույթը սկսեցին փոխվել։

    Մարդկանց լուսանկարների և նրանց վերաբերյալ վիրավորական գրառումների միջոցով լսարան հավաքած ալիքում սկսեցին հայտնվել թմրանյութերի վաճառքի հետ կապված հրապարակումներ։

    Դրան զուգահեռ՝ տարածվում էին նաև թմրանյութերի տարածման ու վաճառքի համար մարդկանց հավաքագրելու մասին հայտարարություններ։

    Այսպիսով, նույն ալիքը, որտեղ սկզբում մարդկանց լուսանկարներ էին հրապարակվում և դրանց հեռացման դիմաց գումար էր պահանջվում, հետագայում օգտագործվում էր նաև թմրանյութերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տարածելու և այդ գործունեության համար մարդկանց հավաքագրելու նպատակով։ 

    Անցում դեպի մեկ այլ ալիք

    Ալիքը իր գործունեության ընթացքում հետևորդներին ուղղորդում էր դեպի մեկ այլ Telegram ալիք՝ պարբերաբար գովազդելով այն։

    Որոշ ժամանակ անց առաջին ալիքը հեռացվեց Telegram-ից։ Սակայն դրանով գործունեությունն ամբողջությամբ չդադարեց․ ակտիվացավ նախկինում գովազդվող երկրորդ ալիքը։

    Հետագայում հեռացվեց նաև այս մեկը։

    Տելեգրամյան ալիքների նման տեղափոխությունները կարևոր են, քանի որ առանձին ալիքը ջնջելը չի նշանակում, որ դրա շուրջ ձևավորված ցանցի կամ դրա հետևում կանգնած անձանց գործունեությունն ավարտվում է։ Նույն լսարանը կարող է նախապես ուղղորդվել այլ ալիքներ, խմբեր կամ հաշիվներ։

    Ի՞նչ անել, եթե հայտնվել եք նման ալիքների թիրախում

    ՆԳՆ ոստիկանության Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավար Հայկ Մկրտչյանի հիմնական խորհուրդն է՝ նման իրավիճակներում հայտնվելու դեպքում հնարավորինս արագ պետք է դիմել իրավապահ մարմիններին։

    Կարևոր է նաև մինչև հրապարակման կամ ամբողջ ալիքի հնարավոր ջնջվելը պահպանել հասանելի ապացույցները՝ հրապարակումների սքրինշոթները, ալիքի անվանումն ու հղումը, օգտահաշիվների տվյալները, հաղորդագրությունները, գումարի պահանջը և փոխանցման համար տրամադրված տվյալները։

    Հատկապես կարևոր է պահպանել շանտաժի կամ գումարի պահանջի մասին հաղորդագրությունները։ Անգամ եթե հետագայում հրապարակումը կամ ալիքը ջնջվի, պահպանված տվյալները կարող են անհրաժեշտ լինել իրավապահներին։

    Ինչո՞ւ չպետք է վճարել

    Ոստիկանության ներկայացուցչի կարևոր խորհուրդներից մեկն այն է, որ նման դեպքերում տուժածները գումար չփոխանցեն շանտաժ անող անձանց։

    Վճարումը որևէ երաշխիք չի տալիս, որ հրապարակումն իսկապես կհեռացվի կամ հեռացնելուց հետո կրկին չի հրապարակվի։ Ավելին՝ գումար փոխանցելով՝ անձը կարող է ցույց տալ, որ պատրաստ է վճարել ճնշումից ազատվելու համար։ Դրանից հետո կարող են առաջանալ նոր պահանջներ։

    Եթե լուսանկարը կամ անձնական տեղեկությունը արդեն հրապարակվել է, առաջնային քայլը պետք է լինի ոչ թե անանուն օգտատիրոջ հետ ֆինանսական պայմանավորվածության հասնելը, այլ ապացույցների պահպանումն ու իրավապահներին դիմելը։

    Ալիքը ջնջվել է, բայց խնդիրը՝ ոչ

    Մեր ուսումնասիրած երկու ալիքներն ի վերջո հեռացվեցին Telegram-ից, իսկ թե ինչպես են հեռացվել, իրավապահների միջամտության արդյունքում թե իավախախտների նախաձեռնությամբ՝ պարզել հնարավոր չէ: Սակայն դրանց պատմությունը ցույց է տալիս, որ նման ռեսուրսների խնդիրը չի սահմանափակվում միայն վիրավորական հրապարակումներով։

    Մի հարթակում կարող են միաժամանակ կամ հաջորդաբար միավորվել մարդկանց թիրախավորումը, շանտաժը, անանուն վճարումների պահանջները, պոռնոգրաֆիկ բնույթի նյութերը, ինչպես նաև թմրանյութերի վաճառքի կամ տարածման համար մարդկանց հավաքագրումները։

    Այն, որ ալիքը ջնջվում է, չի նշանակում, որ դրա հետևում կանգնած անձը կամ խումբը դադարեցրել է գործունեությունը։ Լսարանը կարող է տեղափոխվել նախապես ստեղծված կամ գովազդված այլ հարթակ։

    Հետևաբար նման դեպքերում ամենակարևոր քայլերից են հնարավոր ապացույցներն արագ պահպանելը և իրավապահ մարմիններին դիմելը։ Իսկ շանտաժ իրականացնողներին գումար փոխանցելը չի երաշխավորում խնդրի լուծում։ Ավելին, դա կարող է չարագործներին հնարավորություն տալ նոր պահանջներ ներկայացնել ու շարունակական ճնշման տակ պահել անելանելի վիճակում հայտնված մարդուն։

    Արեն Նահապետյան

    Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

  • PISA 2025․ Հայաստանի աշակերտների ցածր արդյունքները և ԱԲ-ի օգտագործման պատկերը

    Սեպտեմբերի 8-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ/OECD) հրապարակել է PISA 2025 միջազգային գնահատման արդյունքները, որոնցում առաջին անգամ ներառված է նաև Հայաստանը։ Հայաստանը PISA-ին 2025-ին մասնակցել է առաջին անգամ։

    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները հայտարարել է, որ PISA հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը երկար տարիներ եղել է կրթության ոլորտում պետական քաղաքականության կարևոր նպատակներից մեկը։

    «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է PISA 2025-ի պաշտոնական զեկույցն ու Հայաստանի վերաբերյալ ՏՀԶԿ-ի հրապարակած տվյալները՝ պարզելու, թե  ինչ է չափում այս ցուցանիշը և ինչ պատկեր են տալիս Հայաստանի մյուս PISA արդյունքները։ 

    PISA-ն գնահատել  է 15-ամյա աշակերտների գիտելիքներն ու հմտությունները։ 2025-ի գնահատմանը մասնակցել է ավելի քան 760 հազար աշակերտ՝ 90-ից ավել  երկրից  և տնտեսությունից։ Հայաստանից գնահատմանը մասնակցել է 6804 աշակերտ՝ 293 դպրոցից։

    ՀՏԶՀ-ն հրապարակել է  84 երկրների և տնտեսությունների հաշվողական խնդիրների լուծման գնահատման արդյունքները, որոնք աղյուսակում դասավորված են միջին միավորի նվազման կարգով։ Հայաստանը 354 միավորով թվային դասավորությամբ երրորդն է վերջից․ ավելի ցածր արդյունք ունեն Պարագվայը՝ 352, և Քենիան՝ 278։ 

    ՏՀԶԿ միջին ցուցանիշը 500 միավոր է, իսկ Հայաստանի արդյունքը դրանից վիճակագրորեն նշանակալիորեն ցածր է։ 

    Աղյուսակի առաջատարներն են Մակաոն (Չինաստան)՝ 572, Սինգապուրը՝ 563, B-S-J-Z-ը (Չինաստան)՝ 560, Ճապոնիան՝ 557 և Չինական Թայփեյը՝ 551 միավորով։  

    Հարևան երկրներից  Թուրքիան ստացել է 473, Վրաստանը՝ 413, Ադրբեջանը՝ 388 միավոր։ 

    Հայաստանի արդյունքները ցածր են նաև PISA-ի այլ հիմնական ուղղություններով

    Հայաստանը ՏՀԶԿ միջինից զգալիորեն ցածր արդյունքներ է գրանցել նաև PISA-ի հիմնական՝ բնագիտության, մաթեմատիկայի և ընթերցանության ուղղություններով։

    2025 թվականին Հայաստանի սովորողների բնագիտության միջին արդյունքը կազմել է 369 PISA միավոր՝ ՏՀԶԿ-ի 482 միավոր միջինի դիմաց, այսինքն՝ 113 միավորով ցածր։ Բնագիտությունից ցածր արդյունք ցուցաբերողները կազմել են հայաստանյան մասնակիցների 71.5%-ը, մինչդեռ ՏՀԶԿ երկրներում այդ ցուցանիշը միջինում 25.7% է։

    Մաթեմատիկայից Հայաստանի միջին արդյունքը կազմել է 376 միավոր՝ ՏՀԶԿ-ի 463-ի դիմաց, կամ 87 միավորով ցածր։

    Ընթերցանությունից ևս  Հայաստանի արդյունքը ցածր է․ այն  կազմել է 348 միավոր՝ ՏՀԶԿ-ի 461-ի դիմաց, այսինքն՝ 113 միավորով ցածր։

    ԱԲ-ի օգտագործման ցուցանիշները Հայաստանում և ՏՀԶԿ միջինը 

    PISA 2025-ի տվյալներով՝ Հայաստանի սովորողների 10.3%-ը նշել է, որ դպրոցական աշխատանքի համար ԱԲ չի օգտագործում, մինչդեռ ՏՀԶԿ երկրների միջինը 13.7% է։ 16.8%-ը նշել է, որ ԱԲ չի օգտագործում սովորելուն օգնելու համար՝ ՏՀԶԿ-ի 20.7% միջինի դիմաց։

    Միաժամանակ, Հայաստանի սովորողների 75.9%-ը նշել է, որ դասերի ընթացքում սովորել է գնահատել ԱԲ-ի ստեղծած տեղեկատվությունը, մինչդեռ ՏՀԶԿ երկրների միջինը 62.6% է։

    Այսպիսով, PISA 2025-ի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի սովորողները ՏՀԶԿ միջինից զգալիորեն ցածր արդյունքներ են գրանցել հաշվողական խնդիրների լուծման, բնագիտության, մաթեմատիկայի և ընթերցանության ուղղություններով։ Միաժամանակ, ԱԲ գործիքների օգտագործման մի շարք ցուցանիշներ Հայաստանում ՏՀԶԿ միջինից բարձր են եղել։ 

    Գայանե Մարկոսյան

  • «TRIPP-ը սպառնալիք է Իրանին»․ ինչպես է չհաստատված թեզը տարածվում հայկական մեդիայում

    Հայաստանյան տեղեկատվական տիրույթում կրկին շրջանառվում է այն թեզը, թե «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» TRIPP նախագիծն Իրանի դեմ ուղղված ռազմական կամ հետախուզական ենթակառուցվածք է։

    Վերջին շաբաթներին այս թեզը տարածվել է իրանցի գեներալին վերագրվող՝ սկզբնաղբյուր չունեցող հայտարարության, Թեհրանին վերագրվող անանուն «կոշտ պայմանի» և ռուսաստանցի պաշտոնյայի չհիմնավորված պնդումների միջոցով։ Առաջին երկու դեպքում փորձ է արվել այն ներկայացնել որպես Իրանի պաշտոնական դիրքորոշում։ 

    Նշենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում անդրադարձել է նման թեզի տարածմանը՝ ներկայացնելով ռուսաստանյան ու հայաստանյան այն շրջանակները, որոնք համակարգված ձևով շրջանառում էին թեզը:

    Այն նախորդ անգամ տարածվում էր Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի համատեղ ռազմական գործողություններին զուգահեռ. դեռ այդ ժամանակ, FIP.am-ը գրել էր, որ պնդումը, փաստահեն չէ՝ որևէ պաշտոնական կամ արժանահավատ աղբյուր, փաստաթուղթ չի հաստատում նախագծի ռազմահետախուզական բնույթը:

    Իրանի պատերազմն ու TRIPP-ի շուրջ մանիպուլյացիաները․ փաստերն ընդդեմ քարոզչության

    Այս անգամ ևս FIP.am-ը ուսումնասիրել է վերջին շաբաթներին շրջանառված հիմնական պնդումների սկզբնաղբյուրներն ու տարածման հետագիծը՝ պարզելու, թե իրականում որտեղից են դրանք գալիս և ինչ փաստական հիմք ունեն։

    Իրանցի գեներալի խոսքերը կան, սկզբնաղբյուրը՝ ոչ

    Օգոստոսի 13-ից՝ ռուսալեզու տելեգրմյան մի ալիքի հղումով, սոցիալական մեդիայում տարածվում էր իրանցի գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավիին վերագրվող հայտարարարություն ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ. ըստ տարածվող լուրի՝ իրանցի գեներալը մասնավորապես ասել էր, թե ԹՐԻՓՓ նախագծի շուրջ «չկա ո՛չ իրական փոխըմբռնում, ո՛չ էլ ընդհանուր շփման կետ Հայաստանի հետ»։

    «Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանն ու մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն։ Ուստի այդ նախագիծն իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։ Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Սակայն եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը դրվի ամերիկյան զինված ուժերի վրա, Իրանը վերապահում է իրեն պատասխան գործողությունների իրավունքը և համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունը», — ըստ տարածվող լուրի՝ ասել էր իրանցի գեներալը։ 

    Սաֆավիին վերագրվող խոսքերը ներկայացվում էին որպես արձագանք ավելի վաղ՝ օգոստոսի 11-ին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հայտարարությունների․ նա լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, թե «Հայաստանի և Իրանի միջև ԹՐԻՓՓ-ի շուրջ փոխըմբռնում կա», և որ «Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները չեն ազդի ծրագրի իրագործման վրա»։ 

    «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է տեղեկության  իսկությունը, ուսումնասիրել է լուրի սկզբնաղբյուրն ու տարածման հետագիծը։ 

    Պարզել ենք, որ իրանցի գեներալին վերագրվող հայատարարությունը ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ օգոստոսի 13-ի երեկոյից սկսած համակարգված և մեծ արագությամբ  տարածում էին հայաստանյան տասնյակ ԶԼՄ-ներ։ 

    Արտապատկերումները Yerkir.am, Yerevan Today, Politik.am, News.am, Oragir News, Armat Media, Azg.am կայքերից։

    Լուրն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը՝ պնդելով, թե  Սաֆավին «հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ»:

    «Այստեղ ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները փաստորեն նորից ստում են սեփական ժողովրդի առաջ, փորձելով թաքցնել բացառապես իշխանության պահպանման նպատակով իրագործվող արկածախնդրությունը, որը կարող է նոր ճակատագրական աղետների բերել Հայաստանն ու հայ ժողովրդին», -գրել է Զուրաբյանը:

    Նրա այս գրառումը ևս հայտնվել էր հայաստանյան որոշ ԶԼՄ-ներում: 

    Արտապատկերումները Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից, Yerkir.am և Aravot.am կայքերից։

    Ռուսալեզու տելեգրամյան ալիքը՝ լուրի միակ աղբյուր

    Տեղեկությունը օգոսոտոսի 12-ին առաջինը տարածել է @sepah_pasdaran_ru կոչվող ռուսալեզու տելեգրամյան ալիքը, որը մեր տեղեկատվաֆան տիրույթում ներկայացվում էր որպես ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ալիք։ 

    Հատկանշական է, որ որպես էջի վարման լոկացիա էր նշված Ռուսաստանի Դաշնությունը, ալիքի նկարագրության մեջ նշվում է, որ այն լուսաբանում է Իրանի զինված ուժերի վերաբերյալ նորությունները։ 

    Արտապատկերումը՝ տելեգրամյան ալիքից:

    Նշենք, սակայն, որ այս ալիքը ԻՀՊԿ-ի պաշտոնական էջերի ու հաշիվների ցանկում չկա․ Կորպուսը նախկինում հրապարակել էր սոցիալալական մեդիայի տարբեր հարթակներում իր ռեսուրսների հասցեները, համաձայն որի, Telegram-ում այն ներկայացված է «sepahnews.ir» ալիքի միջոցով։

    Ուշագրավ է, որ այս կորպուսի պաշտոնական ալիքը չհանդիսացող այս տելեգրամայն ալիքից զատ, Սաֆավիին վերագրվող հայտարարության մասին որևէ այլ՝ երկրորդ աղբյուր չի հայտնում․ FIP.am-ի մշտադիտարկումները ցույց տվեցին, որ իրանալեզու որևէ՝ արժանահավատ կամ ոչ արժանահավատ աղբյուր նման տեղեկություն չէր տարածել։ 

    Փաստացի, հայաստանյան տեղեկատվական տիրույթում կայծակնային արագությամբ տարածված լուրը հիմնված էր բացառապես մեկ ռուսալեզու տելեգրամյան ալքի հրապարկման վրա, որը չի հանդիսանում ԻՀՊԿ-ի պաշտոնական կամ դրա հետ փոխակապակցված էջ։ 

    Արտապատկերումները՝ ԻՀՊԿ-ի պաշտոնական ու կեղծ տելեգրամյան ալիքներից։

    Մերկապարանոց պնդում՝ ՌԴ ԱԽՔ-ից

    Օրեր առաջ էլ ԹՐԻՓՓ-ն Իրանի դեմ ռազմական և հետախուզական ենթակառուցվածք ներկայացնող հայտարարություն հնչեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդից. ԱԽՔ տեղակալ Ալեքսեյ Շևցովը,  մասնավորապես, նշում էր, որ «Հայաստանի տարածքով «Թրամփի երթուղու» իրականացումը հնարավորություն կտա ԱՄՆ զորքերը տեղակայել անմիջապես Իրանի սահմանին»: 

    «Այսպես կոչված «Թրամփի երթուղին» Հայաստանի տարածքով, ամերիկացիներին հնարավորություն է տալիս իրենց զորքերը կամ մասնավոր ռազմական ընկերությունների ստորաբաժանումներ, ինչպես նաև հետախուզական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Հայաստանի տարածքում՝ Իրանի սահմանին մոտ»,- ասել է Շևցովը։

    Մինչդեռ, ԹՐԻՓՓ-ի ռազմահետախուզական նախագծի շուրջ պնդումները հիմնված չեն որևէ արժանահավատ աղբյուրի, որևէ փաստաթղթի կամ պաշտոնական աղբյուրի վրա․ ավելին՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հրապարակված փաստաթղթերում նախագիծը ներկայացված է որպես տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական նախաձեռնություն․ դրանցում ամերիկյան զորքերի, մասնավոր ռազմական ընկերությունների կամ հետախուզական ենթակառուցվածքի տեղակայման մասին որևէ դրույթ չկա։ 

    «Անանուն աղբյուրը», Թեհրանի «կոշտ պայմանը» ու «ռուսական զորքերը»

    ՌԴ ԱԽՔ տեղակալի այս հայտարարությունից օրեր անց՝ սեպտեմբերի 7-ին,  հայաստանյան երկու ԶԼՄ՝ News{.}am-ն ու AlphaNews-ը ընդամենը կես ժամվա տարբերությամբ հրապարակեցին բառացիորեն նույն լուրն այն մասին, թե իբր 

    Թեհրանը «անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ»:  

    ԶԼՄ-ները իրենց «անանուն աղբյուրին» հղումով գրել են. «Իրանի իշխանությունները պահանջել են, որպեսզի TRIPP-ի պաշտպանության գործն իրակացնեն կամ բացառապես հայկական զինված ուժերը, կամ Հայաստանի տարածքում արդեն գտնվող երրորդ երկրի զինված ուժերը /ակնհայտորեն նկատի ունենալով ռուսական զինված ուժերին/»:

    News{.}am-ի այս տեղեկությունը որպես հաստատված փաստ իր ճեպազրույցում պնդել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը և նաև նրա միջոցով այդ անանուն տեղեկությունը տարածվել էր տարբեր լրատվամիջոցներում (1, 2, 3 )։ 

    Անանուն աղբյուրով տեղեկությունը տարածող էջերից է նա Հայ ազգային կոնգրեսի ֆեսյբուքյան «Լրջանալու պահը» կոչվող էջը, որը լուրը հրապարակել է 2020 թվականի հունվարին Իրաքում ԱՄՆ զինված ուժերի կողմից սպանված իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարով: 

    Հատկանշական է, որ Սոլեյմանին սպանվել է 2025 թվականին ԹՐԻՓՓ-ի նախագծի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից 5 տարի առաջ:

    ԱԳՆ-ի մեկնաբանությունը

    ՀՀ արտաքին գործերի նախարարությունից FIP.am-ին հայտնեցին, որ շրջանառվող նման լուրերն ապատեղեկատվություն են: 

    «ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ կնքված բոլոր փաստաթղթերը հրապարակային են: Ինչպես դրանցում ամրագրված է և ինչպես բազմիցս ընդգծվել է հրապարակավ, ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքների և դրանց անցման տարածքների նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է բացառապես ՀՀ կողմից, դրանք գործելու են ՀՀ իրավազորության ներքո, և որևէ երրորդ երկրի ռազմական ուժերի տեղակայում բացառված է:

    Նշվածին հակառակ նարատիվները ապատեղեկատվություն են», — ասում են ԱԳՆ-ից:

    Եզրակացություն

    Այսպիսով, վերջին շաբաթներին «TRIPP-ն Իրանի դեմ ուղղված ռազմական և հետախուզական նախագիծ է» թեզը շրջանառվել է երեք հիմնական եղանակով՝ իրանցի գեներալին վերագրվող չհաստատված հայտարարությամբ, Թեհրանի անունից ներկայացվող անանուն տեղեկությամբ և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ներկայացուցչի պնդմամբ։

    Սաֆավիին վերագրվող խոսքերի միակ հայտնաբերված աղբյուրը ռուսալեզու ոչ պաշտոնական տելեգրամյան ալիք է, իսկ հայտարարությունը չի հրապարակվել իրանական պաշտոնական կամ արժանահավատ լրատվական աղբյուրներում։ Թեհրանին վերագրվող «կոշտ պայմանը» ևս հիմնված է անանուն աղբյուրի վրա և հերքվել է Հայաստանի ԱԳՆ-ի կողմից։

    Մինչդեռ TRIPP-ի վերաբերյալ հրապարակված փաստաթղթերում ամերիկյան զորքերի, մասնավոր ռազմական ընկերությունների կամ հետախուզական ենթակառուցվածքների տեղակայման մասին որևէ դրույթ չկա։ Դրանց համաձայն՝ ենթակառուցվածքներն ու դրանց անցման տարածքները մնալու են Հայաստանի իրավազորության և վերահսկողության ներքո։

    Հետևաբար, TRIPP-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական կամ հետախուզական ներկայություն ստեղծելու մասին շրջանառվող պնդումները փաստական հաստատում չունեն։ Դրանք ներկայացվել են պաշտոնական դիրքորոշման տպավորությամբ, սակայն հիմնվել են չհաստատված մեջբերումների, անանուն աղբյուրների և հրապարակված փաստաթղթերից չբխող հայտարարությունների վրա։

    Նանե Մանասյան

  • Ոստիկանության գվարդիա․ ի՞նչ է փոխվել նախկին Ոստիկանության զորքերի համեմատ

    2025 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործում է Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկը։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ կառույց է Ոստիկանության գվարդիան, ինչ ստորաբաժանումների հիմքի վրա է այն ձևավորվել, ինչ գործառույթներ ունի և ինչ է փոխվել նախկին Ոստիկանության զորքերի համեմատ։

    Ոստիկանության զորքերից՝ Ոստիկանության գվարդիա

    Գործարկումից շուրջ 10 ամիս անց Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) Fip.am-ի հարցմանն ի պատասխան ներկայացրել է Գվարդիայի գործունեության առաջին կիսամյակային տվյալը․ ըստ այդմ՝ 2026 թվականի առաջին վեց ամիսներին Գվարդիայի ծառայողները հայտնաբերել և բացահայտել են հանցագործության շուրջ 600 դեպք։

    Ոստիկանության գվարդիայի ստեղծման գաղափարը նոր չէ։ Դեռևս 2022 թվականի հուլիսին, Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտարարել էր, որ նախատեսվում է Ոստիկանության զորքերի և Պետական պահպանության գլխավոր վարչության հենքի վրա ձևավորել Ազգային գվարդիա՝ որպես ոստիկանության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։

    Գվարդիայի ստեղծման մասին օրենսդրական փաթեթը Կառավարությունը Ազգային ժողով էր ներկայացրել դեռ 2024 թվականին։ 

    Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթով Գվարդիայի ձևավորման բազան պետք է կազմեին Ոստիկանության զորքերը, Պետական պահպանության գլխավոր վարչությունը, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումները։ Դրանք Գվարդիայի գործարկմամբ պետք է դադարեցնեին իրենց նախկին ձևաչափով գործունեությունը։

    Միաժամանակ, ՆԳՆ-ն հատուկ ընդգծում է, որ իրավական առումով Գվարդիան այս կառույցներից որևէ մեկի իրավահաջորդը չէ, այլ ստեղծվել է որպես նոր ծառայություն։

    Նախկին Ոստիկանության զորքերի և Գվարդիայի միջև հիմնական տարբերություններից մեկը դրանց կարգավիճակն է։ 

    Ոստիկանության զորքերն ունեին երկակի՝ ոստիկանական և ռազմական բնույթ։ Գվարդիայի ստեղծման տրամաբանություններից մեկը հենց այս երկակի կարգավիճակից հրաժարվելն էր։

    Նոր համակարգով Գվարդիան գործում է քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո և այլևս չի ներառվում «այլ զորքեր» օրենսդրական բնորոշման մեջ։

    2024 թվականի հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը 65 կողմ և 28 դեմ ձայներով ընդունեց «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը և հարակից օրենսդրական փաթեթը։ Միաժամանակ սահմանվեց, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժը կորցնելու է դեռևս 1997 թվականին ընդունված «Ոստիկանության զորքերի մասին» օրենքը։

    Գվարդիայի ստեղծումը ի սկզբանե նախատեսվում էր ավելի վաղ, սակայն վերջնական ժամկետ սահմանվեց 2025 թվականի նոյեմբերի 1-ը։ ՆԳՆ-ն ժամկետի փոփոխությունը կապում էր, մասնավորապես, անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման և կառույցի ձևավորման համար պահանջվող նախապատրաստական աշխատանքների հետ։

    Ի՞նչ է անում Ոստիկանության գվարդիան

    Գվարդիայի գործառույթները միայն ցույցերի, հանրահավաքների կամ զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգ պահպանելով չեն սահմանափակվում։

    ՆԳՆ նկարագրության համաձայն՝ Գվարդիայի հիմնական գործառույթներն են՝

    • հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը,
    • պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը և հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը,
    • ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը,
    • հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը,
    • քրեական վարույթ իրականացնող մարմիններին օժանդակելը։

    Այսինքն՝ թեև Գվարդիան հաճախ տեսանելի է հատկապես զանգվածային միջոցառումների և հավաքների ժամանակ, դրա լիազորությունների շրջանակը զգալիորեն ավելի լայն է։

    Գվարդիայի ծառայողները նաև ամենօրյա շրջիկ ծառայություն են իրականացնում։ ՆԳՆ-ի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության ծառայության դուրս գալուց առաջ նրանք հանձնարարականներ են ստանում երթուղիներում գտնվող կարևոր նշանակության օբյեկտների, առևտրային կենտրոնների և հանցագործությունների վերաբերյալ։

    Ի՞նչ է փոխվել ուժի կիրառման հարցում

    Գվարդիայի ստեղծման ժամանակ ՆԳՆ-ն որպես հիմնական փոփոխություններից մեկը ներկայացնում էր ուժի կիրառման նոր կարգավորումները։ 

    Օրենսդրական փոփոխություններով առաջին անգամ սահմանվել է ուժային միջոցների կիրառման ստանդարտ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության վերաբերյալ։

    Ըստ ՆԳՆ-ի՝ Գվարդիայի ծառայողը, որը համապատասխան հատուկ պատրաստություն չի անցել, իրավունք չունի ուժային միջոց կիրառելու։

    Այս փոփոխությունը հատկապես կարևոր է հավաքների և զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության գործողությունների համատեքստում։ 

    ՆԳՆ-ն Գվարդիան ներկայացնում է նաև որպես խաղաղ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումն ապահովող մասնագիտացված ծառայություն։

    Գվարդիայի ծառայողների համար մշակվել են հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման դասընթացներ։ 2025 թվականի գործունեության ամփոփման ժամանակ ՆԳՆ-ն հայտնել է, որ դրանց շրջանակում ընդհանուր առմամբ վերապատրաստվել է շուրջ 3000 ծառայող։

    Թե ինչ ազդեցություն են ունեցել նոր կարգավորումները ոստիկանության կողմից ուժի կիրառման պրակտիկայի վրա, առայժմ գնահատել դժվար է։ 

    Գվարդիայի գործարկումից հետո Հայաստանում լայնամասշտաբ բողոքի ակցիաներ չեն եղել, որոնց ընթացքում նոր ծառայության գործողությունները հնարավոր կլիներ համադրել նախկին համակարգի գործելակերպի հետ։ 

    Գվարդիայում ստեղծվել է նաև բանակցային ստորաբաժանում

    Գվարդիայի կառուցվածքային նորություններից մեկը բանակցային կարողության զարգացումն է։ ՆԳՆ-ի տվյալներով՝ Գվարդիայի կազմում ձևավորվել են բանակցային խմբեր և հատուկ մարտավարական գործողությունների կազմակերպման գնդեր։ Դրանք, ըստ ՆԳՆ-ի վստահեցումների, նախատեսված են ճգնաժամային և բարձր ռիսկային իրավիճակներում գործելու համար։

