Մշակույթը վաղուց դադարել է միայն արվեստի կամ ստեղծարարության ոլորտ լինել՝ դառնալով պետական քաղաքականության, հանրային քննարկումների եւ միջազգային օրակարգի մաս։ Ինչպես եւ երբ է առաջացել «մշակույթ» հասկացությունն իր ժամանակակից ընկալմամբ, ով է կառավարում ոլորտն ու ինչպիսի դեր պետք է ունենա պետությունը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս հարցերին էր նվիրված գրող, վավերագրող եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Արխանգելսկու դասախոսությունը, որը տեղի է ունեցել «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» կրթական շարքի շրջանակում՝ կազմակերպված ԱՐԷ մշակութային հիմնադրամի եւ Ժամանակակից արվեստի ինստիտուտի կողմից։
Մշակույթն այն ամենն է, ինչ ստեղծել է մարդը
Մեզ համար այսօր սովորական դարձած «մշակույթ» բառի ընկալումը ձեւավորվել է համեմատաբար վերջերս։ Եվրոպական հասարակության մեջ այն հաստատվել է 18-րդ դարի վերջում միայն եւ իր մեջ ամփոփել այն ամենն, ինչը ստեղծված է ոչ թե բնության, այլ մարդու՝ նրա բանականության, տաղանդի եւ ստեղծարարության շնորհիվ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ռուսերենում «մշակույթ» բառը ժամանակակից իմաստով սկսել է գործածվել միայն 19-րդ դարի կեսերին։ Պուշկինը երեւի չէր հասկանա այս բառի այսօրվա նշանակությունը, մինչդեռ Ալեքսանդր Թամանյանն, ամենայն հավանականությամբ, արդեն կհասկանար։
Հայերենում եւս «մշակույթ» հասկացությունը ձեւավորվել է միայն 19-րդ դարի երկրորդ կեսին՝ «Մշակ» թերթի հիմնադրման ժամանակաշրջանում։
«Առաջին մշակույթի նախարարությունը ստեղծվել է ֆաշիստական Իտալիայում»
Ստեղծագործ հատվածից բացի, մշակույթը նաեւ ենթակառուցվածք է։ Այն ենթադրում է ոչ միայն առարկան, որով զբաղվում ենք, այլեւ՝ պայմանները, որոնք պետք են տվյալ գործունեությամբ զբաղվելու համար։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ճիշտ է, սա չափազանց կարեւոր եւ մարդասիրական ոլորտ է, սակայն մշակույթի կառավարման առաջին պետական համակարգը ստեղծվել է ֆաշիստական Իտալիայում՝ 1926 թվականին։ Դրա նպատակն արվեստին աջակցելը չէր, այլ այն փոխարինելը։
ԽՍՀՄ-ում 1953 թվականին ստեղծվել է աշխարհում փաստացի առաջին լիարժեք մշակույթի նախարարությունը։ Այդ դեպքում մշակույթը նախեւառաջ դիտարկվում էր որպես գաղափարախոսություն։
1959 թվականին Ֆրանսիայում ստեղծվել է եվրոպական ժողովրդավարական առաջին նախադեպը։ Դրա նպատակն էր՝ «մշակութային գլուխգործոցները հասանելի դարձնել հնարավորինս մեծ թվով ֆրանսիացիների»։
Լուսանկարը` Մեդիամաքս
ԱՄՆ-ում մշակույթի նախարարություն մինչ օրս չկա, քանի որ այնտեղ սկզբունքորեն այլ ձեւաչափ է գործում։ Մշակույթի կառավարումը կարող է իրականացվել ոչ միայն պետության, այլեւ՝ հիմնադրամների միջոցով։ Դրանց թիվը Միացյալ Նահանգներում հասնում է 34 հազարի։
