Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից

Written by

in

Իտալական Corriere della Sera պարբերականը այսօր` օգոստոսի 4-ին արդեն հրապարակել է նոր երկրների ցանկ, որտեղ առաջարկվում էր տեղափոխել Եվրոպական Միությունում գտնվող անօրինական միգրանտներին։ Հայաստանն այդ երկրների ցանկում չէ։  

Օգոստոսի 3-ին սոցիալական մեդիայի հայկական տիրույթում Իտալիայի առաջարկով անօրինական միգրանտներին Հայաստան տեղափոխելու մասին հրապարակումները լայն քննարկումների թեմա էին դարձել։ 

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ ռուսական մի քանի լրատվամիջոցներ (1, 2, 3) (որոշները՝ դեռ օգոստոսի 2-ից) գրել էին, որ Եվրոպական Միությունը Իտալիայի առաջարկով քննարկում է անօրինական միգրանտներին մի քանի երկրներ, այդ թվում՝ Հայաստան տեղափոխելու կամ այստեղ նրանց համար կենտրոն բացելու հարցը։ 

Ավելի ուշ, այդ տեղեկությունը հրապարակել էր նաև Euronews-ը։ Լրատվամիջոցը գրել էր, որ Իտալիան պատրաստվում է ԵՄ-ին առաջարկել երրորդ անվտանգ երկրներում «ալբանական մոդելով» միգրանտների վերադարձի կենտրոններ ստեղծել։ Euronews-ի հրապարակման մեջ Հայաստանը մի շարք այլ պետությունների հետ, նշվում է որպես նախնական ցանկում ընդգրկված հավանական թեկնածու։

Տեղեկության սկզբնաղբյուրից մեկը իտալական Corriere della Seraհրապարակումն էր, որտեղ Հայաստանը հիշատակվում էր հնարավոր ներգրավման ենթակա 12 երկրների նախնական ցանկում։ Պարբերականը գրել էր, որ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին օգոստոսի 4-ի քննարկմանը պատրաստվում է ներկայացնել ԵՄ միջոցներով ֆինանսավորվող՝ «Ալբանական մոդելով» վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու առաջարկ։

Մեկ օր անց՝ օգոստոսի 4-ին, նույն Corriere della Sera լրատվամիջոցը հրապարակել է նոր տեղեկություններ՝ նշելով, որ նախնական ցանկը կրճատվել է՝ դառնալով երեք երկիր՝ Ռուանդա, Ուգանդա և Գանա։ Պարբերականի աղբյուրների համաձայն՝ հենց այս երկրների հետ են կենտրոնների ստեղծման վերաբերյալ արդեն կոնկրետ բանակցություններ սկսվել՝ Իտալիայի, Գերմանիայի և Դանիայի մասնակցությամբ։ Հայաստանն այս հրապարակման մեջ չի հիշատակվում։

Բացի այդ, օգոստոսի 4-ին ԵՄ ներքին գործերի նախարարների արտահերթ տեսակոնֆերանսի ժամանակ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին առաջարկել է ԵՄ ֆինանսավորմամբ վերադարձի և ապաստանի դիմումների արտաքին մշակման կենտրոններ ստեղծել անվտանգ երրորդ երկրներում։ Սակայն նրա հրապարակված ելույթում որևէ հավանական ընդունող երկիր չի մատնանշվել։

Դեռ օգոստոսի 3-ին FIP.am-ը թեմայի առնչությամբ պարզաբանում էր խնդրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի հետ նման հարց չի քննարկվել։ 

Այսպիսով, նոր տեղեկությունները ևս ցույց են տալիս, որ Հայաստանը հիշատակվել էր միայն մամուլում շրջանառված լայն նախնական ցանկում։ Հայաստանի հետ բանակցությունների կամ Հայաստանն Իտալիայի ներկայացրած առաջարկում ներառելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Ավելին՝ Corriere della Sera-ի նոր հրապարակման համաձայն՝ գործնական քննարկումներն առնչվում են երեք այլ երկրների՝ Ռուանդային, Ուգանդային և Գանային։

 

Հասմիկ Համբարձումյան

Կարդացեք նաև՝ Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts