Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը

Written by

in

Օգոստոսի 6-ին կառավարությունն իր որոշումներից մեկով մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Յունիվերսալ Քլոզրս» փակ բաժնետիրական ընկերությանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս ընկերության պետական աջակցության պատմությունն ու դրա շահառուների կապերը և պարզել՝

  • 2018-ից ընկերությունը չորս անգամ մաքսային արտոնություն է ստացել,
  • 2023-ին պետությունը դարձել է ընկերության շուրջ 49% բաժնետերը և ավելի քան երկու տարի պահպանել այդ մասնակցությունը,
  • 2018-ից ընկերության ծրագրերում շրջանառվող 40 աշխատատեղի թիրախը մինչ օրս չի արձանագրվել,
  • ընկերության իրական շահառուներից մեկի ընտանիքը կապ ունի Սուքիասյանների կողմից վերահսկվող Հայէկոնոմբանկի հետ, որի բաժնետերերից է ԱԺ 8-րդ գումարման «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Այսպես, կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ արտոնությունը գնահատվել էր 133․3 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 2․6 մլրդ դրամի ներդրում՝ անհրաժեշտ հումքի ձեռքբերման համար։  

Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է ընդլայնել ընկերության  աշխատատեղերը։ Եթե ներկայումս ընկերությունում առկա է 30 աշխատատեղ՝ 500 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, ապա մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 40-ի։

40 աշխատատեղի չիրականացած թիրախը՝ 2018-ից մինչև 2027 թվական․ ի՞նչ են ցույց տալիս նախկին որոշումները

Ընկերությունը հիմնադրվել է 2017թ․-ին Կոտայքի մարզում և իրականացնում է ալյումինե կափարիչների արտադրություն։

«Յունիվերսալ Քլոզրսը» կառավարությունից մաքսային արտոնություններ է ստանում դեռևս 2018 թվականից։

2018 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ ընկերությանը (այն ժամանակ՝ ՍՊԸ) տրամադրվել էր մաքսատուրքի արտոնություն՝ Իտալիայից ներմուծվող 373.6 մլն դրամի արտադրական սարքավորումների համար (ընդհանուր 2.78 մլրդ դրամի ներդրում)։ Այն ժամանակ ընկերությունը խոստանում էր ստեղծել 27 աշխատատեղ՝ նշելով, որ հետագայում աշխատատեղերի թիվը հնարավոր է հասցնել 40-ի։

2022 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ ընկերությանը տրամադրվել էր 282 մլն դրամի մաքսային արտոնություն՝ 2․8 մլրդ դրամի հումքի ձեռքբերման համար։ Հիմնավորման մեջ նշված է, որ նախատեսվում է ստեղծել 6 նոր աշխատատեղ։  

ՊԵԿ պաշտոնական տեղեկանքի համաձայն՝ 2022թ․ սեպտեմբերի դրությամբ ընկերությունն արդեն ուներ 29 վարձու աշխատող։ Այսինքն՝ 6 նոր աշխատատեղի ստեղծումով աշխատակիցների թիվը պետք է դառնար 35:

2025 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ ընկերությանը տրվել էր 18 մլն դրամի արտոնություն (269․6 մլն դրամի ապրանքների ներկրման համար)։ Այդ պահին ընկերությունը արձանագրել էր, որ ունի 33 աշխատատեղ  և  խոստացել մինչև 2026 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 40-ի։

Այսպիսով, փաստաթղթերի համադրությունը ցույց է տալիս, որ

  • 2025-ին 33 աշխատատեղ ունեցած և մինչև 2026 թվականը մինչև 40 աշխատատեղ նախատեսած ընկերությունը մեկ տարի անց արձանագրել է ոչ թե աճ, այլ նվազում՝ 30 աշխատատեղ։ Նոր ծրագրով 40 աշխատատեղի նշաձողն այս անգամ տեղափոխվել է մինչև 2027 թվական։ 

3.9 մլն եվրոյի ներդրում և 49% բաժնեմաս. պետության մուտքն ու ելքը «Յունիվերսալ Քլոզրս»-ից 

2023թ․-ին պետությունը նաև բաժնետիրական ներդրում է կատարել «Յունիվերսալ Քլոզրս»-ում։ Դեռևս մայիսին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) հայտարարել էր, որ իր դուստր կառույցի կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն» ներդրումային ֆոնդը 3.9 մլն եվրո է ներդնելու ընկերությունում՝ արտադրական կարողությունների ընդլայնման նպատակով։ Փաստացի ներդրումը կազմել էր մոտ 1 մլրդ 677 մլն դրամ։

Ընդհանուր առմամբ, 2021-2023 թվականներին «Ձեռնարկատեր+Պետություն» ֆոնդը բաժնեմասային ներդրումներ է կատարել 10 փակ բաժնետիրական ընկերություններում, այդ թվում՝ «Յունիվերսալ Քլոզրս»-ում։

Ներդրման արդյունքում ֆոնդը ձեռք է բերել «Յունիվերսալ Քլոզրս»-ի բաժնետոմսերի 49.01%-ը։ Պետության մասնակցությունն արձանագրվել է նաև ընկերության՝ 2023 թ. հունիսի 14-ի իրական շահառուների հայտարարագրում։ 

Արտապատկերումը՝ պետռեգիստրի կայքից

ԱՆԻՖ-ի լուծարման գործընթացից հետո «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները 2024թ. սեպտեմբերին փոխանցվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Դրանից հետո սկսվել է ֆոնդի ներդրումներից դուրս գալու գործընթացը։ 

2025թ. օգոստոսի 28-ին կառավարությունը N 1240-Լ որոշմամբ սահմանել է ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառքի մեխանիզմը։  

Կառավարության սահմանած մեխանիզմով՝ «Յունիվերսալ Քլոզրս»-ում ֆոնդին պատկանող շուրջ 49% բաժնեմասը մյուս բաժնետերերին առաջարկվել է սկզբնական ներդրմանը տարեկան 10.272% պարզ տոկոս հավելած գնով։   

Ընկերության կողմից այդ առաջարկն ընդունվել է։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2025թ. նոյեմբերի 14-ին ֆոնդի և «Յունիվերսալ Քլոզրս»-ի  բաժնետերերից մեկի միջև կնքվել է պետական ֆոնդին պատկանող բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր։ Գնորդը մինչև պայմանագրի կնքումն ամբողջությամբ վճարել է 2 մլրդ 118 մլն դրամ։ 

Այսպիսով, պետությունը շուրջ երկուսուկես տարի մնացել է «Յունիվերսալ Քլոզրս»-ի բաժնետեր․ 1.677 մլրդ դրամ ներդրման դիմաց ձեռք բերելով ընկերության շուրջ 49%-ը՝ 2025-ի նոյեմբերին այն վաճառել է 2.119 մլրդ դրամով՝ ներդրված գումարից շուրջ 442 մլն դրամով ավելի, և դուրս եկել ընկերության բաժնետերերի ցանկից։ Վաճառքի գինը հաշվարկվել է կառավարության սահմանած՝ տարեկան 10.272% պարզ տոկոսադրույքի մեխանիզմով։ 

Ո՞վ է գնել պետության 49% բաժնեմասը

Թե ով է եղել 2025թ. նոյեմբերի 14-ին ֆոնդի և «Յունիվերսալ Քլոզրս»-ի բաժնետերերից մեկի միջև կնքված՝ ֆոնդին պատկանող բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի մյուս կողմը, հրապարակված պետական փաստաթղթերում չի նշվում։ Ընկերության տարբեր տարիների իրական շահառուների հայտարարագրերի համադրությունը, սակայն, հնարավորություն է տալիս պարզել գնորդին։