    Բանակցային մոտեցման տրամաբանությունն այն է, որ հնարավորության դեպքում ոստիկանությունը նախ փորձի իրավիճակը կարգավորել հաղորդակցության և բանակցությունների միջոցով՝ նախքան հարկադրանքի կամ ուժային միջոցների կիրառումը։

    Ռազմական դրության դեպքում Գվարդիան չի անցնում Զինված ուժերի ենթակայության տակ 

    Նախկին Ոստիկանության զորքերի և Գվարդիայի միջև էական տարբերություններից մեկն առնչվում է նաև պատերազմի կամ ռազմական դրության պայմաններում դրանց կարգավիճակին։

    ՆԳՆ-ի ներկայացրած հայեցակարգով, Գվարդիան ի տարբերություն նախկին Ոստիկանության զորքերի, այլ զորքերի կազմում չի ընդգրկվում և պատերազմի դեպքում Զինված ուժերի ենթակայության տակ չի անցնում։

    Միաժամանակ այն ամբողջությամբ դուրս չի մնում պաշտպանության ոլորտից։

    Այն կարող է, օրինակ, իրականացնել Զինված ուժերի և այլ զորքերի ստորաբաժանումների, ռազմական տեխնիկայի կամ բնակչության զանգվածային տեղաշարժի երթուղիների պահպանություն, պաշտպանություն և անհրաժեշտության դեպքում՝ ուղեկցում։

    Օրենքով նաև ամրագրվել է, որ ռազմական դրություն հայտարարված տարածքում ընթացող պատերազմական գործողությունների շրջանակում Գվարդիան անհրաժեշտության դեպքում կարող է հատուկ առաջադրանքներ ստանալ և կատարել։

    146-ից՝ շուրջ 600 դեպք

    Գվարդիայի հրապարակված արդյունքները ցույց են տալիս նաև բացահայտված հանցագործությունների թվի աճ։

    2025 թվականի նոյեմբերի 1-ից մինչև տարեվերջ՝ գործունեության առաջին երկու ամիսներին, Գվարդիայի ծառայողները, ըստ ՆԳՆ-ի, բացահայտել էին հանցագործության 146 դեպք։

    2026 թվականի փետրվարին ՆԳՆ-ն արդեն հայտնում էր ձևավորումից ի վեր բացահայտված 217 դեպքի մասին։ Իսկ օգոստոսի 25-ին արդեն ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում Գվարդիայի ծառայողները հայտնաբերել և բացահայտել են հանցագործության շուրջ 600 դեպք։

    Նախարարությունից նշում են, որ Գվարդիայի ծառայողների գործողությունների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող զենք-զինամթերք, հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող անձինք, ինչպես նաև կանխվել են ինքնասպանության դեպքեր։

    Այսինքն՝ ոստիկանության գվարդիան նոր ձևավորված կառույց է՝ նախկին համակարգից ավելի լայն գործառույթներով։ 

    Այսպիսով, ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ ոստիկանության համակարգում կառուցվածքային և իրավական փոփոխություններ են իրականացվել։ Այս նոր ծառայությունը հրաժարվել է նախկին Ոստիկանության զորքերի ռազմական բաղադրիչից, տարբեր ստորաբաժանումների մի շարք գործառույթներ կենտրոնացվել են նոր ծառայությունում, իսկ ուժի կիրառման համար սահմանվել են նոր կարգավորումներ և պատրաստության պահանջներ։  

    Նոր կազմավորումից ու գործունեությունից 10 ամիս անց հնարավոր չէ ասել՝  նոր կառույցի ստեղծումով ինչ է փոխվել համակարգում և արդյոք այդ փոփոխությունները նպաստել են ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

    Արեն Նահապետյան

    Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

  • Կառավարության թերի կատարված խոստումը տեղ է գտել նոր հնգամյա ծրագրում

    Կառավարությունը 2026–2031 թվականների ծրագրում կրկին խոստացել է Հայաստանի ամբողջ տարածքում ներդնել ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանց։ Նույն հանձնառությունը ներառված էր նաև նախորդ՝ 2021–2026 թվականների ծրագրում։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կառավարության երկու ծրագրերը, միջոցառումների կատարման վերաբերյալ պաշտոնական հաշվետվություններն ու ՏԿԵՆ-ի տրամադրած տվյալները՝ արձանագրելով, որ միասնական երթուղային ցանցի ու դրա էլեկտրոնային բաղադրիչների ներդրումը սահմանված ժամկետներում չի ավարտվել․ երկու միջոցառումներն էլ կատարվել են մասնակի։

    Ի՞նչ էր խոստացել կառավարությունը 2021–2026թթ․ ծրագրով

    2021 թվականի օգոստոսին հաստատված ծրագրում կառավարությունը սահմանել էր ոչ միայն միասնական երթուղային ցանց ստեղծելու ընդհանուր նպատակ, այլև դրա ներդրումից ակնկալվող կոնկրետ արդյունքները։ Նախատեսվում էր՝

    • Հայաստանի ամբողջ տարածքում ներդնել միասնական երթուղային ցանց և բոլոր համայնքներն ապահովել տրանսպորտային սպասարկմամբ,
    • մշակել ու քարտեզագրել բոլոր երթուղիները, կազմել նոր չվացուցակներ և ուղեգծեր,
    • բոլոր բնակավայրերը կանոնավոր երթուղիներով կապել մարզկենտրոնների կամ մարզի այլ խոշոր բնակավայրերի, Երևանի և հարևան մարզկենտրոնների հետ,
    • ստեղծել երթուղիների, մեկնման ժամերի, սկզբնակետերի, վերջնակետերի և ուղեգծերի մասին ամբողջական տեղեկություններ տրամադրող հարթակ,
    • էլեկտրոնային եղանակով իրականացնել երթակարգավարական ծառայությունն ու վերահսկողություն, ներդնել միասնական տոմսային համակարգ և ինտերակտիվ քարտեզ։
    Արտապատկերումը՝ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրից 

     

    Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում դրանք ներկայացվել են երկու առանձին կետով, որոնց համար սահմանվել էին կատարման հետևյալ ժամկետները․

    • 37.1. Միասնական երթուղային ցանցի ներդրում՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակը,
    • 37.2. Երթուղիների քարտեզագրում, էլեկտրոնային տոմսավորման համակարգի և էլեկտրոնային երթակարգավարական ծառայության ներդրում՝ 2022–2023 թվականներին։

    Միասնական երթուղային ցանցի ներդրումը՝ մասնակի կատարված

    Կառավարության գործողությունների ծրագրի 37.1 կետով նախատեսված միասնական երթուղային ցանցի ներդրումը 2021–2026 թվականների ծրագրային ժամանակաշրջանի ավարտին ամբողջությամբ չի իրականացվել․ մարզերի գերակշիռ մասը մինչ օրս չունի միասնական երթուղային ցանց։ Ծրագիրը մասամբ կամ ամբողջությամբ հնարավոր է եղել իրականացնել 10 մարզերից 3-ում միայն՝ գնահատվելով   «մասնակի կատարված»։

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել է՝ միասնական երթուղային ցանցն ամբողջությամբ ներդրվել և շահագործվում է միայն՝

    • Կոտայքի մարզում,
    • Արագածոտնի մարզում,
    • Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։

    Մյուս մարզերում և տարածաշրջաններում ցանցի ներդրումը դեռ չի ավարտվել։ Որոշ դեպքերում մրցույթները չեն կայացել՝ հայտերի բացակայության պատճառով, որոշ դեպքերում մրցույթների արդյունքները վիճարկվել են դատարանում։

    Ըստ ՏԿԵՆ-ի, Արմավիրի տարածաշրջանի փոխադրողի ընտրության մրցույթի արդյունքները դատական կարգով վիճարկվում են դեռևս 2021 թվականից։

    Արարատի մարզում մրցույթի սկզբնական հաղթողը 2023 թվականին զրկվել է երթուղիները սպասարկելու իրավունքից՝ անհրաժեշտ տրանսպորտային միջոցները չներկայացնելու պատճառով։ 2025 թվականին վարչական  դատարանի վճռից հետո նույն ընկերության հետ ստորագրվել է հայտ-պարտավորագիր,  սակայն այն կրկին չի ներկայացրել պահանջվող տրանսպորտային միջոցները և զրկվել է սպասարկման իրավունքից։ 

    Նախարարության տեղեկացմամբ՝ 2026 թվականին կազմակերպված նոր մրցույթում հաղթել է «Վեդու ԲՈՒԱՏ» ընկերությունը, որը ներկայացրել է տրանսպորտային միջոցները և փաստաթղթային գործընթացն ավարտելուց հետո սկսել երթուղիների սպասարկումը։ Ժամկետների մասին ՏԿԵ նախարարությունից չեն հայտնել։ 

    Գեղարքունիքի մարզում Գավառի, Սևանի և Ճամբարակի տարածաշրջանների համար 2024 թվականին ընտրված փոխադրողը՝ «Գ-Արքունիք-1» ՍՊԸ-ն 2025-ին զրկվել է սպասարկման իրավունքից՝ տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում հաձնաժողովի գնահատմանը  չներկայացնելու պատճառով։ 2025 թվականի նոյեմբերին անցկացված նոր մրցույթի արդյունքում Սևանի և Ճամբարակի տարածաշրջանների փոխադրող է ընտրվել «Ավտոփայլ» ընկերությունը։ Տրանսպորտային միջոցները ներկայացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 10-ը։   

    Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների համար  2026 թվականի ապրիլին ընտրված ընկերություններին ավտոբուսները ներկայացնելու ժամկետ է տրվել մինչև սույն թվականի հոկտեմբերի 13-ը։  

    Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում նախկինում հայտարարված մրցույթները չեն կայացել՝ հայտերի բացակայության հիմքով։  Վայոց ձորի, Լոռու և Սյունիքի մարզերի հերթական մրցույթները նախարարությունը նախատեսել է անցկացնել  2026 թվականի վերջին։ 

    Այսպիսով, Հայաստանի 10 մարզերից միասնական երթուղային ցանցն ամբողջությամբ ներդրվել է միայն երկուսում՝ Կոտայքում և Արագածոտնում, իսկ ևս 1-ում՝  Արմավիրի մարզում մասմաբ․ միայն Վաղարշապատի տարածաշրջանում։ Արդյունքում այս միջոցառումը փոխանցվել է հաջորդ հնգամյա ծրագիր ու ներառվել 2026-2031 թթ կառավարության ծրագրում։ 

    Ծրագրային համակարգը կա, էլեկտրոնային տոմսավորումը՝ ոչ

    Կառավարության ծրագրով նախատեսվում էր նաև ստեղծել երթուղիների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ տրամադրող հարթակ, իսկ 37.2 միջոցառմամբ՝ ներդնել երեք հիմնական բաղադրիչ՝

    1. երթուղիների քարտեզագրում,
    2. էլեկտրոնային տոմսավորում,
    3. էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն։

    ՏԿԵՆ-ն այս միջոցառումը ևս գնահատել է որպես «մասնակի կատարված»։

    Նախարարության բացատրությամբ՝ միասնական ցանցի ներդրման մրցութային փուլերն ավարտած տարածքներում էլեկտրոնային երթակարգավարումն արդեն իրականացվում է ծրագրային համակարգի միջոցով, սակայն էլեկտրոնային տոմսավորումը դեռ չի ներդրվել․ այն հնարավոր կլինի գործարկել միայն բոլոր մարզերում միասնական երթուղային ցանցերի ներդրումից հետո։

    Չկատարված խոստումը կրկնվել է նոր ծրագրում

    Կառավարության 2026–2031 թվականների ծրագրում կրկին ամրագրվել է Հայաստանի ամբողջ տարածքում միասնական երթուղային ցանց ներդնելու խոստումը։ Ըստ ծրագրի՝ դրա արդյունքում բոլոր մարզերը պետք է ունենան որակյալ տրանսպորտային սպասարկում։

    Այսպիսով, կառավարության 2021–2026 թվականների ծրագրով նախատեսված երկու միջոցառումներն էլ սահմանված ժամկետներում ամբողջությամբ չեն իրականացվել։ ՏԿԵՆ-ի տվյալներով՝ միասնական երթուղային ցանցն ամբողջությամբ ներդրվել է 10 մարզից միայն երկուսում՝ Կոտայքում և Արագածոտնում, իսկ Արմավիրի մարզում միջոցառումն իրականացվել է մասնակի՝ ցանցը լիարժեք գործում է միայն Վաղարշապատի տարածաշրջանում։ Էլեկտրոնային տոմսավորումը ևս դեռ չի գործարկվել։ Հետևաբար միասնական ցանցի ներդրման չավարտված խոստումը փաստացի տեղափոխվել է հաջորդ հնգամյակ։

    Գայանե Մարկոսյան

  • Նինա Կարապետյանցը, Իկոնոմովը և շատերը կեղծ տեղեկություն են տարածել

    Քաղաքական գործիչ Արտաշես Իկոնոմովը, որը վերջերս խորհրդարանական ընտրություններում մասնակցելու հայտ էր ներկայացրել, այսօր առավոտյան սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածել։ Նա…

  • Նինա Կարապետյանցը, Իկոնոմովը և շատերը կեղծ տեղեկություն են տարածել․ հրապարակված տեքստը պաշտոնական փաստաթուղթ չէ

    Քաղաքական գործիչ Արտաշես Իկոնոմովը, որը վերջերս խորհրդարանական ընտրություններում մասնակցելու հայտ էր ներկայացրել, այսօր առավոտյան սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածել։ Նա գրել է․ «Սենսացիոն հայտնագործություն։ Սահմանադրության նախագիծը հասանելի է Sahmanadrutyun.com կայքում։ Փոփոխությունները հասկանալու համար անհրաժեշտ է կարդալ ամբողջ նախագիծը։ Եթե հավես չունեք, ուրեմն կարդացեք հետևյալ հոդվածները։ Նախաբան։ Գլուխ 1 — հոդված 5 ։ Գլուխ 4 ։ Գլուխ 6 — հոդվածներ 45, 46 , 47 ։ Գլուխ 7 ։ Գլուխ 9։ Գլուխ 10։ Գլուխ 11։ Գլուխ 12: Այս ամենը ապշեցուցիչ է։

    P.S. Խնդրում եմ տարածել սա, քանի որ շատ կարևոր է։ Եթե ​​մենք չենք ուզում պարտվել Փաշինյանին, տանը նստած նվազագույնը, որ կարող ենք անել, այս հաղորդագրությունն է տարածելը , որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է իրենց սպասվում ապագայում»։

    Նույն տեքստը տարածել է նաև Իկոնոմովի թիմակից Նինա Կարապետյանցը, ինչպես նաև «Մեդիամաքսը», Արմատ Մեդիա-ն, Aysor{.}am, Politik{.}am կայքերի սոցիալական էջերը։

    Հատկանշական է, որ կեղծ տեղեկատվության տարածմանը միացել է նաև «Մեդիամաքսը», որի իրական շահառուների թվում, ըստ պետռեգիստրի տվյալների, նույն Արտաշես Իկոնոմովն է․ ունի 40 տոկոս մասնակցություն։ 

    Արտապատկերումը՝ պետռեգիստրի կայքից

    «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածվող տեքստը պաշտոնական չէ, իսկ կայքը, որտեղ հրապարակվել է այն՝ կասկածելի։

    Մասնավորապես, հրապարակված փաստաթուղթը Հայաստանի նոր Սահմանադրության պաշտոնապես հրապարակված նախագիծը չէ։ Ավելին՝ տեքստում կան բազմաթիվ ներքին հակասություններ և տեխնիկական սխալներ, իսկ դրա առանցքային դրույթները զգալի նմանություններ ունեն Իկոնոմովի և «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման՝ դեռևս 2025 թվականին ներկայացրած առաջարկների հետ։ 

    Արդարադատության նախարարությունը հերքում է

    Հրապարակումից շուրջ 2 ժամ անց նախարարությունը հերքեց շրջանառվող տեղեկությունը։ Սակայն FIP.am-ը ավելի խորքային է անդրադարձել ներկայացված նախագծին։

    Sahmanadrutyun{.}com-ի մասին 

    Այս դոմեյնը, ըստ Who.is-ի տվյալների, նոր է ստեղծվել՝ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին։ Այսինքն՝ կայքը, որտեղ հիմա ներկայացվում է իբրև նոր Սահմանադրության նախագիծ, ընդամենը 5 օր առաջ է գրանցվել։ Դոմեյնի տվյալները վերջին անգամ ստուգվել են սեպտեմբերի 8-ին։ 

    Դոմեյնը գրանցված է GoDaddy-ի միջոցով՝ մեկ տարի ժամկետով՝ մինչև 2027 թվականի սեպտեմբերի 3-ը։

    Այս տվյալները չեն բացահայտում կայքի իրական սեփականատիրոջը և ինքնին չեն ապացուցում, թե ով է ստեղծել կամ հրապարակել փաստաթուղթը։ Սակայն ցույց են տալիս, որ խոսքը նորաստեղծ կայքի մասին է, ոչ թե նոր Սահմանադրության մշակման գործընթացին զուգահեռ երկար ժամանակ գործող պաշտոնական կամ մասնագիտական հարթակի։

    Նոր Սահմանադրության պաշտոնական նախագիծը դեռ չի հրապարակվել

    Նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները Հայաստանում իսկապես ընթանում են, սակայն դրա վերջնական տարբերակը հանրությանը դեռ չեն ներկայացրել։

    Պաշտոնական ոչ մի կայքում (Արդարադատության նախարարություն, Կառավարություն, Ազգային Ժողով, Սահմանադրական դատարան և այլն) այս նախագիծը հրապարակված չէ։

    Դրա բովանդակության մասին որոշ մանրամասներ հայտնի են։ Օրինակ՝ օգոստոսի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախաբանում հղում չի լինելու Անկախության հռչակագրին։

    Օգոստոսի 24-ին նույն դիրքորոշումը հրապարակայնորեն հայտնել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ, իր կարծիքով, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։

    Չնայած սրան, այսպես կոչված նոր սահմանադրության տեքստի նախաբանը հղում է անում անկախության հռչակագրին։

    Տարածվող տեքստում անորակ ձևակերպումներ ու մի շարք հակասություններ կան 

    Իկոնոմովի ու Կարապետյանցի կողմից տարածվող տարածվող փաստաթղթի ոչ միայն ծագումն է կասկածելի, այլ նաև դրանում հայերեն ձևակերպումներն ու մտքերը։ 

    FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այսպես կոչված Սահմանադրության նախագիծ ներկայացվող տեքստում կան մի շարք ներքին հակասություններ, անորոշություններ ու տեխնիկական վրիպումներ։

    Հակասություններից մի օրինակ՝ փաստաթղթի 63-րդ հոդվածը սահմանում է Ազգային արժեքների ինստիտուտի (ԱԱԻ) կառուցվածքը և նշում, որ այն ունի երեք ուսումնական մակարդակ՝ I, II և III։ Սակայն ընդամենը մի քանի հոդված անց Պետական խորհրդի ձևավորումն արդեն կապվում է Ազգային արժեքների ինստիտուտի IV մակարդակի՝ «Ազգային խորհրդի» հետ։ Այսինքն՝ գոյություն չունեցող մակարդակի։  Իսկ ըստ 66-րդ հոդվածի՝ հենց այդ IV մակարդակն է առաջադրելու Պետական խորհրդի անդամներին։ IV մակարդակը հետագայում կրկին հիշատակվում է 75-րդ հոդվածում, իսկ անցումային դրույթներով նույնիսկ նախատեսվում է, որ մինչև Պետական խորհրդի ձևավորումը հենց ԱԱԻ-ի IV մակարդակը պետք է իրականացնի դրա լիազորությունները։

    Այսինքն՝ փաստաթղթի մի հոդվածով ինստիտուտն ունի երեք մակարդակ, իսկ մյուս հոդվածներով առանցքային սահմանադրական լիազորություններ են վերապահվում չսահմանված չորրորդ մակարդակին։

    Ո՞վ է նշանակում դատավորներին և գլխավոր դատախազին

    Նշանակումների մեխանիզմները ևս միմյանց չեն համապատասխանում։ 26-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազի և բոլոր ատյանների դատավորների նշանակման ժամանակ Պետական խորհուրդը թեկնածուներ է առաջարկում Ազգային ժողովին, իսկ վերջնական որոշումը կայացնում է Ազգային ժողովը։ Նույն հոդվածը մանրամասն նկարագրում է նույնիսկ այն ընթացակարգը, որը պետք է կիրառվի, եթե ԱԺ-ն մերժի թեկնածուներին։

    Մինչդեռ դատական իշխանության մասին 41-րդ հոդվածն արդեն սահմանում է, որ բոլոր ատյանների դատավորներին նշանակում է Պետական խորհուրդը՝ Ազգային արժեքների ինստիտուտի առաջարկությամբ։

    Նույն հակասությունը կա գլխավոր դատախազի դեպքում։ 46-րդ հոդվածով գլխավոր դատախազին նշանակում է Պետական խորհուրդը՝ ԱԱԻ առաջարկությամբ՝ ընդամենը «Ազգային ժողովի կարծիքը հաշվի առնելով»։

    Այսպիսով, նույն փաստաթղթի տարբեր հոդվածներից պարզ չէ՝ վերջնական նշանակող մարմինը Ազգային ժողո՞վն է, թե՞ Պետական խորհուրդը։

    Հակասություններ կան նաև ԿԸՀ-ի դեպքում․ 26-րդ հոդվածը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների նշանակումը նույնպես նկարագրում է որպես Պետական խորհրդի և Ազգային ժողովի համատեղ գործընթաց, որի ընթացքում վերջնական որոշում է կայացնում Ազգային ժողովը։ Բայց 52-րդ հոդվածում արդեն գրված է, որ ԿԸՀ նախագահին և անդամներին նշանակում է Պետական խորհուրդը՝ ԱԱԻ առաջարկությամբ և ընդամենը «Ազգային ժողովի կարծիքը հաշվի առնելով»։

    Ի՞նչ են ասում Իկոնոմովի ու Կարապետյանցի առանձնացրած հոդվածները 

    Այս տեքստը տարածած գործիչները առանձնացրել են մի քանի գլուխներ ու հոդվածներ և ընդգծել․ «Այս ամենը ապշեցուցիչ է»։ 

    Իսկ ի՞նչ են ասում նրանց առանձնացրած նախաբանն ու հոդվածները, որոնք նրանք համարում են ապշեցուցիչ։ Նախաբանում խոսում են Հայաստանի անկախության հռչակագրի մասին․ «․․․Հայ ժողովուրդը, հիմնվելով հայ պետականության հիմնարար սկզբունքների և ազգային նպատակների վրա, որոնք ամրագրված են 1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության հռչակագրում, իրականացնելով ինքնիշխան պետություն վերականգնելու իր նախնիների կտակը և նվիրված լինելով հայրենիքի բարգավաճմանն ու համամարդկային արժեքներին, ընդունում է այս Սահմանադրությունը։ Անկախության հռչակագիրը հանդիսանում է Սահմանադրության անբաժանելի մասը»։

    Նույն առանձնացված հոդվածներից մեկով Սահմանադրությունն ունի գերագույն իրավական ուժ, իսկ Անկախության հռչակագիրն ունի գերագույն իրավական ուժ բոլոր նորմատիվ ակտերի նկատմամբ (բացի բուն Սահմանադրությունից) և չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին»։

    Սահմանադրության մեջ հայտնվել են աշխատանքային գրառման նմանվող ձևակերպումներ

    Տեքստում կան նաև ձևակերպումներ, որոնք ավելի շատ հիշեցնում են նախագծի հեղինակների բացատրություններ կամ աշխատանքային նշումներ, քան սահմանադրական նորմեր։ Օրինակ՝ 26-րդ հոդվածում ժամանակավոր պաշտոնակատարի ժամկետի վերաբերյալ գրված է՝ «ևս 3 ամսով (այսինքն՝ մինչև 9 ամիս)»։ 49-րդ հոդվածում կրկին հանդիպում է նույն ոճը՝ «ևս 3 ամսով (այսինքն՝ մինչև 6 ամիս)»։

    Իսկ 78-րդ հոդվածում նշվում է, որ Պետական խորհուրդը և Ազգային արժեքների ինստիտուտը կարող են ժամանակավորապես կատարել միմյանց գործառույթները՝ փակագծերում ավելացնելով բացատրություն՝ «իշխանության վակուումից խուսափելու համար»։

    Այսպիսի բացատրական փակագծերը ինքնին չեն ապացուցում փաստաթղթի կեղծ լինելը, սակայն բնորոշ չեն վերջնական իրավական ակտի մշակված շարադրանքին և լրացուցիչ հարցեր են առաջացնում տեքստի պատրաստման մակարդակի վերաբերյալ։

    Կա նաև ակնհայտ տեխնիկական վրիպում

    66-րդ հոդվածում Պետական խորհրդի առաջին կազմի անդամների ժամկետների մասին գրված է. «Առաջին կազմի համար սահմանվում է հետևյալ վաշտի կարգը (վիճակահանությամբ)»։ Հաջորդ կետն արդեն խոսում է «առաջին կազմի ժամկետները որոշելու վիճակահանության» մասին։ «Վաշտի կարգը» տվյալ համատեքստում իմաստ չունի և ակնհայտորեն տեխնիկական կամ խմբագրական վրիպում է։

    Տարածվող «նախագիծը» նմանություններ ունի «ՆԺԱՐ»-ի ներկայացրած սահմանադրական մոդելի հետ

    Ուշագրավ է, որ որպես իշխանությունների մշակած նոր Սահմանադրության նախագիծ տարածվող փաստաթղթի մի շարք առանցքային դրույթներ համընկնում են ոչ թե իշխանությունների հրապարակային հայտարարությունների, այլ «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման ներկայացրած գաղափարների հետ։

    «ՆԺԱՐ» շարժման մեկնարկի մասին 2025 թվականի օգոստոսին հայտարարել էին ձեռնարկատեր և գյուտարար Արտաշես Իկոնոմովը, հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանը(նա ավելի ուշ դուրս եկավ այս կազմից-խմբ․) և իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Շարժումը նաև քաղաքական հայտ էր ներկայացրել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

    Արտաշես Իկոնոմովը հայտարարել էր, որ իրենց մշակած ինստիտուցիոնալ համակարգը ներառելու է Պետական խորհուրդ և ազգային ինստիտուտ։ Իկոնոմովը նաև բավական մանրամասն նկարագրել էր առաջարկվող Պետական խորհուրդը՝ նշելով, որ այն պետք է կազմված լինի 9 տարով ընտրվող 9 անդամից։

    Որպես Սահմանադրության նախագիծ տարածվող փաստաթղթում հանդիպում ենք գրեթե նույն կառուցվածքին։ Այստեղ նույնպես ստեղծվում են Ազգային արժեքների ինստիտուտ և Պետական խորհուրդ, իսկ վերջինս բաղկացած է հենց 9 անդամից՝ 9-ամյա լիազորությունների ժամկետով։

    Եզրակացություն

    Այսպիսով, Արտաշես Իկոնոմովի, Նինա Կարապետյանցի, «Մեդիամաքս»-ի և մյուսների կողմից տարածվող տեքստը, որը հրապարակվել է Sahmanadrutyun{.}com դոմեյնով կայքում, Հայաստանի նոր Սահմանադրության պաշտոնական նախագիծը չէ, դրա հետ որևէ աղերս չունի։ Ավելին, Արդարադատության նախարարությունը հերքել է դրա՝ պաշտոնական նախագիծ լինելու մասին տեղեկությունը։

    Ուշագրավ է նաև փաստաթղթի տարածման ժամանակագրությունն ու այն տարածողների միջև կապը։ Sahmanadrutyun.com դոմեյնը գրանցվել է միայն 2026 թվականի սեպտեմբերի 3-ին՝ փաստաթղթի լայն տարածումից հինգ օր առաջ։ Միաժամանակ այնտեղ հրապարակված տեքստի առանցքային ինստիտուցիոնալ լուծումները զգալիորեն համընկնում են Արտաշես Իկոնոմովի և նրա համահիմնադրած «ՆԺԱՐ» շարժման՝ դեռ 2025 թվականին հրապարակայնորեն ներկայացրած սահմանադրական մոդելի հետ։ 

    Հենց Իկոնոմովն էլ սեպտեմբերի 8-ին նորաստեղծ կայքում տեղադրված փաստաթուղթը ներկայացրել է որպես իշխանությունների մշակած Սահմանադրության նախագիծ՝ այն անվանելով «սենսացիոն հայտնագործություն» և հետևորդներին կոչ անելով հնարավորինս տարածել տեղեկությունը։ Նրա թիմակից Նինա Կարապետյանցից բացի՝ հրապարակման տարածմանը միացել է նաև «Մեդիամաքսը»։ Հատկանշական է, որ պետռեգիստրի տվյալներով Իկոնոմովը «Մեդիամաքս Մեդիաքոմփանի» ՍՊԸ-ի իրական շահառուներից է՝ 40 տոկոս մասնակցությամբ։ 

    Արեն Նահապետյան

    Հասմիկ Համբարձումյան

  • Հայաստանը ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ մաքսատուրքերի համակարգ, քան ստանում

    ԵԱՏՄ ընդհանուր բյուջեում Հայաստանի 1.220% բաժնեմասն, իսկապես, ամենափոքրն է անդամ պետությունների շարքում։

    Սակայն այս փոքր չափաբաժինը չի նշանակում, որ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ֆինանսական մասնակցությունը փոքր է․ հատկապես վերջին տարիներին մաքսատուրքերի բաշխման համակարգ Հայաստանը զգալիորեն ավելի շատ գումար է փոխանցում, քան ստանում է։

    Մանրամասները՝

    Հայաստանը ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ մաքսատուրքերի համակարգ, քան ստանում․ ռուս պաշտոնյայի հայտարարության հետքերով 

    The post Հայաստանը ավելի շատ գումար է փոխանցում ԵԱՏՄ մաքսատուրքերի համակարգ, քան ստանում appeared first on FIP.AM.