Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում

Written by

in





Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է փոխհատուցում ստանալ իր ռազմական անհաջողությունների համար՝ Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելով։ Ըստ նրա, սակայն, Իսլամական Հանրապետությունը կարող է հաղթահարել «տնտեսական պատերազմն» այնպես, ինչպես գերիշխել է ռազմադաշտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

«Թշնամին այժմ ցանկանում է ռազմական ճակատում իր պարտությունը փոխհատուցել տնտեսական պատերազմի միջոցով, և կառավարությունը պետք է վճռականորեն դիմակայի այս մոտեցմանը՝ պատշաճ պլանավորմամբ», – ասել է փոխնախագահը Շուկայի կարգավորման շտաբի նիստում։

Արեֆն ընդգծել է, որ վարչակազմը երկիրը կառավարել է դժվարին պատերազմական պայմաններում՝ համախմբվածությամբ և համակարգվածությամբ։

Նա հավելել է, որ չնայած թշնամին կարող է ավելի մեծ ռեսուրսներ ունենալ տնտեսական պատերազմում, սակայն վերջերս Իրանին պարտադրված երկու պատերազմների փորձն ապացուցել է, որ ազգային միասնության և համախմբվածության պահպանումը կարող է հանգեցնել թշնամու նկատմամբ հաղթանակի։

«Նման հանգամանքներում խմբակցական, քաղաքական և կուսակցական տեսանկյունները պետք է մի կողմ դրվեն՝ հանուն ազգային շահի», – նշել է նա։

Փոխնախագահը նաև ընդգծել է շուկայի վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությունը՝ կոչ անելով կարգավորող և տեսչական մարմիններին լուրջ գործողություններ ձեռնարկել գների բարձրացման, թերկշռման և կուտակումների դեմ։

Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարել էին Պակիստանի միջնորդությամբ կնքված փոխըմբռնման հուշագրի մասին, որը նպատակ ուներ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, վերաբացել Հորմուզի նեղուցը և վերացնել Իրանի ծովային շրջափակումը։ Սակայն Վաշինգտոնը հուլիսին վերսկսեց հարվածները Իրանում տարբեր օբյեկտների ուղղությամբ՝ նրան մեղադրելով Հորմուզի նեղուցում նավերի թիրախավորման համար։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտներին։ Վերջին շաբաթներին կողմերն անուղղակի բանակցություններ են վարում կարգավորման հասնելու ուղղությամբ։




դիտվել է 119 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *