Category: FIP.am

  • Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)

    ՄԱՍ 1

    Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուի» 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչել էին նաև մի շարք թվային պնդումներ՝ այս անգամ արդեն ՀՀ-ում, Ռուսաստանում և աշխարհում բնակվող հայերի թվի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության մասին։

    «Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ստուգել հաղորդման ընթացքում ներկայացված պնդումները։ Այս հոդվածում ուսումնասիրել ենք, թե որքանով են իրականությանը համապատասխանում հաղորդման մասնակիցների հայտարարությունները հայ բնակչության թվաքանակի, ՀՀ–Ադրբեջան առևտրաշրջանառության, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան ֆինանսական փոխանցումների վերաբերյալ։

    Նախորդ հրապարակումը — Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում

    Պնդում 5

    Հաղորդման ընթացքում (46:20-46։45րոպե) մասնակիցները պնդում են, որ Ռուսաստանում ապրում է 2.5–3 մլն հայ, Հայաստանում՝ 3.1 մլն, իսկ հայկական սփյուռքի թվաքանակը կազմում է 15–20 մլն։

    Փաստերի ստուգումը․ Ռուսաստանում ապրող հայերի պաշտոնական թիվը 947 հազար է

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ռուսաստանում բնակվող հայերի թվաքանակի վերաբերյալ պնդումը և արձանագրել, որ այն պաշտոնական վիճակագրությամբ չի հաստատվում։ Միաժամանակ հարկ է նշել, որ Ռուսաստանի իշխանությունները բնակչության ազգային կազմի վերաբերյալ ընթացիկ վիճակագրություն չեն հրապարակում, ուստի այս հարցի պաշտոնական աղբյուրը մարդահամարի տվյալներն են։
    Ռուսաստանում բնակվող քաղաքացիների ազգային պատկանելիությանը վերաբերող հիմնական վիճակագրությունը հիմնված է մարդահամարների արդյունքների վրա։ Վերջին և ամենաթարմ մարդահամարն այդ երկրում անցկացվել է 2020–2021 թվականներին, իսկ արդյունքները հրապարակվել են 2022 թվականին։ «Բնակչության ազգային կազմը» բաժնում ներկայացված են այդ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների տվյալները։

    Ըստ այդ տվյալների՝ ՌԴ-ում ապրող հայերի թիվը 2021 թվականին կազմել է շուրջ 947 հազար մարդ (մոտ 510 հազար տղամարդ և 435 հազար կին)։

    Հետևաբար, պնդումը, թե Ռուսաստանում ապրում է 2.5–3 մլն հայ, պաշտոնական վիճակագրությամբ չի հաստատվում։ 

    Այս թեմային FIP-ն անդրադաձել էր նաև այս տարվա մայիսին։

    ՀՀ մշտական բնակչության թիվը

    ՀՀ մշտական բնակչության վերաբերյալ հնչած՝ 3.1 մլն բնակչության մասին պնդումը համապատասխանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներին։

    Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 100.1 հազար մարդ։ Հետևաբար, ՀՀ-ում 3.1 մլն մշտական բնակչության մասին պնդումը համապատասխանում է պաշտոնական վիճակագրությանը։

    Աշխարհում ապրող հայերի թիվը

    Հաղորդման մասնակիցների պնդմամբ՝ աշխարհում հայկական սփյուռքի թվաքանակը կազմում է 15–20 միլիոն։

    Փաստերի ստուգումը․ պնդման մեջ ներկայացված թվերը չեն համապատասխանում հասանելի պաշտոնական և հեղինակավոր աղբյուրների գնահատականներին

    ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքի 2023 թվականի հունիսի 5-ի արխիվացված տարբերակում նշվում է, որ, ըստ գնահատականների, աշխարհի ավելի քան 100 երկրներում բնակվում է շուրջ 7 միլիոն հայ։

    Սա հայկական սփյուռքի թվաքանակի վերաբերյալ հասանելի վերջին պաշտոնական գնահատականներից է։

    Միաժամանակ, վերջին տարիներին  տարբեր   աղբյուրներ, այդ թվում՝ «ՍիվիլՆեթը», ներկայացրել  են առավել բարձր  ցուցանիշ՝ նշելով, որ աշխարհի ավելի քան 100 երկրներում բնակվում է շուրջ 8–10 միլիոն հայ։

    Հետևաբար, հաղորդման մեջ հնչած՝ 15–20 միլիոն հայի մասին պնդումը չի հաստատվում  պաշտոնական վիճակագրությամբ և չի համապատասխանում հեղինակավոր աղբյուրներում ներկայացված գնահատականներին։

     Պնդում 6

     

    Հաղորդման մասնակից լրագրող Արկադի Խուդաբաշևը նշել է. «Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ Սյունիքով անցնող այս միջանցքի դիմաց կստանա ադրբեջանական գազ։ Եթե հիշողությունս չի դավաճանում, վերջերս հրապարակել էին վիճակագրություն Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սկսված ապրանքաշրջանառության վերաբերյալ։ Ըստ դրա՝ Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 11 կամ 12 միլիոն դոլարի ապրանք, իսկ Հայաստանը Ադրբեջան՝ մոտ 9–10 հազար դոլարի ապրանք»։ (17։15-17։35 րոպե–խմբ․)

    Փաստերի ստուգումը․ ներկայացված թվերը ՀՀ պաշտոնական մաքսային վիճակագրությամբ չեն հաստատվում

    Ըստ ՀՀ մաքսային վիճակագրության՝ 2025 թվականին Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է 1 215.1 տոննա նավթամթերք (ԱՏԳ ԱԱ 2710)՝ 873.4 հազար ԱՄՆ դոլար արժեքով։ 2024 թվականին նույն ապրանքախմբով ներմուծում չի արձանագրվել։

    2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է 3.6 մլն լիտր նավթամթերք՝ 2 մլն 45.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով, ինչպես նաև 5 398.1 տոննա նավթամթերք՝ 4 մլն 302.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

    Այսպիսով, 2025 թվականի և 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ մաքսային վիճակագրությամբ Ադրբեջանից Հայաստան ներմուծված նավթամթերքի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7.2 մլն ԱՄՆ դոլար, ինչը զգալիորեն պակաս է Խուդաբաշևի նշած 11–12 մլն ԱՄՆ դոլարից։

    Միաժամանակ,  մաքսային վիճակագրության 2024 և 2025 թվականների տարեկան տվյալներում, ինչպես նաև 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներում Հայաստանից Ադրբեջան արտահանման ցուցանիշներ առկա չեն։

    Հետևաբար, Խուդաբաշևի ներկայացրած թվերը չեն համապատասխանում ՀՀ պաշտոնական մաքսային վիճակագրությանը։ Միաժամանակ, հարկ է նշել, որ հաղորդման ընթացքում չի նշվում, թե որ աղբյուրի կամ որ երկրի վիճակագրության հիման վրա են ներկայացվել այդ տվյալները։

    Պնդում 7

    Հասարակական գործիչ Միկա Բադալյանը նշել է. «Ինչ վերաբերում է փոխանցումներին, միայն Ռուսաստանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են Հայաստանի  ՀՆԱ-ի գրեթե 8%-ը»։ (31:20–31:35)

    Փաստերի ստուգումը․ պնդման մեջ ներկայացված ցուցանիշը պաշտոնական տվյալներով չի հաստատվում

    ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2025 թվականին ՀՀ բանկերի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով Հայաստան մուտք է եղել 3 մլրդ 878.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից Ռուսաստան փոխանցվել է 749.9 մլն ԱՄՆ դոլար։ Զուտ ներհոսքը կազմել է 3 մլրդ 128.4 մլն ԱՄՆ դոլար։

    Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թ․ կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն ՀՀ դրամ կամ ավելի քան 29,2 մլրդ դոլար։ 

    Այսպիսով՝ Ռուսաստանից Հայաստան մուտք եղած փոխանցումները կազմել են ՀՆԱ-ի շուրջ 13.3%-ը, այլ ոչ թե հաղորդման ընթացքում նշված՝ «գրեթե 8%-ը»։

    Միաժամանակ, եթե դիտարկվի զուտ ներհոսքը՝ հաշվի առնելով նաև Հայաստանից Ռուսաստան կատարված փոխանցումները, ապա այն կազմել է 3 մլրդ 128.4 մլն ԱՄՆ դոլար, կամ ՀՆԱ-ի շուրջ 10.7%-ը, ինչը նույնպես չի համապատասխանում հաղորդման ընթացքում նշված գնահատականին։

    Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչած վերոնշյալ թվային և փաստական պնդումների մեծ մասը չի  համապատասխանում  պաշտոնական տվյալներին։

     Մասնավորապես, պաշտոնական վիճակագրությամբ չեն հաստատվում Ռուսաստանում բնակվող հայերի թվաքանակի, աշխարհում հայկական սփյուռքի ընդհանուր թվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան կատարված դրամական փոխանցումների՝ ՀՆԱ-ում ունեցած մասնաբաժնի վերաբերյալ ներկայացված գնահատականները։ 

     

    Գայանե Մարկոսյան

     

     

  • Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 

    Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։

    Հաղորդման հյուրերի թվում էին ռուսական պետական մեդիայի ներկայացուցիչներ, ռուս փորձագետներ և Հայաստանի ներքաղաքական թեմաներով հայտնի մեկնաբաններ, որոնք բազմիցս հանդես են եկել Կրեմլի քաղաքականությանը համահունչ հայտարարություններով։

    Հաղորդման ընթացքում ներկայացվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ պրանկ-զրույցը, հիշել են 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 20 տարվա վաղեմության մի հոդված և անդրադարձել Հայաստանի ներքաղաքական թեմաներին։

    «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է հաղորդման ընթացքում հնչած հիմնական պնդումները և համեմատել դրանք փաստերի հետ։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից մի քանիսը համընկնում են Հայաստանի վերաբերյալ ռուսական պետական տեղեկատվական միջավայրում տարածված նարատիվների հետ՝ սկսած 2018 թվականի հեղափոխության լեգիտիմությունը կասկածի տակ դնելուց մինչև արտաքին դերակատարների ազդեցության մասին պնդումները։

    Ընդգծենք՝ FIP.am-ը առանձին հոդվածով նաև անդրադարձել է այդ հաղորդման ընթացքում հնչած տնտեսական ոլորտի վերաբերյալ որոշ պնդումների և պարզել, որ դրանց մեծ մասը չի համապատասխանում իրականությանը։

    Կարդացեք նաև Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում

    Սխալ 1․ «Հսկայական թվով մարդ դուրս է եկել փողոց միայն ապրիլի 23-ից հետո»

    Ռուսական թիվ մեկ քարոզչամիջոցով եթեր հեռարձակված հաղորդման հյուրերից մեկը ազգությամբ հայ Միկա Բադալյանն էր, որի նկատմամբ Հայաստանի իրավապահները քրեական վարույթ են հարուցել։

    Կարդացեք նաև Ընտրակաշառք՝ բարեգործության քողի տակ․ Կրեմլից սնվող «Եվրազիա» ՀԿ-ի գործունեությունը Մոլդովայից մինչև Հայաստան

    «2018-ին տեղի ունեցածը իշխանության փոխանցում էր։ Այդ հանրահավաքները լավ մտածված բեմականացում էին, որոնց վրա մեծ գումարներ են ծախսվել։ ․․․Հսկայական թվով մարդ դուրս էր եկել փողոց միայն 2018-ի ապրիլի 23-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Մինչ այդ, այդ հանրահավաքները ցրելու և բողոքի ակցիաները վերացնել հնարավոր էր մեկ ժամվա ընթացքում», — ասել է Բադալյանը։

    Ի դեպ, հաղորդավարներից մեկին Բադալյանի խոսքերը հիշեցրել են Ուկրաինայում տեղի ունեցածը․ «Մայդանը հիշեք, երբ այնտեղ էլ հնարավոր էր ցրել այդ միտինգները ու հիմա այնպիսի հետևանքներ չէին լինի, ինչպիսին հիմա կան․․․»։

    2018-ին մինչև ապրիլի 23-ը հանրահավաքների սակավության մասին Բադալյանի պնդումը սխալ է․ մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ ապրիլի 16-23-ը, արդեն եղել էին զանգվածային ակցիաներ, փողոցների փակումներ, բախումներ ու հարյուրավոր բերման ենթարկվածներ։ Օրինակ ապրիլի 17-ին Հանրապետության Հրապարակում արդեն իսկ շուրջ 30 հազար մարդ է եղել։ Մինչև ապրիլի 23-ը բերման է ենթարկվել մոտ 1000 քաղաքացի, նրանցից առնվազն 55-ը՝ անչափահաս, ձերբակալվել է 58 քաղաքացի, այդ թվում մեկ անչափահաս, որոնք բոլորն էլ ազատ են արձակվել ապրիլի 23-ին:

    Human Rights Watch-ը ապրիլի 19-ին գրել էր, որ ցուցարարները փակել են կառավարական շենքեր, փողոցներ ու կամուրջներ, իսկ ապրիլի 16-ի բախումների հետևանքով 46 մարդ էր տուժել։ ԱՄՆ Պետքարտուղարության 2018-ի զեկույցում նշվում է, որ ապրիլի 16-23-ը ոստիկանությունը բերման է ենթարկել 1,236 քաղաքացու։ Ապրիլի 17-ին երբ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում ընտրվեց ՀՀ վարչապետ, հավաքներն ու բողոքի ակցիաները դարձան մասսայական, փակվեցին փողոցներ ու մայրուղիներ։ Այսինքն՝ այս փաստական տվյալները ցույց են տալիս, որ շարժումը մինչև ապրիլի 23-ը զանգվածային էր։

    Եզրակացություն. Բադալյանի պնդումը, թե մինչև ապրիլի 23-ը շարժումը զանգվածային չէր, չի համապատասխանում փաստերին։ Իսկ այն գնահատականը, թե հանրահավաքները հնարավոր էր «մեկ ժամում ցրել», փաստացի տվյալներով չի հիմնավորվում։

    Սխալ 2․ Փաշինյանի 20 տարվա վաղեմության հոդվածը ներկայացվել է առանց համատեքստի 

    Երբ հաղորդման մասնակիցները փորձում են բնութագրել Փաշինյանին, Միկա Բադալյանը հիշում է Փաշինյանի՝ 20 տարվա վաղեմության մի հոդված․ «Փաշինյանն այն մարդն է, որն ասել է՝ անիծում եմ մեր նախնիներին։ ու այդ մասին գրում իր հոդվածում, որովհետև մեր նախնիները թողել են միայն ոչինչ։ Նաև ասել է, որ կենդանիները իրենց կենդանական բնազդով սերունդներ են թողնում ավելի շատ, քան արել են մեր նախնիները մեզ համար։ Նրանք մեզ միայն խնդիրներ են ժառանգել»։

    Խոսքը «Մոռանալ «հերոսական անցյալը»» վերնագրով հոդվածի մասին է, որը հրապարակվել է 2005 թվականին, Փաշինյանի ղեկավարած «Հայկական ժամանակ» թերթում։

    «Փաստերի ստուգման հարթակը» գտել է հոդվածի բնօրինակը։ Այն իսկապես պարունակում է «նզովում եմ մեր նախնիներին» արտահայտությունը, սակայն հաղորդման ընթացքում մեջբերվել են միայն առանձին հատվածներ՝ առանց ներկայացնելու հոդվածի ընդհանուր գաղափարը, որը վերաբերում է «հերոսական անցյալի» իդեալականացման քննադատությանը։

    Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի այս հոդվածը ռուսական պետական տեղեկատվական միջավայրում առաջին անգամ չէ, որ օգտագործվում է նրա հասցեին քննադատություն ձևավորելու նպատակով։ 2020 թվականին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ևս իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նույն հոդվածից հատվածներ՝ դրանք ներկայացնելով առանց ամբողջական համատեքստի։ Վեց տարի անց նույն հոդվածը կրկին հիշատակվում է ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лեքսуса» հաղորդման ընթացքում։

    Ռուսահայ համայնքի ներկայացուցիչների կարծիքը՝ որպես «հայերի» դիրքորոշում

    Հաղորդման ընթացքում պրանկ-զրույցներից և տաղավարային քննարկումներից բացի ցուցադրվել են նաև Ռուսաստանում բնակվող հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ կարճ հարցազրույցներ (վոքս-փոփ)։ Դրանք ներկայացնելուց առաջ հաղորդավարն ասում է. «Կուզեի լսել, թե ինչ են մտածում հենց իրենք՝ հայերը Փաշինյանի, նրա ծրագրերի, ԵՄ—ի մասին»։

    Ստեղծվում է տպավորություն, թե ներկայացվող կարծիքներն արտացոլում են «հայերի» վերաբերմունքը։ Սակայն ցուցադրված բոլոր հարցազրույցներում ընդգրկված անձինք քննադատում են Նիկոլ Փաշինյանին, դեմ են արտահայտվում Հայաստանի եվրոպական ինտեգրմանը և հանդես են գալիս Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների օգտին։

    Հաղորդման մեջ չեն ներկայացվում այլ տեսակետներ ունեցող հայերի կարծիքները, ինչի հետևանքով ձևավորվում է միակողմանի պատկերացում, թե ներկայացված դիրքորոշումները բնորոշ են հայ հասարակությանը կամ հայկական համայնքին ընդհանրապես։

    Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչած մի շարք պնդումներ չեն դիմանում փաստերի ստուգմանը։ Դրանց մի մասը հիմնված է փաստական սխալների վրա, մի մասը՝ ներկայացված է առանց անհրաժեշտ համատեքստի, իսկ որոշ պնդումներ ընդհանրապես ներկայացվում են առանց որևէ ապացույցի։

    Միևնույն ժամանակ, հաղորդման ընթացքում վերարտադրվում են Հայաստանի վերաբերյալ վաղուց շրջանառվող նարատիվներ՝ 2018 թվականի Թավշյա հեղափոխության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու, Հայաստանի եվրոպական ինտեգրումը քննադատելու և Ռուսաստանը որպես Հայաստանի հիմնական ռազմավարական հենարան ներկայացնելու վերաբերյալ։

    Նման նարատիվները նախկինում ևս բազմիցս շրջանառվել են ռուսական պետական տեղեկատվական հարթակներում և համարվում են FIMI-ի* շրջանակում ուսումնասիրվող տեղեկատվական ազդեցության հայտնի օրինակներ։

    *FIMI-օտարերկրյա դերակատարների կողմից իրականացվող դիտավորյալ, համակարգված և ռազմավարական գործողությունների ամբողջություն, որի նպատակն է մանիպուլացնել փաստերը, շփոթություն առաջացնել, խորացնել հանրային բևեռացումը, անվստահություն առաջացնել ինստիտուտների նկատմամբ ու ազդել քաղաքական գործընթացների վրա։ 

    Հասմիկ Համբարձումյան

  • Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում

    Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուն» հաղորդման՝ 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկումը նվիրված էր Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո երկրի արտաքին քաղաքականությանը, հայ-ռուսական հարաբերություններին և եվրաինտեգրման գործընթացին։

    Հաղորդման ընթացքում հնչել են Հայաստանի տնտեսության, էներգետիկայի, արտաքին առևտրի և ընտրությունների արդյունքների վերաբերյալ մի շարք թվային պնդումներ։

    Հաղորդման ընթացքում հեղինակները ներկայացրել են նաև տարբեր ժամանակներում իրականացված հեռախոսազրույցների դրվագներ, որոնք վարել են  միջազգային քաղաքական և պետական գործիչների հետ՝ ներկայանալով Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։ Հաղորդման մեջ, մասնավորապես, ցուցադրվել են ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլու հետ հեռախոսազրույցների դրվագներ։

    «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է հաղորդման ընթացքում հնչած պնդումներից չորսի փաստական հիմքերը՝ դրանք համադրելով պաշտոնական վիճակագրության, միջազգային կազմակերպությունների տվյալների և սկզբնաղբյուրների հետ։ 

    Պնդում 1

    Հաղորդման ընթացքում Մ. Վ. Լոմոնոսովի անվան Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի (ВАВТ) համաշխարհային տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Վլադիմիր Օսիպովը, անդրադառնալով հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին, հայտարարել է (13։00-13:30 րոպե), որ թեև երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը նվազում է, Ռուսաստանին շարունակում է բաժին ընկնել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 36%-ը։ Նրա խոսքով՝ Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը Չինաստանն է՝ 12% մասնաբաժնով, իսկ երրորդը՝ Եվրամիությունը՝ 11%։

    Փաստերի ստուգում․ նշված թվային տվյալները հին են ու ժամանակավրեպ

    ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամենաթարմ՝ 2026 թվականի հունվար–մայիսի տվյալներով, Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունում կազմել է 28%։ Համեմատության համար, 2025 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 35.1%, իսկ 2025 թվականի տարեկան տվյալներով՝ 35.8%։

    Հետևաբար, Օսիպովի ներկայացրած 36% ցուցանիշը չի համապատասխանում հրապարակման պահին առկա ամենաթարմ պաշտոնական տվյալներին և, ըստ ամենայնի, հիմնված է 2025 թվականի տարեկան վիճակագրության վրա։

    Նույնը վերաբերում է նաև Հայաստանի խոշոր առևտրային գործընկերների հերթականությանը։ 2026 թվականի հունվար–մայիսի տվյալներով, Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը Եվրամիությունն է՝ 16.7% մասնաբաժնով, իսկ երրորդը՝ Չինաստանը՝ 14.5% մասնաբաժնով։ Այսպիսով, հաղորդման մեջ ներկայացված գործընկերների դասավորությունը ևս չի արտացոլում հրապարակման պահին առկա պաշտոնական վիճակագրությունը։

    Պնդում 2

    Վլադիմիր Օսիպովը նաև հայտարարել է,  որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կարծիքով քաղաքական որոշումների հետևանքով Հայաստանը կորցրել է մոտ 5 միլիարդ ԱՄՆ դոլար (13:30-13:43 րոպե)։

    Փաստերի ստուգում․ պնդման ձևակերպոումը մանիպուլյատիվ է, թվերը՝ սխալ

    Իրականում Օվերչուկը նման ձևակերպում չի արել։ 2026 թվականի ապրիլին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ 2025 թվականին Ռուսաստանն ու Հայաստանը փոխադարձ ապրանքաշրջանառության մեջ կորցրել են 5.1 միլիարդ ԱՄՆ դոլար՝ Երևանի՝ Եվրամիության հետ մերձենալու շուրջ խոսակցությունների պատճառով։ Այսինքն՝ նա խոսել է երկու երկրների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ծավալի նվազման, այլ ոչ թե այն մասին, որ Հայաստանը կորցրել է 5.1 միլիարդ դոլար։

    Որպես հիմնավորում Օվերչուկը նշել է, որ 2024 թվականին երկու երկրների միջև փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է 11.5 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2025 թվականին, նախնական տվյալներով, նվազել է մինչև 6.4 մլրդ դոլար։

    Մինչդեռ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 12.4 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2025 թվականին՝ 7.6 մլրդ ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ պաշտոնական տվյալներով մեկ տարվա ընթացքում այն նվազել է ոչ թե 6․4, այլ շուրջ 4.8 մլրդ ԱՄՆ դոլարով։

    Միաժամանակ, Օվերչուկը չի ներկայացրել որևէ հաշվարկ կամ փաստական հիմնավորում, որը կհաստատեր, որ առևտրաշրջանառության նվազումը պայմանավորված է հենց Երևանի՝ Եվրամիության հետ մերձենալու շուրջ քաղաքական հայտարարություններով։ Հետևաբար, այդ պատճառահետևանքային կապը նրա քաղաքական գնահատականն է, այլ ոչ փաստերով հիմնավորված եզրակացություն։

    Ի դեպ, 2026 թվականի հունվար–մայիսին ևս Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառությունը շարունակել է նվազել՝ կազմելով 2.2 մլրդ ԱՄՆ դոլար, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 2.7 մլրդ ԱՄՆ դոլար։

    Պնդում 3

    Վլադիմիր Օսիպովը նշել է. «Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կարողացել է հավաքել մոտ 60 տեղ․  ընտրություններում ստացել է 50 տոկոսից պակաս ձայն» (14:33-14:45)։

    Փաստերի ստուգում. հրապարակված երկու թվերից մեկը սխալ է

    2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների պաշտոնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

    Հետևաբար, պնդման մեջ նշված «մոտ 60 տեղ» ձևակերպումը ճշգրիտ չէ․ ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական արդյունքներով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր գումարման Ազգային ժողովում կունենա 64 պատգամավորական մանդատ։

    Պնդում 4

    «Հայաստանի էներգետիկայի 84%-ը կախված է Ռուսաստանից»։

    Փաստերի ստուգում․ պնդման ցուցանիշը պաշտոնական տվյալներով չի հաստատվում

    Հայաստանի 2024 թվականի էներգետիկ հաշվեկշռի բացատրական զեկույցի «Եզրակացություններ» բաժնում նշվում է, որ Հայաստանը շարունակում է մնալ ներմուծվող էներգակիրներից զգալիորեն կախված երկիր։ Զեկույցի համաձայն՝ 2024 թվականին ընդհանուր առաջնային էներգամատակարարման 72.3%-ը ձևավորվել է ներմուծվող էներգակիրների, իսկ 27.7%-ը՝ ներքին արտադրության հաշվին։

    Սակայն այս ցուցանիշը վերաբերում է ընդհանուր էներգակիրների ներմուծումից կախվածությանը, այլ ոչ թե կոնկրետ  Ռուսաստանից էներգետիկ կախվածությանը։   

    Հետևաբար, «Հայաստանի էներգետիկայի 84%-ը կախված է Ռուսաստանից» պնդումը պաշտոնական հրապարակված տվյալներով չի հաստատվում։

    Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հաղորդման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչած վերոնշյալ փաստական և թվային պնդումները ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն համապատասխանում իրականությանը։ Ներկայացված տվյալները երբեմն մանիպուլյատիվ են, երբեմն՝ սխալ կամ հիմնված են հնացած և հրապարակման պահին արդեն ոչ արդիական տվյալների վրա։ 

    (շարունակելի)

    Գայանե Մարկոսյան

  • Ռուսական ռուբլու սահմանափակումները Հայաստանում․ ինչ են ասում պաշտոնական պարզաբանումներն ու թվերը

    Վերջին օրերին Հայաստանի մի շարք բանկեր փոփոխել են ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման պայմանները՝ բարձրացնելով միջնորդավճարները կամ ժամանակավորապես դադարեցնելով ծառայության մատուցումը։

    Բանկերի հաճախորդները ստացել են իրազեկող հաղորդագրություններ, որոնցով տեղեկացվել են փոփոխությունների բովանդակության և դրանց ուժի մեջ մտնելու ժամկետների մասին։

    Հուլիսի 7-ին, օրինակ, Ինեկոբանկը հաճախորդներին տեղեկացրել է, որ ժամանակավորապես դադարեցվում է ՌԴ ռուբլով կանխիկի մուտքագրման ծառայության մատուցումը։

    «ՌԴ ռուբլով կանխիկի մուտքագրման ծառայությունների մատուցումը դադարեցվում է 2026 թվականի հուլիսի 7-ից»,– նշված է բանկի տարածած հաղորդագրության մեջ։

    Միևնույն ժամանակ բանկը խնդրել է ընդունել ի գիտություն, որ « նախորդիվ ստացված՝ ՌԴ ռուբլով կանխիկ գումարի սակագնի փոփոխության վերաբերյալ ծանուցմամբ սահմանված պայմաններն այլևս չեն գործում»։

    «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է խնդիրը, Կենտրոնական բանկի ու Հայաստանի բանկերի միության մոտեցումները, ինչպես նաև հարևան երկրների բանկերի կողմից հայտարարված փոփոխությունները՝ ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման պայմանների և միջնորդավճարների փոփոխությունների համատեքստում։

    ԿԲ․ ռուսական ռուբլու կանխիկ ընդունման սահմանափակումների վերաբերյալ որոշում չի կայացվել

    Կենտրոնական բանկից FIP.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «բանկերը, ելնելով գործող կարգավորումներից, սեփական ռիսկերի գնահատումից և ռիսկերի կառավարման քաղաքականությունից, ինքնուրույն են որոշում կայացնում հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելու և որոշակի ծառայություններ (այդ թվում՝ դրամական միջոցների մուտքագրման) մատուցելու պայմանների վերաբերյալ»։

    Միաժամանակ ԿԲ-ն ընդգծել է, որ «Կարգավորող մարմնի կողմից բանկերի համար կանխիկ ռուսական ռուբլու ընդունման սահմանափակումների հետ կապված որևէ որոշում չի ընդունվել և ֆինանսական կազմակերպությունների հետ որևէ հաղորդակցում չի իրականացվել․․․»։

    Հայաստանի բանկերի միություն․ պատճառը Ռուսաստանում կիրառվող սահմանափակումներն են

    Թեմայի վերաբերյալ պարզաբանում ենք խնդրել նաև Հայաստանի բանկերի միությունից։ Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի» հարցման՝ միությունից հայտնել են, որ «ՀՀ առևտրային բանկերի կողմից ռուսական ռուբլով կանխիկ գործարքների սահմանափակումը պայմանավորված է Ռուսաստանում ռուսական բանկերի կողմից կանխիկ ռուբլու ընդունման սահմանափակումներով»: (Այս պարզաբանումը վերաբերում է ռուսական և հայկական բանկերի միջև ռուսական ռուբլու ընդունման և շրջանառության գործընթացին-հեղ․):

    Միաժամանակ, Բանկերի միությունից նշել են, որ «սահմանափակումները վերաբերում են ՌԴ տարածքից դուրս գործող, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններին»։

    Ի՞նչ են ասում հայկական բանկերը

    «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները որպես քաղաքացի հեռախոսազանգերով դիմել են հայաստանյան տարբեր բանկերի օպերատորներին՝ պարզելու ռուսական ռուբլու կանխիկի մուտքագրման գործող պայմաններն ու վերջին փոփոխությունները։

    Հայէկոնոմբանկի օպերատորը տեղեկացրեց, որ հուլիսի 16-ից ուժի մեջ կմտնի ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման 10% միջնորդավճար՝ նախկինում գործող 2%-ի փոխարեն։

    Կոնվերս Բանկից մեր զանգին ի պատասխան տեղեկացրին, որ այժմ  բանկում գործում է 5% միջնորդավճար՝ ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման դեպքում։ Միաժամանակ նշվեց, որ գործող միջնորդավճարի չափը կարող է փոփոխվել։

    IDBank-ը ևս բարձրացրել է ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրվող դրամական միջոցների համար սահմանված միջնորդավճարը։ Բանկի կողմից հաճախորդներին ուղարկված հաղորդագրության համաձայն՝ այժմ գործում է 10% միջնորդավճար՝ նախկինում գործող 3%-ի փոխարեն:

    Ամերիաբանկի օպերատորը մեր զանգին ի պատասխան տեղեկացրեց, որ հուլիսից բանկը կիրառել է ռուսական ռուբլու  մուտքագրման նոր՝ ավելի բարձր միջնորդավճարներ։ Մասնավորապես, մինչ այդ գործող 1.5% միջնորդավճարի փոխարեն սահմանվել է 5% միջնորդավճար։ 

    Թեմայի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմել ենք նաև Ամերիաբանկին՝ խնդրելով պարզաբանել ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման պայմանների փոփոխությունների պատճառները։ Ի պատասխան մեր հարցման՝ բանկից հայտնել են, որ «բանկի կողմից մատուցվող ծառայությունների սակագները սահմանվում են բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ շուկայական պայմանների և ծառայությունների մատուցման ծախսերի համադրությամբ»։

    Ռուսական РБК-ն՝ ԵԱՏՄ երկրների բանկերում ռուբլու ավելցուկի մասին

    Ավելի վաղ հայաստանյան մի քանի  լրատվամիջոցներ, (1, 2, 3) հղում անելով ռուսական «ՌԲԿ» (РБК) պարբերականին, գրել էին, որ ԵԱՏՄ երկրների վարկային կազմակերպությունները սկսել են սահմանափակել կամ էականորեն թանկացնել բանկային հաշիվներին կանխիկ ռուսական ռուբլու մուտքագրման պայմանները։

    «ԵԱՏՄ երկրների բանկերը բախվել են ռուսական ռուբլու ավելցուկի խնդրին, որը դժվար է օգտագործել հաշվարկներում և որի սպասարկումը թանկ է։ Արդյունքում բանկերը մեկը մյուսի հետևից սկսել են սահմանել միջնորդավճարներ և սահմանափակումներ՝ կանխիկ ռուբլու հաշվին մուտքագրման համար»,– նշված է «ՌԲԿ» (РБК) պարբերականի 2026 թվականի հուլիսի 1-ի հոդվածում։

    Ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ԵԱՏՄ երկրների բանկերում

    ԵԱՏՄ անդամ երկրների մի շարք բանկերի պաշտոնական հայտարարությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում իսկապես ներդրվել են ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման հետ կապված տարբեր սահմանափակումներ և նոր միջնորդավճարներ։

    Օրինակ՝ Բելառուսի «Ալֆա Բանկը» պաշտոնական կայքում հայտնել է, որ «Հուլիսի 14-ից ուժի մեջ կմտնեն սակագների ցանկի փոփոխությունները։ Կսահմանվի վճար՝ ոչ ռեզիդենտ հաճախորդից բանկի դրամարկղի միջոցով կանխիկ ռուսական ռուբլու ընդունման և այն բանկում բացված ընթացիկ  հաշվին մուտքագրելու համար։ Սակագինը կկազմի հաճախորդի հաշվին մուտքագրված գումարի 5%-ը»։ Միաժամանակ բանկը սահմանել է նաև մի շարք բացառություններ։  

    Ղրղզստանի «ԷկոԻսլամիկԲանկն» էլ  տեղեկացրել է, որ 2026 թվականի հունիսի 19-ից կանխիկ ռուսական ռուբլու ընդունման համար սահմանվել է 5% միջնորդավճար, եթե այն մուտքագրվում է դրամական փոխանցումների համակարգերով կամ SWIFT համակարգով փոխանցումներ իրականացնելու նպատակով։ 

    Ղազախստանի Bank CenterCredit-ը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 16-ից գործում են  նոր սակագներ ֆիզիկական անձանց ռուբլով ընթացիկ և խնայողական հաշիվների համար իրականացվող կանխիկ գործարքների մասով։

    Մասնավորապես, կանխիկ ռուսական ռուբլու մուտքագրումը հաշվին, այդ թվում՝ բանկոմատների միջոցով, իրականացվելու է 5% միջնորդավճարով։

    Ի՞նչ են ցույց տալիս ԿԲ-ի տվյալները ռուսական ռուբլով փոխանցումների վերաբերյալ

    Թեև հայկական և արտասահմանյան բանկերի կողմից հայտարարված փոփոխությունները վերաբերում են հիմնականում կանխիկ ռուսական ռուբլու մուտքագրմանը, թեմայի շուրջ տեղական և միջազգային քննարկումների համատեքստում ուսումնասիրել ենք նաև ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրությունը՝ հասկանալու համար, թե ինչ դինամիկա են ունեցել ռուսական ռուբլով իրականացված դրամական փոխանցումները։

    ՀՀ Կենտրոնական բանկի «ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած  փոխանցումները՝ ըստ արժույթների» վիճակագրության համաձայն՝ ռուսական ռուբլով իրականացված փոխանցումների ծավալը ԱՄՆ դոլարի համարժեքով 2026 թվականի հունվարին կազմել է 338.5 մլն ԱՄՆ դոլար, փետրվարին՝ 281.8 մլն ԱՄՆ դոլար, մարտին՝ 303.1 մլն ԱՄՆ դոլար, ապրիլին՝ 366.8 մլն ԱՄՆ դոլար, իսկ մայիսին՝ 528.6 մլն ԱՄՆ դոլար՝ դիտարկվող ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշը։

    Միաժամանակ, հարկ է ընդգծել, որ այս վիճակագրությունը վերաբերում է արտերկրից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներին և առանձին չի արտացոլում կանխիկ ռուսական ռուբլու մուտքագրումների ծավալը։ 

    Ինչ վերաբերում է  ՀՀ բանկեր կանխիկ ռուսական ռուբլու ներհոսքի աճի մասին հարցին, ԿԲ-ից տեղեկացնում են, որ այդ մասով  պաշտոնական վիճակագրություն առկա չէ: 

    Այսպիսով, ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման պայմանների փոփոխություններ արձանագրվել են ոչ միայն Հայաստանում, այլև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մի շարք բանկերում։ Հայաստանի բանկերի միությունն այդ փոփոխությունները պայմանավորում է Ռուսաստանում ռուսական բանկերի կողմից  ռուբլու ընդունման սահմանափակումներով։ Միաժամանակ, հանրային քննարկումներում շրջանառվում է նաև այն վարկածը, որ փոփոխությունները կարող են կապված լինել հայկական բանկերում կանխիկ ռուսական ռուբլու հոսքերի աճի հետ, սակայն այդ պնդումը հաստատող կամ հերքող պաշտոնական վիճակագրություն Հայաստանում առկա չէ։ 

    Եվ թեև ԿԲ-ի հրապարակած վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին ամիսներին աճել է արտերկրից ՀՀ բանկեր ռուսական ռուբլով իրականացված դրամական փոխանցումների ծավալը, այդ տվյալները չեն վերաբերում կանխիկ ռուսական ռուբլու մուտքագրումներին և  բավարար չեն վերոնշյալ վարկածը հաստատելու համար։ 

    Գայանե Մարկոսյան

  • Ովքեր են ամենաշատ անհարգելի բացակայած պատգամավորները․ ԱԺ 8-րդ գումարման թոփ 10-ը

    Հուլիսի 3-ին Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը։ 

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պատգամավորների խորհրդարանական նիստերին մասնակցության տվյալները՝ առանձնացնելով ամենից շատ անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների առաջին տասնյակը։ 

    Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորի ներկայությունը խորհրդարանական աշխատանքներին բացարձակ պարտականություն է, որը բխում է նրա ստանձնած մանդատի պատասխանատվությունից․ օրենքի 4-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի, ինչպես նաև իր անդամակցած հանձնաժողովի և աշխատանքային խմբի նիստերին: 

    Բացակայությունների իրավական գնահատման հարցում օրենքը 156-րդ հոդվածով սահմանում է հստակ գիծ՝ տարանջատելով հարգելի և անհարգելի դեպքերը․ հարգելի են համարվում միայն այն բացակայությունները, որոնք հիմնավորված են անաշխատունակության թերթիկով, աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ փաստաթղթերով, պաշտոնական գործուղումներով, ինչպես նաև քաղաքական բոյկոտի կամ շահերի բախման վերաբերյալ արված պաշտոնական հայտարարություններով:

    Բոլոր այն դեպքերը, որոնք չեն ընկնում վերոհիշյալ չափանիշների ներքո, որակվում են որպես անհարգելի: Սահմանված կարգը ենթադրում է խիստ հետևանքներ. եթե պատգամավորը մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում անհարգելի պատճառով բացակայում է քվեարկությունների առնվազն կեսից, ԱԺ խորհուրդը կամ պատգամավորների մեկ հինգերորդը իրավասու են դիմել Սահմանադրական դատարան՝ նրա լիազորությունները դադարեցնելու հարցով։ 

    Անհարգելի բացակայությունների հարցում առաջատար են ընդդիմադիր պատգամավորները 

    Անհարգելի բացակայություն ունեցող պատգամավորների ցանկն առաջնորդում է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ 121 բացակայությամբ։ Նրան հաջորդում են «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում պատգամավոր ընտրված, այնուհետև դրանից անջատված Իշխան Զաքարյանը՝ 103 օր, ապա «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանը՝ 70 օր, նույն խմբակցությունից Աշոտ Սիմոնյանը՝ 66 օր, «Պատիվ ունեմ»-ից Մարտուն Գրիգորյանը՝ 66 օր, «Հայաստան» խմբակցությունից այլ պատգամավորներ՝ Ասպրամ Կրպեյանը՝ 60 օր, Աղվան Վարդանյանը՝ 57 օր, Արմեն Ռուստամյանը՝ 52 օր, Տարոն Մարգարյանը՝ 51 օր, առաջին տասնյակը եզրափակում է Քրիստինե Վարդանյանը՝ 49 օր։ 

    Անհարգելի բացակայություններով պատգամավորների ամբողջական ցանկը հասանելի է այստեղ։ 

    FIP.am-ը ԱԺ աշխատակազմի տրամադրած տվյալների հիման վրա առանձնացրել է նաև առհասարակ անհարգելի բացակայություն չունեցող պատգամավորներին․ նրանց թվում են՝ ԱԺ արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Կարեն Սարուխանյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Տիգրան Պարսիլյանը, Լուսինե Աքմաքչյանը, Անուշ Քլոյանը, Արմենուհի Ղազարյանը, Էսթեր Այվազյանը, ինչպես նաև անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

    Նանե Մանասյան 

  • Կառավարության արտահանման կանխատեսումները չեն իրականացվել

    Կառավարության հունիսյան արտահանման կանխատեսումները չեն իրականացվել. արտահանման փաստացի ծավալները զգալիորեն զիջել են նախնական սպասումներին։

    Մանրամասները՝

    Կառավարության՝ հունիսյան արտահանման կանխատեսումները չեն իրականացվել

    The post Կառավարության արտահանման կանխատեսումները չեն իրականացվել appeared first on FIP.AM.

  • Ի՞նչ եղան «Քաղաքացու օրվա» 10 հազար կրծքանշանները

    Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի քննության ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել էր, թե վարչապետի աշխատակազմը պետական միջոցներով ձեռք է բերել 10 հազար կրծքանշան՝ «Քաղաքացու օրվա» միջոցառումների համար, սակայն դրանք հանրային միջոցառումներում չեն երևացել։ 

    Նրա խոսքով՝ տեսանելի են եղել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում օգտագործված կրծքանշանները, ինչը, ըստ փաստաբանի, հիմք է տալիս ենթադրելու, որ պետական միջոցները կարող էին օգտագործված լինել իշխող կուսակցության քարոզչական նպատակներով։

    ՍԴ-ում հնչած այս պնդումից հետո «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է «Քաղաքացու օրվա» միջոցառումների կազմակերպման համար պետական գնումների փաստաթղթերը՝ պարզելու, թե ինչ եղան այդ օրվա համար նախատեսված 10 հազար կրծքանշանները, և արդյոք դրանք որևէ առնչություն ունեին ՔՊ-ի քարոզչական կրծքանշանների հետ։ 

    Ի՞նչ է նախատեսել պայմանագիրը

    Պետական գնումների պաշտոնական հարթակում հրապարակված տվյալների համաձայն՝ 2026 թվականին «Քաղաքացու օրվա» միջոցառումների կազմակերպման համար կնքվել է երկու պայմանագիր։

    Առաջին պայմանագիրը վերաբերում էր Վարդենիսում և Մարալիկում բեմական հարթակների ստեղծմանը, ձևավորմանն ու մշակութային միջոցառումների կազմակերպմանը։

    Երկրորդ պայմանագիրը նախատեսում էր միջոցառումների կազմակերպում Հայաստանի համայնքներում և Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ ընդհանուր 101 վայրում։ Դրա ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 13 միլիոն դրամ։

    Արտապատկերումը՝ PPCM կայքից

    Այս պայմանագիրը նախատեսում էր Հայաստանի համայնքներում և Երևանի բոլոր վարչական շրջաններում միջոցառումների կազմակերպում (ընդհանուր 101 հատ հարթակ)։ 

    Արտապատկերումը՝ պայմանագրի տեխնիկական բնութագրից

    Հենց այս երկրորդ պայմանագրի տեխնիկական բնութագրում առկա է կետ, որով մատակարարը պարտավորվում էր պատրաստել 10 հազար կրծքանշան՝ «Քաղաքացու օրվա» պատկերանիշով (լոգոյով)։ 

     

    Քաղաքացու օրվա պատկերանիշը

    Հնարավոր եղա՞վ գտնել այդ կրծքանշանները

    Ուսումնասիրելով «Քաղաքացու օրվա» միջոցառումներից հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը՝ FIP.am-ին չի հաջողվել գտնել որևէ կադր, որտեղ կերևային պայմանագրով նախատեսված «Քաղաքացու օրվա» պատկերանիշով կրծքանշանները։

    Չի հայտնաբերվել նաև որևէ հրապարակային լուսանկար, որտեղ միջոցառման մասնակիցները կկրեին այդ տարբերանշանով կրծքանշաններ։

    Վարչապետի աշխատակազմի պատասխանը 

    Պարզաբանում ստանալու նպատակով FIP.am-ը վարչապետի աշխատակազմին ուղղված գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր.

    • ի՞նչ սկզբունքով պետք է բաժանվեին կրծքանշանները
    • քանի՞սն են փաստացի բաժանվել
    • քանի՞սն են մնացել չօգտագործված։

    Ինչպես նաև խնդրել էինք տրամադրել դրանց լուսանկարները կամ միջոցառումների ընթացքում արված կադրեր։

    Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ իսկապես նախատեսվել էր կրծքանշանների պատրաստում, որոնք պետք է կրեին միջոցառումների մասնակիցները։ Սակայն, հետագայում այդ գաղափարից հրաժարվել են։

    Ուշագրավ է, որ վարչապետի աշխատակազմին ուղղված մեր հարցման մեջ նշում չի եղել ՔՊ կուսակցության քարտեզ-կրծքանշանների մասին, սակայն պատասխանի մեջ աշխատակազմից անհրաժեշտ են համարել ընդգծել, որ այդ կրծքանշանները որևէ առնչություն չեն ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավում օգտագործված կրծքանշանների հետ։ 

    «Քաղաքացու օրվա» շրջանակում ՔՊ քարոզչական քարտեզ-կրծքանշաններ չեն պատրաստվել և չեն մատակարարվել։

    Այսինքն՝ աշխատակազմը փաստացի հաստատում է, որ պայմանագրի տեխնիկական բնութագրում նման պահանջ եղել է, սակայն այն չի իրականացվել։ 

    Քանի որ մատակարար կազմակերպությունը չի պատրաստել կրծքանշանները՝ հետաքրքրվեցինք, թե ինչպես են ծախսվել այն ֆինանսական միջոցները, որոնք նախատեսված են եղել, սակայն չեն օգտագործվել այդ նպատակով։ 

    Պայմանագրում կրծքանշանների արժեքն առանձին նշված չէ, հետևաբար հնարավոր չէ հաշվարկել, թե ընդհանուր պայմանագրային արժեքից որքան գումար է նախատեսված եղել դրանց պատրաստման համար։

    Վարչապետի աշխատակազմից FIP.am-ի հավելյալ հարցմանն ի պատասխան հայտնել են, որ գումարը ծախսվել է պայմանագրով նախատեսված այլ ծառայությունների համար։ Աշխատակազմից, սակայն, չեն մանրամասնել, թե հատկապես որ ծառայությունների համար և փաստաթղթային որևէ ապացույց չեն ներկայացրել։

    Արտապատկերումը՝ վարչապետի աշխատակազմի պատասխանից

    Այսպիսով, պետական գնման փաստաթղթերով իսկապես նախատեսվել էր «Քաղաքացու օրվա» 10 հազար կրծքանշանի պատրաստում։ Սակայն դրանք վերջնական արդյունքում չեն պատրաստվել և չեն մատակարարվել, իսկ հրապարակային աղբյուրներում դրանց օգտագործման ապացույցներ չեն հայտնաբերվել։ Վարչապետի աշխատակազմը չի ստացել գումարի վերադարձ՝ չպատրաստված կրծքանշանների համար, փոխարենը, ըստ աշխատակազմի՝ գումարը ծախսվել է պայմանագրով նախատեսված այլ ծառայությունների համար։ Իսկ թե ինչ ծառայության, չեն բացահայտում։

    Արեն Նահապետյան