Ծուղակը, որում հայտնվել ենք մեր իսկ մեղքով
Ժամանակի ընթացքում մշակույթը դարձել է հանրային հետաքրքրության առարկա։ Մենք ստեղծել ենք ենթակառուցվածք, մշակույթի մասին խոսելու համակարգ, զարգացրել զանգվածային լրատվամիջոցներն ու այս ընթացքում կորցրել քննարկման բուն առարկան: Մենք այն զիջել ենք մարդկանց, որոնք տիրացել են դրան։ Իսկ ովքե՞ր են նրանք՝ էթիկայի, գեղագիտության մասնագետնե՞ր, թե՞ քաղաքական գործիչներ։ Այո՛, քաղաքական գործիչներ։ Սա այն ծուղակն է, որում հայտնվել ենք մեր իսկ մեղքով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք մտածում էինք՝ այդպես մշակույթն առավել զանգվածային կդառնա, կհասնի լայն հանրությանը։ Ցանկանում էինք, որ մեր մասին ավելի շատ խոսեն ու կարդան։ Սկսեցինք գրել, ներգրավվել նոր մարդկանց։ Իսկ արդյունքում զանգվածային լրատվամիջոցներն ավելացրեցին մշակույթի ներգրավվածությունը նաեւ քաղաքական գործընթացներում։
Մշակույթի մասին խոսել զանգվածների հետ. Մարսել Ռայխ-Ռանիցկի, Բեռնար Պիվո եւ Օփրա Ուինֆրի
Կներկայացնեմ զանգվածային լրատվամիջոցներում մշակութային քննարկում ստեղծող երեք անձի՝ ցույց տալու՝ ինչպես էր 20-րդ դարում հնարավոր խոսել հսկայական լսարանի հետ իսկապես կարեւոր թեմաների շուրջ։ Նրանք են՝ Մարսել Ռայխ-Ռանիցկին (Գերմանիա), Բեռնար Պիվոն (Ֆրանսիա) եւ Օփրա Ուինֆրին (ԱՄՆ)։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս օրինակները կարեւոր եմ համարում, քանի որ այս մարդիկ աշխատում էին ոչ թե նեղ մասնագիտական, մշակութային ալիքներում, ինչպիսին «Культура»-ն է, այլ մեծ հեռուստաալիքներում՝ ZDF, ARD։
Մարսել Ռայխ-Ռանիցկի. ի՞նչ պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա գրականության մասին այնպես խոսել, որ լսարանը երեկոյան ժամը տասին չհեռանա էկրանից։ Փորձենք հարցին նայել մեկ այլ տեսանկյունից։ Ո՞րն էր 20-րդ դարի երկրորդ կեսի գերմանական մշակույթի գլխավոր խնդիրը։ Այո՛, մեղքի զգացումը։
Անհնար է անվերջ ներողություն խնդրել՝ միեւնույն ժամանակ ինքդ քո մասին որեւէ դրական բան չասելով։ Բայց նաեւ անհնար է որեւէ դրական բան ասել՝ առանց ներողություն խնդրելու։ Գերմանացիներն այլեւս չէին կարող իրենց ինքնության հիմքում դնել երաժշտությունը, քանի դեռ գոյություն ուներ «Վագների խնդիրը»։ Չէին կարող ներկայանալ նաեւ որպես փիլիսոփաների ազգ, որովհետեւ կար Հայդեգերն՝ իր «Սեւ տետրերով»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Փոխարենը մնացել էր գերմանական գրականությունը, որը կարծես հասցրել էր «անցնել կարմիր լույսի տակով»։ Ոչ մի մեծ գերմանացի գրող չէր արել որեւէ արատավոր բան, ինչում կարելի էր մեղադրել փիլիսոփաներին կամ այլ ոլորտների ներկայացուցիչներին։ Այնպես որ, Գերմանիան կարող էր հիմքում դնել գրականությունը, բայց կար մի պարտադիր պայման՝ դա չէր կարող անել հենց գերմանացին, ցանկալի էր, որ դրա մասին խոսեր հրեան։ Հենց այսպիսին էր Մարսել Ռայխ-Ռանիցկին (հրեական ծագմամբ լեհ-հեղ.)։
Հիմա ֆրանսիական օրինակը։ Կայսրության փլուզմանը հաճախ հաջորդում է կայսերական ազգայնականության զարգացումը։ Այս դեպքում միակ հակաթույնը լեզուն է։ Հենց լեզուն է դառնում ժամանակաշրջանի նյարդը։ Կարո՞ղ է այս մարտահրավերին պատասխանող նախագծի ֆրանսիացի հաղորդավարը վատ խոսել ֆրանսերեն, լինել ոչ հմայիչ կամ չարացած։ Իհարկե, ո՛չ։ Այսպես ծնվել է «Թելադրություն Բեռնար Պիվոյի հետ» նախագիծը։ Առանց չափազանցության՝ ամբողջ Ֆրանսիան նստում էր հեռուստացույցների առաջ եւ թելադրություն գրում։ Ոչ թե այն պատճառով, որ հաղորդումը հեռուստատեսային վարպետության բացառիկ օրինակ էր, այլ որովհետեւ դիպչում էր ժամանակի ամենազգայուն կետին։
Լուսանկարը` Մեդիամաքս
Վերջապես Օփրա Ուինֆրիի գրքի ակումբը՝ հայտնի գրական նախագիծը, որը ստեղծվել էր 1996 թվականին։ Ակումբի համար ընտրված ցանկացած գիրք գրեթե միշտ բեսթսելլեր էր դառնում։ Առաջին գիրքը՝ The Deep End of the Ocean-ը, որի մասին խոսեց Ուինֆրին, ընդամենը մեկ ամսում վաճառվեց 3,5 միլիոն օրինակով։ Այս հաղորդումը դարձավ ԱՄՆ գրքի շուկայի վրա ազդեցության ամենահզոր գործիքներից մեկը։
Յուրաքանչյուրն ունի իր «գնդակն» ու գիտելիքի պատրանքը
Եթե կարդացել եք «Ծերուկ Խոտաբիչը», հավանաբար, հիշում եք դրվագը, որում ծերուկը զայրանում է, երբ խաղացողները վազում են մեկ գնդակի հետեւից, եւ որոշում յուրաքանչյուրին մեկ գնդակ տալ։ Արդյունքում խաղը դադարում է։ Այսօր մենք ապրում ենք ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուրն ունի իր «գնդակը», բայց խաղն, ի տարբերություն հեքիաթի, չի ավարտվում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կան մարդիկ, որոնք իրենց հարթակներում խոսում են կարեւոր թեմաների մասին, դա անում բարձր որակով եւ մեծ լսարան ներգրավում։ Այդպիսի օրինակներ են Յուրի Դուդը, Կատերինա Գորդեեւան, Արմեն Զախարյանը։
Սակայն մի կարեւոր նրբություն կա։ Երբ մենք համալսարանում դասախոսության ենք մասնակցում, ակնկալում ենք ստանալ համակարգված եւ հնարավորինս ամբողջական գիտելիք։ Ընտրում ենք որեւէ ոլորտ, տարիներ նվիրում այն ուսումնասիրելուն եւ ձգտում դառնալ լավ մասնագետ։
Երբ, օրինակ, լսում ենք Պրուստին նվիրված Արմեն Զախարյանի հաղորդաշարը, արդյո՞ք ստանում ենք թեմային առնչվող ամբողջական գիտելիք։ Ո՛չ։ Մենք ստանում ենք որոշակի պատկերացում, թեմային նայելու դիտանկյուն, կողմնորոշիչներ, որոնք օգնում են սկսել ճանապարհը։ Դա ոչ թե սպառիչ գիտելիք է, այլ՝ ճանապարհային քարտեզ։
Շատ կարեւոր է դրանից հետո շարունակել ուսումնասիրել թեման։ Սակայն մարդկանց մեծ մասը դա չի անում՝ նախընտրելով բավարարվել պատրանքով, թե արդեն ստացել է անհրաժեշտ գիտելիքը։
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Leave a Reply