Գրականության եւ արվեստի թանգարանի (ԳԱԹ) ֆոնդում պահվող Կոմիտասի ձեռագրերը սովորական փաստաթղթեր չեն։ Դրանք թղթի վրա մնացած երաժշտություն են, մտքեր, նամակներ, կիսատ նշումներ, երբեմն՝ միայն մի քանի տող։
Թանգարանի աշխատակիցները նման նյութերի հետ աշխատում են առանձնահատուկ զգուշությամբ։ Յուրաքանչյուր բացված թղթապանակ ու շրջված էջ հիշեցնում են, որ մշակութային ժառանգությունը միայն պահպանելու, այլեւ չվնասելու պատասխանատվություն է։ Այդտեղ էլ սկսվում է ժամանակակից թանգարանների գլխավոր հակասություններից մեկը. ինչպես ապահովել արխիվների հասանելիությունը՝ առանց վտանգելու դրանց ֆիզիկական գոյությունը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս հարցին պատասխան գտնելու հերթական փորձն է Գրականության եւ արվեստի թանգարանի նոր նախաձեռնությունը՝ Կոմիտասի արխիվի լայնածավալ թվայնացումը։
Յոթ հազար միավորից բաղկացած աշխարհ
Կոմիտասի ամբողջական արխիվը շուրջ մեկ դար է պահպանվում ԳԱԹ-ում։ Այն Հայաստան է հասել 1930-ականներին՝ Արշակ Չոպանյանի եւ Կոմիտասի մտերիմ բարեկամների ջանքերով։ Այդ ժամանակ հավաքված եւ փրկված նյութերն այսօր շուրջ 7000 միավոր են՝ ձեռագրեր, նամակներ, երաժշտական գրառումներ, հոդվածներ, անձնական փաստաթղթեր եւ բազմաթիվ այլ վկայություններ։
Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի խոսքով՝ Կոմիտասի արխիվը բացառիկ է ոչ միայն ծավալով, այլեւ ամբողջականությամբ։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այստեղ պահպանվում է այն ամենն, ինչ դուրս է եկել Կոմիտասի մտքից ու ձեռքից։ Կոմիտասը միայն կոմպոզիտոր չէր։ Նա ազգագրագետ էր, երաժշտագետ, հետազոտող, մտածող, որի գործունեությունը ձեւավորել է հայկական երաժշտագիտության հիմքերը։ Նրա արխիվը պատմում է ոչ միայն մեկ մարդու, այլեւ մի ամբողջ մշակույթի ինքնաճանաչման մասին», – ասում է Սյուզաննա Խոջամիրյանը։
Յուրաքանչյուր բացված էջի գինը
Կոմիտասի արխիվի թվայնացումը թանգարանում չեն դիտարկում որպես պարզապես տեխնիկական արդիականացում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Գրականության եւ արվեստի թանգարանում պահվում են միլիոնավոր արխիվային փաստաթղթեր։ Տարեկան հազարավոր հետազոտողներ աշխատում են մեր ֆոնդերում, օգտվում նյութերից գիտական հոդվածների, գրքերի, ակադեմիական հետազոտությունների համար։ Այդ պայմաններում ֆոնդերի թվայնացումը մեզ համար արդեն առաջնահերթ խնդիր էր դարձել», – ասում է Սյուզաննա Խոջամիրյանը։
Թվում է՝ հետազոտողին թվային պատճեն տրամադրելը պետք է լուծեր պահպանության խնդիրը։ Սակայն թանգարանում նկատել են, որ վտանգը միայն բնօրինակի հետ աշխատելը չէ։
«Երբ հետազոտողն աշխատում է բնագրի հետ, փաստաթուղթը դուրս է բերվում ֆոնդից, ֆիզիկաքիմիական քայքայման վտանգ է առաջանում։ Բայց սքանավորումն էլ լիովին անվտանգ չէ։ Սքանավորման սարքերը բավական ուժեղ լուսային հոսք ունեն, որն ազդում է թանաքի վրա։ Այսօր գուցե դա տեսանելի չէ, բայց հինգ կամ տասը տարի հետո կարող են կոռոզիոն գործընթացներ սկսվել», – պատմում է թանգարանի տնօրենը։
Նոր սարքավորումների ձեռքբերումը այս խնդրի լուծման փորձն է։ Դրանք նախատեսված են բացառապես արխիվային նյութերի համար եւ հնարավորություն են տալիս թվայնացնել նույնիսկ ամենափխրուն փաստաթղթերը՝ առանց դրանց ֆիզիկական վիճակի վրա ազդելու։
