ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ»

Written by

in





«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հրապարակավ հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում հաջորդ ընտրություններում, ֆուտբոլային աշխարհում կրքերը ոչ թե հանդարտվել են, այլ, հակառակը, ավելի են թեժացել։

«Ժողովուրդ» օրաթերթի ֆուտբոլային աղբյուրները փոխանցում են, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի շուրջ արդեն ձևավորվել են մի քանի ազդեցության կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նախընտրելի թեկնածուն և փորձում է մինչև ընտրությունները ստեղծել անհրաժեշտ քաղաքական և ֆուտբոլային աջակցությունը։

Մեր տեղեկություններով՝ ամենաակտիվ քննարկվող անուններից մեկը Սիսակ Գաբրիելյանն է։ Ֆուտբոլային շրջանակներում մեզ փոխանցում են, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ազդեցության թուլացումից հետո Սիսակ Գաբրիելյանը նույնպես զգալիորեն կորցրել է իր նախկին քաղաքական հենարանը, և այժմ նրա համար ակտիվ լոբբիստական աշխատանք է տանում ֆուտբոլային ակումբներից մեկը՝ փորձելով ապահովել անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի ապագայում հենց նա ընտրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։

Սակայն սա միակ սցենարը չէ։

Մեր տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի նկատմամբ հետաքրքրություն ունի նաև շրջակա միջավայրի նախարար, ԱԺ պատգամավոր ընտրված Հակոբ Սիմիդյանը, որը վերջին շրջանում փորձում է ապահովել ՀՖՖ-ի և կառավարության միջև կապը։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ նա տարբեր ակումբների ներկայացուցիչների հետ հանդիպումների և շփումների ընթացքում փորձում է նախապես ձևավորել այն աջակցությունը, որը հետագայում կարող է վերածվել ընտրական ձայների։ Սակայն, մեր տեղեկություններով, այդ շրջանակներում նրան լուրջ չեն վերաբերվում։

Երրորդ անունը, որը բավական հաճախ է շրջանառվում, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն է։

Քաղաքական շրջանակներում նրան դիտարկում են որպես իշխանության հնարավոր թեկնածու։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակային մակարդակով հայտարարել էր, որ Մխիթար Հայրապետյանը ցանկություն չունի շարունակել աշխատանքը նախարարի պաշտոնում, ինչից հետո տարբեր շրջանակներում սկսեցին քննարկվել նրա հնարավոր նոր նշանակումների վերաբերյալ տարբեր վարկածներ։

Սակայն, ինչպես մեզ փոխանցում են ֆուտբոլային աղբյուրները, Մխիթար Հայրապետյանն այս պահին ֆուտբոլային համակարգում սեփական հենարան չունի։ Մեր զրուցակիցների գնահատմամբ՝ որևէ ազդեցիկ ակումբ բացահայտ լոբբինգ չի անում նրա օգտին, և եթե նրա թեկնածությունը երբևէ պաշտոնապես առաջադրվի, ապա հիմնական քաղաքական ռեսուրսը, որի վրա նա կարող է հույս դնել, կլինի իշխանության աջակցությունը։

Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պատմում են նաև մի հետաքրքիր դրվագ։

Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդիպում է ունեցել ֆուտբոլային ակումբների ղեկավարների հետ։ Այդ հանդիպման մասնակիցներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկման ընթացքում վարչապետը նշել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցը ինքը կլուծի։

Դրանից շատ չանցած՝ Արմեն Մելիքբեկյանն իր համար բարենպաստ համարվող լրատվամիջոցների միջոցով հայտարարեց, որ 2027 թվականին չի պատրաստվում կրկին առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում։

Սակայն, մեր տեղեկություններով, այդ հայտարարությունը չի նշանակում, թե Մելիքբեկյանը դուրս է եկել խաղից։ Ընդհակառակը, նա շարունակում է ակտիվորեն հետևել ՀՖՖ նախագահի հավանական թեկնածուների շուրջ զարգացումներին և, ըստ նույն աղբյուրների, տարբեր խողովակներով վարչապետին է ներկայացնում իր գնահատականներն ու դիտարկումները հնարավոր թեկնածուների վերաբերյալ։

Մեր զրուցակիցների պնդմամբ՝ այդ տեղեկությունները հաճախ նպատակ ունեն բացասական լույսի ներքո ներկայացնել այս կամ այն հավակնորդին, որպեսզի վարչապետի մոտ նրանց վերաբերյալ ձևավորվի ոչ այնքան դրական պատկեր։

Այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել, և «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել նաև բոլոր հիշատակված անձանց պարզաբանումները, եթե նրանք ցանկանան արձագանքել։

Մի բան, սակայն, ակնհայտ է. թեև պաշտոնապես ՀՖՖ նախագահի հերթական ընտրությունները դեռևս հեռու են, իրական պայքարը, ըստ ֆուտբոլային աշխարհի մեր աղբյուրների, արդեն սկսվել է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *