Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցի քննության ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել էր, թե վարչապետի աշխատակազմը պետական միջոցներով ձեռք է բերել 10 հազար կրծքանշան՝ «Քաղաքացու օրվա» միջոցառումների համար, սակայն դրանք հանրային միջոցառումներում չեն երևացել։
Նրա խոսքով՝ տեսանելի են եղել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում օգտագործված կրծքանշանները, ինչը, ըստ փաստաբանի, հիմք է տալիս ենթադրելու, որ պետական միջոցները կարող էին օգտագործված լինել իշխող կուսակցության քարոզչական նպատակներով։
ՍԴ-ում հնչած այս պնդումից հետո «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է «Քաղաքացու օրվա» միջոցառումների կազմակերպման համար պետական գնումների փաստաթղթերը՝ պարզելու, թե ինչ եղան այդ օրվա համար նախատեսված 10 հազար կրծքանշանները, և արդյոք դրանք որևէ առնչություն ունեին ՔՊ-ի քարոզչական կրծքանշանների հետ։
Ի՞նչ է նախատեսել պայմանագիրը
Պետական գնումների պաշտոնական հարթակում հրապարակված տվյալների համաձայն՝ 2026 թվականին «Քաղաքացու օրվա» միջոցառումների կազմակերպման համար կնքվել է երկու պայմանագիր։
Առաջին պայմանագիրը վերաբերում էր Վարդենիսում և Մարալիկում բեմական հարթակների ստեղծմանը, ձևավորմանն ու մշակութային միջոցառումների կազմակերպմանը։
Երկրորդ պայմանագիրը նախատեսում էր միջոցառումների կազմակերպում Հայաստանի համայնքներում և Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ ընդհանուր 101 վայրում։ Դրա ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 13 միլիոն դրամ։

Այս պայմանագիրը նախատեսում էր Հայաստանի համայնքներում և Երևանի բոլոր վարչական շրջաններում միջոցառումների կազմակերպում (ընդհանուր 101 հատ հարթակ)։

Հենց այս երկրորդ պայմանագրի տեխնիկական բնութագրում առկա է կետ, որով մատակարարը պարտավորվում էր պատրաստել 10 հազար կրծքանշան՝ «Քաղաքացու օրվա» պատկերանիշով (լոգոյով)։

Հնարավոր եղա՞վ գտնել այդ կրծքանշանները
Ուսումնասիրելով «Քաղաքացու օրվա» միջոցառումներից հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը՝ FIP.am-ին չի հաջողվել գտնել որևէ կադր, որտեղ կերևային պայմանագրով նախատեսված «Քաղաքացու օրվա» պատկերանիշով կրծքանշանները։
Չի հայտնաբերվել նաև որևէ հրապարակային լուսանկար, որտեղ միջոցառման մասնակիցները կկրեին այդ տարբերանշանով կրծքանշաններ։
Վարչապետի աշխատակազմի պատասխանը
Պարզաբանում ստանալու նպատակով FIP.am-ը վարչապետի աշխատակազմին ուղղված գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր.
- ի՞նչ սկզբունքով պետք է բաժանվեին կրծքանշանները
- քանի՞սն են փաստացի բաժանվել
- քանի՞սն են մնացել չօգտագործված։
Ինչպես նաև խնդրել էինք տրամադրել դրանց լուսանկարները կամ միջոցառումների ընթացքում արված կադրեր։
Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ իսկապես նախատեսվել էր կրծքանշանների պատրաստում, որոնք պետք է կրեին միջոցառումների մասնակիցները։ Սակայն, հետագայում այդ գաղափարից հրաժարվել են։
Ուշագրավ է, որ վարչապետի աշխատակազմին ուղղված մեր հարցման մեջ նշում չի եղել ՔՊ կուսակցության քարտեզ-կրծքանշանների մասին, սակայն պատասխանի մեջ աշխատակազմից անհրաժեշտ են համարել ընդգծել, որ այդ կրծքանշանները որևէ առնչություն չեն ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավում օգտագործված կրծքանշանների հետ։
«Քաղաքացու օրվա» շրջանակում ՔՊ քարոզչական քարտեզ-կրծքանշաններ չեն պատրաստվել և չեն մատակարարվել։
Այսինքն՝ աշխատակազմը փաստացի հաստատում է, որ պայմանագրի տեխնիկական բնութագրում նման պահանջ եղել է, սակայն այն չի իրականացվել։
Քանի որ մատակարար կազմակերպությունը չի պատրաստել կրծքանշանները՝ հետաքրքրվեցինք, թե ինչպես են ծախսվել այն ֆինանսական միջոցները, որոնք նախատեսված են եղել, սակայն չեն օգտագործվել այդ նպատակով։
Պայմանագրում կրծքանշանների արժեքն առանձին նշված չէ, հետևաբար հնարավոր չէ հաշվարկել, թե ընդհանուր պայմանագրային արժեքից որքան գումար է նախատեսված եղել դրանց պատրաստման համար։
Վարչապետի աշխատակազմից FIP.am-ի հավելյալ հարցմանն ի պատասխան հայտնել են, որ գումարը ծախսվել է պայմանագրով նախատեսված այլ ծառայությունների համար։ Աշխատակազմից, սակայն, չեն մանրամասնել, թե հատկապես որ ծառայությունների համար և փաստաթղթային որևէ ապացույց չեն ներկայացրել։

Այսպիսով, պետական գնման փաստաթղթերով իսկապես նախատեսվել էր «Քաղաքացու օրվա» 10 հազար կրծքանշանի պատրաստում։ Սակայն դրանք վերջնական արդյունքում չեն պատրաստվել և չեն մատակարարվել, իսկ հրապարակային աղբյուրներում դրանց օգտագործման ապացույցներ չեն հայտնաբերվել։ Վարչապետի աշխատակազմը չի ստացել գումարի վերադարձ՝ չպատրաստված կրծքանշանների համար, փոխարենը, ըստ աշխատակազմի՝ գումարը ծախսվել է պայմանագրով նախատեսված այլ ծառայությունների համար։ Իսկ թե ինչ ծառայության, չեն բացահայտում։
Արեն Նահապետյան


Leave a Reply