Հնարավո՞ր է վերարտադրել Կոմիտասի մտածողությունը
Թվայնացման ծրագրի գաղափարը ձեւավորվել է հայազգի բարերար Մարկ Չենյանի հետ համագործակցության արդյունքում։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Նա պատրաստակամություն հայտնեց ֆինանսավորել արխիվի թվայնացման գործընթացը եւ թանգարանին նվիրաբերեց նորագույն սարքավորումները։ Բայց իր նպատակը միայն թվային շտեմարան ստեղծելը չէ։ Նրա երազանքն է ստեղծել այնպիսի գործիք, որը կկարողանա աշխատել Կոմիտասի մտավոր ժառանգության հիման վրա», – ասում է Սյուզաննա Խոջամիրյանը։
Գաղափարը բավական անսովոր է. համակարգը պետք է աշխատի Կոմիտասի թողած նյութերի հիման վրա՝ նրա ձեռագրերով, նամակներով, հոդվածներով, երաժշտական եւ փիլիսոփայական մտքերով։ Այսինքն՝ ոչ թե համացանցից հավաքված տեղեկատվության, այլ մեկ մարդու ամբողջական ժառանգության վրա հիմնված մոդելով։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մենք չենք ցանկանում, որ համակարգը պարզապես վերարտադրի ուրիշների մեկնաբանությունները Կոմիտասի մասին։ Գաղափարն այն է, որ կարողանանք վերարտադրել Կոմիտասի մտածողությունը», – ասում է Սյուզաննա Խոջամիրյանը։
Նպատակը միաժամանակ գրավիչ եւ վիճելի է թվում։ Հնարավո՞ր է արդյոք Կոմիտասի հազարավոր էջերից ստեղծել այնպիսի համակարգ, որի հետ զրուցելիս մարդը կստանա ոչ թե ընդհանուր տեղեկություններ, այլ պատասխաններ, որոնք բխում են հենց Կոմիտասի աշխարհայացքից։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս հարցերն այսօր պատասխան չունեն։ Ծրագրի հեղինակներն էլ ընդունում են, որ խոսքը երկարատեւ եւ բարդ աշխատանքի մասին է։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հնարավոր է, մի քանի տարի անց հետազոտողը կարողանա ոչ միայն բացել Կոմիտասի ձեռագրի թվային պատճենը, այլեւ հարց ուղղել համակարգին, որը ձեւավորվել է այդ ձեռագրերի հիման վրա։
Նախագիծը փորձ է պահպանելու այն, ինչ ժամանակը մշտապես փորձում է խլել։ Փորձ է ապահովելու, որ հարյուր տարի առաջ գրված նամակը շարունակի խոսել նաեւ հարյուր տարի հետո։
Արխիվի հասցեն
Կոմիտասի արխիվի թվայնացման մասին խոսակցությանը զուգահեռ շրջանառվում է մեկ այլ հարց՝ ինչո՞ւ է Կոմիտասի արխիվը պահվում ԳԱԹ-ում, այլ ոչ թե Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Սյուզաննա Խոջամիրյանը հիշեցնում է.
«Կոմիտասի արխիվի առաջին մուտքը Գրականության եւ արվեստի թանգարան եղել է 1933 թվականին։ Արշակ Չոպանյանի եւ Մարգարիտ Բաբայանի ջանքերով այն տեղափոխվել է Հայաստան եւ հանձնվել հենց մեր թանգարանին»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա խոսքով՝ թանգարանը պարտավոր է հարգել ժառանգությունը հանձնած մարդկանց կամքը։ Բացի այդ, արխիվի տեղափոխումը պարզապես լոգիստիկ խնդիր չէ։ Խոսքը հազարավոր արժեքավոր փաստաթղթերի մասին է, որոնց պահպանությունը պահանջում է հատուկ պահոցներ, վերահսկվող միջավայր եւ մասնագիտական ենթակառուցվածք։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այսօր Գրականության եւ արվեստի թանգարանն ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտը համագործակցում են. նյութերը տրամադրվում են ցուցադրությունների եւ հետազոտությունների համար։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Leave a Reply