Առաջարկում ենք Foreign Policy ամսագրի կայքում հրապարակված Armenian Democracy Faces a Threat From Within հոդվածի թարգմանությունը (որոշ կրճատումներով)։
Աննա Օհանյանը Սթոունհիլ քոլեջի (Մասաչուսեթս) քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է, Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի հրավիրյալ ավագ փորձագետ։
Աննա Օհանյան
Ապրիլի 1-ին՝ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվա էր հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Զրույցն ակնհայտորեն բարդ էր Պուտինի համար։ Ռուսաստանի նախագահը պնդում էր, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության միջեւ՝ վկայակոչելով ուկրաինական փորձը որպես ապացույց, որ միաժամանակ երկուսին անդամակցելն անհնար է։
Փաշինյանն առարկեց. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը լիովին համատեղելի է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման եւ դիվերսիֆիկացման հետ։ Ըստ նրա՝ երկու դաշինքների հետ զուգահեռ փոխգործակցությունն իրավական եւ վարչական առումով լիովին իրատեսական է եւ «փաստ է հանդիսանում»։ Պուտինը համառորեն կրկնում էր, որ Հայաստանը պետք է աշխարհաքաղաքական ընտրություն կատարի։ Փաշինյանն ի պատասխան ընդգծում էր Հայաստանի հավատարմությունը Ռուսաստանի հետ ամուր հարաբերություններին՝ այլ դերակատարների հետ գործընկերության միաժամանակյա ընդլայնման պայմաններում։
Առաջ մղելով այն, ինչ կարելի է որակել Կրեմլի կեղծ աշխարհաքաղաքական երկընտրանք՝ Պուտինը յուրօրինակ աշխարհաքաղաքական ձյուդոյի բախվեց. Փաշինյանը վկայակոչում էր փոխադարձ շահերը, շեշտադրում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության իրավական չափումը եւ որպես փաստարկ օգտագործում երկրի շարունակական մասնակցությունը դեպի Ռուսաստան ուղղված ինստիտուտներին։ Նա պնդում էր, որ առավել կայուն եւ ինտեգրված Հարավային Կովկասն ի վերջո օգուտ է բերելու նաեւ հայ-ռուսական հարաբերություններին։
Հանդիպումը երկու դիրքորոշումների բախման ակնառու վկայություն դարձավ. մի կողմից՝ Կրեմլի ձգտումը՝ Հայաստանին պարտադրել Ռուսաստանը, մյուս կողմից՝ Փաշինյանի «հավասարակշռված եւ հավասարակշռող» արտաքին քաղաքական կուրսը։ Երկու ամիս անց կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնություն ստացավ։
Արտերկրից շնորհավորանքները ստացվեցին անմիջապես, սակայն Ռուսաստանն այդպես էլ չճանաչեց արդյունքները։ Նրա հետ փոխկապակցված կուսակցությունները վիճարկեցին քվեարկության արդյունքները՝ ակնարկելով սոցիալական բողոքի ալիք մոբիլիզացնելու պատրաստակամությունը։ Երբ Սահմանադրական դատարանը հաստատեց ընտրությունների արդյունքները, տասնութ քաղաքական կուսակցություններից հինգը (որոնցից երկուսը հաղթահարել էին ընտրական շեմը եւ անցել խորհրդարան) հայտարարեցին «գործող վարչակարգը» հեռացնելու եւ «քաղաքական դիմադրության նոր՝ առավել համակարգված, ինստիտուցիոնալ եւ մասշտաբային փուլ» սկսելու մտադրության մասին։
Լուսանկարը` REUTERS
Փաշինյանն ընտրությունների արդյունքն անվանեց «պատմական», սակայն Ռուսաստանին, այնուամենայնիվ, հաջողվեց պահպանել ազդեցության լծակները հայկական ընդդիմության վրա ։
Հենց այդ պատճառով խորհրդարանական ընտրությունների արդյունքները սոսկ որպես Ռուսաստանից դեպի Արեւմուտք աշխարհաքաղաքական «շրջադարձ» մեկնաբանելը (իսկ համաշխարհային լրատվամիջոցներում գերիշխում է հենց այս մեկնաբանությունը) նշանակում է պարզունակացնել պատկերը։ Թեեւ Հայաստանին առայժմ միայն մասնակիորեն է հաջողվել դիմակայել Կրեմլի աշխարհաքաղաքական երկընտրանքին, ընտրությունները բացահայտեցին այն մեխանիզմները, որոնց միջոցով Ռուսաստանը նախկինի պես կառավարում եւ վերահսկում է իր հարեւանությամբ գտնվող պետությունները։