Ընկերության՝ 2023թ. մարտի հայտարարագրի համաձայն՝ «Յունիվերսալ Քլոզրս»-ի իրական շահառուներից Ղազախստանի քաղաքացի Էռնեստ Ռուդիկն ուներ 85% մասնակցություն։ Երկրորդ իրական շահառուն ՀՀ քաղաքացի Հովսեփ Արաբյանն էր։

Արտապատկերումը՝ պետռեգիստրից
Արտապատկերումը՝ պետռեգիստրից

Ամիսներ անց՝ պետական ներդրումից հետո, սեփականության կառուցվածքը փոխվել է։ 2023թ. հունիսի հայտարարագրում պետության մասնակցությունը կազմում էր 49.01%, իսկ Է․ Ռուդիկինը նվազել էր մինչև 43.3%։ Իրական շահառուների թվում պահպանվել է Հովսեփ Արաբյանի անունը։

Արտապատկերումը՝ պետռեգիստրից

2025-ի նոյեմբերի հայտարարագրում Հովսեփ Արաբյանի անունն արդեն փոխարինված է Ռուբեն Սուվարյան անվամբ։ Պետության ու Էռնեստ Ռուդիկի մասնաբաժինները նույնն են՝ համապատասխանաբար 49 և 43 տոկոս։

Արտապատկերումը՝ պետռեգիստրից

Պետական մասնաբաժնի վաճառքից ամիսներ անց՝ 2026թ. փետրվարի հայտարարագրում Էռնեստ Ռուդիկի բաժնեմասը դարձել է 92.3%, որը ճիշտ հավասար է նրա նախկին 43.3% և պետության նախկին 49.01% բաժնեմասերի հանրագումարին։ Այսպիսով, հայտարարագրերում արձանագրված փոփոխությունը ցույց է տալիս, որ պետության վաճառած 49.01% բաժնեմասն անցել է Էռնեստ Ռուդիկին։

Արտապատկերումը՝ պետռեգիստրից

Միաժամանակ Հայկ Սուվարյանը ևս շարունակում է նշված լինել ընկերության իրական շահառուների ցանկում։

Հայկ Սուվարյանի ընտանիքի կապերը

«Յունիվերսալ Քլոզրս»-ի իրական շահառուներից Հայկ Սուվարյանը նախկինում զբաղեցրել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի ներքին աուդիտի տնօրենի պաշտոնը։

Նրա հայրը՝ Հրանտ Սուվարյանը, ներկայումս Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահի տեղակալն է։ Մինչ այդ՝ 2002-2020 թվականներին, նա ղեկավարել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչությունը։

Հայէկոնոմբանկի նշանակալի բաժնետերերը Սուքիասյանների ընտանիքի անդամներն են։ Բանկի 2026թ.-ին հրապարակված կորպորատիվ կառավարման հայտարարագրի համաձայն՝ Սարիբեկ, Խաչատուր և Էդուարդ Սուքիասյաններին միասին պատկանում է բանկի 51.45%-ը։

Բանկի խորհրդի նախագահը Սարիբեկ Սուքիասյանն է, իսկ բաժնետերերից Խաչատուր Սուքիասյանը ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման  (2021-2026թթ․) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր։  

Այսպիսով, 2018-2026 թվականներին «Յունիվերսալ Քլոզրսը» 4 անգամ օգտվել է կառավարության տրամադրած մաքսային արտոնություններից, իսկ 2023-ին պետությունը նաև շուրջ 49% մասնակցություն է ձեռք բերել ընկերությունում։  Ընկերության շահառուներից  Հայկ Սուվարյանի դեպքում փաստաթղթերը ցույց են տալիս բանկային կապերի շղթա․ նրա հայրը՝ Հրանտ Սուվարյանը, Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահի տեղակալն է, իսկ բանկի վերահսկող բաժնետերերը Սուքիասյանների ընտանիքի անդամներն են, այդ թվում՝ ԱԺ 8-րդ գումարման «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ 

Գայանե Մարկոսյան 

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *