Երեւան: Մեդիամաքս: Կուրատոր եւ արվեստաբան Վիկտոր Միզիանոն հանդես կգա հանրային դասախոսությամբ Երեւանում՝ «Մշակույթի լուսաբանում. միջազգային փորձ» կրթական սեմինարների շարքի շրջանակներում:
Սեմինարների շարքի կազմակերպիչներն են ԱՐԷ մշակութային հիմնադրամն ու Ժամանակակից արվեստի ինստիտուտը՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ։
Դասախոսությունը տեղի կունենա Ժամանակակից արվեստի ինստիտուտում (Ավետ Ավետիսյան, 47) օգոստոսի 14-ին, ժամը՝ 19:00։ Աշխատանքային լեզուն՝ ռուսերենն է։ Մուտքն ազատ է:
«Վիկտոր Միզիանոն կներկայացնի ժամանակակից մշակույթում կուրատորի դերի փոխակերպումը։ Նա կդիտարկի կուրատորությունը որպես մտավոր պրակտիկա, որը ստեղծում է կապեր արվեստի գործերի, գաղափարների, տարածքների, պատմության եւ հանդիսատեսի միջեւ։
Դասախոսությունը նախատեսված է արվեստագետների, գրողների, լրագրողների, հետազոտողների, մշակույթի կառավարման մասնագետների, ուսանողների եւ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ժամանակակից մշակույթով։
Վիկտոր Միզիանոն հետխորհրդային տարածքի ամենաազդեցիկ կուրատորներից, արվեստի քննադատներից եւ մշակույթի տեսաբաններից մեկն է։
Ավելի քան չորս տասնամյակ նա կարևոր դեր է խաղացել ժամանակակից արվեստի դիսկուրսի ձեւավորման գործում՝ հատկապես իր կուրատորական գործունեության, միջազգային ցուցահանդեսների կազմակերպման եւ Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցած մշակութային փոխակերպումների ուսումնասիրության շնորհիվ։
Նա եղել է Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի ազգային թանգարանի ժամանակակից արվեստի համադրող (1980–90) եւ Մոսկվայի Ժամանակակից արվեստի կենտրոնի (CAC) տնօրեն (1992–97):
1993 թվականին նա «Մոսկվայի արվեստի ամսագրի» հիմնադիրներից էր եւ դրա գլխավոր խմբագիրն է։
Leave a Reply