Հայկական փորձը կարող է դաս լինել նաեւ այլ երկրների համար։ Եթե այնպիսի պետություններում, ինչպիսիք են Հունգարիան կամ Թուրքիան, ժողովրդավարական հետընթացը սովորաբար սնվում է գործադիր իշխանության ագրեսիայից եւ ընդդիմության վրա հարձակումներից, Հայաստանում այլ սցենար է. արտաքին աջակցությամբ սնվող գիշատիչ ընդդիմությունն աստիճանաբար արմատավորվում է պետական ինստիտուտների ներսում։ Թույլ ինստիտուցիոնալացված ժողովրդավարության եւ կուսակցական թույլ համակարգի պայմաններում նման դերակատարներն ունակ են հետեւողականորեն խարխլել ժողովրդավարական հաշվետվողականությունը։
Կրեմլի գործիքները
Հայաստանում վերջին ընտրություններում Կրեմլը գործի դրեց լայն արսենալ՝ բացահայտ ազդեցության գործողություններից մինչեւ նախընտրական կաշառում եւ տնտեսական հարկադրանք։
Սակայն Ռուսաստանի համար կարեւոր է ոչ այնքան ընտրությունների հաղթողը, որքան այն, թե ինչպես է ծավալվում ընտրական գործընթացը եւ ինչ է տեղի ունենում դրանից հետո։ Պետական ինստիտուտների վրա մշտական ճնշման պահպանումը ընտրություններից առաջ եւ հետո՝ սա է Կրեմլի բուն նպատակը։ Վախի հրահրումը եւ բեւեռացումը ընդամենը այն գործիքակազմի մասն են, որը նա կիրառում է Հայաստանում, ինչպես նաեւ հետխորհրդային այլ պետություններում՝ Վրաստանում, Մոլդովայում, Ղազախստանում եւ (մինչեւ պատերազմի սկիզբը) Ուկրաինայում։
Լուսանկարը` Kremlin.ru
Առաջին գործիքը բեւեռացումն է՝ քաղաքականապես անհաշվետու էլիտար հովանավորչական ցանցերի աջակցության միջոցով։ Հետխորհրդային պետություններում այդ ցանցերը ձեւավորվել են ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին տասնամյակներում՝ ազդեցիկ կրոնական գործիչների ակտիվ մասնակցությամբ։ Ռուսական աջակցությունը նախկին ավտորիտար էլիտաներին ոչ միայն ազդում է ընտրությունների արդյունքների վրա. ժողովրդավարական մրցակցության կանոններին հարմարվելու փոխարեն հին էլիտաները պահպանում են ինստիտուտները վիճարկելու, ընտրական արդյունքներն ապալեգիտիմացնելու եւ կենսունակ ընդդիմության ձեւավորմանը խոչընդոտելու խթանները։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանում այդպես էլ լիարժեք ընդդիմադիր քաղաքականություն չձեւավորվեց։
Ռուսական շրջափակման մեջ գտնվող երիտասարդ ժողովրդավարությունները բախվում են երկակի խնդրի. ինտեգրել ոչ լիբերալ քաղաքական ուժերին ժողովրդավարական ինստիտուտների մեջ՝ միաժամանակ պաշտպանելով այն լիբերալ սկզբունքները, որոնց վրա հենվում են այդ ինստիտուտները։ Գործը բարդացնում է նաեւ այն, որ նախկին իշխող էլիտաների վարքագիծը որոշվում է ոչ այնքան ներքին ընտրազանգվածի առջեւ պատասխանատվությամբ, որքան Մոսկվայից ստացվող քաղաքական եւ նյութական խթաններով։
Երկրորդ գործիքը մշտական անկայունության պահպանումն է՝ տնտեսական կամ ռազմավարական։ Ստիվեն Կոտկինը նկարագրել է այս տրամաբանությունը որպես ռուսական պետության «հավերժական աշխարհաքաղաքականություն»։ «Փրկության նարատիվները», որոնք Կրեմլը երկար ժամանակ մշակում էր, ամրապնդում էին Մոսկվայի դերը՝ որպես Կովկասում անվտանգության գլխավոր երաշխավոր։
Սակայն 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի անկումը (չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը) եւ 2021 ու 2022 թվականներին Ադրբեջանի հարձակումները Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա, որոնց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այդպես էլ չարձագանքեց, բացահայտեցին ռուսական անվտանգության երաշխիքների սնանկությունը։
Կրեմլը տագնապ է հնչեցնում վաշինգտոնյան համաձայնությունների շուրջ, որոնք ստորագրվել էին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ անցյալ օգոստոսին, ինչպես նաեւ Հայաստանի հարավային սահմանով անցնող տրանսպորտային միջանցքներին ամերիկյան աջակցության շուրջ։ Հայաստանի դեմ ռուսական տնտեսական պատերազմը եւ էներգակիրների գների բարձրացման սպառնալիքները միայն սնում են այդ տագնապները։
Տարածաշրջանային համատեքստը
Հայաստանի ժողովրդավարական խոցելիությունը պայմանավորված է ոչ միայն Ռուսաստանի «հավերժական աշխարհաքաղաքականությամբ»։ Պակաս կարեւոր չէ տարածաշրջանային համատեքստը, նախեւառաջ՝ հարեւան Ադրբեջանի տրամաբանությունը՝ իր անձնավորված ավտորիտար համակարգով, որտեղ տարածաշրջանային ինտեգրման ձգտումը բախվում է վարչակարգի քաղաքական հրամայականներին։
Տարածաշրջանային բացությունը, որն առավել հավանական դարձավ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, կարող էր օգնել դիվերսիֆիկացնել նավթից կախվածություն ունեցող ադրբեջանական տնտեսությունը՝ տրանսպորտային կապերի զարգացման, ներդրումների ներգրավման եւ համաշխարհային շուկաներ ելքի միջոցով։ Սակայն այն միեւնույն ժամանակ սպառնում է այն քաղաքական մեկուսացմանն, որի վրա հենվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի իշխանությունը։ Բացությունը նվազեցնում է պետական վերահսկողությունը տեղեկատվության, մարդկանց տեղաշարժի եւ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։
Պերսոնալիստական ավտոկրատիաները, որպես կանոն, առեւտուրը դիտարկում են ոչ թե որպես հանրային բարիք, այլ որպես քաղաքական կառավարման գործիք, ուստի զգուշավորությամբ են վերաբերվում տարածաշրջանային ինտեգրման բազմակարծություն ձեւավորող ազդեցությանը։
Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները բարձրացնում են նրա արժեքը Կրեմլի համար։ Քանի որ Ալիեւն այդպես էլ չստորագրեց խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրվել էր Վաշինգտոնում 2025թ. օգոստոսին, Բաքուն եւ Մոսկվան բաց են պահում դուռը՝ Հարավային Կովկասում անկայունությունը որպես մշտական պայման պահպանելու համար։
Ներկայացուցչականության ճգնաժամը
Բացի նրանից, որ արմատացած էլիտաները խարխլում են ինստիտուտները, Հայաստանի փորձն արտացոլում է քաղաքական ներկայացուցչականության առավել լայն ճգնաժամ. կուսակցություններն էլ ավելի են կորցնում քաղաքացիների շահերը ներկայացնելու ունակությունը։
Վերջին տասնամյակում Վրաստանի ժողովրդավարական հետընթացը ցույց է տալիս. արեւմտամետ աշխարհաքաղաքական կուրսն ինքնին ժողովրդավարական համախմբում չի երաշխավորում։ Եվ այնուամենայնիվ, երկու երկրների փորձը վկայում է քաղաքացիական մոբիլիզացիայի անսպառ ուժի մասին՝ որպես ժողովրդավարական կայունության աղբյուր, հատկապես երբ ձեւական քաղաքական ինստիտուտները կորցնում են արդյունավետությունը կամ ինքնաբերաբար քայքայում պետականության հիմքերը։
Լուսանկարը` REUTERS
Հայաստանի դեպքը բարդացնում են հաստատված ժողովրդավարական տեսությունները, որոնք հենվում են իշխանության եւ ընդդիմության հակադրման վրա՝ որպես հասուն ներկայացուցչական ժողովրդավարության գլխավոր շարժիչ ուժ։ Գործունյա ընդդիմության ձեւավորումն առանձնապես դժվարացած է այնտեղ, որտեղ ավտորիտար իրավահաջորդ կուսակցությունները տնօրինում են հսկայական ռեսուրսներ, ճյուղավորված հովանավորչական ցանցեր եւ արտաքին աջակցություն։
Ինչ անել
Հայաստանի կառավարությանը եւ Ատլանտյան օվկիանոսի երկու ափերում գտնվող նրա գործընկերներին անհրաժեշտ են երկրի ժողովրդավարական կուրսի պաշտպանության նոր ռազմավարություններ։
Հույս ներշնչող նշանների թվում են նշանակալի հանրային վստահությունը ընտրական քաղաքականության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ երկրի զարգացման ընդհանուր ուղղության նկատմամբ. մայիսին հարցված հայաստանցիների 61%-ը աջակցություն է հայտնել դրան։ Հայաստանի ժողովրդավարական համակարգն ընդհանուր առմամբ կայուն է (ինչպես երեք ոտքով աթոռակը), սակայն հարցը, թե արդյո՞ք այն կդիմանա Ռուսաստանի ռազմավարական ստվերում էլ ավելի թվային դարձող տնտեսության աճող բարդությանը, բաց է մնում։
Հարավային Կովկասում «հավերժական աշխարհաքաղաքականության» տրամաբանությունը հաղթահարելու համար Հայաստանի գործընկերները կարող են առավել ակտիվորեն աջակցել խաղաղ գործընթացի ամրացմանն եւ լարվածության թուլացմանը։ Ազգային անվտանգության նկատառումները կորցնում են իրենց սրությունը որպես առաջնահերթ խնդիր. 2023 թվականի դեկտեմբերի 43%-ից այդ ցուցանիշն ընկել է մինչեւ 17% ընթացիկ տարվա մայիսին։ Այնուամենայնիվ, խաղաղ գործընթացի փխրունությունը սնում է ոչ լիբերալ ընդդիմության աջակցությունը։
Հայաստանի գործընկերների եւ դաշնակիցների ընդլայնվող շրջանակին անհրաժեշտ է իրական քաղաքական կապիտալ ներդնել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի բարելավման գործում՝ հակազդելով Ադրբեջանի կողմից խաղաղ գործընթացի քողարկված սաբոտաժին։ Հայկական փորձը ցույց է տալիս. լուրջ ներդրումներն անվտանգության ռեժիմի ամրապնդման գործում ունակ են լեգիտիմացնել ժողովրդավարական ինստիտուտները եւ քաղաքական տարածություն ստեղծել ներկայացուցչական ժողովրդավարության խորացման համար։
Լուրջ ներդրումը խաղաղ գործընթացում կամրապնդի Հայաստանի պետական ինստիտուտների լեգիտիմությունը, ինչը առանցքային ակտիվ է չթուլացող ռուսական ճնշմանը դիմակայելու գործում։ Արտաքին չափման տեսանկյունից տնտեսական դիվիդենդները, որոնք կապահովվեն խաղաղ գործընթացի առաջմղման եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային արդիականացման շնորհիվ, ունակ են էապես խաթարել Կրեմլի կողմից սնվող ոչ լիբերալ կուսակցությունների աջակցությունը։ Ներքին չափման տեսանկյունից գործունակ խորհրդարանական ընդդիմության բացակայության պայմաններում ժողովրդավարական կայունությունն ավելի շատ է պայմանավորվում խորհրդարանից դուրս քաղաքացիական հասարակության ամրապնդմամբ։
Ռուսական ճնշումը Հայաստանի վրա, ամենայն հավանականությամբ, ուժեղանալու է՝ տնտեսական հարկադրանքից մինչեւ սոցիալական հուզումներ հրահրելու տեղական պրոքսի-կառույցների փորձեր։ Սակայն հարկադրանքի յուրաքանչյուր նոր փորձ միայն արագացնում է Հայաստանի կողմից այլընտրանքների որոնումը։ Օրինակ, ռուսական սահմանափակումները հայկական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ Եվրոպական միությանը մղեցին ընդլայնելու առանց մաքսատուրքի մուտքը հայկական բազմաթիվ ապրանքների համար։ ԵՄ-ին անդամակցությունն առայժմ հորիզոնում չի երեւում, սակայն Հայաստանին աշխարհաքաղաքական երկընտրանքի առջեւ դնելու Կրեմլի համառ փորձերը, ըստ էության, հակառակ ազդեցություն են ունենում՝ տնտեսական գործընկերություններ, ԵՄ միասնական շուկային անմաքս մուտքի արագընթաց ընդլայնում եւ հայկական արտաքին քաղաքականության խորացված դիվերսիֆիկացում։
Ռուսական «ընտրության աշխարհաքաղաքականությունը» Հայաստանի վերջին ընտրությունների կարեւոր ֆոնն էր եւ, անշուշտ, ազդեց ընտրողների որոշման վրա։ Սակայն իրենց դերն ունեցան նաեւ հենց քաղաքական գործիչների աշխատանքի արդյունքները։ Սոցիալ-տնտեսական խնդիրները (առողջապահության, կենսաթոշակային համակարգի, ենթակառուցվածքների, գյուղերի զարգացման եւ զբաղվածության ոլորտներում) լուծելու պետության ունակությունն էր որոշում ընտրական նախապատվությունները։ Ահա թե ինչու ժողովրդավարական կայունությունը կախված է պետական ներուժից եւ ամենօրյա կառավարումից։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply